Changes

Ոդիսական

Ավելացվել է 65 167 բայտ, 8 Հունիս
/* Երգ տասնմեկերորդ։ Մահվան աշխարհ */
== Երգ տասնմեկերորդ։ Մահվան աշխարհ ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Երբ որ եկանք, հասանք նավին ու ծովափին, նախև առաջ
Արագընթաց մեր նավն այնտեղ աստվածային ծով ձգեցինք.
Տնկեցինք կայմը սև նավի և կախեցինք մենք առագաստն անմիջապես։
Վերցրինք ապա ոչխարները և նավի մեջ զետեղեցինք:
Վերջը ինքներս բարձրացանք նավի վրա՝ սրտով տխուր, արտոսրահեղ։
Մինչդեռ Կիրկեն՝ գեղագանգուր, կորովալիր աստվածուհին,
Մեզ ուղեկից հողմ առաքեց, որը, որպես ազնիվ ընկեր երախտագործ,
Մեր առագաստը ուռցնելով ծովի վրա, նավն էր քշում սևակտուց։
Բազմած էինք մենք նավի մեջ՝ սարքավորման ողջ աշխատանքը կատարած,
{{տող|10}}Իսկ մեր նավը դեպի առաջ շարժում էին նավավարն ու քամիները:
Ամբողջ օրն այդ, նավը ծովում սլանալիս, լայն առագաստն էր ծածանվում։
Մինչ մայր մտավ արևն արդեն, և խավարով ճանապարհները ծածկվեցին,
Իսկ նավն հասավ խոր, անհատակ Օվկիանոսի սահմաններին։
Այնտեղ, ահա, գտնվում են կիմմերացի մարդկանց քաղաքն ու երկիրը,
Որոնք հավերժ քողարկված են թուխ ամպերով, մութ մեգի մեջ,
Եվ չի նայում նրանց վրա արևն երբեք՝ ճառագայթով իր շողշողուն,
Ո՛չ այն ժամին, երբ բարձրանում է նա վերև, դեպի երկինքը աստղազարդ,
Ոչ էլ այնժամ, երբ երկնքից նա դեպ երկիրն է ետ գալիս:
Այդ տարաբախտ մահկանացու մարդկանց վրա դաժան գիշերն է տարածված։
{{տող|20}}Երբ մոտեցանք այնտեղ ափին, նավը իսկույն դուրս հանեցինք դեպի ցամաք,
Ոչխարները վերցրինք մեզ հետ ու գնացինք օվկիանոսի ափով կրկին,
Մինչև եկանք, այն տեղն հասանք, որը Կիրկեն ցույց էր տվել։
Զոհվող ոչխարն այնտեղ բռնած պահում էին Պերիմեդն ու Եվրիլոքը,
Իսկ ես իսկույն դուրս քաշեցի իմ կողքի թուրը սայրասուր
Եվ անհապաղ փոս փորեցի՝ խորությամբ և լայնությամբ մի արմունկի չափ։
Հետո փոսի բերանի մոտ կատարեցի հեղմունք բոլոր մեռյալներին՝
Նախ և առաջ մեղրաջրով, հետո գինով քաղցրանուշիկ,
Երրորդ անգամ` միայն ջրով, ապա վերուստ ես ցանեցի գարե-ալյուր։
Եվ ծնկաչոք աղոթեցի ես անմարմին մեռյալների գլուխներին։
{{տող|30}}Աղոթելիս ես խոստացա, որ Իթակեհ ասնելուն պես իմ թանկարժեք իրերը պերճ
Զոհ կբերեմ խարույկի մեջ և կզոհեմ ամենալավ կովը ստերջ,
Իսկ հատկապես Տիրեսիասին զոհ կբերեմ մի այնպիսի խոյ թխագույն,
Որը անշուշտ իմ խաշինքում ամենալավը կլինի։
Երբ գերափառ մեռյալների խմբակներին, ուխտն անելով իմ սրտաբուխ,
Աղոթեցի, վերցրի իսկույն ոչխարները և մորթեցի փոսի վրա:
Սև, մթագույն արյունն հոսեց, և սուրալով Էրեբոսից
Այնժամ եկան, հավաքվեցին հոգիները մեռյալների՝
Հարսնացուներ և նորատիք, բազմաչարչար ծերունիներ։
Սրտով դեռ նոր տանջանք տեսած կույս աղջիկներ կայտառ, անհոգ
{{տող|40}}Եվ մարտիկներ բյուրաբազում` զենքեր հագած արյունոռոգ,
Պղնձակուռ զենքով զարկված քաջախիզախ շատ-շատ մարդիկ.
Բյուր բյուրերը հավաքվեցին խանդակի շուրջ և ամենուր,
Ու բարձրացավ ճիչ-աղաղակ զարհուրելի։ Գունատվեցի ես մահու չափ
Ապա իսկույն ընկերներիս հորդորելով պատվիրեցի
Քերթել, այրել ոչխարներն այն, որ, խողխողված պղինձ սրով,
Ընկած էին արդեն այնտեղ գետնաթավալ։ Պատվիրեցի, որ աղոթեն
Կորովագույն ժանտ Հադեսին և ահարկու Պերսեփոնին:
Իսկ ես իսկույն դուրս քաշեցի սուր սուսերը իմ երկսայրի
Ու նստեցի փոսի եզրին՝ թույլ չտալով, որ անմարմին մեռյալների
{{տող|50}}Գլուխները հասնեն արյանն՝ մինչև որ ես հարցմունք անեմ
Տիրեսիասին:
Նախ մոտեցավ ինձ Էլպենոր իմ ընկերոջ դժբախտ հոգին,
Քանզի չէ՞ որ դեռ չէր թաղված նա հողի տակ լայնատարած,
Նրա դիակն անդ, Կիրկեի ապարանքում էինք թողել մենք չթաղված,
Անսուգ, քանզի այլ հոգսերով էինք լարված այնժամ այնտեղ։
Երբ ես նրան այնտեղ տեսա, արտասվեցի, կարեկցությամբ սիրտս լցվեց,
Ուստի նրան ես դիմեցի և ասացի խոսքերը իմ այս թևավոր.
«Ով Էլպենոր, ինչպե՞ս է որ եկար, հասար այս խավարին՝
Իբր հետիոտն, ինձնից առաջ այդպես անցար, երբ ինձ բերեց սև նավն արագ»:
 
Այդ ասացի։ Նա շչալով պատասխանեց և խոսք ասաց.
{{տող|60}}«Դյուցասնունդ Լաերտածին, բազմահնար դու Ոդիսևս,
Ինձ կործանեց դաժան աղետն աստվածատուր, այլև գինին անչափավոր։
Պառկած էի ես Կիրկեի տան կտուրին, բայց մոռացել էի լրիվ,
Ով, վերևից ներքև գալիս, պիտ բարձրաբերձ սանդուղքներով ես իջնեմ ցած։
Եվ ուղղակի գլորվեցի վերևից ցած, ու ջախջախվեց պարանոցս,
Այդպես հոգիս իսկույն ևեթ թռավ դեպի տունն Հադեսի։
Աղաչում եմ հանուն նրանց, որ այստեղ չեն, բայց քո տանը ապրում են դեռ,
Հանուն կնոջդ և քո հոր, որ քեզ սնել է մանկության քո օրերին,
Այլև հանուն Տելեմաքի, որին, իբրև մինուճարի, տանն ես թողել.
Գիտեմ, որ դու, այժմ Հադեսի կացարանից հեռանալիս,
{{տող|70}}Ամրակառույց նավդ պետք է դեպ Էական կղզին ուղղես,
Ուստի ես քեզ աղերսում եմ, մի մոռանա , այլ ինձ հիշիր, իշխանատեր:
Երբ հեռանաս դու այնտեղից, մի թող դու ինձ անուշադիր,
Եվ չթաղված, որ զայրույթը աստվածների դու այդպիսով չհարուցես:
Իմ մարմինը, զենքերիս հետ, աղաչում եմ, հրկիզեցեք խարույկի մեջ
Եվ ալեզարդ ծովի ափին շիրիմ-դամբան կանգնեցեք ինձ,
Որ դժբախտիս գործն իմանան շատ շատերը նաև գալիք սերունդներից:
Կատարիր դու թախանձանքս, գերեզմանիս վրա տնկիր դու այն իմ թին,
Որով կյանքում թիավարել եմ սիրելի ընկերների հետ միասին»։
Ասաց այդպես։ Իսկ ես նրան խոսք ասացի ի պատասխան.
