Changes
/* Գլուխ հինգերորդ. Ճերմակ Ձիավորը */
— Թևավոր Սուրհանդակի՞,— ընդհատեց Լեգոլասը: — Սարն Գեբիրի սահանքների գլխին ես լորիենյան աղեղով ինչ-որ թռչող հրեշ նետահարեցի, և նա ընկավ գետից այն կողմ: Նա մեզ սարսափի մատնեց: Այդ ի՞նչ նոր ահաբեկիչ է:
— Նետերով նրան չես սպանի,— ասաց Գենդալֆը: — Դու նետահարել ես նրա թռչող ձիուն, միայն այդքանը: Լավ գործ ես արել, բայց նա արդեն նորն է հեծել: Քանզի դա Նազգուլ է եղել, Ինը Մատանեկիրներից մեկը, և այժմ նրանց ձիերը թռչում են: Շուտով դրանց չարագույժ ստվերը կկախվի մեր բարեկամների վերջին զորքերի գլխին ու կծածկի արևը... Բայց նրանց դեռ թույլատրված չէ անցնել Մեծ Գետը, և Սարումանը ոչինչ չգիտե Մատանեկիր Ուրվականների նոր կերպարանքի մասին: Նրա մտքում միայն Մատանին է. եղե՞լ է արդյոք Մատանին մարտի դաշտում, և եթե եղել է՝ ո՞վ է այն վերցրել: Ինչ կպատահի, եթե այն ընկնի Թեոդենի՝ ռոհիրիմների Ռոհիրիմների առաջնորդի ձեռքը: Իսկ եթե նա ճանաչի Մատանին ու կարողանա օգտագործե՞լ: Դա շատ վտանգավոր է, ուստի նա շտապ վերադարձել է Իզենգարդ, որ կրկնապատկի ու եռապատկի Ռոհանի դեմ հարձակման նախապատրաստվող զորքի քանակը: Բայց վտանգը թաքնված է ոչ թե այնտեղ, որտեղ ուղղված է նրա շիկացած հայացքը, այլ նրա քթի տակ: Նա մոռացել է Ծառմորուսի մասին:
— Դու նորից ինքդ քեզ հետ ես խոսում,— ժպտաց Արագորնը: — Ես չգիտեմ՝ ով է այդ Ծառմորուսը: Ճիշտ է, ես Սարումանի կրկնակի դավաճանության մի մասը կռահել էի, բայց ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ի՞նչ օգուտ կա նրանում, որ երկու հոբիթները պատահաբար հայտնվել են Ֆենգորնում, իսկ մենք անօգուտ վազել ենք նրանց հետևից և իզուր ժամանակ վատնել: