Changes
Ոդիսական
,/* Երգ տասներկուերորդ։ Ծովալքները. Սկիլլան ու Քարիբդիսը. Արևի եզները */
== Երգ տասներկուերորդ։ Ծովալքները. Սկիլլան ու Քարիբդիսը. Արևի եզները ==
<poem style='margin:0ex 5ex'>
{{տող|1}}Եվ սլացավ մեր նավն այդպես, հասավ գետի, օվկիանոսի հոսանքներին։
Այնուհետև անպարագիծ ծովի կրծքում, հորդ ալիքները ճեղքելով,
Հասավ կղզուն Էական, ուր Արշալույսը առավոտյան իր տունն ունի,
Կացարանը։ Այնտեղից է ծագում Արևը լուսաշող:
Արագընթաց նավը իսկույն դուրս քաշեցինք մենք դեպի ափ, ավազի մեջ,
Այնտեղ ապա մենք ինքներս էլ ծովափ իջանք, ափը ծովի հավերժագոչ
Ու շատ շուտով մենք քուն մտանք՝ սպասելով Արշալույսին աստվածային:
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Ես անհապաղ ընկերներիս առաքեցի Կիրկեի տունն,
{{տող|10}}Որ այնտեղից վերցնեն-բերեն նրանք դիակն Էլպենորի։
Ապա իսկույն փայտ կտրեցինք ու թաղեցինք նրան ափին այն բարձաբերձ
Եվ ողբացինք լացուկոծով, հոսեց արցունքը դառնադառն,
Երբ մեռյալի զենքերն ու դին հրկիզեցինք մենք ջերմեռանդ,
Դամբան–բլուր կառուցեցինք և կանգնեցինք նրա վրա մի կոթող սյուն,
Իսկ բլուրի բարձր գլխին մենք տնկեցինք թիակը իր։
Այդ ամենը կատարեցինք մենք մի առ մի, բայց Կիրկեին
Հայտնի դարձավ, որ Հադեսի տնից արդեն վերադարձել, եկել ենք մենք,
Ուստի իսկույն, հագուստն հագած, մեզ մոտ եկավ, իսկ ծառաներն իր հետևից
Հաց բերեցին, ճոխ մսեղեն ու շողշողուն կարմիր գինի։
{{տող|20}}Եվ, կանգնելով այնտեղ մեր դեմ, այս խոսքն ասաց պերճ դիցուհին
աստվածային.
«Հանդուգններ, որ կենդանի՝ տունը մտաք դուք Հադեսի. մահ կտեսնեք
Երկու անգամ, մինչ այլ մարդիկ մահանում են՝ մահ տեսնելով լոկ մեկ անգամ:
Ահավասիկ կեր ու խմիչք վայելեցեք, խմեք գինին այս մեղրահամ
Ու մնացեք այս օրն այստեղ, իսկ երբ ծագի Արշալույսը առավոտյան,
Ճամփա կընկնեք և կգնաք, ես ցույց կտամ ձեզ ճանապարհը մանրամասն
Եվ ամեն ինչ կհայտնեմ ձեզ, որ, վերահաս, աղետաբեր
Խարդախության պատճառով՝ դուք չտուժեք անդ, ծովի վրա կամ ցամաքում»։
Ասաց այդպես, և լսեցինք մենք հնազանդ մեր սրտերով։
Այդպես ահա այդ օրն ամբողջ մինչ մայրամուտը արևի,
{{տող|30}}Վայելեցինք այնտեղ առատ մենք մսեղեն, այլև գինին անուշահամ։
Երբ մայր մտավ արևն արդեն, և խավարը պատեց երկրին ամենուրեք,
Ընկերներս անդ քուն մտան մեր սև նավի կառանների մոտ մեկնըված։
Այնժամ Կիրկեն, ձեռքս բռնած, ինձ սիրելի ընկերներից մի կողմ տարավ,
Նստեցըրեց, ինքն էլ բազմեց դեմ-հանդիման, հարցմունք արեց,
Եվ ես նրան ճշմարտացի ու մի առ մի անդ պատմեցի գործը ամբողջ:
Երբ որ լսեց, ինձ դիմելով այս խոսքն իսկույն ասաց Կիրկեն գերամեծար,
«Ուրեմն այդպես գլուխ եկավ ամենայն ինչ. այժմ արդեն պիտի լսես,
Ինչ որ սրտանց ես քեզ կասեմ. թող ինքն՝ աստված, քեզ խելացի, խոհուն դարձնի:
Նախ պիտի դու ծովալքների մոտ ժամանես, որոնք իրոք
{{տող|40}}Գիտեն վարմել ու կախարդել բոլոր մարդկանց, ով որ գալիս է նրանց մոտ։
Ով անտեղյակ ու պատճառով անգիտության՝ հանկարծ նրանց անդ մոտենա
Ու չարաղետ ծովալքների թունդ երգերին նա ձայնալուր դառնա հանկարծ,
Երբեք նրան, որպես իր տուն ետ եկողի, էլ չեն տեսնի
Կամ սրտալի չեն ողջունի ո՛չ իր կինը, ոչ էլ մանուկ զավակներն իր,
Քանզի նրան ծովալքները, մարգում նստած, կը հմայեն երգով դյութիչ.
Մինչ նրանց շուրջ մարդկանց փտած ոսկորների և մաշկի մեծ մի բլուր կա:
Բա դու կղզուց հեռու մնա, իսկ ականջներն ընկերներիդ
Խցկիր փափուկ դու մեղրամոմ, որ չլսի երգն այդ ոչ ոք:
Իսկ դու կարող ես լսել այն, եթե միայն դու ցանկանաս,
{{տող|50}}Բայց քեզ մինչ այդ, նավի վրա, կայմի ձողին թող պինդ կապեն,
Սակայն կանգնած, պարանները ամուր ձողին պարավանդած,
Մինչև որ դու, ծովալքների երգը լսած, հրճվես սրտանց։
Եթե խնդրես կամ պատվիրես ընկերներիդ, որ արձակեն քեզ կապանքից.
