Changes
/* Գլուխ X */
Այժմ անձնապես ես էի ուզում արձակուրդ վերցնել, քանի որ ավելի լավ ժամանակ հազիվ թե պատահեր։ Ավելի վաղ ես մեկնել չէի կարող, որովհետև անհանգիստ կլինեի, բայց այժմ ամեն ինչ վստահելի ձեռքերի մեջ էր և սահուն էր լողում։ Վերջերս, թագավորը մի քանի անգամ ինձ հիշեցրել էր, թե չորս տարի առաջ խնդրածս հետաձգումը այժմ արդեն իր լրումին է հասել։ Դա անսքող ակնարկ էր այն մասին, որ ես պետք է արկածներ փնտրելու մեկնեմ և այնքան փառք վաստակեմ, որպեսզի արժանի լինեմ զենք խաղացնելու սըր Սագրամորի հետ, որը դեռ գրաալություն էր անում, բայց նրա ետևից արդեն մի քանի փրկարար արշավախմբեր էին ուղարկվել և, ըստ երևույթին, եթե ոչ այս, ապա մյուս տարի նրան կգտնեին։ Ինչպես տեսնում եք, լիովին նախապատրաստված էի արձակուրդ գնալու և թույլ չտվեցի, որպեսզի ինձ հանկարծակիի բերեին։
==Գլուխ XI==
Յանկին արկածներ է փնտրում
Աշխարհումս երբեք ու ոչ մի երկրում այդքան շատ թափառական ստախոսներ չեն եղել․ այստեղ ստում էին բոլորը, և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Ամիս չէր լինում, որ որևէ թափառաշրջիկ չհայտնվեր ու հեքիաթներ չպատմեր, թե այսպես ու այսպես, մի արքայադուստր կամ ազնվազարմ տիկին օգնություն է խնդրում ազատվելու համար ինչ֊որ հեռավոր ամրոցից, որտեղ նրան գերել է անօրեն ստահակի մեկը, որը սովորաբար հսկա է լինում։ Դուք, իհարկե, կարծում եք, թե անծանոթի բերանից այս հեքիաթը լսելուն պես, թագավորը հարցնում է նրա ինքնության վկայականը, կամ էլ որևէ նշան պահանջում այդ ամրոցի գտնված վայրի և դեպի այն տանող ճանապարհի մասին և այլն և այլն։ Բայց այդպիսի պարզ և հասարակ բաներ ոչ մեկի մտքով չէր անցնում։ Ո՛չ։ Ամեն ոք կլլում էր նման մարդկանց սուտը ամբողջությամբ և երբեք որևէ կարգի հարց չէր տալիս։ Եվ ահա մի անգամ, իմ բացակայությամբ ժամանել է այդ թափառաշրջիկներից մեկը, այս անգամ իգական սեռի, և պատմել սովորական հեքիաթը․ նրա տիրուհին կալանված է վիթխարի ու մռայլ ամրոցում, քառասունհինգ ուրիշ ջահել ու սիրուն օրիորդների հետ, որոնց մեծ մասը արքայադուստրեր են․ ահա արդեն քսանվեց տարի է, ինչ նրանք նվաղում, հյուծվում են այդ դաժան գերության մեջ․ ամրոցի տերերը երեք եղբայր֊հսկաներ են, որոնցից յուրաքանչյուրը ունի չորս ձեռք և մեկ աչք, աչքը ճիշտ ճակատի կենտրոնում է և պտուղի մեծությամբ։ Թե ինչ պտուղի, դա չի հայտնվել․ սովորական արհամարհանք ճշգրտության նկատմամբ։
Դուք կհավատայի՞ք դրան։ Թագավորն ու Կլոր Սեղանի բոլոր ասպետները խենթացել են արկածների մեկնելու այս անհեթեթ առիթից։ Կլոր Սեղանի բոլոր ասպետները ոտքի են ցատկել և խնդրել իրենց հանձնարարել այդ գործը, բայց թագավորը, նրանց վշտի և զայրույթի մեջ ձգելով, այդ շնորհը արել է ինձ, թեպետ ես բնավ չէի խնդրել։
