Changes
Նույնիսկ երազում ինչ֊որ անորոշ բաներ էի տեսնում։ Բայց ոչ սպիտակ նժույգին։ Ինչ֊որ մանր, փխրուն, տխուր բան․․․
Սթափվեցի, երբ արդեն վայրէջքն հայտարարեցին։ Աչքիս ծայրով նայեցի պատմական ֆիլմով փուչիկին․ իսկ այնտեղ արդեն վերջաբանն է, հարցաքննությունը Գաղտնի Հրամանում, անարգանքի սյուն, տաքացրած աքցաններ, չարությունից ծռված նախարարի դեմքը․
― Ատում եմ․․․ ինչպես եմ ձեզ ատում։
Եվ վերջաբանը, վերջին կադրերը․ կանգնած է դեռ երիտասարդ Տերը, արևով լուսավորված հարազատ բնության ֆոնին, կանգնած է առաջին աղյուսը ձեռքին, նայում է Արևմուտք և արտասանում է բաղձալին․
― Մեծ Ռուսական Պատ։
Վայրէջք ենք կատարում։
Ինքնաթիռի մոտ ինձ դիմավորում է Պոտրոխան․ երիտասարդ, կարմրաթուշ, կճատ, ոսկեզօծ մազափնջով։ Նստում եմ նրա «մերինը», և ինչպես միշտ այնպիսի զգացում ունեմ, որ սա իմ մեքենան է։ Deja vu. Բոլոր օպրիչնիկների մեքենաները միանման են՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Օրենբուրգում, թե՛ Օյմյակոնում․ հասած պոմիդորի գույնի չորսհարյուր ուժանոց կուպե֊«մերիններ»։
― Ողջյուն, Պոտրոխա։
― Ողջյուն, Կոմյագա։
Մենք միմյանց միշտ «դույով» ենք դիմում, մի ընտանիք է օպրիչնինան։ Չնայած ես Պոտրոխայից մեկուկես անգամ մեծ եմ։
― Այս ի՞նչ մկներ եք այստեղ բռնում։ Հերիք է, որ Չապիժը բացակայի, որ ձեզ մոտ ամեն բան կանգ առնի։
Մի եփիր, Կոմյագա։ Այս գործը լպրծուն է։ Նրանք կապ ունեն Հրամանում։ Չապիժը հրամանի հետ լավ էր։ Իսկ ես նրանց համար ոչինչ եմ։ Ուս է պետք հենվելու համար։
― Բայց քեզ աջերի ուսն է պետք, իսկ ես աջից չեմ։
― Հիմա դա կարևոր չէ, Կոմյագա։ Կարևորն այն է, որ քեզ մոտ է կնիքը։ Տարաձայնության դեպքում անհրաժեշտ է, որ լիազորություններով օպրիչնիկ լինի։
Գիտեմ, անցել ենք։ Լիազորություններով օպրիչնիկ։ Ձախ ձեռքիս է այն, ափիս մաշկի տակ։ Եվ այն կարող են խլել միայն ձեռքիս հետ։
Հանդիպումը նշանակեցի՞ր։
― Բա ոնց։ Քառորդ ժամից հետո սպիտակ ժողով է լինելու։
― Բժշիշկնե՞րը։
― Ամեն ինչ նորմալ է։
― Գնացինք։
― Պոտրոխան գազ է տալիս, սրընթաց դուրս գալիս լայն ճանապարհ։ Սլանում ենք օդանվակայանից, բայց ոչ թե Օրենբուրգ, նեղ աչքերով ու այծի բրդից թեթև շալերով հայտնի գեղեցկուհիների քաղաքը, այլ հակառակ ուղղությամբ։ Ճանապարհին, Պոտրոխան ավելի մանրամասն է պատմում գործի մասին։ Վաղուց ես չեմ աշխատել մաքսայինների հետ, վաղուց։ Այդ ընթացքում շատ նոր բաներ են ի հայտ եկել։ Բաներ, որոնց մասին նախկինում, մենք