{{տող|80}}«Թշվառակա՜ն, այդ ամենը, որ խնդրեցիր, կանեմ այնտեղ, կկատարեմ»։
Այդպես ահա, նստած այնտեղ, տխուր-տրտում խոսում էինք մենք իրար հետ:
Թուրը մեկնած փոսի վրա՝ արյունն էի ես պահպանում,
Մինչ ուրվականն իմ ընկերոջ փոսի այն կողմը բարբառում էր տակավին:
Եկավ այնժամ ու մոտեցավ նաև մեռած մորս հոգին՝
Անտիկլիան, որ ծնվել էր քաջակորով Ավտոլիկից։
Ես կենդանի թողի նրան, երբ հեռացա դեպի Իլիոն սրբազնասուրբ...
Արտասվեցի, երբ որ տեսա ես իմ մորը, սիրտս լցվեց ափսոսանքով,
Բայց և այնպես թույլ չտվի, որ մոտենա նա արյունին,
Մինչև որ ես հարցմունք անեմ Տիրեսիասին, թեպետ վիշտն էր իմ դառնագին:
{{տող|90}}Այդ միջոցին թեբեացի Տիրեսիասի հոգին եկավ ու մոտեցավ`
Ոսկի մական ձեռքին բռնած, ինձ ճանաչեց ու այս ասաց.
«Աստվածազա՜րմ Լաերտածին, ո՜վ Ոդիսևս բազմահնար,
Ի՞նչ ես եկել դու, տարաբախտ, լույսը թողած արեգական,
Որ այժմ տեսնես մեռյալների ստվերները և անխնդուն աշխարհը այս։
Բայց ետ քաշվիր դու խանդակից, սուր սուսերդ դու դեն գցիր.
Որ գեթ խմեմ արյունը այս ու քեզ հայտնեմ ճշմարտացի ես ամեն բան»։
Ասաց այդպես: Ետ քաշվեցի և սուսերն իմ արծաթագամ
Ես կոխեցի պատյանի մեջ։ Իսկ ծեր գուշակը մեծափառ,
Երբ որ խմեց թուխ արյունը, անդ ինձ դիմեց ու ասաց.
{{տող|100}}«Վերադարձ ես դու փափագում, ո՜վ Ոդիսևս արժանագով:
Բայց քեզ համար այն դժվարին պիտի դարձնի աստվածն հզոր: Չեմ կարծում ես,
Որ քո մասին երկրասասանը մոռանա: Սրտում քո դեմ նա ոխունի,
Ոխակալ է. կուրացրել ես դու սիրելի նրա որդուն,
Բայց աղետներն հանդուրժելուց հետո պիտի ետ գնաս քո հայրենիքը,
Հարկավ, եթե զսպես դու քեզ և տենչանքը ընկերներիդ այն ժամանակ,
Երբ քո նավով ամրակառույց դու անց կենաս ծովը կապույտ
Եվ, հասնելով Թրինակիա կղզուն, դուրս գաս իսկույն ցամաք:
Անդ կգտնես դու արածող պարարտ եզներն ու խաշինքը ամենադետ,
Վառ Հելիոսի, որը լսում և տեսնում է ամենուրեք և ամեն բան։
{{տող|110}}Եթե դրանց դուք ձեռք չտաք, թողնեք, անցնեք՝ ձեր վերադարձը հիշելով,
Այնժամ կգաք դուք Իթակե, թեկուզ բազում ժանտ աղետներ կրելուց ետ:
Սակայն եթե ձեռք տաք դրանց, գուշակում եմ մահ և կորուստ
Ընկերներիդ ու քո նավին։ Անձամբ ինքդ գուցե փրկվես,
Բայց ետ կգաս դու անագան ու չարաբախտ, զրկված բոլոր ընկերներից
Եվ մի օտար նավի վրա։ Դու կգտնես քո տանն աղետ ու փորձանքներ՝
Գույքդ անխիղճ վատնող, լափող, ամբարտավան շատ-շատ մարդկանց,
Որ քո տիկնոջն աստվածակերպ խոստանում են, իբրև խոսնայր, շատ ընծաներ։
Բայց դու, հարկավ, պիտի լուծես քո վրեժը այդ բռնակալ գործի համար,
Իսկ երբ որ դու քո հարկի տակ խոսնայրներին ոչնչացնես
{{տող|120}}Սուր պղինձով, բացեիբաց կամ որևէ խարդախությամբ,
Թեթևագույն մի թի վերցրած, ճանապարհվիր, գնա շուտով դու շրջելու,
Մինչև որ գաս, հասնես մարդկանց, որոնք ծովին անծանոթեն,
Որոնք իրենց կերակուրը ուտում են միշտ առանց աղի:
Անդ չգիտեն նրանք բնավ ո՛չ կարմրակող նավեր արագ,
Ոչ էլ թիեր թեթևաշարժ, որպիսիները նավերի թևերն են ժիր:
Քեզ պարզ նշան կասեմ, որը չես մոռանա, այլ կհիշես դու հեշտությամբ:
Եթե ճամփորդ մի որևէ քեզ հանդիպի և քեզ հարցնի,
Թե դու այդ ի՞նչ բահ ես տանում՝ դրած ուսին քո փառահեղ,
Կանգնիր իսկույն և քո թեթև այն նավաթին ցցիր հողին
{{տող|130}}Ու փառավոր զոհ մատուցիր իշխանազոր Պոսիդոնին.
Զոիր մի խոչ, այլև մի եզ և խոզերին բեղմնավորող մի գեր վարազ։
Եվ բացի այդ՝ զոհ կատարիր հարյուրեզնյա, երբ որ իրոք դու տուն դառնաս,
Զոհ՝լայնալիր երկնքի տեր գերերջանիկ աստվածներին,
Բայց բոլորին, ինչպես հարկն է։ Ծովի վրա չես մեռնելու,
Մահդ թեթև է լինելու, և միմիայն այն ժամանակ,
Երբ ուժասպառ լինես անդորր ծերությունից, երբ որ շուրջդ
Շատ երջանիկ մարդիկ լինեն։ Այսքանը քեզ գուշակում եմ ես ճշմարիտ»։
Ասաց այդպես, իսկ ես նրան այս ասացի ի պատասխան.
 
«Ո՜վ Տիրեսիաս, աստվածներն են այդ ամենը վիճակել ինձ:
{{տող|140}}Բայց նաև սա դու ինձ ասա, ճշմարիտը պատմիր միայն։
Ահա այստեղ տեսնում եմ ես նաև հոգին իմ մեռած մոր.
Ահավասիկ, նա լուռ ու մունջ նստած է այժմ արյունի մոտ
Եվ, կարծես թե, չի հանդգնում որդուն նայել, խոսել ինձ հետ:
Ասա, տեր իմ, ինչպե՞ս անել, որ նա այստեղ ինձ ճանաչի»։
Այդպես ահա ես ասացի։ Նա ինձ իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Ես հեշտությամբ այդ կասեմ քեզ, և դու իսկույն կհասկաս:
Մեռյալների հոգիներից ում որ թույլ տաս, որ արյունին այս մատենա,
Նա կպատմի քեզ ամեն բան ճշմարտացի, իսկ ում մերժես
Եվ թույլ չտաս, որ մոտենա, նա լռելյայն ետ կգնա»։
{{տող|150}}Այդպես այնժամ ասաց հոգին իշխանազոր Տիրեսիաի:
Երբ որ բախտն իմ նա ինձ հայտնեց, իսկույն մտավ տունն Հադեսի:
Մինչ ես անշարժ անդ մնացի, մինչև որ մայրս մոտեցավ.
Նա թխագույն արյունն ըմպեց, ինձ ճանաչեց և անհապաղ,
Բարձրահառաչ անդ բարբառեց ու խոսքն ասաց այս թևավոր.
«Ո՜հ, իմ որդյակ, ինքդ այդպես, դեռ կենդանի, ինչպե՞ս հասար
Դու խավարին այս մթագույն։ Դժվա՜ր է խիստ, որ կենդանի մարդն այս տեսանի:
Արդ, մեր միջև գետն է հոսում, հեղեղատներն են ահռելի,
Իսկ առջևից, մինչև գետը, խոր հորձանքն է օվկիանոսի,
Որ չի կարող հետիոտն մարդն անցնել բնավ, եթե չունի ամրակուռ նավ:
{{տող|160}}Եվ մի՞թե դու Տըրոյայից նոր ես գալիս նավիդ վրա սևակտուց՝
Այդքան երկար թափառելով ընկերներիդ հետ միասին։ Մի՞թե ցայժմ
Դու չես եղել Իթակեում, դեռ չես տեսել քո հարկի տակ դու կնոջդ»:
Ասաց այդպես: Իսկ ես նրան այս ասացի, հանց պատասխան.
«Ա՜խ, իմ մայրիկ. միայն կարիքն ինձ բերեց տունը Հադեսի, դեպի դժոխք,
Որ թեբացի Տիբեսիասի հոգուն այստեղ հարցմունք անեմ։ Ես տակավին
Դեռ չեմ հասել քաղցր ափերին աքեական, ոտք չեմ դրել դեռ ես իրոք
Մեր հարազատ երկրի վրա, այլ շրջում եմ դեռ չարաղետ և հոգնատանջ
Այն օրվանից, երբ մեզ տարավ Ագամեմնոնն աստվածազարմ
Դեպի Իլիոնը ձիաբույծ, որ անդ մարտենք տրոյացոց դեմ:
{{տող|170}}Սակայն հիմա դու ինձ ասա և ճշմարիտը պատմիր այժմ.
Կորստաբեր օրհասի ի՞նչ հարվսծ արդյոք քեզ կործանեց.
Երկարատև տկարությո՞ւն դու քաշեցիր, թե՞ Արտեմիսը նետաձիգ
Սլաքներով թեթևաշարժ քեզ սպանեց հանկարծակի։
Պատմիր նաև իմ հոր մասին, որդուս մասին, որին այնտեղ թողեցի ես.
Արդյոք նրանց ձեռքի՞ն է դեռ իշխանությունն իմ անսահման,
Թե՞ մարդիկ զավթել են այն և խոսում են, որ ետ չեմ գա ես այլևս:
Պատմիր դու իմ օրինական կնոջ մասին, նրա մտքերն ու տենչանքը։
Մնո՞ւմ է դեռ նա որդու մոտ, պահպանում է նա իմ գույքերը անվնաս,
Թե՞ որևէ գերահռչակ աքեացի նրան վերցրել է կնության»։
{{տող|180}}Այդպես այնժամ ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեց
մայրն իմ հարգո.
«Մնում է դեռ հավատարիմ Պենելոպեն տխուր սրտով և հալումաշ՝
Քո սեփական ապարանքում և անցկացնում օրն ու գիշերը վշտաբեկ,
Ողբում, կոծում է անդադար, արտասվում է նա դառնադառն։
Դեռ չի զավթել քո մեծաշուք իշխանությունն այնտեղ ոչ ոք,
Իսկ հողերդ Տելեմաքոսն է մշակում խաղաղությամբ ու համերաշխ՝
Մասնակցելով խնջույքներին, որոնք պատշաճ են փառաշուք իշխանազնին,
Քանզի բոլորն հրավիրում են միշտ նրան։ Մնում է դեռ և հայրը քո՝
Այնտեղ, գյուղում, դաշտերի մեջ: Քաղաքը նա չի այցելում.
Զուրկ է, չունի ո՛չ անկողին, ո՛չ մահճակալ իր ծածկոցով, ոչ փափուկբարձ,
{{տող|190}}Իսկ ձմեռը տանն է քնում, ստրուկների հետ միասին,
Օջախի մոտ ու փոշու մեջ և ծածկվում է հագուստներով իր ցնցոտի:
Բայց երբ գալիս է ամառը կամ աշունը փարթամաճոխ,
Պերճ խաղողի այգու լանջին аմենուրեք նրա համար,
Թափված փափուկ տերևներից, պատրաստ է միշտ թավ անկողին։
Անդ պառկում է նա վշտաբեկ, սիրտը ցավին միշտ անձնատուր՝
Քո վիճակն է լալիս անվերջ ու լցված է նա դառնությամբ իր ծերության։
Ձէ՞ որ և ես այդ վիճակում կործանվեցի, և ժանտ օրհասն ինձ նվաճեց։
Քանզի մեր տանն ինձ չի հասել ինքն՝ Արտեմիսը նետաձիգ,
Ինձ չի զարկել նա, քաջատես, սլաքներով թեթևաշարժ
{{տող|200}}Ու չի ճնշել, նմանապես, ինձ որևէ տկարություն,
Որն, ուժաթափ մեզ անելով, կորզում է միշտ մարմնի միջից մարդու հոգին։
Ստրջանքը, այլև վիշտը միշտ քո համար, ու Ոդիսևս, և կարոտը,
Որ հեռու ես դու մայրական գուրգուրանքից, ինձ զրկեցին քաղցր կյանքից»։
Ասաց այդպես, և իմ սրտում միտք հղացավ այդ միջոցին.
Ես կամեցա բռնել, գրկել իմ հանգուցյալ մոր սուրբ հոգին:
Երեք անգամ ես նետվեցի, և դրդում էր ամեն անգամ սիրտս հուժկու,
Երեք անգամ նա խույս տվեց, ինչպես երազ, հանց մի ստվեր:
Եվ առավել խորունկ մի ցավ, նոր ստրջանք սիրտս զգաց,
Ուստի նրան անդ կանչելով խոսքն ասացի այս թևավոր.
{{տող|210}}«Մա՜յր իմ, ինձնից խուսափում ես. չէ՞ որ կարոտ եմ չափազանց,
Որ գեթ այստեղ, տանն Հադեսի, մենք ձեռքերով մեր սիրելի գրկենք իրար,
Որ երկուսովս ջերմ արցունքով սրտերին տանք թեթևություն։
Ո՜հ, գուցե ինձ սոսկ ուրվական է ուղարկել Պերսեփոնեն ազնվամեծար,
Որ առավել ես հեծեծամ, սիրտս լցվի նոր ստրջանք»։
Այդպես ահա ես ասացի, և ինձ իսկույն պատասխանեց հարգո մայրն իմ.
«Վա՜յ ինձ, որդյակ, որ առավել դժբախտն ես դու մահկանացու
մարդկանց մեջ.
Ոչ, բնավին քեզ չի խաբում Պերսեփոնեն, դուստրը Զևսի,
Այլ այդպես է մարդու վիճակն, երբ որ արդեն դառնում է նա մահվան բաժին,
Եվ նրա մեջ ջլերն այլևս չեն կապակցում միսն ու ոսկրերը միաձույլ,
{{տող|220}}Այլ ամեն ինչ լափլփում է զորությունը բորբ կրակի,
Երբ որ ոգին բաժանվում է ոսկորներից իր սպիտակ:
Մինչդեռ հոգին, դուրս թռչելով, սուրում է և սավառնում է երազի պես։
Սակայն շուտով աճապարիր դու դեպի լույս և այս ամենը լավ հիշիր,
Որպեսզի անդ, քո կնոջ հետ տեսնվելիս, ասածներն իմ նրան պատմես»:
Այդպես, միմյանց հարցեր տալով, խոսում էինք մենք միասին,
Մինչ մոտ եկան անթիվ կանայք` դրդված կամքով ազնվամեծար Պերսեփոնի
Որքան կային իշխանների պերճ տիկիններ ու դստրիկներ՝
Խումբ-խմբովի հավաքվեցին շուրջը այնտեղ սև արյունի։
Եվ ես արդեն խորհում էի, ինչպե՞ս արդյոք հարցմունք անեմ ամեն մեկին:
{{տող|230}}Արդ, իմ սրտում այս խորհուրդը ինձ լավագույնն այնժամ թվաց,
Դուրս քաշելով ուսիցս կախ իմ սայրասուր թուրը իսկույն
Թույլ չտվի, որ միասին, միահամուռ, խմեն բոլորը սև արյունն,
Ուստի նրանք հերթով էին ինձ մոտենում և խոսք ասում սերունդների,
Զարմի մասին: Իսկ ես կարգով հարցնում էի ամեն մեկին առանձնակի
Ահավասիկ, նախ Տիրոյին այնտեղ տեսա, գերապատիվ հոր զավակին։
Եվ նա պատմեց, որ սերունդն է ինքը վսեմ Սալմոնևսի:
Ասաց նաև, որ ինքն իրոք ամուսինն է Էլոսյան Կրեթևսի:
Սիրահարվեց նա Էնիպևս աստվածային բուռն գետին,
Որ ամենից գեղեցիկն է երկրի վրա հոսող բոլոր ջինջ գետերից։
{{տող|240}}Արդ շատ անգամ գալիս էր նա հորդահոսան Էնիպևսի պերճ ալյաց մոտ,
Եվ ընդունեց տեսքը գետի Պոսիդոնը երկրասասան,
Որ նրա հետ այստեղ սիրով զուգավորվեց ալեկոծվող ջրերի մեջ,
Իսկ շառագույն, լեռնանման ալիքները փրփրաթաթախ խիստ փքվելով
Թաքցրին իսկույն և՛ աստըծուն, և՛ մեղապարտ կնոջը այդ.