Դժվարությամբ զսպեցի զգացմունքներս, երբ Քլարենսը բերեց նորությունը։ Բայց նա․․․ նա իր զգացմունքները զսպել չէր կարողանում։ Նա համակված էր հիացմունքով և երախտագիտությամբ, հիացմունքով՝ ինձ բաժին ընկած երջանիկ բախտի համար, և երախտագիտությամբ՝ թագավորի նկատմամբ, որ այդպես հիանալի ձևով է շնորհ արել ինձ։ Նա չէր կարողանում հանգիստ կանգնել և, երջանկությունից արբած, պարում էր տեղում։
Ես, իհարկե, մտքումս անիծեցի արքայական այդ շնորհը, բայց դիվանագիտական նկատառումներով զսպեցի զայրույթս և աշխատեցի գոհ տեսք ընդունել։ Այո, ես իրոք ասացի, որ ուրախ եմ։ Եվ որոշ իմաստով դա ճշմարտություն էր․ ես նույնքան ուրախ էի, որքան ուրախ է լինում այն մարդը, որի գանգի կաշին մաշկել են։
Ի՞նչ արած, մարդս պետք է իրերից առավելագույնս քաղի և, իզուր նեղսրտության վրա ժամանակ չկորցնելով, պետք է գործին նայի, թե ինչ կարելի է անել։ Յուրաքանչյուր ստի մեջ ճշմարտության հատիկ կա, այդ հատիկն էլ ես պետք է գտնեմ։ Դրա համար էլ ինձ մոտ կանչեցի աղջկան, և նա եկավ։ Նա բավականին հաճելի, քնքուշ և համեստ արարած էր, բայց նրա ցուցմունքների ճշտությունը կարելի էր համեմատել միայն կանացի ժամացույցի ճշտության հետ։ Ես ասացի․
― Սիրելիս, քեզ հարցուփորձ արե՞լ են մանրամասնությունների մասին։
Ոչ, նրանք հարցուփորձ չեն արել։
― Է՜, ես չէի ակնկալում, որ հարցուփորձ արած լինեն, բայց հարց տվեցի վստահ լինելու համար, այդպես եմ ես դաստիարակվել։ Դու, խնդրեմ, չնեղանաս, եթե ես քեզ մի փոքր երկար պահեմ։ Դա անհրաժեշտ է, որովհետև մենք քեզ չենք ճանաչում։ Շատ հնարավոր է, որ դու միայն ճշմարտությունն ես ասում, ես հաճույքով համաձայնում եմ, բայց գործը մնում է գործ և գործի մեջ հավատալը շատ քիչ է։ Դու հասկանո՞ւմ ես ինձ։ Ես ստիպված եմ մի քանի հարց տալու քեզ, պատասխանիր ուղիղ և հստակ ու ոչնչից մի վախենա։ Որտե՞ղ էիր դու ապրում, երբ դեռ տանն էիր։
― Մոդեր երկրում, ազնվափայլ սըր։
― Մոդեր երկի՞ր։ Չեմ հիշում, թե նման բան լսած լինեմ։ Ծնողներդ կենդանի՞ են։
― Չգիտեմ, կենդանի՞ են արդյոք։ Չէ՞ որ ես այդքան տարիներ կալանված էի ամրոցում։
― Քո անո՞նը, խնդրեմ։
― Եթե քեզ հաճելի է․ օրիորդ Ալիսանդ լա Քարթելուազ։
― Իսկ դու այստեղ ճանաչո՞ւմ ես որևէ մեկին, որ քո ինքնությունը կարող է հաստատել։
― Հազիվ թե, ազնվափայլ լորդ, այստեղ ես առաջին անգամ եմ լինում։
― Գուցե դու որևէ նամակ ես բերել․․․ կամ փաստաթղթեր ունես, որոնք ապացուցեն, որ քեզ կարելի է վստահել։
― Իհարկե ոչ, և ինչո՞ւ համար։ Մի՞թե ես լեզու չունեմ և ինքս այդ չեմ կարող ասել։
― Բայց, գիտե՞ս, քո ասելը և ուրիշի ասելը տարբեր բաներ են։
