― Իսկ ի՞նչ պետք է ասեմ թագավորին։
― Ահա թե ինչ․ ասա նրան․ «Ձե՛րդ մեծություն, ձեզ խաբում են Ֆրանսիայի վիճակի, քաղաքների տրամադրության, բանակի ոգու վերաբերյալ։ Նա, ում Փարիզում դուք կորսիկացի մարդակեր եք անվանում, ում Նեվերում դեռ ուզուրպատոր անունն են տալիս, արդեն Բոնապարտ է կոչվում Լիոնում և կայսր՝ Գրենոբլում։ Դուք կարծում եք, թե նրան հետապնդում են, հալածում, թե նա փախչում է, այնինչ նա սլանում է այն արծվի նման, որին ետ է բերում մեզ համար։ Դուք կարծում եք, թե նրա զորքը սովից մեռնում է, հյուծվել է արշավանքից, պատրաստ է ցրիվ գալու, այնինչ նա մեծանում է գլորվող ձնակույտի պես։ Ձե՛րդ մեծություն, գնացեք․ Ֆրանսիան թողեք իր իսկական տիրոջը, այն մարդուն, որը նրան չի գնել, այլ նվաճել է։ Գնացեք, ոչ այն պատճառով որ ձեզ վտանգ է սպառնում, քանզի ձեր հակառակորդը բավական ուժեղ է, որպեսզի ողորմածություն ցուցաբերի․ այլ որովհետև սուրբ Լյուդովիկոսի ժառանգի համար ստորացուցիչ է իր կյանքով պարտական լինել Արքոլի, Մարենգոյի և Աուստերլիցի հաղթողին»։ Ասա այդ ամենը թագավորին, Ժերա՛ր, կամ, ավելի լավ է, ոչինչ մի՛ ասա․ թաքցրու բոլորից, որ դու եղել ես Փարիզում, մի՛ ասա, թե ինչի համար ես եկել և ինչ ես արել այստեղ։ Ձիեր վարձիր, և եթե այստեղ գալիս արշավել ես, ապա վերադառնալիս սուրա։ Մարսել մտիր գիշերով, տունդ մտիր հետևի դռնից և նստիր այնտեղ լուռ ու համեստ, ոչ մի տեղ մի երևա և, որ գլխավորն է, տեղդ հանգիստ նստիր, քանզի այս անգամ, երդվու՜մ եմ, մենք կգործենք որպես ուժեղ, իրենց թշնամիներին ճանաչող մարդիկ։Գնացեք, որդի՛ս, գնացեք և հայրական խնամքին հնազանդվելու կամ, եթե կուզեք, բարեկամի խորհուրդները հարգելու համար մենք ձեզ կթողնենք ձեր պաշտոնում։ Դա ձեզ հնարավորություն կտա,֊ ավելացրեց Նուարտիեն ժպտալով,― ինձ փրկել նաև մի ուրիշ անգամ, եթե երբևէ քաղաքական ճոճանակի վրա դուք գտնվելիս լինեք վերևում, իսկ ես՝ ներքևում։ Մնա՜ք բարով, Ժերար, մյուս անգամ գալիս իջեք իմ տանը։ Եվ Նուարտիեն դուրս եկավ այն հանգստությամբ, որը ոչ մի րոպե նրան չէր լքել այդ ծանր խոսակցության ամբողջ ընթացում։ Վիլֆորը, գունատ ու հուզված, վազելով մոտեցավ լուսամուտին և, վարագույրները ետ տանելով, տեսավ, թե ինչպես նրա հայրը անվրդով անցավ երկու֊երեք կասկածելի անձնավորությունների մոտով, որոնք, հավանաբար, փողոցում կանգնած էին սև այտամորուքներով, կապույտ սերթուկով և լայնեզր գլխարկով մարդուն բռնելու համար։ Վիլֆորը, ամբողջ մարմնով դողալով, լուսամուտից չհեռացավ, մինչև որ հայրը չանհետացավ անկյունի մյուս կողմում։ Հետո արագ֊արագ հավաքեց հոր թողած իրերը, սև փողկապն ու կապույտ սերթուկը խոթեց ճամպրուկի խորքը, գլխարկը ճխլտեց ու նետեց պահարանի ներքին դարակը, ձեռնափայտը կոտրեց ու շպրտեց բուխարիի մեջ, դրեց ճամփորդական գլխարկը, կանչեց սպասավորին, հայացքով կասեցրեց նրա բոլոր հարցումները, հաշիվը փակեց, ցատկեց իրեն սպասող կառքի մեջ, Լիոնում իմացավ, որ Բոնապարտը արդեն մտել է Գրենոբլ և, ամբողջ ճանապարհին տիրող իրարանցման մեջ հասավ Մարսել, ապրելով այն բոլոր տանջանքները, որ փառամոլության և առաջին հաջողությունների հետ միասին թափանցում են մարդու սիրտը։ === XIII. Հարյուր օր === Նուարտիեն լավ մարգարե դուրս եկավ, և ամեն ինչ կատարվեց այնպես, ինչպես նախագուշակել էր։ Բոլորին հայտնի է Նապոլեոնի դարձը Էլբա կղզուց, այդ տարօրինակ, հրաշալի, անցյալում աննախադեպ և, թերևս, ապագայում անկրկնելի դարձը։ Լյուդովիկոս XVIII-ը դաժան հարվածը կասեցնելու լոկ մի թույլ փորձ արեց․ չվստահելով մարդկանց, նա չէր վստահում և դեպքերին։ Նրա հենց նոր վերականգնված թագավորական կամ ավելի ճիշտ, միապետական իշխանությունը երերաց իր դեռևս չամրացած հիմքերի վրա, և կայսեր ձեռքի առաջին իսկ շարժումով փուլ եկավ ամբողջ շենքը, հին նախապաշարումների և նոր գաղափարների այդ աններդաշնակ խառնուրդը։ Այդ պատճառով էլ այն պարգևը, որ Վիլֆորն ստացել էր իր թագավորից, ոչ միայն անօգուտ էր, այլև վտանգավոր, և նա ոչ ոքի ցույց չէր տալիս իր Պատվո Լեգեոնի շքանշանը, թեպետև