Changes
/* Գլուխ II */
===Գլուխ II===
Միլեդիի մասին ասել եմ սրանից մի քանի տող առաջ։ Կորած ալմաստը երբեք մեր տանը չէր լինի, եթե այն նվիրված չլիներ միլեդիի դստերը, իսկ միլեդիի դուստրը այդ նվերը չէր կարողանա ստանալ, եթե միլեդին տանջանքներով ու տառապանքներով լույս աշխարհ բերած չլիներ նրան։ Բայց եթե սկսելու լինենք միլեդիից, ապա հարկադրված կլինենք սկսել հեռվից, իսկ դա, թույլ տվեք ասել, ներկայանում է որպես մեծ մխիթարություն, երբ ձեր ձեռքին այնպիսի գործ կա, ինչպիսին իմ ձեռքին է։
Եթե դուք ինչ֊որ չափով ծանոթ եք բարձր հասարակությանը, ապա, հավանաբար, լսել եք Հեռնկաստլ երեք չքնաղ օրիորդների մասին՝ միսս Ադելաիդայի, միսս Կարոլինայի և միսս Ջուլիայի։ Վերջինս երեք քույրերից ամենափոքրն է և, իմ կարծիքով, ամենալավը, ես դատելու հնարավորություն ունեցել եմ, ինչպես հիմա կհամոզվեք։ Ես ծառայության մտա նրանց հոր՝ ծեր լորդի մոտ (փա՜ռք աստծու, նա ոչ մի կապ չունի ալմաստի պատմության հետ. երբեք ոչ ցածր, ոչ էլ բարձր խավում չեմ հանդիպել այդքան երկար լեզու և կատաղի բնավորություն ունեցող մարդու), ասում եմ՝ ծառայության մտա ծեր լորդի մոտ որպես նրա երեք ազնիվ դուստրերի պաժ, երբ տասնհինգ տարեկան էի։ Այնտեղ ապրեցի այնքան ժամանակ, մինչև միսս Ջուլիան ամուսնացավ հանգուցյալ սըր Ջոն Վերինդերի հետ։ Հոյակապ մարդ էր, միայն պետք էր, որ որևէ մեկը ղեկավարեր նրան և, մեր մեջ ասած, գտել էր այդպիսի մեկին, նա գիրացավ, աշխուժացավ և սկսեց երջանիկ ու բարօր ապրել այն օրվանից, երբ միլեդին նրան եկեղեցի տարավ պսակվելու, մինչև այն օրը, երբ միլեդին ընդունեց նրա վերջին շունչը և ընդմիշտ փակեց նրա աչքերը։
Մոռացա ասել, որ ես նորապսակի հետ տեղափոխվեցի նրա ամուսնու տունն ու կալվածքը։
«Սըր Ջոն,— ասաց միլեդին,— ես չեմ կարող յոլա գնալ առանց Գաբրիել Բետտերեջի»։
«Միլեդի,— պատասխանեց սըր Ջոնը,— ես էլ չեմ կարող առանց նրա յոլա գնալ»։
Այս ձևով էր նա միշտ խոսել միլեդիի հետ. և այս ձևով էլ ես ծառայության մտա նրա մոտ։ Ինձ համար միևնույն էր, թե ուր կգնայի, միայն թե չբաժանվեի իմ տիրուհուց։
Տեսնելով, որ միլեդին հետաքրքրվում է տնտեսությամբ, ֆերմայով ու նման բաներով, ես ինքս սկսեցի դրանով հետաքրքրվել, առավել ես, որ աղքատ ֆերմերի յոթերորդ որդին էի։ Միլեդին ինձ կարգեց կառավարչի օգնական, ես ջանում էի, ինչքան որ կարող էի, և պաշտոնս բարձրացվեց։ Մի քանի տարի անց, եթե չեմ սխալվում՝ երկուշաբթի օրը, միլեդին ասում է ամուսնուն.
