Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 126 961 բայտ, 08:36, 14 Ապրիլի 2021
/* Գլուխ տասը. Սեմուայս Գեմջիի ընտրությունը */
''Այստեղ ավարտվում է Համիշխանության Մատանու համար մղված Մեծ Ճակատամարտի երկրորդ տարեգրությունը''
 
 
===ԳԻՐՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ===
====Գլուխ առաջին․ Մինաս Թիրիթ====
 
Փիփինը դուրս նայեց Գենդալֆի թիկնոցի արանքից։ Նա միանգամից չհասկացավ՝ արթնացե՞լ է արդեն, թե՞ դեռ գնտվում է այն սրընթաց սլացող երազում, որով պարուրված էր գրեթե ամբողջ ճանապարհին։ Կողքով սրընթաց անցնում էր մութ աշխարհը, և ականջներում բարձր սուլում էր քամին։ Ոչինչ չէր երևում, բացի գլխավերևում լողացող աստղերից և աջ կողմում՝ հսկայական ստվերներ երկնքի ֆոնին, որտեղով անցնում էին Հարավի լեռները։ Նա քնաթաթախ փորձում էր որոշել ժամանակը և հիշել անցած ճանապարհի փուլերը, բայց հիշողությունը դեռևս քնկոտ էր ու անորոշ։
 
Նա առաջին անգամ էր ճամփորդում այդպիսի խելահեղ արագությամբ , հիշում էր, թե ինչպես էին սլանում առանց կանգառի, իսկ լուսադեմին հեռվում խամր փայլեց ոսկին, և իրենք հասան լուռ քաղաքին ու բլրի գլխի հսկայական դատարկ տանը։ Հազիվ էին այնտեղ պատսպարվել, երբ երկնքում կրկին հայտնվեց թևավոր ստվերը, և մարդիկ սարսափից կորցրին իրենց։ Բայց Գենդալֆն իր ականջին հանգստացնող խոսքեր ասաց, և ինքը քնեց անկյունում՝ հոգնած, բայց անհագիստ, աղոտ գիտակցելով մարդկանց գալը, գնալը, նրանց խոսակցությունները և Գենդալֆի կարգադրությունները։ Իսկ հետո նորից սլանում էին ամբողջ գիշեր։ Սա արդեն երկրորդ, ոչ, երրորդ գիշերն էր՝ սկսած այն պահից, երբ ինքը նայեց Քարի մեջ։ Այդ սարսափելի հիշողությունից նա սարսռաց և վերջնականապես արթնացավ․ սուլող քամին լցվեց ահարկու ձայներով։
 
Երկինքը լուսավորվեց մութ պատնեշների հետևում բոցավառված դեղին կրակից, և հոբիթը մի պահ վախից կծկվեց, մտածելով, թե ինչ ահարկու երկիր է իրեն տանում Գենդալֆը։ Հետո տրորեց աչքերը ու հասկացավ, որ լուսինն է դուրս գալիս արևելյան ստվերների հետևից․ հիմա արդեն երևում էր ամբողջությամբ։ Նշանակում է՝ գիշերը նոր է սկսվում և դեռ շատ ժամեր պիտի ճամփորդեն մթության մեջ։ Նա շարժվեց ու խոսեց․
 
— Որտե՞ղ ենք, Գենդալֆ։
 
— Գոնդոր թագավորությունում,— պատասխանեց հրաշագործը։ — Առայժմ գնում ենք Անորիենի հողերով։
 
Որոշ ժամանակ ընթանում էին լուռ։ Հանկարծ Փիփինը ճչաց ու կախվեց Գենդալֆի թիկնոցից։
 
— Այն ի՞նչ է,— բացականչեց նա,— կրա՛կ, կարմիր կրա՛կ։ Այս երկրում վիշապնե՞ր կան։ Նայի՛ր, ևս մեկը։
 
Պատասխանի փոխարեն Գենդալֆը բարձրաձայն կանչեց իր նժույգին։
 
— Սլացի՛ր, Լուսաչ, մենք պետք է շտապենք, քիչ ժամանակ է մնացել։ Տեսնու՞մ ես, վառվում են Գոնդորի ազդանշանային փարոսները՝ կանչելով օգնության։ Պատերազմ է սկսվում։ Նայիր, խարույկ է վառվում Ամոն դինի գլխին, և լույս է երևում Էյլենախի լանջին։ Եվ ահա նրանք տարածվում են դեպի արևմուտք՝ Նարդոլը, Էրելասը, Մին-Ռիմոնը, Քալենհադը և վերջապես Հալիֆիրիենը՝ Ռոհանի սահմանին։
 
Բայց Լուսաչը դանդաղեցրեց ընթացքը, անցավ քայլի, ապա, բարձրացնելով գլուխը, բարձր վրնջաց։ Մթության միջից պատասխան վրնջոցներ լսվեցին, ապա ամբակների դոփյուն, և շուտով երեք հեծյալ դուրս լողացին սև խավարից․ սրընթաց, ինչպես թռչող ուրվականներ լուսնի լույսի տակ, անցան նրանք ու անհետացան արևմուտքում։ Իսկ Լուսաչը ծառացավ ու նետվեց առաջ, և խավարը կրկին փլվեց նրանց վրա ու սուլեց ականջներում։
 
Քունը կրկին պարուրել էր Փիփինին, և նա անուշադիր ունկնդրում էր, թե ինչ է պատմում Գենդալֆը Գոնդորի ավանդույթների մասին և այն մասին, թե ինչպես է քաղաքի Տիրակալը փարոսներ կառուցել տվել Մեծ Լեռնաշղթայի առանձին գագաթների վրա, երկու սահմանների երկայնքով, և հրամայել դիտակետեր տեղադրել այդ կետերում, որտեղ թարմ ձիերը մշտապես պատրաստ են սրընթաց տեղափոխել իրենց հեծյալներին դեպի հյուսիս՝ Ռոհան, և հարավ՝ Բելֆալաս։
 
— Վաղուցվանից դրանք չէին վառվել,— ասաց Գենդալֆը։ — Հնագույն ժամանակներում դրանց կարիքը չկար, քանի որ գոնդորցիներին էին պատկանում Յոթ Քարերը։
 
Փիփինն անհանգիստ շարժվեց։
 
— Քնիր, ոչնչից մի վախեցիր,— ասաց Գենդալֆը։ — Դու Մորդոր չես գնում՝ ինչպես Ֆրոդոն, այլ Մինաս Թիրիթ, որտեղ հուսալի պաշտպանված կլինես՝ հուսալի այնքան, որքան առհասարակ հնարավոր է մեր օրերում։ Եթե Գոնդորն ընկնի կամ Մատանին հափշտակվի, Հոբիթստանը հուսալի ապաստան չի դառնա։
 
— Մխիթարեցիր, խոսք չկա,— փնթփնթաց Փիփինը։
 
Բայց և այնպես քունը պարուրեց նրան, և վերջինը, որ մնաց նրա հիշողության մեջ, Սպիտակ Լեռների գագաթներն էին՝ լուսնի լույսից փայլփլուն, ինչպես լողացող կղզիներ ամպերի ծովում։ Հոբիթը մտածեց Ֆրոդոյի մասին։ Տեսնես որտե՞ղ է նա։ Հասե՞լ է արդյոք Մորդոր։ Ո՞ղջ է արդյոք։ Փիփինը չգիտեր, որ Ֆրոդոն նույնպես հեռավոր հեռուներից այդ պահին նայում է այդ նույն լուսնին, որ լուսաբացից առաջ լողում էր Գոնդորի գլխին։
 
Հոբիթն արթնացավ անծանոթ ձայներից։ Անցել էր ևս մեկ օր՝ ցերեկը՝ թաքստոցում, և գիշերը՝ ճանապարհին։ Նորից կիսամութ էր․ մոտենում էր սառնաշունչ լուսաբացը, և նրանց պարուրել էր սառն ու խոնավ մառախուղը։ Լուսաչը կանգնած էր ամբողջությամբ քրտինքի մեջ կորած, բայց հպարտ, պարանոցը բարձր պահած, և հոգնածության ոչ մի նշան ցույց չէր տալիս։ Դիմացը բարձրահասակ, երկար թիկնոցներով մարդիկ էին հավաքվել, իսկ նրանց հետևում, մշուշի մեջ, քարե պատ էր ուրվագծվում։ Որոշ տեղերում այն ավերված էր, բայց, չնայած վաղորդյան ժամին, մշուշի միջից լսվում էին հապճեպ կատարվող աշխատանքի ձայներ՝ զարկում էին մուրճերը, խշշում բահերը և ճռռում անիվները։ Այստեղ և այնտեղ աղոտ վառվում էին ջահեր ու կրակներ։ Գենդալֆը խոսում էր իրենց ճանապարհը փակող մարդկանց հետ և, լսողությունը լարելով, Փիփինը հասկացավ, որ քննարկում են իրեն։
 
— Քեզ մենք ճանաչում ենք, Միթրանդիր,— ասում էր նրանցից մեկը, հավանաբար նրանց գլխավորը։ — Դու գիտես Յոթ դարպասների գաղտնաբառը և կարող ես անցնել։ Բայց քո ուղեկցին մենք չգիտենք։ Ո՞վ է նա, թզո՞ւկ հյուսիսային լեռներից։ Հիմա ծանր ժամանակներ են, և մենք օտարների ներս չենք թողնում, բացառությամբ, երևի, հաղթանդամ ու քաջ ռազմիկների, որոնցից կարելի է օգնություն սպասել։
 
— Ես կերաշխավորեմ նրա համար Դենեթորի գահի առջև,— պատասխանեց Գենդալֆը։ — Ինչ վերաբերում է քաջությանը, ապա այն հասակով չի չափվում։ Նա ավելի շատ մարտերի ու վտանգների միջով է անցել, քան դու, Ինգոլդ, թեպետ դու երկու անգամ բարձր ես նրանից։ Նա իր մասնակցությունն է ունեցել Իզենգարդի պաշարմանը, որի մասին արդեն լսել եք, և մենք ձեզ լուրեր ենք բերում այնտեղից։ Նա շատ հոգնած է, այլապես ես կարթնացնեի նրան։ Նրա անունը Փերեգրին է, և նա շատ խիզախ այր է։
 
— Ա՞յր,— կրկնեց Ինգոլդը, իսկ մյուսները ծիծաղեցին։
 
— Ա՛յր,— բացականչեց Փիփինը՝ վերջնականապես արթնանալով։ — Չէ՛ մի չէ, այր։ Ես հոբիթ եմ, իսկ ինչ վերաբերվում է խիզախությանը․․․ Ախր ինձանից ինչքան այր, այնքան էլ մարտիկ դուրս կգա, եթե, իհարկե, պատին դեմ չտան՝ էդ ժամանակ արդեն ստիպված կլինեմ կռվել։ Գենդալֆը, ախր, ձեր ականջներին թոզ է փչում։
 
— Խոսում ես ռազմիկին վայել, ինչ խոսք,— մտամոլոր ասաց Ինգոլդը։ — Շատ հզոր ռազմիկներ ավելի լավ չէին ներկայանա։ Իսկ ի՞նչ է նշանակում հոբիթ։
 
— Կոլոտիկ,— պատասխանեց Գենդալֆը։ — Ոչ, նրա մասին չէ խոսքը,— ավելացրեց նա,— տեսնելով մարդկանց դեմքերը պարուրող զարմանքը։ — Բայց նրանք ցեղակիցներ են։
 
— Եվ ուղեկիցներ,— ավելացրեց Փիփինը։ — Մեր ուղեկիցն էր նաև Բորոմիրը ձեր քաղաքից։ Նա փրկեց ինձ Հյուսիսի ձյուներից և ի վերջո ընկավ՝ պաշտպանելով ինձ թշնամու մի ամբողջ ջոկատից։
 
— Լռի՛ր ընդհատեց նրան Գենդալֆը։ — Որդու մահվան գույժը հարկ էր առաջինը հորը հայտնել։
 
— Այդ մասին այստեղ արդեն կռահել են,— ասաց Ինգոլդը։ — Քանզի վերջին օրերին մեզ խորհրդավոր նախանշաններ երևացին։ Բայց եթե այդպես է, արագացրեք, անցե՛ք։ Մինաս Թիրիթի տիրակալը ծարավի է խոսել յուրաքանչյուրի հետ, ով կբերի իր որդու մասին վերջին լուրերը՝ մարդ լինի նա, թե․․․
 
— Հոբիթ,— ավարտեց Փիփինը։ — Ես շատ բան չեմ կարող առաջարկել ձեր տիրակալին, բայց հանուն խիզախ Բորոմիրի ինչ որ կարող եմ՝ կանեմ։
 
— Բարի ճանապարհ,— ասաց Ինգոլդը, և մարդիկ բացեցին ճանապարհը։ Լուսաչն անցավ պատի մեջ բացված նեղ դարպասով։ — Օգնիր Դենեթորին այս կարիքի ժամին լավ խորհուրդներով, Միթրանդի՛ր, և մեզ բոլորիս նույնպես,— հետևից կանչեց Ինգոլդը։ — Թե չէ, ասում են, դու միայն գույժ ու տխուր լուրեր ես բերում։
 
— Որովհետև ես գալիս եմ հազվադեպ, բայց կարիքի ժամին,— պատասխանեց Գենդալֆը։ — Ինչ վերաբերում է խորհրդին, ապա կասեմ ձեզ, որ չափազանց ուշ եք սկսել վերականգնել Պելլենորյան պատը։ Մեծ փոթորիկ է մոտենում, և այժմ ձեզ կպաշտպանի միայն ձեր խիզախությունը և հույսը, որ ես եմ բերում։ Քանզի իմ բերած ոչ բոլոր լուրերն են չարագույժ։ Ցա՛ծ գցեք մուրճերը և զենքերը սրեք։
 
— Երեկոյան աշխատանքն ավարտված կլինի,— առարկեց Ինգոլդը։ — Սա վերջին հատվածն է և ոչ ամենակարևորը պաշտպանության համար, քանզի մյուս կողմում մեր բարեկամների՝ Ռոհանցիների հողերն են։ Դուք նրանցից լուր ունե՞ք։ Ի՞նչ ես կարծում, կպատասխանե՞ն մեր կանչին, կգա՞ն օգնության։
 
— Այո, կգան։ Բայց վերջին ժամանակներս նրանք շատ մարտեր են վարել ձեր թիկունքում, և այս ճանապարհն էլ, ինչպես մյուս բոլոր ճանապարհները, այլևս ապահով չէ։ Ուշադիր եղեք։ Եթե Գենդալֆ գույժաբեր ագռավը չլիներ, դուք հիմա կտեսնեիք, թե ինչպես են Անորիենի կողմից ներխուժում թշնամիների հրոսակները և ոչ մի ռոհանցի հեծյալ էլ չէիք տեսնի։ Թեպետ, ամեն ինչ դեռ առջևում է։ Մնա՛ք բարով և չտրվեք քնին։
 
Ռամաս Էքորի մյուս կողմում ընդարձակ հողեր էին սկսվում՝ գոնդորցիներն այդպես էին անվանում արտաքին պատը, որի կառուցման համար քիչ ջանքեր չէին թափել, և որը կառուցել էին Իթիլիենի Թշնամու ստվերում հայտնվելուց հետո։ Այդ պատը, որի երկարությունը կլիներ տասը լիգից ոչ պակաս, սկսվում էր լեռների ստորոտից, հեռանում, տարածվում և նորից գալիս միանում լեռներին՝ իր մեջ առնելով Պելլենորյան դաշտավայրը՝ նախալեռնային երկար լանջերի ու տեռասների վրա տարածված գեղատեսիլ ու բերքառատ հողատարածքները, որոնք իջնում էին մինչև Անդուինի ստորին մակարդակները։ Քաղաքի գլխավոր դարպասից մինչև պատի ամենահեռավոր, հյուսիս արևելյան հատվածը կլիներ չորս լիգ, և այդ հատվածում պատը բարձրանում էր, լայնանում ու մագլցում գետի հարթավայրին նայող և ուղղաբերձ կտրվածքով ընդհատվող մռայլ ժայռի գլուխը՝ պահպանելով տակը կառուցված հողապատնեշը, որի վրայով պահապան աշտարակներով ամրացված դարպասի միջով անցնում էր Օսգիլիաթի ծանծաղուտներից ու կամուրջներից դեպի Մինաս Թիրիթ ձգվող ճանապարհը։ Հարավ արևելքում պատն ընդամենը մեկ լիգ էր հեռու քաղաքից։ Այնտեղ Անդուինը լայն աղեղով շրջանցում էր Էմին Արնենի լեռները հարավային Իթիլիենում և կտրուկ թեքվում արևմուտք, և պատն էլ այնտեղ ձգվում էր հենց գետի երկայնքով։ Պատից այն կողմ ափամերձ կայաններ էին ու Հարլոնդի նավահանգիստը, որտեղ կայանում էին հարավային շրջաններից գետի հոսանքով վեր ժամանած նավերը։
 
Գահանիստ քաղաքի շրջակա բնակավայրերը թաղված էին փարթամ կանաչի մեջ, մշակված էին և հարուստ պտղատու այգիներով, տնտեսությունների բակերում ամբարներ կային, գայլուկի չորանոցներ, փարախներ ու գոմեր, և կանաչի միջով բարձրադիր վայրերից դեպի Անդուին էին վազում բազմաթիվ առուներ ու գետակներ։ Սակայն տեղի բնակչությունը՝ մշակներն ու հովիվները, սակավաթիվ էին․ գոնդորցիների հիմնական մասն ապրում էր քաղաքի յոթ օղակների ներսում և Լոսարնախի լեռնային բարձրադիր հովիտներում ու ավելի հարավ՝ հրաշագեղ Լեբենինում իր հինգ արագահոս գետերով։ Այնտեղ, լեռների ու ծովի միջև, տոկուն ժողովուրդ էր ապրում։ Նրանց համարում էին գոնդորցիներ բայց նրանց արյունը խառնված էր, և նրանց մեջ շատ էին հանդիպում կարճահասակ ու թուխ մարդիկ, որոնց նախնիները սերում էին լեռների ստվերներում բնակվող մոռացված ժողովրդից, որոնք ապրում էին այնտեղ Մութ Տարիներին՝ մինչև թագավորների գալուստը։ Իսկ ավելի հեռու՝ Բելֆալասի շրջանում, ծովափնյա իր ամրոցում, Դոլ Ամրոթում, ապրում էր ազնվատոհմ իշխան Իմրահիլը և իր ժողովուրդը՝ բարձրահասակ ու հպարտ մարդիկ, մոխրագույն՝ ինչպես ծովը, աչքերով։
 
Մինչ Գենդալֆն ընթանում էր դեպի քաղաքը, երկինքը լուսավորվեց ցերեկային լույսով, և Փիփինը, վեր կենալով, նայեց շուրջը։ Նրանից ձախ փռված էր մշուշի ծովը, որը հեռվում, արևելքում, վերածվում էր մռայլ ստվերի, իսկ աջ կողմում դեպի արևմուտք ձգվող Էրեդ Նիմրիսի հսկա լեռնաշղթան էր, որը վերջանում էր ուղղաբերձ կտրվածքով՝ այնքան կտրուկ, ասես աշխարհի ստեղծման օրերին մի մեծ գետ ճեղքել անցել էր հսկա պատնեշը՝ ձևավորելով հսկայական մի հովիտ՝ որին վիճակված էր դառնալ ապագա ճակատամարտերի և վիճարկումների վայր։ Եվ այնտեղ, որտեղ վերջանում էին Էրեդ Նիմրիսի Սպիտակ լեռները, Փիփինը տեսավ, ինչպես և խոստացել էր Գենդալֆը, Մինդոլլուին լեռան մութ զանգվածը՝ լուսաբացի շողերից ճերմակին տվող հպարտ գլխով, որ վեր էր հառնում բարձրադիր կիրճերի մուգ մանուշակագույն ստվերներից։ Իսկ նրա դուրս ցցված ելուստ ծնկների վրա բազմած էր հզոր, պաշտպանված մի քաղաք իր յոթ քարե պարիսպներով՝ այնքան հինավուրց և ամրակուռ, որ թվում էր՝ ոչ թե մարդիկ են կառուցել, այլ հսկաներն են կերտել հողի ոսկորներից։
 
Փիփինը զարմացած նայում էր, թե ինչպես են լույսը բացվելու հետ մոխրագույն պարիսպները ճերմակում, ապա վարդագունում, և հանկարծ արևը դուրս եկավ արևելքի ստվերներից ու իր վառ շողերը սփռեց քաղաքի քարե դեմքին։ Եվ Փիփինը հիացած ճչաց, որովհետև ամենավերին քարե օղակը պսակող Էքթելիոնի աշտարակը շողշողաց, ինչպես մարգարտազարդ արծաթե սրաձող՝ բարձր, սլացիկ ու գեղեցիկ, բյուրեղապակու պես հուրհրատող ծայրակալով։ Ատամնավոր պարսպի հրակնատներում առավոտյան քամուց ծածանվեցին ճերմակ զինադրոշները, և հեռու հեռվում բարձր երգեցին արծաթե շեփորները։
 
Այդպես, առավոտյան արևի շողերի հետ, Գենդալֆն ու Փերեգրինը հասան Գոնդորի գահաքաղաքի Մեծ Դարպասին, և երկաթե դռները բացվեցին նրանց առջև։
 
— Միթրանդի՛ր, Մինթրանդի՛ր,— կանչեցին մարդիկ։ — Նշանակում է, փոթորիկն իսկապես մոտ է։
 
— Այն արդեն այստեղ է,— պատասխանեց Գենդալֆը։ — Ես եկել եմ նրա թևերով։ Ճանապարհ տվե՛ք, ես պետք է ներկայանամ ձեր տիրակալ Դենեթորի գահին, քանի դեռ նա է այստեղ կառավարում, քանզի ինչպես էլ ընթանան դեպքերը, Գոնդորն այլևս նախկինը չի լինելու։ Ճանապա՛րհ։
 
Հրաշագործի տիրական ձայնը ստիպեց մարդկանց շտապ հետ քաշվել ու բացել ճանապարհը, և այլևս հարցեր չէին տալիս, թեև ապշահար նայում էին առջևում նստած հոբիթին ու վեհաշուք ձիուն, որ տանում էր նրանց։ Քաղաքի բնակիչները ձիերից չէին օգտվում, և բացառության կարգով փողոցներում երբեմն հանդիպող հեծյալները, որպես կանոն, լրաբեր սուրհանդակներ էին։ Լսվում էին խոսակցություններ․ «Այս նժույգը հաստատ Ռոհանի թագավորի ազնվացեղ երիվարներից մեկն է։ մի՞թե Ռոհիրիմները գալու են մեզ օգնության»։ Իսկ Լուսաչը հպարտ բարձրանում էր երկար, ոլորուն ճանապարհով։
 
Քանզի Մինաս Թիրիթը կառուցված էր յոթ մակարդակների վրա, որոնք մխրճված էին լեռան մեջ ու շրջապատված պարիսպներով, և ամեն մակարդակն իր դարպասն ուներ։ Բայց դարպասները մի գծի վրա չէին․ Մեծ Դարպասը գտնվում էր արևելյան կողմում, երկրորդը բացվում էր դեպի հարավ արևելք, երրորդը՝ հյուսիս, ու այդպես մինչև ամանավերին մակարդակը, այնպես որ միջնաբերդ տանող սալարկված ճանապարհը բարձրանում էր գալարներով՝ տանելով լեռան մեկ մի կողմը, մեկ՝ մյուս։ Եվ ամեն անգամ հատելով Մեծ Դարպասի գիծը, այն անցնում էր կամարակապ թունելի միջով՝ փորված մի հսկայական ժայռի մեջ, որը երկու մասի էր բաժանում քաղաքի բոլոր մակարդակ օղակները, բացի՝ առաջինից։ Մասամբ ի շնորհիվ ստեղծման օրից տրված տեսքի, մասամբ էլ հինավուրց վարպետների աշխատանքի արդյունքում այն վեր էր հառնում ներքին հրապարակից, Դարպասի հետնամասում, սուր, ինչպես նավախելը, և ուղղված էր դեպի արևելք։ Այդ ժայռ աշտարակը բարձրանում էր մինչև յոթերորդ մակարդակ և պսակված էր ատամնավոր պատով, որի հետևից միջնաբերդում գտնվողները, ինչպես լեռնային նավի ծովայիններ, կարողանում էին բարձունքից տեսնել յոթ հարյուր ֆուտ ներքևում գտնվող Դարպասը։ Միջնաբերդի մուտքը նույնպես նայում էր արևելք և փորված էր հենց ժայռի սրտում․ մուտքից ջահերով լուսավորված երկար անցում էր սկսվում և ժայռի միջով տանում էր դեպի Յոթերորդ Դարպաս։ Եվ միայն այդ ճանապարհով կարելի էր հասնել արքայական միջնաբերդի բակ ու Շատրվանի Հրապարակը, որը գտնվում էր Ճերմակ Աշտարակի ստորոտում․ բարձր ու խրոխտ այդ կառույցի ստորոտից մինչև ծայրը մոտ հիսուն սաժեն էր, որտեղ, դաշտավայրից հազար ոտնաչափ բարձրության վրա, ծածանվում էր փոխարքաների զինադրոշը։
 
Դա իսկապես հզոր ամրոց էր, անառիկ ու անմատչելի թշնամական բանակների համար, քանի դեռ ներսում զենք բռնելու ունակ պաշտպաններ կային՝ եթե իհարկե որևէ հակառակորդ չհարվածեր թիկունքից՝ մագլցելով զառիվեր Մինդոլուինի ստորին լանջերը և անցնելով նեղ պարանոցի վրայով, որը կապում էր Պահապան Սարը գլխավոր լեռնազանգվածին։ Բայց այդ պարանոցը, որի բարձրությունը հասնում էր մինչև հինգերորդ մակարդակ, պաշտպանված էր հզոր հենապատերով, ընդհուպ մինչև անդունդը՝ կախված նրա արևմտյան ծայրին․ և այդ տարածքում էին գտնվում անցած արքաների ու իշխանների գմբեթավոր տուն դամբարանները՝ հավերժ լուռ ու մունջ, լեռան ու ամրոցի միջև։
 
Փիփինն աճող զարմանքով ու հիացմունքով նայում էր հոյակերտ քարե քաղաքին․ նման բան նա նույնիսկ երազում չէր տեսել, Իզենգարդն ի՜նչ էր որ սրա կողքին, ավելի գեղեցիկ էր սա, ավելի հզոր։ Բայց իրականում քաղաքն օր օրի անկում էր ապրում, և այժմ այնտեղ ապրում էր առաջվա բնակչության կեսը միայն։ Ամեն մի փողոցում նրանց հանդիպում էին լայնարձակ բակերով մեծ տներ, որոնց դռների և կամարաձև դարպասների վրա փորագրված էին տարօրինակ տեսքով հինավուրց գրեր․ Փիփինը կռահում էր, որ դրանք հայտնում են ժամանակին այդտեղ ապրած ազնվատոհմ տերերի մասին, և այնուհանդերձ այժմ տները դատարկ էին, լուռ, լայն բակերում քայլերի ձայներ չէին լսվում, դահլիճներում ոչ ոք չէր խոսում, և ոչ մի դեմք չէր երևում դռների բացվածքներից ու պատուհաններից։
 
Վերջապես նրանք դուրս եկան ստվերոտ անցումից Յոթերորդ Դարպասի մոտ, և տաք արևը, այն նույնը, որ շողում էր գետի այն կողմում ու ջերմացնում Ֆրոդոյին Իթիլիենում, հուրհրատեց հարթ պատերի և հզոր սյուների վրա ու լուսավորեց դարպասի բարձր կամարը՝ թագով պսակված գլխի նմանվող գլխաքարով։ Գենդալֆն իջավ ձիուց, որովհետև ձի հեծած միջնաբերդ չէին թողնում, և Լուսաչը, տիրոջ մեղմ խոսքը լսելով, թույլ տվեց, որ տանեն իրեն։
 
Դարպասի պահակները սև թիկնոցներով էին ու անսովոր ձև ունեցող բարձր սաղավարտներով՝ երկար, այտերը սերտորեն գրկած այտապաշտպաններով, որոնց վերևում ամրացված էին ծովային թռչունի թևեր, և բոցկլտում էին դրանք արծաթով, քանզի պատրաստվել էին միթրիլից հինավուրց ժամանակներում, Գոնդորի փառքի տարիներին։ Թիկնոցների վրա ծաղկած ճերմակ ծառ էր ասեղնագործված, իսկ ծառի գլխին արծաթե թագ ու բազմաճառագայթ աստղեր։ Էլենդիլի ժառանգների մարտական այդ հանդերձանքն այժմ ամբողջ Գոնդորում կրում էին միայն միջնաբերդի պահակները, որոնք պահպանում էին Շատրվանի հրապարակը, ուր մի ժամանակ ծաղկում էր Սպիտակ Ծառը։
 
Ըստ երևույթին նրանց գալստյան լուրն իրենցից առաջ էր ընկել, քանի որ ներս թողեցին անմիջապես և առանց հարցեր տալու, և Գենդալֆն արագ անցավ ճերմակ սալիկներով սալարկված բակը։ Այստեղ, առավոտյան արևի տակ, վառ կանաչով շրջապատված, կայծկլտում էր շատրվանը, իսկ ավազանի վերևում քարացել էր չորացած, մեռած ծառը․ ջրի կաթիլները տխուր թափվում էին նրա անշունչ, կոտրված ճյուղերից՝ կրկին վերադառնալով ավազան։
 
Գենդալֆի հետևից շտապող Փիփինն արագ հայացք գցեց ծառի վրա ու մտածեց, թե ինչ տխուր տեսք ունի այն, և նրան հետաքրքրեց, թե ինչու են այդ ծառը թողել այստեղ, որտեղ մնացած ամեն ինչն այդքան խնամված է։
 
Յոթ աստղ և յոթ քար և մեծ սպիտակ ծառ․․․
 
Նա հիշեց այդ խոսքերը, որ Գենդալֆը ճանապարհին մրթմրթում էր քթի տակ։ Ապա հայտնվեց փայլող աշտարակի տակ գտնվող մեծ սրահի դռների մոտ և հրաշագործի հետևից անցնելով բարձրահասակ ու լուռ դռնապանների մոտով, մտավ սառը, արձագանքող կիսախավար։ Նրանք քայլեցին երկար, դատարկ միջանցքով, և Գենդալֆն սկսեց ցածրաձայն ցուցումներ տալ Հոբիթին․
 
