Changes

Հնդկական ժողովրդական հեքիաթներ

Ավելացվել է 17 365 բայտ, 16:19, 3 Մարտի 2017
/* Լեռնային լճակը */
== Լեռնային լճակը ==
 
Ոչ աստղեր կային երկնքում, ոչ լուսինն էր երևում, իսկ Սաֆիր արքայազնը, հոգնած և ուժասպառ, ոտքերը հազիվ քարշ տալով, քայլում էր դեպի բարձրաբերձ լեռները ու, թվում էր, երբեք չի հասնելու։ Այնտեղ, լեռներում էր նրա ճանապարհի վերջը, նրա երազների աշխարհը...
 
Տասներկու շաբաթ նա թափառել էր փոշոտ տափաստաններում, յոգի հագուստով ծպտված, և հիմա անցորդները հետաքրքրությամբ էին նայում նրան, որովհետև քրջոտ հագուստն ու մուրացկանի թասը ամենևին չէին սազում նրա լայն ուսերին, համարձակ հայացքին ու երկար մկանուտ սրունքներին։ Նա Դելիի թագաժառանգն էր, և նրա համար դժվար էր թաքցնել արքայական ծագումը։
 
Մի լուսնյակ գիշեր, Ջամնա գետին նայող իր մարմարապատ պատշգամբում քնած՝ նա երազում տեսել էր այդ լեռները, և այդ լեռներում գտնվող տանձաձև լճակը, և լճակի կենտրոնում երևացող կղզին, և փրփրաբաշ ալիքների վրա սահող փոքրիկ կերպարանքները։ Եվ լճափին կանգնած մի փոքրիկ աղջիկ էր տեսել, որը մտասույզ նայում էր կղզու կողմը։ Այնքան վեհություն կար նրա կեցվածքում, այնքան սքանչելի էր նրա փխրուն մարմինը, որ երբ արքայազնը արթնացավ, թվաց, թե սիրտն այնտեղ, լեռներում էր թողել։ Ամբողջ օրը անհանգիստ էր, աչքերի առջև անընդհատ լճափին կանգնած գեղեցկուհու կերպարանքն էր։
 
Նա խորհուրդ էր արել արքունական աստղագուշակի հետ, սա էլ իր հերթին խորհուրդ էր արել աստղերի հետ և արքայազնին ասել էր.
 
— Գնա դեպի հյուսիս։ Գնա մենակ, ոտքով։ Գտիր քո երազի լճակը և նրա ափին ճգնիր քսան լուսնային ամիս։ Դրանից հետո միայն դու կգտնես քո ցանկալիին...
 
Իսկ հիմա առջևում հազիվ էին նշմարվում այդ լեռները, որոնք հսկա պատնեշի նման կանգնած էին նրա ճանապարհին։
 
— Օ՜, գոնե մի աստղ ցույց տար ճանապարհը,— հառաչեց Սաֆիր արքայազնը։
 
Եվ հանկարծ մոտիկ մի աստղ փայլեց երկնքում։ Աստղը իր կարմիր, կապույտ, կանաչ ճառագայթներով նշան էր անում արքայազնին՝ առաջ, միայն առաջ։
 
Սայթաքելով, բայց ոգեշնչված, նա գնաց աստղի սառը շողերի հետևից, մինչև որ ուժասպառ վայր ընկավ ու գլորվեց մի քարանձավ։ Եվ եթե չլիներ ոչխարի մորթուց տաք թիկնոցը, որ նվեր էր ստացել ճանապարհի վերջին գյուղում, նա անպայման կսառչեր։ «Լեռնային ցուրտը կհյուծի ջահել բիզոնին անգամ»,— մորթին տալով՝ ասել էր ըմբիշը։ Եվ հիմա, երախտագիտության զգացումը սրտում, Սաֆիրը քուն մտավ հաստ թիկնոցով փաթաթված։
 
Լուսադեմին արևի շողերն ընկան արքայազնի դեմքին ու արթնացրին նրան։ Նա երկար էր քնել։ Սաֆիրը արագ դուրս վազեց քարանձավից ու ներքևում տեսավ պարզ, վճիտ լիճը։ Ջրի վրա սահում էին վեհապանծ կարապները, իսկ կենտրոնում կղզին էր՝ շրջապատված ժայռերով, որոնց լանջերին կապույտ սոճու և եղևնու անտառներ էին փռված։ Կղզում լռություն էր։
 
Մի պահ անշարժ կանգնեց Սաֆիրը, հետո ձեռքերը վեր կարկառեց ու գոչեց.
 
