Changes
}}
[[Category: Արձակ]]
==1==
Եվ ահա երեսուն տարի մեռած մնալուց հետո ես սկսեցի մի փոքր անհանգստանալ։
Երևակայիր, ես այդ ամբողջ ժամանակ սլանում էի տարածության մեջ ինչպես գիսավոր աստղը։ Որպես գիսավոր աստղ։ Չէ, չէ, Պիտերս, ես նրանցից շատերին իմ ետևը թողի։ Պարզ է, որ գիսավոր աստղերից ոչ մեկը չէր կարող լինել, հասկանո՞ւմ ես, իմ մշտական ուղեկիցը, որովհետև նրանք ճանապարհորդում են երկարավուն շրջագծով, որ նման է ողապարանի ողին, իսկ ես բաց էի թողնված ինչպես նետելու մի տեգ ուղիղ դեպի ապագա կյանքը։ Բայց երբեմն պատահում էր, որ գիսավոր աստղերից որևէ մեկը մի ժամով, կամ մոտավորապես այդքան, ճանապարհին ինձ հետ էր լինում, և այդ ժամանակ մենք մի փոքր դիպչում էինք իրար։ Ասենք այդ բանը սովորաբար կատարվում էր բավական միակողմանի, որովհետև ես նրանց մոտով լողում էի այնպես, կարծես նրանք հանգիստ կանգնած էին իրենց տեղում։ Սովորական գիսաստղը թռչում է ոչ ավելի քան երկու հարյուր հազար մղոն<ref>Ծովային մղոնը հավասար է մոտավորապես երկու կիլոմետրի։</ref> մի րոպեում։ Եվ, պարզ է իհարկե, երբ ես առաջ անցա մի ինչ֊որ գիսաստղից, որ նման էր օրինակ, Ենկեյի և Հալլեյի գիսաստղերին, այդ տևեց, հասկանո՞ւմ ես, հազիվ մի ակնթարթ՝ փայլեց ու անհետացավ։ Դու այդ բանը չէիր անվանի նույնիսկ արագության մրցություն։ Գիսաստղը նմանում էր ապրանքատար գնացքի, իսկ ես՝ հեռագրի դեպեշի։ Բայց երբ ես դուրս թռա մեր համակարգության սահմաններից, ես երբեմն հասնում էի որևէ գիսաստղի, որը մի քիչ նման էր ինձ իր արագությամբ։ Մեզ մոտ այդպիսի գիսաստղեր չկան ― մերոնք ետ են մնում։ Մի գիշեր ես լողում էի ազատ, շատ լավ կարգի գցած ու լրիվ սարքավորումով, և քամին համընթաց էր ինձ ― կարծում եմ, որ ես կտրում էի մոտ մեկ միլիոն մղոն մի րոպեում, գուցե և ավելի, բայց ոչ պակաս ― երբ նկատեցի իմ աջ կողմից մի հսկա գիսաստղ։ Նրա պոչում երևացող կրակներից ես գլխի ընկա, որ նա սլանում է մոտավոր ճշտությամբ դեպի հյուսիս֊արևելք։ Դե այդ այնքան մոտիկ էր իմ ուղղությանը, որ ես որոշեցի օգտվել հանգամանքից։ Ես թեքվեցի մի փոքր աջ, ուղղեցի ղեկը ու գնացի դեպի նա։ Եթե դու լսեիր, թե ինչպես էի ես շվշվացնում, և եթե տեսնեիր այդ էլեկտրական թռի՜չքը։
Մեկ և կես րոպե չանցած՝ ես հասա էլեկտրական փայլին, որը տարածվում էր անհամար մղոններ և լուսավորում էր ամբողջ տարածությունը՝ ինչպես օրը կեսօրին։ Գիսաստղը, երբ ես առաջին անգամ տեսա, հեռվից փայլփլում էր կապույտ առկայծումով, որպես հանգչող ջահ, բայց նա ավելի ու ավելի էր մեծանում, քանի ես մոտենում էի նրան։ Ես սլանում էի այնպիսի արագությամբ, որ երբ կտրեցի անցա մինչև հարյուր հիսուն միլիոն մղոն, քիչ մնաց կուլ գնայի նրա պոչի շլացուցիչ լույսի մեջ և ոչինչ չէի կարողանում նշմարել այդ փայլից։ Կա՛ց, մտածում եմ, չպետք է մտնել նրա ներսը։ Ես մանյովր արի դեպի կողք և նետվեցի առաջ։ Շուտով ես հավասարվեցի նրա պոչին։ Գիտե՞ս՝ այդ ինչի էր նման։ Այդ միևնույն էր, թե մլակը մոտեցավ ամերիկյան մայր֊ցամաքին։ Ամբողջ ուժով սլանում էի ես գիսաստղի մոտով։ Կամաց֊կամաց ես լողացի նրա կողքովը՝ մի փոքր ավելի քան հարյուր հիսուն միլիոն մղոն, և այդտեղ նրա ձևից իմացա, որ դեռ նույնիսկ նրա գոտուն չեմ հասել։ Բաս, Պիտե՛րս, այստեղ մենք ոչինչ չգիտենք գիսաստղի մասին։ Եթե դու ուզում ես տեսնել, թե ինչ ձևի են լինում իսկական գիսաստղերը, դու պիտի դուրս թռչես մեր արևի սիստեմից ― այնտեղ, որտեղ նրանց համար լայնարձակ է, հասկանո՞ւմ ես։ Ես տեսա այնտեղ, բարեկամս, գիսաստղեր, որոնք չէին կարող նույնիսկ տեղավորվել ամենանշանավոր գիսաստղերի ուղեծրի<ref>Ուղեծիր ― երկնային մարմնի շրջանաձև ուղին տարածության մեջ։</ref> մեջ՝ պոչը դուրս կմնար։
Ուրեմն այդպես, ես անցա էլի հարյուր հիսուն միլիոն մղոն և հավասարվեցի, կասեիր դու, գիսաստղի թևի հետ։ Խոստովանում եմ, ես ինձ զգում էի բավական լավ։ Բայց այդտեղ ես հանկարծ նկատեցի տախտակամածի վրա մի սպայի, որը մոտեցավ նավեզրին և ուղղեց ինձ վրա իր երկդիտակը։ Եվ անմիջապես, լսում եմ, նա բղավեց․
― Է՜յ, ներքևի մարդիկ։ Շարժվեցե՛ք, շարժվեցե՛ք։ Լցրե՛ք հնոցները հարյուր միլիոն բիլիոն<ref>Բիլիոն ― հազար միլիոն, միլիարդ։</ref> ծծումբ։
― Եղավ, եղավ, սըր։<ref>Սըր ― անգլերեն պարոն։</ref>
― Շվացրե՛ք վախտը։<ref>Վախտ ― նավի անձնակազմի հերթափոխությունը։</ref> Բոլորը տախտակամածի վրա։
― Եղավ, եղավ, սըր։
― Ուղարկեցե՛ք երկու հարյուր հազար միլիոն մարդ վերև բոմբրամսելներն ու տրյումսելները՝<ref>Բոմբրամսելներ, տրյումսելներ ― տարբեր ձևի առագաստներ։</ref> բարձրացելու համար։
― Եղավ, յեղավ, սըր։
― Դի՛ր լիսելները։<ref>Լիսելներ ― նույնպես առագաստներ։</ref> Բարձրացրեք բոլոր առագաստները մինչև վերջին լաթի կտորը։ Սարքը լրացրե՛ք նավի ծայրից մինչև նավախելը։<ref>Նավախել ― նավի ետևի մասը։</ref>
― Եղավ, սը՛ր։
Այստեղ ես հասկացա, Պիտերս, որ գործ ունեմ բավական լուրջ ախոյանի հետ։ Մի տաս վայրկյանից հետո գիսաստղի վրա ոլորապտույտ բարձրացավ շիկակարմիր առագաստների շողշողուն ամպը։ Նրանք ծառանում էին դեպի երկինք, տեսողության սահմաններից դուրս գալով ― թվում էր, թե ամբողջ տարածությունը լցվեց նրանցով։ Գորշ ծուխը դուրս էր նետվում հնոցներից ― օ՜, ոչ ոք չէր կարող նկարագրել, թե ինչպես էր նա քուլա֊քուլա կուտակվում դեպի երկինքը, և ոչ ոք չէր կարող նկարագրել այդ հոտը։ Եվ ոչ ոք ռիսկ չէր անի խոսքերով արտահայտելու, թե ինչպես դղրդաց այդ հրեշավոր նավը։ Եվ դրա հետ միասին հազարավոր սուլոցներ ծղրտացին միանգամից, և անձնակազմը, որ հավասար է հարյուր հազար աշխարհների բնակչությանը, սկսեց նզովքներ տեղալ։ Դե՛ ես երբեք չէի լսել այսպիսի մի բան։ Մենք երկուսով մռնչում էինք ու որոտում կողք֊կողքի, գործադրելով մեր ամբողջ ուժը, որովհետև ես դեռ չէի հանդիպել մի այնպիսի գիսաստղի, որը կարողանար ինձ ետ թողնել, և ինձ պարտավոր էի համարում դրան էլ հաղթելու։ Ես ենթադրում էի, որ արդեն բավականին հռչակ ունեի տիեզերական տարածության մեջ, և ես հույս ունեի որ իմ անունը չեմ կոտրի։ Ես նկատում էի, որ այժմ գիսաստղից այնքան էլ առաջ չէի ընկնում, բայց և այնպես նրանից առաջ ընկա։