― Տարբե՞ր։ Ինչպե՞ս դա կարող է լինել։ Վախենամ, որ ես քեզ չեմ հասկանում։
― Չե՞ս հասկանում։ Անիծյալ երկիր․․․ գիտե՞ս․․․ դե, ինչպե՞ս ասեմ․․․ Գրողը տանի, մի՞թե դու չես կարող հասկանալ այդպիսի պարզ բանը։ Մի՞թե դու չես կարող հասկանալ տարբերությունը քո․․․ Ինչո՞ւ ես այդպես անմեղ֊ապուշային տեսք ընդունել։
― Ե՞ս։ Երդվում եմ չգիտեմ։ Երևի աստծո կամքն է։
― Այո, այո, աստծո կամքն է։ Երևի քեզ թվում է, թե ես մի փոքր բարկանում եմ, այո՞։ Մի նեղացիր, ես բոլորովին էլ չեմ բարկանում։ Խոսենք ուրիշ բանի մասին։ Այսպես ուրեմն, այդ երեք մարդակերների ամրոցը, որի մեջ քառասունհինգ արքայադուստրեր են կալանված․․․ որտե՞ղ է այդ հարեմը։
― Հարե՞մը։
― Այսինքն ամրոցը, հասկանո՞ւմ ես։ Որտե՞ղ է այդ ամրոցը։
― Օ՜, ամրոցը։ Դա մի վիթխարի, անմատչելի ու գեղեցիկ ամրոց է և գտնվում է մի հեռավոր երկրում։ Այստեղից մինչև այնտեղ շատ լիգ է։
― Որքա՞ն լիգ։
― Է՛հ, ազնվափայլ սըր, շատ դժվար է ասել, թե որքան, որովհետև դրանք այնքան շատ են, և որովհետև նրանք մեկը մյուսի վրա են ընկնում, և որովհետև բոլորն էլ մի տեսքի են, մի գույնի, և հնարավոր չէ մեկը մյուսից տարբերել․ համ էլ ով կարող է դրանք համրել, երբ անհրաժեշտ է համրել առանձին֊առանձին, իսկ նման աշխատանքը միայն աստված է ի վիճակի անելու, և ոչ թե մարդը, քանզի դու ինքդ կհասկանաս․․․
― Բավական է, բավական։ Թող գրողի ծոցը գնա տարածությունը։ Ասա, ո՞ր կողմում է ընկած այդ ամրոցը։ Այստեղից ո՞ր ուղղությամբ պետք է գնալ։
― Ա՛, ներիր խնդրեմ, սըր, նա այստեղից ոչ մի ուղղություն էլ չունի, որովհետև ճանապարհը, ուղիղ չի տանում, այլ անընդհատ կեռմաններ է տալիս, ու ճանապարհի ուղղությունը հասկանալ հնարավոր չէ․ այն երբեմն գնում է մի երկնքի, ապա մի ուրիշ երկնքի տակ, քեզ թվում է, թե արևելք ես գնում, բայց կես շրջան անելով նկատում ես, որ հայտնվել ես արևմուտքում․ այդ հրաշքը կրկնվում է նորից ու նորից, բազմաթիվ անգամ, և վերջապես դու սկսում ես հասկանալ մարդու բանականության ունայնությունը, մարդ, որը միտք էր դրել գնալ բարձրյալի կամքին հակառակ, մինչդեռ միայն Նա կարող է, եթե կամենա, ցույց տալ քեզ ամրոցի ճիշտ ուղղությունը, իսկ թե որ չկամենա, կոչնչացնի աշխարհիս բոլոր ամրոցներն ու ուղղությունները և կթողնի միայն դատարկ տարածություն, այսպիսով կապացուցի իր ստեղծած էակներին, թե եթե Նա կամենում է, ապա կամենում է, իսկ եթե Նա չի կամենում, ապա․․․