նույնիսկ կռահել չէինք կարող։ Օրինակ՝ թափանցիկ ապօրինի ներթափանցյալները։ Գոյություն ունի «դատարկության խորհրդավոր ներմուծում»։ Մերձարևադարձային օդը այժմ շատ է գնահատվում Սիբիրում, ― մեծ ծավալներով այդ օդն են ներկրում։ Բերում են անդրլեռնայինից, ինչ֊որ ցանկություններով փաթաթված։ Հանելուկ է։ Փառք Աստծո, այսօրվա գործը ավելի պարզ է։
Պոտրոխան քառորդ ժամում հասավ մինչև Ճանապարհ։ Ես այն, երևի, արդեն երեք տարի է չեմ տեսել։ Եվ ամեն անգամ շունչս կտրվում է, երբ տեսնում եմ մեր Հարավային Պատի Հարավային դարպասը, որը ձգվում է ― ողջ Ռուսաստանի միջով մինչև Բրեստ, իսկ այնտեղից՝ ուղիղ դեպի Փարիզ։ Ճանապարհ՝ «Գուանջոու ― Փարիզ»։ Երբ գլխավոր իրեր֊ապրանքների արտադրությունը կամաց֊կամաց Մեծ Չինաստան տեղափոխվեց, այն ժամանակ կառուցեցին այս Ճանապարհը, որը կապում է Եվրոպան Չինաստանի հետ։ Տաս շարք ունի նա, և ստորգետնյա չորս գիծ՝ արագընթաց գնացքների համար։ Ճանպարհով շուրջօրյա սողում են ծանր բեռնատարները, սլանում են արծաթագույն գնացքները։ Հաճելի է այդ ամենին նայելը։
Մոտենում ենք։
Ողջ Ճանապարհը եռակի պաշտպանություն ունի, պահպանվում է դիվերսանտներից, անմարդկային֊անողորմ կիբերպանկերից։ Մտնում ենք կանգառը։ Գեղեցիկ է այն, մեծ, ապակյա, հեռու ճամփա գնացող վարորդների համար հատուկ կառուցված։ Այստեղ և արմավենիներով ձմեռային այգի կա, և լողավազանով բաղնիք, և չինական ու ռուսական պանդոկներ, մարզասրահներ, և պոռնկանոցներ իրենց գործին հմտորեն տիրապետող պոռնիկներով, և հյուրանոց, և կինոդահլիճ, և նույնիսկ սահադաշտ։
Բայց մենք Պոտրոխայի հետ գնում ենք զրուցարան։ Իսկ այնտեղ արդեն մեզ են սպասում յուղոտված՝ Մաքսային Հրամանի քարտուղարն ու գրագիրը, երկու հոգի Ապահովագրական Պալատից, մի հարյուրապետ Ճանապարհային Հրամանից և երկու չինացի ներկայացուցիչ։ Նստում ենք Պոտրոխայի հետ, սկսում ենք խոսել։ Մտնում է թեյի չինուհին, եփում սպիտակ թեյ, մարմնի ավյունը բարձրացնող, լցնում է ամեն մեկին ժպտալով։ Մաքսայինի քարտուղարը իրենն է պնդում․
Գնացքը մաքուր է, ղազախները բողոք չունեն, պայմանագիրը ամողջական է, ճիշտ կազմված։
Պարզ բան է, քարտուղարի համար յուղոտել են ողջ գնացքը, բոլոր տասներկու բեռնատարները մինչև Բրեստ։ Մեր գործն է ուշացնել չինացիներին, որպեսզի ապահովագրության ժամկետն անցնի, և այստեղ մեր ապահովագրությունն ի հայտ գա։ Իսկ մեր ապահովագրությունը 3% է։ Ճանապարհին ամեն շուն այդ գիտի։ Այդ երեք տոկոսը օպրիչնայի գանձարանն է լցնում։ Եվ ոչ միայն օպրիչնինայի։ Բոլոր ճշմարիտներին է հերիքում, բոլորին է հասնում։ Այդ3%֊ը շատ անհրաժեշտ ծախսեր է փակում։ Իսկ մեր՝ Տիրոջ ծառաների ծախսերը անթիվ անհամար են։ Արդյո՞ք յուաններով լցված ապահովագրականի քարտուղարը, ուզում է այդ հասկանալ։
