Changes
/* Տեղեկություն խորհրդածության համար */
(''Հիմմլեր'')
Հիմմլերը ելավ բազկաթոռից, մոտեցավ լուսամատին․ ձմեռային անտառն ապշեցուցիչ գեղեցիկ էր՝ ձյունի ողկույզները կայծկլտում էին լուսնի լույսի տակ, լռություն էր պատել աշխարհին։
Հիմմլերը հանկարծ հիշեց, թե ինչպես ինքը սկսեց օպերացիան ֆյուրերի ամենամոտ մարդու՝ Հեսսի դեմ։ Ճիշտ է, ինչ֊որ մի պահ Հիմմլերի կյանքն այն ժամանակ մազից էր կախված. Հիտլերը հակադիր որոշումների մարդ էր։ Իր մարդկանցից Հիմմլերը մի կինոժապավեն ստացավ, որի վրա պատկերված էր Հեսսը զուգարանում, օնանիզմով զբաղվելիս։ Ժապավենն առած, Հիմմլերն անհապաղ գնաց Հիտլերի մոտ ու ցույց տվեց դա էկրանի վրա։ Ֆյուրերը կատաղեց։ Գիշեր էր, բայց նա հրամայեց իր մոտ կանչել Գյորինգին և Գեբբելսին, իսկ Հեսսին հրավիրել ընդունարան։ Ամենից առաջ Գյորինգը եկավ, շատ գունատված։ Հիմմլերը գիտեր, թե ինչու է այդպես վախեցած ռայխսմարշալը՝ բուռն սիրավեպ ուներ վիենացի մի պարուհու հետ։ Հիտլերը խնդրեց իր ընկերներին նայել «Հեսսի այդ նողկալիությունը»։ Գյորինգը հոհռաց։ Հիտլերը բղավեց նրա վրա. «Չի կարելի անսիրտ լինել»։ Նա Հեսսին առանձնասենյակ հրավիրեց, վազելով մոտեցավ նրան ու բղավեց.
— Կեղտոտ, հոտած սրիկա։ Օնանիզմով ես զբաղվում։
Ե՛վ Հիմմլերը, և՛ Գյորինգը, և՛ Գեբբելսը հասկանում էին, որ իրենք ներկա են հսկայի կործանմանը՝ Հեսսը կուսակցության երկրորդ մարդն էր։
— Այո՛,— բոլորի համար անսպասելիորեն հանգիստ պատասխանեց Հեսսը։— Այո՛, իմ ֆյուրեր։ Ես չեմ թարքցնի դա։ Ինչու եմ այդպես անում։ Ինչու չեմ քնում դերասանուհիների հետ։— Նա չնայեց Գեբբելսին, բայց սա ընկղմվեց բազկաթոռի մեջ (հասունանում էր նրա սիրուհու՝ չեխ դերասանուհի Բաարովայի հետ կապված սկանդալը)։— Ինչու մի գիշերով Վիեննա չեմ գնում բալետի ներկայացման։ Որովհետև ապրում եմ լոկ մի՛ բանով՝ կուսակցությա՛մբ։ Իսկ կուսակցությունը և դու՝ Ադոլֆ, միևնույն բանն եք ինձ համար։ Ես անձնական կյանքի ժամանակ չունեմ։ Ես մենակ եմ ապրում։
Հիտլերը, կակղեց, մոտեցավ Հեսսին, անվարժ գրկեց նրան, շոյեց ծոծրակը։ Հեսսը շահեց մարտը։ Հիմմլերը կծկվեց, նա գիտեր, որ Հեսսը կարողանում է վրեժ լուծել։ Երբ Հեսսը գնաց, Հիտլերն ասաց.
— Հիմմլեր, նրա համար մի կին ընտրեք։ Ես հասկանում եմ այդ սքանչելի և շարժմանը հավատարիմ մարդուն։ Ինձ ցույց տվեք թեկնածուների լուսանկարները՝ նա իմ երաշխավորությունը կընդունի։
Հիմմլերը հասկացավ, հիմա ամեն բան կարող է վճռել ակնթարթը։ Սպասելով, մինչև Գյորինգն ու Գեբբելսը տուն գնացին, նա ասաց.