Նա քնեցրեց այնտեղ կույսին և արձակեց վառ, կուսական նրա գոտին
Երբ հագեցրեց աստվածն այդպես սիրո տռփանքը իր սրտի,
Բռնեց իսկույն ձեռքը կույսի, անվամբ կոչեց և խոսք ասաց.
«Ցնծա, ա՜յ կին, ու պարծեցիր դու մեր սիրով: Իսկ երբ տարին գա, լրանա,
Դու կծնես վեհ զավակներ, զի միացումն աստըծու հետ անպտուղ չէ։
{{տող|250}}Բայց դու նրանց լավ խնամիր, պահիր, սնիր միշտ ուշադիր,
Եվ անունն իմ քո մեջ թող միշտ գաղտնի մնա: Արդտուն գնա.
Ես եմ ահա քո դեմ կանգնած՝ Պոսիդոնը երկրատատան»։
Այդպես ասաց և ալեծուփ նա ծովի մեջ սուզվեց իսկույն:
Իսկ կույս Տիրոն հղիացավ, ապա ծնեց Պելիաս, Նելևս չքնաղ որդոց,
Երկուսով էլ նրանք հետո դարձան Զևսի կամակատար քաջ հերոսներ։
Պելիասն ապրեց բազմաառատ ու խաշնավետ շեն Իոլկոսում,
Իսկ մյուս եղբայր քաջ Նելևսը՝ Պիլոսի մեջ ավազածիր:
Ապա կանանց պերճ թագուհին ծնեց որդոց Կրեթևսի՝
Ամիթաոն ձիավարժին, քաջ Էսոնին ու Փերեսին:
{{տող|260}}Այնտեղ տեսա Անտիոպին՝ Ասոպոսի պերճ աղջկան, որն իմ առաջ
Պարծենում էր, որ քնել է մինչև անգամ Զևսի գրկում
Եվ ծնել է երկու զավակ՝ Ամփիոնին և Զեթոսին։
Առաջիններն էին սրանք, որ հիմնեցին յոթնադուռն Թեբե քաղաքն,
Ու կանգնեցին նրա շուրջը բարձր պարիսպ, քանզի չէին կարող ապրել
Լայնատարած, բայց անպատնեշ Թեբեի մեջ, թեպետ հզոր էին նրանք։
Տեսա նաև Ալկմենեին, Ամփիտրիոնի չքնաղ կնոջն,
Որ, Զևսի հետ միանալով սիրակարոտ գրկում նրա,
Աշխարհ բերեց Հերակլեսին՝ քաջախիզախ, առյուծասիրտ մեծագործին։
Տեսա այնտեղ Մեգարեին, որ դստրիկն էր իշխանազոր Կրեոնի,
{{տող|270}}Որը դարձավ կողակիցը Ամփիտրիոնի անպարտելի, հզոր որդու։
Տեսա ես մորն Էդիպուսի` գեղեցկափայլ Էաիկաստին.
Խելակորո՜ւյս, նա կատարեց մի ահավոր և ժանտ ոճիր. ամուսնացավ
Իր որդու հետ։ Սա սպանեց իր ծնող հորն ու միացավ ապա մոր հետ:
Այդ արարքը կամքով անմահ աստվածների հայտնաբերվեց։
Թեև դաժան տառապանքներ կրեց Էդիպուսը հետո, բայց և կամքով
Աստվածների նա սիրելի իր Թեբեում իշխեց երկար ու պանծալի:
Կինը սակայն տունը իջավ զորեղ պահակ ժանտ Հադեսի:
Իր կյանքին ինքը վերջ տվեց. նա մարդակին կապեց չվանը հանգուցված
Ու այդ քայլին դիմեց վշտոտ, իսկ ամուսնուն թողեց նա բյուր աղետ ու ցավ,
{{տող|280}}Որոնք մարդկանց առատապես պատճառում են Էրինիսները մայրական։
Տեսա նաև չքնաղատես Քլորիսին, որին, իբրև բարձր տիպար
Գեղեցկության, առավ Նելևսը կնության՝ տալով անթիվ վարձ ու վճար:
Մինիական Օրքոմենում թագավորող Իասոսյան Ամփիոնի
Կրտսերագույն դստրիկն էր դա, որ Պիլոսում վեհ Նելևսից,
Իբրև նրա պերճ թագուհին, ծնեց փայլուն, գերահռչակ քաջ զավակներ,
Որպիսիներն էին Նեստորն, Քրոմիոսն ու Պերիկլիմենը մեծազոր:
Քրիսը ծնեց հետո վեհ Պերոյին, որ սքանչելի էր մարդկանց մեջ,
Սա խոսնայրներ ուներ բազում և մեծամեծ։ Սակայն կամքն էր քաջ Նելևսի՝
Միայն նրան տալաղջկան, ով քաջաբար Փիլակեից քշի, բերի
{{տող|290}}Լայնաճակատ ու կորեղջյուր արջառները հզորազոր Իփիկլեսի:
Եվ հանձն առավ այդ կատարել մի գերհրաշ և քաջ գուշակ,
Բայց խափանեց փորձը նրա ժանտաժուտ բախտն աստվածակամ,
Այլև կապանքը ահավոր և հովիվները գյուղական։
Անցան օրեր ու ամիսներ, տարին արեց շրջապտույտ,
Ժամկետն հասավ, և գերվածը Իփիկլեսին հայտնեց կամքը աստվածների,
Ու զորությունն Իփիկլեսի, ազատելով այդ գուշակին,
Նրա կապանքը արձակեց, և կատարվեց կամքը Զևսի։
Տեսա այնտեղ ես Լեդային, Տինդարևսի կնոջն հզոր,
Որն և ծնեց Տինդարևսից քաջախիզախ զույգ զավակներ՝
{{տող|300}}Պոլիդևկին՝ բռնամարտում քաջամարտիկ և Կաստորին ձիամարզիկ։
Երկուսին էլ ողջ ու առողջ, դեռ կենդանի, կենսատու հողն
իր մեջ թաղեց
Անդ` երկրի տակ։ Նրանք անչափ հարգված են միշտ Զևսի կողմից
Եվ ամեն օր նրանք հերթով ու փոխեփոխ մահանում են և հերթով էլ
Կենդանանում, մինչդեռ փառքով աստվածներին են հավասար։
Իփիմեդիան իմ դեմ ելավ, Ալոևսի չքնաղ կինը,
Եվ սա նույնպես պատմում էր ինձ, որ ինքն իրոք Պոսիդոնի հետ միացավ,
Ապա ծնեց երկու զավակ՝ աստvածակերպ վեհ Օտոսին
Եվ գերհոչակ Էփիալտին, որոնք սակայն կարճ ապրեցին:
Նրանց սնեց մայր-երկիրը սննդարար. կտրիճ էին գեղեցկափայլ,
{{տող|310}}Քաջահասակ և ամենքին գերազանցող, բացի միայն Օրիոնից։
Երբ իննամյա դարձան նրանք, լայնքն էր նրանց՝ ինը արմունկ,
Իսկ փառապանծ հասակների բարձրությունը հասավ նույնիսկ ինը գազի։
Նրանք մի օր Օլիմպակյաց աստվածներին սպառնացին հանդգնաբար,
Որ երկնքում կհարուցեն զարհուրելի խռովություն,
Միտք հղացան՝ Օսսա լեռը դնել գլխին Օլիմպոսի, իսկ Պելիոնն
Անտառախիտ տնկել գլխին այդ Օսսայի, որ գեթ հասնեն մինչև երկինք:
Կարող էին կատարել այդ, եթե կյանքից չզրկվեին.
Մինչ կործանեց նրանց որդին Զևս զգոնի ու Լետոյի գեղեցկավարս.