Հսկայական հուզմունք բարձրացավ գիսաստղի տախտակամածների վրա։ Հարյուր բիլիոն ուղևորներ դուրս թափվեցին ներքևից վերև, հավաքվեցին նավեզրի մոտ և գրազ էին գալիս, թե ով ումից կանցնի։ Իհարկե նրանք թեքեցին գիսաստղը մի կողքի վրա և դանդաղեցրին նրա վազքը։ Բայց դե նավապետի օգնականը հիմար չէր։ Նա մոտ վազեց այդ ամբոխին՝ ռուպորը բռնած, և վորոտաց․
― Դեպի կենտրո՛ն, դեպի կենտրոն, է՛յ, դուք․․․ ― Այդտեղ նավապետ Ստորմֆիլդը չէր կարողանում հիշել մի բառ․ ― կամ թե չէ՝ ձեր բոլորի ուղեղները ցրիվ կտամ մինչև վերջին ապուշինը։
Բայց դե, Պիտե՛րս, ես պարզապես անցնում էի արդեն, և վերջապես սողացի այդ հոյակապ բոցավառ գիսաստղի քթի մոտով։ Այդ միջոցին արթնացրին գիսաստղի նավապետին, և նա կանգնած էր՝ շրջապատված կարմիր փայլով, հագին շապիկ և հողաթափեր, մազերը ցրիվ եկած, վարտքակալի մի կողմն էլ կախ ընկած։ Նավապետն ու օգնականը կանգնած էին իրար մոտ, և ինչպիսի՜ փքված տեսք ունեին նրանք։ Ես ուղղակի չհամբերեցի, դրի մեծ մատս քթիս, երբ անցնում էի նրանցից, և բղավեցի․
― Պա՛֊պա՛֊պա՛, չե՞ք ուզի արդյոք ձեր հարազատներին մի լուր ուղարկել։
Պիտե՛րս, սխալ արի այդ։ Այո՛, ես հետո շատ ափսոսացի դրա համար, սխալ էր այդ։ Գիտե՞ս ինչ, նավապետն արդեն ուզում էր ձեռք քաշել այդ մրցակցությունից, բայց իմ նկատողությունը զայրացրեց նրան։ Նա դարձավ դեպի օգնականն ու ասաց․
― Մենք բավականաչափ սեփական ծծումբ ունե՞նք այդ նավորդության համար;
― Այո, սըր։
― Հաստա՞տ։
― Այո, սը՛ր, ավելի քան հերիք է։
― Ի՞նչ բեռ ունենք մենք սատանայի համար։
― Հազար ութ հարյուր հազար բիլիոն կվինտիլիոն կազարկ։
― Լա՛վ, թող այդ դեպքում նրա կենողները մի քիչ էլ ցուրտ քաշեն, մինչև մյուս գիսաստղի գալը։
Պիտե՛րս, նայի՛ր իմ աչքերին և մի՛ հուզվիր։ Ես հետո իմացա, որ կազարկը ճիշտ որ ճիշտ հարյուր վաթսունինն մեր երկրի նման աշխարհների ծանրություն ուներ։ Եվ նրանք շուռ տվին այդ ամբողջ բեռը նավեզրից դուրս։ Երբ նա վայր ընկավ, մաքուր ավլեց աստղերի մի ամբողջ համախումբ, կարծես մոմեր էին վառվում, և մեկը հանկարծ հանգցրեց բոլորը։ Իսկ մեր մրցավազքը հանկարծ վերջացավ հենց նույն րոպեին, երբ նա թեթևացավ, գիսաստղն այնպիսի արագությամբ նետվեց առաջ, կարծես ես խարսխվեցի մի տեղում։ Նավապետն անցավ դեպի նավախելը։ Նա դրեց մեծ մատը քթին ու գոռաց․
― Պա՛֊պա՛֊պա՛, չե՞ք ուզի արդյոք ձեր հարազատներին մի լուր ուղարկել։
Հետո նա ամրացրեց իր վարթքակալը և ուղևորվեց դեպի նավի առաջի մասը, իսկ երեք քառորդ ժամ հետո նրա նավը նորից առկայծում էր հանգչող ջահի նման հեռվում։ Այո, սխալ բան էր այդ, Պիտերս, ― ես չպետք է ծաղրեի նրան։ Միշտ էլ կափսոսամ այդ։ Ես այդ երկնային անբարիշտի հախից կգայի, եթե լեզուս կարճ պահեի։
Բայց ես մի փոքր շեղվեցի իմ պատմության գլխավոր ուղղությունից։ Վերադառնանք նորից այդ նյութին։ Դու հասկացա՞ր՝ ինչ արագությամբ էի սլանում։ Իսկ երբ, ինչպես ես ասացի, լրացավ այդ արտասովոր ճանապարհորդության մոտ երեսուն տարին, ես սկսեցի անհանգստանալ։ Օ՜, այդ բավական դուրեկան էր, և իհարկե հետաքրքիր, բայց մի տեսակ, գիտես, ամայություն էր, և ցանկություն ծագեց իմ մեջ հասնել մի որևէ տեղ։ Ես ճանապարհ ընկա ոչ այն մտադրությամբ, որ պիտի հավիտյան թռչեմ։ Ուզում էի կանգ առնել նաև այն պատճառով, որ սիրտս սկսել էր խառնել մի քանի տաք տեղերում, որտեղով ես թռչում էի, և վերջիվերջո ես զգում էի, որ ավելի լավ է մի տեղ, ուր ուզում է լինի, կանգ առնել, միայն թե վերջանար այդ անորոշ դրությունը։
Այդպես ուրեմն։ Մի անգամ գիշերը․․․ այնտեղ միշտ գիշեր է, միայն երբ ես սլանում էի մի որևէ աստղի մոտով, որը ողողում էր տիեզերքը կրակով և փայլով, դե այդ ժամանակ իհարկե բավական լույս է լինում, բայց ես մեկ կամ երկու րոպե հետո աստղը թողնում էի ետևս և նորից մի ամբողջ շաբաթ ընկղմվում էի խավարի մեջ։ Աստղերն այնքան էլ մոտիկ չէին իրար, ինչքան մեզ թվում է երկրի վրայից․․․ Հա՛, որտե՞ղ կանգ առա։ Այո՛, մի անգամ գիշերը հանկարծ ես նկատեցի հեռվում հորիզոնի վրա առկայծող կրակների մի հսկայական շարք։ Քանի ես մոտենում էի, նրանք մեծանում, ուռչում էին և սկսեցին նմանել զորեղ հնոցների։ Ես ասացի ինքս ինձ․
― Սատանան տանի, վերջապես տեղ հասա։ ― Եվ վատ տեղ հասա։ Ես հենց այդ բանից էի վախենում։
Այդտեղ ես ուշքս կորցրի։ Երկար մնացի ես այդպես, թե քիչ՝ չգիտեմ․ երևի բավական երկար մնացի, որովհետև, երբ ուշքս եկավ գլուխս, խավարն անհայտացել էր, մի շատ դուրեկան արևոտ օր էր և մեղմորեն շարժվում էր հրաշալի, բուրավետ օդը։ Եվ սքանչելի մի աշխարհ բացվեց իմ առջև ― պայծառ, չքնաղ, հմայիչ երկիր։ Այն բաները, որ ես հնոցների տեղ էի դրել, դարպասներ էին, որոնք բազմաթիվ մղոն բարձրություն ունեին և կառուցված էին ամբողջովին փայլուն թանկագին քարերից, իսկ պատերը, որոնց մեջ նրանք շինված էին, այնքան ամբողջական ոսկուց էին, որ դու ոչ նրանց կատարը կտեսնեիր, ոչ էլ ծայրերը երկու կողմի վրա։ Ես ուղղված էի ուղիղ դեպի այդ դարպասներից մեկը, որ նման էր վառվող տան մուտքի։ Այդտեղ ես նկատեցի, որ երկինքը սևացել էր մի միլիոն մարդկանցից, որոնք գնում էին դեպի նույն այդ դարպասը։ Ինչպիսի՜ թնդյուն էին բարձրացրել նրանք, սլանալով օդի միջով։ Գետնի վրա էլ մարդիկ էին վխտում, ինչպես մրջյուններ ― այսպես բիլիոններ կլիներ, կարծում եմ։
Ես իջա։ Լող տվի դեպի դարպասը՝ վխտացող ամբոխի հետ միասին, և երբ եկավ իմ հերթը, ավագ գրագիրն ասաց բանիմաց ձևով․
― Դե, Շո՛ւտ։ Դուք որտեղացի՞ եք։
― Սան֊Ֆրանցիսկոյից, ― ասացի ես։
― Սան֊Ֆրան․․․ ո՞նց։
― Սան֊Ֆրանցիսկոյից։
Նա գլուխը քորեց և կարծես ընկավ տարակուսանքի մեջ։
― Մոլորա՞կ է այդ։
Սատանան տանի, Պիտերս, երևակայիր մեկ։
― Մոլորա՜կ, ― բացականչեցի ես, ― քաղաք է, հսկա, գեղեցիկ և․․․
― Լա՛վ, լա՛վ, ― ընդհատեց նա։ Այստեղ մենք ժամանակ չունենք զրույցով զբաղվելու։ Մենք այստեղ քաղաքներով չենք զբաղվում։ Ընդհանուր առմամբ՝ դուք որտեղացի՞ եք։
― Ա՜, ― ասացի ես, ― ներեցեք։ Գրեցեք ինձ Կալիֆոռնիացի։
Նորից ես նրան տարակուսանքի մեջ գցեցի, Պիտերս․ նա շփոթվեց մի վայրկյան, հետո բղավեց կոպիտ ու չարացած․
― Այդպիսի մոլորակ ես չգիտեմ։ Կամ գուցե այդ համաստեղություն է։
― Ա՛յ քեզ հրաշք, վրա բերի ես, ― համաստեղությո՞ւն ասացիք։ Չէ՛, նահանգ է այդ։
― Ա՛յ մարդ, մենք այստեղ նահանգներով չենք զբաղվում։ Ցանկանո՞ւմ եք ինձ ասել՝ որտեղացի եք դուք ընդհանուր, լայն մտքով, հասկանո՞ւմ եք։
― Ա՜, այժմ հասկացա ձեր միտքը, ― ասացի ես։ ― Ես Ամերիկայից եմ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Պիտերս, գիտես, ես էլի նրան տարակուսանքի մեջ գցեցի։ Նրա դեմքը բութ էր ու սպիտակ, ինչպես նշանի տախտակը երկրապահ զինվորների հրաձգությունից հետո։ Նա դարձավ կրտսեր գրագրին ու ասաց․
― Որտե՞ղ է Ամերիկան, ի՞նչ Ամերիկա։
Կրտսեր գրագիրը վեր թռավ տեղից ու պատասխանեց․
― Այդպիսի գունդ չկա։
― Գո՛ւնդ, ― առարկեցի ես։ ― Ախր ի՞նչ եք ասում, երիտասարդ։ Ոչ թե գունդ, այլ երկիր, մայր ցամաք։ Կոլումբոսն է գտել։ Դե՛ Կոլումբոսի մասին հո անպատճառ լսած կլինեք, ինչպես էլ լինի։ Ամերիկան, սը՛ր, Ամերիկան է․․․
― Կամա՛ց, ― բղավեց ավագ գրագիրը, ― որտեղի՞ց եք դուք։
― Դե, ― ասացի ես, ― չգիտեմ՝ էլ ինչպես պատասխանեմ։ Արի հենց միանգամից ասեմ, որ ես եկել եմ աշխարհից։
― Ա՜յ, ― ուրախացավ նա, ― ի՜նչ եմ ասել, այդ մի բանի նման է։ Ո՞ր աշխարհից։
Պիտե՛րս, այժմ նա ինձ տարակուսանքի մեջ գցեց։ Ես նայում էի նրան խիստ շփոթված, նա նայում էր ինձ անհամբերությամբ։ Հետո պայթեց․
― Դե, դե՛, ո՞ր աշխարհից։
Ա՛յն աշխարհից, իհարկե, ― ասում եմ ես։
― Ա՜յն աշխարհից, ― բղավում է նա, ― Հը՜մ, բիլիոնավոր աշխարհներ կան․․․ Հետևյա՛լը։
Այդ նշանակում է՝ մի կողմ կանգնիր։ Ես քաշվեցի մի կողմ, իսկ իմ տեղը ցատկոտելով եկավ երկնագույն մի մարդ, յոթ գլխանի և մի ոտնանի։ Ես գնացի ման գալու։ Եվ ահա ես տեսնում եմ, որ այդ բոլոր անթիվ անհամար մարդիկ, որոնք վխտում էին այդ դարպասների մոտ, շատ ու շատ նման էին այն մի ոտնանի մարդուն։ Ես փորձեցի գտնել որևէ ծանոթ մարդու, բայց ծանոթ չկար։ Այդ ժամանակ ես երկար֊բարակ խորհեցի իմ դրության մասին և վերադարձա դարպասների մոտ, խեղճացած և շվարած։
― Հը՞, ― հանդիպեց ինձ ավագ գրագիրը։
― է՛հ, սը՛ր, ― ասացի ես բավական համեստությամբ, ― ինձ թվում է՝ ես չեմ կարողանա որոշել, թե ես որ աշխարհից եմ։ Բայց դուք երևի գլխի կընկնեք մի կերպ։
― Ո՞ր աստղագիտական սիստեմի մեջ է ձեր աշխարհը։ Գուցե այդ կօգնի։
― Նրա մեջ են արևը․․․ և լուսինը․․․ և Մարսը․․․
Նա թափահարում էր գլուխն ամեն մի անունը լսելիս։ Երբեք չէր լսել դրանց մասին հասկանո՞ւմ ես։
― Եվ Նեպտունը․․․ և Ուրանը․․․ և Յուպիտերը․․․
― Կացե՛ք, ― բացականչեց նա, ― սպասեցե՛ք մի րոպե։ Յուպիտեր․․․ Յուպիտեր․․․ կարծես մոտ 800 թե 900 տարի առաջ այնտեղացի մի մարդ կար․․․ բայց այդ սիստեմից շատ քիչ մարդիկ են պատահում մեզ մոտ։
Հանկարծ նրա հայացքը մեխվեց իմ վրա այնպես հաստատորեն, կարծես ուզում էր շաղափել ինձ։ Եվ հետո հարցրեց լրջորեն․
― Դուք ուղղակի ձեր սիստեմի՞ց եք եկել այստեղ։
― Այո՛, սը՛ր, ― պատասխանեցի ես, բայց մի փոքր կարմրեցի իմ խոսքից։
Նա նայեց ինձ շատ խստորեն և ասաց․
― Այդ ճիշտ չէ։ Եվ այստեղ կեղծելու տեղը չէ։ Դուք շեղվել եք ձեր ճանապարհից։ Ինչպե՞ս եղավ այդ։
Ես նորից կարմրեցի։
― Ներեցե՛ք։ Ես ետ եմ վերցնում իմ խոսքերը և խոստովանում եմ ձեզ։ Ես մի փոքր մրցության մտա այդտեղ մի գիսաստղի հետ․․․ և մի քիչ, բոլորովին քիչ շեղվեցի․․․
― Այդպես, այդպես, ― ասաց նա առանց որևէ փափկության իր ձայնի մեջ։
Ես շարունակեցի․
― Բայց ես շատ քիչ շեղվեցի իմ ուղղությունից և իսկույն ուղղեցի իմ ընթացքը մրցավազքից հետո։
― Միևնույն է։ Հենց այդ շեղվելուց էլ առաջացան այդ բոլոր անախորժությունները։ Դուք շեղվել եք ձեր նպատակներից դեպի դարպասները բիլիոնավոր մղոններով։ Եթե դուք գայիք ձեր դարպասի մոտ, այնտեղ իսկույն գլխի կընկնեին ձեր աշխարհի մասին և հապաղում չէր լինի։
Նա դարձավ կրտսեր գրագրին․
― Ո՞ր սիստեմում է Յուպիտերը։
― Չեմ հիշում, սը՛ր։ Բայց կարծես՝ կա մի այդպիսի մոլորակ նոր և մանր սիստեմներից մեկում, տիեզերքի հեռավոր և սակավաբնակ անկյունում։ Ես կնայեմ։