― Օ, այդ ամենը ճիշտ է, ճիշտ է, միայն թե թույլ տուր շունչ առնենք։ Թողնենք ուղղությունը, գրողի ծոցը ուղղությունը, ներողություն, հազար ներողություն, ես ինչ֊որ այսօր լավ չեմ զգում․ ուշադրություն մի՛ դարձրու, երբ ինքս ինձ հետ եմ խոսում, դա պարզապես հին սովորություն է, և դժվար է դրանից ազատագրվել այն մարդու համար, որը փչացրել է իր առողջությունը իր ծնունդից աստված գիտի, թե քանի տարիներ առաջ պատրաստված կերակուրով։ Զարմանալի չէ, անշուշտ, ստամոքսի խանգարում ստանալ այնպիսի հավի ճուտեր ուտելուց, որոնց տարիքը տասներեք դար է։ Բայց շարունակիր․․․ ուշադրություն մի դարձրու ինձ վրա․․․ շարունակիր․․․ Արդյոք պատահմամբ այդ շրջանի քարտեզը չունե՞ս։ Լավ քարտեզը․․․
― Դու երևի խոսում ես այն բանի մասին, որ վերջերս անհավատները բերել էին մեծ ծովերի մյուս կողմից և, և որը եփում են յուղով ու սոխով և աղ ավելացնում, և․․․
― Ի՞նչը։ Քարտե՞զը։ Ինչի՞ մասին ես դու խոսում։ Դու չգիտե՞ս, թե ինչ բան է քարտեզը։ Լավ, լավ, վնաս չունի, մի բացատրի, ես ատում եմ բացատրությունները, նրանք միայն խառնաշփոթություն են ստեղծում և հետո արդեն ոչինչ հասկանալ հնարավոր չի լինում։ Գնա՛, սիրելիս, ցտեսություն։ Ուղեկցիր նրան Քլարենս։
Դե, այժմ արդեն միանգամայն պարզ էր, թե ինչու այդ ավանակները ստախոսներից ոչ մի մանրամասնություն չեն պահանջում։ Գուցե և այդ աղջիկը որևէ ճշմարիտ փաստ գիտեր, բայց ես չեմ կարծում, թե նրանից դա հնարավոր էր դուրս կորզել պոմպի, ոչ էլ նույնիսկ վառոդի վաղ շրջանի տեսակների օգնությամբ, երևի դինամիտ էր անհրաժեշտ։ Նա մի կատարյալ ապուշ էր, բայց նորից թագավորներն ու ասպետները այնպես էին նրան լսում, կարծես ավետարանի մի էջ լիներ։ Որքա՜ն բնութագրական է այդ նրանց համար։ Եվ պատկերացրեք, թե ինչ պարզ բարքեր էին տիրում այդ արքունիքում․ այս թափառաշրջիկուհին թագավորի մոտ է մտել նույնքան հեշտ ու հանգիստ, որպես նա կարող էր իմ երկրում մուտք գործել մի աղքատախնամ տուն։ Եվ թագավորը ուրախ է եղել ընդունելու նրան, ուրախ է եղել լսելու նրա հեքիաթը․ նա իր արկածների մասին պատմությամբ նույնքան հաճելի գյուտ էր, որքան դիակը՝ քննիչի համար։
Հենց նոր էի ավարտում այդ խոհերը, երբ Քլարենսը ետ վերադարձավ։ Ես հայտնեցի, որ այդ աղջկանից որևէ բան իմանալու ջանքերս ապարդյուն են անցել, նույնիսկ մի եզակի լուր իսկ չստացա, որը օգներ ինձ գտնելու ամրոցի տեղը։ Երիտասարդը, ըստ երևույթին, զարմացավ և խոստովանեց, որ ամբողջ ժամանակ մտածում էր, թե ինչու եմ ես նրան հարցուփորձ անում։
― Ինչո՞ւ, գրողը տանի, ― ասացի ես։ ― Մի՞թե ես չեմ ուզում ամրոցը գտնել։ Ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող եմ այդ անել։
― Դե, ձերդ ողորմածություն, այդ հարցին ամեն ոք կարող է հեշտությամբ պատասխանել։ Նա կգա քեզ հետ։ Միշտ այդպես է արվում։ Նա կնստի քո ձիու գավակին և կգա քեզ հետ։
― Իմ ձիու գավակի՞ն։ Ի՞նչ անհեթեթ բան ես ասում։
― Ճիշտ եմ ասում։ Նա կնստի քո ձիու գավակին։ Այ կտեսնես։
