Changes
Հակիրճ պատասխանն այն է, որ 1990֊ի և 1997֊ի միջև ՀՀՇ֊ի ղեկավարության ներքո Հայաստանն ընթացել է անկախության ու նորմալության ուղղությամբ, սակայն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բացակայության պայմաններում, դեռևս մյուս ափին չի հասել։ Լևոն Տեր֊Պետրոսյանի հրաժարականն ընդհատեց այդ ուղղությամբ երթը։ Այդ ուղղությունն առայժմ չի մերժվել։ Նոր Նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարողները, ինչպես նաև նրա հանդեպ ոչ այնքան բարյացակամ տրամադրված այլ ուժեր, թերևս կցանկանային այն ամբողջապես շրջել և ընթանալ հակառակ ուղղությամբ։
Այլ խոսքով ասած, այս գիրքը մի փորձ է բացատրելու, թե անցած տասնամյակի իրադարձությունները ի՞նչ ձևով փոխեցին հարցերն ու պատասխանները, և փոխեցի՞ն արդյոք, և թե՛ անկախությունից ու պատերազմից հետո, անցած տասը տարվա հաջողություններից ու անհաջողություններից հետո հայ ժողովուրդն ու Հայաստանը որտե՞ղ են գտնվում։ 1990֊ի գաղափարներն ու իդեալնե՞րն են արդյոք ծնել հետագա իրադարձությունները։ Իրադարձություննե՞րն ստիպեցին հայ ժողովրդին տարբեր ձևով մտածել։ Ինչպե՞ս ընդունվեց անկախությունը, երբ ոմանք կասկածի էին ենթարկում այդ քայլի խոհեմությունը։ Ինչպե՞ս են հայերը վարվում հաղթանակի հետ, երբ այն բախվում է զոհի հոգեբանությանը։ ԻՆչպե՞ս Ինչպե՞ս են քաղաքական ավանդույթները գործում։ Ինչպե՞ս են ավանդական կառույցները վարվում պետականության մարտահրավերի հետ, երբ այնքան շատ բան հաստատված էր նրա բացակայության վրա։ Ինչպե՞ս է պատմության ավանդական ըմբռնումն այսօր ազդում պետականության մասին հայկական տեսակետի վրա, և հակառակը, ինչպե՞ս է պետականությունը դիմակայում պատմության ավանդական տեսակետին։ Ինչպե՞ս են ինքնության, միասնականության պահպանման և Ցեղասպանության ճանաչման գերիշխող թեմաները գործում մի աշխարհում, որտեղ անկախ Հայաստանի դրոշը ծածանվում է այլ երկրների դրոշների շարքում։
Գլուխ 1֊ը ներկայացնում է Շարժումից ի վեր հայ քաղաքական դաշտի ուրվագիծը և վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի առջև ծառացած հիմնական հարցերի վերաբերյալ քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Գլուխ 2֊ը քննարկում է Նախագահ Լ․ Տեր֊Պետրոսյանի հրաժարականը իբրև կարևոր իրադարձություն՝ հասկանալու համար այն առնչությունը, որ գոյություն ունի ԼՂ հիմնախնդրի և պրագմատիզմի ու ազգային գաղափարախոսությունների երկու տարբեր պատասխանների միջև։ Գլուխ 3֊ը մանրամասնում է հակամարտության լուծման նկատմամբ քաղաքական կուսակցությունների ու ղեկավարների դիրքորոշումները և այն դերը, որ նրանց քաղաքական ծրագրերում և աշխարհայացքում հատկացված է հակամարտությանը։ Գլուխ 4֊ը վերաբերում է Ցեղասպանության ճանաչման, միասնականության ու քաղաքական լեգիտիմության կարևոր թեմաներին և «բարձրագույն» առաքելության կամ առավելապաշտական ծրագրերի հասնելու ռազմավարության մեջ դրանց կարևորությանը։ Գլուխ 5֊ը վերլուծում է սփյուռքյան իրականությունը և առավելապաշտների կողմից իրեն հատկացված դերի կատարման հարցում Սփյուռքի կարողությունը։ Վերջին գլուխը ներկայացնում է փաստարկներ առավելապաշտության (մաքսիմալիզմի) դեմ՝ հօգուտ բնականոնության (նորմալության)։