Բլակասը, ի կատարումն թագավորի կամքի, իսկապես հոգացել էր նրան ուղարկել շքանշանի հրամանագիրը։ Նապոլեոնը անպայման կպաշտոնազրկեր Վիլֆորին, եթե չլիներ հովանավորությունը Նուարտիեի, որն ի հատուցումն իր կրած չարչարանքների ու մատուցած ծառայությունների, ամենազոր մարդն էր դարձել կայսեր արքունիքում։ 1793 թվականի Ժիրոնդիստը և 1806 թվականի սենատորը իր խոսքի տերը եղավ և օգնեց նրան, ով նախօրեին իրեն օգնության ձեռք էր մեկնել։ Կայսրության վերականգնման ժամանակ, որի վերստին կործանումը, ի միջի այլոց դժվար չէր գուշակել, Վիլֆորն իր ամբողջ իշխանությունը գործադրեց կոծկելու այն գաղտնիքը, որ քիչ էր մնացել Դանտեսը հրապարակ հաներ։ Իսկ թագավորական դատախազին պաշտոնազրկեցին բոնապարտիզմին ոչ բավականաչափ հարած լինելու կասկածանքով։ Դեռ նոր էր վերականգնվել կայսերական իշխանությունը, դեռ նոր էր Նապոլեոնը բնակություն հաստատել Տյուիլրիի պալատում, որը Լյուդովիկոս XVIII֊ը հենց նոր էր լքել, երբ նա սկսեց իր բազմաթիվ ու բազմատեսակ հրամաններն առաքել նույն այն առանձնասենյակից, ուր մենք Վիլֆորի հետևից ներս տարանք մեր ընթերցողներին և ուր ընկուզենու փայտից շինած սեղանի վրա կայսրը գտավ Լյուդովիկոս XVIII-ի գրեթե լիքը ծխախոտատուփը, երբ Մարսելում, տեղական իշխանության ջանքերին հակառակ սկսեց ծայր առնել Հարավում շարունակ միացող երկպառակությունը։ Վերջինս սպառնում էր չսահմանափակվել գոռում֊գոչյուններով, որոնցով պաշարում էին իրենց տներում տիտիկ արած ռոյալիստները, որ համարձակվում էին փողոց դուրս գալ։ Փոխված հանգամանքների բերումով, հարգարժան նավատերը, որ պատկանում էր պլեբեյական լագերին, եթե նույնիսկ ամենակարող չդարձավ, քանզի պ֊րն Մորելը զգույշ և փոքր֊ինչ երկչոտ մարդ էր, ինչպես բոլոր նրանք, ում առևտրական կարիերան դանդաղ ու դժվարին է եղել, ապա, այնուամենայնիվ, (թեպետև մոլի բոնապարտիստները, որոնք նրան կշտամբում էին չափավորության համար, նրանից առաջ էին ընկել), բավականաչափ կշիռ էր ձեռք բերել, որպեսզի կարողանար ձայնը բարձրացնել և բողոք ներկայացնել։ Այդ բողոքը, ինչպես հեշտ է կռահել վերաբերում էր Դանտեսի գործին։ Վիլֆորը, չնայած իր պետի ընկնելուն, կանգուն էր մնացել։ Նրա հարսանիքը թեև չէր խափանվել, բայց հետաձգվել էր է՛լ ավելի բարենպաստ ժամանակի սպասումով։ Եթե կայսրը դիմանար իր գահի վրա, ապա Ժերարը ստիպված կլիներ ուրիշի հետ ամուսնանալ, և Նուարտիեն նրա համար հարսնացու կգտներ, եթե Լյուդովիկոս XVIII-ը վերստին վերադառնար, ապա մարքիզ Սեն֊Մերանի ինչպես և իր՝ Վիլֆորի ազդեցությունը կկրկնապատկվեր, և այդ ամուսնությունն առանձնապես ձեռնտու կդառնար։ Այդպիսով, թագավորական դատախազի օգնականը Մարսելի դատարանական աշխարհում առաջին տեղն էր գրավում, երբ մի առավոտ նրան զեկուցեցին պր֊ն Մորելի գալու մասին։ Եթե նրա տեղը մի ուրիշը լիներ, կշտապեր դիմավորել նավատիրոջը և դրանով իսկ ցույց կտար իր թուլությունը։ Բայց Վիլֆորը խելացի մարդ էր և ուներ եթե ոչ փորձառություն, ապա հիանալի հոտառություն։ Նա Մորելին ստիպես սպասել նախասենյակում, ինչպես կաներ Ռեստավրացիայի օրոք, ոչ այն պատճատով, որ զբաղված էր, այլ որովհետև պարզապես ընդունված է, որ դատախազի օգնականը ստիպի նախասենյակում սպասել։ Մոտ մի քառորդ ժամ տարբեր ուղղությունների մի քանի լրագրեր աչքի անցկացնելուց հետո նա հրամայեց կանչել պր֊ն Մորելին։ Մորելը կարծում էր, թե Վիլֆորին ընկճված կգտնի, սակայն տեսավ, որ նա ճիշտ նույնն է, ինչ որ ամիսուկես առաջ, այսինքն՝ հանգիստ, վճռական, սառն քաղաքավարությամբ առլեցուն, իսկ վերջինս ամենաանհաղթահարելին է այն բոլոր պատվարներից, որ դիրք ունեցող մարդուն բաժանում են հասարակ մարդուց։ Մորելը դեպի Վիլֆորի աշխատասենյակը դիմեց այն համոզմամբ, որ իրեն տեսնելուն պես նա կդողա, բայց դրա փոխարեն ի՛նքը շփոթվեց ու դողաց՝ տեսնելով թագավորական դատախազին, որ գրասեղանի առջև նստած՝ իրեն էր սպասում։ Մորելը դռան շեմքին կանգ առավ։ Վիլֆորը այնպես նայեց նրան, որ կարծես չէր ճանաչում։ Վերջապես, փոքր֊ինչ լռությունից հետո, որի ընթացքում հարգարժան նավատերը գլխարկն էր խաղացնում ձեռքերի մեջ, նա ասաց․ ― Եթե չեմ սխալվում, պարոն Մորելը պիտի լինեք։ ― Այո՛, տեր, ես եմ,― պատասխանեց նավատերը։ ― Խնդրե՛մ, մտեք,― ասաց Վիլֆորը հովանավորական ժեստով,― և ասացեք, թե ինչի՛ եմ պարտական, որ ինձ արժանացրել եք ձեր այցելությանը։ ― Մի՞թե չէք կռահում,― հարցրեց Մորելը։ ― Ո՛չ, բնավ չեմ կռահում։ Բայց այնուամենայնիվ պատրաստ եմ ձեզ օգտակար լինելու, եթե դա ինձնից է կախված։ ― Ամբողջովին ձեզնից է կախված,― ասաց Մորելը։ ― Ուրեմն, բացատրեք․ բանն ի՞նչ է։ ― Պարոն,― սկսեց Մորելը, փոքր֊ինչ հանգստանալով և հետն էլ իր խնդրանքի արդարացիությունից ու իր դիրքի պարզությունից սիրտ առնելով,― դուք երևի հիշում եք, որ կայսեր վերադառնալու լուրը հայտնի դառնալուց մի քանի օր առաջ ես եկա ձեզ մոտ ներողամտություն խնդրելու մի երիտասարդ ծովայինի, իմ նավապետի օգնականի համար։ Նրան, եթե հիշում եք, մեղադրում էին Էլբա կղզու հետ հարաբերություններ ունենալու մեջ։ Նման հարաբերությունները, որ այն ժամանակ հանցագործություն էին համարվում, հիմա իրավունք են տալիս պարգևի արժանանալու։ Այն ժամանակ դուք ծառայում էիք Լյուդովիկոս XVIII֊ին և չխնայեցիք մեղադրյալին։ Դա ձեր պարտականությունն էր։ Հիմա ծառայում էք Նապոլեոնին և պարտավոր եք պաշտպանել անմեղին․ դա ևս ձեր պարտականությունն է։ Ուստի ես եկել եմ ձեզ հարցնելու, թե նրա վերջն ի՞նչ եղավ։ Վիլֆորը մեծ ճիգ գործադրեց իրեն զսպելու համար։ ― Անունն ի՞նչ է,― հարցրեց նա,― բարի եղեք անունն ասել։ ― Էդմոն Դանտես։ Վիլֆորի համար, անշուշտ, ավելի հաճելի կլիներ մենամարտի ժամանակ քսանհինգ քայլ հեռավորության վրա ճակատը դեմ անել հակառակորդի ատրճանակին, քան լսել իր երեսին շպրտված այդ անունը։ Սակայն նա աչքն իսկ չթարթեց։ «Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, թե այդ երիտասարդին ձերբակալել եմ անձնական նկատառումներով»,― մտածեց Վիլֆորը։ ― Դանտե՞ս,― կրկնեց նա,― ասում եք՝ Դանտե՞ս։ ― Այո, պարոն։ Վիլֆորը բացեց մի ահագին մատյան, որ դրված էր կողքին գտնվող բարձր սեղանի վրա, ապա մոտեցավ մի ուրիշ սեղանի, այդ սեղանից դիմեց դեպի գործերի թղթապանակը և, Մորելին դառնալով, հարցրեց ամենասովորական ձայնով․ ― Իսկ դուք չե՞ք սխալվում, ողորմած պարոն։ Եթե Մորելն ավելի կռահող լիներ կամ ավելի լավ իմանար այդ գործի հանգամանքները, ապա տարօրինակ կհամարեր, որ դատախազի օգնականը նրան պատասխանի է արժանացնում իրեն բոլորովին չվերաբերող գործի առթիվ․ նա ինքն իրեն հարց կտար, թե ինչու՞ Վիլֆորը նրան չի ուղարկում կալանավորների ցուցակները նայելու բանտապետների մոտ, դեպարտամենտի պրեֆեկտի մոտ։ Բայց Մորելը, որ իզուր վախի նշաններ էր որոնում, նրա վարքագծի մեջ, միայն բարյացակամություն տեսավ։ Վիլֆորն իր հաշվարկը ճիշտ էր արել։ ― Ո՛չ,― պատասխանեց Մորելը,― չեմ սխալվում։ Տասը տարի է, որ ես ճանաչում եմ խեղճ տղային, ինձ մոտ էլ չորս տարի ծատայել է։ Մեկուկես ամիս առաջ, հիշու՞մ եք, ձեզ խնդրեցի մեծահոգի լինել նրա նկատմամբ, ինչպես հիմա խնդրում եմ արդարադատ լինել․ դուք ինձ ընդունեցիք նույնիսկ սառնությամբ և տհաճությամբ պատասխանեցիք։ Այն ժամանակ ռոյալիստները սիրալիր չէին բոնապարտիստների նկատմամբ։ ― Ողորմած պարոն,― պատասխանեց Վիլֆորը, հարվածը վանելով իրեն հատուկ սառնությամբ ու ճարպկությամբ,― ես ռոյալիստ էի, երբ կարծում էի, թե Բուրբոնները ոչ միայն գահի օրինական ժառանգներն են, այլև ժողովրդի ընտրյալները, բայց հրաշալի վերադարձը, որի վկաները եղանք մենք, ինձ ապացուցեց, որ սխալված եմ եղել։ Միայն սիրված միապետն է օրինական միապետ։ ― Լա՛վ եք ասում,― բացականչեց Մորելը բռի սրտաբացությամբ։― Հաճելի է ձեզ լսել այդպես խոսելիս, և ես դրանում լավ նշան եմ տեսնում խեղճ Էդմոնի համար։ ― Սպասեցեք,― ասաց Վիլֆորը,թերթելով մի նոր մատյան,― սկսում եմ մտաբերել․ կարծեմ, ծովային էր, չէ՞։ Եվ, կարծեմ, պատրաստվում էր ամուսնանալ մի կատալունուհու հետ։ Այո՛, այո՛, հիմա հիշում եմ։ Դա շատ լուրջ գործ էր։ ― Միթե՞։ ― Դուք հո գիտեք, որ նրան իմ մոտից տարան ուղիղ դատարանի շենքին կից բանտը։ ― Այո, իսկ հետո՞։ ― Հետո զեկուցագիր ուղարկեցի Փարիզ, կցելով նրա մոտ հայտնաբերված թղթերը։ Ես պարտավոր էի այդ անել․․․ Մի շաբաթ հետո կալանավորին ուրիշ տեղ տարան։ ― Տարա՞ն,― բացականչեց Մորելը։― Բայց ի՞նչ արին խեղճ տղային։ ― Մի՛ վախեցեք, հավանաբար նրան ուղարկել են Ֆենեստրել, Պիներոլ կամ սբ․ Մարգարիտայի կղզիները, որ կնշանակի աքսորել են։ Մի գեղեցիկ օր նա կվերադառնա ձեզ մոտ և կստանձնի իր նավի հրամանատարությունը։ ― Երբ էլ վերադառնա՝ իր տեղը մնում է։ Բայց ինչպե՞ս է, որ մինչև հիմա չի վերադարձել։ Թվում էր, թե նապոլեոնյան արդարադատության առաջին իսկ գործը պետք է լինի ազատել այն մարդուն, ում բանտ է նստեցրել ռոյալիստական արդարադատությունը։ ― Մի՛ շտապեք մեղադրել, պարոն Մորել,― պատասխանեց Վիլֆորը․― ամեն գործի մեջ պահանջվում է օրինականություն, բանտարկելու կարգադրությունը ստացված էր բարփրագույն իշխանությունից․ հարկավոր է բարձրագույն իշխանությունից էլ ստանալ ազատման հրամանը։ Նապոլեոնը վերադարձելէ ընդհամենը երկու շաբաթ առաջ․ կալանավորների ազատման կարգադրությունները դեռ նոր են գրվում։ ― Բայց մի՞թե չի կարելի,― հարցրեց Մորելը,― արագացնել այդ բոլոր ձևականությունները։ Չէ՞ որ մենք հաղթեցինք։ Ես բարեկամներ ունեմ, կապեր ունեմ, ես կհաջողացնեմ վճիռը վերացնել տալ։ ― Վճիռ չի եղել։ ― Ուրեմն, ձերբակալման որոշումը։ ― Քաղաքական գործերի մեջ կալանավորական ցուցակներ չկան։ Երբեմն կառավարությունը շահագրգռված է, որ մարդն անհետ վերանա։ Ցուցակները կարող էին օգնել որոշումներին։ ― Այդպես է եղել, միգուցե, Բուրբոնների օրոք, բայց հիմա․․․ ― Այդպես է լինում բոլոր ժամանակներում, թանկագի՛ն պարոն Մորել։ Կառավարությունները հաջորդում են իրար և իրար նման են։ Դեռևս Լյուդովիկոս XIV ―ի օրոք լարած պատժիչ մեքենան գործում է մինչև օրս։ Չկա միայն Բաստիլը։ Կայսրը բանտային կանոնադրությունը կատարելու մեջ միշտ ավելի խիստ է եղել, քան նույնիսկ Լյուդովիկոս XIV ―ը, և ցուցակների մեջ չմտած կալանավորների թիվն անհամար է։ Այդօրինակ բարյացակամ սրտաբացությունը կարող էր զինաթափ անել ամեն մի համոզվածություն, իսկ Մորելը նույնիսկ կասկածանք չուներ։ ― Բայց ասացեք, պարոն դը Վիլֆոր, ինձ ի՞նչ խորհուրդ կտայիք խեղճ Դանտեսի վերադարձն արագացնելու համար։ ― Կարող եմ մի խորհուրդ տալ․ խնդրագիր ներկայացրեք արդարադատության մինիստրին։ ― Ա՜խ, պարոն դը Վիլֆոր, մենք հո գիտենք, թե ինչ արժեք ունեն խնդրագրերը։ Մինիստրը օրական մի երկու հարյուր խնդրագիր է ստանում և չորսն էլ չի կարդում։ ― Այո,― ասաց Վիլֆորը,― բայց իմ ուղարկած, իմ կից գրությամբ օժտված և անմիջականորեն իմ կողմից առաքված խնդրագրերը կկարդա։ ― Եվ դուք հա՞նձն կառնեք նրա ձեռքը հասցնել։ ― Մեծ բավականությամբ։ Դանտեսն առաջ կարող էր մեղավոր լինել, բայց հիմա անմեղ է, և ես պարտավոր եմ նրան ազատություն տալ, ինչպես որ պարտավոր էի բանտարկել։ Վիլֆորն այդպիսով կանխում էր համար վտանգավոր, նվազ հավանական, բայց այնուամենաայնիվ հնարավոր քննությունը, որը կարող էր նրան անդարձ կործանել։ ― Իսկ ինչպե՞ս պետք է գրել մինիստրին։ ― Նստեցեք այստեղ, պարոն Մորել,― ասաց Վիլֆորը, իր տեղը զիջելով նրան,― ես կթելադրեմ։ ― Այդպես բարի կլինե՞ք։ ― Ի՞նչ եք ասում։ Բայց ժամանակ չկորցնենք, առանց այն էլ շատ ենք կորցրել։ ― Այո՛, այո՛, հիշենք, որ խեղճը սպասում է, տանջվում, միգուցե հույսը կորցրել է։ Վիլֆորը ցնցվեց՝ խորհելով կալանավորի մասին, որը նրան նզովում էր լռության ու խավարի մեջ, բայց արդեն չափազանց հեռուն էր գնացել և այլևս անհնար էր նահանջել։ Դանտեսը պետք է ճզմվեր նրա փառամոլության աղացաքարով։ ― Ես պատրաստ եմ,― ասաց Մորելը, նստելով Վիլֆորի բազկաթոռին և գրիչը ձեռքն առնելով։ Եվ Վիլֆորը թելադրեց մի խնդրագիր, որի մեջ անտարակույս լավագույն ցանկություններով, չափազանցրեց Դանտեսի հայրենասիրությունը և այն ծառայությունները, որ նա մատուցել էր բոնապարտիստներին։ Այս խնդրագրի մեջ Դանտեսը ներկայանում էր որպես Նապոլեոնի վերադարձի գլխավոր աջակիցներից մեկը։ Ի՜նչ խոսք, որ կարդալով այդ աղերսագիրը, մինիստրը անմիջապես կվերականգնի արդարությունը, եթե դեռևս դա չի արված։ Երբ խնդրագիրն արդեն գրված էր, Վիլֆորն այն կարդաց բարձրաձայն։ ― Լավ է,― ասաց նա,― այժմ ձեր հույսը ինձ վրա դրեք։ ― Իսկ ե՞րբ կուղարկեք։ ― Հենց այսօր։ ― Ձեր կից գրությա՞մբ։ ― Լավագույն կից գրությունն այն կլինի, որ ես հաստատեմ, թե ինչ ոչ խնդրագրում ասված է՝ միանգամայն ճիշտ է։ Վիլֆորը նստեց բազկաթոռին և թղթի անկյունում արեց անհրաժեշտ մակագրությունը։ ― Էլ ի՞նչ է հարկավոր անել,― հարցրեց Մորելը։ ― Սպասել,― պատասխանեց Վիլֆորը։― Ես ամեն ինչ ինձ վրա եմ առնում։ Այս համոզվածությունը նորից հույս ներշնչեց Մորելին։ Նա հեռացավ՝ թագավորական դատախազի օգնականով հիացած և գնաց ծերունի Դանտեսին լուր տալու, թե նա շուտով որդուն կտեսնի։ Մինչդեռ Վիլֆորը խնդրագիրը Փարիզ ուղարկելու փոխարեն, խնամքով պահում էր իր մոտ։ Դանտեսի համար այդ պահին փրկարար հանդիսացող խնդրագիրը կարող էր նրա համար կործանարար լինել հետագայում, եթե տեղի ունենար այն, ինչ արդեն կարելի էր սպասել Եվրոպայի դրությունը և իրադարձությունների ընդունած ընթացքն ի նկատի ունենալով, այսինքն՝ երկրորդ ռեստավրացիան։ Եվ այդպես, Դանտեսը բանտարկված մնաց։ Մոռացված ու կորած իր ստորերկրյա զնդանի խավարում, նա չլսեց Լյուդովիկոս XVIII ֊ի դղրդալից անկումը և այն առավել սոսկալի դղրդյունը, որով փուլ եկավ կայսրությունը։ Բայց Վիլֆորը աչալուրջ հետևում էր ամեն ինչի, ուշադիր հաշվի առնում ամեն ինչ։ Նապոլեոնի կարճատև վերագահակալության ընթացքում, որը կոչվում է Հարյուր օր, Մորելը երկու անգամ կրկնել էր իր զոհը, պահանջելով ազատել Դանտեսին, և երկու անգամն էլ Վիլֆորը նրան հանգստացրել էր խոստումներով և հույսեր տալով։ Վերջապես վրա հասավ Վաթերլոոն։ Մորելն այլևս չէր գնում Վիլֆորի մոտ։ Նա իր երիտասարդ բարեկամի համար արել էր այն ամենը, ինչ մարդուս ուժը կարող է պատել։ Երկրորդ ռեստավրացիայի ժամանակ նոր փորձեր անելը կարող էր միայն իզուր արատավորել նրան։ Լյուդովիկոս XVIII -ը վերստին գահ բարձրացավ։ Վիլֆորը, որի համար Մարսելը լի էր իր խիղճը տանջող հիշողություններով, ձեռք բերեց Տուլուզի թագավորական դատախազի պաշտոնը։ Այդ քաղաքը տեղափոխվելուց երկու շաբաթ հետո նա ամուսնացավ մարքիզուհի Ռենե դը Սեն֊Մերանի հետ, որի հայրը հիմա արքունիքում առանձին շնորհ էր վայելում։ Ահա թե ինչու Դանտեսը Հարյուր օրվա ընթացքում և Վաթերլոոյից հետո մնաց բանտում, մոռացված, եթե ոչ մարդկանցից, ապա գոնե աստծուց։ Դանգլարը, իմանալով Նապոլեոնի Ֆրանսիա վերադառնալու մասին, հասկացավ, թե ինչ հարված է հասցրել Դանտեսին։ Նրա ամբաստանությունը հասել էր ին նպատակին և, ինչպես հանցագործության մեջ զգալի, իսկ առօրյա կյանքում չափավոր ընդունակություններով օժտված բոլոր մարդիկ, նա այդ տարօրինակ զուգադիպությունը «նախախնամության կամք» անվանեց։ Բայց երբ Նապոլեոնը մտավ Փարիզ և նորից հնչեց նրա տիրական ու հուժկու ձայնը, Դանգլարը վախեցավ։ Նա րոպե առ րոպե սպասում էր, որ ուր որ է կերևա Դանտեսը, ամեն բանի տեղյակ, սպառնացող և ամեն տեսակ վրիժառության պատրաստ Դանտեսը։ Այնժամ նա պարոն Մորելին հայտնեց, թե ցանկանում է թողնել ծովային ծառայությունը և նրան խնդրեց իրեն հանձնարարել մի իսպանացի վաճառականի, որի մոտ և գրագրի պաշտոն ստանձնեց մարտի վերջերին, այսինքն՝ Նապոլեոնի Տյուիլրի վերադառնալուց տասը կամ տասներկու օր հետո։ Նա մեկնեց Մադրիդ, և այլևս նրանից լուր չկար։ Իսկ Ֆերնանը ոչինչ չէր հասկացել։ Դանտեսը չկար․ ահա այն ամենը, որ պետք էր նրան։ Թե ի՞նչ էր պատահել Դանտեսին, նա չէր ջանում իմանալ։ Ֆերնանի բոլոր ջանքերն ուղղված էին այն բանին, որ Մերսեդեսին խաբեր նրա փեսացուի չվերադառնալը հիմնավորող հնարովի պատճառներով կամ ուրիշ տեղ գնալու և նրան էլ հետը տանելու ծրագիր որոճար։ Երբեմն նա նստում էր Ֆարո հրվանդանի կատարին, որտեղից երևում են և՛ Մարսելը, և՛ Կատալանին, ու մռայլ, գիշատիչ թռչունի անշարժ հայացքով նայում էր զույգ ճանապարհներին, թե արդյոք հեռվում չի՞ երևում գեղադեմ նավաստին՝ հետը անագորույն վրեժ բերելով։ Ֆերնանը հաստատ որոշել էր սպանել Դանտեսին, ապա խփել և իրեն, որպեսզի դրանով արդարացներ սպանությունը։ Բայց նա սխալվում էր․ նա երբեք ինքն իր վրա ձեռք չէր բարձրացնի, քանզի դեռ շարունակում էր հուսալ։ Այդ միջոցին, այդ բոլոր վշտալի անհանգստությունների ժամանակ, կայսրը որոտալից ձայնքով զենքի կոչեց զորակոչիկների վերջին կարգը, և բոլորը, ովքեր կարող էին զենք կրել, դուրս եկան Ֆրանսիայի սահմաններից։ Բոլորի հետ միասին արշավանքի մեկնեց և Ֆերնանը, թողնելով իր խրճիթն ու Մերսեդեսին և տանջվելով այն մտքից, թե միգուցե իր բացակայությանը ախոյանը վերադառնա և ամուսնանա իր սիրած կնոջ հետ։ Եթե Ֆերնանն ընդունակ լիներ ինքնասպանության, Մերսեդեսից բաժանվելու պահին ինքն իրեն կսպաներ։ Մերսեդեսի նկատմամբ Ֆերնանի ունեցած կարեկցությունը, կեղծ վշտակությունը, այն ջանադությունը, որով նա կռահում ու կատարում էր նրա ամենափոքր ցանկությունն անգամ, այնպիսի ներգործություն էին ունեցել, որ սովորաբար անձնվիրությունն ունենում է վեհանձն սրտերի վրա։ Մերսեդեսը միշտ Ֆերնանին սիրել էր եղբոր պես․ երախտագիտության զգացումը կրկնապատկել էր այդ բարեկամությունը։ ֊Եղբա՜յրս,֊ ասաց նա, կատալանցու մեջքին կապելով պայուսակը,֊ միա՛կ բարեկամս, պահպանիր քեզ, ինձ մենակ մի թողնիր այս աշխարհում, ուր ես արցունք եմ թափում և ուր քեզնից բացի ոչ ոք չունեմ։ Անջատումի պահին ասված այդ խոսքերը նորից հույս ներշնչեցին Ֆերնանին։ Եթե Դանտեսը չվերադառնա, թերևս մի օր Մերսեդեսը նրա կինը կդառնա։ Մերսեդեսը մնաց մենակ, լերկ քարափի վրա, որը երբեք նրան այդպես ամայի չէր թվացել ծովի անսահման հեռաստանի հանդեպ։ Շարունակ լալով այն խելագար աղջկա պես, որի տխրալի պատմությունը պատմում են այդ երկրում, նա անդադար թափառում էր Կատալանիի շուրջը։ Երբեմն կանգ էր առնում հարավի կիզիչ արևի տակ, արձանի պես համր ու անշարժ, և նայում դեպի Մարսելի կողմը։ Երբեմն նստում էր ծովափին և լսում ալիքների հեծեծանքը, որ վերջ չուներ իր վշտի պես, և ինքն իրեն հարցնում էր, թե արդյոք ավելի լավ չէ՞ դեպի առաջ թեքվել ու նետվել ծովի անդունդը, քան թե դիմանալ անհույս սպասումի անագորույն տանջանքին։ Բայց վախը չէր, որ Մերսեդեսին ետ էր պահում ինքնասպանությունից․ նա մխիթարություն գտավ կրոնի մեջ, և դա նրան փրկեց։ Կադրուսին էլ Ֆերնանի պես բանակ կանչեցին, բայց նա կատալոնցուց ութ տարով մեծ էր, այդ պատճառով էլ նրան թողին նորակոչիկների երրորդ կարգի մեջ, ծովեզերքը պահպանելու համար։ Ծերունի Դանտեսը, որ միայն հույսով էր ապրում, կայսեր ընկնելուց հետո հույսի վերջին նշույլն էլ կորցրեց։ Որդուց բաժանվելուց ուղիղ հինգ ամիս հետո, գրեթե նույն այն ժամին, երբ Էդմոնին ձերբակալել էին, նա մեռավ Մերսեդեսի ձեռքերի վրա։ Մորելը հոգաց նրա թաղման ծախսերը և վճարեց այն մանր պարտքերը, որ ծերունին արել էր իր հիվանդության ժամանակ։ Դա ոչ միայն մարդասիրական, այլև համարձակ վարմունք էր։ Ամբողջ Հարավը բռնված էր երկպառակությունների հրդեհով, և Դանտեսի պես վտանգավոր բոնապարտիստի հորը նույնիսկ մահվան մահճում օգնելը հանցագործություն էր։ === XIV. Խելագար կալանավորը և մոլեգին կալանավորը === Լյուդովիկոս XVIII-ի վերադարձից մոտ մեկ տարի հետո բանտերի գլխավոր տեսուչը վերաքննություն էր կատարում։ Դանտեսը իր օտարերկրյա խցում թխկթխկոց ու ճռնչյուն էր լսում, որոնք վերևում հնչում էին շատ ուժեզ, բայց ներքևում որսալի էին միայն կալանավորի ականջի հանար, որը գիշերվա խավարի մեջ սովոր էր որսալ իր ոստայնը հյուսող սարդի ձայնն անգամ․ լսում էր նաև, թե ինչպես միալար ընկնում է ջրի կաթիլը, որին մի ամբողջ ժամ էր հարկավոր, որպեսզի գոյանար ստորերկրյա խոշոր առաստաղի վրա։ Նա հասկացավ, որ կենդանի մնացածների մեջ ինչ֊որ բան է կատարվում։ Նա այնքան երկար էր ապրել գերեզմանի մեջ, որ իրավունք ուներ իրեն մեռյալ համարելու։ Տեսուչը մեկ առ մեկ այցելում էր սենյակները, խուցերը, կազեմատները։ Մի քանի կալանավորներ արժանացան նրա հարցուփորձին․ սրանք պատկանում էին այնպիսիների թվին, որոնք