Changes

Ամբողջ Բրազիլիայի ծովեզերքի երկայնքով առնվազն 2000 մղոն և, իհարկե, զգալի չափով էլ ներցամաքային տարածություններում մեզ պատահած բոլոր ապառները պատկանում էին գրանիտային ֆորմացիային։ Այդ հսկայական գրանիտային տարածության գոյությունը՝ բաղկացած այնպիսի նյութերից, որոնք ըստ շատ երկրաբանների բյուրեղացել են մեծ ճնշման տակ տաքանալով, տեղիք է տալիս բազմաթիվ հետաքրքրական խորհրդածությունների։ Արդյոք այս էֆեկտը խորն օվկիանոսի անդունդներո՞ւմն է առաջացել, թե նախապես նրա վրա տարածված է եղել մի ծածկող շերտ, որը ժամանակի ընթացքում վերացել է։ Հավատալի՞ է, որ որևէ ուժ, չափազանց երկար ժամանակ չներգործելով, կարող էր մերկացնել հազարավոր քառակուսի մղոն տարածություն բռնող գրանիտը։ Քաղաքից ոչ հեռու մի կետում, որտեղ մի առվակ մտնում էր ծովը, ես մի փաստ նկատեցի, որը կապ ունի Հումբոլտին<ref>Personal Narrative, vol. V, pt. I, p. 18.</ref> զբաղեցնող մի նյութի հետ։ Օրինոկո, Նեղոս և Կոնգո մեծ գետերի սահանքներում սիենիտային ապառները ծածկված են մի սև նյութով և այնպես են երևում, որ կարծես թե փայլեցրած են գրաֆիտով։ Այս կեղևը չափազանց բարակ է, և Բերցելիուսի անալիզից պարզվել է, որ այդ կազմված է մանգանի և երկաթի օքսիդներից։ Օրինոկոյում այս լինում է այն ապառաժների վրա, որոնք պարբերաբար ողողվում են հեղեղից և այն էլ միայն այն մասերում, որտեղ հոսանքը սրընթաց է, կամ, ինչպես հնդիկներն են ասում՝ «որտեղ ջուրն սպիտակ է, այնտեղ քարերը սև են»։ Այստեղ այդ բարակ շերտը սև գույնի փոխարեն ունի խիստ թուխ գույն և թվում է թե կազմված է միայն երկաթային նյութերից։ Հավաքած նմուշները չեն կարող մեզ ճիշտ գաղափար տալ այս թուխ հղկված քարերի մասին, որոնք շողշողում են արեգակի ճառագայթների տակ։ Նրանք գտնվում են միայն մակընթացության և տեղատվության ալիքների սահմաններում, և քանի որ առվակը հանդարտ հոսում է ներքև, ապա մեծ գետերում սահանքների փայլեցնող ուժը պետք է առաջ գա կոհակների կողմից։ Միևնույն ձևով մակընթացությունը և տեղատվությունը հավանաբար համապատասխանելու են պարբերական հեղեղումներին. և այսպիսով, միևնույն հետևանքներն առաջանում են թեև առերևույթ տարբեր, բայց իրականում նման պարագաներում։ Այնուամենայնիվ մետաղական օքսիդներից կազմված այս ծեփերի ծագումը, սրը կարծեք թե ցեմենտացված է ժայռերի վրա, դեռ պարզ չէ, և կարծում եմ, որ ոչ մի պատճառ չի կարելի մատնանշել, թե ինչո՛ւ նրանց հաստությունը մնում է նույնը։