Երկու բեռնատարների չինական տեխնիկական զննման վկայականները կեղծ են։ Պետք է նոր քննություն։
Մեջ է մտնում չինացին․
Տեխնիկական զննումը կեղծ չէ, ահա փորձագետի կարծիքը։ Օդում հայտնվում են հաստատման լուսափայլ իերոգլիֆները։ Ես խոսակցական չինարենը գիտեմ, պարզ բան է, ինչպե՞ս կարելի է հիմա առանց դրա։ Իսկ իերոգլիֆները ինձ համար մութ բան են։ Բայց Պոտրոխան ճարտար է չինարենում, հանեց տուրբինայի մասին երկրորդ եզրակացությունը, լուսավորում է փոքրիկ խավրոշեչկայով։
― Ո՞ւր է որակի վկայականը։ Արտադրանքի հասցեն։ Ապրանքաքանակի համարը։
― Շանտյոու, «Կարմիր Հարստություն» գործարան, 380-6754069:
Այո, տուրբինան «հարազատն» է։ Տեխնիկական զննումի հետ չի համընկնում։ Ճանապարհին աշխատելը դժվարացել է։ Առաջ այդ բեռնատարները ուղղակի վնասում էին․ մեկ անվադողն էին ծակում, մեկ ջարդում, մեկ վարորդի ճաշի մեջ թմրադեղ էին լցնում։
Հիմա դրան հետևում են։ Բայց դա ոչինչ։ Մենք ունենք մեր հին֊սովորականը։ Թեյը հո տալիս է յուղոտված սյաոցզեն։<ref>Սյաոցզե՝ աղջիկ։</ref>
― Պարոնայք, համարում եմ խոսակցությունը ավարտված, ― ասում է քարտուղարը ու սիրտը բռնում։
Խառնվեցինք․ ի՞նչ պատահեց։
― Սրտի նոպա։
Այ քեզ բա՜ն։ Իսկ սյաոցզեն նույնիսկ չկարմրեց։ Խոնարհվում է, հավաքում իր թեյի սեղանը։ Հայտնվում են բժիշկները, քարտուղարին տանում։ Գույնը գցել է, տնքում է։ Մենք հանգստացնում ենք․
― Կառողջանաք, Սավելիյ Տիխոնովիչ։ Կառողջանա, իհարկե։ Չինացիները վեր են կենում, գործն ավարտված է։ Բայց ոչ։ Հիմա մեր հերթն է․ վերջին հարցը յուղոտված գրագրին․
― Ի դեպ, պարոն գրագիր, իսկ ճանապարհայինը, երևում է, հետին թվով է ստորագրված։
― Ի՞նչ եք ասում։ Չի կարող պատահել։ Տվեք նայեմ․․․ ― գրագիրը չռում է աչքերի սպիտակուցները ճանապարհայինին, ուղղում խավրոշեչկան փաստատղթի վրա։ ― Իսկապե՛ս։ Կապույտ նշանը ջնջված է։ Ա՛խ, ավազակներ։ Ֆռռացրին մատի շուրջը դյուրահավատ Սավելիյ Տիխոնովիչին։ Մոլորեցրին, հիմարացրին։ Ցզույսի՛ն։<ref>Ցզույսին՝ ոճրագործություն։</ref>
Ահա թե ինչպես է գործը շրջվում։ Մրթմրթում է չինացին․
― Չի կարող պատահել։ Ճանապարհայինը հաստատված է երկու կողմի սահմանային կետերում։
― Եթե ռուսական մաքսատան ներկայացուցիչը անհամապատասխանություն նկատեց, անհրաժեշտ է երկու կողմի եզրակացությունը, ― պատասխանում եմ ես։ Վիճելի դեպքերում մեր կողմը ներկայացնում եմ ես, ես լիազորություններ ունեցող օպրիչնիկ եմ։
Չինացիները խուճապի մեջ են․ դրա վրա այնքա՜ն ժամանակ կգնա, չինական ապահովագրության ժամկետը կլրանա։ Իսկ նորը կազմելը՝ դա ձեզ համար ձկով կարկանդակ թխել չէ։ Եվ սանիտարական ստուգում է պետք, և տեխնիկական, և նոր սահմանային զննում, և Հակամոնոպոլային Պալատի արտոնագիր։ Եվ այս բոլորը միանգամից։
― Ապահովագրվեք, պարոնայք։
Չինացիկ ոռնում են։ Սպառնում։ Ո՞ւմ ես սպառնում, շաբի։<ref>Շաբի՝ հիմար։</ref> Բողոքիր ում ուզում ես։ Ճանապարհային Հրամանի հարյուրականը իջեցնում է չինացիներին․
― Ռուսական ապահովագրությունը ամենալավ պաշտպանություն է կիբերպանկերից։
Չինացիները կրճտացնում են․
Ո՞ւր է կնիքը։
Հարց է ծագում, ուրեմն էլ ինչո՞ւ եմ ես այստեղ եկել։ Ահա կնիքը․ ձախ ձեռքս հպվում է անթափանց ապակու քառակուսիին, թողնելով նրա վրա փոքր Պետական Կնիքը։ Եվ այլևս հարց չկա։ Աչքով ենք անում միմայնց ես ու Պոտրոխան․ 3% ֊սը մերն է։ Չինացիները դուրս են գլորվում ծռված մռութներով։ Մնացածներն էլ են դուրս գալիս։ Մնում ենք միայն ես ու Պոտրոխան։
― Շնորհակալություն, Կոմյագա ― սեղմում է դաստակս Պոտրոխան։
Խոսք և Գործ, Պոտրոխա։
Վերջացնում ենք թեյը, դուրս գալիս մաքուր օդ։ Այստեղ, իրենց մոտ, ավելի ցուրտ է քան Մոսկվայում։ Մաքսայինների հետ, մեր, օպրիչնիկներիս պատերազմը շատ հին է։ Եվ դրա վերջը չի երևում։ Որովհետև, աշխատում են, Տիրոջ եղբոր, Ալեքսանդր Նիկոլաևիչի ղեկավարությամբ։ Եվ դեռ երկար կաշխատեն։ Իսկ պայծառափայլ Ալեքսանդր Նիկոլաևիչը, մեր Բատյային, տանել չի կարողանում։ Ինչ֊որ մի այնպիսի բան է եղել նրանց միջև, որ նույնիսկ Տերը չի կարողանում հաշտեցնել։ Եվ ոչինչ չես կարող անել՝ պատերազմ էր, այն կա ու կշարունակվի․․․
Հանգստանալ է պետք, ― Պոտրոխան քորում է իր ոսկեզօծ մազափունջը, թեքում իր մորթե գլխարկը ծոծրակին․ ― Գնանք բաղնիք։ Այնտեղի մերսողը շատ ճարպիկ է։ Երկու գունյանոչկա<ref>Աղջիկ</ref> կլինի այնտեղ։
Հանում է մոբիլան, ցույց տալիս։ Օդում հայտնվում են երկու հմայիչ չինուհիներ․ մեկը մերկ գոմեշի վրա ման գալիս, մյուսը՝ կանգնած ջրվեժից թափվող ջրի տակ։
Հը՞, ― աչքով է անում Պոտրոխան։ ― Չես ափսոսա։ Ձեր մոսկովյան աղջիկներից լավն են։ Հավերժ կույս են։
Նայում եմ ժամացույցին․ 15.00.