— Լեզուդ փակի տակ կպահես, պարոն Փերեգրին, հիմա հոբիթական շաղակրատանքների ժամանակը չէ։ Սա քեզ համար բարեհոգի Թեոդենը չէ։ Դենեթորը բոլորովին այլ բնավորության տեր մարդ է՝ հպարտ է, խորամանկ, ավելի անզվատոհմ ու ավելի մեծ զորության տեր, չնայած թագավոր չի համարվում։ Խոսելու է ավելի շատ քեզ հետ և մանրամասն հարցաքննելու է, որ դուրս կորզի այն ամենը, ինչ դու գիտես իր որդի Բորոմիրի մասին։ Նա շատ, թերևս, չափազանց շատ էր սիրում իր մեծ որդուն, և, հնարավոր է, նաև այն պատճառով, որ իրեն նման չէր։ Բայց նա կօգտվի այդ սիրուց և կթաքնվի դրա քողի տակ, քանի որ հասկանում է, որ քեզանից ավելի շատ բան կիմանա, քան՝ ինձանից։ Ավելորդ ոչ մի բառ չխոսես և ոչ մի դեպքում չպատմես Ֆրոդոյի հանձնարարության մասին։ Ես ինքս այդ մասին կասեմ իր ժամանակին։ Եվ փորձիր հնարավորինս քիչ հիշել Արագորնի մասին։
 
— Բայց ինչու՞, Պանդուխտն ի՞նչով է վատը, զարմացած շշնջաց Փիփինը։ — Ախր նա էլ էր էստեղ գալիս, էդպես չէ՞․ մեկ է, շուտով տեղ կհասնի։
 
— Գուցե և կհասնի,— ասաց Գենդալֆը։ — Բայց թե որտեղից կգա և ինչպես կհասնի՝ ոչ ոք չգիտե, նույնիսկ Դենեթորը։ Ու ոչ էլ թող իմանա, այդպես ավելի լավ կլինի։ Ամեն դեպքում մենք չէ, որ պետք է հայտնենք նրա գալստյան մասին։
 
Հրաշագործը կանգ առավ բարձր, հղկված մետաղյա դռների դիմաց և ավելացրեց․
 
— Հիմա այլևս ժամանակ չկա ներկայացնելու քեզ Գոնդորի պատմությունը, հարգելիդ իմ Փիփին, թեպետ լավ կլիներ Հոբիթստանի անտառներում անիմաստ թափառելու և թռչունների բները քանդելու փոխարեն գոնե մի քիչ կարդացած լինեիր։ Արա այնպես, ինչպես որ ասում եմ։ Ու ինքդ դատիր․ ճիշտ կլինի՞ արդյոք հայտնել տիրակալին իր ժառանգի մահվան լուրն ու միաժամանակ ասել, որ գիտես, քո տիրակալության վերջը եկել է, շուտով օրինական թագավորն այստեղ կլինի։ Հասկացա՞ր։
 
— Օրինական թագավո՞րը,— զարմացավ Փիփինը։
 
— Այո՛,— կտրեց Գենդալֆը։ — Հերի՛ք է փակ ականջներով ու ննջող գլխով թափառես, արթնացի՛ր վերջապես։
 
Եվ հրաշագործը դուռը թակեց։
 
Դռները բացվեցին ասես իրենք իրենց, որովհետև ոչ ոք չերևաց, և Փիփինը մի հսկայական սրահ տեսավ։ Այն լուսավորվում էր կողմնային պատերի վրա փորված լայն ու խորունկ պատուհաններից, որոնք գտնվում էին տանիքը պահող բարձր, ամբողջական սև մարմարից պատրաստված սյուների հետևում։ Սյունագլուխներին քանդակված էին տերևներ և արտասովոր կենդանիների դեմքեր, իսկ դրանց վերևում ստվերի մեջ թաղված առաստաղի գունազարդ խճանկարներով հսկայական կամարները խամր ոսկու փայլ էին արձակում։ Այդ երկար, հանդիսավոր սրահում ոչ վարագույրներ կային, ոչ գորգեր, ոչ էլ փայտյա իրեր կամ կահույք՝ միայն հսկա քարե արձաններ՝ լուռ կանգնած սյուների արանքում։
 
Եվ Փիփինը հանկարծ հիշեց Արգոնաթի հսկաներին ու երկյուղով համակվեց, նայելով վաղուց մեռած այդ արքաների երկար շարքերին։ Սրահի խորքում, բազմաթիվ աստիճաններով գահավորակի վրա, թագով պսակված սաղավարտի տեսքով մարմարե ամպահովանու տակ, դրված էր բարձր գահը, իսկ հետևում պատի վրա փորագրված ու թանկագին քարերով զարդարված փորագրանկար էր՝ ծաղկած ծառի տեսքով։ Բայց գահը դատարկ էր։ Գահավորակի ամենաստորին աստճանին սև, առանց զարդերի քարե աթոռին նստած էր մի ծերունի՝ հայացքը հառած գետնին, ձեռքին՝ ոսկե գլխով ճերմակ գավազան։ Երբ հյուրերը հայտնվեցին, նա ոչ շարժվեց, ոչ էլ կոպերը բարձրացրեց։ Հրաշագործն ու հոբիթը մոտեցան ու կանգ առան նրա աթոռից երեք քայլ հեռավորության վրա։ Եվ Գենդալֆը խոսեց։
 
— Ողջույն քեզ, Գոնդորի տիրակալ և փոխարքա Դենեթոր, Էքթելիոնի որդի։ Լուրերով ու խորհրդով եմ եկել քեզ մոտ այս սև ժամին։
 
Ծերունին բարձրացրեց աչքերը։ Փիփինը տեսավ նրա հպարտ, ոսկրոտ, ասես քանդակված դեմքը՝ խստաշունչ, փղոսկրագույն մաշկով և երկար կեռ քթով խորը, մուգ աչքերի արանքում։ Բայց այդ դեմքը նրան հիշեցրեց ոչ այքան Բորոմիրին, որքան Արագորնին։
 
— Ժամն իսկապես սև է,— պատասխանեց վերջինս։ — Սակայն դու միշտ էլ այդպիսի ժամերի ես գալիս, Միթրանդի՛ր։ Ու թեպետ բոլոր նշանները գուժում են Գոնդորի մոտալուտ կործանումը, այդ մթությունն այժմ ինձ համար ավելի լուսավոր է, քան իմ սեփական խավարը։ Ինձ ասացին, որ հետդ բերել ես մեկին, ով տեսել է որդուս մահը։ Այդ նա՞ է։
 
— Այո, նա է,— պատասխանեց Գենդալֆը։ — Երկուսից մեկը։ Մյուսը Թեոդեն Ռոհանեցու հետ է, և հավանաբար նույնպես շուտով այստեղ կլինի։ Երկուսն էլ կոլոտիկ են, բայց մարգարեության խոսքերը նրանց մասին չէին։
 
— Եվ այնուամենայնիվ կոլոտիկ է,— մռայլ ասաց Դենեթորը։ — Ցավ է պատճառում այդ բառն իմ հոգուն այն պահից սկսած, ինչ այդ անիծյալ մարգարեությունը խաթարեց մեր խորհրդի հանգիստը և որդուս մղեց խելահեղ ճանապարհորդության, որտեղ նա գտավ իր մահը։ Իմ Բորոմիր․․․ Որքա՜ն շատ ունենք մենք քո կարիքը հիմա։ Ոչ թե նա, այլ Ֆարամիրը պետք է գնար նրա փոխարեն։
 
— Եվ նա ուրախությամբ կգնար,— ասաց Գենդալֆը։ — Վշտիդ մեջ անարդար մի եղիր։ Բորոմիրն ինքը ցանկացավ գնալ և չվստահեց այդ գործը նույնիսկ եղբորը։ Նա առարկություններ լսել չէր սիրում, տիրական բնավորություն ուներ և կարողանում էր ստանալ այն, ինչ ուզում էր։ Ես շատ լիգեր եմ նրա հետ ոտքի տակ տվել և հասցրել եմ ծանոթանալ նրա բնավորությանը։ Բայց դու խոսում ես նրա զոհվելու մասին․ նշանակում է այդ լուրն ավելի շուտ է այստեղ հասել, քան մե՞նք։
 
— Ահա՛, սա է ինձ մոտ վերադարձել,— ասաց Դենեթորը և, մի կողմ դնելով գավազանը, բարձրացրեց ծնկներին դրված իրը, որին նայում էր գրեթե ամբողջ ժամանակ։ Նա ամեն ձեռքին բռնել էր մեջտեղից կիսված մեծ, վայրի ցուլի եղջյուրից պատրաստված և արծաթով դրվագված եղջերափողի մի մասը։
 
— Բորոմիրի եղջերափո՜ղը, դրանից նա երբեք չէր բաժանվում,— բացականչեց Փիփինը։
 
— Իրավացի ես,— հաստատեց Դենեթորը։ — Իսկ նրանից առաջ ես էի այն կրում, ինչպես և մեր տոհմի բոլոր ավագ որդիները,
սկսած այն հեռավոր ժամանակներից, երբ թագավորները դեռևս չէին անհետացել, Երբ Վորոնդիլը՝ Մարդիլի հայրը, հեռավոր Ռունի դաշտերում Արայան ցուլ որսալու էր գնացել։ Տասներեք օր առաջ ես լսեցի նրա խուլ կանչը հյուսիսային սահմանների կողմից, և ահա Մեծ Գետը վերադարձրեց այն ինձ՝ երկու մասի բաժանված։ Այլևս չի լսվի նրա ձայնը։ — Դենեթորն ավարտեց, և ծանր լռություն տիրեց։ Հետո հանկարծ նա իր մռայլ հայացքը դարձրեց Փիփինին։ — Դու ի՞նչ կասես սրա մասին, կոլոտիկ։
 
— Տասներեք օր․․․ Տասներեք,— քրթմնջաց վերջինս։ — Այո, թերևս, այդքան։ Ես կանգնած էի նրա կողքին, երբ նա փչեց եղջերափողը։ Բայց օգնություն չեկավ, միայն՝ նոր օրքեր։
 
— Ահա թե ինչ,— ասաց Դենեթորը,— սևեռուն նայելով Փիփինի դեմքին։ — Ասում ես՝ նրա կողքի՞ն կանգնած էիր։ Պատմիր ինձ ավելին։ Ինչու՞ օգնություն չեկավ։ Եվ այդ ինչպե՞ս դու կարողացար փրկվել, իսկ նա՝ ոչ, նա, ով հզոր ու քաջարի ռազմիկ էր, ում առջև ընդամենը օրքեր էին։
 
Փիփինը կարմրեց և մոռացավ վախի մասին։
 
— Նույնիսկ ամենահզոր ռազմիկին էլ կարելի է սպանել ընդամենը մեկ նետով,— ասաց նա։ — Իսկ Բորոմիրին խոցած նետերը բազմաթիվ էին։ Երբ ես տեսա նրան վերջին անգամ, նա ծնկի էր իջել ծառի մոտ ու փորձում էր կողքից դուրս քաշել սևափետուր նետը։ Հետո ես անգիտակից ընկա, և ինձ գերի վերցրին։ Այլևս ոչինչ չեմ տեսել ու այլևս ոչինչ չգիտեմ։ Բայց ես հարգում եմ նրա հիշատակը, որովհետև նա շատ խիզախ էր։ Նա զոհվեց, որ փրկի մեզ՝ ինձ և իմ բարեկամ Մերիադոկին Սև Տիրակալի անտառում դարանակալած զինվորներից։ Ու թեև նա ընկավ և չփրկեց մեզ, միևնույնն է՝ ես նրան երախտապարտ եմ։
 
Այնուհետև Փիփինը նայեց ուղիղ ծերունու տիրական աչքերի մեջ, որովհետև նրա ձայնի սառը, ծաղրական ու կասկածով լի տոնից հոբիթի մեջ անհասկանալի հպարտություն արթնացավ։
 
— Դե, մարդկանց հզոր տիրակալի համար իմ ծառայություն ի՜նչ արժեք կարող է ունենալ, տեսար դու, ինչ որ կոլոտիկ Հյուսիսային երկրամասից, բայց ամեն դեպքում, պարտքս հատուցելու համար ինչ որ կարող եմ առաջարկել՝ կառաջարկեմ։
 
Նա թիկնոցի փեշը մի կողմ քաշեց, պատյանից հանեց փոքրիկ թուրը և դրեց Դենեթորի ոտքերի տակ։
 
Գունատ ժպիտ անցավ ծերունու դեմքի վրայով՝ ինչպես սառը արևի փայլը ձմռան երեկոյան։ Նա կախեց գլուխը, մի կողմ դրեց եղջերափողի կտորները և մեկնեց ձեռքը։
 
— Տուր ինձ թուրդ,— ասաց նա։
 
Փիփինը բարձրացրեց թուրը և, բռնակն առաջ պահած, մեկնեց նրան։
 
— Որտեղի՞ց է սա քեզ,— հարցրեց Դենեթորը։ — Այս պողպատը շատ-շատ հին է։ Մի՞թե սա այն թրերից է, որ անհիշելի ժամանակներում կռում էին մեր հյուսիսային ազգականները։
 
— Այն գտնվել է իմ երկրին սահմանամերձ գերեզմանոցից,— պատասխանեց Փիփինը։ — Բայց հիմա այնտեղ միայն չար հոգեառներ են բնակվում, իսկ նրանց մասին ես ավելի լավ է չհիշեմ։
 
— Տեսնում եմ, արտասովոր շատ ասույթներ են քո մեջ իրականացել,— ասաց Դենեթորը։ — Իզուր չեն ասում՝ մարդուն մի հայացքով չես ճանաչի, կոլոտիկին՝ առավել ևս։ Ընդունում եմ քո ծառայությունը։ Քեզ այդքան հեշտ բառերով չես վախեցնի, և խոսքդ էլ քաղաքավարի է, ինչքան էլ որ այն տարօրինակ հնչի մեր՝ հարավցիներիս ականջին։ Իսկ գալիք օրերին մեզ անհրաժեշտ կլինի բոլոր քաղաքավարի մարդկանց օգնությունը, մեծ լինեն նրանք, թե՝ փոքր։ Իսկ հիմա երդվի՛ր։
 
— Բռնիր թրի բռնակից,— կարգադրեց Գենդալֆը։ — Եվ կրկնիր տիրակալի հետևից երդման բառերը, եթե հաստատ ես որոշմանդ մեջ։
 
— Հաստատ եմ,— ասաց Փիփինը։
 
Ծերունին թուրը դրեց ծնկներին և Փիփինը, բռնելով թրի բռնակից, դանդաղ կրկնեց Դենեթորի հետևից․
 
— Այստեղ և հիմա երդվում եմ ես հավատարիմ ծառայել Գոնդորին, ինչպես նաև նրա տիրակալին և փոխարքային, նրա հրամանով խոսել և լռել, կատարել և թույլ տալ լինել, գալ և գնալ, կարիքի մեջ, թե լիության, խաղաղության ժամանակ, թե պատերազմի, ապրելու ժամանակ և թե մեռնելուց, այս ժամից ու այսուհետ, քանի դեռ տիրակալն ինձ չի ազատել, կամ մահն ինձ չի տարել, կամ աշխարհը չի կործանվել։ Սա ասում եմ ես՝ Փերեգրինը, Փալադինի որդին, հոբիթստանցի կոլոտիկը։
 
