Changes
/* Կարևոր նամակագրություն */
Վախենամ, որ ես շտապեցի եպիսկոպոս Բերկուտի նամակի տպագրության հարցում։ Անչափ ափսոսում եմ դրա համար։ Այժմ արդեն չեմ սպասում, թե նա ինձ կառաջարկի իր ծանրակշիռ փաստարկը։
==Արտասահմանյան նամակագրություն==
Բոլորին անկոչ ծառայություններ պարտադրելու իմ անիծված սովորության դժբախտ զոհն եմ ես։ Ոչ ոչ ինձ չէր խնդրել Գթության տաճարի եկեղեցական խորհրդին օգնել վանահայր գտնելու գործում։ Տխմար խանդավառության պոռթքումով ես ինքս խառնվեցի այդ պատմությանը և ինքս էլ փորձանք բերեցի իմ գլխին։ Այն քահանաներին, որոնց ուզում էի հավաքագրել, միևնույն է՝ չհավաքագրեցի, բայց փոխարենը կարկուտի նման ինձ վրա տեղացին գավառական էժանագին քարոզիչները, և ինքս էլ վախեցա իմ արածից։ Վախենամ, թե արթնացրի մի ոգի, որին այլևս ինձ չի հաջողվի հանգստացնել։ Բավական է որպես օրինակ մեջ բերել այն 48 նամակներից մեկը, որ ստացել եմ հեռավոր վայրերից, որպեսզի հասկանալի դառնա, թե ինչպիսի հետաքրքրություն է առաջացրել իմ հրապարակած նամակագրությունը։
:::Նորին բարեկրոնություն պարոն Բրաունից․
:::::::::::::::«Մորեխի ամրոց, 1865 թ․
Եղբայր Տվեն։ Զգում եմ, որ վերջապես ինձ առիթ է ներկայացել թեկուզ մասամբ հատուցելու այն անթիվ բարիքների համար, որոնք թափվում էին, ոսկե անձրևի նման թափվում էին իմ անարժան գլխին։ Եթե դուք ինձ օգնեք տեղ ստանալու Գթության տաճարում, ես իմ համաձայնությունը կտամ անմիջապես, և ինձ կբավարարի ամեն մի վարձատրություն․ թեպետ այս դեպքում կզոհաբերեմ շատ երկրային բարիքներ և հրեշավոր վիշտ կպատճառեմ ինձ սիրող հոտին, բայց իմ հոգին լսում է կոչը, և ես՝ տիրոջ համեստ ծառաս չէ, որ պետք է հրաժարվեմ հնազանդությունից։ (Այն թանաքաբիծը, որ Դուք այստեղ տեսնում եք, իմ արցունքից է։) Ողբում եմ այն մտքից, որ հարկ կլինի թողնել իմ սիրեցյալ հոտը, ներեցեք, բարեկամս, դյուրազգացության համար, բայց ես, որպես հովիվ, նրա մասին հոգացել եմ շատ տարիներ, աճեցրել եմ նրան, կերակրել հոգևոր սնունդով և խուզել, ա՜հ, չէ որ նաև խուզել եմ նրան։ Չեմ կարող շարունակել, արցունքներս խեղդում են ինձ։ Բայց ես Գթության տաճարից կվերցնեմ ավելի քիչ, քան ամերիկացի ցանկացած քահանա, միայն թե Դուք ինձ համար հաջողացնեիք այդ տեղը։ Ուղարկում եմ Ձեզ իմ քարոզները իբրև նմուշ․ մի քանիսը հատկապես գրված են, մի քանիսը վերցված գրքերից, բայց խմբագրված․․․
:::Ձեր ամենախոնարհ ծառա Տ․ Սենտ Մեթյու Բրաուն»։
Նրանք բոլորը տեղ են խնդրում Գթության տաճարում։ Նրանք բոլորը ուրախ կլինին տարեկան 7000 դոլար ռոճիկի համար։ Բոլորը պատրաստ են զոհաբերել երկրային բարիքները, խզել իրենց սրտի ամենահարազատ կապերը և թողնել հարազատ վայրերը, որպեսզի սուրբ հավատի համար մարտնչեն մեր հիանալի տաճարում։ Նրանք բոլորը համոզված են, որ կարող են ավելի օգուտ բերել և ավելի լավ ծառայել իրենց տիրոջը, եթե նրանց թույլ տան ընդլայնելու գործունեության ասպարեզը։ Նրանք բոլորը համոզված են, որ իրենց հոգիները այլևս չեն կարող մնալ փակված։ Եվ նրանք ձգտում են գալ այստեղ, որպեսզի տարածեն իրենց թևերը։ Բայց ամենասարսափելին այն է, որ իրենց հիմարություններով նրանք թունավորում են իմ կյանքը, իրենց քարոզներն ուղարկում են ինձ, գալիս են այստեղ և ներկայանում ուղիղ իմ տունը, իրենց ուղեբեռը թափում են իմ նախասենյակում և ուժով զբաղեցնում են իմ ննջարանը, և կռվով տեղ են գրավում իմ սեղանի շուրջը, փոխանակ նեղություն պատճառելու Գթության տաճարի եկեղեցական խորհրդին, որն էլ ըստ հաստիքի պետք է զոհը լինի։ Հանուն ինչի են նրանք բոլորն ինձ մոտ վազում։ Ես այստեղ ի՞նչ կապ ունեմ։ Ախր ես այդ եկեղեցին նույնիսկ չեմ էլ հաճախում, և բողոքական քահանաներին աշխատանքի հրավիրելն ինձ վերաբերում է նույնքան, որքան ալժիրյան բեգին։ Գոնե նրանք չշարունակեն ինձ տանջել։ Ես այս պատմության մեջ խրվեցի իմ անզգուշության պատճառով, առանց մտածելու, և, եթե ինձ հաջողվի բարեհաջող դուրս գալ այս վիճակից, ես այլևս երբեք չեմ խառնվի այդպիսի գործերի, ազնիվ խոսք՝ չեմ խառնվի։
Ես մի քանի ծառա եմ պահում, բայց նրանք բոլորն էլ ծայրաստիճան տանջված են։ Իմ տնտեսուհին խռովության սահմանին է գտնվում։ Երեկ նա ինձ ասաց․ «Շուտով ես, ըստ երևույթին, կվռնդեմ քահանաներից որևէ մեկին։ Եվ դա այդպես էլ կլինի։ Իսկ ես խղճում եմ։ Մի՞թե կարելի է չխղճալ քահանային, երբ տեսնում ես, որ նրան «վռնդել» են տնից։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ես այստեղ անօգնական եմ։ Սկսեմ պաշտպանել ինձ կվռնդեն։
Ինձ մոտ հյուրընկալվող քահանաները առողջ մարդիկ են։ Նրանց ախորժակը հիանալի է։ Նրանք իրենց համար ոչ մի հատուկ սնունդ չեն պահանջում։ Տապակած ճտերը նրանց լիովին բավարարում են։ Բայց ինձ անհանգստացնում է նրանց ներկայությունը․ Միսսիսիպիում այն կարծիքին են, որ նավին դժբախտություն է սպառնում, եթե նրա վրա միաժամանակ գտնվում են հոգևոր կոչում ունեցող երկու ուղևորից ավելի։ Որ այդպես է, իմ տանը հյուրընկալվող տասներկու այդպիսիները, անշուշտ, կարող են երկրաշարժ առաջացնել։ Հավատալիքի համաձայն երեք քահանան կարող են նավը ծանծաղուտի մեջ խրել, չորսը՝ այն ջրասույզ անել, իսկ հինգը, գումարած մոխրագույն զամբիկը, կարող են պայթեցնել նավը։ Եթե իմ ախոռում մոխրագույն զամբիկ լիներ, ես կփախչեի քաղաքից, չսպասելով գիշերվան։
::::::::::::::::::::Մարկ Տվեն։