— Ո՜վ երկնավոր, թող փառաբանվի քո անունը։ Իմ երազը երազ չէր, իմ տեսածը իրական էր ու ճշմարիտ։ Ես կկատարեմ քո պատվիրանը և քսան լուսնային ամիս կճգնեմ լճափին։
 
Եվ քարանձավը դարձավ նրա տունը, որի մուտքից արքայազնը ամեն օր տեսնում էր արևածագը։ Նրա ականջները շուտով վարժվեցին թռչունների դայլայլին, բորենու ոռնոցին, եղնիկների բառաչին ու արջերի մռթմռթոցին, միայն մարդկային ձայնն էր, որ չէր խանգարում նրա ճգնավորությանը։
 
Ժամանակ առ ժամանակ մի տարօրինակ ոռնոց էր տարածվում հովտում և արձագանքվում լեռներում. արքայազնը հավատացած էր, որ դա իրենց ազատությունը կորցրած ոգիների ողբն է։ Ամեն անգամ, երբ լուսնի մահիկը հայտնվում էր երկնքում, Սաֆիրը նշան էր անում քարանձավի պատին։ Շուտով տասնիններորդ գծիկը դրվեց, քսաներորդից հետո ժամկետը կլրանար։ Եվ երբ կղզու ժայռե պարիսպների հետևից քսաներորդ անգամ դուրս սահեց լուսինը, Սաֆիրի տառապանքներն ավարտվեցին։ Այդ գիշեր նա չկարողացավ քնել սոճու ճյուղերից պատրաստված իր անկողնում։ Ժամանակն ասես կանգ էր առել։
 
Վերջապես լույսը բացվեց՝ իր հետ բերելով գարնանային փառահեղ մի օր։ Օդը լի էր տարօրինակ երաժշտությամբ և, քարանձավից դուրս նայելով, Սաֆիր արքայազնը տեսավ հարյուրավոր փոքրիկ կերպարանքներ, որոնք հետուառաջ էին վազվզում։
 
Արքայազնը քարանձավից դուրս եկավ այնպես զգուշորեն, կարծես եղնիկի էր դարանակալում։ Ընկնող քարի ձայնն անգամ կփախցներ մարդուկներին, իսկ նա ուզում էր լսել, թե ինչ էին խոսում նրանք։ Եվ որքան հնարավոր էր մոտ գնաց։
 
— Թագուհին արգելել է կղզու կողմը լողալ,— ասաց նրանցից մեկը։— Անցյալ գիշեր վիշապից լուր է եկել...
 
— Օ՜, չարի՛ ծնունդ... Իսկ ի՞նչ է ուզում։
 
— Ի՞նչ իմանամ, հավանաբար, որևէ վատ բան, որովհետև թագուհին աղի արցունք էր թափում ու ասում. «Իմ խեղճ ժողովուրդ, ես քեզ չեմ լքի»։
 
— Դե լավ, միևնույն է, ոչինչ անել չենք կարող։ Արի գնանք լողանալու։
 
Եվ փոքրիկ վարդագույն մարդուկները, իրար ձեռք բռնած, վազեցին լճափ։
 
Արքայազնը իմացավ, որ թագուհու անունը Գուլբադան է, իսկ թե ով էր նա կամ ինչ վիշապի մասին էր խոսքը, չհասկացավ։ Հանկարծ նա տեսավ, թե ինչպես մարդուկների ամբոխը ճեղքվեց ու ճանապարհ բացեց հեռվում երևացող պատգարակի համար։ Պատգարակը, որ զարդարված էր կարմիր ու ոսկեգույն դիպակներով և զանգակներով, բերում էին ծիրանագույն բաճկոններ ու ալ տաբատներ հագած չորս տղամարդ, որոնք մինչև ծնկները հասնող կանաչ մորուքներ ունեին։ Ճանապարհի երկու կողմերում կանգնած մարդուկները, որոնց մեջ կային նաև կանայք, հարգալից խոնարհեցին գլուխները։ Վերջապես շքախումբը կանգ առավ այն թփուտի մոտ, որի հետևում կանգնած էր արքայազնը։
 