— Իսկ ես՝ Դենեթորը, Էքթելիոնի որդին, Գոնդորի տիրակալը, բարձրագույն արքային փոխարինողը, լսում և ընդունում եմ երդումդ և չեմ մոռանա այն ու չեմ ուշացնի հատուցումը՝ հավատարմության դիմաց սեր, արիության դիմաց պատիվ, երդմնազանցության դիմաց վրեժխնդրություն։
 
Եվ Փիփինը հետ ստացավ իր թուրն ու դրեց պատյանի մեջ։
 
— Իսկ հիմա,— ասաց Դենեթորը,— իմ առաջին հրամանը քեզ․ խոսիր ու ոչինչ մի թաքցնիր։ Պատմիր քո պատմությունը և աշխատիր հիշել ամեն բան, ինչ կապված է իմ որդու՝ Բորոմիր հետ։ Նստիր և սկսի՛ր։
 
Այդ ասելով նա հարվածեց արծաթե կոչնազանգին, որը դրված էր որպես ոտքերի հենարան ծառայող իշոտնուկի մոտ, և դռների երկու կողմերում գտնվող որմնախորշերից հայտնվեցին մինչ այդ անտեսանելի ծառաները։
 
— Գինի, ուտելիք և աթոռներ բերեք հյուրերի համար,— կարգադրեց Դենեթորը,— և հետևեք, որ մոտակա մեկ ժամը մեզ ոչ ոք չխանգարի։ Դրանից ավելին չեմ կարող ձեզ տրամադրել,— ասաց նա Գենդալֆին,— որովհետև ավելի անհետաձգելի գործեր կան, թեև դրանք այժմ ինձ համար պակաս կարևոր են թվում։ Եթե հաջողվի, երեկոյան ևս կզրուցենք։
 
— Հուսով եմ՝ ավելի վաղ,— ասաց Գենդալֆը։ — Քանզի ես քամու արագությամբ հարյուր հիսուն լիգ ճանապարհ եմ կտրել Իզենգարդից մինչև այստեղ ոչ միայն նրա համար, որ քեզ համար մեկ կարճլիկ զինվոր բերեմ, որքան էլ որ քաղաքավարի լինի նա։ Մի՞թե քեզ համար կարևոր չէ, որ Թեոդենը հաղթել է ծանր ճակատամարտում, Իզենգարդն ընկել է, և որ ես ջարդել եմ Սարումանի գավազանը։
 
— Իհարկե կարևոր է։ Բայց ես արդեն այդ մասին բավականաչափ տեղեկություն ունեմ, որպեսզի ինքս որոշեմ, թե ինչպես պաշտպանվեմ արևելյան սպառնալիքից։
 
Նա իր մութ հայացքը սևեռեց Գենդալֆի վրա, և Փիփինը հանկարծ նմանություն նկատեց այդ երկու տիրական ծերունիների միջև ու փոխադարձ լարվածություն զգաց․ ասես նրանց հայացքները ծխացող մոխիրներ լինեին՝ յուրաքանչյուր պահի բոցավառվելու պատրաստ։
 
Իրականում Դենեթորը շատ ավելի նման էր հզոր կախարդի, քան Գենդաֆը՝ առավել տիրական, առավել վսեմ, ավելի հպարտ և ավելի տարեց։ Սակայն ոչ թե տեսողությամբ, այլ մեկ այլ զգայարանով Փիփինը զգում էր, որ Գենդալֆը և՛ ավելի զորեղ է, և՛ ավելի իմաստուն, իսկ նրա իրական մեծություն առայժմ ծածկված է։ Եվ նա տարեց էր, շատ ավելի տարեց։ «Քանի՞ տարեկան է նա»,— մտածեց հոբիթը և հետո զարմացավ, թե ինչու նախկինում այդ մասին երբևէ չի մտածել։ Ծառմորուսն այն ժամանակ ինչ-որ բան էր պատմում հրաշագործներից, բայց դա կարծես բնավ էլ Գենդալֆի մասին չէր։ Ո՞վ է իրականում Գենդալֆը։ Ի՞նչ հինավուրց ժամանակներում ու ինչպե՞ս է նա հայտնվել Միջերկրում, և ե՞րբ է նրան վիճակված լքել այս աշխարհը։ Մտորումներից ուշքի գալով, Փիփինը նկատեց, որ որ Դենեթորն ու Գենդալֆը դեռևս նայում են միմյանց աչքերի մեջ՝ ասես կարդալով մեկմեկու մտքերը։ Առաջինը հայացքը դարձրեց Դենեթորը։
 
— Այո,— ասաց նա,— թեպետ ասում են՝ բոլոր Քարերը կորստյան են մատնվել, այնուամենայնիվ Գոնդորի տիրակալներն ավելի լավ տեսողություն ունեն, քան սովորական մարդիկ, և լուրերն էլ շատ ճանապարհներով են նրանց հասնում։ Իսկ հիմա նստե՛ք։
 
Սպասավորները բազկաթոռ, ցածր աթոռակ բերեցին և սկուտեղի վրա դրված արծաթե սափոր, գավաթներ ու սպիտակ հաց մատուցեցին։ Փիփինը նստեց, բայց չէր կարողանում հայացքը կտրել ծեր տիրակալից։ Իրե՞ն թվաց, թե՞ իսկապես այդպես էր, որ Քարերի մասին հիշելիս, Դենեթորը նայեց իրեն, և նրա աչքերը փայլեցին։
 
— Իսկ հիմա պատմիր պատմությունդ , իմ նորընծա հպատակ,— սիրալիր քմծիծաղով ասաց Դենեթորը։ — Քանզի ինձ համար մեծ արժեք ունեն նրա խոսքերը, ում հետ իմ որդին այդքան մտերիմ է եղել։
 
Փիփինը երբեք չէր մոռանում մեծ դահլիճում Գոնդորի տիրակալի խորաթափանց հայացքի տակ անցկացրած այդ երկար ու ձիգ մեկ ժամը, նրա խորամանկ ու վտանգավոր հարցերը և գիտակցումը, որ Գենդալֆը կողքին է, լսում է, հետևում ու (հոբիթը զգում էր այդ) հազիվ է զսպում աճող զայրույթն ու անհամբերությունը։ Երբ ժամը վերջացավ և Դենեթորը կրկին հնչեցրեց կոչնազանգը՝ Փիփինը հազիվ էր ոտքի վրա կանգնում։ «Հազիվ ժամը իննը լինի, ոչ ավել»,— մտածեց նա։ «Էհ, պատրաստ եմ երեք նախաճաշ ուտել»։
 
— Առաջնորդեք պատվարժան Միթրանդիրին իրեն համար նախատեսված բնակարանը,— ասաց Դենեթորը։ — Եվ նրա ուղեկիցն էլ կարող է առայժմ մնալ նրա հետ, եթե ցանկանում է։ Բայց թող հայտնի լինի, որ նա երդում է տվել ու անցել ինձ մոտ ծառայության․ կոչեք նրան Փերեգրին՝ Փալադինի որդի և սովորեցրեք նրան սկզբնական գաղտնաբառերը։ Եվ փոխանցեք զորահրամանատարներին, որ երրորդ ժամը վերջանալուն պես, որքան հնարավոր է արագ այստեղ գան։ Եվ դու, տեր իմ Միթրանդիր, նույնպես կարող ես գալ այդ ժամին, կամ երբ որ կուզես։ Ոչ ոք չի խանգարի քեզ այցելել ինձ ցանկացած ժամանակ, բացի իմ կարճ քնի ժամերից։ Մի բարկացիր ծերունական հիմարության վրա և վերադարձիր խորհրդով ու սփոփանքով։
 
— Ծերունական հիմարությա՞ն,— կրկնեց Գենդալֆը։ — Ոչ, իմ տիրակալ, դու ավելի շուտ կմեռնես, քան խելքդ կթռցնես։ Դու կարողանում ես նույնիսկ քո վիշտն օգտագործել որպես քողարկիչ միջոց։ Կարծում ես ես չե՞մ հասկանում, թե ինչ նպատակով մեկ ժամ անընդմեջ հարցաքննեցիր նրան, ով ամենից քիչը գիտե, թեև ես նստած էի կողքին։
 
— Դե, եթե հասկանում ես, ուրեմն պետք է գոհ լինես,— ասաց Դենեթորը։ — Կարիքի ժամին խորհուրդն ու օգնությունը հպարտությամբ արհամարհելը հիմարություն կլինի, բայց այդպիսի նվերներ անելիս դու միշտ քո սեփական, գաղտնի նպատակն ես հետապնդում։ Իսկ Գոնդորի տիրակալը չի կարող այլոց նպատակների գործիք դառնալ, որքան էլ որ ազնիվ լինեն նրանք։ Եվ չկա նրա համար աշխարհում ավելի բարձր նպատակ, քան Գոնդորի բարեկեցությունը։ Քանի դեռ չի վերադարձել նրա օրինական թագավորը, Գոնդորը ես եմ կառավարում, և ուրիշ ոչ ոք։
 
— Օրինական թագավո՞րը,— կրկնեց Գենդալֆը։ — Արդարացի նկատեցիր, պատվարժան կառավար, քո գործն է պահպանել թագավորությունը մինչև այն պահը, որին արդեն քչերն են սպասում։ Եվ այդ գործում քեզ կտրվի ամեն տեսակ օգնություն, ինչ որ կցանկանաս։ Բայց ահա թե ինչ կասեմ քեզ․ ես Գոնդորի տիրակալը չեմ և չեմ տիրում որևէ այլ երկրի, ոչ մեծ, ոչ փոքր։ Բայց այժմյան աշխարհում ես պատասխանատու եմ այն ամենի համար, ինչն արժանի է փրկության։ Եվ եթե գործը հասնի դրան և Գոնդորն անկում ապրի, ու խավար տիրի, միևնույնն է, ես կկատարեմ իմ պարտքը, եթե ինչ որ բան դեռ կարող է ծաղկել ու պտուղ տալ հանուն գալիք օրերի։ Քանզի ես նույնպես կառավար եմ, դու այդ չգիտե՞իր։
 
Այս ասելով, հրաշագործը շրջվեց և արագ քայլեց դեպի դահլիճի ելքը, իսկ Փիփինը վազեց նրա հետևից։
 
Հրաշագործը չէր նայում Փիփինի կողմը և ոչ մի բառ չխոսեց, մինչ նրանք գնում էին։ Առաջնորդող սպասավորը դուրս բերեց նրանց դահլիճից, հետո տարավ Շատրվանի հրապարակով ու դուրս բերեց բարձր, քարե տներով մի նրբանցք։ Մի քանի շրջադարձից հետո նրանք հասան միջնաբերդի հյուսիսային պատին մոտ գտնվող տանը՝ ոչ հեռու ամրոցն ու լեռն իրար կապող պարանոցից։ Լայն աստիճաններով փողոցից մեկ հարկ վերև բարձրանալով, նրանք հայտնվեցին խամր ոսկեփայլ և առանց նկարազարդումների երեսպատումով լուսավոր ու ընդարձակ մի սենյակում։ Այն շատ համեստ էր կահավորված՝ միայն ոչ մեծ մի սեղան, երկու աթոռ ու նստարան, բայց երկու կողմերում վարագուրված անկողնախորշեր կային՝ կոկիկ հարդարված անկողիններով, իսկ կողքներին՝ լվացվելու համար նախատեսված սափոր ու թաս։ Երեք բարձր ու նեղ պատուհանները նայում էին դեպի հյուսիս, Անդուինի դեռևս մեգով պատված լայն ոլորանին, որից այն կողմ Էմին Մուիլի լեռներն էին և հեռավոր Ռաուրոսը։ Փիփինը ստիպված եղավ բարձրանալ նստարանի վրա, որովհետև լայն ու խորունկ պատուհանագոգը խանգարում էր ինչ-որ բան տեսնել։
 
— Դու բարկացա՞ծ ես ինձ վրա, Գենդալֆ,— հարցրեց նա, երբ առաջնորդող սպասավորը դուրս գնաց։ — Ես արեցի հնարավոր ամեն ինչ։
 
— Արեցիր, ինչ խոսք, իսկապես արեցիր,— ասաց Գենդալֆն ու հանկարծ ծիծաղեց։ — Նա մոտեցավ հոբիթին, գրկեց նրա ուսերը և նայեց պատուհանից դուրս։ Փիփինը զարմացած նայեց հրաշագործի դեմքին․ մի՞թե այդ նա է ծիծաղում այսպես ուրախ ու անհոգ։ Ոչ, հրաշագործի դեմքը տխուր էր ու մտահոգ․ բայց, չնայած դրան, ուշադիր նայելով Փիփինը հասկացավ, որ մտահոգության այդ քողի տակ մեծ ուրախություն է քողարկված, այնքան մեծ, որ եթե դուրս հորդի, ապա բավական կլինի մի ամբողջ թագավորություն զվարճացնելու համար։
 
— Այո, իսկապես արեցիր հնարավորը,— կրկնեց հրաշագործը,— և ես հուսով եմ, որ քիչ ժամանակ չի անցնի, մինչև դու նորից կհայտնվես այդպիսի ծանր իրավիճակում, երկու սարսափազդու ծերուկների միջև։ Բայց և այնպես Գոնդորի տիրակալն իմացավ քեզանից ավելին, քան դու ենթադրում ես, Փիփին։ Դու չկարողացար թաքցնել այն փաստը, որ Բորոմիրը չէր ղեկավարում ձեր արշավը Մորիայից այս կողմ, այլ պատվարժան մի անձ, ով նունպես Մինաս Թիրիթ էր գալիս և հայտնի թուր էր կրում։ Գոնդորում մեծ նշանակություն են տալիս հին օրերի ավանդություններին, և Բորոմիրին ճանապարհելուց հետո Դենեթորը շատ է խորհել Գուշակության բառերի մասին, փորձելով հասկանալ, թե ինչ է Իսիլդուրի Նզովքը։
 
Նա բացառիկ մարդ է և նման չէ այժմյան մարդկանց, Փիփին, ովքեր էլ որ եղած լինեն նրա նախնիները, նրա երակներում նումենորցիների արյուն է հոսում և հոգով նա իսկական նումենորցի է, ինչպես և նրա կրտսեր որդին, ի տարբերություն Բորոմիրի, թեև վերջինիս նա ավելի շատ էր սիրում։ Նա հեռատես է ու խորաթափանց։ Կարող է կարդալ մարդկանց մտքերը, եթե լարի իր կամքը՝ նույնիսկ հեռավորության վրա։ Նրան խաբելը դժվար է, իսկ փորձելը՝ վտանգավոր։
 
