Changes
/* Մասն առաջին։ Ալմաստի կորչելը. 1848 */
===Գլուխ I===
Բացեք «Ռոբինզոն Կրուզոյի» առաջին մասը հարյուր քսանիններորդ էջում, և կգտնեք հետևյալ խոսքերը.
«Հիմա տեսնում եմ, թեև բավականաչափ ուշ, որքան անխոհեմ է որևէ գործ ձեռնարկել, չհաշվելով նրա բոլոր ծախսերը և չկշռադատելով՝ արդյո՞ք դա մեր ուժերից վեր չէ»։
Երեկ էր, որ ես բացեցի իմ «Ռոբինզոն Կրուզոն» հենց այդ էջում։ Իսկ արդեն այսօր առավոտյան, 1850 թվականի մայիսի 21-ին, ինձ մոտ եկավ միլեդիի քրոջ տղան՝ միստր Հերենկլին Բլեկը, և այսպիսի խոսակցություն սկսեց ինձ հետ։
— Բետտերեջ,— ասաց միստր Ֆրենկլինը,— ես ընտանեկան որոշ գործերով եղա մեր փաստաբանի մոտ, և մենք, իմիջիայլոց, խոսեցինք հնդկական ալմաստի կորչելուց, որ պատահել է Յորքշիրում, մորաքրոջս տանը։ Փաստաբանը ենթադրում է, ինչպես նաև ես, որ այդ ամբողջ պատմությունը պետք է գրառել ի շահ ճշմարտության, և որքան շուտ՝ այնքան լավ։
Դեռևս չհասկանալով նրա մտադրությունը և համարելով, որ հանուն խաղաղության ու անդորրության միշտ պետք է փաստաբանի կողմը լինել, ասացի, թե ես էլ ճիշտ այդպես եմ մտածում։
Միստր Ֆրենկլինը շարունակեց.
— Ինչպես ձեզ հայտնի է, ալմաստի կորուստն արդեն կասկածի ստվեր է գցել անմեղ մարդկանց անվան վրա։ Անմեղների հիշատակը կարող է տուժել նաև հետագայում, քանզի չկան գրավոր փաստեր, որոնց կարողանային դիմել մեզնից հետո ապրողները։ Անտարակույս է, որ մեր տոհմական այդ տարօրինակ պատմությունը պետք է անել և, ինձ թվում է, Բետտերեջ, ես ու փաստաբանն այդ անելու ճիշտ ձևը գտել ենք։
Նրանք, անկասկած, շատ լավ էին մտածել, բայց ես դեռ չէի հասկանում, թե այդ ամենը ինչ կապ ունի ինձ հետ։
— Մենք պետք է պատմենք հայտնի դեպքերը,— շարունակեց միստր Ֆրենկլինը։— Կան մարդիկ, որոնք հաղորդակից են այդ դեպքերին և կարող են հաջորդաբար շարադրել դրանք։ Ահա թե ինչու է փաստաբանը մտածում, որ հերթով բոլորս պետք է գրենք Լուսնաքարի պատմությունը, որքան դա թույլ է տալիս մեր անձնական իրազեկությունը, և ոչ ավելին։ Պետք է սկսենք նրանից, թե ինչ ձևով է ալմաստն ընկել իմ քեռի Հեռնկաստլի ձեռքը, երբ նա սրանից հիսուն տարի առաջ ծառայելիս է եղել Հնդկաստանում։ Այդ պատմության սկիզբն արդեն կա. դա տոհմական հին ձեռագիր է, որտեղ ականատեսը շարադրում է բոլոր էական մանրամասնությունները։ Այնուհետև պետք է պատմող, թե ալմաստն ինչպես է երկու տարի առաջ ընկել Յորքշիրում ապրող մորաքրոջս տունը և ինչպես դրանից տասներկու ժամ հետո անհետացել է։ Բետտերեջ, ոչ ոք ձեզնից լավ չգիտե, թե այդ ժամանակ ինչ է կատարվել տանը։ Հետնաբար, հենց դուք էլ պետք է գրիչ վերցնեք ու սկսեք պատմել։