Մի փոքրիկ ձեռք, որի չքնաղ մատները շողշողում էին թանկագին քարերով, բարձրացրեց մետաքսե վարագույրը, և Գուլբադան թագուհին դուրս եկավ պատգարակից։ Սաֆիր արքայազնի սիրտը թպրտաց։ Այդ նա էր, ում ինքը տեսել էր երազում, ջահել, ծաղկի ցողունի նման սլացիկ և նույնքան սքանչելի, որքան բոսորագույն մանրիկ վարդերը, որ ծաղկում էին իր հայրենիքում։
 
Շեփորները լռություն ազդարարեցին։ Մարդուկները անձկալից հայացքներով նայում էին իրենց թագուհուն։
 
— Իմ ժողովուրդ, ես վատ լուր ունեմ ձեզ հայտնելու,— ասաց Գուլբադանը մեղմ, երգեցիկ ձայնով։— Բելքհուշ վիշապը խնդրել է իմ ձեռքը։ Եթե մերժեմ, նա սպառնում է նվաճել մեր երկիրը։
 
Սուգ ու շիվան բարձրացավ, մարդուկները գիտեին, որ չեն դիմանա վիշապի արշավանքին, բայց իրենց սիրելի թագուհուն կորցնելը ավելի էր սարսափեցնում նրանց։
 
— Հանգստացեք,— ասաց Գուլբադանը։— Նա այստեղ է և սպասում է ինձ կղզում։
 
Եվ կարծես ի պատասխան նրա խոսքերի, կղզուց դղրդյուն ու ճայթյուն լսվեց։ Սաֆիրը հիմա նոր հասկացավ, թե ինչ ձայներ էին գալիս կղզուց ու արձագանքվում լեռներում։ Փոքրիկ արարածները վախեցած փռվեցին գետնին՝ ծածկելով դեմքերը։ Գուլբադանը հպարտ կանգնած՝ արհամարհանքով նայեց կղզու կողմը և ասաց.
 
— Եթե մինչև մայրամուտ մի ելք չգտնենք, խոստանում եմ ամուսնանալ Բելքհուշի հետ մեկ ամսվա ընթացքում։
 
Դղրդոցը մարեց, և մարդուկները ոտքի կանգնեցին։
 
— Այսօր գարնան առաջին օրն է,— ասաց թագուհին։— Հեռու վանեք ձեզանից տխուր մտքերը։ Լողացեք և ուրախացեք, միայն թե կղզուն չմոտենաք։
 
Եվ մարդուկները երգով ու ծիծաղով հանեցին հագուստներն ու վազեցին լճափ։ Թագուհին մի պահ հայացքով հետևեց նրանց, ապա խոր հառաչ արձակեց ու մտավ պատգարակը։ Քիչ անց նա դուրս եկավ կիտրոնագույն լողազգեստով։
 
— Թռցրու թագը,— ասաց ինչ-որ ձայն արքայազնին։
 
Արքայազնը նայեց շուրջը, բայց ոչ ոքի չտեսավ, բացի կանաչ մողեսից, որը պառկած էր քարին, ճիշտ իր ձեռքի մոտ, փոքրիկ բերանը բացած, և պսպղուն աչքերը հառել էր իրեն։
 
Այլևս չվարանելով՝ Սաֆիր արքայազնը դուրս թռավ իր թաքստոցից ու վազեց դեպի պատգարակը։ Նրան տեսնելուն պես թագուհու նաժիշտները փախուստի դիմեցին՝ աղաղակելով.
 
— Հսկան, հսկան։
 
Գուլբադանը դուրս եկավ ջրից և դեմ դիմաց հանդիպեց հսկային, որն ամուր բռնել էր թագը։
 
— Չքնաղ տիրուհի,— ասաց արքայազնը։— Ներիր իմ կոպտության համար, բայց ես շատ ամիսներ եմ սպասել այս պահին։
 
Եվ նա մոտեցավ թագուհուն, ձեռքից բաց չթողնելով թագը, որը հանկարծ սահեց մատներից, ընկավ ջուրն ու անմիջապես սուզվեց հատակը։
 