― Ոչ, Պոտրոխա։ Ես այսօր դեռ պետք է Տոբոլ թռչեմ, իսկ հետո Մոսկվայում՝ աստղ հանգցնեմ։
― Դե, ոնց ուզում ես։ Ուրեմն՝ օդանավակայա՞ն։
― Այնտեղ։
Ճանապարհին, նայում եմ չվացուցակը, ընտրում չվերթը։ Ինձ հարկավոր չվերթը մեկ ժամից է, բայց հետաձգել եմ տալիս արդեն թռիչքի պատրաստվողը, թող սպասեն, նրանց այս ու այնը։ Հրաժեշտ եմ տալիս Պոտրոխային, նստում Օրենբուրգ ― Տոբոլ ինքնաթիռը, կապվում անվտանգության ծառայության հետ, նախազգուշացնում, որ դիմավորեն։ Դնում եմ ականջակալները, պատվիրում Րիմսկի֊ Կորսակովի «Շահերազադան»։ Եվ քնում։
Ձեռքի նուրբ հպումով ինձ արթնացնում է ուղեկցորդուհին․
Պարոն օպրիչնիկ, մենք արդեն նստել ենք։
Հիանալի է։ Մի կում անելով «Ալտայ» աղբյուրի ջրից, դուրս եմ գալիս ինքնաթիռից, կանգնում ինքնագնացի վրա, որը ինձ տանում է ահռելի՝ «Երմակ Տիմոֆեեվիչ» օդանավակայանի շենքը։ Նոր օդանավակայան է, վերջերս են ավարտել չինացիները։ Ես այստեղ արդեն երեք անգամ եմ եղել։ Եվ միշտ նույն գործով՝ պայծառատես կնոջ պատճառով։
Երմակի լույս արձակող սրով ահռելի արձանի մոտ ինձ են սպասում երկու սպառնալից արտաքինով անձ, մեծ պայծառատեսի անվտանգության ծառայությունից։ Չնայած այն բանին, որ նրանցից ամեն մեկը ինձանից մի գլուխ բարձր է և երկու անգամ լայն, Երմակի ահռելի գրանիտե սապոգի կողքին՝ կարծես կարմիր կաֆտններով երկու դաշտային մկնիկ լինեն։
Մոտենում եմ։ Խոնարհվում են, տանում դեպի մեքենան։ Դուրս գալուց հասցնում եմ կուլ տալ տոբոլյան օդը, որն ավելի սառն է, քան Օրենբուրգում։ Երեսուներկու աստիճան զրոյից ցածր է։ Ահա և ձեզ համընդհանուր տաքացում, որի մասին անընդհատ պնդում են օտարերկրացիները։ Կա դեռ Ռուսաստանում ձյուն֊սառնամանիք պարոնայք, չկասկածեք։
Նստեցնում են ինձ հզոր չինական «Չժու֊Բա֊Ցզե ամենագնացը, որի բամպերը նման է վարազի մռութի։ Այս մեքենաները այժմ ողջ Սիբիրով են գնում։ Հուսալի են նրանք ու անխափան և սառնամանիքին և շոգին։ Սիբիրյակները նրանց «վարազ» են անվանում։
Սկզբում գնում ենք մայրուղով, հետո թեքվում ավելի վատ ճանապարհի վրա ։ Հազարականը Մոսկվայից ինձ իմաց է տալիս, որ աստղ հանգցնելու համար արդեն ամեն ինչ պատրաստ է, համերգը կկայանա ուղիղ ժամը 20.00֊ին։ Հասկանալի է, բայց այնտեղ դեռ հասցնել է պետք։
Ճանապարհը ձգվում է անտառներով ու բացատներով և միայն հետո սողոսկում տայգայի մեջ։ ― Լուռ ենք։ Շուրջը կանգնած են ձյունով ծածկված սոճիներ, եղևնիներ։ Լավ է։ Բայց արդեն մոտենում է մայրամուտը։ Մի ժամ էլ՝ և կմթնի։ Անցանք տաս վերստ։ Թեքվում է մեր «ՉԺՈւ֊ԲԱ֊ՑԶԻ»֊նը ձյունով ծածկված գյուղական ճանապարհի վրա։ Իմ մայրաքաղաքային «մերինը» այստեղ միանգամից կթաղվեր։ Իսկ «վարազի»՝ վեջն էլ չէ։ Մեկուկես արշինանոց<ref>Արշին՝ ռուսական երկարության չափ՝ 0, 75 մետր։</ref>անիվները աղում են ձյունը, ինչպես մսաղացը։ Չինական վարազը առաջ է գնում ռուսական ձյան վրայով։ Անցնում ենք մի վերստ, երկրորդը, երրորդը։ Եվ հանկարծ հարյուրամյա Տայգան նահանջում է։ Տեղ հասանք։ Լայն կածանի վրա վեր է բարձրանում մի տարօրինակ տուն, հարյուրամյա սոճիներից կտրված, հետաքրքիր աշտարակներով, վանդկավոր պատուհաններով, փորագրված փայտե շրջանակներով, աքաղաղներով ու հողմացույցերով թեփուկավոր պղնձե տանիքի վրա։