Մի օր զվարճանում էի երկատամ ձկան (Diodon antennatus) սովորությունները դիտելով, որը բռնված էր ափի մոտ լողալիս։ Այս ձուկն իր փափուկ մորթով հայտնի է և ունի ձգվելով մոտավորապես գնդի ձև սստանալու ստանալու եզակի հատկություն։ Մի որոշ կարճ ժամանակով ցամաքում պահելուց հետո, երբ նորից սուզում են ջրի մեջ, նա զգալի քանակությամբ օդ և ջուր է կլանում բերանով, գուցէ և խռիկային անցքերով։ Այս պրոցեսը կատարվում է երկու եղանակով — օդը կլանվում և ապա մղվում է մարմնի դատարկ մասերը, վերադարձն արգելվում է մկանային կծկումով, որը երևում է դրսի կողմից. իսկ ջուրը նուրբ հոսանքով մտնում է բերանով, պահվում է լայն բացված և անշարժ։ Այս վերջին գործողությունն, ուրեմն, պետք է տեղի ունենա ծծելու միջոցով։ Փորի վրայի մորթին շատ ավելի թույլ է, քան կռնակինը. այս պատճառով ընդլայնման ժամանակ ներքևի մասը շատ ավելի է տարածվում, քան վերինը, հետևաբար և ձուկը լողում է կռնակի վրա։ Կյուվյեն կասկածում է երկատամի այդ դիրքով լողալու ընդունակության վրա, բայց նա այդ դիրքով ոչ միայն լողում է ուղիղ գծով առաջ, այլ մինչև անգամ կարող է շուռ գալ ցանկացած որևէ ուղղությամբ։ Այս վերջին շարժումը կատարում է միայն կրծքի լողաթևերի օգնությամբ, այդ դեպքում պոչը թուլանում է և չի գործածվում։ Բավականին առատ օդ ներս ընդունելու շնորհիվ մարմինն այնքան է վեր պահվում, որ խռիկային բացվածքները մնում են ջրից դուրս, բայց բերանի միջոցով ներս քաշված հոսանքը շարունակ դուրս է թափվում նրանց միջից։
Այս ձուկը կարճ ժամանակ ձգված վիճակում մնալով, ընդհանրապես նկատելի ուժով խռիկային բացվածքից և բերանից օդ և ջուր է դուրս մղում։ Իր ցանկացած մոմենտին նա կարող է դուրս թողնել ջրի մի որոշ մասը, ուստի կարող է հավանական համարվել, որ այս հեղուկը մասամբ էլ նրա համար է ներս ընդունվում, որ կանոնավորի նրա տեսակարար կշիռը։ Այս ձուկն ունի ինքնապաշտպանության մի շարք միջոցներ. նա կարող է ուժեղ կծել, բերանով ջուր դուրս նետել որոշ հեռավորության վրա և միևնույն ժամանակ իր ծնոտների շարժումով տարօրինակ ձայներ առաջացնել։ Իր մարմինն ուռեցնելու միջոցով պտկիկները (papilla), որոնցով ծածկված է մորթը, դառնում են կանգնած և սրված։ Բայց ամենահետաքրքրականն այն է, որ երբ նրան ձեռք են տալիս, նա էր փորի տակի մորթուց արձակում է մի շատ գեղեցիկ վառ գունավոր ֆիբրային նյութ, որը փղոսկրն ու թուղթն այնպես է տևական ներկում, որ այդ ներկը մինչև այժմ պահել է իր ամբողջ պայծառությունը։ Թե ինչ նպատակի համար է այս արտաթորումը և ինչ բնույթ ունի, ինձ բոլորովին հայտնի չէ։ Դոկտոր Օլլեն Ֆորրեսն ասում է, որ նա հաճախ երկատամին գտել է շնաձկան ստամոքսում կենդանի՝ լարված և լողալիս, և երբեմն էլ նա ականատես է եղել դեպքերի, երբ նա ոչ միայն ուտելով շնաձկան ստամոքսի պատերը՝ ծակել է վերջիններս, այլ նա ծակել է այդ հսկա կենդանու մինչև անգամ կողքերը և սպանել նրան։ Ո՞վ կարող է երևակայել, որ մի փոքրիկ փափուկ ձուկ կարող է ոչնչացնել այդ մեծ և ահռելի շնաձկան։
Վստահելի
1396
edits