Հիշիր այդ, որովհետև նրան ծառայելու երդում ես տվել։ Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց քո գլխում, երևի սիրտդ հուշեց, բայց ինչ որ արեցիր, լավ արեցիր։ Ես չխանգարեցի քեզ, որովհետև սրտաբուխ արարքը չի կարելի կասեցնել սթափ զգուշությամբ։ Դա հուզեց նրա սիրտը (չեմ վախենա այդ բառից) և բավականին զվարճացրեց։ Ամեն դեպքում այժմ դու կարող ես ազատ տեղաշարժվել Մինաս Թիրիթում՝ իհարկե, հերթապահությունից ազատ ժամանակ։ Բայց այդ ամենը երկու կողմ ունի․ այժմ դու նրա հպատկության տակ ես, և նա քո մասին չի մոռանա։ Ուշադի՛ր եղիր։
 
Նա լռեց ու հոգոց հանեց։
 
— Դե ինչ, կարիք չկա մտածելու, թե ինչ կլինի վաղը։ Նախ՝ վաղը հաստատ ավելի վատ է լինելու, քան այսօր, ու այդպես շատ օրեր։ Եվ ես այլևս ոչնչով չեմ կարող օգնել․ տախտակը դրված է, խաղաքարերը շարժվում են։ Միայն թե նրանցից մեկը՝ Ֆարամիրը, այժմ՝ Դենեթորի ժառանգը, առայժմ չի երևում։ Կարծում եմ, նա քաղաքում չէ, բայց ժամանակ չեմ ունեցել ճշտելու։ Ես պետք է գնամ, Փիփին։ Պետք է մասնակցեմ իշխանների խորդուրդին և իմանամ՝ ինչ որ հնարավոր է։ Խաղը վարում է Թշնամին և նա երկար չի սպասեցնի։ Ու կարծում եմ, որ այս խաղում զինվորները ոչնչով չեն զիջելու մնացած խաղաքարերին Փերեգրին, Փալադինի որդի, զինվոր Գոնդորի։ Թուրդ սրի՛ր։
 
Գենդալֆը գնաց դեպի դուռը ու նորից շրջվեց։
 
— Ես շտապում եմ Փիփին։ Ինձ մի լավություն արա․ երբ որ դուրս գնաս, գտիր Լուսաչին ու ստուգիր, թե ինչպես են նրան տեղավորել, եթե իհարկե չես պատրաստվում պառկել ու հանգստանալ։ Բայց ավելի լավ է գտնես նրան, հետո նոր հանգստանաս։ Ճիշտ է, գոնդորցիները լավ են վերաբերվում կենդանիներին, որովհետև բարի ու իմաստուն ժողովուրդ են, բայց նրանք ձի խնամելու փորձ չունեն, ի տարբերություն ոմանց։
 
Այս խոսքերով հրաշագործը դուրս եկավ, և նույն պահին միջնաբերդում լսվեց բարձր ու զրնգուն զանգի ղողանջը։ Երեք անգամ այն ղողանջեց, մաքուր, ինչպես արծաթը՝ ազդարարելով արևածագից հետո երրորդ ժամը։
 
Մեկ րոպե անց Փիփինն աստիճաններով ներքև իջավ, դուրս եկավ փողոց ու շուրջը նայեց։ Արևն այժմ շողում էր ջերմ ու պայծառ, և աշտարակներն ու բարձր տները երկար, հստակ ստվերներ էին գցում դեպի արևմուտք։ Բարձր, լազուր կապույտում փայլում էր Մինդոլուին լեռան ճերմակ սաղավարտն ու ձյունե թիկնոցը։ Զինված մարդիկ հետ ու առաջ էին անում քաղաքի փողոցներում՝ հավանաբար շտապում էին հանձնելու հերթափոխը։
 
— Մեր Հոբիթստանի ժամով հիմա ժամը ինն է,— ինքն իրեն ասաց Փիփինը։ — Գարու՜ն, արև,նստիր քեզ համար բաց պատուհանի մոտ ու համեղ նախաճաշ անուշ արա։ Հետաքրքրիր է, էստեղի ժողովուրդն առհասարակ նախաճաշու՞մ է։ Թե՞ արդեն ժամը անցել է։ Իսկ ե՞րբ կտրվի ճաշը և որտե՞ղ։
 
Շուտով նա նկատեց սև ու սպիտակ հագած մի մարդու, ով միջնաբերդի կողմից նեղ փողոցով գալիս էր իրեն ընդառաջ։ Վշտացած Փիփինը որոշեց մոտենալ ու խոսել նրա հետ, բայց նա ինքը մոտեցավ։
 
— Դու կոլոտիկ Փերեգրի՞նն ես,— տեղեկացավ նա։ — Ինձ ասել են, որ դու երդվել ես ծառայել մեր տիրակալին ու քաղաքին։ Բարի գալուստ։ — Նա մեկնեց ձեռքը, և Փիփինը սեղմեց այն։ — Ես Բերեգոնդն եմ, Բարանորի որդին։ Այս առավոտ ես ազատ եմ պարտականություններից, և ինձ ուղարկել են քեզ մոտ՝ փոխանցելու այսօրվա գաղտնաբառերն ու պատմելու այն բաների մասին, ինչը քեզ անկասկած կհետաքրքրի։ Իմ կողմից ես նույնպես կցանկանայի քեզանից շատ բան իմանալ, քանզի ամեն օր չէ, որ կոլոտիկ կտեսնես մեր կողմերում, իսկ եթե ավելի լուրջ, ապա ես առաջին անգամ եմ տեսնում, ու թեև մենք ականջի ծայրով լսել ենք ձեր գոյության մասին, սակայն մեր իմացած հեքիաթներում քիչ բան է խոսվում։ Բացի դրանից, դու Միթրանդիրի բարեկամն ես։ Դու նրան լա՞վ գիտես։
 
— Դե ոնց ասեմ,— սկսեց Փիփինը,— կարճատև կյանքիս ամբողջ ընթացքում լսել եմ նրա մասին, դե իսկ վերջին ժամանակներս էլ երկար ճանապարհ եմ անցել նրա հետ։ Բայց որ հարցնես,ոնց որ մի հաստ գրքից երկու էջ կարդացած լինեմ։ Թեպետ, ես նրան գիտեմ ոմանցից ոչ վատ։ Մեր ջոկատից երևի միայն Արագորնն էր իսկականից ճանաչում նրան։
 
— Արագո՞րնը,— հարցրեց Բերեգոնդը։ — Իսկ ո՞վ է նա։
 
— Ըմմ,— կակազեց Փիփինը,— դե, մի մարդ էր մեր ջոկատից, գալիս էր մեզ հետ։ Կարծում եմ, նա հիմա Ռոհանում է։
 
— Այո, ես լսել եմ, որ դուք Ռոհանից եք եկել։ Եվ այդ երկրի մասին էլ շատ կուզենայի քեզ հարցուփորձ անել, որովհետև եղած հույսի մեծ մասը նրանց վրա է դրված։ Սակայն ինձ կարգադրված է առաջին հերթին քո հարցերին պատասխանել։ Դե, ինչի՞ մասին ես ուզում իմանալ, պարոն Փերեգրին։
 
— Ըըը, ճիշտն ասած ինձ հիմա միայն մի հարց է տանջում,— ասաց Փիփինը։ — Ի՞նչ կասես նախաճաշի ու նման բաների մասին։ Նկատի ունեմ՝ ե՞րբ են ձեզ մոտ առհասարակ նախաճաշում, և որտե՞ղ է ճաշարանը, եթե կա էդպիսի տեղ։ Կամ ինչ-որ պանդոկ՝ ինչ-որ տեղ։ Ես բարձրանալու ճանապարհին նայում էի, բայց ոչ մի տեղ աչքովս չընկավ․ էնպես հույս ունեի մի կում գարեջուր խմել՝ ախր խուլ տեղում չեմ, այլ քաղաքում, այն էլ ինչպի՜սի քաղաքում։
 
Բերեգոնդը լրջորեն նրան նայեց։
 
— Միանգամից երևում է, որ փորձված մարտընկեր ես,— ասաց նա։ — Ասում են՝ արշավի գնացող մարտիկները միայն մտածում են, թե երբ իրենց կհաջողվի ուտել-խմել հաջորդ անգամ։ Բայց ես միայն լսել եմ, ինքս հեռավոր արշավների երբեք չեմ մասնակցել։ Ուրեմն, դու այսօր դեռ ոչինչ չե՞ս կերել։
 
— Ճիշտը որ ասեմ՝ կերել եմ,— խոստովանեց Փիփինը։ — Բայց ընդամենը մեկ-երկու սպիտակ հացի բլիթ ու մի գավաթ գինի քո տիրոջ ողորմածությամբ, թեպետ փոխարենը մի ամբողջ ժամ տանջեց հարցերով, իսկ էդտեղ արդեն ուզես-չուզես՝ կսովածանաս։
Բերեգոնդը ծիծաղեց։
 
— Ինչպես մեզ մոտ ասում են՝ կարճլիկ ուտողն էլ է սեղանի մոտ դյուցազն։ Բայց պետք է քեզ ասեմ, որ սնվել ես միջնաբերդի կայազորի ռազմիկից ոչ վատ, սակայն մեծ պատվով։ Մենք, ախր, պահապան ամրոցում ենք, իսկ ժամանակը պատերազմական է։ Արթնանում ենք արևածագից առաջ, լույսը բացվելուն պես թեթև սնվում ենք ու գնում մեր դիրքերը։ Բայց դու մի հուսահատվիր։
 
— Նա նորից ծիծաղեց, տեսնելով Փիփինի վախեցած դեմքը։ — Նրանք, ովքեր ծանր գործ են արել, կարող են ավելորդ անգամ ամրապնդել ուժերը։ Դե, իսկ կեսօրին ճաշն է՝ կամ երբ որ պարտականությունները թույլ են տալիս, իսկ հիմնական ընհանուր ճաշկերույթ-ընթրիքը երեկոյան է, մայրամուտի ժամին։ Գնա՛նք։ Մի քիչ զբոսնենք, հետո ուտելիք կհայթայթենք ու պարսպի վրա առավոտը վայելելով կնախաճաշենք։
 
— Մի վարկյան,— կարմրեց Փիփինը,— ագահության կամ սովի պատճառով գլխիցս թռել է կարևոր մի բան։ Ախր Գենդալֆը, կամ ձեր ասած Միթրանդիրը, խնդրել է տեսակցել Լուսաչին՝ ռոհանյան երամակների լավագույն նժույգին, որին նա նվեր է ստացել Ռոհանի թագավորից իր մատուցած ծառայությունների համար։ Կարծում եմ՝ նժույգի նոր տերը սիրում է այդ կեդանուն որոշ մարդկանցից ավելի շատ, և եթե նրա բարի կամքը որևէ նշանակություն ունի ձեր քաղաքի համար՝ դուք պետք է շրջապատեք Լուսաչին պատվով ու խնամքով և ավելի բարի գտնվեք նրա նկատմամբ, քան հոբիթի․․
 
— Հոբիթի՞,— կրկնեց Բերեգոնդը։
 
— Դե, մենք էդպես ենք մեզ անվանում,— ասաց Փիփինը։
 
— Շնորհակալ եմ, կհիշեմ այդ մասին,— ասաց Բերեգոնդը։ — Կարող եմ ասել, որ անսովոր բարբառը չի խաթարում արդար խոսքը, և դուք՝ հոբիթներդ քաղաքավարի ժողովուրդ եք։ Դե գնա՛նք, կծանոթացնես ինձ այդ ազնվածին նժույգի հետ։ Ես կենդանիներ սիրում եմ, թեպետ մեր քարե ամրոցաքաղաքում հազվադեպ դրանց կհանդիպես, բայց իմ նախնիներն ապրել են լեռնային հովիտներում, իսկ դրանից էլ ավելի առաջ՝ Իթիլիենում։ Քո մասին մի անհանգստացիր, հիմա արագ կտեսակցենք Լուսաչին, ու այնտեղից՝ անմիջապես մառան։
 
Պարզվեց՝ Լուսաչին փառահեղ էին տեղավորել ու խնամում։ Վեցերորդ մակարդակում, միջնաբերդի պարիսպներից դուրս, իշխանական սուրհանդակների բնակարանների մոտ շատ լավ ախոռներ կային։ Այդտեղ պահվում էին մշտապես առույգ ու խնամված մի քանի երիվար՝ կազմ ու պատրաստ կատարելու Դենեթորի կամ նրա զորահրամանատարների հրատապ հանձնարարությունները։ Բայց այժմ դրանք դատարկ էին՝ ոչ ձիեր կային այնտեղ, ոչ էլ հեծյալներ։
 
Լուսաչը, Փիփինին տեսնելով, բարձր խրխնջաց ու գլուխը թեքեց դեպի նա։
 
— Բարի առավոտ,— ասաց հոբիթը։ — Գենդալֆը հենց կարողանա՝ կգա։ Նա հիմա զբաղված է, բայց քեզ բարև է ուղարկում, և ինձ հանձնարարված է իմանալ, գո՞հ ես արդյոք դու, լա՞վ ես հանգստանում երկար ու ծանր ճանապարհից։
 
Լուսաչը ցնցեց գլուխն ու ոտքով հարվածեց գետնին։ Սակայն թույլ տվեց Բերեգոնդին շոյել իր բաշն ու կողերը։
 
— Նա այնպիսի տեսք ունի, ասես մրցավազքի է պատրաստվում, այլ ոչ թե վերադարձել է երկար ճանապարհից,— ասաց Բերեգոնդը։ — Որքա՜ն ուժեղ ու հպարտ է։ Իսկ ու՞ր է նրա թամբը, այն պետք է որ հարուստ ու գեղեցիկ լինի։
 
— Չկա այդպիսի հարուստ ու գեղեցիկ թամբ, որ հարմար կլիներ նրան,— պատասխանեց Փիփինը։ — Նա թամբ չի հադուրժում։ Եթե հեծյալը սրտովն է, կտանի ուր ուզես, եթե ոչ՝ ոչ մի սանձ, երասան, մտրակ կամ թամբ էլ չեն օգնի։ Ցտեսություն, Լուսա՛չ, մի քիչ էլ դիմացիր, շուտով ճակատամարտ է։
 
Լուսաչը բարձրացրեց գլուխն ու այնպես խրխնջաց, որ ախոռը ցնցվեց, և նրանք փակեցին ականջները։ Հետո, կերատաշտի մեջ լեփ-լեցուն հացահատիկ լցնելով, հեռացան։
 
— Իսկ հիմա մտածենք մեր կերի մասին,— ասաց Բերեգոնդը։
 
Նրանք Փիփինի հետ վերադարձան միջնաբերդ ու գնացին դեպի աշտարակի հյուսիսային կողմի դուռը։ Ներս մտնելով, իջան երկար զով սանդուղքով ու մտան լամպերով լուսավորված լայն միջանցք։ Երկու կողմերում ցածր դռնակներ կային, և դրանցից մեկը բաց էր։
 
— Սա մեր պահակախմբի մառանն ու պահեստն է,— ասաց Բերեգոնդը։ — Բարև, Թարգո՛ն,— կանչեց նա դռան միջով։ — Դեռ վաղ է, բայց հետս նորեկ եմ բերել՝ տիրակալի հրամանով ծառայության ընդունված։ Նա երկար ճանապարհ է կտրել ամուր ձգած գոտիով և առավոտն էլ ծանր է անցկացրել։ Ինչ որ ունես այս պահին՝ տուր։
 