Նա վերցրեց մի օդապարիկ ու թռավ վեր, վեր ու վեր քարտեզի առջևով, որը ամերիկայի մի փոքրիկ նահանգի չափ էր։ Նա շուտով արդեն չէր երևում, հետո կամաց֊կամաց սկսեց իջնել, մի քիչ բան կերավ և նորից սողաց վերև։ Կարճ ասած՝ նա մի երկու օր փնտրում էր, վերջապես իջավ և ասաց, որ, կարծես՝ գտել է այդ արեգակի սիստեմը, եթե միայն ճանճերը չեն կեղտոտել քարտեզը։ Դրա համար էլ նա վերցրեց մանրադիտակն ու նորից ճամփա ընկավ։ Գործն ավելի հաջող դուրս եկավ, քան նա կարծում էր։ Նա գտավ մեր սիստեմը բավական ճշտորեն։ Նա հարկադրեց ինձ նկարագրել մեր մոլորակը, նրա հեռավորությունն արեգակից, և ասաց իր պետին․
Օ, ես գիտեմ հիմա, սը՛ր, ինչի մասին է նա ասում։ Քարտեզի վրա այդ կա։ Նրա անունն է Կոծիծ։<ref>Կոծիծ ― մազոտ խալ մարդու երեսին, ելունդ։</ref>
Իսկ ես ասում եմ ինձ ու ինձ․ «Տղա, էժան չէր նստի քեզ, եթե դու իջնեիր մեզ մոտ ― Երկրի վրա, և նրան Կոծիծ անունը տայիր»։
Է՛հ, նրանք թույլ տվին ինձ ներս գնալ, և ասացին, որ այժմ ոչ մի վտանգ չկա, և այլևս ոչ ոք ինձ անհանգստություն չի պատճառի։
Ապա նրանք թողին ինձ ազատ և զբաղվեցին իրենց գործով։ Երևի նրանք իմ գործը համարեցին վերջացած և կարգի գցած։ Ես շատ զարմացա, բայց սիրտ չէի անում խոսելու և հիշեցնելու իմ մասին։ Դու գիտես, ես չեմ սիրում աներեսություն անել, և անհարմար էր ձանձրացնել նրանց, նրանք սաստիկ զբաղված էին։ Երկու անգամ ես վճռեցի և ուզում էի ավելի համարձակ լինել։ Եվ երկու անգամն էլ ետ քաշվեցի։ Բայց անմիջապես ես պատկերացնում էի ինձ, թե ինչպիսի տեսք պիտի ունենամ ես փրկվածների մեջ իմ այս լաթ֊լութի մեջ, և այդ ստիպում էր ինձ վերադառնալ և նորից խարիսխ գցել։
Բոլորը նայում էին ինձ, ― գրագիրները, հասկանո՞ւմ ես, զարմանում էին, թե ինչու ես չեմ գնում։ Ես չէի կարող անվերջ տանել այդ բանը ― շատ անհարմար էր։ Այդ պատճառով ես վերջապես հավաքեցի քաջությունս ու գլխով արի գրագրին։ Նա բացականչեց․
― Ի՞նչ, դուք դեռ այստե՞ղ եք։ Ինչի՞ եք սպասում։
Ես ձեռքերս խողովակաձև դրի բերանիս և գաղտնաբար շշնջացի նրա ականջին․
― Ներեցեք, ես հիշեցնում եմ ձեզ իմ մասին և ձանձրացնում եմ ձեզ։ Բայց չե՞ք մոռացել դուք մի բան։
Նա մտածեց մի վայրկյան և ասաց․
― Բան եմ մոռացե՞լ։ Չէ՛, կարծեմ ոչինչ։
― Լավ մտածեցե՛ք։
― Չէ՛, կարծես ոչինչ չեմ մոռացել։ Բանն ի՞նչ է։
― Նայեցեք ինձ, ― հրավիրեցի ես, ― զննեցեք ինձ ոտից գլուխ։
Նա այդպես էլ արեց։
― Հետո՞, ― ասաց նա։
― Հետո՞, ― կրկնեցի ես, ― դուք ոչինչ չնկատեցի՞ք։ Եթե ես իմ տեսքով տարբերվեմ ընտրյալներից, չե՞մ գրավի արդյոք ինձ վրա ավելորդ ուշադրություն։ Արդյոք մի փոքր աչքի չե՞մ ընկնի։
― Է՛հ, ― առարկեց նա, ― ես չեմ հասկանում բանն ի՞նչ է։ Ինչի՞ կարիք ունեք դուք։
― Ինչի՞ կարիք․․․ Ես տավիղ չունեմ, պսակ չունեմ, գլխիս շուրջը լուսապսակ չունեմ, աղոթագիրք չկա, արմավենու ճյուղ չկա, ― չկա այն ամենը, որ բնականորեն պահանջվում է այստեղ մարդու համար, բարեկամս։
Զարմացավ։ Պիտե՛րս, ավելի զարմացած մարդու ես երբեք չէի տեսել։ Վերջապես նա ասաց․
― Այս ի՞նչ զարմանալի բաների մասին եք խոսում։ Ես այդ բաների մասին ոչինչ չեմ լսել։
Մի րոպե ես նայում էի նրան նույնպես զարմացած․
― Հույս ունեմ, ― ասացի ես, ― դուք վիրավորանքի տեղ չեք ընդունի, ես չեմ ուզում ձեզ անպատվել, բայց ձեզ պես մի մարդ, որ, ինչպես երևում է, երկար ժամանակ ապրել է երկնային տիրապետության մեջ, պիտի որ, կարծում եմ, իմանա նրա սովորությունները։
― Սովորություննե՜րը, ― բացականչեց նա։ ― Երկինքը հսկայական վայր է, սիրելի՛ բարեկամ։ Ահագին կայսրությունների մեջ շատ տեսակ֊տեսակ սովորություններ են լինում։ Եվ նույնիսկ փոքրիկ գաղութներում այդ սովորությունները տարբեր են, ինչպես դուք, երևի, նկատել եք ― ձեր պստլիկ Կոծիկի վրա։ Էլ ինչպե՞ս եք դուք երևակայել, թե ես իբր թե կարող էի ուսումնասիրել անծայրածիր երկնային պետության ամեն տեսակի սովորությունները։ Գլուխս տրաքում է, երբ ես մտածում եմ այդ մասին։ Ես գիտեմ այն սովորությունները, որոնք գոյություն ունեն այս տեղերում, որտեղ ներս է լցվում նշանակված ժողովուրդը իմ դարպասներով, և լա՛վ լսեցեք, այդ միանգամայն հերիք է մի մարդու համար, որը դրանցով օր ու գիշեր լցրել է իր գլուխը երեսունյոթ միլիոն տարի շարունակ։ Բայց մտածել, որ իբր թե կարելի է ուսումնասիրել ամբողջ երկնքի ահռելի տարածությունների սովորությունները, օ՜, մարդ, ի՞նչ անխելք բաներ ես ասում։ Ես չեմ կասկածում հիմա, որ քո նկարագրած տարօրինակ պճնազգեստն ընդունված է երկնքի այն շրջանի համար, որտեղ դուք նշանակված էիք գնալու, բայց այստեղ առանց դրան էլ ոչ ոքի ուշադրությունը չեք գրավի։
Քանի որ բանն այդպես էր, ես հանգստացա, հրաժեշտ տվի նրան և հեռացա։ Ամբողջ օրը ես քաշ էի գալիս դեպի այդ գրասենյակի նախասենյակի ամենահեռավոր ծայրը, հույս ունենալով մտնել երկինք, բայց սխալվեցի։ Նախասենյակը սարքված էր սովորական երկնային հատակագծով և, հասկանալի է, փոքրիկ չէր։ Վերջիվերջո ես այնպես հոգնեցի, որ ուժ չունեի այլևս ճանապարհս շարունակելու։ Ես նստեցի հանգստանալու, սկսեցի դիտել տարօրինակ օտարերկրացիներին և փորձեցի մի բան հասկանալ նրանցից։ Եվ ոչինչ գլուխ չեկավ։ Նրանք չէին հասկանում իմ լեզուն, իսկ ես չէի հասկանում նրանցը։ Ես ինձ սաստիկ միայնակ զգացի։ Ես վհատվեցի, տան կարոտն զգացի և հարյուր անգամ ափսոսացի, թե ինչու ես մեռա։ Իհարկե ես ետ դարձա։ Մյուս օրը կեսօրվա դեմ ես նորից վերադարձա գրանցման տեղը։
― Ես սկսել եմ հասկանալ, ― ասացի ես ավագ գրագրին, ― որ մարդը բախտավոր է միայն իր երկնքում։
― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց նա։ ― Իսկ դուք կարծում էիք, որ միևնույն երկինքը կարող է հարմար լինել ամեն տեսակի մարդկա՞նց։
― Այո, կար իմ մեջ մի այդպիսի կարծիք, բայց այժմ ես տեսնում եմ, որ հիմարություն եմ արել։ Ի՞նչ ճանապարհով կարող եմ ես հասնել իմ մարզը։
