Changes

Աստվածային կատակերգություն

Ավելացվել է 9694 բայտ, 15:33, 24 Հունիսի 2016
/* Երգ քսաներորդ */
===Երգ քսաներորդ===
 
<poem>
Երբ աշխարհը լուսավորող լուսատուն
Մայր է մտնում հորիզոնից մեր երկրի,
Եվ ամենուր լույսն է դառնում նվաղուն,
 
Երկինքը, որ նրանով էր լոկ շողում,
Պսպղում է հանկարծ բազում աստղերով,
Որոնց մեջ լոկ միակ մի լույս է ցոլում։
 
Ես հիշեցի այս վիճակը երկնքի,
Երբոր լռեց օրհնյալ կտուցը նրա,
Որ դրոշն է կայսրության և կայսրերի.
 
Զի հոգիներն այն լուսազարդ ու զվարթ,
Է՛լ ավելի պայծառացած, սկսեցին
Երգել երգեր, որոնք ես չեմ հիշում արդ։
 
Օ՛, քաղցըր սեր, ուրախությամբ ջերմացած,
Ինչքա՛ն էիր վաովում նրանց խմբերգում,
Որ միայն սուրբ խոհերից էր ներշնչված։
 
Երբ հոգիներն այն թանկագին ու շենշող,
Որոնցով էր լցված գունդը վեցերորդ,
Դադարեցրին իրենց համերգն առինքնող,
 
Ես լսեցի կարկաչն, ասես, գետակի,
Որ հոսում է ժայռերն ի վար մաքրաջինջ,
Ցուցադրելով առատությանն իր ակի։
 
Եվ ինչպես որ տավիղը ձայն է հանում
Բռնատեղից, և կամ ինչպես սրնգի
Ծակտիքներից շունչը նվագ է դառնում,
 
Այսպես առանց հապաղելու՝ կարկաչն այն
Վեր բարձրացավ պարանոցով արծիվի,
Եվ այնտեղ էլ անմիջապես դարձավ ձայն։
 
Ապա ձայնն այն խոսքի ձևով դուրս եկավ
Իր կտուցից, ինչպես սիրտն էր ուզում իմ,
Ուր խոսքերն այն դրոշմեցի ես անձկավ։
 
«Իմ այն մասը, ոը տեսնում է,— խոսեց նա,—
Եվ անքթիթ տոկում տեսքին արևի,
Հարկ է, որ դու դարձնես դետի առարկա.
 
Իմ պատկերը կազմող բոլոր լույսերից
Նրանք, որոնք կազմում են աչքն իմ շողուն,
Պայծառագույնն են մնացած բոլորից։
 
Այն որ բիբի նման շողում է մեջտեղ,
Սրբազնագույն Հոգու երգիչը եղավ,
Որ փոխադրեց տապանակը տեղից տեղ։
 
Արդ նա գիտե արժանիքը իր երգի,
Ըստ որում դա արդյունք էր իր ներշնչման,
Որ ստացավ ի տրիտուր իր ձիրքի։
 
Հոնքիս աղեղը կազմող այն հինգ հոգուց
Նա, ով մոտ է իմ կտուցին, այն անձն է,
Որ սփոփեց այրուն՝ զրկված իր որդուց։
 
Արդ նա գիտե, թե ինչքան է նստում թանկ
Քրիստոսին չհետևելն, երբ փորձով
Ճանաչում է քաղցըր կյանքն ու դառըն կյանք։
 
Հաջորդը, որ հոնք-աղեղիս մեջ այս կոր
Գրավում է քիչ ավելի բարձըր տեղ,
Հապաղեցրեց իր մահն անկեղծ աղոթքով։
 
Արդ նա գիտե, որ դատաստանն երկնավոր
Չի փոփոխվի, թեև երբեմն աղոթքով
Վաղվան ձգվի կատարվելիքը այսօր։
 
Մյուսը պապին տալու համար Հռոմը մեծ,
Լոկ լավ մտքով, թեև արդյունքն եղավ վատ,
Օրենքներն ու ինձ Բյուզանդիոն փոխադրեց։
 
Արդ նա գիտե, թե ինչպես իր լավ մտքից
Առաջ եկած չարիքն իրեն վատ չեղավ,
Բայց աշխարհը անչափ տուժեց դրանից։
 
Իսկ նա, որին հոնքիս ներքև ես տեսնում,
Գուլյելմոն է, ում ողբում է երկիրն այն,
Օրին Կառլոսն ու Ֆեդերիկն են լացնում։
 
Արդ նա գիտե՝ ինչպես երկինքը արդար
Սեր է տածում հանդեպ արդար արքային,
Եվ դա ցույց է տալիս տեսքով իր փարփառ։
 
Ո՛վ կկարծեր ձեր աշխարհում մոլորյալ,
Որ տրոյացի Ռիֆեոսը կլիներ
Հինգերորդը այս լույսերից սրբափայլ։
 
Արդ նա գիտե շնորհի մասին երկնային
Շատ ավելի, քան որ գիտեն աշխարհում,
Թեև ամեն ինչ չիմանա հիմնովին»։
 
Արտույտն ինչպես, որ, օդի մեջ բարձրացած,
Նախ դայլայլում և ապա լուռ է մնում,
Իր վերջացրած գեղգեղանքից գոհացած,
 
Այսպես լռեց ու գոհ թվաց պատկերն այն
Արդարության, որի համար ամեն ինչ
Կատարվում է վերին կամքի համաձայն։
 
Թեև կասկածս երևում էր հայտնապես,
Այնպես ինչպես գույնը միջով ապակու,
Բայց այլևըս չէի կարող լռել ես,
 
Եվ հարցըրի դրդված ներքին մղումից,
«Այդ երկուսը ինչպե՞ս է որ փրկվել են»։
Մյուս հոգիներն ուրախացան իմ հարցից։
 
Արծիվն օրհնյալ իր աչքերը ավելի
Շողացնելով պատասխանեց ինձ այնժամ,
Որ չմնամ զարմանքի մեջ տանջալի.
 
«Տեսնում եմ, որ հավատում ես եղածին,
Բայց չգիտես, թե դա ինչպես է եղել.
Հավատում ես, բայց հասու չես դիպվածին։
 
Քո վարմունքով դու նման ես այն մարդուն,
Որ լավ գիտե լոկ անունը իրերի,
Բայց չգիտե էությանը նրանց բուն։
 
Արքայությանն երկնից ձեռք են միշտ բերում
Բառըն սիրո և վառ հույսի զորությամբ,
Որոնք Աստծու կամեությանն են հաղթում.
 
Բայց ոչ ինչպես մարդուն՝ բռնությամբ,
Այլ հաղթում են, զի նա ուզում է հաղթվել.
Եվ հաղթըված՝ նա հաղթում է բարությամբ։
 
Այն երկու լույս հոգիները իմ հոնքի
Մեծ զարմանք են քեզ պատճառում, զի նրանց
Դա տեսնում ես գրգարանում երկնքի։
 
Նրանք մարմնից ելան իբրև քրիստոնյա,
Ոչ հեթանոս, հավատալով որ Քրիստոս
Կրելու է չարչարանքներ բազմօրյա։
 
Մեկը կյանքի կոչվեց խորքից Դժոխքի
(Որտեղ չկա դեպի բարին վերադարձ)
Լոկ շնորհիվ վառ հույսի ու աղոթքի,
 
Այն վառ հույսի ու աղոթքի առ Աստված,
Որով միայն նա կարող էր փրկըվել
Եվ կատարել դեպի բարին շրջադարձ։
 
Խոսքիս նյութը եղող հոգին փառապանծ,
Կարճ ժամանակ միանալով իր մարմնին,
Հավտաց նրան, ով փրկել է շատ մարդկանց։
 
Եվ հավատն այդ սիրով այնպես ջերմացավ,
Որ, երթ որ նա երկրորդ անգամ վախճանվեց,
Արժանացավ գալու Դրախտն այս անցավ։
 
Իսկ մյուս հոգին, մի երկնային շնորհքով,
Որ բխում է այնպիսի խոր Ակունքից։
Որ նկատել անկարելի է աչքով,
 
Ձգտեց միայն արդարության, ուղղության,
Եվ Աստված էլ, իբրև շնորհ հավելյալ
Պարզեց նրան խորհուրդը մեր փրկության։
 
Նա հավատաց և այդ պահից սկսյալ
Չհանդուրժեց պիղծ հավատը հեթանոս
Ու կշտամբեց մարդկանց թարքերը եղծյալ։
 
Երեք կանայք, որ տեսար մոտն անվի աջ,
Ծառայեցին նրան իբրև մի կնունք,
Կնունքից դեռ հազարամյակ մի առաջ։
 
Ո՛վ մեծ խորհուրդ, որքան հեռու է ընկած
Քո արմատը մշուշապատ աչքերից,
Որ չեն տեսնում աստվածությունն երկնակաց։
 
Մահկանացու մարդիկ, զգույշ դատեցեք,
Վասնզի մենք, որ տեսնում ենք Աստուծուն,
Դեռ ամենայն ընտրյալներին չգիտենք։
 
Մենք գոհ ենք մեր այս գիտությամբ անկատար.
Մեր բարիքն է լոկ կամենալ այն, ինչ որ
Կամենում է Աստուծո կամքը արդար»։
 
Այսպես պատկեր արդարության արծվենի
Բաց անելու համար միտքն իմ կարճատես,
Ինձ դաս տվեց հաճելի ու պիտանի։
 
Եվ ինչպես որ տավղահարը սխրալի
Իր նվագով ձայնակցում է լավ երգչին,
Եվ դրանով երգը դարձնում դյուրալի,
 
Այսպես երկու լույս–հոգիները օրհնյալ
Բոցկլտալով ու շողալով միասին,
Ինչպես մեկտեղ թարթող աչքեր հրափայլ,
Ընկերակցում էին արծվի խոսքերին։
</poem>
 
===Երգ քսանմեկերորդ===
===Երգ քսաներկուերորդ===
Վստահելի
1318
edits