— Իմ ֆյուրեր, նացիոնալ-սոցիալիզմի համար դուք հավատարիմ մի մարտիկի փրկեցիք։ Մենք բոլորս գնահատում ենք Հեսսի անձնվիրությունը։ Ոչ ոք չէր կարող այդպես իմաստուն որոշել նրա ճակատագիրը։ Դրա համար էլ թույլ տվեք հենց հիմա, անհապաղ, ևս մի քանի նյութեր բերել ձեզ։ Ձեր զինվորներին պետք է օգնել այնպես, ինչպես դուք օգնեցիք Հեսսին։
Եվ նա հիտլերին բերեց աշխատանքային ճակատի առաջնորդ Լեյի վրա եղած դոսյեն։ Սա ալկոհոլիկ էր, նրա հարբած վիճակում սարքած սկանդալները ոչ ոքի համար գաղտնիք չէին, բացի Հիտլերից։ Հիմմլերը ներկայացրեց նաև Գեբբելսի՝ «բաբելոբերգյան ցլիկի» վրա եղած դոսյեն. սրա խենթ կապերը ամենևին էլ ոչ զտարյուն կանանց հետ շփոթեցնում էին իսկական նացիոնալ֊սոցիալիստներին։ Այդ գիշեր Հիտլերի սեղանին դրվեցին նաև Բորմանին վարկաբեկող նյութեր։
— Ո՛չ, ո՛չ,— Բորմանին պաշտպան կանգնեց Հիտլերը,— նա շատ երեխաներ ունի։ Դա բամբասանք է։
Հիմմլերը չսկսեց Հիտլերին հակառակը համոզել, բայց նկատեց, թե ֆյուրերն ինչպիսի հետաքրքրասիրությամբ է թերթում նյութերը, ինչպես է մի քանի անգամ կարդում գործակալների հաղորդագրությունները, և Հիմմլերը հասկացավ, որ ֆյուրերին, շահել է վերջնականապես։
Հիմմլերի, որպես ՍՍ-ի առաջնորդի տասնամյա հոբելյանը Հիտլերը հրամայեց նշել ամբողջ Գերմանիայում։ Այդ օրվանից բոլոր հաուլայտերները՝ գավառների կուսակցական առաջնորդները, հասկացան, որ Հիտլերից հետո միակ մարդը Հիմմլերն է, որ լիակատար իշխանություն ունի։ Կուսակցության տեղական բոլոր կազմակերպություններն սկսեցին հիմնական ինֆորմացիան երկու հասցեով ուղարկել՝ և՛ կուսակցության շտաբ՝ Հեսսին, և՛ Հիմմլերի գրասենյակ։ Հատկապես վստահելի գործակալների խմբից ստացվող նյութերը չէին անցնում բաժիններով, այլ իսկույն տեղ էին գտնում նրա անձնական զրահապատ արխիվներում․ դրանք կուսակցության առաջնորդներին վարկաբեկող տվյալներ էին։ Իսկ 1942 թվականին Հիմմլերն իր չհրկիզվող պահարանը դրեց ֆյուրերին վարկաբեկող առաջին նյութերը։
Քառասուներեք թվականին, Ստալինգրադից հետո, այդ փաստաթղթերը նա համարձակվեց ցույց տալ իր մերձավորագույն ընկերներից մեկին՝ դոկտոր Քերստենին՝ ռայխի լավագույն բժշկին ու մասաժիստին։ Այն ժամանակ նա փակեց դուռը և պահարանից հանեց ֆյուրերի հիվանդության թերթիկի պատճենը։ Անսպասելիությունից Քերստենն ընկավ բազմոցին՝ բժշկական գործից ամենայն որոշակիությամբ պարզ էր դառնում՝ ֆյուրերը ծանրագույն սիֆիլիս է ունեցել։
Թերթելով բոլոր յոթանասուն էջերը, Քերստենը ցածրաձայն ասաց.
