[[Կատեգորիա:Արձակ]]
Կիրկի Կիրակի երեկոյան ժամը յոթին Մերի Քոքընը դուրս եկավ այն տնից, որտեղ ապրում էր հոր՝ բժիշկ Լեսթըր Քոքընի հետ։ Հազար ինը հարյուր ութ թվականի հունիս ամիսն էր, իսկ Մերին տասնութ տարեկան էր։ Նա Թրիմընթից քայլեց մինչև Գլխավոր փողոցը և երկաթգծերը անցնելով հասավ այդ փողոցի հյուսիսային մասը, որն իր ցաքուցրիվ տներով ու փոքրիկ խանութներով ավելի մռայլ տեսք էր ստանում մանավանդ կիրակի օրերին, երբ շրջակայքում քիչ մարդ էր լինում։ Մերին հորն ասել էր, որ եկեղեցի է գնում, բայց նման մտադրություն չուներ։ Աղջիկն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում անել։ «Կհեռանամ տանից ու մի քիչ կմտածեմ», ― մտքում ասաց նա՝ դանդաղ քայլելով։ Երեկոյան հրաշալի եղանակ էր սպասվում, և նա գերադասում էր զբոսնել, քան մռայլ ու տամուկ եկեղեցում լսել քահանայի քարոզները, որոնք ոչնչով չէին օգնելու նրա ծրագրերի իրագործմանը։ Աղջկա գործերը լավ չէին, ժամանակն էր լրջորեն մտահոգվել ապագայի մասին։
Մերին այդ մտահոգ վիճակի մեջ ընկել էր երեկ երեկոյան, հոր հետ ունեցած զրույցից հետո։ Հայրը անսպասելիորեն հայտնել էր, որ սրտի արատ ունի, և մահը ամեն վայրկյան կարող է անխուսափելի լինել։ Բժիշկ Քոքընը այդ լուրը հայտնեց, երբ աղջկա հետ իր բուժարանում էին՝ այն սենյակների ետևում, որտեղ հայր ու աղջիկ էին ապրում։