Changes
'''ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ'''
Սկսելով կենսագրությունն իմ հերոսի՝ Ալեքսեյ Ֆյոդորովիչ Կարամազովի, որոշ տարակուսանքի մեջ եմ գտնվում։ Այսինքն, թեև իմ հերոսն եմ կոչում Ալեքսեյ Ֆյոգորովիչին, բայց և այնպես ինքս գիտեմ, որ նա բնավ էլ մեծ մարդ չէ, ուստի և նախատեսում եմ այսպիսի անխուսափելի հարցե՝ հարցեր՝ ինչո՞վ է ուշագրավ ձեր Ալեքսեյ Ֆյոդորովիչը, ինչո՞ւ եք նրան ընտրել իբրև ձեր հերոսը։ Ի՞նչ մի բան է արել նա։ Ո՞ւմ և ինչո՞վ է հայտնի։ Ինչո՞ւ ես՝ ընթերցողս, պետք է ժամանակ վատնեմ նրա կյանքի փաստերն ուսումնասիրելու համար։
Վերջին հարցը ամենից ավելի բախտորոշն է, որովհետև մեկ պատասխան կարող եմ տալ դրան․ «Գուցե ինքներդ տեսնեք՝ վեպը կարդալով»։ Է՜հ, իսկ եթե վեպը կարդան ու չտեսնե՞ն, եթե համաձայն չլինե՞ն, թե ուշադրության արժանի է իմ Ալեքսեյ Ֆյոդորովիչը։ Այսպես եմ ասում, որովհետև ցավ ի սիրտ նախատեսում եմ այդ։ Ինձ համար նա ուշադրության արժանի է, բայց խիստ տարակուսում եմ՝ կկարողանա՞մ արդյոք այս բանն ապացուցել ընթերցողին։ Խնդիրն այն է, որ նա թերես գործիչ է իրոք, բայց տարտամ, պարզորոշության չհասած գործիչ։ Սակայն տարօրինակ կլիներ մարդկանցից պարզորոշություն պահանջել այնպիսի մի ժամանակաշրջանում, ինչպիսին մերն է։ Մի բան, թերևս, անտարակուսելի է բավական․ տարօրինակ մարդ է նա, նույնիսկ զարմանալի մարդ։ Բայց տարօրինակությունն ու զարմանալիությունը ավելի վնասում են, քան իրավունք տալիս ուշադրության արժանի դառնալու, մանավանդ երբ բոլորը ձգտում են ի մի բերել մասնակի բաները և գեթ մի որևէ ընդհանուր իմաստ գտնել համատարած խառնաշփոթության մեջ։ Իսկ զարմանալի մարդը առավելապես մասնակի և տարանջատ երևույթ է։ Այնպես չէ՞։