Եվ երկուսին էլ միասին, նախքան պատեց նրանց այտերը աղվամազ,
{{տող|320}}Նախքան նրանց կզակերը ծածկըվեցին խիտ մորուքով։
Այնտեղ տեսա ես Փեդրային, Պրոկրիսին, Արիադնեին,
Որն իմաստուն, մեծ Մինոսի պերճ դստրիկն էր չքնաղատես
Կրետե կղզուց նրան Թեսևսն առավ, տարավ դեպի Աթենքը սրբածես,
Սակայն այդ գործը ձախողվեց, քանզի ճամփին, Դիե կղզում նրան հանկարծ,
Դիոնիսի մեղադրանքով, նետով զարկեց Արտեմիսը:
Տեսա նաև ես Մերային, Կլիմենեին ու Էրիվիլեին դաժան,
Որը սիրած իր ամուսնու մահվան համար շատ թանկարժեք ոսկի ստացավ։
Բայց չեմ կարող ես մի առ մի, այժմ ձեզ պատմել բյուր-բյուրերի մասին այստեղ,
Որքան այնտեղ տեսա կանանց կամ դստրերի դյուցազնական հերոսների,
Քանզի նախքան այդ պատմելը կանցնի գիշերն աստվածային,
{{տող|330}}Սակայն արդեն ժամանակն է՝ քուն մտնելու ընկերներիս հետ միասին,
Նավի վրա կամ հենց այստեղ, իսկ իմ ուղու համար արդեն դուք պիտ հոգաք»:
Ասաց այդպես, և մունջ էին բոլորեքյան ու խորախոր լռության մեջ։
Սքանչանքով այդ հիացած՝ նստած էին ապարանքում ստվերախիտ,
Եվ առաջինը խոսք ասաց անդ Արետեն լուսաթևիկ.
«Ո՜վ փեակներ, ի՞նչ եք արդյոք դուք մտածում այս փառավոր քաջի մասին,
Սրա տեսքի և հասակի, վսեմ, ազնիվ խելքի մասին.
Թեպետ նա իմ հյուրն է միայն, բայց բոլորդ պարտավորեք պատվել նրան:
Պետք չէ բնավ աճապարել, ճամփա դնել, որ ընծաները քիչ լինեն՝
{{տող|340}}Մի այսպիսի մարդու համար։ Չէ՞ որ բազում հարստություն,
Ողորմությամբ աստվածների, մեր տներում է կուտակված»։
Այնժամ նրանց իր խոսքն ասաց ծերուկ հերոս Էքենեոսն,
Որ տարիքով փեակներից ավագագույնն էր հիրավի.
«Բարեկամնե՜ր, ոչ ապաքեն մեզ հակառակ կամ անարժան
Մտքեր ասաց խոհեմամիտ մեր թագուհին։ Պետք է պատվով լսենք նրան:
Խոսքը սակայն, այլև գործը պատկանում են հզոր կամքին Ալկինոոսի»։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը.
«Ամենը այդ կկատարվի, ինչպես խոսքով այստեղ ասվեց, քանզի դեռ ես
Կենդանի եմ և թիասեր փեակների իշխանավորն եմ իսկապես։
{{տող|350}}Թող հյուրը մեր քիչ սպասի, թեպետ սաստիկ նա կարոտ է վերադարձի,
Թող համբերի մինչև էգուց, մինչև որ ես կարողանամ, ըստ պատշաճի,
Լրիվ բոլոր ընծաները յավ հավաքել, իսկ առաքումն աստ կհոգան
Բոլոր քաջերն և անձամբ ես, քանզի իմն է իշխանությունն այս ազգի մեջ»:
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ոդիսևսը ամենիմաց.
«Իշխանավոր Ալկինոոս, որ մարդկանց մեջ գերազանց ես ու մեծագով.
Եթե պետք է, և պատվեր տաք այստեղ դուք ինձ, ես կմնամ ամբողջ տարի,
Որ պատրաստեք առաքումն իմ և շնորհեք հարուստ ու պերճ ինձ նվերներ:
Գոհ կլինեմ ես և այդպես, քանզի իրոք շատ ավելի օգտավետ է
Լի ձեռքերով վերադառնալ սիրան վեր իմ հայրենիք,
{{տող|360}}Եվ առավել սիրահոժար ինձ կընդունեն բոլորն այնտեղ,
Երբ որ հասնեմ ես Իթակե, և ինձ տեսնեն ազգի մարդիկ» ։
Իսկույն նրան պատասխանեց և խոսք ասաց Ալկինոոսը.
«Նայում ենք քեզ, ո՜վ Ոդիսևս, և չենք կարող մենք միտք անել,
Որ դու հիմա մի ստախոս սրիկա ես մեզ մոտ, այստեղ այդպիսիներն
Բազմաթիվեն և տարածված, որոնց սնում է երկիրը այս սևերես:
Նրանք գիտեն այնքան լպիրշ ստել, խաբել, որ դժվար է այդ ըմբռնել։
Մինչ միտքն է քո բարձր ու վսեմ, խոսքերն են քո գեղապաճույճ ու գերազնիվ։
Արգիացոց բախտի մասին և չարաբաստ աղետները քո վշտալի
Դու պատմեցիր մեզ վայելուչ, ինչպես երգիչ մի քաղցրաձայն:
{{տող|370}}Սակայն հիմա դու այս ասա և ճշմարիտը ինձ պատմիր.
Տեսա՞ր դու քո աստվածատես ընկերներից մեկն ու մեկին, որոնք քեզ հետ
Եկել էին այնտեղ, Իլիոն, բայց օրհասին արժանացան անդ չարաղետ։
Երկար է դեռ գիշերը այս, և տակավին ժամանակ չէ
Քուն մտնելու մեր հարկի տակ։ Պատմիր գործերն այն գերհրաշ ու մեծասքանչ։
Պատրաստ եմ ես քեզ այժմ լսել թեկուզ մինչև Արշալույսը աստվածային,
Եթե միայն ցանկանում ես պատմել դու մեզ քո աղետները չարատանջ»:
Պատասխանեց իսկույն նրան Ոդիսևսը աստվածարժան,
«Իշխանազոր։ Ալկինոոս, որ մարդկանց մեջ գերազանց ես ու մեծագով.
Եվ քուն մտնելն, և՛ պատմելը ունեն իրենց ժամերն ուրույն,
{{տող|380}}Բայց եթե դու ցանկանում ես լսել նորից, ես հաճույքով կպատմեմ քեզ
Է՛լ ավելի դառնակսկիծ աղետներն իմ ընկերների, որ ողջ- առողջ
Տրոյական մարտակռվում խույս տվեցին մահ-օրհասից, սակայն հետո,
Ետ դառնալիս, կործանվեցին խարդախությամբ ստոր կնոջ։
Ահավասիկ, երբ ողջախոհ Պերսեփոնեն անդ ամենուր
Ցրիվ տվեց բոլոր կանանց և կույսերի հոգիները ստվերացած,
Ինձ մոտեցավ Ատրիդեսի հույժ տխրադեմ, մռայլ հոգին:
Շրջապատել էին նրան հոգիները նրա դժբախտ ընկերների,
Որ նրա հետ կոտորվեցին Էգիսթոսի դաժան ձեռքով նույն հարկի տակ:
Երբ նա խմեց արյունը թուխ, ինձ ճանաչեց, ապա իսկույն
{{տող|390}}Նա լաց եղավ, ջե՜րմ, աղեկեզ, արցունք թափեց անդ դառնադառն
Ու տարածեց ձեռքերն իմ կողմ. փափագում էր, որ ինձ գրկի,
Սակայն չկար էլ նրա մեջ ոչ կորովի ամրությունը, և ոչ՛ էլ ուժ,
Որոնք կային մի ժամանակ անդամների մեջ մեծազոր ու եռանդուն։
Այդ տեսնելիս՝ կարեկցությամբ լցվեց հոգիս. արտասվեցի ես սրտագին
Ու, դիմելով իսկույն նրան խոսքն ասացի այս թևավոր
«Ագամեմնոն Ատրևորդի, ո՜վ մեծափառ դու ազգավար,
Ի՞նչ վիճակում քեզ տապալեց մահվան օրհասը կործանիչ։
Գուցե նույնիսկ Պոսիդոնը քեզ խորտակեց նավերիդ հետ, իր ալյաց մեջ՝
Ահագնակի բորբոքելով մրրկահույզ շունչն հողմերի,
{{տող|400}}Կամ թե գուցե քեզ ցամաքում, որևէ տեղ, խորտակեցին չար թշնամիք
Այն ժամանակ, երբ փորձեցիր շորթել խաշինքն և նախիրները եզների
Եվ կամ գուցե մի որևէ քաղաքի դեմ՝ կանանց համար անդ կռվելիս»:
Այդպես ահա ես ասացի, և նա իսկույն ի պատասխան այսպես խոսեց.