Նա կանչեց կրտսեր գրագրին, որն ինձ համար առաջ քարտեզն էր նայում, և նա ցույց տվեց ինձ ուղղությունը։ Ես շնորհակալություն հայտնեցի և ճանապարհ ընկա, բայց գրագիրը ետևիցս կանչեց․
― Սպասեցե՛ք մի րոպե։ Մինչև այնտեղ միլիոն մղոններ են։ Դո՛ւրս եկեք և կանգնեցեք ցանկության այդ կարմիր գորգիկի վրա։ Խփե՛ք ձեր աչքերը, շունչներդ պահեցեք և ցանկացեք լինել ձեր շրջանում։
― Շատ շնորհակալ եմ, ― ասացի ես, ― ինչո՞ւ չուղարկեցիք դուք ինձ այն ժամանակ, երբ ես առաջին անգամ եկա ձեզ մոտ։
― Մենք չափազանց զբաղված ենք այստեղ։ Դուք ինքներդ պիտի այդ մասին մտածեիք ու խնդրեիք մեզ։ Գնա՛ք բարի։ Դժվար թե մենք ձեզ տեսնենք ավելի շուտ քան հազար դար կամ մոտավորապես այդքան հետո։
― Որ այդպես է՝ ցտեսությո՛ւն, ― պատասխանեցի ես։
Ես թռա գորգիկի վրա, և՛ շունչս պահեցի, և՛ աչքերս խփեցի, և՛ ցանկացա լինել իմ բաժնի ստուգման գրասենյակում։ Մի ակնթարթ հետո ինձ ծանոթ ձայնը կանչեց բանիմաց եղանակով․
― Տավիղ և աղոթագիրք, երկու թևեր և փայլ, չափսը N13, սանֆրանցիսկցի նավապետ Իլայ Ստորֆիլդի համար։ Տալ նրան մաքուր կարանտինյին վկայական և ներս թողնել։
Ես բաց արի աչքերս։ Անկասկած դա Պայ֊Յուտ ցեղի հնդիկներից էր, որին ես ճանաչում էի Ամերիկայում։ Շատ երևելի մի տղա էր։ Ես նրա թաղմանը ներկա էի․ թաղումն էլ այն էր, որ նրան այրեցին, իսկ մյուս հնդիկները նրա մոխիրը քսում էին երեսներին և ճղճղում վայրի կատուների նման։ Նա չափազանց ուրախ էր ինձ տեսնելու համար, և դու ինքդ էլ պիտի իմանաս, որ ես էլ շատ ուրախ էի։ Վերջապես ես երկինք ընկա՝ իմ իսկական տեղը։ Շուրջս, ինչքան հնարավոր էր տեսնել, ամենուրեք գրագիրներ էին վխտում։ Նրանք վազվզում էին, դես ու դեն ընկնում, ― զարդարելով հազարավոր ամերիկացիների, մեքսիկացիների, անգլիացիների, արաբների և ամեն տեսակի մարդկանց իրենց նոր զգեստավորումով։ Եվ երբ նրանք ինձ տվին իմ նոր հանդերձանքը, իսկ ես գլխիս հագցրի լուսապսակը և նայեցի հայելու մեջ, ես պատրաստ էի ուրախությունից թռիչք գործել տան վրայով, այնքա՜ն ես բախտավոր էի։
― Ա՛յ, ի՜նչ եմ ասում, ― բացականչեցի ես։ ― Հիմա ես կարգի եկա։ Ցո՛ւյց տվեք ինձ ամպը։
Մի տասնհինգ րոպե հետո ես արդեն քայլում էի գրասենյակից մի մղոն հեռու, ուղևորվելով դեպի ամպերի պահեստը։ Մոտ մի միլիոն մարդ քայլում էր իմ ետևից։ Շատերը փորձում էին թռչել, բայց մի քանիսը ջարդվածքներ ստացան, և ոչ ոք հաջողության չունեցավ։ Այդ պատճառով էլ մենք վճռեցինք ոտքով գնալ, մինչև որ սովորենք թևեր գործածել։
Ժողովուրդը խմբերով գալիս էր մեր առաջ։ Մի քանիսը տավիղներ ունեին և ուրիշ ոչինչ։ Մյուսները՝ միայն աղոթագրքեր։ Շատերը գալիս էին առանց իրերի։ Եվ բոլորը ցրված ու մռայլ տեսք ունեին։ Մի երիտասարդ տղայի մոտ ոչինչ չէր մնացել՝ բացի լուսապսկաից, և նա այդ բռնել էր իր ձեռքը։ Հանկարծ նա պարզեց այն դեպի ինձ և ասաց․
― Չե՞ք կարող այս մի րոպե բռնել։
Եվ անհայտացավ ամբոխի մեջ։ Ես առաջ գնացի։ Ինչ֊որ կին խնդրեց վերցնել իր արմավենու ճյուղը և ապա անհայտացավ։ Մի աղջիկ ստիպեց ինձ վերցնել իր տավիղը և, գրողը տանի, ― նա էլ անհայտացավ։ Եվ էլի ու էլի, մինչև որ ես բռնվեցի ամբողջովին։ Հետո ժպտալով մոտեցավ մի ծերուկ և խնդրեց պահել իր իրերը։ Ես սրբեցի ճակատիս քրտինքն ու ասացի՝ բավական թթված․
― Ներեցեք, բարեկամս, ես կախարան չեմ։
Այդտեղ ես նկատեցի, որ ճանապարհի կողքին այդ կահ֊կարասիքից շատ կար կուտակված։ Հանգիստ խղճով ես էլ իջեցրի այդտեղ իմ բեռը։ Եվ նայեցի ես, Պիտե՛րս, ու տեսնում եմ՝ բոլոր խմբերն իմ ետև միևնույն ձևով բռնված են միևնույն իրերով։ Հանդիպող մարդիկ, հասկանո՞ւմ ես, խնդրում էին մի րոպե պահել այդ իրերը։ Նրանք բոլորը թափեցին իրենց բեռը ճանապարհի կողքին, և մենք շարունակեցինք մեր ճանապարհը։
Երբ ես բարձրացա ամպի վրա միլիոնավոր ուրիշ մարդկանց հետ միասին, ես բախտավոր էի, ինչպես երբեք չէի երազել իմ կյանքում։
― Ա՜յ, այսպես, ― ասացի ես, ― հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես խոստացել էին։ Ես մի փոքր կասկածում էի, բայց հիմա իսկապես ես երկնքումն եմ։
Ես թափահարեցի արմավենու ճյուղը մեկ֊երկու անգամ՝ ի նշան երջանկության։ Ապա ձգեցի տավղի լարերը և փորձեցի նվագել։ Է՛հ, Պիտե՛րս, դու չես կարող երևակայել, թե ի՜նչ աղմուկ բարձրացրինք մենք։ Սարսափ էր ազդում մարդու վրա, ամբողջ մարմինս ցնցվում էր։ Զանազան երգեր հնչում էին միանգամից, և բոլորը միասին, հասկանում ես, բավական վատ էր դուրս գալիս։ Եվ դեռ բավական շատ կային հնդիկ ցեղեր, որոնք արձակում էին իրենց պատերազմական հարայ֊հրոցը՝ խառնաշփոթություն առաջացնելով երաժշտության մեջ։ Կամաց֊կամաց ես դադարեցի նվագել։
Ինձ մոտ նստած էր բավական դուրեկան մի ծերուկ։ Ես նկատեցի, որ նա չէր դիպչում տավիղին։ Ես խրախուսեցի նրան, բայց նա ասաց, որ իր բնածին ամաչկոտության պատճառով վախենում է նվագել այդքան մեծ ամբոխի առաջ։ Կամաց֊կամաց ծերուկը խոստովանեց, որ նրան բոլորովին դուր չի գալիս երաժշտությունը։ Ճիշտն ասած՝ ես էլ սկսեցի զգալ նույն բանը։ Բայց ես ոչինչ չասացի։ Մենք երկուսով երկար ժամանակ լուռ էինք, որ իհարկե նկատելի չէր այդպիսի տեղում։ Տասնվեց կամ տասնյոթ ժամ հետո, երբ ես նվագում ու երգում էի քիչ֊միչ, ― և միշտ միևնույն երգը, որովհետև ուրիշ ոչ մի երգ չգիտեի, ― ես դեն դրի տավիղը և սկսեցի զբաղվել արմավենու ճյուղով։ Հետո մենք երկուսով էլ սկսեցինք ախ քաշել։ Վերջիվերջո նա հարցրեց ինձ․
