Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 8775 բայտ, 09:27, 3 Մարտի 2017
/* Բանյան եղջերուն */
== Բանյան եղջերուն ==
 
 
Ժամանակով Բենարես քաղաքի մերձակա անտառում ապրում էր Բանյան եղջերու-արքան։ Նրա հոտի մեջ եղնիկների թիվը հասնում էր հինգ հարյուրի։ Եղջերու-արքայի մորթը ոսկեգույն էր, աչքերը կարծես ադամանդներ լինեին, իսկ եղջյուրները արծաթի փայլ ունեին։ Նույն անտառում, շատ մոտիկ, մեկ ուրիշ եղջերու էր ապրում՝ նույնպես ոսկեգույն մորթով և նույնպես հինգ հարյուր եղնիկ ուներ իր հոտում։ Նրա անունը Բրանչ եղջերու-արքա էր։
 
Այդ ժամանակ Բենարեսի Բրահմադաթա թագավորը խենթի պես հրապուրված էր որսորդությամբ և ամեն օր ճաշին պարտադիր միս էր ուտում։ Ամեն առավոտ սա կանչում էր իր հպատակներին ու ստիպում իր հետ որսի գնալ։ Բայց շուտով նրանք վրդովվեցին և սկսեցին տրտնջալ. «Թագավորը ստիպում է մեզ բան ու գործ թողած իր հետ որսի գնալ»։
 
Եվ մի օր էլ նրանք հավաքվեցին ու որոշեցին մի հնար գտնել։
 
— Եկեք խոտ ցանենք թագավորական այգում ու ջրենք։ Հետո եղնիկներին կքշենք այնտեղ, մեր թագավորը, ինչքան սիրտն ուզում է, թող որս անի։
 
Խոտ ու հացահատիկ ցանեցին ու ջրափոսեր փորեցին այգում։ Հետո զենք ու փայտ առած գնացին անտառ և շրջապատեցին այն տեղը, ուր Բանյան ու Բրանչ եղջերուների հոտերն էին ապրում։ Եղնիկները խուճապահար այս ու այն կողմ փախան, մարդիկ աղմուկ-աղաղակով դուրս քշեցին նրանց անտառից ու հետապնդելով բերեցին այգի։ Հետո ամուր փակեցին այգու դարպասներն ու հաղթանակած գնացին թագավորի մոտ։
 
— Տեր արքա, դու մեզ գործից կտրում ու որսի էիր տանում,— ասացին նրանք։— Մենք էլ անտառից եղնիկներին հալածեցինք ու քշեցինք քո այգին։ Հիմա կարող ես սպանել և ուտել, ինչքան ուզում ես։
 
Թագավորը գնաց այգի, տեսավ արածող հարյուրավոր եղնիկներին ու շատ ուրախացավ։ Նա որոշեց խնայել միայն երկու ոսկեգույն չքնաղ եղջերուներին։ Եվ այդպես, ամեն օր կամ ինքը թագավորն էր մի եղնիկ սպանում, կամ էլ իր որսորդին էր հրամայում սպանել։ Երբ եղնիկները տեսնում էին իրենց վրա ուղղված նետուաղեղը, իրար հրմշտելով այս ու այն կողմ էին փախչում, իսկ մի քանի անգամ նետահարվածներն ընկնում էին ուժասպառ։
 
Բանյան եղջերու-արքան գնաց խորհրդակցելու Բրանչ եղջերու-արքայի իետ։
 
— Բարեկամս,— ասաց նա,— մեր հոտերը ոչնչանում են։ Իհարկե, մահից խուսափել անհնար է, բայց գոնե զուր տեղը չեն վիրավորվի ու տանջվի։ Ավելի լավ չէ՞ մեր եղնիկները կամավոր գնան գլխատման, մի օր իմ հոտից, հաջորդ օրը՝ քո հոտից։ Մյուս եղնիկները կազատվեն անտեղի վիրավորվելուց։
 
Բրանչ եղջերու-արքան ընդունեց Բանյան եղջերու-արքայի առաջարկությունը։ Օրական մի եղնիկ ինքնակամ գնում էր պալատ ու գլուխը դնում զոհասեղանին։ Իսկ թագավորի խոհարարին մնում էր միայն մորթել իրեն սպասող զոհին։
 
Մի օր էլ հերթը հասավ փոքրիկ ձագուկ ունեցող մայր եղնիկին։ Նա Բրանչ եղջերու-արքայի հոտից էր։ Վախից դողդողալով նա մոտեցավ իր արքային ու ասաց.
 