Թող ավելի պիրկ ու ամուր քեզ պարանով այնտեղ կապեն,
Իսկ երբ կղզին ծովալքների հեռուն թողած, անցնեք արդեն,
Այնուհետև մանրամասն էլ չեմ պատմում, կարիք չը կա,
Թե ո՞ր մեկը այնտեղ քո դեմ եղած երկու ուղիներից պետք է ընտրես,
Դու ինքդ այդ լավ մտածիր, իսկ ես կասեմ այդ երկուսի մասին այսքան:
Անդ, մի կողմից գոռ ժայռերն են հուժկու կախված և սարավանդ,
{{տող|60}}Որոնց զարկվում են մեծագոչ, կապույտաչյա Ամփտրիտի ալիքներն հար:
Երջանկավետ աստվածները ժայռերը այդ հորջորջել են «թափառաժայռ»,
Եվ չեն կարող դրանց մոտիկ թռչել անցնել ոչ թռչուններն, ոչ թուլասիրտ
Աղավնիներն, որոնք բերում են ամբրոսիա աստվածահայր Զևս զգոնին,
Զի դրանցից մեկն ու մեկին անշուշտ շորթում է լերկ ժայռը այդ սեպածայր,
Բայց փոխարենն՝ իսկույն հայրը առաքում է մեկ ուրիշին։
Արդ, մարդկային և ոչ մի նավ այնտեղից դեռ չի անցկացել՝ չվնասված,
Եվ դիակներն անթիվ մարդկանց ու տախտակները նավերի լայն ծովի մեջ
Քշում, տանում են ալիքներն, աղետարար, ժանտ կրակը։
Սակայն անդուստ մի օր անցավ ծովագնաց միայն մի նավ՝ Արգո նավը
{{տող|70}}Որն, ամենքին հայտնի դարձած, վերադառնում էր Էետից արքայազոր:
Նույնիսկ և դա իսկույն պիտի զարկվեր խարակ այդ ժայռերին ու խորտակվեր,
Եթե չօգներ նրանց Հերան, որ խիստ սիրում էր Յասոնին։
Անդ կա երկու մեծ լեռնաժայռ, մեկն հասնում է մինչև երկինք լայնատարած
Եվ սրածայր գլուխ ունի, ու այն ծածկում են մշտապես
Մութ ամպերը, որոնք բնավ չեն հեռանում դրա գլխից
Ոչ ամառը, ո՛չ աշունքին, այլ գագաթն է խիտ ամպերով միշտ քողարկված։
Դրա վրա մահկանացու մարդ չի կարող ո՛չ բարձրանալ և ո՛չ իջնել,
Թեկուզ ձեռքեր և հաղթ ոտքեր քսան-քսան նա ունենա։
Պարեխն է այդ չափազանց լերկ ու գահավեժ, կարծես իրոք հղկված լինի:
{{տող|80}}Այդ ահավոր պարեխի մեջ կա մի քարայր խավարամած,
Որն ուղղված է դեպ արևմուտք, դեպի Էրեբն անդնդախոր:
Արդ, այդ տեղով քո խորափոր նավը քշիր, ո՜վ մեծափառ դու Ոդիսևս,
Եվ հազիվ թե կարողանա քաջահմուտ մի նետաձիգ
Նետը նավից իր խոր՝ ձգել, հասցնել քարանձավին այդ լայնալիր։
Քարայրում այդ բնակվում է ժանտ Սքիլլան. հաչում է նա քըտըմնաձայն,
Եվ նորածին շան լակոտի ոռնոցին է միշտ նմանվում նրա ոռնոցն,
Իսկ նա ինքը մի այլանդակ, ժանտ ճիվաղ է հրեշավոր:
Արդ, չի խնդա, ով որ նրան այնտեղ տեսնի, թեկուզ աստված էլ նա լինի:
Տասներկու ոտք, թաթ նա ունի՝ բոլորն էլ գարշ, անբնական,
{{տող|90}}Երկարաձիգ վեց վիզ ունի, իսկ վզերին մի-մի գլուխ կա սոսկալի,
Եվ ամեն մի երախի մեջ ատամներն են շարված ահեղ ու եռակի`
Միշտ ամրապինդ, չափազանց խիտ և մահասփյուռ, մախիզ ու հոծ:
Այդ հրեշն է թաղված մարմնով իր՝ կիսով չափ այրում այն խոր
Եվ այնտեղից դուրս է ցցում սարսափելի գլուխներն իր դեպ անդունդը,
Որոնք, ժայռերն ստուգելով, ձուկ են որսում գալարվելով,
Բռնում, լափում են փոկերին, դելֆիններին և ծովի այլ հրեշներին,
Որոնց իր մեջ, հազարներով, սնուցում է Ամփիտրիտեն ահեղագոչ։
Եվ չի կարող ոչ մի նավորդ ցարդ պարծենալ, թե իր նավով նա անվնաս
Անցել է այդ ժայռի մոտով, քանզի ամեն մի գլուխը ժանտ հրեշի
{{տող|100}}Ծովագնաց նավի վրայից շորթում, տանում է դեպ քարայրը մի-մի մարդ:
Ապա այնտեղ, ո՜վ Ոդիսևս, մի այլ պարեխ դու կտեսնես, բայց ցածր է դա
Ու մոտիկ է մյուս ժայռին տարածությամբ մեկ նետընկեց:
Դրա գլխին բարձր աճում է ծաղկափթիթ, տերևազարդ մի թզենի.
Իսկ ժայռի տակ սուրբ Քարիբդիսն կլանում է մրրկահույզ ջուրը մթին,
Երեք անգամ խմում է նա ջուրն օրվա մեջ ու երիցս՝ Ժանտ զգայռում։
Վա՜յ քեզ, եթե դու հանդիպես նրան այնտեղ, ջուրը այդպես կլանելիս.
Այնժամ նույնիսկ Պոսիդոնը երկրասասան քեզ չի փրկի այդ աղետից:
Լավ է, եթե Սքիլլայի ժայռի մոտով դու ընթանաս։ Նրա մոտով
Արագապես դու սլացիր նավիդ վրա, քանզի բարվոք է առավել
{{տող|110}}Զրկվել իրոք նավիդ լոկ վեց ընկերներից, քան թե կորցնել անդ բոլորին»։
Ասաց այդպես, և ես նրան խոսք ասացի ի պատասխան.
«Դու այս ասա, աստվածուհիդ, և ինձ պատմիր ճշմարտացի.
Եթե մի կերպ խույս տամ այնտեղ ես մահաբեր Քարիբդիսից,
Ես կվանե՞մ արդյոք մյուսին, երբ հարձակվի ընկերներիս վրա հանկարծ»:
Այդ ասացի, և պատասխանն իսկոյն ասաց պերճ դիցուհին աստվածային.
«Հանդուգն, ավա՜ղ, կռիվ ու կագ ես փափագում, արի գործեր,
Չես ցանկանում զիջել նույնիսկ հավերժ անմահ աստվածներին:
Արդ, անմահ է ժանտ Սքիլլան, չարիք է նա անջնջելի, մի չարություն՝
Զարհուրելի և այլանդակ, անպարտելի, նողկ ու վայրագ։
{{տող|120}}Չի դիմանա նրան ոչ ոք, ոչ մի կորով, և փախուստն է միակ միջոցն։
Եթե հանկարծ այդ ժայռի մոտ դու դանդաղես, որ քո զենքով ելնես կռվի,
Համոզված եմ, որ այդ հրեշն ձեր կողմ կուղղի իր գլուխներն
Ու ձեր նավից այնքան նորից մարդ կշորթի, որքան իրոք գլուխ ունի:
Ուստի անցիր դու սըրընթաց, բայց աներկյուղ կանչիր միայն՝
Մորը ահեղ Սքիլլայի, որ ծնել է մարդկանց համար այդ պատուհասն.
Նա է միայն, որ կարող է զսպել ուժգին հարձակումը նրա կրկին։
Այնուհետև կը ժամանես Թրինակիե։ Այնտեղ, բազում և բյուր աներս,
Արածում են Արեգակի եզները և ոչխարները հուր ու պարարտ.
Յոթ ստվար եզնանախիր և նույնքան էլ՝ ոչխարների հոտ գեղեցիկ.
{{տող|130}}Ամեն մեկում հիսուն գլուխ։ Բայց չեն աճում դրանք արդեն,
Չեն մահանում, դիցուհի են հովիվները դրանց պահող՝
Գեղագանգուր նիմփաները՝ Փաեթուսան և Լամպետիեն,
Որոնց ծնեց աստվածուհի պերճ Նեերան վառ Հելիոս-Հիպերիոնից:
Երբ որ նրանց այնտեղ ծնեց ու խնամեց գերամեծար մայրը սնող,
Բնակության նա առաքեց դեպ հեռավոր Թրինակիե կղզին իսկույն,
Որպեսզի միշտ անդ պահպանեն հոր կորեղջյուր եզները և ոչխարները:
Արդ, եթե դու, դարձիդ մասին մտահոգված, դրանց թողնես ու ձեռք չտաս,
Այնժամ անշուշտ, թեպետև միշտ աղետակիր, դուք կհասնեք ձեր Իթակեն,
Սակայն եթե ձեռք տաս դրանց, գուշակում եմ քեզ պատուհաս,
{{տող|140}}Մահ ու կորուստ ընկերներիդ և քո նավին։ Թեպետ մահից դու խույս կտաս,
Բայց ետ կը գաս դու տարաբախտ ու անագան, զրկված բոլոր ընկերներից»:
Ասաց այդպես, մինչդեռ ծագեց անդ Արշալույսը ոսկեգահ,
Եվ հեռացավ դեպի կղզին աստվածային պերճ դիցուհին։
Դեպի նավը ես շարժվեցի, հորդորեցի ընկերներիս,
Որ շուտ նրանք նավ բարձրանան և կառանները արձակեն.
Նրանք հապճեպ վեր բարձրացան, նստոտեցին նստիքներին։
Այդպես նստած՝ նրանք թիով ճեղքում էին կուրծքն ալևոր ալիքների,
Մինչդեռ Կիրկեն, աստվածուհին գեղագանգուր, ահեղ, խոսուն,
Առաքեց մեզ ու ժիր նավին սնակտուց, մեր ետևից ուժգին փչող,
{{տող|150}}Ատագաստը ուռցնող քամին իբրև ընկեր և ուղեկից:
Նստած էինք մենք նավի մեջ՝ սարքավորման ողջ աշխատանքը կատարած,
Իսկ նավն արագ դեպի առաջ տանում էին նավավարը և մեղմ քամին։
Այդ ժամանակ ընկերներիս ես դիմեցի սրտակոտոր ու ասացի.
«Բարեկամներ, վայել չէ, որ միայն մեկը կամ թե երկուսը իմանան
Կամքն աստծու, որն ինձ հայտնեց այստեղ Կիրկեն՝ պերճ դիցուհին աստվածային,
Ուստի ես այժմ ձեզ կը հայտնեմ, ահավասիկ, որ իմանաք.
Մենք կկորչենք կամ կը փրկվենք կործանումից և օրհասից։
Նախ և առաջ նա պատվիրեց, որ խուսափենք ծովալքներից աստվածային
Եվ չլսենք երգը նրանց, երգն՝ հմայիչ, ծաղկափթիթ մարգերի մեջ,
{{տող|160}}Այլ միմիայն հրամայեց, որ ես լսեմ նրանց երգերը կախարդիչ։
Դուք ինձ կապեք պինդ կապանքով, որ իմ տեղում անշարժ մնամ, բայց և կանգնած,
Ամուր կայմին պարավանդված. ներքևի՛ց էլ ինձ պինդ կապեք։
Եթե խնդրեմ կամ պատվիրեմ, որ արձակեք ինձ կապանքից,
Էլ ավելի ամուր և պինդ կաշկանդեցեք պարաններով դուք ինձ կայմին»։
Այդպես ահա բացատրեցի ընկերներիս ամենայն ինչ,
Մինչ մեր նավը գեղեցկակերտ սուր սլացավ, հասավ կղզին ծովալքների,
Քանզի հաջող հողմն է օգնում։ Բայց երբ հասանք, չքվեց քամին,
Շուրջը տիրեց խաղաղ անդորրն անհողմության, և չքացան աստծու կամքով
Հույզն ու հորձանքն ալեկոծման։ Շուրջը միայն ծովն էր փռված անդորրավետ։
{{տող|170}}Եվ նավորդներն ոտքի ելան, վար բերեցին առագաստ իմ սև նավի,
Ծալծլեցին ու դրեցին նավագոգում և, նստելով նստիքներին,
Եղևնակերտ կոկ թիերով ճեղքեցին ջուրը փրփրալից:
Իսկ ես վերցրի մեղրամոմի գունդը իսկույն և սուր թրով
Կտրատեցի ու ձեռքիս մեջ կորովակի այն սեղմեցի։
Անմիջապես մոմը կակղեց, քանզի հզոր էր կորովը իմ ձեռքերի,
Այլև ուժը ճառագայթի, որ տալիս էր իշխանավոր Հիպերիոնը։
Մոմն այդ կարգով ես խցկեցի ականջները ընկերներիս,
Ապա նրանք ինձ կապեցին, կանգնած դիրքով` կապկպեցին
Ձեռ ու ոտս պատաններով, կաշկանդեցին կայմի ձողին։
{{տող|180}}Իրենք նորից նստոտեցին ու ճեղքեցին ճերմակ ալիքը թիերով։
Հապճեպ առաջ ընթանալով՝ այնժամ այնքան մենք մոտեցանք.
Որքան կանչող ձայնն է լսվում։ Ծովալքները տեսան մեր նավն արագընթաց,
Որ սլանում էր ալյաց մեջ, և սկսեցին նրանք հնչուն երգն հմայիչ.
«Ո՜հ, եկ, այստեղ, ո՜վ Ոդիսևս արժանագով, դու աքեյանց փառք ու պարծանք,
Կանգնեցրու նավն, հանգստացիր, որպեսզի մեր երգը լսես հրաշագեղ,
Չէ՞ որ ոչ ոք, ոչ մի անգամ դեռ չի անցել այստեղ նավով իր սևաթույր՝
Առանց մեր երգը լսելու, երգը քաղցր մեր շուրթերի։
Բանիմաց է մեզ լսողը և դեպի տուն նա սլանում է ցնծավետ։
Հայտնի է մեզ փորձանքները, որ կրել են Տրոյայի մոտ,
{{տող|190}}Կամքով անմահ աստվածների, արգիացիք և տրոյացիք։
Մենք լավ գիտենք՝ ինչ կա, չկա երկրի վրա բազմապտուղ»։
Այդպես ասում էին նրանք երգերի մեջ քաղցրահնչյուն,
Ուզում էի սրտանց լսել։ Պատվիրեցի ընկերներիս ինձ արձակել,
Ուստի հոնքով նշան արի, բայց ավելի ուժգին նրանք աշխատեցին,
Իսկ Եվրիլոքն ու Պերմեդն անդ վեր կացան իսկույն ևեթ
Ու կապեցին չվաններով ինձ սռավել ամուր և պինդ:
Երբ որ այդպես մեր նավն արագ սլանալով կղզին անցավ,
Եվ բնավին էլ չէր լսվում ծովալքների երգն ու ձայնը,
Սիրանվեր ընկերներս այնտեղ իրենց ականջներից
{{տող|200}}Մոմն հանեցին անմիջապես և ապա ինձ արձակեցին իմ կապանքից։
Իսկ երբ կղզուց մենք հեռացանք, ես դեմառդեմ մի ծուխ տեսա
Եվ լեռնաչափ, ժանտ ալիքներ ու լսեցի ահեղ թնդյուն։
Սարսափեցին ընկերներս և վայր ընկան նրանց ձեռքից թիերն իսկույն:
Թնդաց hանկարծ հուզված ծովի հորձանքն աhեղ, և կանգ առավ նավը այնտեղ,
Քանզի նրան այլևս առաջ չէին մղում թիերն երկայն:
Ես շարժվեցի նավի վրա, հորդորեցի ընկերներիս սարսափահար,
Մոտենալով ամեն մեկին՝ խոսք ասացի գորովալիր.
«Սիրելինե՜ր, չկա աղետ, որին լինենք մենք անծանոթ,
Մինչ աղետն այս մեծ չէ բնավ կամ առավել սարսափելի, քան այն, երբ մեզ
{{տող|210}}Կիկլոպն ահեղ ու ժանտագույն խոր անձավում իր մոտ փակեց,
Բայց այնտեղից մենք, շնորհիվ իմ քաջությանն հնարագետ և իմ խելքի,
Ազատվեցինք, և դուք, կարծեմ, չեք մոռացել դեռ գործը այդ:
Ահավասիկ, ինչ որ հիմա ձեզ պատվիրեմ, հնազանդվեք դուք իմ խոսքին։
Թիավարնե՛ր, նստիքներին ամուր նստած, ձեր սրածայր պինդ թիերով
Դուք ճեղքեցեք ծովի բուռն ալիքները. գուցե և Զևսն այժմ օգնի մեզ,
Որ խուսափենք սպառնալի այս վտանգից ու հեռանանք գեթ անվնաս:
Իսկ քեզ ահա, ո՜վ նավավար, ես տալիս եմ պատվերը իմ.
Սրտումդ այն ամուր պահիր, զի վարում ես ղեկը նավի այս գոգավոր։
Լեռնանման ալիքներից և այս ծխից հեռու պահիր դու նավը մեր,
{{տող|220}}Ուղիղ դիմիր դեպ ժայռը այն, բնավ մի՛ թող, որ ծովի մեջ
Այն աննկատ շեղ սլանա, զի այլապես մահվան կտաս մեզ անխնա»։
Այդպես ահա ես ասացի, և , հնազանդ, նրանք իմ խոսքը լսեցին,
Բայց չասացի Սքիլլայի մասին ոչինչ, այդ անխուսափ աղետը ժանտ,
Որ ավելի չահաբեկվեն ընկերներս ու թիերը վայր չձգեն
Եվ, խուճապով, սև նավի մեջ, նրա ներսում չթաքնվեն։
Սակայն այնժամ հույժ խիստ պատվերը Կիրկեի ես մոռացա.
