Արփիկ երեխա էր թեև, կզգար, որ քանի օրե ի վեր իրենց տան մեջ բան մը կըլլար:
Սողիկ մամը կուլար միշտ: Մարգար պապը, հորեղբայրները կբարկանային անոր։ Մեծ հորեղբորը կինը, որ իր մեծ հարսիկը կըլլար, թեև իրեն բան չէր ըսեր, կնեղանար Պեկոյին, Աղային, Աղվորին, երբ անոնք իրար կանցնեին, կխնդային, կվազեին մեկզմեկու ետևե՝ տան մեջ. «Հայտի, գացեք դուրս, մի՛ պլլվիք մարդուն ոտքերուն», կսաստեր, Պզտիկ հարսիկը, երբ Գոգորին ծիծ կուտար, ու ան, քիչ մը ծծելեն հետո՝ ծիծը բերանը կառներ ու ալ չէր քաշեր՝ «Ամա՜ն, տղա՛, պիտի ծծես նը՝ ծծե,սիրտս մի՛ հատցներ», և կամ՛ քնացնելու համար, երբ երեսծածուկով կգոցեր դեմքը ու՝ կօրեր ու կօրեր, ու երբ ան չէր քնանար, կբանար որ՝ արթուն էր, աչքերը բաց կնայեր իրեն. «Ի՞նչ կուզես ըրե, կուզես քնացիր, կուզես մի՛ քնանար, ես մինչև ետքը քեզ չիպիտի օրեմ» կգոչեր, ու օրոցքը կձգեր, կհեռանար։
Իսկ ամենեն ավելի իր մորը՝ իր հարսիկին բան մը եղած էր։ Խոտհունձի ամիս էր. գիշեր կըլլար, հորեղբայրները, մյուս հարսիկները տուն կուգային մանգաղները, փայտե մատնոցները ձեռքերնին։ Իր հարսիկը ամենեն ետքը, մինակը ներս կմտներ, քրտնած դեմքով, ձեռքերը խոտ քաղելեն բրտացած, հագուստները խոտ հոտելով, Ան մարդու հետ, չէր խոսեր, կլռեր: Ու կարծես՝ տունով քեն ըրեր էին հետը, ոչ իսկ բան մը կհարցնեին: Պատժվածի մը կեցվածքը ուներ ան իրենց մեջ: Տնեցի ալ չէին նկատեր զայն այլևս։
Բան բանեցնել չէին տար։ Սեղանը մեծ հարսիկը կդներ ու կվերցներ,