Changes

Մահապուրծ օրագիր

Ավելացվել է 43 955 բայտ, 20:21, 24 Մայիսի 2017
/* 1929 թվական */
Վասնզի ճիշտ նկարչի ապակիի կնմանի ատոնց գործը։ Ապակիին սև տեղանքը թուղթին վրա ճերմակ կըլլա, ճերմակը՝ սև։
 
 
==Տետրի վրա թիվ չկա, հավանաբար՝ 1930 թվական==
 
<b>Կիրակի 28.</b> ― Պատվելի Բզնունին, իբրև հավատացյալ, Չեկայեն աքսորված էր Սիբիր։ Հոն կորսնցունելով իր երկու ոտները ողջ երկարությամբ՝ կապստամբե հանկարծ ու իր մարմնի կեսը հոն թողնելով, ինքնակամ կելնե աքսորեն Երևան կվերադառնա։
 
Բայց վախը կստիպե զինքը երթալ նորեն Չեկային հանձնվել ու պարզելով իր ողբալի կացությունը՝ ներում խնդրել։
 
Ու ինքզինքը բեռնակրի մը շալակը դնելով՝ Չեկայի նախագահին կերթա։
 
Նախագահը սաստիկ կբարկանա ու կհրամայե պատժել պատվելին օրենքի ամբողջ խստությամբ։ Նախագահին բարկությունը մեծ էր մանավանդ այն պատճառով, որ պատվելին հաջողել էր իր մարմնի կեսը փախցունել Չեկայեն։
 
Խե՜ղճ Բզնունի, միամի՜տ հավատացյալ։
 
Կկարծե, թե իր կեսը կտրել տալով պիտի ազատվե։
 
Ատանկ օրենք գոյություն ունենար նե, ես կեսես ավելի կտրել կուտայի։ Ավելին՝ ես իմ ողջ մարմինս կկտրեի, միայն ազատ թողնեին լեզուս․․․
 
<b>Երկուշաբթի 29.</b> ― Պատվելի Բզնունիին պատմությունը կհիշեմ ու կշարունակեմ զարմանալ։
 
Եթե մեկը մը հավատք ունենալու համար պետք է Սիբիր աքսորել, ապա այրեցյալ ու բարեխառն գոտիները իսպառ պետք է դատարկել ու մարդկությունն ամբողջ հյուսիսային սառուցյալ գոտին բնակեցնել, վասնզի այն ո՞ր մարդն է, որ բանի մը չի հավատար։
 
❈ Հացի նորման 200 գրամեն 150֊ի իջավ օրական։ Վերջերս այնքան շուտ֊շուտ կիջնա, կարծես 400 գրամն ուշացեր է ու կշտապե 0 գրամի հասնել․․․
 
Գիտական սով, ինչպես անգամ մը գրեր եմ։
 
Այսօր առաջին անգամ մայր մը խանութեն հաց փախցուց, վասնզի երեք երեխաներ պատի տակ անոթի կնվային։ Ողջ Ռուսաստանը բաց աչքով կդիտե իրեն մոտեցող մահվան քայլերը։
 
Բայց այսպես չի կարելի, չէ՞։
 
Եթե Ստալինին ըրածը կատակ չէ և անպատճառ որոշեր է սոցիալիզմ կառուցել՝ պետք է ուրիշ ճար մտածե։ Միջոցները շատ են։ Ֆրիտյոֆ Նանսենն, օրինակ բևեռին հասնելու համար, ճամբին, երբ իր սահնակը քաշող շուներու կերը պակսեց, սկսեց մաս մը շուներ մորթել ու մյուսներուն կերակրել՝ մինչ իր ցանկալի նպատակը իրագործելը։
 
Ստալինն ալ, հետևելով Նանսենին, կրնա 150 միլիոն բնակչութենեն մաս մը մորթել, մյուս մասին կերակրել ու առաջ վազել։ Եթե այսքան միլիոնեն մեկն անգամ հասնի սոցիալիզմին, դարձյալ նպատակը արդարացուցած պիտի ըլլա միջոցը։
 
Ինչո՞ւ «մեկ երկրով» սոցիալիզմ կըլլա, մեկ մարդով չլլար․․․
 
<b>Հինգշաբթի 8.</b> ― Չեմ գիտեր՝ ինչո՞ւ այսօր կինս մտածեր էր անպատճառ դդումով դոլմա եփել։ Միսը․․․ պատահմամբ կար, իսկ բանջարեղեն ճարելու համար շուկա ելա։ Մաղադանոսին հերթը արևելքեն արևմուտքը կձգվեր, ժամ մը հոն հերթի կեցա։ Սոխին՝ արևմուտքեն արևելք կերկարեր, շուռ եկա ու ժամ մըն ալ հոն կայնեցա։ Դդումին համար ալ այլ հերթի մը կցվեցա, որն հյուսիսեն հարավ կերկարեր, իսկ բողկին համար ալ պետք եղավ հարավեն հյուսիս ձգվող երկար հերթի մը ծայրը շարվել։
 
Եթե ավելցունեմ նաև այն, որ տանը աղ, նավթ ու պատրույգ չունեինք, ամբողջ կես օր մը պտտեցա։
 
Աղեկ որ անոթի էի, չէ նե այսքան երկար առանցքիս շուրջը պտտելով՝ պիտի սիրտս խառներ, ու եղած չեղածը ետ տայի․․․
 
Սա տասը տարի է այնքան վարժված եմ հերթի, որ եթե խանութպան մը առանց հերթի ապրանք առաջարկե, պիտի հրապարակը վազեմ ու չորս մարդու ձեռքեն բռնելով խնդրեմ․
 
― Ընկերնե՛ր, կաղաչեմ, եկեք ինձի առաջեն ու ետևեն սղմեցե՛ք, քիչ մը ապրանք առնիմ։
 
<b>Ուրբաթ 9.</b> ― Ռուսաստանեն ժամանակ մը աղվոր «բրոդսկի» շաքար և ճերմակ ալյուր կուգար Հայաստան։ Հիմա սակայն, այդ ընդարձակածավալ երկիրը միայն հաշմանդամներ ու մուրացկաններ կարտահանե։
 
Այսօր պատի մը տակ նստած տեսա երեք հաշմանդամներե բաղկացած մի միացյալ մուրացկան խմբակ, որք մի մեքենայի մը մասերու նման իրար միացած կաշխատեին․ մեկը անոնցմե ձայն ուներ ու կերգեր, մյուսը ձեռք ուներ, որով ձգված դրամները կժողվեր, իսկ երրորդը իր կծկված վիճակով անցորդի գութը կշարժեր միայն։
 
❈ Հինգ֊տաս պատահական մարդիկ, մեկ մեթրանոց կարմիր դրոշակի մը առաջնորդությամբ, դագաղ մը առած, թաղելու կտանեին։ Նայողին վրա այն տպավորությունը կթողուր, որպես թե հուղարկավորները դագաղը գտեր են, տերը չեն ճանչնար և ի՞նչ ընելնին կամ որո՞ւ հանձնելնին չեն գիտեր․․․
 
Այսպես կտանեն սովորաբար շեն երկրներու մեջ բեռնակիրները ձկնով լիք արկղերը, երբ հասցեն կմոռնան։
 
Բոլոր անցորդներն անխտիր, նայելով այս տարօրինակ երթին, խնդացին․
 
Տարօրինակ երկրի մեջ կապրինք։ Երկիր մը ուր մարդիկ լալով կապրին ու խնդալով կմեռնին․․․
 
<b>Շաբաթ 10.</b> ― Երեկ ճիշտ այս ժամին մեր դիմացի դերձակը, որն ինձ չափ խելացի էր, այսօր խենթացեր է և իր առաջին այցը կուտա փողոցին։ Ինձ համար չափազանց հետաքրքիր էր տեսնել սկսնակ խենթ մը և իմանալ՝ այդ խլաձայն երգո՞վ, թե՞ դեկլամացիայով մը իր նոր գործունեության ասպարեզը իջավ։ Սիրուց խելագարվածները սովորաբար քանի մը անգամ իրար վրա կարտասանեն սիրածի անունը, կլռեն պահ մը, կարտասվեն, ապա կսկսին փոքրիկներուն ու կանանց «հուշտ» ընել և խնդալ։ Ըսեմ անմիջապես, որ վերջերս խելագարվելու գործը շատ է դժվարացեր։ Ի՞նչ խոսես, ի՞նչ շարժում գործես, ինչպե՞ս մերկանաս կամ ի՞նչ գրես, որ բոլշևիկները ըրած չըլլան։ Իսկ անոնց կատարածը պաշտոնապես խենթություն չի ճանչցվեր։ Մեկ ալ հիմա ժխտված է «խենթություն խենթության համար» լոզունգը և բոլոր խենթությունները նպատակի մը կծառայեն։
 
Կոմունիստներն, օրինակ, իրենց խենթության սոցիալիստական թեքումն են տվեր։
 
Ես եթե խենթանալու ըլլամ, վճռեր եմ ծունր դնել, երկրպագել ու խաչ հանել ամեն անգամ, երբ Լենինի արձան տեսնեմ, հասկացնելու համար կուսակցությանը, որ միայն կուռքերը իրավունք ունին այսքան հաճախակի քարե կերպարանք առնել, և միայն Աստվածն է «ամեն տեղ»։
 
Եթե չեն ուզեր կռապաշտ կոչվել, թող վերջ տան Լենինի արձան շինելուն և քիչ մըն ալ ամանեղեն շինեն ժողովրդյան գործածելու համար։
 
․․․ Մովսե՜ս, Մովսե՜ս։ Պզտիկ «ոսկե հորթի» մը համար ինչե՜ր թափեց իր հարազատ եղբորը՝ Ահարոնին գլխուն։ Ի՞նչ պիտ թափես հապա, երբ երկրորդ անգամ Սինայեն իջնելուդ, տեսնես երկրիս վրա կավ չի թողեր, որ Լենին դարձուցած չըլլա սա մեր «անաստված» կոմկուսակցությունը․․․
 
❈ Քաղաքիս օդը կանգնած է։ Շնչել չի կարելի։
 
Քաղխորհուրդին նախագահ Երզնկյանը կարգադրեր է օրվա մեջ քանի մը ժամ «կոլխոզի խանութներու» դուռը բաց ձգել՝ օդ խաղալու համար․․․
 
<b>Հինգշաբթի 11.</b> ― Մեռավ կենդանիներու բարեկամ Հովհանես Մալխասյանը։ Թաղումը տիպիկ դարձնելու համար անհրաժեշտ է կենդանիներու յուրաքանչյուր տեսակեն ներկայացուցիչներ ղրկվեն հուղարկավորությանը, վասնզի այս կորուստը գերազանցապես կենդանիներու կվերաբերե։ Հանգուցյալն իր ողջ կյանքը էշակչիներու հետ կռվելով անցուց։
 
Ավանակները կզռան ցավեն, կույր ձիերը կարտասվեն դառնադետ․․․
 
Այժմ որբ են կենդանիներն ու անտեր․․․ ինչպես մարդիկ։
 
Ես բարեկամ չեմ կենդանիներու և կատեմ զիրենք։ Կատեմ, վասնզի կնախանձեմ իրենց։
 
Անթվելի են այն առավելությունները, զոր կենդանիները կվայելեն այս երկրին մեջ։
 
Ավանակ մը, օրինակ, բնավ ամիսներով քաշ չի գար Բորսայի դռան գործ մը ճարելու համար․ անոր գործը անպակաս է։ Առանց «օրդերի» իր համետը կհագնե, ոչ մեկ հերթի չի կենար, կոշիկի պետք չունի։ Ճաշարաններու աղտեն ու ժխորեն հեռու՝ կճաշե մաքո՜ւր, հանգիստ իր ախոռին մեջ։ Քաղաքին մեջ բնական կարիք զգալուն, հուսահատ այս ու այն կողմ չի նայեր՝ պարտավոր ելք մը գտնելու, այլ առանց խտրություն դնելու տեղին մեջ, բոլոր մարդոց ներկայության, բոլշևիկյան անկեղծությամբ կկատարե անխուսափելին։ Մարդոցմե հազարավորներ ամուսնանալ կուզեն, բայց սենյակ չճարելուն պատճառով տարիներով կուլ կուտան իրենց այդ պահանջը։ Ավանակի համար ամեն տեղ ամուսնական առագաստ է։ Ավանակը ազատ է տուրքե, տուգանքե, փոխառությանց արձանագրվելե։ Չունենալով անուն, ազգանուն, հայրանուն՝ ազատ է որևէ անկետա լեցունելե ու եթե տարիներով ծախու ապրանք տանի գյուղեր, իբրև «մասնավոր առևտրական» չի հալածվեր ու միշտ «հարազատ տարր» կնկատվե բոլշևիկներուն կողմե։ Անոնց քուռակները չեն նկատվեր «սպեկուլյանտի» որդի և անմիջապես «մսուր» կընդունվեն։
 
Այն անգլիական ջորիները, որք 1920 թվին դաշնակցության թնդանոթները կքաշեին, այսօր իբրև «դաշնակների ագենտ» չեն նկատվեր ու չեն բանտարկվեր․ այսօր բոլշևիկները իրենց թնդանոթները վստահեր են այդ նույն ջորիներուն։
 
Այծերը ինչքան ալ երկար մորուք թողնեն՝ բնավ չեն մեղադրվեր կրոնական որևէ «թեքման» մեջ, իսկ մարդը՝ հապա՞ թող սիրտ ընե երկու սանթիմ մազ ունենալ կղակին․․․
 
Սիրամարգի պոչն ունեցող մարդը մը տարեկան 1000 ռուբլի «նալոգ» պիտի վճարեր, մինչդեռ այդ կենդանիք ազատ կպտտեն։
 
Մարդիկ անկարող են անգամ անծեղի պոչ ունենալու՝ առանց «կուլակ» կոչվելու։
 
Այս բոլոր տարբերությունը միայն կենդանության ատեն, իսկ մեռած ատեն տարբերությունը անհամեմատ ավելի կմեծնա։
 
Մորթված եզն մը իր գլուխին ու չորս ոտներու հետ ամենապակասը 800 ռուբլի կբռնե։ Իսկ Չեկան տասնյակներով մարդիկ կսպանե ու առանց կոպեկի մը շահի նույնությամբ կթաղե գետնին տակ․․․
 
Աչքը լո՜ւյս մեր եկեղեցիին։
 
❈ Կլսվի թե օրերս Ժողկոմխորհն օրենք մը պիտի հրատարակե, որով հոգևորականները արտոնված են եկեղեցին մեջ մորուք կրելու։
 
Ասիկա մե՜ծ զիջում է՝ եթե ճիշտ ըլլա․․․
 
<b>Ուրբաթ 12.</b> ― Ստացա այսօրվա «Խորհրդային Հայաստան» օրաթերթը։
 
Խորհրդային թերթերը, եթե ամսաթիվ դրված չըլլա, սատանան միայն կրնա ջոկել՝ երեկվա՞, թե՞ այսօրվան թերթն է ձեռքիդ։
 
Եթե օրացույց ունենայի, ոչ մեկ թերթ չէի ստանա․․․
 
<b>Շաբաթ 13.</b> ― Այսուհետ դեղորայքը, փոխանակ արտասահմանեն բերվելու, հոս՝ երկրին մեջ պիտի շինվի։ Այդ առթիվ Առժողկոմը հրահանգ մըն է տպեր հայ գյուղացիներուն, որով ցույց կտրվի վայրի դեղաբույսերը հավաքելու ու հանձնելու ձևերը։
 
Ըստ այդ հրահանգի՝ գյուղացին յուրաքանչյուր դեղաբույս առանձին պարկի մեջ պիտի լեցունե, որ հոտերը չխառնվեն իրար ու քիմիապես զուտ ըլլան։ Է՛, այսօր ո՞ր գյուղացու մազե հաստ պարկին քիչ մը ժաժիկ կամ աթարի մնացորդ չկա կպած, հավաքված դեղաբույսը որքա՞ն զորավոր ըլլա, որ այդքան վնասակար նյութերը չեզոքացնելե զատ՝ ինքն ալ գոյություն ունենա։
 
Չէ, սա հիմնական միջոց մը չէ։
 
Կառավարությունը պետք է ուղղակի դեկրետով մը հիվանդանալը իսպառ արգելե։
 
Կարճ ճամբան ձգած, ի՞նչ պետք կա այդքան հեռուներ երթալ։ Ինչո՞ւ ամեն բան վարչական եղանակով լուծվե, այս մեկը բացառություն կազմե։
 