Ամաչելով ինքն իրենից, Սաֆիր արքայազնը շրջվեց դեպի թագուհին և, ով զարմանք... մի բարձրահասակ օրիորդ ժպտում էր իրեն։ Մի՞թե դա Գուլբադան թագուհին էր։ Այո, նույն սաթի պես սև մազերն էին, նույն մեղմ, շագանակագույն աչքերը, նույն վարդագույն այտերը։ Հենց ինքը, Գուլբադանն էր՝ կերպարանափոխված։
 
Մինչ նրանք ժպտում էին միմյանց, Բելքհուշ վիշապը դուրս նետվեց իր որջից։ Նա տեսել էր թագուհու կերպարանափոխությունը և պոչով կատաղի փոթորիկ բարձրացրեց լճում։
 
— Փախչենք, շուտ,— գոչեց Գուլբադանը։— Բելքհուշը կկործանի մեզ, եթե հապաղենք։
 
Սաֆիր արքայազնը նրան իր հուժկու թևերի մեջ առավ և տարավ քարայր-ապաստարանը։ Այնտեղից նրանք նայում էին վիշապին, որը կատաղությունից կրակ էր ժայթքում, որովհետև չէր կարող հասնել նրանց։ Այն լեռը, որտեղ ապաստան էին գտել թագուհին ու նրա հպատակները, անհասանելի էր նրան։ Քսան երկար ամիսների ընթացքում այն դարձել էր մի տեսակ սրբավայր, ճշմարտության տուն, իսկ ճշմարտությունը այնպիսի ուժ ունի, որից վախենում են չար ուժերը։
 
Արքայազնը Գուլբադանին պատմեց իր հոր մեծ թագավորության, Դելիում իր տեսած երազի, երկար թափառումների և միայնակ ճգնակեցության մասին։
 
— Դելիի իմ պալատում,— ասաց արքայազնը,— դու կլինես ամբողջ աշխարհի և բոլոր սրտերի թագուհին։ Բայց ասա, խնդրում եմ, ո՞վ էր կախարդել քեզ, և ինչպե՞ս անցավ կախարդանքը։
 
Գուլբադանը սկսեց խոսել, և արցունքի խոշոր կաթիլներ գլորվեցին նրա այտերի վրայով։
 
— Իմ հայրը այս լեռների հետևում ընկած երկրի մեծ թագավորն էր։ Իմ ծննդյան օրվա առթիվ կազմակերպած տոնախմբության ժամանակ Բելքհուշը անսպասելի ասպատակեց մեր երկիրը, և մեր բանակը չկարողացավ դիմագրավել նրան։ Հայրս պարտվեց և երկիրը վերջնական ավերումից փրկելու համար խոստացավ ինձ կնության տալ Բելքհուշ վիշապին։ Նրա քույրը ատում էր մորս և կախարդանքով նրան կանաչ մողես դարձրեց, մեզ էլ՝ գաճաճներ։
 
Հայրս մեռավ վշտից, բայց մեռնելուց առաջ ինձ ասաց, որ երբ հարավը գա հյուսիս և կորցրածը հետ բերվի, Բելքհուշի իշխանությունից ոչինչ չի մնա։
 
— Այդպես էլ եղավ,— ասաց արքայազնը։— Ես՝ հարավի արքայազնս, եկա հյուսիս, դու կորցրեցիր քո փոքրիկ թագը, բայց փոխարենը կստանաս աշխարհի թագը։
 
— Իսկ դու կօգնե՞ս իմ ժողովրդին։
 
— Անպայման։ Իսկ դու կլինե՞ս իմ հարսնացուն։
 
— Անպայման,— ասաց Գուլբադանը։
 
Արքայազնը իր գեղեցիկ հարսնացուի հետ վերադարձավ հոր թագավորությունը, որտեղ մեծ պատրաստություններով սպասում էին նրան։ Մետաքսե դրոշակները ծածանվում էին քամուց, իսկ սյուներից կախված հասմիկի ու նարգիզի ծաղկաշղթաները անուշ բուրմունք էին տարածում չորս կողմը։ Փղի վրա նստած՝ հարսանեկան զույգը անցավ քաղաքի փողոցներով, իսկ զվարթ ամբոխը ծաղիկներ էր նետում նրանց։
 
Արքայազն Սաֆիրն էր վերադարձել։
== Ոսկե նետը ==
9
edits