իրենց համեստությամբ կամ բթամտությամբ շահել էին բանտի իշխանության բարյացակամությունը։ Տեսուչը նրանց հարցուփորձ արեց, թե արդյոք լա՞վ են կերակրվում և որևէ խնդրանք չունե՞ն։ Բոլորը միաբերան պատասխանեցին, թե կերակրվում են գարշելի կերպով և թե ազատություն են խնդրում։ Այնժամ տեսուչը հարցրեց, թե ասելու էլ բան չունե՞ն։ Նրանք գլուխները տարուբերեցին։ Ի՞նչ կարող են խնդրել կալանավորները, բացի ազատությունից։ Տեսուչը ժպտալով դարձավ պարետին ու ասաց․ ֊ Չեմ հասկանում, թե ու՞մն են պետք այս անօգուտ ստուգումները։ Ով տեսել է մեկ բանտ՝ տեսել է հարյուրը, ով լսել է մեկ կալանավորի՝ լսել է հազարին։ Ամեն տեղ նույնն է։ Նրանց վատ են կերակրում, և նրանք անմեղ են։ Ուրիշ կալանավորներ չունե՞ք։ ֊ Կան նաև վտանգավորներ կամ խելագարներ, որոնց պահում ենք ստորերկրյա խցերում։ ֊ Ի՛նչ արած,֊ ասաց տեսուչը շատ հոգնած մարդու տեսքով,֊ մեր պարտականությունը կատարենք մինչև վերջ, իջնենք ստորերկրյա խցերը։ - Սպասեցե՛ք,֊ ասաց պարետը,֊ հարկավոր է հետներս գոնե երկու զինվոր վերցնել։ Երբեմն կալանավորները հուսահատական արարքների են դիմում, թեկուզ հենց այն պատճառով, որ կյանքից զզված են և ուզում են մահվան դատապարտվել։ Միգուցե այդպիսի արարքի զոհ դառնանք։ ֊ Որ այդպես է, նախազգուշական միջոցներ ձեռք առեք,֊ ասաց տեսուչը։ Եկան երկու զինվորներ, և բոլորը սկսեցին իջնել այնքան գարշահոտ, կեղտոտ ու խոնա՛վ մի սանդուղքով, որով հենց միայն իջնելն անտանելի էր բոլոր հինգ զգայարանների համար։ ֊ Գրո՜ղը տանի,֊ ասաց տեսուչը, կանգ առնելով,֊ ո՞վ կարող է ապրել այստեղ։ ֊ Չափազանց վտանգավոր մի դավադիր․ մեզ նախազգուշացրել են, որ նա ամեն ինչի ընդունակ մարդ է։ ֊ Մենա՞կ է։ ֊ Իհարկե։ ֊ Վաղու՞ց է այստեղ։ ֊ Համարյա մեկ տարի։ ֊ Եվ նրան միանգամի՞ց ստորերկրյա խուց դրին։ ֊ Ոչ, այն բանից հետո, երբ փորձեց սպանել իրեն կերակուր տանող պահապանին։ ֊ Ցանկացել է սպանե՞լ պահապանին։ ֊ Այո․ ա՛յ նրան, որ մեզ լույս է անում։ Ճի՞շտ է, Անտուան,֊ ասաց պարետը։ ֊ Ճիշտ այդպես, ուզում էր ինձ սպանել,֊ պատասխանեց պահապանը։ ֊ Ասել կուզե, խելագար է։ ֊ Խելագարից էլ վատ,֊ պատասխանեց պահապանը,֊ իսկական սատանա։ ֊ Եթե ուզում եք, կարելի է գանգատ ներկայացնել նրա դեմ,֊ ասաց տեսուչը պարետին։ ֊ Կարիք չկա․ նա առանց այդ էլ բավականաչափ պատժված է։ Բացի դրանից, խելագարվելու վրա է, և մենք փորձից գիտենք, որ մի տարի էլ չանցած կխելագարվի։ Ինչպես տեսնում եք, տեսուչը մարդասեր էր և միանգամայն արժանի էր ֆիլանտրոպիկ պաշտոնին։ ֊ Միանգամայն իրավացի եք,֊ պատասխանեց պարետը,֊ և ձեր խոսքերը ցույց են տալիս, որ կալանավորներին լավ եք ճանաչում։ Այստեղ, նույնպես ստորերկրյա խցում, դեպի ուր տանում է մի ուրիշ սանդուղք, նստած է մի ծերունի աբբա, Իտալիայում գործող ինչ֊որ կուսակցության նախկին պարագլուխը։ Նա այստեղ է 1811 թվից և խելագարվել է 1813 թվի վերջերին։ Այն ժամանակվանից ի վեր անճանաչելի է դարձել․ առաջ շարունակ լաց էր լինում, իսկ հիմա ծիծաղում է․ առաջ նիհարում էր, հիմա՝ գիրանում։ Արդյոք չէի՞ք բարեհաճի սրա փոխարեն նրան տեսնել։ Նրա խելագարությունը ուրախ խելագարություն է և ձեզ բոլորովին տխրություն չի պատճառի։ ֊ Կտեսնեմ սրան էլ, այն մյուսին էլ,֊ պատասխանեց տեսուչը,֊ պաշտոնական պարտականությունը պետք է բարեխղճորեն կատարել։ Տեսուչն առաջին անգամ էր ստուգում բանտերը և ցանկանում էր, որ պետերը գոհ մնային իրենից։ ֊ Նախ գնանք սրա մոտ,֊ ավելացրեց նա։ ֊ Խնդրեմ,֊ պատասխանեց պարետը և բանտապահին նշան արեց։ Բանտապահը բացեց դուռը։ Ծանր նիգերի ճռինչը և ծխնիների վրա դարձող ժանգոտած օղերի կրճտոցը լսելով, Դանտեսը, որ նստած էր անկյունում և անասելի բավականությամբ վայելում էր վանդակապատ նեղ անցքից թափանցած լույսի բարալիկ ճառագայթը, գլուխը բարձրացրեց։ ՏԵսնելով անծանոթ մարդուն, երկու ջահակիր պահապաններին, զինվորներին ու պարետին, որը գլխարկը բռնել էր ձեռքին, Դանտեսը հասկացավ, թե բանն ինչ է, և վերջապես բարձր իշխանությանը դիմելու առիթը գտած համարելով, առաջ նետվեց՝ ձեռքերը