Կամ ուրիշ բան մը։
 
Կարելի է, դեղատոմսը գրել հիվանդին տալ, որ երթա տեղվույն վրա դեղաբույսերը արածե, գա։
 
Աժան և մաքո՛ւր։
 
❈ Ըստ փոքրիկիս կարծիքի՝ ան, ով կշվացնե ու ինքնիրեն թութի ծառը կբարձրանա, մեծ է արդեն։
 
Մեծության սա չափանիշը ավելի օգտակար է իգական սեռին համար, ըստ որու 60֊ամյա պառավն անգամ կրնա ինքզինքը փոքր սեպել, վասնզի ոչ շվացնել, ոչ թութի ծառ բարձրանալ գետե․․․
 
<b>Կիրակի 15.</b>― Երկու տեսակ աշակերտություն կա։ Առաջին տեսակը դասը կսերտե իր համար, երկրորդ տեսակը՝ վարժապետին համար։
 
Նկատե՞լ եք՝ ինչպես սա վերջին տեսակի աշակերտը, երբ դասը լավ գիտե, ի՜նչ միջոցներու կդիմե վարժապետին ուշադրությունը իր վրա գրավելու, որ հանի դասը պատմելու։
 
Կհազա, տեղեն կբարձրանա ու կնստե, հայացքը վարժապետի աչքին կսևեռե աղաչական, իսկ եթե մատ բարձրացունել արգելված չէ, մատը խորհտնտեսության ծառերու նման ցից կտնկե ժամն ամբողջ։
 
Երիտասարդ գրող Ստեփան Զորյանը դաշնակցության հասցեին ուժգին հայհոյանքներ էր սերտեր ու սա տարի մըն էր առիթ կփնտրեր ըսելու։
 
Առիթը ներկայացավ։
 
Ամերիկայի դաշնակցական օրաթերթը արտատպեր է իր մեկ գրվածքը։ Ու Զորյանը ելավ, մեկ շունչով հայհոյեց, «զզվեց» ու նստավ տեղը։
 
Տեղը նստավ, բայց աչքի ճոթով մի՜շտ հետևելով, թե այդ առթիվ խորհրդային իշխանությունը ի՜նչ թվանշան կդնե իրեն․․․
 
❈ Ռուսաստանի 150 միլիոն ժողովուրդը անհասցե ծրար մըն է փոստը ձգած։ Ո՛չ ղրկողը գիտե ո՞ւր կղրկե, ոչ ծրարը գիտե, թե ո՞ւր պիտի երթա․․․
 
<b>Երկուշաբթի 16.</b> ― Ամեն անգամ, երբ կլսեմ, թե ամերիկացի սենատոր մը կամ անգլիացի լորդ մը, որ ի պատասխան իրենց տրված հարցին, դրական կարծիք է հայտներ մերոնց սոցիալիստական շինարարությանը մասին, կհիշեմ տատիս պատմությունը։
 
Ի ծնե կույր աղջիկ մը, կըսեր, մտադրվելով պսակվել, իր դրկից երիտասարդին կարծիքը կխնդրե իր գեղեցկության մասին։
 
― Օ՜, ― կպատասխանե տղան, ― եթե ինձ ի նկատի չունիս և ուրիշի մը կուզես առնել, աննման գեղեցիկ ես, գնա՛ ու ամուսնացիր։
 
Այո՛, սոցիալիզմը շատ լավ բան է․․․ իրենց երկրից դուրս միայն։
 
Եթե այս սիստեմը ամրապնդվե՝ ես ամեն օր թույն կխմեմ․․․ ուրիշի բերանով։
 
<b>17.Երեքշանթի 17.</b> ― Մեռավ այսօր իմ մտերիմներես մեկը, ու ցավը անպատմելի է․․․
 
Օ՜, Աստվա՛ծ․․․ Այդքան անգթություն ունենալեն վերջը, իզուր բոլշևիկ չես գրվեր․․․
 
❈ Այս տարի սեփականատերերը դողդողալով հարկաթերթին կսպասեն։
 
Դողդողալն այն օգուտն ունի գեթ, որ այլևս ամառանոցի կարիք չեն զգար այս ամառը․․․
 
<b>Չորեքշաբթի 18.</b> ― Կկարդամ «Փարիզի կոմունան»։
 
Ինչպես Դոն Քիշոտը նախքան իր «գործունեությունն» սկսելը ուշի ուշով ուսումնասիրեց իրմե առաջ «գործող» ասպետներուն, անանկ ալ, բանեն դուրս կուգա, որ Լենինն է ուսումնասիրեր Փարիզի կոմունան։ Ըստ Լենինի, կոմունայի պակասությունը նախ այն է եղեր, որ անմիջապես չի կոտորեր ձեռքն ինկած պատանդները, երկրորդ՝ կրոնը լավ չի հալածեր։
 
Այդ իսկ պատճառով, այս սխալը բուժելու համար, Լենինը՝ այդ արդեն արհեստավարժ հեղափոխականը, սա տասը տարի է, իր հետևորդներու հետ միասին կսպանե ու կհալածե կրոնը։
 
Ու կմտածեմ։
 
Եթե Փարիզի կոմունարները ոչ թե քիչ, այլ պետքեն ավելի կոտորեին, այժմ Լենինը պիտի փորձեր, անշուշտ, քիչ կոտորելով սոցիալիզմին հասնել, և կօգտվեինք մենք․․․
 
❈ Մովսե՛ս, ինձի նայե։ Այո՛, աչքի տեղ՝ աչք, ատամի տեղ՝ ատամ։ Իսկ եթե քո ատամը ջարդեր է 90֊ամյա ծերունի մը, որ ոչ մեկ ատամ ունի բերանը, ի՞նչ ընելու է այդ պարագային։ Սա ալ ըսե, որ օրենքդ կատարյալ ըլլա։
 
<b>Հինգշաբթի 19.</b> ― Յոթ զույգ ամուսնացած բարեկամներ ունիմ, որոցմե ինը զույգը պիտի բաժանվեն իրարմե, հենց որ սենյակ ունենան․․․
 
Ես սխալ խոսեցա, առաջ ինը պիտի ըսեի, հետո յոթը, վասնզի հանման ատեն մեծ թիվը վեր կդնեին ատեն մը, և կարծեմ այդ սիստեմը դեռ չի փոխվեր․․․
 
Երկու օր առաջ մարդ մըն ալ իր կնիկը տարավ քարահանքը և օրը ցերեկով մորթեց, եկավ։
 
․․․Բաժանման այս սիստեմը ավելի ձեռնտու է, ըսես, և հարմար ներկա տնտեսական պայմաններին։
 
Ընդամենը դանակ մը պետք է։
 
Որո՞ւ ըսես․ «ընկե՛ր, դանակդ տուր, կնոջս մորթեմ, տամ»՝ մերժե պիտի․․․
 
Հարյուր ռուբլի կուզեն գերեզման մը փորելու համար։ Մինչդեռ հին, երանելի ատենները հարյուր ռուբլով տասը մարդ կարելի էր թաղել։
 
Հե՜յ գիտի աժանություն․․․
 
Ես որ հարստանամ՝ վեց գերեզման փորել կուտամ, պատրաստ կդնեմ մեկդի։
 
Ու այն հարուստ հայրերը, որ մնայուն ժառանգություն մը թողնել կուզեն իրենց որդոց, պետք է քանի մը պատրաստի գերեզմաններ ունենան։
 
Միակ անկապտելի գանձը այս երկրի․․․
 
<b>Ուրբաթ 20.</b> ― Այնքան ընելիք չի մնացեր ինձի այս աշխարհին մեջ, որ վախվխելով փողոց կելնեմ ու ելնելուս ալ ամեն ծանոթին մտովի իրավունք կուտամ, ի տես ինձի, պոռալու զարմացած․
 
― Ա՜յ մարդ, դուն դեռ հո՞ս ես․․․
 
❈ Օ՜ֆ, սա անտեր Երևանի նոր փողոցներն ալ չբացվեցան։ Այսօր որ փողոցեն քալել ուզեցի՝ միլիցիա դեմս ելավ․․․
 
❈ Ուղիղ Ազիզբեկով հրապարակի մեջտեղ ձի մը սատկեցավ։ Այդ ձին եթե քիչ մըն ալ ինքզինքը զսպեր ու քաղաքեն դուրս մեռներ, 85 ռուբլի օգուտ կհասցներ մեր բանվորա֊գյուղացիական կառավարությանը։ Այդքան գումար պետք եղավ դիակը քաղաքեն դուրս տանելու համար։
 
<b>Շաբաթ 21.</b> ― Հայաստանի համալսարանի շինարարական ֆակուլտետի ուսանող Գարեգինը միևնույն բառերով տաս աղջիկ կսիրե։
 
Եվ մեղավոր չէ։ Հայ լեզուն իր սիրային ոճերն ստեղծելու ատեն, միշտ միակնություն է ի նկատի առեր ու «սիրել» բառին տասը հոմանիշներ չի ստեղծեր․ մինչդեռ հիմա խիստ հարկավոր է այդ։ Հիմա սիրելու «տեմպերը» սաստիկ արագացեր են։
 
Ու Գարեգինը գյուղ֊ֆակի մի հանրակացարանի մեջ ապրող 13 աղջիկներու 13 միատեսակ նամակ գրեց։
 
Բոլորին ալ «չորս տարուց ի վեր» կսիրեր, բոլորի վարսերն ալ «ոսկի» էր։ 13֊ի աչքերն ալ «գիշերի պատուհաններ» էին, որք եթե լայն բացվեին, ցերեկը «պիտի հավաքեր իր ճաճանչները ու փախչեր անմիջապես»։ Մեկ֊մեկ, յուրաքանչյուր 13֊ին ալ «առաջին անգամը» կսիրեր ու վերջին սերը պիտի ըլլար․․․ Բոլորի այտերը «վարդ« էր, թեև կրնար մեկ քանիսինն ալ «մեխակ» ըլլալ։ Կեցվածքը՝ «գլխահակ շուշան», ատամները՝ «կաթ», իսկ բիբերը՝ «սաթ»։
 
― Եվ ահա գիշեր մը, ― կպատմե հանրակացարանին պահապանը, ― հանրակացարանին աղջիկներեն մեկը, չկրնալով իր ներսը կրծող հուզմունքին դիմանալ, կամացուկ վեր կելնե կնստե անկողնին մեջ, ճրագը կվառե և բարձի տակեն հանելով Գարեգինին նամակը կհամբուրե ու կսկսե անգամ մըն ալ կարդալ։
 
Ինքնամոռացության մեջ ինկած աղջիկը, սակայն, չի զգար, որ ձայնը անզգալաբար բարձրացեր է, դարձել լսելի։
 
― Անամո՛թ, ինչո՞ւ նամակս կկարդաս, ―տեղեն վեր ցատկելով գոչեց՝ երկրորդ աղջիկը և նետվեցավ դեպի իր բարձը։ Նամակը սակայն իր տեղն էր։
 
Աչքին տեսածը ու ականջին լսածը մեկ հայտարարի բերելու համար ինքն ալ հուզված սկսեց շարունակել այն տեղեն, ուր կեցած էր առաջին աղջիկը։
 
Ասօր վրա՝
 
― Անպատկա՛ռ, ― կանչեց երրորդ աղջիկը, ― բարձիս տակ ինչո՞ւ խառներ ես, ինչո՞ւ կկարդաս քեզի չվերաբերող նամակը․․․
 
Ու ձեռքը բարձի տակ տանելով՝ տեսավ նամակն իր տեղն է։
 
Վերցուց նամակը երրորդ աղջիկն ու շարունակեց կարդալ այն տեղեն, ուր կեցեր էր երկրորդ աղջիկը։
 
― Իմ նամակը ինչո՞ւ կկարդաս, ― քունի միջեն պոռաց չորրորդ աղջիկը խայթված ու ելավ ցից նստեցավ։ Բայց նամակը տեղն էր, ու չհավատալով սկսեց շարունակել այն տեղեն ու հասավ մինչև «շուշան կեցվածքը»։
 
― Արուսյա՛կ, նամա՞կս վերցուցիր, ― աչքն կրունկի վրա բացած շուռ եկավ մեկ կողքեն հինգերորդ աղջիկը ու բարձի տակեն ճանկեց իր նամակն ու կարդաց՝ սկսելով «շուշան կեցվածքեն»։
 
Հինգերորդ աղջիկը «վարդ այտերուն» հասեր չէր հասեր, հանկարծ լսվեցավ անհնարին ճիչ մը։
 
Վեցերորդ աղջիկն էր ճչացողը՝ ի տես իր «անձնական» գաղտնիքին բացմանը։
 
Այս ձևով 13 աղջիկներեն 12֊ը ելան նստեցան մահճերուն մեջ և յուրաքանչյուրը «իր» նամակը ձեռքին սկսեցին կարդալ և համեմատել։
 
Նամակները կետերու և ստորակետներու համեմատությամբ անգամ նման էին իրարու։ 12 վարդ, 12 սաթ,12 հատ «չորս» տարի, 12 հատ «առաջին», 12՝ «վերջին» սեր։ Վերջապես միևնույն նամակը միայն տարբեր անուններու հասցեագրված։
 
Միայն 13֊րդ աղջիկը նամակ չուներ։ Աչքերը բանալով նախ մեքենայորեն ինքն ալ ձեռքը բարձի տակը սողացուց՝ կարծելով, որ բախտը բացառություն չի սիրեր, ապա չգտնելով այդպիսին, կամացուկ մը ա՜խ֊քաշեց ու սկսեց լսել, որպես ազատ ունկնդիր։
 
Վերջեն, հաստատ հավատացած, որ Գարեգինի պարզ մոռացության արդյունքն էր նամակ չունենալը, խճճված սիրահարին գործը դյուրացնելու համար, վերցուց ընկերուհիներեն մեկուն նամակը, արտագրեց իր անունով, բարձին տակ դրավ ու պառկեց։
 
Ահա ձեզի ներկա դարու «մեխանիզացիայի» և «ստանդարտիզացիայի» ենթարկված սիրո նմուշ մը․․․
 
<b>Կիրակի 22.</b> ― Պետական ռեժիմը, որևէ կերպ կազդե՞ լուսանկարչության վրա, ― հարցուցի այսօր տարեց նկարչի մը, որուն հետ հեռու ծանոթություն միայն ունիմ։
 
― Շատ մեծ, ― պատասխանեց նկարիչը։ ― Գրել դարաշրջաններու պատմությունը, առանց դիտած ըլլալու նույն շրջանի մարդոց նկարները, մեծ սխալ պիտի ըլլա։ Նկարն է միակ հարազատ թարգման մարդուն ներքին ապրումներուն։ Ես 53 տարու նկարիչ եմ։ Ապրեր եմ երեք ռեժիմ՝ ցարական, դաշնակցական և բոլշևիկյան։ Ցարական շրջանի նկարները լուրջ են, դաշնակցական շրջանին ես կնկարեի միայն հիասթափված դեմքեր։ Այո, դեմքեր անանկ մարդոց, որք ուրիշ բան կսպասեին, այլ բանի են հանդիպեր։ Իսկ բոլշևիկյան՝ ըսել է ներկա ռեժիմին, նկարվողները անանկ բարկացած ներս կմտնեն, որ կկարծեմ ինձի ծեծելու կուգան։ Ժպիտներու հնա՜ր չկա։ Առաջներ, օրինակ, հիմարություն մը կզուրցեիր, տեսար՝ հաճախորդը խնդաց․ հիմա, այս ռեժիմի բնակիչը, դժբախտաբար, ծանոթ է արդեն աշխարհի բոլոր հիմարությանց ու չի խնդար։
 
Նկարչությունը քաղաքականությանը կնայե, ինչպե՞ս չէ։ Մեռանք խոժոռված հոնքեր գծելե․․․
 
❈ Բանկոոպի ճաշարանը թեյելու մտա՝ խառնելու գդալը մեծ էր բաժակի բերնեն։
 
<b>Երկուշաբթի 23.</b> ― 24 թվին, երբ ամերիկյան հին զգեստները առատ էին մեր շուկային մեջ, դերձակները կանացի շրջազգեստները քակելով տղամարդու փանթալոն կկարեին։ Այդ փանթալոնները սակայն, ինչքան էլ վարպետորեն կարված, կարի տեղերեն, արդուկեն ու մաշվածքներեն հայտնի կներ կանացի շրջազգեստ ըլլալը, վասնզի առնվազն երկու տարի հագած պիտի ըլլար զգեստը իր նախկին տերը։
 