— Նա առաջին ստադիայի զարգացող կաթված ունի... նա արդեն հոգեպես աննորմալ է...
— Գուցե դուք կհամաձայնե՞ք նրան բուժել,— հարցրեց Հիմմլերը։
— Ֆյուրերը չափազանց վտանգավոր հիվանդ է, բժիշկներին փոխելու համար։ Ով նրա վախճանը կամենա, նա էլ կփոխի բժիշկներին...
Հենց այղ ժամանակ էլ Հիմմլերը լուռ համաձայնություն տվեց իր քաղաքական հետախուզությսւն պետ, ՍՍ֊ի բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգին տնտղել արևմտյան դաշնակիցներին՝ ինչ չափով են նրանք պատրաստ պատվավոր խաղաղություն կնքել Գերմանիայի հետ։ Նա հետևում էր, թե գեներալական օպոզիցիայի դավադիրներն ինչպես են վարում խաղը Ալեն Դալլեսի՝ Բեռնում ամերիկյան հետախուզության ներկայացուցչի հետ։ Նա հատկապես երկար կանգ առավ դավադիրներից մեկի հաղորդագրության վրա. «Արևմուտքի ներկայացուցիչները բարեհաճորեն տրամադրվեցին բանակցությունների և ռայխի հետ խաղաղությանը, բոլշևիզմի վախից դրդված, բայց երկյուղ են կրում ֆյուրերի անկայուն հանճարի կապակցությամբ և նրան վստահության անարժան գործակից են համարում բանակցելու համար։ Նրանք փնտրում են մի փոքր խումբ մտավորական, զգաստ և վստահության արժանի անձանց, այնպիսին, ինչպիսին ՍՍ-ի ռայխսֆյուրերն է...»
«Ես վախկոտի մեկն էի,— շարունակում էր մտածել Հիմմլերը, առաջվա պևս ականջ դնելով սոճու անտառի լռությանը,— քառասունչորս թվականի հուլիսի քսանին, Հիտլերի վրա մահափորձից հինգ ժամ անց կարող էի Գերմանիայի ֆյուրերը դառնալ։ Ես հնարավորություն ունեի ամեն ինչ ձեռքս վերցնել Բեռլինում, քանի դեռ խուճապ ու քաոս էր տիրում։ Հնարավորություն ունեի Հերդլերին ոչ թե բանտ նետել, այլ Բեռն ուղարկել, Դալլեսի մոտ, խաղաղության առաջարկությամբ։ Ֆյուրերին, Գեբբելսին և Բորմանին գնդակահարել, ինչպես այն ժամանակ, երեսունչորս թվականին Շտրասսերին։ Թող նրանք նույնպես դեսուդեն ընկնեին սենյակում, փռվեին հատակին, աղերսեին խնայել... Թեև ոչ... Հիտլերը երբեք չէր աղերսի: Իմիջիայլոց, Գեբբելսը՝ նույնպես։ Կաղաչեր, կպաղատեր Բորմանը, նա շատ է սիրում կյանքը և ծայրաստիճան զգաստ է նայում աշխարհին... Իսկ ես փոքրոգություն ցուցաբերեցի, հիշեցի ֆյուրերի կողքին անցկացրած իմ լավագույն օրերը, ես լաթի մեկն էի... ինձ հույզերը հաղթեցին...»։