«Աստվածասուն Լաերտածին, ով Ոդիսևս բազմահնար,
Ոչ, ապաքեն Պոսիդոնն ինձ չի խորտակել իմ նավերի հետ միասին՝
Ահագնակի բորբոքելով մրրկածուփ շունչն հողմերի:
Չեն կոտորել նաև մարդիկ թշնամակամ ինձ ցամաքում,
Այլ Էգիսթոսն ինձ պատրաստեց մահ ու կորուստ և շնորքով չարադաժան
Ու անիծյալ իմ ժանտ կնոջ ինձ նենգաբար տուն կանչելով՝
{{տող|410}}Խնջույքի մեջ, ինչպես հաճախ մսուրի մոտ խողխողում են զոհ եզանը,
Կոտորվեցին այնտեղ բոլոր իմ ընկերներն, հանց կոտորվում են շատ անգամ
Մեծահռչակ, հարուստ մարդու հարսանիքին կամ խնջույքում ճոխ ու կիսրար
Կամ փառավոր խրախճանքին` պարարտ խոզեր ճերմակատամ
Դու, հիրավի, հանդիպել ես հաճախ կռվում բազում մարդկանց՝
Մեն ու մենակ սպանվելիս կամ շփոթում արյունոռոգ պատերազմի,
Բայց դու սրտանց էլ առավել արտոսրացայտ պիտ ողբայիր դառնակսկիծ,
Թե տեսնեիր, ինչպես էինք մենք բոլորս թափված գետնին, սեղանների,
Գավաթների միջև այնտեղ, ուր հատակն էր ամբողջ ծածկված հոծ արյունով։
Ես լսեցի Պրիամոսյան Կասսանդրայի դժբախտ հիչը և աղաղակն
{{տող|420}}Որին այնտեղ իմ պատճառով խողխողում էր Կլիտեմնեստրան նենգապատիր,
Եվ ես այնժամ, դեռ մահամերձ, ձեռքս ուղղեցի դեպի թուրն իմ,
Բայց ծալվեցին ձեռքերս անզոր, իսկ անամոթ այդ շնացողը հեռացավ,
Չհանդգնեց նա ինձ այնտեղ, Հադեսի տունը իջնողին, գեթ մոտենալ,
Գեթ իր ձեռքով փակել գոնե աչքերը իմ, գոցել բերանը մեռնողի։
Եվ հիրավի երկրի վրա ոչինչ չկա ավելի նողկ, լիրբ ու դաժան,
Քան շնացող զազիր մի կին, որ իր մտքում հորինում է ստոր գործեր,
Ինչպես և նա, որ մտածեց այդ խայտառակ գործը լպիրշ ու ժանտաբեր՝
Նյութելով չար սպանությունն օրինական իր ամուսնու։ Կարծում էի,
Որ տուն գալով ես իմ որդոց, ստրուկներին առիթ կտամ ուրախության,
{{տող|430}}Բայց նա, իբրև անօրինակ մի դավադիր, մի ոճրագործ նենգապատիր,
Ինքը իրեն ծածկեց հավերժ ամոթանքով այդ նողկալի,
Նաև գալիք անզոր կանանց, թեկուզ լինի որևէ մեկն առաքինի»։
Ասաց այդպես, և ես նրան այս ասացի ի պատասխան.
«Ավա՜ղ, Զևսը որոտագոչ վաղուց ի վեր խիստ ատում է ցեղն Ատրևսի,
Ուստի նրա սերունդներին կանանց ձեռքով առաքում է մահ և կորուստ:
Նույնպես և մենք, Հեղինեի համար միայն, շատ շատերս կոտրվեցինք։
Իսկ այժմ, երբ դու հեռու էիր, Կլիտեմնեստրան քո դեմ նյութեց չար դավանքն այդ»։
Այդպես ահա ես ասացի, իսկ նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց,
«Ուստի և դու չպետք է մեղմ վարվես երբեք քո կնոջ հետ.
{{տող|440}}Ինչ որ ունես դու գլխիդ մեջ կամ մտքումդ, բայց մի անիր նրան երբեք,
Այլ միշտ, մի բան վստահելով, մյուսը սակայն գաղտնի պահիր։
Բայց քեզ բնավ ոչ մի վտանգ չի սպառնում կնոջ կողմից,
Քանզի անչափ խոհեմ է նա, խորհել գիտի իր սրտի մեջ
Իկարիոսի դուստրը չքնաղ՝ Պենելոպեն խոհեմամիտ:
Արդ, և նրան մենք թողեցինք իբրև կնոջ մի դեռահաս,
Երբ հեռացանք մենք պատերազմ. նա իր կրծքին այնժամ ուներ ծծկեր մանուկ,
Որն երևի նստած է այժմ հասակավոր, մեծ մարդկանց մեջ.
Երջանիկ է և կտեսնի նրան անշուշտ տուն դառնալիս սիրելի հայրն,
Եվ նա ինքն էլ, ինչպես հարկն է, պիտ ընդունի իր ծնող հորը գրկախառն:
{{տող|450}}Մինչ կինս ինձ թույլ չտվեց, որ գեթ նայեմ ես իմ աչքով իմ զավակին
Որ հագենամ, այլ նախքան այդ ինձ սպանեց դաժանորեն:
Բայց այլ մի բան ես քեզ կասեմ, և այն պահիր դու սրտիդ մեջ.
Քո հայրենի, սիրած երկրին նավիդ վրա դու մոտեցիր
Միայն թաքուն, քանզի կանանց հանդեպ չկա բնավ հավատ։
Ո՜հ, ինձ հիմա դու այս ասա, ճշմարիտը պատմիր միայն.
Դեռ չե՞ս լսել դու իսկապես՝ կենդանի՞ է իմ զավակը արդոք այնտեղ՝
Օրքոմենում կամ էլ թե չէ՝ Պիլոսի մեջ ավազածիր
Կամ առընթեր Մենելային, Սպարտայում լայնատարած,
Քանզի չէ՞ որ չի մահացել դեռ Օրեստեսն աստվածատես»:
{{տող|460}}Ասաց այդպես, իսկ ես նրան խոսքս ասացի ի պատասխան.
«Ատրևսորդի, ինչո՞ւ ես դու ինձ այդ մասին հարցմունք անում, չգիտեմ ես,
Կենդանի՞ է, թե՞ մահացած, անվայել է մարդուն լինել ունայնախոս»:
Եվ մենք այդպես խոսում էինք ու վշտալի հարցմունք անում անդ փոխադարձ,
Ողբում էինք մենք դառնալի և արտասվում սրտահառաչ,
Երբ մոտեցավ հանկարծ հոգին Պելևսածին Աքիլլեսի,
Ապա եկան ոգիները Պատրոկլոսի, Անտիոքի և Էասի,
Որն իր տեսքով և հասակով գերազանց էր անդ բոլորից
Դանայանց մեջ, բացի միայն ազնվամեծար Պելևսյանից:
Ինձ ճանաչեց ստվեր-հոգին արագոտն Էակյանի,
{{տող|470}}Ու լացախառն ինձ նա դիմեց և խոսքն ասաց այս թևավոր.
«Աստվածազոր Լաերտածին, ո՜վ Ոդիսևս հոգնահնար,
Թշվառագույն, ի՞նչ գործ է այդ, որ հորինել ես քո սրտում,
Ի՞նչպես արդյոք հանդգնեցիր Հադեսի տունը ներս մտնել, որտեղ միայն
Թափառում են զգայազուրկ ստվերները մեռյալների»։
Ասաց այդպես, իսկույն նրան ես ասացի ի պատասխան.
«Ո՜հ Աքիլլես Պելևսածին, աքեյանց մեջ դու գերհրաշ և գերազոր,
Պետք ունեի այստեղ գալու, Տիրեսիասին հարց անելու, որ գեթ նրա
Գուշակությունն այստեղ լսեմ՝ ինչպե՞ս հասնեմ ես Իթակե ապառաժուտ:
Ես տակավին չեմ մոտեցել բաղցր ափերին աքեական, ոտք չեմ դրել
{{տող|480}}Իմ հարազատ երկրի վրա, այլ կրում եմ դառն աղետներ։ Մինչ, Աքիլլես,
Ո՛չ անցյալում և ո՛չ հետո քեզնից ավել երջանիկ մարդ էլ չի լինի.