Չէ՞ որ նա ինձ խորհուրդ տվեց, որ չզինվեմ և իմ զենքով հանդես չգամ:
Մինչ ես զենքերն իմ փառավոր արագապես այնժամ հագա, ձեռքս առա
Երկայնաստվեր երկու նիզակ ու կանգնեցի նավաքթին.
{{տող|230}}Կարծում էի, որ հենց այդտեղ հանդես կգա ժանտ Սքիլլան ժայռաբնակ,
Որ մահառիթ աղետ բերի ընկերներին իմ տարաբախտ,
Բայց նշմարել նրան բնավ չկարեցա, և հոգնեցին աչքերը իմ՝
Այն միգապատ ժայռի կողմը ակնկառույց, հար նայելուց։
Արցունքի մեջ ու վշտացած՝ մենք, լող տալով, անցնում էինք կածանը այդ:
Անդ մի կողմից Աքիլլան էր, իսկ մյուս կողմից աստվածազոր և ահարկու
Քարիբդիսն էր գոռ կլանում աղի ջուրը ծովատարած:
Ամեն անգամ, երբ զգայռում էր ջուրը նա, հանց կրակին դրված կաթսա,
Ամբողջ ծովը, պղպըջալով, եռում էր խիստ, աղմկալի,
Փրփուրն հուժկու թռչում, ծածկում էր գագաթները ժայռերի։
{{տող|240}}Երբ կլանում էր ջուրն աղի, ծովը ներքուստ, ամբողջովին,
Թվում էր խիստ ալեկոծման ու վիթխարի եռոցի մեջ,
Եվ թնդում է ժայռի շուրջը աղմուկն ահեղ. երևում էր ծովի տակից
Կապույտ ավազն: Մինչ ընդգրկեց դալուկ սարսափն ընկերներիս,
Կարծես կանգնած մահվան հանդեպ՝ ահաբեկված նայում էինք Քարիբդիսին,
Եվ հենց այդտեղ, այդ միջոցին, ժանտ Սքիլլան նավի միջից իմ գոգավոր
Հանկարծ բռնեց ու հափափեց իմ կորովի վեց թիավար ընկերներին։
Երբ ետ դարձա, որ գեթ նայեմ ընկերներիս ու իմ նավին,
Տեսա նրանց միայն ձեռքերն ու ոտքերը, բայց վեր հանած:
Ճչում էին նրանք այդպես և ինձ կանչում անվանապես, վերջին անգամ՝
{{տող|250}}Սրտերում լի աղեխարշանք, այլև վերջին վիշտն ու ցավը.
Ուղիղ ինչպես ձկնորսը անդ, կանգնած ծովի ժայռոտ ափին,
Երկայնագույն իր կարթի հետ ծովն է նետում խաբուսիկ խայծ
Ու դաշտային եզան եղջյուր, հանց մի թակարդ մանր ձկանց,
Ապա դրանց, դուրս քաշելով, վերցնում է նա և շպրտում դեպի ցամաք,
Այդպես նրանք անդ ժայռերին շպրտվեցին, մինչդեռ հրեշը դժընդակ
Անձավի մեջ այնժամ նրանց հոշեց, լափեց, երբ որ նրանք
Ճչում էին և, իմ կողմը ձեռք կարկառած, կանչում էին ինձ օգնության։
Ես աղետներ շատ եմ տեսել՝ ծովային բյուր ճամփաներով թափառելիս,
Բայց աղետնայս խստագույնն էր ու ծայրահեղը, որ տեսա ես իմ աչքով։
{{տող|260}}Ահավասիկ, երբ մենք անցանք ժայռերը այդ և ահավոր
Քարիբդիսին ու Սքիլլային, հասանք կղզին այն գեղեցիկ, աստվածային։
Սյնտեղ էին Հիպերիոն Հելիոսի խոտաճարակ, լայնաճակատ,
Գեղեցկափայլ եզները և բյուր ոչխարներն ու այծերը:
Ես, տակավին ծովում, հեռու, իմ գոգավոր սև ավի մեջ,
Լավ լսեցի զիլ բառաչը դեպի գոմերն արդեն քշվող պերճ եզների
Եվ մայունը ոչխարների, ապա իսկույն ես հիշեցի տեղին խոսքը
Թեբացի կույրը կանխագուշակ Տիրեսիասի և էացի պերճ Կիրկեի,
Որը նույնիսկ իրավացի ու խստորեն ինձ պատվիրեց
Չիջևանել մարդու համար ակնապարար Հելիոսի կղզու վրա,
{{տող|270}}Ուստի հիմա, սրտահառաչ խոսք ասելով, ես դիմեցի ընկերներիս.
«Ինձ լսեցեք, աղետակիր իմ ընկերներ, որպեսզի ձեզ հայտնեմ ես այժմ
Պատվերները թեբեացի կույր գուշակող Տիրեսիասի
Եվ էացի պերճ Կիրկեի, որն հիրավի հրամայեց ինձ խստաբար՝
Չիջևանել մարդու համար ակնապարար Հելիոսի կղզու վրա,
Քանզի ասաց, որ մեր գլխին չարադաժան մի մեծ աղետ կթափվի անդ,
Ուստի սև նավն հեռու պահեք դուք այդ կղզուց և լող տվեք մի այլ կողմով»։
Այդպես այնտեղ ես ասացի ու խորտակվեց սիրած սիրտը ընկերներիս,
Եվ անհապաղ Եվրիլոքոսն ահեղ խոսքով ինձ առարկեց.
«Ո՜հ, ժանտագույն դու Ոդիսևս, որ լցված էր միշտ եռանդով անչափ ու մեծ.
{{տող|280}}Անխոնջ են քո անդամները, որոնք, կարծես, երկաթից են միայն ձուլված։
Անքնությամբ և խոնջանքից այսպես տանջված ընկերներիդ
Թույլ չես տալիս, որ ոտք դնեն երկրի հողին, որ գեթ հնար գտնեն այնտեղ,
Ծովապարփակ կղզու վրա, գոնե ընթրիքն համեղահամ պատրաստելու:
Ուստի հիմա ստիպում եմ՝ դու մթագույն այս գիշերով
Լող տալ, անցնել կղզուց հեռու և թափառել լայնածավալ ծովերի մեջ։
Մինչդեռ գիշերն են միշտ ծագում ժանտ հողմերը, խորտակիչները նավերի.