— Տեր արքա, այսօր իմ հերթն է պալատ գնալու։ Բայց իմ ձագուկը դեռ շատ փոքր է ու չի կարող մենակ ապրել։ Եթե ես մեռնեմ, նրան ո՞վ տիրություն կանի։ Աղաչում եմ, թող ձագուկիս մեծացնեմ մի քիչ, հետո ինքս կամովին կգնամ գլխատվելու։
 
Բրանչ եղջերու-արքան անհաղորդ մնաց երիտասարդ մոր աղաչանքին ու կտրուկ ասաց.
 
— Ես չեմ կարող ուրիշին ուղարկել քո փոխարեն։ Այսօր քեզ է վիճակվել մեռնել, ուրեմն քո ճակատագիրն է։ Էլ մի՛ ուշանա, գնա։
 
Մայր եղնիկը արցունքն աչքերին շրջվեց ու նայեց իրեն հոտոտող ձագուկին։ Նա որոշեց գնալ Բանյան եղջերու-արքայի մոտ ու նրանից գթություն աղերսել։ Եվ չսխալվեց։ Բանյան եղջերու-արքայի սիրտը շարժվեց հուսահատ ու վշտաբեկ մոր տեսքից։
 
— Վերադարձիր քո հոտը և խնամիր փոքրիկիդ,— ասաց նա։— Ես ուրիշին կուղարկեմ քո փոխարեն։
 
Եվ Բանյան եղջերու-արքան ինքը գնաց պալատ ու գլուխը դրեց զոհասեղանին։ Խոհարարը, տեսնելով նրան, բացականչեց.
 
— Վահ, ախր սա եղնիկների արքան է, չէ՞ որ թագավորը հրամայել է նրան չսպանել։ Սա ի՞նչ է նշանակում։
 
Գլխակորույս նա վազեց թագավորի մոտ ու հայտնեց եղելությունը։ Թագավորն ու բոլոր պալատականները դուրս վազեցին ու ինչ տեսնեն՝ գեղեցիկ, ոսկեգույն եղջերուն հնազանդ գլուխը դրել էր զոհասեղանին։
 
— Բարեկամս,— ասաց թագավորը,— եղնիկների արքա, մի՞թե ես քեզ կյանք չխոստացա։ Ինչո՞ւ ես եկել։
 
— Ո՛վ արքա, մայր եղնիկն իր ձագուկի հետ եկավ ու խնդրեց այս անգամ խնայել իրեն։ Եթե նա մեռնի, ձագուկին խնամող չի լինի, նա էլ կմեռնի։ Ես չէի կարող ուրիշին ուղարկել, այդ պատճառով էլ ինքս եկա նրա փոխարեն։
 
Թագավորը զարմացած նայեց Բանյան եղջերու-արքային։
 
— Ո՛վ դու եղջերուների ոսկե թագավոր, ես նույնիսկ մարդկանց մեջ նման անձնազոհություն չեմ տեսել։ Ոչ ոք չի կարող հավասարվել քեզ սիրո, ողորմածության ու կարեկցանքի մեջ։ Վեր կաց, ես խնայում եմ և՛ քո, և՛ մայր եղնիկի կյանքը։
 
— Դու մեզ խնայում ես, ով վեհագույն, իսկ մյուսնե՞րը։
 
— Մեծ եղջերու, ես նրանց կյանքն էլ եմ խնայում։
 
— Արքա, դու խնայում ես եղնիկներին, բայց մյուս կենդանինե՞րը։
 
— Ես նրանց էլ եմ խնայում։
 
— Արքա, բոլոր կենդանիները կփրկվեն, իսկ քո թագավորությունում ապրող թռչուննե՞րը։
 
— Նրանք նույնպես ազատ կլինեն։
 
— Արքա, թռչունները ազատ կլինեն, իսկ գետերի ու լճերի ձկնե՞րը։
 
— Ձկներն էլ ազատ կլինեն։
 
Ոտքի կանգնելով՝ Բանյան եղջերու-արքան շնորհակալություն հայտնեց թագավորին գթասրտության համար ու վերադարձավ այգի։
 
Թագավորը հրամայեց բաց անել դարպասները։ Բանյան և Բրանչ եղջերու-արքաները իրենց հոտերն անտառ առաջնորդեցին, որտեղ նրանք խաղաղությամբ ապրեցին մինչև իրենց կյանքի վերջը։
== Լեռնային լճակը ==
9
edits