Հիմմլերն այն ժամանակ աշխատեց հուլիսյան այդ պարտությունից գերագույն օգուտ քաղել անձամբ իր համար։ Բեռլինում խռովությունը ճնշեց Գեբբելսը, իսկ Հիմմլերը նրանից խլեց հաղթանակը։ Նա գիտեր ինչին խփել։ Ֆանատիկոս Գեբբելսը կարող էր տալ իր հաղթանակը, սոսկ խլացած կուսակցական դարձվածաբանությամբ՝ իր իսկ ծնած, դրա համար էլ այդչափ սուր զգացողությամբ իր իսկ կողմից ընկալվող։ Հիմմլերը բացատրեց Գեբբելսին ՍՍ֊ի և գեստապոյի դերի անհապաղ փառաբանման անհրաժեշտությունը խռովության ճնշման գործում։ «Մենք պետք է ժողովրդին բացատրենք,— ասում էր նա Գեբբելսին,― որ ուրիշ ոչ մի պետություն չէր կարող այդպես վճռականորեն վնասազերծել վարձու մարդասպանների բանդան, բացի մերից, որն ունի ՍՍ-ի հերոսներ»։
Մամուլում և ռադիոյով ծավալվեց կամպանիա, նվիրված «ՍՍ֊ի սխրագործությանը»։ Այն ժամանակ Հիտլերը հատկապես բարի էր Հիմմլերի նկատմամբ։ Եվ ինչ֊որ մի ժամանակ Հիմմլերին թվաց, թե զլխավոր պարտությունը հաղթանակի է վերածվում, հատկապես նոյեմբերի իննի օրը, երբ ֆյուրերը, ռայխի պատմության մեջ առաջին անգամ հանձնարարեց նրան, հենց նրան՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին, իր փոխարեն տոնական ճառ ասել Մյունխենում։
Նա հիմա էլ էր հիշում՝ սրությամբ, փոքր֊ինչ սարսափով, այն դյութիչ զգացումը, երբ բարձրացավ ֆյուրերի տրիբունին, իսկ կողքը, բայց ներքևում, այնտեդ, ուր ֆյուրերի ժամանակ միշտ ինքն էր կանգնում, խմբվել էին Գեբբրելսը, Գյորինգը, Ռիբբենտրոպը, Լեյը։ Եվ նրանք ծափահարում էին իրեն, և իր նշանով էին առաջ պարզում ձեռքը կուսակցական ողջույնի համար, և կռահելով դադարները, օվացիա էին սկսում, որն անմիջապես անցնում էր ամբողջ դահլիճին։ Թո՛ղ որ ատում էին իրեն, այդ մեծ դերին անարժան համարում, թո՛ղ։ Բայց նացիոնալ-սոցիալիզմի էտիկան պարտավորեցնում էր նրանց այստեղ հավաքված երկու հազար հաուլայտերների աչքի առջև կուսակցության բարձրագույն հարգանքը նրան, հենց նրան՝ Հիմմլերին մատուցել։
Բորմանը․․․ Ախ, ինքն ինչպե՛ս է ատում Բորմանին։ Հենց Բորմանն էր, որ անհանգստացած Հիմմլերի նմանօրինակ թռիչքով, կարողացավ հաղթել նրան։ Բորմանը ճանաչում էր Հիտլերին, ինչպես ոչ ոք, գիտեր, որ եթե ֆյուրերը սիրում է մեկին ու հավատում նրան, ապա այդ մարդու մասին որևէ վատ բան ասել չի կարելի։ Դրա համար էլ Բորմանն ասաց ֆյուրերին,
— Բանակի վրա եղած մեր հույսերը բավական կասկածելի են։ Ազգի համար մեծ երջանկություն է, որ ՍՍ֊ի դիվիզիաներ ունենք՝ կուսակցության և նացիոնալ֊սոցիալիզմի հույսը։ Միայն ՍՍ-ի առաջնորդը, իմ բարեկամ Հիմմլերը կարող է իր վրա վերցնել Արևելյան ռազմաճակատի հրամանատարությունը։ Միայն նրա ղեկավարությամբ ՍՍ֊ը և նրան ենթարկվող բանակները կարող են շպրտել ռուսներին ու ջախջախել նրանց։
Հիմմլերը ֆյուրերի ռազմակայան թռավ-եկավ հաջորդ օրը։ Նա հետը մի հրամանագիր էր բերել այն մասին, որ Գերմանիայի բոլոր հաուլայտերներն այժմ պետք է զուգահեռ ենթարկության անցնեն նաև իրեն՝ ՍՍ֊ի ռայխսֆյուրերին։ Նա մահացու հարված էր պատրաստել Բորմանի համար։ Եվ անգամ մի քիչ զարմացավ այն թեթևությունից, որով ֆյուրերը հաստատեց այդ որոշումը։ Նա ամեն ինչ հասկացավ միայն մեկ րոպե անց, երբ ֆյուրերը ստորագրհց թուղթը։