Նրանք հաց, կարագ, պանիր և աշնանից մնացած խորշոմած, բայց քաղցր ու մեծ խնձորներ ստացան, ինչպես նաև կաշվե տափաշշով գարեջուր, փայտե ափսեներ ու գավաթներ։ Այդ ամենը տեղավորելով զամբյուղի մեջ, նորից բարձրացան վերև՝ արևի տակ։ Բերեգոնդը Փիփինին տարավ դեպի եզրապատի արևելյան հրակնատ ելուստը, որտեղ քարե նստարան կար։ Այդտեղից լայն տեսարան էր բացվում դեպի առավոտյան լույսով ողողված աշխարհը։
 
Նրանք ուտում ու խմում էին, խոսում էին մեկ Գոնդորի ու նրա սովորույթների մասին, մեկ Հոբիթստանի ու այլ զարմանալի երկրների մասին, որոնք տեսել էր Փիփինը։ Նրանք խոսում էին, և Բերեգոնդը գնալով ավելի էր զարմանում ու ավելի տարկուսանքով նայում հոբիթին, որը մեկ նստում էր նստարանին ու թափահարում կարճլիկ ոտքերը, մեկ կանգնում ոտքերի ծայրերի վրա ու դուրս նայում հրակնատից։
 
— Չեմ թաքցնի քեզնից, պարոն Փերեգրին,— ասաց Բերեգոնդը,— որ տեսքով ինձ իննը-տաս տարեկան տղա երեխա ես թվում, բայց այնուհանդերձ այնպիսի վտանգներ ես ապրել ու այնպիսի հրաշքներ տեսել, որոնցով մեր ալեհեր ծերերից քչերը կարող են պարծենալ։ Ես կարծում էի, որ մեր տիրակալի քմահաճույքն է մանկլավիկ ունենալ, ինչպես որ, ասում են, ունեցել են անցյալի թագավորները։ Բայց տեսնում եմ, որ սխալվել եմ, և խնդրում եմ, ներիր ինձ իմ հիմարությունը։
 
— Լավ,— ասաց Փիփինը։ — Ճիշտը որ խոսենք, այնքան էլ չես սխալվել․ իմ երկրի հաշվարկներով ես դեռ դեռահաս եմ, քանի որ տարիքի գալուս՝ ինչպես որ Հոբիթստանում են ասում, դեռ չորս տարի ունեմ։ Բայց եկ իմ մասին չխոսենք։ Ավելի լավ է ցույց տաս ու բացատրես, թե ինչ եմ ես տեսնում։
 
Արևն արդեն բարձրացել էր, և ցածրավայրերում մեգը ցրվում էր։ Վերջին ծվենները լողում էին նրանց կողքով արևելյան ուժգնացող քամուց քշվող սպիտակ ամպերի պատառիկների պես, և քամու տակ գալարվում ու թափահարվում էին միջնաբերդի դրոշներն ու ճերմակ զինանշանները։ Հեռու ներքևում, մոտ հինգ լիգ հեռավորության վրա, հովտի հատակին երևում էր Մեծ Գետը՝ փայլփլուն ու մոխրագույն, որը դուրս էր գալիս հյուսիս արևմուտքից, հսկա գալարով թեքվում հարավ ու նորից արևմուտք և կորչում առկայծող մշուշի մեջ, որի տեսանելի սահմաններից այն կողմ, հեռու՜ հեռվում, մոտավորապես հիսուն լիգ հեռավորության վրա, ծփում էր Ծովը։
 
Ամբողջ Պելլենորն ասես ձեռքի ափի մեջ լիներ․ Փիփինը տեսնում էր դաշտավայրում ցրված ցածր պարիսպներով կալվածքներ, գոմեր ու ախոռներ, սակայն ոչ մի տեղ չէին երևում ոչ կովեր, ոչ էլ այլ ընտանի կենդանիներ։ Բազմաթիվ ճանապարհներ ու արահետներ հատվում ու խաչաձևվում էին կանաչ դաշտերում, և սայլերի երկար շարաններ էին գալիս ու գնում դեպի Մեծ դարպասն ու հակառակ ուղղությամբ։ Ժամանակ առ ժամանակ հեծյալներ էին մոտենում, ցած թռչում թամբից ու շտապում քաղաք։ Բայց ամենաբեռնվածը գլխավոր ճանապարհն էր, որը թեքվում էր հարավ և ավելի փոքր գալարով, քան Գետը, շրջանցում բլուրներն ու կորչում տեսադաշտից։ Այն լայն էր, հարթ սալարկված, և նրա արևելյան եզրով լայն կանաչ արահետ էր ձգվում հեծյալների համար նախատեսված, իսկ դրանից այն կողմ պատն էր։ Արահետով այս ու այն կողմ էին սլանում հեծյալները, իսկ ճանապարհով շարժվում էին ծանրաբեռնված սայլերը, բայց գրեթե բոլորը մեկ ուղղությամբ՝ դեպի հարավ։ Շուտով Փիփինը հասկացավ, որ ամեն ինչ լավ կանոնակարգված է՝ սայլերը շարժվում էին երեք շարքերով․ առաջին ու ամենաարագ շարքում ձիերով լծված սայլերն էին, երկրորդում՝ եզներով լծված մեծ ու բազմագույն իրաններով սայլերը և երրորդում, ամենադանդաղ ընթացող շարքում, որը ձգվում էր ճանապարհի արևմտյան եզրով, փոքրիկ սայլերն էին՝ դրանք հրում էին մարդիկ։
 
— Այդ ճանապարհը տանում է Թումլադենի և Լոսարնախի հովիտներ և լեռնային գյուղեր, իսկ հետո՝ Լեբինին,— ասաց Բերեգոնդը։
 
— Վերջին սայլերն են լքում քաղաքը, տանում են ապաստարան կանանց, երեխաներին ու ծերերին։ Հրամայված է մինչև կեսօր Դարպասից հեռանալ և մի ամբողջ լիգ ազատել ճանապարհը։ Ցավալի անհրաժեշտություն է, ինչ կարող ես անել։ Նրանցից շատերը, որ այսօր բաժանվում են, այլևս չեն հանդիպելու։ Իսկ երեխաները այս քաղաքում մինչ այդ էլ քիչ էին, դե իսկ հիմա մնացել են միայն մի քանի տղաներ, որոնց ուժով չես քշի և որոնք մի բանով օգտակար կլինեն․ նրանից մեկն էլ իմ որդին է։
 
Որոշ ժամանակ լռություն տիրեց։ Փիփինն անհանգիստ նայում էր արևելք, ասես ամեն վայրկյան սպասում էր, որ օրքերի հորդաները կհեղեղեն դաշտերը։
 
— Իսկ այնտեղ ի՞նչ է,— հարցրեց նա՝ մատով ցույց տալով Անդուինի գալարի կենտրոնը։ Մի ուրիշ քաղա՞ք, թե՞ ինչ։
 
— Այնտեղ քաղաք էր,— պատասխանեց Բերեգոնդը։ — Գոնդորի գլխավոր քաղաքը, իսկ Մինաս Թիրիթն ընդամենը պահապան ամրոց է։ Այնտեղ, Անդուինից այն կողմ Օսգիլիաթի ավերակներն են, որը շատ վաղուց գրավել են մեր թշնամիներն ու այրել։ — Այնուամենայնիվ մենք այն հետ բերեցինք Դենեթորի երիտասարդության տարիներին՝ բայց ոչ ապրելու նպատակով, այլ որ այնտեղ առաջավոր պաշտպանական ամրակետ կառուցենք ու կամուրջը վերականգնենք մեր զորքերը սնուցելու նպատակով։ Բայց հետո Մինաս Մորգուլից հայտնվեցին Ընկած Հեծյալները։
 
— Սև Հեծյալնե՞րը։ — Փիփինի մուգ աչքերը լայնացան, և դրանց մեջ արթնացավ հին վախը։
 
— Այո, նրանք սև էին,— պատասխանեց Բերեգոնդը։ — Տեսնում եմ, նրանց մասին որոշ բաներ գիտես, թեև չհիշատակեցիր նրանց քո պատմություններում։
 
— Ոչ միայն գիտեմ,— ցածր ասաց Փիփինը։ — Բայց հիմա չեմ խոսի նրանց մասին այսքան մոտիկ, այսքան մոտիկ․․․
 
Նա լռեց ու նայեց Գետին։ Այնտեղ թանձրանում էր հսկայական չարագուշակ ստվերը։ Հնարավոր է՝ դրանք լեռներ էին, որ նշմարվում էին տեսանելիության սահմանագծին և որոնց ատամնավոր գագաթները փափկել էին քսան լիգ հաստությամբ օդի շերտից, հնարավոր է՝ ամպերի պատ, և հետևում ավելի մթին խավար։ Սակայն հոբիթին թվում էր, թե խավարն աճում ու թանձրանում է և դանդաղ, դանդաղ բարձրանում, որ ծածկի արևից այդ տարածքները։
 
— Այդքան մոտիկ Մորդորի՞ց,— ցածր, բայց հանգիստ վերջացրեց նրա միտքը Բերեգոնդը։ — Այո, այն այնտեղ է։ Մենք հազվադեպ ենք տալիս նրա անունը, բայց միշտ էլ ապրել ենք այդ Ստվերի տեսադաշտում։ Երբեմն այն թվում է հեռավոր ու աղոտ, իսկ երբեմն էլ մոտիկ ու մութ։ Այժմ այն աճում ու մթագնում է՝ միաժամանակ աճում են նաև մեր անհագստություններն ու վախերը։ Իսկ Ընկած Հեծյալները գրեթե մեկ տարի առաջ հարձակվեցին ու գրավեցին գետանցումները, և մեր լավագույն ռազմիկներից շատերն այնտեղ ընկան։ Եվ հենց Բորոմիրն այն ժամանակ կասեցրեց նրանց ու հետ շպրտեց՝ ազատագրելով արևմտյան ափը, և մենք դեռ պահում ենք այս ափն ու քաղաքի կեսը։ Առայժմ պահում ենք։ Բայց նոր հարձակում է սպասվում։ Հնարավոր է, գալիք պատերազմի գլխավոր հարվածն այնտեղից լինի։
 
— Իսկ պատկերացում ունե՞ս, թե երբ է այն սկսվելու,— հարցրեց Փիփինը։ — Երեկ երեկոյան տեսա, թե ինչպես էին վառվում փարոսները ու ճանպարհվում սուրհանդակները, և Գենդալֆն ասաց՝ դա նշան է, որ պատերազմն սկսված է։ Նա շտապում էր ասես հրդեհ մարելու, բայց հիմա կարծես ամեն ինչ կրկին խաղաղվել է։
 
— Միայն այն պատճառով, որ ամեն ինչ արդեն պատրաստ է,— ասաց Բերեգոնդը։ — Փոթորկից առաջ միշտ էլ մի պահ խաղաղվում է։
 
— Իսկ ինչու՞ էին երեկ գիշեր վառվում փարոսները։
 
— Որովհետև երբ պաշարումն սկսվի, օգնություն կանչելու համար արդեն ուշ կլինի,— պատասխանեց Բերեգոնդը։ — Թեպետ ես չգիտեմ, թե ինչ են ծրագրել տիրակալն ու զորահրամանատարները․ նրանք են տիրապետում գլխավոր լուրերին։ Իսկ տիրակալ Դենեթորը տեսնում է ամենից հեռուն, տեսնում է մյուսների համար անտեսանելին։ Ոմանք ասում են, որ երբ նա գիշերները նստում է աշտարակի վերին հարկի իր սենյակում ու մտքերն ուղարկում տարբեր կողմեր, կարողանում է կարդալ ապագան։ Երբեմն նա նույնիսկ թափանցում է Թշնամու մտքի մեջ ու գոտեմարտում նրա հետ։ Այդ է պատճառը, որ ծերացել է ժամանակից շուտ։ Ինչևէ, զորավար Ֆարամիրը գտնվում է Գետից այն կողմ ինչ-որ վտանգավոր հանձնարարությամբ և, հնարավոր է, արդեն լուրեր է ուղարկել։
 
Բայց ես կարծում եմ, որ փարոսները վառել են երեկվա Լեբինինից եկած լուրերի պատճառով։ Հարավից՝ Ումբարից, Անդուինի գետաբերանին է մոտենում ծովահենների մի մեծ նավատորմ։ Նրանք վաղուց են դադարել վախենալ Գոնդորի հզորությունից, և այժմ էլ միացել են Թշնամուն, որպեսզի մեզ ծանր հարված հասցնեն՝ նշանակում է, այն հավելյալ ուժերը, որ մենք սպասում էինք Լեբինինից ու Բելֆալասից, որտեղ ժողովուրդը մեծաթիվ է ու դիմացկուն, այլևս չեն գա, կամ կգա մի փոքր մասը միայն։ Մնում է հուսալ ու անհանգիստ հայաքով նայել հյուսիս՝ Ռոհանից օգնություն սպասելով։ Այդ է պատճառը, որ առավել ուրախալի է մեզ համար հաղթանակի լուրը, որ դուք եք բերել։ Եվ այնուհանդերձ,— նա մի պահ լռեց, վեր կացավ ու հայացքը դարձրեց հյուսիս, արևելք ու հարավ,— Իզենգարդի դեպքերից հետո պարզից էլ պարզ է, որ այս հսկա ցանցը մեր շուրջ վաղուց են հյուսել ու լայնորեն են փռել։ Սա այլևս վեճ չէ գետանցումների համար, հարձակում չէ Իթիլիենից ու Անորիենից և ոչ էլ դարան է, կամ կողոպուտ։ Սա վաղուց ծրագրված մեծ պատերազմ է, և մենք դրա միայն մի մասն ենք, որքան էլ որ հպարտությունը թույլ չտա այդ ընդունել։ Խոսում են, որ հեռավոր արևելքում, ներքին ծովից այն կողմ, ամեն ինչ շարժման մեջ է, նույն վիճակն է հյուսիսում՝ Չարքանտառում, և դրանից այն կողմ․ հարավում՝ Հարադում նույնպես հանգիստ չէ։ Բոլոր երկրների գլխին կախված է նույն սպառնալիքը, և մնում է միայն կա՛մ դիմակայել տարածվող Ստվերին, կա՛մ ընկնել դրա տակ։
 
Այնուամենայնիվ, պարոն Փերեգրին, մեզ հատուկ պատիվ է ընձեռնված․ Սև Տիրակալն ատում է մեզ բոլորից առավել, և մենք կրում ենք դրա հիմնական ծանրությունը, քանզի այդ ատելությունը բխում է ժամանակի խորքերից ու Ծովի խորքերից։ Այստեղ մուրճի հարվածն ամենածանրն է լինելու։ Այդ պատճառով էլ Միթրանդիրն ամբողջ թափով սլացել է այստեղ։ Քանզի եթե մենք ընկնենք, էլ ո՞վ կդիմանա։ Ինչ ես կարծում, պարոն Փերեգրին, հույս կա՞, որ մենք կկարողանանք դիմակայել Թշնամուն։
 
