Changes
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:ՊատվածքՊատմվածք]]
ԱՐԴԵՆ ժամը հինգն էր, և աշնանային ոսկե օրը իրիկնանում էր։ Խոհարարուհի Սանդրան լուսամուտից լճին նայեց և, շուրթերը սեղմելով, շրջվեց․ մի բան, որ կեսօրից հետո երևի արդեն մի քսան անգամ կրկնել էր։ Այս անգամ, լուսամուտից հեռանալով, ցրվածության հետևանքով նա քանդեց ու նորից կապեց գոգնոցը, ջանալով շատ ամուր ձգել կապերը, այնքան ամուր, որքան թույլ կտար նրա անընդգրկելի մեջքը։ Եվ նորից իր նախկին կեցվածքն ընդունելով, մոտեցավ խոհանոցային սեղանին և նստեց միսիս Սնելլի դիմաց։ Միսիս Սնելլը արդեն ավարտել էր տունը մաքրելն ու հարդարելը, և գնալուց առաջ, սովորականի պես, թեյ էր խմում։ Միսիս Սնելլը գլխարկով էր։ Սև ֆետրից կարված այդ յուրահատուկ շինությունը նա գլխից չէր հանել ոչ միայն այս, այլև վերջին երեք ամառների ընթացքում․ նույնիսկ ամենաշոգ օրերին, արդուկելու անթիվ֊անհամար տախտակներին թեքված, և անթիվ֊անհամար փոշեկուլներով զինված, և մյուս բոլոր պարագաներում։ Այդ գլխարկի աստառին դեռևս պահպանվում էր Քարնեգի ֆիրմայի արդեն գունափոխված, բայց, կարելի է համարձակ ասել, չպարտված պիտակը։