«Սըր քո կառավարիչը հիմար ծերուկ է։ Լավ կենսաթոշակ տուր նրան և նրա փոխարեն նշանակիր Գաբրինլ Բետտհրեջին»։
Երեքշաբթի օրը սըր Ջոնը պատասխանում է նրան.
«Միլեդիի կառավարիչը լավ կենսաթոշակ ստացավ, իսկ Գաբրինլ Բետտերեջը ստացավ նրա պաշտոնը»։
Դուք քանիցս լսել եք ոչ երջանիկ ապրող ամուսինների մասին։ Ահա դրա բոլորովին հակադիր օրինակը։ Թող սա լինի նախազգուշացում ոմանց և խրախուսանք՝ այլոց համար։ Իսկ ես այդ միջոցին կշարունակեմ իմ պատմությունը։
Կասեք, թե սկսեցի առոք-փառոք ապրել։ Պատասխանատու և պատվավոր պաշտոն էի զբաղեցնում, ունեի իմ սեփական առանձնատունը, առավոտները շրջում էի կալվածքները, կեսօրին հաշվետվություն էի կազմում, երեկոյան ծխամորճ էի քաջում և «Ռոբինզոն Կրուզո» կարդում, էլ ի՞նչ կարող էի կամենալ ինձ երջանիկ համարելու համար։ Հիշեք, թե Ադամն ինչի կարիք ուներ, երբ մենակ էր ապրում դրախտում, և եթե չեք դատապարտում Ադամին, ապա մի դատապարտեք նաև ինձ։
Կինը, որի վրա բևեռեցի ուշադրությունս, տնտեսությամբ էր զբաղվում իմ առանձնատանը։ Անունը Սելինա Գոբի էր։ Կին ընտրելու հարցում ես համաձայն եմ Ուիլյամ Կոբբետի հետ։ Տեսեք, որ կինը լավ ծամի ուտելիքը ու հաստատուն քայլվածք ունենա, և սխալ չեք գործի։ Սելինա Գոբին հարկ եղածին պես ամեն ինչ ուներ և այս, և այն տեսակետից, և դա եղավ պատճառներից մեկը, որ ամուսնացա նրա հետ։ Ես մի ուրիշ հիմք էլ ունեի, որին կարողացա հանգել։ Երբ նա դեռ ամուսնացած չէր՝ ես պետք է նրան աշխատավարձ վճարեի ու պահեի։ Իմ կինը դառնալով՝ Սելինան ինձ պետք է ծառայեր ձրի։ Ահա, թե ինչ տեսանկյունից նայեցի այդ հարցին։ Խնայողություն՝ սիրո խառնուրդով։ Սա ես միլեդիին շարադրեցի պատշաճ ձևով, այնպես, ինչպես շարադրել էի ինքս ինձ։
«Ես մտածել եմ Սելինա Գոբիի մասին,— ասացի,— և ինձ թվում է, միլեդի, ինձ վրա ավելի էժան կնստի ամուսնանալ նրա հետ, քան նրան պահել ու կերակրել որպես սպասուհու»։
Միլեդին լիաթոք ծիծաղեց ու պատասխանեց, թե չգիտե ինչից ավելի շատ զայրանա՝ իմ արտահայտվելու ձևի՞ց, թե՞ իմ կանոններից։ Ենթադրում եմ՝ դա նրան ծիծաղելի թվաց այն պատճառսվ, ինչը դուք չեք կարող հասկանալ, եթե ազնվատոհմ տիկին չեք։ Չհասկանալով ոչինչ, բացի այն, որ ես Սելինային առաջարկություն անելու թույլտվություն ունեմ, գնացի ու առաջարկեցի։ Իսկ ի՞նչ ասաց Սելինան։ Աստվա՜ծ իմ, ինչքան քի՜չ եք ճանաչում կանանց, եթե այդպիսի հարց եք տալիս։ Հասկանալի է, նա ասաց «այո»։