Ինչպե՞ս արդյոք մենք խուսափենք կործանումից անագորույն,
Երբ վրա տա և հարձակվի հանկարծակի փոթորիկը ժանտ հողմերի՝
Չոր Նոտոսի և Զեփյուռի, որ փչում են դեմ-հանդիման։ Դրանք են, որ
{{տող|290}}Խորտակում են ծովում նավեր, նույնիսկ ընդդեմ աստվածների անմահ կամքի,
Ուստի եկեք հնազանդվենք այս սրընթաց մութ գիշերին,
Որ գեթ այստեղ պատշաճ ընթրիք մեզ պատրաստենք, այլև մնանք մեր նավի մոտ,
Իսկ լայնալիր ծովով ապա ճամփա կընկնենք վաղ առավոտ»։
Այդպես ասաց Եվրիլոքոսն, և այդ խոսքը հավանեցին մյուս ընկերներն:
Այնժամ արդեն ես հասկացա, որ աստվածն է մեզ հորինում ժանտ աղետներ
Ու, դիմելով իսկույն նրան, խոսքն ասացի ես թևավոր
«Եվրիլոքոս, այստեղ հիմա մենակ եմ ես, և դուք բռնի նեղում եք ինձ,
Սակայն եկեք և երդվեցեք դուք բոլորդ մեծ երդումով հզորազոր,
Որ եթե աստ տեսնենք նախիրը եզների կամ մեծ խաշինքը ոչխարի,
{{տող|300}}Չեք մորթոտի դուք բնավին, իբրև հանցանք մի չարաշուք,
Ոչ մի հատ եզ, ոչ մի ոչխար, այլ, եղածով բավարարված,
Կը վայելեք ուտեստը մեր, որ մեզ տվեց անմահ Կիրկեն այն ժամանակ»։
Այդ ասացի, և պատվերին այդ համաձայն՝ նրանք իսկույն երդում կերան։
Երբ երդվեցին նրանք այդպես ու երդումը կատարեցին,
Ամրակառույց ու գոգավոր նավն ուղղեցինք դեպ խորափոր նավակայան,
Դեպի քաղցր ջրի ափը։ Եվ դուրս եկան ընկերներս նավից իսկույն,
Հապճեպ ընթրիք պատրաստեցին ճարտարակի, հաջողությամբ։
երբ հագեցան կերուխումով, որքան սիրտն էր փափագում այդ,
Լսեցին լացուկոծով արդեն հիշել ընկերներին սիրատենչիկ,
{{տող|310}}Որոց լափեց Ժանտ Սկիլլան՝ անակնկալ նավի միջից փախցընելով։
Երբ որ այդպես ջայլում էին, նրանց աչքին քունը իջավ քաղցրանուշիկ:
Մինչ գիշերվա մեկ երրորդն էր լոկ մնացել, երբ աստղերը մթագնեցին,
Եվ բորբոքեց ամպահավաք Զևսը հանկարծ զարհուրելի մի փոթորիկ,
Մի պտտահողմ, և ամպերով ծածկեց համայն ծովն ու երկիրն։
Անպարագիծ, խոր երկնքից այնժամ իջավ ու տարածվեց մթին գիշեր,
Իսկ երբ ծագեց ճաճանչագեղ Արշալույսը վարդամատն,
Նավը, իսկույն ներս քաշելով, կառանեցինք քարանձավի մոտ խորափոր,
Ուր հավաքվում էին անմահ նիմփաները՝ հեզ, չքնաղ պար կատարելու:
Իսկ ես ժողով գումարեցի, ապա նրանց այնտեղ այսպես ես ճառեցի.
{{տող|320}}«Բարեկամնե՜ր, արագընթաց մեր նավի մեջ խմիչք, ուտեստ, տակավին կա,
Ուստի հեռու դուք մնացեք այդ եզներից, որ չտուժենք մենք այժմ այստեղ.
Չքնաղ եզներն, հույր ոչխարներն պատկանում են Հելիոսին հզոր արքա,
Մեծ Աստըծուն, որն ահեղ է, ամենալուր, ամենատես»։
Այդպես նրանց ես ասացի, հնազանդվեց նրանց հոգին կորովագույն:
Մինչդեռ փչում էր ողջ ամիս Նոտոսն անդուլ, և բացի այդ
Չէր բարձրանում ոչ մի այլ հողմ։ Շնչում էին միայն Նոտոսն ու Եվրոսը։
Եվ արդ, նրանք, քանի դեռ կար անդ կերակուր և մուգ գինի,
Մտահոգված կյանքի մասին, ժուժկալաբար ձեռք չը տվին պերճ եզներին։
Սակայն շուտով, երբ սպառվեցպ աշարն ամբողջ և պարենը նավի վրա,
{{տող|330}}Սկսեցին նրանք շրջել և ամենուր որս որոնել:
Որսում էին թռչուն ու ձուկ և ամեն բան, ինչ որ ընկներ ձեր իրենց,
Քաղցը ճնշում էր սաստկապես, և քերվում էր որովայնը նրանց արդեն:
Այդ ժամանակ ես դուրս եկա դեպի կղզին՝ աղոթելու աստվածներին,
Որ նրանցից մեկն ու մեկը գեթ բաց աներ ճանապարքն իմ վերադարձի:
Այդպես անցա կղզու վրա, բայց մոռացա ընկերներիս:
Անդ հողմերից պատսպարված մի տեղ գտա, ուր լվացի ձեռքերը իմ
Եվ կանչեցի այնտեղ բոլոր աստվածներին, որոնք տեր են Օլիմպոսին,
Բայց անմահներն իմ աչքերին այդ վիճակում քուն ցանեցին քաղցրանուշիկ,
Իսկ Եվրիլոքն ընկերների առաջ, այնտեղ, նյութեց խորհուրդը չարադավ.