Փիփինը չպատասխանեց։ Նա նայեց հզոր պարիսպներին, աշտարակին, հպարտ ծածանվող զինադրոշներին, բարձր երկնքում շողացող արևին, հետո արևելքում թանձրացող խավարին և մտածեց ամենաթափանց Ստվերի երկար ձեռքերի մասին․ հիշեց անտառներում ու լեռներում վխտացող օրքերին, Իզենգարդի դավաճանությունը, լրտես թռչուններին, Հոբիթստանը չափչփող Սև Հեծյալներին և թևավոր սարսափին՝ Նազգուլին։ Նա վախից ցնցվեց, ու թվաց, թե հույսը մարեց։ Եվ նույնիսկ այդ պահին արևը մի պահ կորավ, ասես այն ծածկեցին սև թևերը։ Երկնային հեռուներից հոբիթի ականջին հասավ սահմռկեցուցիչ մի ճիչ՝ խուլ, բայց դաժան, սառը ու փայտացնող։ Նա սպիտակեց ու սեղմվեց պատին։
 
— Այդ ի՞նչ էր,— հարցրեց Բերեգոնդը։ — Դու է՞լ ինչ-որ բան զգացիր։
 
— Այո,— մրմնջաց Փիփինը։ — Մեր անկման նշանն էր և անխուսափելի ճակատագրի ստվերը․ Սև Հեծյալն էր երկնքում։
 
— Այո, անխուսափելի ճակատագրի,— ասաց Բերեգոնդը։ — Երևում է՝ Մինաս Թիրիթի բախտը վճռված է։ Թանձր խավար է տիրելու։ Նույնիսկ արյունս սառավ երակներումս։
 
Որոշ ժամանակ նրանք նստած էին լուռ, գլուխները կախ։ Հետո Փիփինը բարձրացրեց գլուխն ու տեսավ, որ արևն առաջվա պես շողում է, և զինադրոշներն էլ ծածանվում են քամուց։ Նա թափ տվեց իրեն։
 
— Անցավ,— ասաց նա։ — Ոչ, ես դեռ հույսս չեմ կորցրել։ Գենդալֆն էլ ընկավ, բայց հետո վերադարձավ, ու հիմա կրկին մեզ հետ է։ Մենք կդիմակայենք, կանգուն կմնանք թեկուզ մեկ ոտքի վրա, կամ, ծայրահեղ դեպքում՝ ծնկի իջած։
 
— Լա՜վ է ասված,— բացականչեց Բերեգոնդը։ Նա վեր կացավ ու սկսեց հետ ու առաջ քայլել։ — Թեև ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ, բայց Գոնդորի վերջը դեռ չի եկել։ Եթե նույնիսկ Թշնամին վերցնի ամրոցն ու պարիսպների բարձրության դիակներ կիտի, մեկ է, դեռ ուրիշ ամրոցներ էլ կան և փախուստի համար նախատեսված լեռներ տանող գաղտնի ուղիներ։ Հույսն ու հիշողությունն առաջվա պես կապրեն ինչ-որ մի թաքնված հովտում, որտեղ խոտը կանաչ է։
 
— Իսկ ես կուզենայի, որ այս ամենը շուտ վերջանար, ինչ լինելու է, թող լինի,— հոգոց հանեց Փիփինը։ Ինձանից ի՜նչ մարտիկ, ինձ նույնիսկ կռվի մասին մտքերն են տհաճ, բայց ամենավատը նստել ու սպասելն է մի բանի, ինչն անխուսափելի է։ Էհ, ինչ երկար է գնում օրը։ Ես ինձ ավելի հանգիստ կզգայի, եթե անշարժ կանգնելու և սպասելու փոխարեն առաջինը մենք հարվածեինք։ Ռոհանում էլ մինչև հիմա սպասելուց կլինեին, եթե Գենդալֆը չլիներ։
 
— Հըմ, մեր բոլորիս ցավոտ տեղին դիպար,— քմծիծաղեց Բերեգոնդը։ — Բայց ամեն ինչ կարող է փոխվել, երբ Ֆարամիրը վերադառնա։ Նա խիզախ է ու քաջ ավելին, քան կարծում են բոլորը, քանզի մեր օրերում դժվար է հավատալ, որ հնարավոր է հնամյա ասքերի ու երգերի գիտակ լինել, կարդացած լինել ու միաժամանակ մարտի դաշտում իրեն դրսևորել որպես հմուտ ու արագաշարժ զորավար։ Իսկ Ֆարամիրն այդպիսին է։ Պակաս անխոհեմ ու անհամբեր, քան Բորոմիրը, բայց նրանից ոչ պակաս վճռական։ Բայց ի՞նչ վճիռ կարող է նա կայացնել։ Հո չի հրամայի գրոհով վերցնել այդ․․․ այդ երկրի լեռները։ Մեր ձեռքերը կարճ են, և մենք չենք կարող հարվածել, քանի դեռ Թշնամին ինքը չի եկել մեր երկիր։ Բայց որ եկավ, մեր ձեռքը պետք է ծանր լինի։ — Այդ ասելով, նա ձեռքվ հարվածեց իր թրի բռնակին։
 
Փիփինը նայեց նրան․ բարձրահասակ, հպարտ ու ազնիվ, ինչպես և բոլոր մարդիկ այս երկրի, որոնց նա տեսել էր։ Աչքերը փայլում էին ճակատամարտի մտքից։ «Ավա՜ղ, մտածեց հոբիթը,— իմ սեփական ձեռքը փետուրից էլ թեթև է թվում։ — Եվ դառնացած լռեց։ — Գենդալֆն ասաց զինվո՞ր։ Հնարավոր է, բայց սխալ խաղատախտակի վրա»։
 
Այդպես խոսում էին նրանք, մինչև արևը հասավ իր ամենավերին կետին, ու հանկարծ հնչեցին կեսօրն ազդարարող զանգերը, և միջնաբերդում աշխուժություն տիրեց․ բոլորը, բացի հերթապահներից, հավաքվում էին ճաշելու։
 
— Դե ինչ, գալի՞ս ես,— հարցրեց Բերեգոնդը։ — Կարող ես այսօր միանալ մեզ։ Ես չգիտեմ, թե որ խմբում քեզ կտեղավորեն, հնարավոր է և տիրակալի կողքին մնաս։ Իսկ առայժմ՝ արի։ Իմ ընկերները քեզ ուրախությամբ կընդունեն, և քեզ համար էլ վատ չի լինի ծանոթանալ նոր մարդկանց հետ, քանի դեռ ժամանակ կա։
 
— Ուրախությամբ կգամ,— ասաց Փիփինը։ — Ճիշտը որ ասեմ, ես ինձ մենակ եմ զգում։ Լավագույն ընկերոջս Ռոհանում եմ թողել ու ոչ մեկ չկա, որ հետը խոսեմ, կամ կատակեմ։ Գուցե իսկապես միանամ ձեր խմբի՞ն։ Դու հրամանատար չե՞ս։ Չե՞ս կարող վերցնել ինձ քեզ մոտ, կամ բարեխոսել ինձ համար։
 
— Ոչ, ոչ,— ծիծաղեց Բերեգոնդը։ — Ես հրամանատար չեմ։ Ոչ պաշտոն ունեմ, ոչ կոչում, ուղղակի հասարակ ռազմիկ եմ միջնաբերդի Երրորդ պահակախմբից։ Եվ այնումենայնիվ, պարոն Փերեգրին, Գոնդորի միջնաբերդի հասարակ զինվոր լինելն էլ մեծ պատիվ է համարվում ոչ միայն մեր քաղաքում, այլև ամբողջ երկրում։
 
— Դե, ուրեմն ինձ համար դա չափից ավելի մեծ պատիվ է,— ասաց Փիփինը։ Ավելի լավ է տար ինձ հետ իմ սենյակը, և եթե Գենդալֆն այնտեղ չլինի, կտանես ինձ ուր ուզում ես որպես քո հյուր։
 
Գենդալֆը սենյակում չէր, և նրանից լուր չէր եկել․ և Բերեգոնդը տարավ հոբիթին ծանոթացնելու Երրորդ պահակախմբի անդամների հետ։ Նրան յուրահատուկ պատվով ընդունեցին, և Բերեգոնդը նույնպես ոչ պակաս պատվի արժանացավ այդպիսի հիանալի հյուր բերելու համար։ Միջնաբերդում արդեն շատ էր խոսվել Գենդալֆի ուղեկցի և տիրակալի հետ նրա երկար զրույցի մասին, ու լուրեր էին պտտվում, որ կոլոտիկների իշխանն է եկել հյուսիսից՝ առաջարկելով իր բարեկաամությունն ու հինգ հազար թուր։ Ոմանք ասում էին, որ երբ ռոհանցի հեծյալները ժամանեն, ամեն մեկն իր հետ մեկ կոլոտիկ մարտիկ է բերելու՝ գուցե փոքրիկ, բայց խիզախ ու ամրակազմ։
 
Թեև Փիփինը ստիպված էր ափսոսանքով ժխտել այդ հուսադրիչ պատմությունը, բայց չկարողացավ ազատվել իր նոր կոչումից, որը, ինչպես կարծում էին մարդիկ, հարմար էր նրան, ով մտերիմ էր եղել Բորոմիրի հետ և արժանացել էր տիրակալի պատվին։ Նրան շնորհակալություն էին հայտնում, որ եկել է, որսում էին նրա յուրաքանչյուր խոսքը, ուշադիր ունկնդրում նրա պատմությունները հեռավոր երկրների մասին և առատորեն հյուրասիրում ուտելիքով ու գարեջրով։ Միակ բանը, որ խանգարում էր՝ հոբիթն ամբողջ ուժով աշխատում էր զգույշ լինել Գենդալֆի խորհրդի համաձայն և թույլ չտալ իր լեզվին ազատ շաղակրատել, ինչպես հոբիթական շրջապատում։
 
Վերջապես Բերեգոնդը վեր կացավ։
 
— Ես պետք է քեզ հրաժեշտ տամ,— ասաց նա։ — Իմ հերթապահության ժամանակն է մինչև մայրամուտ, ինչպես և մնացած բոլորի այստեղ, կարծում եմ։ Եթե մենակությունից ձանձրանում ես, կարող եմ քեզ ուրախ ուղեկից առաջարկել։ Իմ որդին հաճույքով քեզ քաղաքը ցույց կտա։ Նա լավ տղա է։ Եթե կցանկանաս, իջիր առաջին օղակ և հարցրու Հին պանդոկի տեղը Ռաթ Քելերդայնում, Լապտերների փողոցում։ Այնտեղ դու կգտնես նրան մյուս տղաների հետ, որոնք մնացել են քաղաքում։ Գնացեք նրա հետ Մեծ
Դարպասի մոտ, կարծում եմ, այնտեղ շատ հետաքրքիր բաներ կտեսնեք մինչև դրանց փակվելը։
 
Նա դուրս եկավ, և շուտով նրան հետևեցին մյուսները։ Օրը դեռ պայծառ էր, բայց օդը մշուշվել էր, և մարտ ամսվա համար շոգ էր նույնիսկ հարավում։ Փիփինը ցանկանում էր քնել, բայց դատարկ տանը միայնակ մնալը հաճելի չէր, և նա որոշեց իջնել ու հետազոտել քաղաքը։ Նա մի քանի համեղ պատառներ տարավ Լուսաչին, որ խնայել էր սեղանից, և վերջինս դրանք բարեհաճորեն ընդունեց, թեև ուտելիքի պակաս չուներ։ Հետո հոբիթը իջավ ոլորպտույտ ճանապարհով։
 
Մարդիկ զարմացած նայում էին նրան․ հարգալից ողջունում էին գոնդորցիներին հատուկ ձևով՝ իջեցնելով գլուխը և ձեռքերը դնելով կրծքին, բայց հենց նա անցնում էր, հետևից բացականչություններ էին լսվում՝ փողոցում գտնվողները կանչում էին տներում գտնվողներին, որպեսզի նրանք նույնպես տեսնեն կոլոտիկների իշխանին, Միթրանդիրի ուղեկցին։ Բացի համընդհանուր լեզվից, շատերն այստեղ խոսում էին նաև այլ լեզվով, բայց շուտով Փիփինն այնքան ընտելացավ, որ սկսեց զանազանել իր կոչումը՝ Էրնիլ է Ֆերիաննաթ, ինչը հաստատում էր, որ նրա մասին լուրը տարածվել է ամբողջ քաղաքում։
 
Այդպես, անցնելով կամարակապ միջանքներով, բազմաթիվ սալիկապատ փողոցներով ու նրբանքներով, նա վերջապես հասավ առաջին, ամենալայն օղակին, որտեղ նրան ուղարկեցին Լապտերների փողոց՝ լայն սալարկված մի ճանապարհ, որը տանում էր դեպի Մեծ Դարպասը։ Շուտով նա գտավ Հին պանդոկը՝ բարձր, երկթևանի մի շինություն մոխրագույն հողմահար քարից, և թևերի արանքում նեղ կանաչ մարգագետին, որի հետևում բազմապատուհան տուն էր, իսկ դիմացը, ամբողջ ճակատի երկայնքով, սյուներ ու կամարներ, որոնց արանքով աստիճաններ էին իջնում դեպի մարգագետին։ Սյուների մոտ տղաներ էին խաղում՝ միակ երեխաները, որոնց Փիփինը տեսավ Մինաս Թիրիթում։ Նա կանգնեց ու սկսեց նայել նրանց։ Շուտով նրանցից մեկը նկատեց հոբիթին, ճչալով ցատկեց ու խոտերի միջով դուրս եկավ փողոց ևս մի քանիսի ուղեկցությամբ։ Նա կանգնեց Փիփինի առջև և ոտքից գլուխ զննեց նրան։
 
— Ողջու՛յն,— ասաց տղան։ — Որտեղի՞ց եկար։ Դու մեր քաղաքից չես։
 
— Մինչև այսօր՝ այո,— պատասխանեց Փիփինը։ — Բայց այժմ ես Գոնդորի զինվոր եմ։
 
— Լավ, լավ,— ասաց տղան։ — Որ այդպես է, ուրեմն մենք բոլորս այստեղ զինվոր ենք։ Քանի՞ տարեկան ես դու և ի՞նչ է անունդ։ Ես արդեն տասը տարեկան եմ և շուտով հինգ ֆուտ հասակ կունենամ։ Թեպետ հիմա էլ եմ քեզանից բարձր։ Բայց իմ հայրը միջնաբերդի պահակ է ամենաբարձրահասակ մարդկանցից մեկը, իսկ ո՞վ է քո հայրը։
 
— Ո՞ր հարցիդ առաջինը պատասխանեմ,— ասաց Փիփինը։ — Իմ հայրը հող է մշակում Սպիտակավայրում, Տուկբորոյի մոտ, որ Հոբիթստանում է։ Ես քսանինը տարեկան եմ՝ այդ գործում քեզ անցել եմ, հասակս չորս ֆուտ է, և դրանից ավելի հույս էլ չունեմ աճել, եթե միայն լայնությամբ։
 
— Քսանի՜նը, բացականչեց տղան ու զարմացած սուլեց։ — Դու, ուրեմն, արդեն ծերուկ ես։ Ճիշտ այնքան, որքան իմ քեռի Իորլասը։ Ամեն դեպքում,— պարծանքով ավելացրեց նա,— եթե ուզենամ, կարող եմ քեզ գլխիվայր շրջել, կամ պառկեցնել մեջքի վրա։
 