― Բացի այդ երգը, որ դուք դռդռացնում էիք ամբողջ օրը, էլ ուրիշը չգիտե՞ք։
― Տանելի երգ՝ ոչ մեկը, ― խոստովանեցի ես։
― Իսկ դուք կարո՞ղ եք սովորել որևէ ուրիշ երգ։
― Ոչ մի դեպքում։ Ես փորձեցի, բան դուրս չի գալիս։
― Բավական երկար պիտի դուք կախ ընկնեք մի երգից ― մինչև հավիտյան, հասկանո՞ւմ եք։
― Սիրտս մի կտրատեք, ― խնդրեցի ես, ― ես առանց այդ էլ ճնշված դրության մեջ եմ։
Նորից մենք երկար ժամանակ լուռ էինք։ Եվ նա ասաց․
― Դուք ուրա՞խ եք, որ այստեղ եք։
― Բարի մարդ, ― պատասխանեցի ես, ― ճշմարիտը պիտի ասեմ։ Ես այդպես չէի պատկերացնում ինձ հավիտենական երանությունը, երբ եկեղեցի էի հաճախում։
― Մենք չփախչե՞նք և մի կես օր ման չգա՞նք մեզ համար, ― առաջարկեց նա։
― Լավ, ― ասացի ես, ― երբեք իմ կյանքում այդպիսի վատ դրության մեջ չէի եղել։
Եվ մենք ճամփա ընկանք։ Ամպի պահեստներին անընդհատ միլիոնավոր մարդիկ էին մոտենում, որոնք ցնծում էին ու աղաղակում՝ «Ովսաննա՜»։ Միլիոնավոր մարդիկ անընդհատ ետ էին դառնում, բավական ընկած տրամադրությամբ, քեզ ասեմ։
Մենք աշխատում էինք բռնել նորեկներին, և շուտով ես իմ իրերը պահելու գործը նրանց վզին դրի մի րոպեով։ Ես նորից ազատ մարդ դարձա և մոլեգնաբար ուրախացա։ Եվ հենց այդ րոպեին ես հանդիպեցի բարեհոգի Սեմ Բարտլետին, որը վաղուց էր մեռել, ու կանգ առա նրա հետ զրուցելու։
― Ասացեք խնդրեմ, ― հարցրի ես, ― մինչև վերջն էլ հենց այսպե՞ս պիտի լինի։ Այստեղ էլ ուրիշ բան չկա՞։
― Ես շատ շուտ կուղղեմ ձեր սխալ կարծիքն այդ խնդրի մասին, ― ասաց նա։ ― Այն բոլորը, որ գրված են աստվածաշնչում, մարդիկ երկրի վրա տառացիորեն են հասկանում․ երբ գալիս են երկինք, առաջին գործն այն է լինում, որ պահանջում են լուսապսակ, տավիղ և այլն։ Ոչ մի անվնաս բան չեն մերժում այստեղ մարդուն, եթե նա առողջ գիտակցության մեջ է խնդրում։ Ուստի առանց մի խոսք ասելու այդ իրերն էլ են մատակարարում։ Մարդիկ զբոսնում են, երգում են, խաղում ամբողջ օրը, դուք էլ լսել եք նրանց այդ համերգում։ Ոչ ոք չի բացատրում նրանց, որ բոլորովին այդ չէ երկնային կյանքի էությունը։ Այդպիսի կյանքի դժվար թե մարդ կարողանա դիմանալ մի շաբաթից ավելի՝ առանց իր առողջությունը կորցնելու։ Ամպերի պահեստները տեղավորված են այնպես, որ հին բնակիչներին աղմուկը չանհանգստացնի․ դրա համար էլ այնտեղ ամեն մեկին թույլատրված է անել այն ամենը, ինչ որ ցանկանում է, մինչև որ ինքը խելքի կգա։ Այժմ մի բան պահե՛ք մտներդ՝ երկինքն, իսկապես որ, ամենաերանելի և ամենադուրեկան տեղն է, որ կարող է լինել։ Եվ միևնույն ժամանակ ամենագործարար տեղն է այն բոլոր տեղերից, որոնց մասին դուք լսել եք։ Այստեղ բոլորովին չկան պարապ մարդիկ՝ առաջին օրից հետո։ Երգել և թափահարել արմավենու ճյուղերը մինչև հավիտյան՝ գրավիչ բան է թվում, երբ այդ մասին լսում ես քարոզիչի ամբիոնից, բայց թանկագին ժամանակն սպանելու համար մարդը դրանից ավելի վատ բան չի հնարել։ Այդ կլիներ ճռվողող հիմարների երկինք, այդպես չէ՞։ Հավիտենական հանգստությունը մխիթարական է հնչում եկեղեցու ամբիոնից, ճիշտ է։ Դե դուք մի անգամ փորձեցիք այդ բանը և տեսաք, որ այդ այնքան էլ հեշտ բան չի։ Այո՛, Ստորմֆիլդ, այդպիսի մի մարդ, որպիսին դուք եք, որն իր կյանքում միշտ աշխատել է ու հուզվել, կես տարի չքաշած՝ կխելագարվի երկնքում, եթե նա ոչինչ չունենա անելու։ Երկինքն ամենավերջին տեղն է հանգստի համար։ Կարող եք դրա համար գրազ գալ՝ ում հետ ուզում եք։
Ես ասացի․
― Սե՛մ, ես ուրախ եմ, որ լսում եմ այս բանը, և ուրախ եմ, որ ես սաստիկ սխալվում էի։ Հիմա ես գոհ եմ, որ ընկել եմ այստեղ։
Նա հարցեց․
― Նավապետ, դուք թերևս հոգնե՞լ եք։
Ես ասացի․
― Սեմ, խոսք չեմ գտնում այդ արտահայտելու։ Հոգնել եմ շան պես։
― Հը՜մ, այդպես։ Դուք մի լավ քուն վաստակեցիք և այդ քունը դուք պիտի ստանաք։ Դուք հիմա լավ ախորժակ եք պահել և ճաշը կվայելեք։ Այստեղ էլ, ինչպես և երկրի վրա, պետք է վաստակել բավականությունն ուղիղ և ազնիվ ճանապարհով, նախքան այն վայելելը։ Դուք չեք կարող առաջ վայելել և հետո վաստակել։ Բայց կա և մի տարբերություն ― այստեղ դուք ինքներդ եք ընտրում ձեզ համար մի զբաղմունք, և երկնքի բոլոր ուժերը ձեզ կօգնեն, եթե դուք ժրաջան աշխատեք։ Այդ մարդը, որը երկրի վրա կոշկակար էր, բայց բանաստեղծի հոգի ուներ, այստեղ կոշիկ կարելով չի զբաղվի։
― Խելացի բան է և ճիշտ, ― ասացի ես, ― աշխատանք՝ ինչքան ուզես, և այնպիսի աշխատանք, որի մասին դուք ջերմորեն երազում էիք։ Ոչ ցավ կա, ոչ տանջանք․․․
― Օ՜, կացեք։ Այստեղ հաճախ ցավեր լինում են, բայց նրանք չեն սպանում։ Այստեղ շատ տանջանքներ կան, բայց նրանք երկարատև չեն։ Դուք գիտեք՝ բախտն ինքնըստինքյան գոյություն չունի, նա լինում է միայն այն ժամանակ, երբ համեմատում ես այն որևէ անդուրեկան բանի հետ։ Ահա և ամենը։ Չկա մի այնպիսի բան, որի մասին դուք կարողանայիք ասել ― ահա բախտն ինքնըստինքյան․ այդ կարող է և բախտ համարվել՝ միայն հակադրվելով մի ուրիշ բանի, և հենց որ նորույթը ձանձրացնում է, բախտը պոչը քաշում է, և դուք փնտրում եք մի որևէ նոր բան։ Դե գիտես, երկնքում ցավեր ու տառապանքներ՝ ինչքան ուզես, ― հետևաբար, այստեղ շատ կան ամեն տեսակի հակադրություններ, և բախտն անվերջ է։
Ես ասացի․
― Ամենազգայունն ու խելացին երկինքն է, Սեմ, չնայած նա էլ նման չի իմ երևակայածին, ինչպես նման չի կենդանի աղջիկը մոմե տիկնիկին։