Հիմա, սա մեր հավատուրաց Քաջազնունին, Սիմոն Հակոբյանն ու Արշակ Ղազարյանը շատ կնմանեն «պերեդելկա» արված կանացի շրջազգեստին։
 
Դաշնակցությունը այս մարդոց 25-30 տարի հագավ․ հիմա խորհրդային իշխանությունը, քանդելով, սվոնց բոլշևիկ շինել կուզե իր համար․․․
 
Բայց օգուտ չըներ․ կարվածքեն, արդուկեն ու մաշվածքեն կերևան, որ նախկին դաշնակներ են։
 
Անոնք անանկ տձև զգեստներ են հիմա, որ ո՛չ բոլշևիկը հագնել կուզե, ո՛չ դաշնակը․․․ ամոթեն։
 
❈ Տորիչելյան դատարկությունը իր անունը Տորիչելլիեն է առեր։ Սա բանկոոպի դատարկությունը ո՞ր գիտնականին անունով կոչենք։
 
<b>Երեքշաբթի 24.</b> ― Գյուղացիեն քիլո մը պանիր առի։ Պանիրը չոր, դանակը բութ։ Մինչև տղան կկտրեր, ես բավականին խոսեցա հորը հետ։
 
― Պիծա՛, ինչպե՞ս է ձեր դրությունը այս տարի։
 
― Մի հարցուներ, անտանելի։ Մեկ կողմեն կառավարությունը կհալածե՝ որպես անհատի, մյուս կողմեն ոչխարներս զույգ֊զույգ կծնեն ու ցորենը մեկին հարյուր բերք կուտա։ Ինչ ընելս չեմ գիտեր․․․
 
― Կաղոթե՞ս իրիկուն֊առավոտ։
 
― Բա ինչպես, առանց աղոթքի կըլլա՞։
 
― Խելո՜ ք։ Մեկ կողմե աղքատանալ կուզես, մյուս կողմե աղոթքներովդ «հանապազօրյա հաց» կխնդրես։ Աստվաած ի՞նչ մեղավոր է։ Դուն կուզես՝ ան կուտա։ Եթե աղքատանալ կուզես՝ ըսե՝ «զհաց մեր հանապազօրյա մի՛ տա մեզ այսօր» և «մի թող զպարտիս մեր», քանի որ պետությունը եղած֊չեղածը պիտի հավաքե տանի։ Թող նախ Աստված իր պարտքն առնե, մնացածը նոր կուտաս պետությանը։
 
Եթե «Հայր մերը» հանձնեն ինձի վերամշակելու՝ «Եվ փրկես զմեզ ի չարե» միայն կթողում, մնացյալ բոլորը կջնջեմ երթա․․․
 
<b>Չորեքշաբթի 25.</b> ― Ողորմություն տալու ատեն, մուրացիկը ինչքան կուզե թող ոտք չունենա, ձեռքերը գոսացած ըլլան, աչքերը՝ կուրացած, գութս չի շարժեր։
 
Ողորմություն տալ կուզեմ միայն այն մուրացկանին, որ կալվածատեր է, մեծ տուներ ու այգիներ ունի։ Մեր երկրի ամենաթշվառ դասակարգը կալվածատեր է, որ իր կալվածքին վրա դնելով նաև իր ողջ աշխատանքը, աշնանը իր ողջ եկամուտը հարկային բաժին կհանձնե ու ինքը ապրելու համար այլոց գթասրտությանը կապավինե։
 
Ժամանակ մը մուրացկանները կըսեին․
 
― Ողորմացե՜ք, անտեր մայիֆ աղքատ եմ։
 
Իսկ հիմա՝
 
― Գթացե՜ք, չորս տուն ու երեք այգի ունեցող կալվածատեր եմ, ― կըսեն։
 
❈ Միևնույն սրճարանին մեջ երգող երգիչներեն մեկը ութ ռուբլի ավելի հարկ տվավ մյուսեն։ Ինչո՞ւ, վասնզի առաջինը երգելու ատեն ձայնը կկլկլացնե քիչ մը․․․
 
<b>Հինգշաբթի 26.</b> ― Մինչև 1926 թիվը պրոլետ գրականության մեջ ոչ մեկ աղջիկ չկար, ու ամենայն իրավամբ որձ գրականություն կարելի էր կոչել։
 
Հետո, սակայն, մեր գրողները հասկցան, որ ոչ միայն սոցիալիզմը, այլ նաև սոցիալիզմեն շատ ավելի համամարդկային գաղափարները առանց աղջկա երկու քայլ չեն կրնար առնել, ու իրենց դուռները լայն բացին կանանց առջև։
 
Հիմա եթե երեք հոգի հանդ կերթան՝ երկուսը Մարո է, նոր մեկը Կարո։
 
Բայց ի՞նչ օգուտ։ Աղջկա ու «սոցիալիզմի» խառնուրդը քիմիական ըլլալե ավելի ֆիզիքական է։
 
Ընթերոցողը գրքին մեջ բերված աղջիկներուն հոլանի թևերուն վրա ինչքան ըսես կհիանա, հաստ ու փափուկ ազդրերը գրկելու անհուն փափագ մը կունենա, բայց սոցիալիզմեն երեսը չի ուզեր տեսնել։
 
Ասոր վրա պրոլետ գրողները ճարահատ սկսեցին «սոցիալիզմը» ավելի ակնառու տեղ՝ իրենց հերոսուհիներու մերկ, «լիք ծիծերու» վրա դնել։ Բայց ընթերցողները «լիք ծիծերը» կհամբուրեն մտովին, իսկ «սոցիալիզմն» նորեն չէին տեսներ։ Ու սոցիալիզմն որպես պիտանի ապրանքի վրա դրված անպետք «դավեսկա» կմնա գրողներու ձեռքին մեջ հիմա, ու գրողը չի գիտեր, թե կնոջ ո՞ր մասի վրա դնե այդ ապրանքը, որ ծախվե քիչ մը․․․
 