Արդ, քեզ այնժամ, դեռ կենդանի, մենք՝ արգիյանք, պաշտում Էինք աստվածաչափ,
Իսկ այժմ այստեղ նույնպես դու մեծ թագավոր ես ստվերներին մեռյալների,
Ուստի և դու մի տրտնջա, որ մեռած ես, ո՜վ Աքիլլես աստվածարժան»։
Այդպես այնտեղ ես ասացի, և նա իսկույն պատասխանեց ու խոսք ասաց.
«Դու ինձ մահով մի ամոքիր, ո՜վ Ոդիսևս փառապսակ,
Ավելի շուտ կցանկայի լինել աղքատ մի գյուղացի կամ մի վարձկան
Եվ ծառայել, հանց չքավոր, խեղճ մարդու մոտ, որի ապրուստն է աղքատիկ
Բայց դու պատմիր և լուր տուր ինձ որդու մասին վսեմագույն ու փառաշուք՝
{{տող|490}}Հանդես եկա՞վ արդյոք կռվում, որ դառնավեհ քաջամարտիկ, թե՞ բնավ ոչ.
Պատմիր ու ինձ և Պիլևսի մասին ազնիվ, եթե միայն դու այդ գիտես։
Արդյոք ունի՞ միրմիդոնյան քաղաքներում նա իրավունք իշխանական,
Թե՞ այլևս Հելլադայում և Փթիայում էլ չեն լսում նրան բնավ,
Կամ ծերությունն է կաշկանդել ձեռն ու ոտը նրա անզոր ու դողդոջուն։
Ա՜խ, եթե ես նրան, շողշող արևի տակ, այնպիսի մի նեցուկ դառնամ
Որպիսին ես հանդես եկա Տըրոյայում լայնատարած՝
Կոտորելով մեծակորով բյուր քաջերին, իբրև պաշտպան արգիացոց,
Ա՜խ, եթե ես այդպես գայի իմ հոր տունը, ժամանակով գոնե մի կարճ,
Այնժամ ոմանց հաղթ իմ ձեռքերն ու կորովն իմ պիտ թվային ահագնագույն,
{{տող|500}}Նրանց, որոնք հալածում են այնտեղ նրան և կամ զրկում իրավունքից»։
Այդպես ասաց, և ես իսկույն նրան այս խոսքը ասացի ի պատասխան.
«Ո՜հ, ես ոչինչ դեռ չգիտեմ քո Պելևսի մասին վսեմ,
Սակայն գիտեմ քո սիրելի Նեոպտոլեմ որդու մասին ես ամեն բան
Եվ կպատմեմ քեզ ճշմարիտն, ինչպես դու այդ պատվիրեցիր,
Քանզի նրան լայնածավալ և կորակոր նավի վրա
Սկիրոսից ես բերեցի դեպ աքեյանք գեղասրունք։
Երբ որ Տրոյա քաղաքի շուրջ կազմում էինք մենք խորհուրդներ վեհաժողով,
Միշտ առաջինն էր նա խոսում և ճառում էր վեհ ու վսեմ:
Նրան այնտեղ հաղթում էինք միմիայն ես և ծեր Նեստորն աստվածամիտ:
{{տող|510}}Իսկ երբ դաշտում տրոյական սուր պղնձով կռվում էինք ահագնակի,
Ոչ մի անգամ նա չը թաքնվեց ամբոխի մեջ, ճակատից դուրս,
Այլ նետվում էր նա միշտ առաջ և քաջազոր խիզախությամբ
Նա չէր զիջում անդ ոչ ոքի ու կոտորեց կռվուվ ահեղ նա շատ մարդկանց։
Ես չեմ կարող հիմա հիշել կամ մի առ մի այժմ անվանել ու թվարկել,
Թե որքա՞ն նա, իբր աքեյանց քաջ զորավիգ, թշնամիներ անդ կոտորեց,
Բայց լավ գիտեմ, որ մարդաջարդ սուր պղնձով նա ջախջախեց
Քաջ Տելեփյան Եվրիպիլին, որի շուրջը, հանուն կանանց ընծաների,
Կոտորվեցին նրա անթիվ ընկերները կետիացի։
Ինձ նա թվում էր գեղեցիկ, թեպետ զիջում էր Մեմնոնին։
{{տող|520}}րԵբ մենք՝ հզոր արգիացիք թաքնվեցինք որովայնում Երիվարի,
Որն Էպիոսն էր կառուցել, մինչդեռ միայն ինձ էր հանձնված գործն ադ խարդախ՝
Ե՛վ բաց անելն այդ դարանի, և՛ փակելը դրա ներքուստ,
Այնժամ այստեղ դարանամուտ խորհրդական արգիացիք, ահաբեկված,
Իրենց աչքի որդ արտասուքն էին սրբում և դողդողում ամբողջ մարմնով։
Սակայն նրան ես չտեսա ո՛չ արտասուքը այտերից իր սրբելիս
Ո՛չ էլ չքնաղ իր երեսը գունատությամբ համակ ծածկված,
Այլ աղերսում էր ինձ հաճախ, որ ես թույլ տամ` ձիու միջից դուրս գալ կռվի.
Սեղմում էր նա կոթն իր թրի, պղնձակուռ տեգ նիզակն էր շարժում անվախ,
Ոգեշնչված էր տենչանքով ոչնչացնել ու կոտորել տըրոյացոց.
{{տող|530}}Եվ վերջապես, երբ Պրիամի բարձր քաղաքն ավերեցինք,
Նա սև նավով, հարուստ ավարն ու ընծաներն իր ստացած, վերադարձավ։
Չվնասվեց նա պղնձով ձեռնամարտում, մի բան, որ միշտ
Հազվադեպ է պատերազմում, ուր մոլեգնում է ժանտ Արեսը մարդախանձ»:
Այդպես ահա ես ասացի, և քաջավազ Էակյանի հոգին անդուստ,
Մեծ քայլերով շարժվեց, գնաց դաշտավայրով ափոդելյան.
Ուրախացավ, երբ որ լսեց, որ իր որդին քաջ էր կռվում և փառապանծ։
Այնուհետև հանդես եկան մեռյալների այլ հոգիներ,
Որոնք, բոլորը վշտակիր, պատմում էին ամեն մեկը պատուհասն իր։
Եվ միմիայն Տելեմոնյան Էասն էր անդ կանգնած մենակ
{{տող|540}}Եվ մեկուսի։ Զայրացած էր նա չափազանց, որ հաղթեցի
Ես Աքիլլի զենքի համար ծագած վեճում։ Մայրն էր մրցույթը սահմանել,
Իսկ վճիռը արձակեցին Աթենասը և տրոյացիք:
Ո՜հ, երանի հաղթանակն այդ վեճի մեջ ես չտանեի,
Այնժամ երկիրն իր կրծքի տակ այդպիսի վեհ և մեծ գլուխը չէր թաղի՝
Գլուխն հզոր, մեծ Էասի, որ գերազանցն էր բոլորից դանայանց մեջ
Թե՛ իր տեսքով և թե՛ գործով, բացի միայն գերահռչակ Պելևսյանից:
Ու ես նրան, անդ դիմելով, խոսք ասացի գորովալի ու մեղմագին.