պաղատանոք պարզած։ Զինվորներն իսկույն խաչաձևեցին իրենց սվինները, կարծելով, թե կալանավորը դեպի տեսուչը նետվեց վատ մտադրությամբ։ Տեսուչն ակամա մի քայլ ետ քաշվեց։ Դանտեսը հասկացավ, որ իրեն ներկայացրել են իբրև վտանգավոր մարդու։ Այնժամ նա իր հայացքին հաղորդեց այնքան հեզություն, որքան կարող է պարունակել մարդուս սիրտը, և խոնարհ աղաչանքով, որ զարմանք պատչառեց ներկաներին, ջանաց շարժել իր բարձր այցելուի սիրտը։ Տեսուչը մինչև վերջ լսեց նրա խոսքը, ապա շրջվեց դեպի պարետը։ ֊ Սա վերջը բարեպաշտ մարդ կդառնա,֊ ասաց նա կիսաձայն,֊ սա հիմա էլ դեպի հեզություն ու հոգու խաղաղություն է հակվում։ ՏԵսնո՞ւմ եք, վախ ասածը ծանոթ է նրան․ տեսնելով սվինները, նա ետ քաշվեց, այնինչ խելագարը ոչնչի առաջ կանգ չի առնում։ Այդ հարցի վերաբերյալ ես շատ հետաքրքիր դիտողություններ եմ արել Շարանտոնում։ Ապա նա դարձավ կալանավորին։ ֊ Կարճ ասած, ի՞նչ եք խնդրում։ ֊ Խնդրում եմ ինձ ասել, թե ո՛րն է իմ հանցանքը․ խնդրում եմ դատ ու դատաստան, խնդրում եմ քննություն, խնդրում եմ վերջապես, որ ինձ գնդակահարեն, եթե մեղավոր եմ, իսկ եթե անմեղ եմ՝ ազատ արձակեն։ ֊ Արդյո՞ք ձեզ լավ են կերակրում,֊ հարցրեց տեսուչը։ ֊ Այո։ Հավանաբար։ Չգիտեմ։ Բայց դա կարևոր չէ։ Կարևորն այն է, և ոչ միայն իմ, դժբախտ կալանավորիս, այլև դատ ու դատաստան անող իշխանությունների և մեզ կառավարող թագավորի համար, որ անմեղ մարդը ստոր մատնության զոհ չդառնա և չմեռնի փակի տակ, նզովելով իր դահիճներին։ ֊ Այսօր շատ հնազանդ եք երևում,֊ ասաց պարետը,֊ միշտ այդպիսին չեք եղել։ Դուք բոլորովին այլ կերպ էիք խոսում, երբ ուզում էին պահապանին սպանել։ ֊ Դա ճիշտ է,֊ ասաց Դանտեսը,֊ և ես սրտանց ներողություն եմ խնդրում այս մարդուց, որ շատ բարի է իմ նկատմամբ․․․ Սակայն ի՞նչ կուզեիք․ այն ժամանակ ես խելագար էի, կատաղած։ ֊ Իսկ հիմա այդպիսին չե՞ք։ ֊ Ոչ, բանտն ինձ ընկճեց, ոչնչացրեց․․․ Այնքան վաղու՜ց եմ ես այստեղ։ ֊ Այնքան վաղո՞ւց․․․ Իսկ ե՞րբ են ձեզ ձերբակալել,֊ հարցրեց պարետը։ ֊ 1815 թվի փետրվարի քսանութին, կեսօրվա ժամը երկուսին։Տեսուչն սկսեց հաշվել։ ֊ Այսօր 1816 թվի հուլիսի երեսունն է։ Հապա ի՞նչ եք ասում։ Ընդհամենը տասնյոթ ամիս եք նստած։ ֊ Ընդհամենը տասնյո՜թ ամիս,֊ կրկնեց Դանտեսը։֊ Դուք չգիտեք, թե ինչ է տասնյոթ ամիս բանտ նստելը․ դա տասնյոթ տարի է, տասնյոթ դար։ Մանավանդ նրա համար, ով ինձ պես այնքան մոտ է եղել երջանկությանը, պատրաստվել է ամուսնանալ սիրած աղջկա հետ, իր առջև տեսեկ է կյանքի պատվավոր մի ասպարեզ և ամեն ինչից զրկվել է․ նրա համար, ում լուսաճաճանց ցերեկին փոխարինել է անթափանց գիշերը, ով տեսնում է, որ իր ապագան խորտակված է, ով չգիտե, թե արդյոք սիրո՞ւմ է իրեն սիրած աղջիկը, տեղեկություն չունի, թե արդյոք կենդանի՞ է իր ծերունի հայրը։ Տասնյոթ ամիս բանտարկությո՜ւն այն մարդու համար, ով սովոր է ծովի օդին, ազատությանը, անսահմանությանը, անվերջությանը։ Տասնյոթ ամիս բա՛նտ նստել։ Դա չափազանց շատ է նույնիսկ այն հանցագործությունների համար, որոնց մարդկային լեզուն ամենանողկալի անուններն է տալիս։ Ուրեմն, գթացե՛ք ինձ և ինձ համար խնդրեք ոչ թէ ներողամտություն, այլ խստություն, ոչ թե շնորհ, այլ դատ ու դատաստան։ Դատավորնե՜ր, դատավորնե՜ր եմ խնդրում ես։ Մեղադրյալին չի կարելի զրկել դատավորներից։ ֊ Լավ,֊ ասաց տեսուչը,֊ կտեսնենք։ Ապա դառնալով պարետին՝ ասաց։ ֊Հիրավի, մեղքս եկավ այս թշվառը։ Երբ նորից վերև բարձրանանք, մրա գործն ինձ ցույց կտաք։ ֊Անշուշտ,֊ պատասխանեց պարետը,֊ բայց վախենում եմ, որ գործի մեջ նրա մասին խիստ անբարենպաստ տեղեկություններ գտնեք։ ֊Ես գիտեմ,֊ շարունակեց Դանտեսը,֊ գիտեմ, որ դուք ինձ ազատել չեք կարող ձեր իշխանությամբ, բայց կարող եք իմ խնդրանքը հաղորդել բարձր պետերին, կարող եք քննություն կատարել, կարող եք, վերջապես, ինձ դատարանին հանձնել։ Դատ, ահա այն ամենը, որ ես խնդրում եմ։ Թող ինձ ասեն, թե ի՛նչ հանցանք եմ գործել և թե ինչ պատժի եմ դատապարտված։ Չէ՞ որ անորոշությունը աշխարհիս բոլոր պատիժներից ավելի վատ է։
----
<references/>