— Ես շնորհավորում եմ ձեզ, Հիմմլեր։ Նշանակված եք «Վիսլա» բանակախմբի գլխավոր հրամանատար։ Ձեզնից բացի ոչ ոք չի կարող ջախջախել բոլշևիկյան հրոսակախմբերը։ Դուք և ձեզնից բացի ոչ ոք չի կարող չոքել Ստալինի կոկորդին և նրան թելադրել խաղաղության իմ պայմանները։
Դա կործանում էր։ 1945 թվականի հունվարն էր, հաղթանակի ոչ մի հույս չկար։ Գրողի ծոցը կորչեն այդ սանտիմենտալ պատրանքները։ Ելքը մեկն էր՝ անհապաղ հաշտություն Արևմուտքի հետ և համատեղ պայքար բոլշևիկյան հրոսակախմբերի դեմ։
Հիմմլերը շնորհակալություն հայտնեց ֆյուրերին, նման բարձր ու պատվավոր նշանակման համար և գնաց իր ռազմակայան։ Հետո նա եղավ Գյորինգի մոտ՝ խոսակցություն չստացվեց։
Եվ ահա ինքն արթնացել է ու չի կարողանում քնել, և լսում է սոճու անտառի լռությունը, և վախենում է զանգահարել դստերն, ում ինքը լքել է, որովհետև այդ մասին կարող է իմանալ Բորմանը, և վախենում է զանգահարել տղաներին և նրանց մորը, ում սիրում է, որովհետև վախենում է սկանդալից՝ ֆյուրերը չի ներում, ինչպես ինքն է ասում, «բարոյական անմաքրությունը»։ Նզովյալ սիֆիլիտիկ․․․ Բարոյական անմաքրությո՜ւն... Հիմմլերն ատելությամբ նայեց հեռախոսի ապարատին, մեքենան, որ ինքն ստեղծում էր տասնութ տարի շարունակ, այժմ աշխատում էր իր դեմ։
«Վե՛րջ,— ասաց ինքն իրեն,— վե՛րջ։ Եթե ինքս ինձ համար պայքար չսկսեմ հիմա, առանց սպասելու, կորած եմ»։
Գործակալական ամփոփագրերից Հիմմլերը կարող էր ենթադրել, որ Իտալիայում զորախմբերի գլխավոր հրամանատար ֆելդմարշալ Կեսսելրինգը չի առարկի Արևմուտքի հետ տարվող բանակցությունների դեմ։ Այդ մասին գիտեին միայն Շելլենբերգն ու Հիմմլերը։ Այդ մասին հայտնած երկու գործակալները ոչնչացված էին՝ նրանց համար օդային աղետ էին սարքել, երբ սրանք վերադառնում էին Կեսսելրինգի մոտ։ Իտալիայից ուղիղ ճանապարհով Շվեյցարիան է։ Իսկ Շվեյցարիայում նստած է Եվրոպայում ամերիկյան հետախուզային ծառայության գլուխը՝ Ալեն Դալլեսը։ Դա արդեն լուրջ գործ է։ Դա լուրջ մարդկանց ուղղակի կոնտակտ է, առավել ևս, որ Կեսսելրինգի բարեկամը՝ Իտալիայում ՍՍ-ի առաջնորդ Կառլ Վոլֆը Հիմմլերին հավատարիմ մարդ է։
Հիմմլերը վերցրեց խոսափողն ու ասաց.
— Խնդրեմ, շտապ այստեղ կանչեք գեներալ Կառլ Վոլֆին։
Կառլ Վոլֆը նրա անձնական շտաբի պետն էր։ Ինքը հավատում է նրան։ Վոլֆը Արևմուտքի հետ բանակցություններ կսկսի իր՝ Հիմմլերի անունից։
== Ուժերի տեղաբաշխում ==