«Ո՜վ փառապանծ դու մեծ Էաս, որդիդ վսեմ Տելամոնի, մի՞թե նաև
Մահից հետո չես մոռանում զարյույթն իմ դեմ այն չարաբաստ զենքի համար,
{{տող|550}}Որով անմահ աստվածները աքեացոց մատնեցին բյուր աղետների,
Իսկ դու` նրանց պատվարն հզոր, կործանվեցիր։ Մինչդեռ այնժամ
քեզ՝ մեռյալիդ,
Որ Պելևսյան Աքիլլեսի գյխին էիր ճիշտ հավասար,
Մենք՝ աքեյանք, ողբում էինք սրտահառաչ և անդադար:
 
Այնտել ոչ ոք մեղավոր չէր, մելավորը Զևսն էր միայն. նա դանայանց
Աշտեավոր զորքը ատեց և քեզ մատնեց ժանտ օրհասի։
Մոտ եկ, մոտ եկ, իշխանավոր, լսիր մեր խոսքն ու պատմածը,
Զսպիր գեթ այժմ հպարտ հոգիդ և քո ահեղ զայրույթ ու քենն»։
Այդպես այնտեղ ես ասացի, բայց նա ոչինչ էլ չխոսեց։ Անպատասխան
Նա հեռացավ մեռյալների հոգիների հետ միասին դեպ Էրեբոս։
{{տող|560}}Գուցե հետո ինձ հետ խոսեր, թեկուզ ցասկոտ, գուցե մի կերպ
ես խոսեի,
Բայց սիրելի սիրտս այնժամ իմ կրծքի տակ տենչում էր խիստ
Եվ փափագում տեսնել այնտեղ մեռյալների այլ հոգիներ:
Տեսա հանկարծ ես Մինոսին՝ մեծ, փառավոր որդուն Զևսի
Ձեռքին բռնած ոսկե մական՝ կատարում էր դատաստանը մեռյալների,
Որոնք դիմում էին դատին մեծ արքայի՝ կամ նրա շուրջն, այնտեղ նստած,
Կամ գալարվում էին անվերջ անդ, Հադեսի լայնադարպաս մուտքի առջև։
Տեսա այնտեղ նաև հսկա ու վիթխարի Օրիոնին,
Ասփոդելյան մարգերի մեջ հալածում էր նա գազաններ,
Որոնց ինքը մի ժամանակ ամայացած լեռների մեջ կոտորել էր՝
{{տող|570}}Պղնձակուռ և հավիտյան չխորտակվող իր մեծ գուրզով։
Ես անդ տեսա նաև հսկա Տիտիոսին՝ երկրի որդուն փառապսակ,
Ընկած էր նա գետնատարած, ինն արտավար տեղ գրաված։
Երկու կողմից երկու անգեղ նստած անդուլ հիշում Էին լերդը նրա՝
Խոր վարսելով կտուցները, և չէր կարող նա իր ձեռքով վանել նրանց,
Քանզի մի օր բռնաբարել էր Լետոյին, Զևսի հարճին գեղեցկափայլ՝
Պանոպևսի լայնատարած դաշտավայրով դեպի Պիթոն ընթանալիս:
Այնտեղ տեսա ես Տանտալին, որ տառապում էր դառնագին:
Կանգնած էր նա լճակի մեջ, մինչդեռ ջուրը հասնում էր սոսկ իր կզակին.
Ծարավ էր խիստ, բայց չէր կարող հասնել ջրին, որ գեթ խմի,
{{տող|580}}Քանզի հենց որ կքվում էր նա, որ ջուր խմի փափագատենչ,
Ջուրն անհապաղ, ետ քաշվելով, չքանում էր, և անդ, նրա ոտքերի տակ
Միայն մնում էր հողը սև, այդպես ջուրը ցամաքեցնում էր ինքն աստված։
Իսկ ծառերը բարձրասաղարթ կախել էին վերուստ նրա գլխի վերև
Պերճ պտուղներ՝ խնձոր ու տանձ գեղեցկափայլ ու քաղցր նուռ,
Որոնց հետ և՝ թուզ մեղրահամ, ձիթապտուղ մեծափարթամ։
Բայց հենց որ նա՝ հեգ ծերունին, ձեռքը մեկնելով, ջանում էր, որ մի բան քաղի,
Հողմն էր դրանք իսկույն քշում, փախցնում դեպի հեռու ամպերն ստվերախիտ։
Տեսա նաև Սիսիփոսին տանջանքի մեջ ժանտ ու դաժան.
Երկու ձեռքով բռնել էր նա հսկայական, ծանր մի քար
{{տող|590}}Եվ անընդհատ, ոտքով, ձեռքով նա ճգնում էր քարն անարի գլորելով
Տանել, հասցնել բարձր լեռան բարձրակատար գագաթներին,
Սակայն հենց որ հասնում էր նա լեռան բարձր գագաթներին, հզոր մի ուժ
Ետ էր մղում, քարն այդ կրկին գլորվում էր դեպի հովիտ։
Իսկ նա ճիգ էր թափում անվերջ վեր հանել քարն, մինչ քրտինքը հորդ ու վարար
Հոսում էր ողջ նրա մարմնից, իսկ գլուխն իր փոշին պատել էր թանձրախիտ։
Ես վերջապես այնտեղ տեսա ուրվականը Հերակլեսի մեծ զորության,
Մինչդեռ ինքը հրճվում էր անդ, աստվածների ճոխ խնջույքում։
Կին էր նրան անմահ Հեբե աստվածուհին չքնաղագույն,
Որ դստրիկն էր Զևս զգոնի և Հերայի ոսկեկոշիկ:
{{տող|600}}Ուրվականի շուրջը տիրում էր աղաղակ, հանց ահաբեկ հավքերի ճիչ.
Ինքն էլ, նման մութ գիշերին, ձեռքին բռնած իր հաղթ աղեղը լայնալիճ,
Կանգնած էր անդ շրջահայաց, նետը լարին արդեն դրած,
Կարծես, ահա պատրաստ է նա նետը ձգել իր խորտակիչ։
Նրա կրծքին շուրջանակի շողշողում էր քեմուխտի փոկը ահավոր,
Հանց թրակապ ոսկենկար, որի վրա կային գործեր հրաշակերտ՝
Հուժկու արջեր, դաշտակենցաղ վայրի կիճեր և հրաչյա հաղթ առյուծներ,
Ահեղ կռիվ, մարտաշփոթ, մարդակոտոր ժանտ նախճիրներ։
Նույնիսկ ճարտար արվեստագետն, որ հղացել էր քեմուխտի կերտվածքը այդ,
Էլ այդպիսի գերհրաշ գործ երկրորդ անգամ չէր կարող նա կերտել նորից:
{{տող|610}}Երբ նա աչքը դարձրեց իմ կողմ, ինձ ճանաչեց իսկույն ևեթ
Ու խորախոր հառաչելով նա ինձ դիմեց և թևավոր այս խոսքն ասաց.
«Աստվածազարմ Լաերտածին, բազմահնար դու Ոդիսևս,
Դժբախտ, ավա՜ղ, այժմ երևի կրում ես դու մի չարաղետ, դաժան վիճակ,
Որպիսին ես կրում էի մի ժամանակ վառ Արևի լույսերի տակ.
Թեպետ որդին էի ես քաջ Կրոնոսյան Զևս զգոնի,
Սակայն մատնված էի անթիվ տանջանքների, քանզի հանձնված էի իրոք
Ստոր ու նողկ մարդու կամքին, որ ստիպում էր կատարել դաժան գործեր:
Եվ արդ, այստեղ ինձ առաքեց նա մի անգամ, որ դուրս բերեմ շունն ահաբեր.
Կարծեմ, թե նա էլ ավելի մի ժանտալի գործ մտածել չէր հանդըգնի։
{{տող|620}}Շունն Հադեսի տնից մի կերպ ես հանեցի և բերեցի երկրի վրա.
Հերմեսն եղավ ինձ ուղեկից և Աթենասն՝ աստվածուհին պայծառաչյա»։
Ասաց այդպես, ապա իսկույն նա ետ դարձավ, գնաց, մտավ տունն Հադեսի։
Մինչ մնացի ես իմ տեղում՝ սպասելով, որ գուցե գան հոգիները
Այն քաջազուն հերոսների, որոնք նույնպես կործանվել են վաղ ժամանակ։
Եվ ես մարդկանց կտեսնեի անդ վաղեմի, սրտիս համար փափագատենչ,
Պիրիթոոսին ու Թեսևսին, աստվածների զավակներին այդ փառավոր:
Բայց նախքան այդ հավաքվեցին մեռյալները բյուրաբազում,
Աղմըկեցին ահագնակի և ինձ պատեց գունատությունը սարսափի։
Մտածեցի, մի գուցե այժմ զորությունը Պերսեփոնի
{{տող|630}}Անդ առաքի հրեշավոր դաժան գլուխը Գորգոնի,
Ուստի իսկույն ես ուղղվեցի դեպի նավն իմ, պատվիրեցի ընկերներիս՝
Շուտ բարձրանալ նավի վրա և կառանները արձակել։
Նրանք հապճեպ նավ բարձրացան, նստոտեցին նստիքներին.
Ալիքները նավը արագ ուղղեցին դեպ գետն, օվկիանոսն.
Նախ սլացավ այն թիերով, ապա քշեց հողմն ուղեկից ու բարեբեր:
/<poem>
== Երգ տասներկուերորդ։ Ծովալքները. Սկիլլան ու Քարիբդիսը. Արևի եզները ==
96
edits