― Ի՞նչ։ Նա ինձ հետ պիտի լեռներն ու անտառները չափչփի՞․․․ միայնա՞կ․․․ թեպետ ես արդեն նշանված եմ։ Բայց դա խայտառակություն է։ Մտածիր, թե ինչ կասեն մարդիկ։
Աստված իմ, սա ինչ սիրունիկ փոխակերպություն էր իմ աչքերի առջև։ Պատանին ջերմեռանդ անհամբերությամբ ուզում էր իմ սրտային գործին վերաբերող ամեն ինչ իմանալ։ Ես ստիպեցի նրան երդվել՝ գաղտնի պահելու հայտնելիքս և շշնջացի նրա ականջին հարսնացուիս անունը․ «Փուսս Ֆլանագեն»։ Նա կարծես միանգամից հուսախաբ եղավ և ասաց, որ նման կոմսուհի չի հիշում։ Որքան բնական էր այդ փոքրիկ պալատականի համար հարսնացուիս անմիջապես տիտղոս շնորհելը։ Քլարենսը հարցրեց ինձ, թե որտեղ է նա ապրում։
― Արևելյան Հարթ․․․ ― կծեցի լեզուս ու կանգ առա, մի քիչ շփոթված, ապա ասացի։ ― Հիմա չարժե խոսել այդ մասին։ Մի օր կպատմեմ։
Իսկ կարո՞ղ է նա տեսնել հարսնացուիս։ Թույլ կտա՞մ, որ մի օր տեսնի նրան։
Խոստանալիքս ի՞նչ էր որ, մի չնչին բան, ընդամենը տասներեք դար կամ մոտ այդքան, մանավանդ, որ պատանին այդպես ջերմեռանդ հետաքրքրված էր, և ես ասացի․ «Այո՛»։ Ասացի, բայց հառաչեցի, չկարողացա զսպել ինձ։ Այդ հառաչանքը, սակայն, անհեթեթություն էր, չէ որ հարսնացուս դեռ չէր էլ ծնվել։ Բայց մարդս այդպես է ստեղծված․ երբ զգացումը խլրտում է ներսդ, բանականությունը մի կողմ է դրվում, մեզ համար կարևոր է լինում զգալը, իսկ թե երբ ու որտեղ ես ունենում այդ զգացումը, դա նշանակությունից զրկվում է։
Ամբողջ օրն ու գիշերը միայն իմ մեկնումն էր զրույցների թեման, և տղաները շատ ուշադիր էին իմ նկատմամբ, բարեհաճ, կարծես մոռացել էին իրենց վրդովմունքն ու հուսախաբությունը։ Նրանք այնպես մտահոգ էին, թե կկարողանա՞մ արդյոք ես հաղթել մարդակեր ճիվաղներին ու ազատ արձակել այդ գերհասուն կույսերին, կարծես հենց իրենք պետք է կատարեին այդ սխրագործությունը։ Հիանալի երեխաներ էին նրանք, բայց միայն երեխաներ։ Նրանք մի գլուխ խորհուրդներ էին տալիս, թե ինչպես աննկատելի մերձենալ հսկաներին և ինչպես հարձակվել նրանց վրա, սովորեցնում էին կախարդությունները ոչնչացնող հմայքներ ու տալիս էին դարմաններ և ուրիշ փուչ բաներ՝ վերքերիս վրա դնելու համար։ Բայց ոչ մեկի մտքով իսկ չանցավ անդրադառնալ, որ եթե ես այդպիսի հրաշագործ կախարդ եմ, որպիսին ինձ ներկայացնում եմ, ուրեմն պիտի կարիք չունենայի ո՛չ դարմանների, ո՛չ հրահանգների, ո՛չ կախարդությունների դեմ գործածվող հմայքների և, ոչ էլ առավել ևս զենքի ու զրահի, նույնիսկ, եթե պետք է մարտնչեի կրակ ժայթքող վիշապների կամ էլ դժոխքի չարքերի հետ, էլ ուր մնաց այդ խղճուկ հակառակորդների դեմ, որոնք պարզապես ոչ այլ ինչ էին, քան գավառական ետնախորշային ամենասովորական մարդակերներ։