Ահա այսպիսի արտահայտություններով ինձ հաղորդեցին, թե ես ինչ մասնակցություն պետք է ունենամ ալմաստի շարադրյալ պատմության մեջ։ Եթե ձեզ համար հետաքրքիր է իմանալ, թե ես ինչպես վարվեցի այս պարագայում, ապա թույլ տվեք հաղորդել, որ ես արեցի այն, ինչ, հավանաբար, դուք կանեիք իմ փոխարեն։ Ես համեստորեն հայտարարեցի, որ խնդիրն իմ ուժերից վեր է, մինչդեռ ինքս ինձ մտածեցի, թե՝ կարողանալն, իհարկե, կկարողանամ, եթե միայն ինքս ինձ թույլ տամ բացվել։ Միստր Ֆրենկլինը դեմքիս վրա, կարծեմ, կարդաց իմ գաղտնի մտածումները։ նա չուզեց հավատալ իմ համեստությանը և պնդեց, որ ես ինձ տրամադրեմ բացվել հարկ եղածին պես։
Միստր Ֆրենկլինի գնալուց անցել էր երկու ժամ։ Նա դեռ չէր հասցրել թիկունքն ինձ անել, որ ետ գնացի դեպի իմ գրասեղանը՝ սկսելու պատմությունը։ Եվ ահա, չնայած իմ բոլոր ունակություններին, նստած եմ անօգնական և վերոհիշյալ Ռոբինզոն Կրուզոյի նման ավելի ու ավելի եմ համոզվում, որ անխոհեմություն է որևէ բան ձեռնարկել առանց նախապես դրա ծախսերը հաշվելու և առանց նախապես ծանր ու թեթև անելու՝ ուժդ պատում է, թե չէ։ Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, որ ես պատահաբար գրքի հենց այդ էջը բացեցի այն օրվա նախօրյակին, երբ այնքան թեթևամտորեն համաձայնվեցի սկսել այժմ արդեն ձեռքիս եղած գործը։ Եվ թույլ տվեք հարցնել մի՞թե դա կանխագուշակություն չէր։ Ես սնահավատ չեմ, կյանքումս շատ գրքեր եմ կարդացել, կարելի է ասել, յուրատեսակ գիտնական եմ։ Թեև յոթանասունս լրացել է, բայց հիշողությունս լավ է, ոտքերս էլ ամուր են։ Այսպիսով, իմ կարծիքը ամենևին էլ տգետի կարծիք չէ, իսկ ես գտնում եմ, որ «Ռոբինզոն Կրուզոյի» նման գիրք երբեք չի եղել ու չի էլ գրվի։ Շատ տարիներ եմ դիմել այդ գրքին (սովորաբար՝ այն րոպեներին, երբ ծխամորճս եմ քաշել), և նա իմ հավատարիմ բարեկամն ու խորհրդատուն է եղել այս երկրային կյանքի բոլոր դժվարություններում։ Եթե տրամադրությունս վատ է՝ գնում եմ «Ռոբինզոն Կրուզոյի» մոտ։ Եթե ինձ խորհուրդ է հարկավոր՝ «Ռոբինզոն Կրուզոյի» մոտ։ Անցած֊գնացած ժամանակներում, երբ կինս չափից դուրս ձանձրացրել է ինձ, հիմա էլ, երբ չափից դուրս եմ զոռ տալիս բաժակին, դարձյալ «Ռոբինզոն Կրուզոյի» մոտ եմ գնում։ Կյանքումս վեց բոլորովին նոր «Ռոբինզոն Կրուզո» եմ քրքրել։ Իր վերջին ծննդյան օրը նշելիս միլեդին ինձ նվիրեց յոթերորդ օրինակը։ Այն ժամանակ այդ առիթով ես հարկ եղածից ավելին կոնծեցի, և «Ռոբինզոն Կրուզոն» նորից ուշքի բերեց ինձ։ Գիրքն արժե չորս շիլինգ վեց պենս, երկնագույն կազմ ունի, ու հետն էլ վրադիր մի նկար։
Բայց թե սա, կարծես, ալմաստի պատմությունն սկսելու նման չէ, այո՞։ Ես ասես թափառում եմ ու փնտրում աստված գիտե, թե ինչ, աստված գիտե, թե որտեղ։ Մենք, ձեր թույլտվությամբ, մի նոր թուղթ կվերցնենք ու նորից կսկսենք, իմ խորին հարգանքը հավաստելով։
===Գլուխ II===