{{տող|340}}«Խոսքս լսեք, ո՜վ սիրելի, աղետակիր իմ ընկերներ,
Մահկանացու դժբախտ մարդուն սոսկալի է ամեն տեսակ մահը իրոք,
Մինչդեռ սովից մահանալը թշվռագույնն է ամենից:
Ուստի եկեք քշենք եզները լավագույն, պարարտ եզները Հելիոսի,
Բերենք, զոհենք լայնստարած երկնքի տեր աստվածներին,
Եվ եթե մենք հանենք մի կերպ մեր Իթակեն, սիրած երկիրը հայրենի,
Անդ վեհ տաճար անմահ պատվին Հիպերիոն Հելիոսի մենք կկանգնենք,
Ու նրա մեջ կդնենք բյուր մեր ընծաները թանկարժեք:
Իսկ եթե նա, խիստ զայրացած, հանուն պարարտ, բարձրաեղջյուր իր եզների,
Ցանկա նավը մեր խորտակել, և համամիտ լինեն նրան մյուս աստվածներն,
{{տող|350}}Պատրաստ եմ ես, սուզվելով, խորքն հուժկու ալյաց, վերջ տալ կյանքիս,
Քան թե մնալ այս ամայի կղզու վրա և մահամերձ տանջվել սովից»։
Այդպես ասաց Եվրիլոքոսն, և այդ խոսքը հավանեցին ընկերները։
Ու քշեցին նրանք իսկույն Հելիոսի պարարտ եզներն, որոնք այնտեղ,
Սևակտուց նավին մոտիկ, քաղցր արածում էին մարգի խոտը համեղ.
Ամենալավ, լայնաճակատ և կորեղջյուր եզներն էին դրանք փարթամ:
Իսկույն նրանք շրջապատեցին պերճ եզներին, աղոթեցին աստվածներին,
Ապա նրանք անդ քաղեցին թարմ տերևներ հսկա կաղնուց բարձրասաղարթ,
Քանզի չկար ճերմակ գարի նավի վրա ճարտարակերտ:
Արդ, երբ նրանք աղոթեցին, մորթոտեցին ու քերթեցին եզները այդ,
{{տող|360}}Կտրատեցին ազդրերն ապա և ծածկեցին ճարպով թանձր ու կրկնաշերտ,
Իսկ արտաքուստ դրանց վրա սեղմ դարսեցին մնացորդ միսը կտրատված,
Սակայն չկար կարմիր գինի, որ ցողեին այդ զոհմունքին հրաբորբոք,
Փոխարենը ջուր ցանեցին, հետո դարձան ու փորոտին խորովեցին:
Մինչ փորոտին նրանք կերան այն ժամանակ, երբ այրվեցին ազդրերն արդեն,
Իսկ մյուս միսը մանրացըրին ու հագցըրին շամփուրներին,
Միայն այնժամ իմ աչքերից քաղցրանուշիկ քունն հեռացավ։
Ես շարժվեցի ու գնացի դեպ նավն արագ, դեպի ափունքն հուզվող ծովի:
Արդ, երբ արդեն ես մոտեցա անդ մեր նավին սևակտուց,
Իսկույն ևեթ ես զգացի վառվող ճարպի ճենճերահոտը թարմաշունչ,
{{տող|370}}Ապա բարձր հեկեկացի ու կանչեցի հավերժ անմահ աստվածներին.
«Զև՜ս հայր, և դո՛ւք, ո՜վ աստվածներ հավերժակյաց ու երկնային.
Դժբախտության համար միայն իմ աչքերին քուն ցանեցիք քաղցրանուշիկ,
Մինչ ընկերն իմ, անդ մնալով, կատարել է չարադաժան ոճիրը այս»։
Այնժամ իսկույն պերճ Լամպետիեն նրբահագուստ, որպես բանբեր, թով, հայտնեց
Հիպերիոն Հելիոսին, որ մենք նրա պարարտ եզներն սպանեցինք։
Իսկ նա, սրտով խիստ քինահույզ, աստվածներին իսկույն դիմեց և այս ասաց.
«Զև՜ս հայր, և դուք, այլ աստվածներ հավերժակյաց, երանավետ.
Պատիժ տվեք դուք շուտափույթ ընկերներին Ոդիսևսի Լաերտածին,
Իմ եզները կոտորեցին նրանք՝ այդպես ամբարտավան, հանդգնաբար.
{{տող|380}}Իմ եզներով հրճվում էի ես՝ ելնելով դեպի երկինքը աստղազարդ
Ու երկնքից, պտույտ տալով, ետ դառնալիս դեպի երկիր:
Եթե նրանք պատշաճ պատիժը չստանան, հանց հատուցում,
Ես ցած կիջնեմ տունն Հադեսի և իմ լույսը կտամ միայն մեռյալներին»:
Ամսահավաք Զևսը նրան պատասխանեց ու խոսք ասաց.
«Ո՛վ Հելիոս, դու տակավին շարունակիր պայծառ լույս տալ անմահներին
Ու կենարար երկրի վրա մահկանացու նաև մարդկանց,
Իսկ ես շուտով շողշողենի իմ կայծակով արագ նավը Ոդիսևսի
Կը ջախջախեմ, ջարդուփշուր կանեմ այնտեղ, մուգ ծովի մեջ»։
Այդքանը ես անդ լսեցի գեղագանգուր Կալիպսոյից։ Նա ինձ ասաց,
{{տող|390}}Որ իբրև թե ինքն իմացել է Հերմեսից՝ ուղեցույցից:
Երբ ես արդեն վերադարձա, հասա նավին ու ծովափին,
Կշտամբեցի խստիվ նրանց՝ ամեն մեկին մոտենալով առանձնակի,
Բայց ոչ մի ելք արդեն չկար, քանզի եզներն էին արդեն անդ կոտորված,
Հանուն որոնց աստվածները նշանակիր մի նոր հրաշք ցույց տվեցին.
Մորթիները շարժըվեցին, միսը, զարկված շամփուրներին,
Հանկարծ սկսեց թունդ բառաչել, կարծես իրոք ձայնն էր հնչում անդ եզների:
Մինչ ընկերներն իմ սիրելի այնուհետև վեց օր այնտեղ խնջույքի մեջ
Ուտում էին միս եզների արեգական՝ միշտ լավագույնը ընտրելով.