Առավոտյան վաղ պետք է նախաճաշեի և մեկնեի արևածագին, այդպես էր սովորությունը, բայց ես շատ երկար չարչարվեցի իմ գրողի տարած զրահների պատճառով և դա ինձ ուշացրեց։ Շատ դժվար է դրանց մեջ մտնելը և նույնքան դժվար դրանց բոլոր մանրամասները մտքում պահելը։ Նախ անհրաժեշտ է ամբողջ մարմինդ փաթաթես երկու տակ սավանով, մի տեսակ բարձիկ ստեղծես, որը քեզ ապահովի սառը երկաթից, հետո հագնես թեզանիքդ ու օղազրահը, սրանք պատրաստված են երկաթյա մանր, իրար հանգուցված օղերից և այնքան դյուրաճկուն են, որ եթե հատակին նետես, ապա կույտի տեսք կընդունեն, ինչպես թրջված ձկնորսական թոռը։ Այդ հագուստը շատ ծանր է և առհասարակ գիշերանոցի համար ավելի անհարմար նյութ հնարել չի կարելի, բայց դրանից օգտվում են շատերը՝ հարկահավքները, ռեֆորմատորները, միայն մի ձի և կասկածելի տիտղոս ունեցող թագավորները և նման կարգի ամբոխը։ Ապա անհրաժեշտ է հագնել պողպատյա միջադիր շերտիկներով կոշիկները և ամրացնել տձև խթանները։ Այնուհետև ծնկներիդ հագնում ես ոտնազրահներդ և ազդրերիդ՝ զիստազրահները, հետո հերթը հասնում է կրծքային և մեջքային պնակներին և սկսում ես զգալ, որ արդեն չափից դուրս ծանր բեռ է դրվել վրադ։ Ապա կրծքապանակիդ ամրացնում ես լայն պողպատյա շերտերից պատրաստված կարճ կիսաշրջազգեստը, որը առջևից միազանգված ցած է կախվում, իսկ ետևի մասում ընդարձակ ճեղք ունի՝ նստելու համար․ այդ շրջազգեստը նման է ածուխի շրջված արկղի և նույնքան նվազ պիտանի է հագնելու, որքան և դրանով ձեռքերը սրբելու համար։ Այնուհետև պետք է սուրը կապել մեջքին, ձեռքերին հագնել թաթմաններ կոչվող երկաթյա ծխնելույզները, գլխին՝ ետևի կողմից ծոծրակը ծածկող պողպատյա ցանցով երկաթյա մկնաթակարդ։ Ահա և վերջապես դու կաղապարված ես, ինչպես մոմը մոմակաղապարի մեջ։ Դե, պարիր խնդրեմ այդ հագուստի մեջ։ Ինչ խոսք, այս ձևով կաղապարված մարդը մի ընկույզ է, որը չարժե իսկ ջարդել, որովհետև պարունակությունը շատ չնչին է կեղևի համեմատ։
Տղաները ինձ օգնեցին, այլապես ես չէի կարող հագնվել։ Հազիվ էին իմ արդուզարդը ավարտել, ներս մտավ սըր Բեդիվերը, և, նրան նայելով, ես անմիջապես հասկացա, որ երկար ճանապարհորդության համար բոլորովին էլ հարմար հագուստներ չէի ընտրել։ Ի՜նչ վեհաշուք տեսք ուներ նա՝ երկայնահասակ, լայնաթիկունք ու վայելչակազմ։ Նրա գլխին կոնաձև պողպատյա սաղավարտ էր դրված, որը միայն մինչև ականջներն էր հասնում, իսկ դեմքին երեսկալի փոխարեն միայն պողպատյա մի նեղ շերտիկ, որ հասնում էր մինչև շրթունքները և պահպանում քիթը։ Ամբողջ մարմինը՝ վզից մինչև կրունկները ծածկված էր դյուրաճկուն օղազրահով, որը բաղկացած էր շապիկից ու տաբատից։ Այս բոլորի վրա ուսերից մինչև ոտքերը հագել էր նույնպես օղազրահից պատրաստված