Բայց ըստ իս, նորեն «սոցիալիզմն» բաժնելու է կնոջեն»։ Պայմանով, որ հատոր մը չոր «սոցիալիզմ» կարդացող ընթերցողը իրավունք ունենա համապատասխան քանակությամբ կին պահանջելու պրոլետ գրողեն։
 
<b>Ուրբաթ 27.</b> ― Գանձակեն մարդ է եկեր, որը կպատմե, թե կյանքը ճշմարիտ է՝ քիչ մը թանկ է այնտեղ, բայց ատոր փոխարեն մեռնիլը չափազանց աժան է։ Երեք ռուբլով գերեզմանափորերը կաղաչեն, կփորեն գերեզմանդ։ Դագաղագործները 50 ռուբլով ուզածդ դագաղը կուտան քեզի, իսկ տեղվույն բանկոոպը առանց հերթի պատանացու կուտա պետական գներով․․․
 
Երջանի՜կ քաղաք։
 
Բա մենք ի՞նչ ընենք, որ ոչ ապրիլ կրնանք, ոչ մեռնիլ, մեկը մյուսեն թանկ ըլլալուն համար։
 
❈ Երբ քաղաքիս երկրորդ դագաղագործը մեռավ՝ անոր կինը 18 պատրաստի դագաղ տուն տարավ, խանութը փակելե առաջ։
 
Քանի մը արհեստավորներ, երբ կնկանը ծախելու առաջարկ ըրին, կինը պատասխաենց․
 
― Ինչո՞ւ ծախեմ․ կպահեմ բոլ֊բոլ մեռնինք․․․
 
<b>Երեքշաբթի 31.</b> ― Կոմուննիստները այլևս սկսեցին զենքով խոսել իրարու հետ։ Խումբ մը կոմունիստներ ցանքի, առուտուրի ազատություն պահանջելով Ղարալագյազի սարերը կբարձրանան։ Իրենց օրաթերթը զայրացեր ու զարմացեր է ոչ այնքան այն բանի վրա, որ ազատություն է պահանջված, այլ այն բանի համար, որ դաշնակներու ըսածը կկրկնեն։
 
Իրենց օրվա լոզունգն է՝ ինչ կուզես պահանջե, բայց ոչ այն, ինչ դաշնակցությունը կպահանջե։
 
Եվ արդեն ի՞նչ է իրենց ողջ գործունեության առանցքը․ վրացի կոմունիստները կփնտրեն ընելու բան մը, որ իրենց մենշևիկները չեն ըրած։ Հայաստանի կոմունիստները կաշխատեն բանով մը դաշնակներեն զանազանվել։ Նույնը նաև այլ հանրապետությանց մեջ։
 
Այսքան ալ հակասությո՞ւն։
 
․․․Կհավատամ, որ բոլշևիկները եթե իմանան, թե դաշնակցականները իրենց միտքերը բերնով կհայտնեն, իրենք արտահայտության նոր ելք մը պիտի փնտրեն։
 
<b>Չորեքշաբթի 1.</b> ― Կոմունիստները, տեսնելով, որ իրենց շինած սոցիալիստական կարգերուն մեջ չեն կրնար բոլոր ժողովուրդին բավող բարիք հայթայթել, բարձրաստիճան կուսակցականները միացած իրենց համար խանութ մը բացին, ամենայն բարիքով լեցուն ու սկսեցին վայելել։
 
Եվ այս այն ժամանակ, երբ ժողովուրդին կտրվի միայն ու միայն ֆունտ մը թեփախառն զանգված՝ մականունյալնն «հաց»։
 
Տեսա՞ր մի «հավասարություն»։
 
Եթե մամուլի ազատություն գոյություն ունենար, հետևյալ հայտարարությունը տպել պիտի տայի օրաթերթին միույն մեջը․
 
«Հարյուր հազար ռուբլի մրցանակ անոր, ով ցույց կուտա տարբերություն մը նախկին ճորտատեր կալվածատիրոջ և ներկա կոմունիստին միջև, բացի անունեն․․․»
 
<b>Չորեքշաբթի 2.</b> ― Բանկոոպը «քաղաքին կաթ կուտա»։
 
Սա ճիշտ է։ Եվ ի՞նչ դժվար է քաղաքին «կաթ տալ։
 
Այն ձևով ինչ բանկոոպը կուտա՝ ես կրնամ ողջ երկրի մը կաթ տալ, կրնամ երկրագնդին կաթ տալ։
 
Խոմ հարցն այնպես չի դրված, որ պետք է կաթ տալ ինչքան պետք է, այլ այնքան՝ ինչքան ունի բանկոոպը։
 
Իսկ բանկոոպը ի՞նչ պետք ունի շատ կաթ ունենալու։ Եթե անասնապահության բոլոր օրենքներով պետք է մորթել բանկոոպի չափ կաթ տվող կովը՝ բանկոոպի՞ն ինչ, անոր ոչ միսն է գործածելի, ոչ կաշին․․․
 
❈ Ողջ ընտանիքով մեկ զույգ նոր կոշիկ ունինք․ երեխաների ոտքին մեծ է, մեր ոտքին՝ փոքր։ Այդ պատճառով դրեր ենք կեդրոնը և բոլորս ալ կհագնենք․․․ մտովին։
91
edits