Երբ մոտեցավ հարսանիքի ժամանակը և սկսեցին խոսել, թե հարկ է, որ նոր ֆրակ կարել տամ, ես մի փոքր վախեցա։ Հարցրի ուրիշ տղամարդկանց, թե իրենք ինչ են զգացել, երբ իմ վիճակում են եղել, և բոլորն էլ խոստովանեցին, որ պսակադրությունից մեկ շաբաթ առաջ շատ֊շատ են ուզեցել հրաժարվել դրանից։ Ես մի փոքր հեռու գնացի, աշխատեցի հրաժարվել։ Անշուշտ, ոչ ձրի։ Գիտեի, որ նա ձրի ձեռք չի քաշի ինձնից։ Փոխհատուցել կնոջը, երբ տղամարդը հրաժարվում է նրանից, այդպիսի բան նախատեսում են անգլիական օրենքները։ Օրենքներին ենթարկվելով և ամեն ինչ մի լավ ծանր ու թեթև անելով, Սելինա Գոբիին աոաջարկեցի փետրաներքնակ և հիսուն շիլինգ փոխհատուցում։ Գուցե չհավատաք, մինչդեռ դա զուտ ճշմարտություն է. նա, այնքան հիմարն էր, որ հրաժարվեց։
Հասկանալի է, դրանից հետո ոչինչ չէր մնում անել։ Ես նոր ֆրակ կարեցի, ամենաէժանը, և ընդհանրապես շատ էժան պրծա, թեև մենք երջանիկ զույգ չէինք, բայց թե դժբախտ էլ չէինք։ Կիսով չափ մեկն էինք, կիսով չափ՝ մյուսը։ Թե դա ինչպես եղավ՝ չեմ հասկանում, միայն թե մենք միշտ խանգարում էինք իրար։ Երբ ես ուզում էի աստիճաններով վեր բարձրանալ՝ կինս ներքև էր իջնում, իսկ երբ կինս էր ուզում ներքև իջնել ես վերև էի գնում։ Որքան որ կարող եմ դատել՝ այսպիսին է ամուսնական կյանքը։
Աստիճանների վրա հինգ տարվա թյուրիմացություններից հետո իմաստնագույն նախախնամությանը հաճո եղավ մեզ ազատել իրարից՝ կնոջս կանչելով։ Մնացի իմ փոքրիկ Պենելոպեի հետ. ուրիշ երեխաներ չունեի։ Դրանից հետո շատ չանցած՝ մեռավ սըր Ջոնը, և միլեդին մնաց իր փոքրիկ դրստեր՝ միսս Ռեչելի հետ. նա ուրիշ երեխաներ չուներ։ Ուրեմն ես վատ եմ նկարագրել միլեդիին, եթե ձեզ պետք է բացատրել, որ փոքրիկ Պենելոպեն մեծացել է իմ բարի տիրուհու աչքի առաջ, ուղարկվել է դպրոց, դարձել է փութկոտ աղջիկ, իսկ մեծանալուց հետո կարգվել միսս Ռեչելի աղախին։
Իսկ ես կառավարչի պաշտոնը վարեցի մինչև 1847 թվականի ծննդյան օրը, երբ փոփոխություն կատարվեց իմ կյանքում։ Այդ օրը միլեդին բարեհաճեց գալ իմ առանձնատունը՝ մի բաժակ թեյ խմելու։ Խոսակցությունն սկսեց ասելով, թե ծեր լորդի մոտ որպես պաժ ընդունվելուց ի վեր ես հիսուն տարուց ավելի ծառայության մեջ եմ եղել իր՝ միլեդիի մոտ. և այս ասելուց հետո ինձ նվիրեց իր գործած բրդե մի հիանալի ժիլետ՝ ինձ ձմռան ցրտից պահպանելու համար։
