Changes
/* 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե) */
== 17.2.1945 (Ժամը 10-ն անց 03 րոպե) ==
Երբ ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Վոլֆը ելավ Հիմմլերի առանձնասենյակից, ռայխսֆյուրերը երկար ժամանակ անշարժ նստած մնաց։ Այժմ նրան վախ չէր պաշարել, ո՛չ, համենայն դեպս, նրան այդպես թվաց։ Պարզապես կյանքում առաջին անգամ նա ուխտադրուժ դարձավ։ Նա ճանաչում էր ուխտադրուժներին, նույնիսկ չէր խանգարում նրանց, հետևելով, թե ով հաղթող դուրս կգա 44-ի հուլիսին, բայց հիմա ինքն էր պետական դավաճանության ակտ կատարել, թշնամու հետ բանակցությունների համար մի՛ պատիժ էր նախատեսված՝ մահ։
Կառլ Վոլֆն Իտալիա վերադարձավ, որպեսզի ուղղակի կապի մեջ մտնի Դալլեսի հետ՝ ՍՍ֊ի բարձրագույն աստիճանի սպան դաշնակիցների բարձրագույն աստիճանի հետախույզի հեա։
Հիմմլերն իր սովորական եղանակով հանեց ակնոցը (այսօր անշրջանակ ակնոց էր դրել, իսկ նման ակնոց կրում են դպրոցի ուսուցիչները) և սկսեց դանդաղ շփել ապակիները թավշակաշվի կտորով, նա զգաց, որ իր մեջ ինչ-որ բան փոխվեց։ Անմիջապես չհասկացավ, թե ինչ փոխվեց, բայց հետո ժպտաց։ «Ես սկսեցի շարժվել,— հասկացավ նա,— ամենասարսափելին տանջալի շղթայվածությունն է, նման գիշերային մղձավանջի»։
Նա իր մոտ կանչեց Շելլենբեբգին։ Քաղաքական հետախուզության պետը Հիմմլերի մոտ եկավ մեկ րոպե անց, կարծես ընդունարանում նստած լիներ և ոչ թե իր մոտ՝ երրորդ հարկում։
— Վոլֆը թռչում է Դալլեսի հետ կապ հաստատելու,— ասաց Հիմմլերն ու կոտրատեց մատները։
— Իմաստուն բան է։
— Խելագարությո՜ւն է, Շելլենբերգ, խելագարություն է և ավանտյուրիզմ։
— Դուք նկատի ունեք հնարավոր ձախողո՞ւմը։
— Ես նկատի ունեմ պրոբլեմների մի ամբողջ կոմպլեքս։ Դո՛ւք եք, այս ամենը ձե՛ր արածն է։ Դո՛ւք ինձ հասցրեցիք այս քայլին։
— Եթե Վոլֆը ձախողվի, ապա բոլոր նյութերը մեզ մոտ կգան։
— Սկզբում նրանք կարող են վիեննացու ձեռքն ընկնել․․․
Շելլենբերգը հարցական նայեց Հիմմլերին։ Վերջինս խոժոռված պարզաբանեց.
— Կալտենբրունների։ Եվ ես չգիտեմ, հետո այդ նյութերն ուր կգնան՝ Բորմանի՞, թե՝ իմ մոտ։ Իսկ դուք գիտեք, թե ինչ կանի Բորմանը, հենց որ նմանօրինակ նյութ ստանա։ Եվ դուք կարող եք պատկերացնել, թե ինչպես կվերաբերվի ֆյուրերը, երբ ամեն ինչ տեսնի, դեռ դրան ավելացրած Բորմանի բացատրությունները։
— Այդ հնարավորությունը նույնպես վերլուծել եմ։
Հիմմլերը բարկացած կնճռոտեց դեմքը։ Հիմա նա մի բան էր ցանկանում՝ ետ դարհևել Վոլֆին և իսպառ մոռանալ նրա հետ ունեցած խոսակցությունը։
— Ես վերլուծձլ եմ այդ հնարավորությունը,— կրկնեց Շելլենբերգը։— Նախ, Վոլֆը պարտավոր է Դալլեսի հետ խոսել ոչ իր, ոչ առավել ևս ձեր անունից, այլ ֆելդմարշալ Կեսսելրինգի անունից, ում նա ենթարկվում է Իտալիայում։ Նա հրամանատարի տեղակալ է Իտալիայում, նա ձեր անմիջական ենթակայությունից դուրս է...