Իսկ երբ Զևսը Կրոնոսյան շնորհեց օրը յոթերորդ,
{{տող|400}}Ու դադարեց միագամայն հողմն ու մրրիկը մոլեգին,
Մենք անհապաղ նավ նստեցինք ու շարժվեցինք լայնատարած մուգ ծովի մեջ:
Կայմը իր տեղը տնկեցինք և սպիտակ մեր առագաստը պարզեցինք։
Կղզուց այդպես մենք հեռացանք, մինչդեռ արդեն չէր երևում երկիրն իսպառ,
Ու մեր չորս դին այնժամ կային երկինքն ու ծովն հայտերևակ:
Եվ արդ այնտեղ Կրոնոսյանն հանկարծակի մի մթագույն, թույրաթուխ ամպ
Նետեց մեր սև նավի վրա։ Խիստ մթագնեց ծովն ամպի տակ,
Բայց սլացավ դեպի առաջ նավը արագ, թեպետև շատ կարճ ժամանակ.
Քանզի իկուն, մռնչալով, փչեց Զեփյուռն ահագնակի,
Մրրիկն ուժեղ զարկեց, խզեց զույգ կառանները մեր կայմի,
{{տող|410}}Ցած գլորվեց կայմը իսկույն, և նավի ներսն ապա թափվեց նավասարքը:
Գահավիժող կայմը զարկվեց ուղիղ գլխին նավավարի,
Ջարդեց, փշրեց նրա գլուխն և ոսկորներն ամբողջովին.
Նավի վրայից նա շեշտակի, հանց մի սուզակ, գահավիժեց խորքը ծովի,
Եվ բաժանվեց իսկույն ևեթ նրա հոգին ոսկորներից:
Զևսն ահռելի վերուստ թնդաց ու որոտաց և կայծակով զարկեց նավին.
Ցնցվեց նավը ու դողդողաց՝ խորտակվելով Զևսի ահեղ շանթ-հարվածից
Եվ ծծումբի հոտով լցվեց։ Ընկերներս թափվեցին ցած
Մեր սևաթույր նավի շուրջը, հորդ ալյաց մեջ՝ նմանվելով ագռավների։
Նրանք այնտեղ գալարվեցին, աստվածն այդպես զրկեց նրանց վերադարձից։
{{տող|420}}Ես տակավին քայլում էի նավիս վրա, մինչ մրրիկը պոկեց նավի
Ողնափայտը իր կողերից, որը սահեց ալիքների մեջ՝ մերկացած:
Ընկած կայմը դեռ կպած էր ողնափայտին. դրա վրա կար մի կառան,
Որը գործված էր ամրապինդ եզան կաշուց: Այդ կառանով ես պրկեցի
Ողնափայտն ու կայմը երկար և կցեցի այդ երկուսը իրարու հետ։
Դրանց վրա մի կերպ նստած՝ ես քշվեցի անդ ծովահույզ հողմի շնչով։
Հանկարծ այնժամ լռեց Զեփյուռն, հանց մոլեգին մի փոթորիկ,
Փչեց Նոտոսն արագահոս, սիրտս լցրեց ստրջանքով նա դառնադառն,
Մի գուցե ինձ քշի, տանի դեպ Քարիբդիսը կործանիչ։
Ամբողջ գիշերն հորդ ալիքներն ինձ քշեցին, իսկ երբ ծագեց արևը վառ,
{{տող|430}}Ես ահարկու Սկիլլայի, Քարիբդիսի քարաժայռին արդեն հասա:
Մինչ հրեշը կլանում էր այդ միջոցին ջուրը աղի և ծովածուփ,
Ես անհապաղ վեր ցատկեցի ու բռնեցի թզենու ճյուղը բարձրաբերձ,
Ապա այդպես ծառից կախված ես մնացի, հանց մի չղջիկ:
Ոչինչ չկար ինձ հենակետ, որ գեթ ոտքով ամուր կանգնեմ կամ վեր ելնեմ,
Քանզի նրա արմատները թաղվել էին ներքև, խորքը,
Մինչդեռ ճյուղերը բարձրուղեշ դարձել էին Քարիբասին մի հովանի:
Կախված էի՝ սպասելով, որ հրեշն այդ գերանները պիտ զգայռի,
Թեպետ սաստիկ ուզում էի, սակայն դրանք հայտնվեցին անդ անագան։
Ուղիղ ինչպես դատավորը, որ քննելով վիճող մարդկանց գործերը բյուր,
{{տող|440}}Դուրս է գալիս իր ատյանից՝ ընթրիքն համեղ վայելելու,
Փորի միջից Քարիբդիսի երկար կայմը ու ողնափայտը դուրս եկան:
Ես պոկեցի իմ ձեռքն ու ոտը վերևից, որ վայր ընկնեմ ուղիղ ներքև,
Ու նետվեցի ես առընթեր երկայնաձիգ գերաններին, նրանց միջև։
Անդ ցատկեցի նրանց վրա և սկսեցի ձեռքերովս թիավարել։
Եվ չթողեց աստվածների ու մարդկանց հայրն, որ Սկիլլան նկատի ինձ,
Ես այլապես չէի կարող անդ խուսափել չարադաժան իմ օրհասից:
Ուղիղ ինն օր քաշքշվեցի ես ծովի մեջ. տասներորդ օրը, գիշերով,
Դեպի կրղզին այն՝ Օգիգիե աստվածները ինձ նետեցին,
Ուր ապրում է պերճ Կալիպսոն. գեղեցկաձայն ու վարսագեղ աստվածուհին
{{տող|450}}Ինձ հոգատար անդ փայփայեց, բայց ինչո՞ւ եմ պատմում քեզ այդ.
Չէ՞ որ երեկ, դեր քո տան մեջ, այդ ամենը ես պատմեցի
Քեզ ու վսեմ քո թագուհուն, մինչ ինձ համար այժմ, հարկավ,
Անահաճո է կրկին պատմել այն, որ արդեն պատմվել է։
</poem>
== Երգ տասներեքերորդ։ Ոդիսևսը Փեակների ուղեկցությամբ ժամանում է Իթակե ==