Առաջին ամսվա ընթացքում ես թափառում էի երկնային պետության մեջ, բարեկամներ էի ձեռք բերում, ուսումնասիրում էի երկիրը և վերջապես լավ տեղավորվեցի մի դուրեկան շրջանում, որպեսզի հանգստանամ՝ ճանապարհս նորից շարունակելուց առաջ։ Ես շարունակեցի ծանոթություններ ձեռք բերել և տեղեկություններ էի հավաքում։ Մենք երկար զրուցում էինք մի ծեր ճաղատ հրեշտակի հետ, որի անունն էր Սենդի֊Մակ֊Ուիլյամս։ Նա Նյու֊Ջերսիի ինչ֊որ տեղից էր։ Բավական երկար խոսեցինք մենք նրա հետ։ Սովորաբար մենք նրա հետ պառկում էինք տաք կեսօրներին ժայռի շվաքում՝ մարգագետնի վրա, որ բավական բարձր էր ընկած և հեռու էր նրա լոռամրգու ագարակի ճահճային ցեխից։ Այնտեղ մենք զրուցում էինք ամեն տեսակի բաների մասին՝ մեր չիբուխները քաշելով։
Մի անգամ ես հարցրի նրան․
― Քանի՞ տարեկան եք մոտվորապես, Սենդի։
― Յոթանասուներկու։
― Այդպես էլ կարծում էի։ Իսկ վաղո՞ւց է, որ դուք երկնքում եք։
― Քսանյոթ տարի։
― Իսկ քանի՞ տարեկան էիք, երբ համբարձաք այստեղ։
― Դե, յոթանասուներկու, իհարկե։
― Դուք այդ չէիք ուզում ասել։
― Ինչո՞ւ ոչ ոչ այդ։
― Որովհետև եթե դուք յոթանասուներկու տարեկան էիք այն ժամանակ, ապա հիմա, բնականաբար, իննսունինն տարեկան եք։
― Չէ, իննսունինն չեմ։ Ես մնում եմ այնպես, ինչպես եկել եմ։
― Լավ, ― ասացի ես։ ― Ես հենց ուզում էի, այդ մասին հարցնել։ Այնտեղ ներքևում ես միշտ մտածում էի, որ երկնքում մենք՝ բոլորս երիտասարդ, փայլուն և սրամիտ կլինենք։
― Դե, դուք կարող եք երիտասարդ դառնալ, եթե ուզում եք։ Պետք է միայն ցանկանալ։
― Իսկ ինչո՞ւ դուք չցանկացաք։
― Ես ցանկացա։ Բոլորն են այդպես անում։ Դուք էլ որևէ կերպ կփորձեք, երևի։ Բայց դուք շատ շուտ կձանձրանաք այդ փոփոխությունից։
― Ինչո՞ւ։
― Ես ձեզ կասեմ։ Գիտեմ, դուք միշտ ծովագնաց եք եղել։ Իսկ չե՞ք փորձել դուք մի ուրիշ գործով զբաղվել։
― Այո, ես փորձեցի մեկ անգամ հանքերի նպարեղենի խանութում աշխատանքի նստել։ Բայց չդիմացա։ Ձանձրալի է՝ ոչ շարժում կա, ոչ փոթորիկ, ոչ կյանք կա շրջապատում։ Ոչ մեռած ես, ոչ կենդանի։ Ճիշտն ասած՝ երկուսը մեկտեղ։ Իսկ ես ուզում էի կամ մեկը, կամ մյուսը։ Շատ շուտով ես փակեցի խանութը և ուղևորվեցի դեպի ծով։
― Ճիշտ է, խանութպանին դա սազում է, իսկ ձեզ՝ ոչ։ Գիտե՞ք ինչ, դուք սովոր չեք դրան։ Ես թողել եմ երիտասարդ լինելու սովորությունը և երիտասարդացման մեջ ոչ մի հետաքրքրություն չգտա։ Ես դարձա ուժեղ ու գեղեցիկ, և գանգուր մազեր բուսեցին, և թևեր նույնպես, աշխույժ թևեր, թիթեռնիկի թևերի պես։ Ես թրև էի գալիս երեկույթներին, զբոսնում էի ջահել տղերքի հետ, աշխատում էի զվարճանալ և զանազան անմտություններ դուրս տալ աղջիկիների հետ, բայց բան դուրս չեկավ։ Չկարողացա հարմարվել և սաստիկ ձանձրացա։ Ես ուզում էի մի քիչ շուտ պառկել և շուտ վեր կենալ, ուզում էի որևէ բան անել։ Իսկ աշխատանքից հետո ուզում էի հանգիստ նստել, ծխել և մտածել, այս ու այն կողմ չվազվզել թեթևսոլիկ այծիկների հետ։ Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչե՜ր կրեցի ես երիտասարդ եղածս ժամանակ։
― Իսկ երկա՞ր մնացիք երիտասարդ։
― Միայն երկու շաբաթ։ Միանգամայն հերիք էր ինձ համար։ Ա՜խ, ինչպես մենակ էի։ Հասկանո՞ւմ եք, ես լի էի յոթանասուներկու տարեկանի գիտությամբ և փորձառությամբ, և ջահել֊ջուհուլի ամենախոր հուզմունքներն ինձ համար հասարակ այբուբեն էին։ Իսկ լսել նրանց վիճաբանությունները՝ անտանելի է։ Եվ ես այնպիսի մի ցանկություն զգացի՝ վերադառնալ իմ առաջվա սովորություններին և լուրջ խոսակցություններին, որ փորձում էի քսվել ծերունիներին, բայց դրանից էլ բան դուրս չեկավ։ Նրանք ինձ ընդունեցին իբրև մի ինքնապաստան պռտկերեսի և դեպի ինձ սառը վերաբերմունք էին ցույց տալիս։ Ինձ համար երկու շաբաթը բավական էր։ Ես ուրախ էի վերադարձնելու իմ ճաղատ գլուխը և իմ նախկին քնկոտ մտածմունքները ժայռի կամ ծառի ստվերում։
― Այդպես ուրեմն, ― հարցրի ես, ― դուք երևի ուզում եք ասել, որ ուզում եք մնալ ձեր յոթանասուներկու տարեկան հասակում։
― Չգիտեմ, և ես առանձնապես չեմ պնդում այդ։ Բայց ես միտք չունեմ այլևս վերադառնալու իմ քսանհինգ տարեկան հասակին։ Արդեն իմացա, հերիք է, լավ իմացա։ Իմ հայացքները լայնացել են այս վերջին քսանյոթ տարվա ընթացքում, ես հաճույքով սովորում եմ, միշտ սովորում եմ, բայց ես չեմ մեծանում։ Այսինքն մարմնապես, իսկ իմ բնավորությունը մեծանում է, ուժեղանում է, հասունանում և քանի գնում՝ բավարարված է զգոմ իրեն։
― Իսկ եթե մարդը գալիս է այստեղ իննսուն տարեկան հասակում, մի՞թե նա չի ուզում երիտասարդանալ։
― Իհարկե ուզում է։ Նա իրեն դարձնոմ է տասնչորս տարեկան, փորձում է մի քանի ժամ և զգում է, որ ինքը հիմար է։ Բարձրացնում է տարիքը մինչև քսանը։ Բայց դրանից էլ բան դուրս չի գալիս։ Փորձում է երեսունը, հիսունը, ութսունը և վերջապես՝ իննսունը, և այդտեղ է, որ իրեն ավելի լավ է զգում, այն նույն դրության մեջ, որը բոլորից ավելի սովորական է նրա համար։ Կամ, եթե նրա խելքն սկսել է պակասել երկրի վրա ութսուն տարեկան հասակից, ապա նա ընտրում է այդ տարիքը։ Նա կանգ է առնում այն դրության վրա, որտեղ նրա բանականությունը գտնվում էր իր ամենաբարձր կետի վրա, որովհետև այդտեղ նրա հաճույքն էլ ամենից շատ էր և նրա սովորություններն ամենից ավելի կայուն էին ու կարգավորված։
― Իսկ քսանհինգ տարեկան տղան հենց այդ տարիքում ել մնո՞ւմ է։
― Եթե նա հիմար է՝ այո։ Բայց եթե նա ճարպիկ է, փառասեր և ժրաջան, ապա գիտությունն ու փորձառությունը փոխում են նրա սովորությունները, փոխում են մտքերը և հակումները, և նա գտնում է ամենամեծ բավականությունն իրենից մեծ մարդկանց շրջանում։ Եվ նա ավելացնում է իր մարմնի վրա այնքան տարի, որքան պետք է, որպեսզի իրեն հարմար զգա ու չընկճվի ընտիր հասարակության մեջ։ Նրա մարմինն ընդունում է, նրա ցանկության համաձայն, այն տարիքի տեսքը, որը համապատասխանում է նրա զարգացողության, և կամաց֊կամաց մարդն արտաքուստ ճաղատ ու կնճռոտ է դառնում, իսկ ներքուստ՝ իմաստուն ու խորունկ։