Ֆելդմարշալ Կեսսելրինգը ժամանակին Գյորինգի օգնականն էր «Լյուֆտվաֆֆեի» գծով։ Բոլորը նրան Գյորինգի մարդն էին համարում։
— Դա լավ է,— ասաց Հիմմլերը։— Դուք դա նախօրո՞ք էիք մտածել, թե նոր անցավ ձեր մտքով։
— Դա իմ մտքով անցավ, հենց որ իմացա Վոլֆի ուղևորության մասին,— պատասխանեց Շելլենբերգը։— Թույլ կտա՞ք ծխել։
— Այո, խնդրեմ,— պատասխանեց Հիմմլերը։
Շելլենրերգը ծխախոտ վառեց։ Երեսունվեց թվականից նա միայն «Քեմել» էր ծխում և ուրիշ ոչ մի սիգարեթ չէր ընդունում։ Մի անգամ, քառասուներկուսին, այն բանից հետո, երբ Ամերիկան պատերազմի մեջ մտավ, նրան հարցրեցին․ «Ձեզ որտեղի՞ց թշնամական սիգարեթներ», Շելլենբերգը պատասխանեց․ «Իրոք, ամերիկյան սիգարեթներ թե գնես, կասեն՝ դավաճանել ես հայրենիքիդ...»։
— Ես բոլոր հնարավորությունների շուրջ մտածել եմ,— շարունակեց նա,— նույնիսկ ամենատհաճների շուրջ։
— Այսի՞նքն,— զգուշացավ Հիմմլերը։ Նա հանգստացել էր, խելքը գլուխը եկել, խելացի հեռանկար էր երևացել, էլ ի՞նչ տհաճ բան կարող էր լինել, եթե ամեն ինչ այդպես հարմար դասավորվում էր։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե Կեսսելրինգը, և ավելի վատ՝ նրա հովանավոր Գյորինգը տվյալ դեպքում կարողանան, իրենց ալիբին ապացուցել։
— Մենք դա թույլ չենք տա։ Նախօրոք հոգ տարեք այդ մասին։
— Մենք՝ այո, բայց Կալտենբբուններն ու Մյուլլե՞րը։
— Լավ, լավ,— հոգնած ասաց Հիմմլերը,— իսկ ի՞նչ եք առաջարկում դուք։
— Ես առաջարկում եմ մի զարկով երկու նապաստակ խփել։
— Այդպես չի լինում,— պատասխանեց Հիմմլերն առավել հոգնած ու խամրած ձայնով,— չնայած, ես որսորդ չեմ...