Ես ընդունեցի այդ հոյակապ նվերը՝ չիմանալով, թե ինձ ցույց տրված պատվի համար երախտագիտության ինչպիսի խոսքեր ասեմ իմ տիրուհուն։ Բայց, ի մեծ զարմանս իմ, պարզվեց, որ ժիլետը ոչ թե պատիվ է, այլ կաշառք։ Ուրեմն, միլեդին նկատել էր, նախքան դա ինքս կզգայի, որ տարիքիս առաջանալուն համեմատ ես նահանջ եմ ապրել, և իմ առանձնատունն էր եկել շողոմելով ինձ համոզելու (եթե այսպիսի արտահայտություն կարելի է օգտագործել), որ հրաժարվեմ կառավարչի պաշտոնից և կյանքիս մնացած օրերն անցկացնեմ հանգիստ, լինելով ծառայապետ իր տանը։ Ինչքան որ կարող էի ընդդիմացա հանգիստ ապրելու վիրավորական առաջարկին։ Բայց տիրուհիս գիտեր իմ թույլ կողմը, նա այդ բանը ներկայացրեց որպես լավություն՝ հենց իր համար։ Մեր վեճն ավարտվեց նրանով, որ ես խելքը թռցրած պառավի պես աչքերս սրբեցի իմ նոր գործված ժիլետով ու ասացի, թե կմտածեմ։
Միլեդիի գնալուց հետո ես խիստ հուզվեցի ու որոշեցի դիմել մի միջոցի, որը դժվարին ու չկանխատեսված պարագաներում երբեք չէր դավաճանել ինձ։ Ծխեցի ծխամորճս ու ձեռքս առա «Ռոբինզոն Կրուզոն»։ Հինգ րոպե էլ չէր անցել, որ ես բացեցի այդ արտասովոր գիրքը, և ինձ ներկայացավ հետևյալ մխիթարական տողը (էջ հարյուր հիսունութ). «Մենք այսօր սիրում ենք այն, ինչ ատում ենք վաղը»։ Ես անմիջապես տեսա, թե ինչպես պետք է վարվեմ։ Այսօր դեռ ուզում եմ մնալ կառավարչի պաշտոնում, բայց վաղը, հիմնվելով «Ռոբինզոն Կրուզոյի» վրա, բոլորովին ուրիշ բան կցանկանամ։ Բավական է պատկերացնեմ վաղվա օրը ու վաղվա իմ տրամադրությունը՝ և ամեն ինչ լավ կլինի։ Այս ձևով հանգստացնելով ինձ՝ այդ գիշեր քնեցի որպես լեդի Վերինգերի կառավարիչ, իսկ առավոտյան արթնացա որպես նրա ծառայապետը։ Ամեն ինչ բավականաչափ լավ ստացվեց, և ամեն ինչ «Ռոբինզոն Կրուզոյի» ողորմածությամբ։
Աղջիկս՝ Պենելոպեն, հենց այս պահին ուսիս վրայով նայեց՝ տեսնելու համար, թե ինչքան եմ գրել։ Նա նկատեց, որ ամեն ինչ գրված է հիանալի և բոլոր տեսակետներից արդարացի։ Բայց մի առարկություն արեց։ Նա ասում է, թե մինչև հիմա գրել եմ բոլորովին էլ ոչ այն, ինչ հարկ էր, որ գրեի։ Ինձ խնդրել են ալմաստի պատմությունն անել, մինչդեռ ես իմ սեվւական պատմությունն եմ շարադրում։ Տարօրինակ է, չեմ կարող բացատրել, թե ինչու է այդպես ստացվել։ Կուզեի իմանալ, մի՞թե պարոնայք գրողներն ինձ նման իրենք իրենց խառնում են իրենց պատմություններին։ Եթե այդպես է՝ կարեկցում եմ նրանց։ Բայց, ի միջի այլոց, դարձյալ այն չէ։ Ի՞նչ անեմ հիմա։ Որքան գիտեմ՝ ոչինչ, միայն թե դուք չկորցնեք ձեր համբերությունը, իսկ ես երրորդ անգամ նորից կսկսեմ։
===Գլուխ III===