― Մանուկնե՞րն էլ այդպես։
― Մանուկներն էլ։ Ա՛խ, ինչ էշեր էինք մենք երկրի վրա այդ տեսակետից։ Մենք կարծում էինք, որ երկնքում հավիտյան երիտասարդ կմնանք։ Իսկ թե ի՛նչ ձևի երիտասարդ, այդ մասին չէինք մտածում, կամ ասենք, բոլորս էլ միատեսակ էինք մտածում։ Երբ ես յոթ տարեկան տղա էի, երևի մտածում էի, որ երկնքում կդառնամ տասներկու տարեկան։ Տասներկու տարեկան եղածս ժամանակ երազում էի, որ երկնքում տասնութ կամ քսան տարեկան լինեմ։ Քառասուն տարեկան ժամանակս ես արդեն սկսեցի նահանջել։ Հիշում եմ, ես հույս ունեի, որ մենք բոլորս երկնքում երեսուն տարեկան կլինենք։ Ոչ չափահաս և ոչ էլ երեխա եղած ժամանակ մարդս երբեք չի գիտակցում, որ իր ունեցած տարիքը հենց ամենալավն է։ Չէ, նա կարծում է ավելի լավ կլինի, եթե մի քանի տարով մեծ կամ փոքր լինի։ Հետո նա ենթադրում է, որ այդ տարիքը երանելի կլինի անխտիր բոլորի համար՝ երկնքում։ Եվ նա պատրաստվում է տեսնել բոլորին այդ՝ ընդմիշտ նույն տարիքում, և կարծում է, որ բոլորը հաճույքով են ընդունում այդ դրությունը։ Երևակայեցեք՝ ի՞նչ պատկեր։ Երկինքն ամբողջովին լիքն է յոթ տարեկան պստիկ֊ճստիկ երեխաներով, որոնք օղակապեր են գլորում, ավազի մեջ խաղում են։ Կամ ամենուրեք ման են գալիս անշնորհք, կասկածամիտ, քաղցրավուն տասնինն տարեկան պատանիներ, կամ քաջառողջ երեսնամյա տղերք, ողջամիտ, լի փառասիրությամբ, բայց ձեռքն ու ոտքը շխթայած միայն այդ տարիքին իր շրջանակներով, ինչպես ստրուկները տաժանքի նավակի վրա։ Պատկերացրեք ձեզ տաղկտկալի միապաղաղությունն այդ հասարակության, որը բաղկացած է նույն տարիքի մարդկանցից, միևնույն հայացքները, սովորությունները, ճաշակները և զգացմունքներն ունեցող մարդկանցից։ Երևակայեք, որքա՜ն լավ է այդ տեսակետից երկիրն իր բնավորությունների, դեմքերի և տարիքների բազմազանությամբ, իր անթիվ֊անհամար շահերի աշխույժ բախումներով, իր բազմազան հասարակության ամենահաճելի խառնաշփոթությամբ։
― Կացե՛ք, ― բացականչեցի ես։ ― Գիտե՞ք՝ ինչ է դուրս գալիս ձեր ասածից։
― Հը, ի՞նչ է դուրս գալիս։
― Ձեր ասածից դուրս է գալիս, որ երկինքը հարմար է մի տեսակետից, բայց և անպետք ու չար՝ մի ուրիշ բանի տեսակետից։
― Ի՞նչ եք ուզում ասել դուք։
― Դե, ― ասացի ես, ― վերցրեք օրինակի համար մի մայր, որը կորցրել է երկրի վրա իր երեխային և․․․
― Սը՛սս․․․ ― ընդհատեց նա։ ― Նայեցեք։
Մի կին էր այդ։ Միջակ տարիքի, բայց ճերմակած մազերով։ Նա գնում էր դանդաղ, գլուխը կախ գցած, և նրա թևերը կախ էին ընկել թարշամած ու խոնարհված։ Նա ծայր աստիճանի հոգնած տեսք ուներ, և նա լաց էր լինում, խեղճը։ Նա անցավ մեր մոտով՝ առանց գլուխը բարձրացնելու․ արցունքները գլորվում էին նրա երեսով, և նա չէր տեսնում մեզ։ Սենդին ասաց կամաց ու քնքշորեն՝ խղճահարությամբ լցված․
― Նա փնտրում է իր երեխային։ Չէ, ասենք գտավ նրան։ Օ՜, ինչպես է փոխվել նա։ Ասենք՝ ես անմիջապես ճանաչեցի նրան, չնայած քսանյոթ տարի չէի տեսել նրան։ Երկրի վրա նա մի ջահել մայր էր, մոտ քսաներկու֊քսանչորս տարեկան՝ ծաղկյալ, համակրելի ու գրավիչ։ Իսկական ծաղիկ։ Եվ ամբողջ սրտով, ամբողջ հոգով նա խորասուզված էր իր երեխայի մեջ, իր փոքրիկ երկամյա աղջկա մեջ։ Եվ երեխան մեռավ, իսկ նա ցնորվեց վշտից, միանգամայն ցնորվեց։ Եվ միայն մի մխիթարություն մնաց նրան, որ նորից կտեսնի իր աղջկան երկնքում։ «Եվ երբեք չենք բաժանվի իրարից», ― ասում էր նա, նորից կրկնելով․ «Երբեք չենք բաժանվի»։ Եվ այդ խոսքերը նրան բախտավոր էին դարձնում։ Այդ րոպեներին նա ուրախանում էր։ Եվ երբ ես մեռնում էի, քսանյոթ տարի առաջ, նա ինձ խնդրում էր՝ ամենից առաջ տեսնել իր աղջկան և ասել նրան, որ մայրը շտապում է գալ նրա մոտ ― «շուտո՜վ, շուտո՜վ, շատ շուտով, նա հույս ունի և հավատում է»։
― Ա՛խ, ի՜նչ խղճալի բան է, Սենդի։
Նա լռեց՝ նայելով ներքև և միտք անելով։ Հետո տխուր կերպով ասաց․
― Եվ ահա նա եկավ։
― Հետո՞, շարունակեցեք։
― Ստորմֆիլդ, գուցե նա չի գտել իր երեխային՝ բայց, կարծում եմ, որ գտած կլինի։ Ինձ այսպես է թվում։ Ես այդպիսի դեպքեր առաջ էլ գիտեի։ Նա, հասկանո՞ւմ եք, իր երեխային պահպանել է հիշողության մեջ այնպես, ինչպես եղել է այն ժամանակ, երբ նրան թռցնում էր իր ձեռքերի վրա ― այդ կլորիկ երեսով արարածին։ Բայց այստեղ աղջիկը չուզեց մնալ իր մանուկ հասակում։ Չէ, նա ցանկացավ մեծանալ և կատարեց այդ։ Եվ այս ամբողջ քսանյոթ տարվա ընթացքում աղջիկն ուսումնասիրում էր այն գիտությունները, որոնք տրված են այստեղ յուրացնելու համար։ Նա սովորում է և սովորում, ավելի ու ավելի շատ է յուրացնում, և ոչինչ չի ուզում իմանալ, բացի ուսումնասիրությունը և խորիմաստ հարցերի քննարկումն իրեն մարդկանց հետ։
― Հետո՞։
― Ստորմֆիլդ, դուք չե՞ք հասկանում։ Նրա մայրը լավ ծանոթ է լոռամրգուն, գիտե, թե ինչպես պետք է հավաքել այն, ինչպես պահել և ինչպես ծախել։ Ուրիշ ոչինչ։ Նա և իր աղջիկն այժմ այնպես կարող են ապրել իրար հետ, ինչպես ճահճային կրիան դրախտահավի հետ։ Խե՜ղճ կին, նա սպասում էր իր երեխային, որպեսզի ձեռքերի վրա խաղացնի։ Կարծում եմ՝ հիասթափությունն ուղղակի սպանել է նրան։
― Սենդի, ի՞նչ պիտի անեն նրանք։ Ընդմիշտ դժբա՞խտ պիտի մնան երկնքում։
― Չէ, նրանք կհանդիպեն իրար ու կամաց֊կամաց կմոտիկանան։ Ոչ այս տարի, ոչ էլ մյուս տարի։ Կամաց֊կամաց։