— Ֆյուրերն ասում է, որ դաշնակիցները գտնվում են գժտության եզրին, այդպես չէ՞։ Հետևաբար, նրանց այդ գժտեցումը մեր գլխավոր խնդիրներից մեկն է։ Ի՞նչ կանի Ստալինը, եթե իմանա սեպարատ բանակցությունների մասին, որ ՍՍ-ի գեներալ Վոլֆը վարում է արևմտյան դաշնակիցների հետ։ Ես չեմ փորձում դատել, թե նա ինչպե՞ս կվարվի, բայց այն, որ դա նրան գործողությունների կմղի, ոչ մի րոպե չեմ կասկածում, հեաևաբար, Վոլֆի ուղևորությունը, որը մենք կգաղտնագրենք որպես Ստալինի մեծ ապակողմնորոշում, կդառնա հօգուտ ֆյուրերի։ Մեր լեգենդը հետևյալն է՝ բլյոֆ Ստալինի համար։ Ձախողման դեպքում ֆյուրերին այդպես կբացատրենք օպերացիան։
Հիմմլերը վեր ելավ աթոոից, նա բազկաթոռներ չէր սիրում ու միշտ նստում էր գրասենյակային հին աթոռի վրա, մոտեցավ պատուհանին և երկար դիտում էր Բեռլինի ավերակները։ Դպրոցից տուն էին դառնում երեխաները և ուրախ ծիծաղում։ Երկու կին ձեռնասայլակներով տանում էին իրենց երեխաներին։ Հիմմլերը հանկարծ մտածեց․ «Ուրախությամբ կգնայի անտառ ու կգիշերեի խարույկի մոտ։ Վալտերն ի՜նչ խելացի է, աստված իմ․․․»։
— Ես կմտածեմ ձեր ասածների շուրջ,— առանց շրջվելու ասաց Հիմմլերը։ Նա ուզում էր իրեն վերցնել Շելլենբերգի հաղթանակը։ Վերջինս ուրախությամբ ռայխսֆյուրերին կտար այն. նա միշտ Հիմմլերին ու Հեյդրիխին էր տալիս իր հաղթանակները։
— Մանրամասները ձեզ կհետաքրքրե՞ն, թե մանրուքներն ինքս մտածեմ,— հարցրեց Շելլենբերգը։
— Ինքներդ մտածեք,— պատասխանեց Հիմմլերը, բայց երբ Շելլենբերգը մոտեցավ դռանը, նա շրջվեց ու հարցրեց.— թեև այս գործում մանրուքներ չպետք է լինեն։ Ի՞նչ նկատի ունեք։
— Նախ, քողարկման օպերացիան... Այսինքն, պետք է որևիցե օտար, ոչ մեր դեմքը դնել Արևմուտքի հետ բանակցությունների համար... Իսկ հետո այդ մարդու մասին եղած նյութերը կհանձնենք ֆյուրերին։ Հարկ եղած դեպքում... Դա կլինի հետախուզության մեր ծառայության հաղթանակը՝ ձախողեցինք թշնամու ստոր մտադրությունները, իմ կարծիքով, այսպես է հաղորդում Գեբրելսը։ Երկրորդ, Շվեյցարիայում հազարավոր աչքեր են հետևելու Վոլֆին։ Ես ուզում եմ, որպեսզի արևմտյան դաշնակիցների հազարավոր աչքերի հետ նրան հետևեն իմ մարդկանցից մի հինգ֊վեց հոգի։ Վոլֆը չի իմանա մեր մարդկանց մասին։ Նրանք ինֆորմացիա կուղարկեն անմիջապես ինձ։ Ի լրումն ամենի, սա երրորդ ալիբին է։ Ձախողման դեպքում ստիպված կլինենք զոհել Վոլֆին, բայց նրան հետևելու մասին նյութերը տեղ կգտնեն մեր դոսյեներում։
— Ձե՛ր,— ուղղեց նրան Հիմմլերը,— ձեր դոսյեում։
«Ես կրկին վախեցրի նրան,— մտածեց Շելլենբերգը,— այս մանրամասները նրան վախեցնում են։ Նրանից պետք է միայն համաձայնություն վերցնել, իսկ հետո ամեն բան անձամբ անել»։
— Ո՞ւմ եք ուզում այնտեղ ուղարկել։
— Լավ թեկնածուներ ունեմ,— պատասխանեց Շելլենբերգը,— բայց դա արդեն մանրուք է, որն ինքս կարող եմ վճռել, ձեզ չկտրելով առավել կարևոր գործերից։
Առաջին խնդրի լուծման համար Շելլենբերգի թեկնածուների ցուցակում կար ֆոն Շտիրլիցը իր «խնամարկյալ» պաստորի հետ։
== 17.2.19-15 (Ժամը 10-ն անց 05 րոպե) ==