— Գուցե և կարողանաս, եթե ես քեզ թույլ տամ,— ծիծաղեց Փիփինը։ — Իսկ գուցե և ես քեզ գլխիվայր շրջեմ՝ մենք մեր կողմերում նույնպես կռվելու հնարքներ գիտենք։ Եվ, գիտե՞ս, այնտեղ, մեր փոքրիկ երկրում, ինձ համարում են բավական մեծ ու ուժեղ, և ոչ ոք դեռ չի փորձել ինձ գլխիվայր շրջել։ Ուստի, եթե գործը հասնի կռվին ու ոչ մի այլ տարբերակ չմնա, ես, հնարավոր է, ստիպված կլինեմ սպանել քեզ։ Երբ մեծանաս, կհասկանաս, որ չի կարելի դիմացինիդ թերագնահատել․ դու երևի ինձ անճարակ ու փափկամորթ տղայի տեղ ես դրել, որին վատ չէր լինի գետնով տալ, բայց իմացա՛ծ եղիր, որ սխալվում ես․ ես կոլոտի՛կ եմ, ուժեղ, անվախ ու չա՛ր։ — Փիփինն այնպիսի չար ու մռայլ տեսք ընդունեց, որ տղան մի քայլ ընկրկեց, բայց անմիջապես էլ վերադարձավ սեղմած բռունցքներով, կռվի կրակն աչքերում։
 
— Ո՛չ,— ծիծաղեց Փիփինը,— մի հավատա այն ամենին, ինչ ասում են իրենց մասին օտարները։ Ես կռվատենչ չեմ։ Բայց, ամեն դեպքում, քաղաքավարի կլիներ, եթե հակառակորդն ասեր իր անունը։
 
Տղան հպարտ ուղղվեց։
 
— Ես Բերգիլն եմ, միջնաբերդի պահապան Բերեգոնդի որդին,— ասաց նա։
 
— Էդպես էլ կարծում էի,— գլխով արեց Փիփինը։ — Իսկը հայրդ ես։ Ես էլ հենց նրա մոտից եմ գալիս։
 
— Իսկ Ինչու՞ միանգամից չասացիր,— Բերգիլի դեմքին անհանգստություն նկատվեց։ — Ինչ է, հայրս փոշմանել է և որոշել ուղարկել ինձ աղջիկների հե՞տ։ Չի՛ ստացվի, վերջին սայլերն արդեն գնացել են։
 
— Հանգստացիր, նա այդպիսի հրահանգ չի տվել,— ասաց Փիփինը։ — Ինձ գլխիվայր շրջելու փոխարեն ավելի լավ է հորդ խնդրանքով քաղաքը ցույց տաս ու ձանձրալի մենակությունից ազատես։ Փոխարենը ես քեզ կպատմեմ հեռավոր երկրների մասին։
 
Բերգիլը ծափ տվեց ու թեթևացած ծիծաղեց։
 
— Նշանակում է, ամեն ինչ լավ է,— բացականչեց նա։ — Գնացինք, ուրեմն։ Մենք էլ հենց պատրաստվում էինք քիչ հետո Մեծ դարպասի մոտ գնալ, կարող ենք հիմա գնալ։
 
— Իսկ ի՞նչ կա այնտեղ։
 
— Մինչև արևի մայր մտնելը Հարավային ուղիով շրջաններից հրամանատարներ են գալու օժանդակ զորքերով։ Գնանք, ի՛նքդ կտեսնես։
 
Բերգիլը հաճելի տղա դուրս եկավ՝ Փիփինի լավագույն ընկերակիցը Մերիի բաժանվելուց հետո, և շուտով նրանք քայլում էին փողոցով, ուրախ ծիծաղում ու զվարթ խոսում՝ ուշադրություն չդարձնելով իրենց ուղղված բազմաթիվ հայացքներին։ Շուտով նրանք հայտնվեցին դեպի Մեծ դարպասը գնացող ամբոխի մեջ։ Դարպասի մոտ Փիփինն ավելի բարձրացավ Բերգիլի աչքերում ու շահեց նրա հատուկ հարգանքը, երբ պահակներին ասաց իր անունն ու գաղտնաբառը, և նրանք, պատիվ առնելով, երկուսին էլ դուրս թողեցին։
 
— Այս սա հրաշալի՜ է,— ասաց Բերգիլը։ — Մեզ, ախր, առանց մեծերի այլևս դարպասից դուրս չեն թողնում։ Ուրեմն, ամեն ինչ մոտիկից կտեսնենք։
 
Դարպասի մյուս կողմում մարդկանց բազմություն էր հավաքվել ճամփեզրին ու սալարկված լայն տարածության մեջ, որտեղ միանում էին Մինաս Թիրիթ բերող բոլոր ճանապարհները։ Բոլորի հայացքներն ուղղված էին հարավ, և շուտով բացականչություններ լսվեցին․
 
— Փոշի՛, ճանապարհին փոշի՛ է երևում, գալի՛ս են։
 
Փիփինն ու Բերգիլն առաջացան առաջին շարքեր ու սկսեցին սպասել։ Որոշ տարածության վրա հնչեցին եղջերափողերը, և հանդիպակաց քամու պես նրանց ծածկեց ողջույնների ալիքը։ Հետո հնչեց շեփորի բարձր ձայնը, և շուրջը բոլորը աղմկեցին։
 
— Ֆորլո՜նգ, Ֆորլո՜նգ,— կանչում էին նրանք։
 
— Ի՞նչ են նրանք գոռում,— հարցրեց Փիփինը։
 
— Ֆորլոնգն է գալիս,— պատասխանեց Բերգիլը,— ծերուկ Ֆորլոնգ Հաստափորը՝ Լոսարնախի իշխանը։ Այնտեղ ապրում է իմ պապը։ Ուռռա՜, ահա՛ նա, հին ու բարի Ֆորլոնգը։
 
Առջևից, վիթխարի ձիու վրա նստած, գալիս էր լայնաթիկունք ու հաստափոր, բայց արդեն ծեր ու ճերմակամորուս մի մարդ, հագին օղազրահ էր, գլխին սև սաղավարտ, իսկ ձեռքին երկար ու ծանր նիզակ։ Նրա հետևից հպարտ քայլող մարդկանց փոշոտ շարք էր ձգվում՝ լավ զինված և մարտական տապարներով։ Նրանք կարճահասակ էին, մռայլ դեմքերով և փոքր ինչ ավելի թուխ, քան Գոնդորում Փիփինին հանդիպած մնացած այլ մարդիկ։
 
— Ֆորլո՜նգ,— կանչում էին մարդիկ։ — Հավատարիմ սիրտ, իսկակա՛ն ընկեր։ Ուռռա՜, Ֆորլոնգ։
 
Բայց երբ լոսարնախցիները մոտեցան, լսվեցին դժգոհ ձայներ․
 
— Այսքան քի՞չ, հազիվ երկու հարյուր հոգի լինեն։ Մենք տաս անգամ ավելին էինք սպասում։ Ահա թե ինչ արեց Անդուինի Սև նավատորմը․ ինը տասներորդը մնացել է պաշպանվելու։ Բայց մեզ համար յուրաքանչյուր զինվորն էլ հաշիվ է։
 
Այդպես գալիս էին նրանք ջոկատը ջոկատի հետևից, ողջույնների բացականչությունների ներքո անցնում Դարպասով։ Շրջանների ժողովուրդն ուղարկում էր իր որդիներին պաշտպանելու Գոնդորի գահաքաղաքն այս մութ ժամին․ բայց բոլորն էլ ուղարկում էին ավելի քիչ, քան այստեղ սպասում էին։ Երեք հարյուր հետևակ իրենց իշխանորդի Դերվորինի առաջնորդությամբ եկել էին Ռինգլո վալե հովտից․ հինգ հարյուր նետաձիգ եկել էին Մորթոնդի բարձրավանդակից, Սև Արմատի հովտից, բարձրահասակ Դուինհիրի և նրա որդիների՝ Դուիլինի ու Դերուֆինի առաջնորդությամբ։ Հետո անցավ Անֆալասից, հեռավոր Ափամերձից եկած որսորդների, հովիվների և գյուղացիների մի մեծ շարասյուն, որոնք վատ էին հագնված և զինված էին անբավարար, բացառությամբ իրենց առաջնորդ Գոլասգիլի և իր ծառաների։ Լամեդոնից եկել էին մի քանի մռայլ լեռնեցիներ առանց հրամանատարի, Էթիրից՝ մի քանի հարյուր ձկնորս՝ մնացածը մնացել էին նավերի վրա։ Փինաթ Գալենի Կանաչ Բլուրներից եկել էր Հիրլուին Ոսկեհերը, իր հետ բերելով երեք հարյուր կանաչազգեստ ռազմիկ, իսկ ամենավերջինն ու ամենահպարտը անցավ Դոլ Ամրոթի իշխան Իմրահիլը՝ փոխարքայի ազգականը, իր լավ զինված հեծելազորով, որոնք կրում էին նավի ու արծաթե կարապի նշանով ոսկեզօծ զինադրոշներ, իսկ նրանց հետևից՝ յոթ հարյուր ռազմիկ՝ բարձրահասակ, ազնվաբարո, մոխրագույն աչքերով ու սև մազերով, և նրանք երգում էին քայլելուց։
 
Եվ այդքանով ավարտվեց, նույնիսկ երեք հազար մարդ չհավաքվեց։ Սպասելիք այլևս չկար։ Նրանց ոտնաձայներն ու խոսակցություններն աստիճանաբար մարեցին Դարպասի մյուս կողմում։ Դիտողները որոշ ժամանակ լուռ էին։ Փոշին կախվել էր օդում, քամի չկար, և երեկոն տոթ էր։ Եկավ մայրամուտի ժամը, և կարմիր արևը մտավ Մինդոլուինի հետևը։ Գոնդորի գահաքաղաքը ծածկվեց ստվերով։
 
Փիփինը նայեց վերև, և նրան թվաց, թե երկինքը դարձել է մոխրի պես մոխրագույն, ասես նրանց գլխին հսկայական ծխի ու փոշու ամպ լիներ կախված, որի միջով աղոտ լույս էր թափանցում։ Միայն արևմուտքում մեռնող արևը վառել էր երկինքը, և այդ բոսոր հրդեհի ֆոնին ուրվագծվող Մինդոլուինի սև զանգվածն ասես պատված լիներ այրվող խանձողներով։
 
— Ինչ հրաշալի օր էր, և ինչ ցասումով վերջացավ,— ասաց նա, մոռանալով իր կողքը նստած տղայի մասին։
 
— Եվ ավելի վատ կվերջանա, եթե մինչև զանգերի ղողանջը չվերադառնանք,— արձագանքեց Բերգիլը։ — Դե, արի գնանք, լսու՞մ ես շեփորի ձայնը։ Հիմա Դարպասը կփակեն։
 
Նրանք ձեռք ձեռքի տված վերադարձան քաղաք։ Դարպասն անցան վերջինը, և այն անմիջապես փակեցին։ Երբ հասան Լապտերների փողոցին, աշտարակի բոլոր զանգերը հանդիսավոր ղողանջում էին։ Պատուհաններում վառվում էին լույսերը, իսկ տներից ու պարիսպների երկայնքով տեղակայված զորանոցներից երգի ձայն էր հնչում։
 
— Դե, ցտեսություն,— ասաց Բերգիլը։ — Բարևիր հորս և շնորհակալություն հայտնիր մեր ընկերակցության համար։ Խնդրում եմ, էլի արի։ Ես նույնիսկ արդեն սկսել եմ ցանկանալ, որ պատերազմ չլինի՝ միասին ուրախ ժամանակ կանցկացնեինք։ Կարող էինք գնալ Լոսարնախ, պապիկի մոտ, գիտե՞ս ինչ լավ է այնտեղ գարնանը, դաշտերն ու անտառները լի են ծաղիկներով։ Իսկ ինչու՞ ոչ, կարծում եմ դեռ կգնանք։ Նրանք երբեք չեն հաղթի մեր տիրակալին, իսկ իմ հայրը շատ խիզախ է։ Ցտեսություն, շուտ վերադարձիր։
 
Նրանք բաժանվեցին, և Փիփինը շտապեց վերադառնալ միջնաբերդ։ Ճանապարհը երկար էր, հոբիթը քրտնեց ու կարգին սովածացավ։ Սկսվող գիշերն անաստղ էր ու մութ։ Նա ուշացել էր երեկոյան ընթրիքին, բայց պարզվեց՝ Բերեգոնդը սպասում էր․ ուրախացավ, նստեցրեց կողքին ու հարցուփորձ արեց որդու մասին։ Ընթրելուց հետո Փիփինը մի փոքր էլ մնաց և հետո որոշեց հեռանալ, որովհետև նրան ինչ-որ տարօրինակ մռայլություն էր պատել, և այժմ նա շատ էր ցանկանում կրկին տեսնել Գենդալֆին։
 
— Ինքդ կգտնե՞ս ճանապարհը,— հարցրեց Բերեգոնդը միջնաբերդի հյուսիսային կողմում գտնվող դահլիճի դռների մոտ, որտեղ նստած էին։ — Գիշերը քիչ չէ, մութ է, մի բան էլ հրաման է եկել հանգցնել քաղաքի լույսերը, պարիսպներին ջահեր չվառել։ Եվ մեկ այլ հրաման էլ կա քեզ վերաբերվող․ վաղն առավոտյան քեզ կկանչեն տիրակալ Դենեթորի մոտ։ Վախենում եմ, որ քեզ չեն ներառի Երրորդ պահակախմբում։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ էլի կհանդիպենք։ Ցտեսություն և խաղաղ քուն եմ ցանկանում։
 
Սենյակում մութ էր, միայն մի փոքրիկ լամպ էր վառվում սեղանին։ Գենդալֆը դեռևս չկար։ Մռայլությունն ավելի խորը պատեց Փիփինին։ Նա բարձրացավ նստարանի վրա և փորձեց պատուհանից դուրս նայել, բայց դա միևնույնն էր, ինչ թանաքի լճակի մեջ նայելը։ Նա իջավ, քաշեց վարագույրն ու պառկեց քնելու։ Որոշ ժամանակ պառկած սպասում էր Գենդալֆի վերադարձին, իսկ հետո անհանգիստ քուն մտավ։
 
Կեսգիշերին նրան արթնացրեց լույսը․ Գենդալֆը եկել, հետ ու առաջ էր անում սենյակում, վարագույրից այն կողմ։ Սեղանին մոմեր էին դրված և մագաղաթի գլաններ։ Նա լսեց, թե ինչպես հրաշագործը հոգոց հանեց ու փնթփնթաց․
 
— Ե՞րբ է վերադառնալու Ֆարամիրը։
 
— Գենդալֆ,— կանչեց Փիփինը՝ գլուխը հանելով վարագույրի հետևից։ — Ես էլ կարծում էի, բոլորովին մոռացել ես իմ մասին։ Շնորհակալություն, գոնե վերադարձար։ Այ թե երկար օր էր։
 
— Փոխարենը գիշերը կարճ է լինելու,— պատասխանեց հրաշագործը։ — Ես վերադարձել եմ այստեղ, որպեսզի լռության ու մենության մեջ խորհեմ։ Իսկ դու քնիր, քանի դեռ կարող ես քնել անկողնում։ Լուսաբացին քեզ կրկին կտանեմ տիրակալ Դենեթորի մոտ։ Ավելի ճիշտ, ոչ թե լուսաբացին, այլ երբ կկանչեն։ Խավար է իջել։ Լուսաբաց չի լինելու։
Վստահելի
1342
edits