թիկնոց, որը և՛ առջևից, և՛ ետևից կեսից մինչև վար երկփեղկված էր, որպեսզի ձի նստելիս ազատ ցած կախվեին երկու կողմից էլ։ Նա գրաալության էր մեկնում և իր հագուստը հիանալիորեն հարմարեցված էր ճանապարհորդության համար։ Ես շատ բան կտայի այդպիսի բաճկոնի համար, բայց արդեն ուշ էր և ժամանակ կորցնել չէր կարելի։ Արևն արդեն ծագել էր, թագավորն ու արքունիքը դուրս էին եկել ինձ ճանապարհ դնելու և հաջողություն ցանկանալու։ Եթե ուշանայի, խախտած կլինեի կարգ ու ձևը։ Ոչ մի դեպքում չի հաջողվի ինքնուրույն ձի նստել, եթե փորձես էլ, հիասթափություն պիտի ապրես։ Ինձ դուրս են տանում ճիշտ այնպես, ինչպես արևահար մեկին դեղատուն են քարշ տալիս, դնում են ձիու վրա, օգնում են հարմար տեղավորվելու թամբին, ոտքերս խոթում են ասպանդակների մեջ, իսկ ինքս ինձ այդ ընթացքում թվում եմ անտանելիորեն անհեթեթ ու մեծամարմին, կարծես ուրիշ մարդ լինեմ, որը կամ հենց նոր անսպասելի ամուսնացել է, կամ կայծակնահար եղել և դեռ մի տեսակ խուլ ու համր է ու չի կարողանում ուշքի գալ։ Ապա նրանք ձախ ոտքիս թաթի վրա մի կայմ են տնկում, որը նիզակ են կոչում, և ես ձեռքերով կառչում եմ դրանից, վերջապես նրանք վզիցս կախ են տալիս իմ վահանը և ես ամբողջովին կազմ ու պատրաստ եմ խարիսխս վեր առնելու և բաց ծով դուրս գալու։ Բոլորը իմ հանդեպ անչափ բարեկամական են և մի սպասուհի նույնիսկ հրաժեշտի գավաթ է մատուցում։ Ինձ այլևս ոչինչ չէր մնում անելու, քան գավակիս առնել այն օրիորդին․ նստելով, նա գրկում է մեջքս, վար չընկնելու համար։
Մենք ճանապարհ ենք ընկնում և բոլորը մեզ բարի ճանապարհ են մաղթում, թափահարում թաշկինակները կամ սաղավարտները։ Բլուրն ի վար գյուղի միջով անցնելիս հանդիպող բոլոր մարդիկ խոնարհ հարգանք էին մատուցում, բացի ծայրամասերի մի քանի ցեխակոլոլ մանչուկներից, որոնք գոռգոռում էին․
― Խրտվիլա՜կ, խրտվիլա՜կ, ― հողակոշտներ էին շպրտում մեր ետևից։ Իմ փորձից գիտեմ, որ մանչուկները միշտ նույնն են բոլոր դարերում։ Ոչ մի բանի նկատմամբ հարգանք չունեն, ոչ ոքից ու ոչինչից չեն քաշվում։ Նրանք «Չքվի՛ր, քաչալ էին գոռում մարգարեին, որը հնադարի խորքերում գնում էր իր ճանապարհով, ոչ ոքի նեղություն չտալով։ Նրանք ձեռք էին առնում ինձ միջին դարերի սրբազան մռայլության մեջ։ Նույն ձևով էին վարվում Բյուքենենի պրեզիդենտության շրջանում, այս ես լավ հիշում եմ, որովհետև ինքս էլ մանչուկ էի ու նրանցից ետ չէի մնում։ Մարգարեն արջեր ուներ, և նրանք մաքրեցին այն ժամանակվա մանչուկների հաշիվը, ես էլ ուզում էի ցած իջնել ձիուց և մաքրել հիմիկվա մանչուկների հաշիվը, բայց դա անիրագործելի էր, որովհետև չէի կարող նորից ձի նստել։ Անիծյալ երկիր, որտեղ վերամբարձ սարքեր չկան։