Changes

|աղբյուր = [[«Գյադաների ժամանակը»]]
}}
[[Category: Արձակ]]
 
Ըստ էության, հայ ազգային֊ազատագրական պայքարը ավարտվել էր անցած դարասկզբին՝ Առաջին Հանրապետության հիմնադրումով։ Հիմնվեց այն տարածքներում, որտեղ հայեր էին բնակվում։ Եւ մնաց այն սահմաններում, որտեղ հայերը մեծամասնություն էին կազմում։
Քարտեզի տեսքը մատուցում եմ, այո, չարախնդալու համար։ Բայց ոչ թե չարությունից, այլ հուսահատությունից, որովհետեւ ոչ մի հնար չկա հայ քաջասրունք քաղաքական միտքը (քաջասրունք, որովհետեւ մտածում է, միշտ, լավագույն դեպքում՝ ոտքով), այդ միտքը ոչ մի ձեւ չկա մոտեցնելու … ո´չ, ոչ թե սթափությանը, այլ գոնե սթափության հեռավո՜ր մատույցներին եւ հիշեցնելու, որ դա, ախր, արդեն եղել է։ Եղել վերջացել է։ Որ մեր հողերի ու մեր արյան գինը արդեն տվել են 1918 թվականին, վավերացրել 1920 եւ վերահաստատել 1990 թվականներին։ Իհարկե, քիչ է։ Բայց գինը մի բան է, որ չի որոշվում միակողմանի։ Եւ որքան էլ մեր ազգային արժանապատվության համար վիրավորական լինի, պիտի փաստել, որ անցած դարասկզբին ձեռք բերած պետականությունը ոչ թե արդյունք էր մտածված իրագործվող ազատագրական պայքարի, այլ ավելի շուտ, հատուցումն էր ձախողված ապստամբության հետեւանք Եղեռնի, ինչը բխեց նաեւ պատերազմող կողմերի շահերից։ Եւ համաշխարհային հանրությունը, այդ թվում եւ Թուրքիան, վճարեցին մեր արյան գինը՝ ճանաչելով Հայաստանի անկախության իրավունքը իր պատմական հայրենիքի մի մասում։ Ո՞րն է պահանջատիրության գաղափարախոսության ողջ սնանկությունը, որ այն, հակառակ պատմական օրինաչափության, հակառակ ազատագրական պայքարի տրամաբանության, փորձում է գոյությունը քարշ տալ ազատագրական պայքարի (լավ թե վատ) ավարտից հետո՝ պարազիտանալով անկախ պետության մարմնի վրա։ Իսկ ազգային֊ազատագրական պայքարի տրամաբանությունն այն է, որ այն շարունակական չի լինում։ Այն, ինչ երազում են տգետները, ոչ թե ազատագրական պայքարի շարունակություն է կոչվում (մի բան, որ չի լինում առհասարակ), այլ նվաճողական պատերազմ (կարելի է համարել վերանվաճողական), որը կարող է վարել Հայաստանը միայն գերհզոր պետություն դառնալու դեպքում։ Կլինի՞ Հայաստանը այդպիսի տերություն, այն ժամանակ էլ կորոշվի՝ խաղաղ գոյակցե՞լ հարեւանների հետ, թե՞ սկսել նվաճողական պատերազմ։ Այդ որոշման համար ոչ պատմական հիմնավորվածություն պետք կլինի, ոչ պահանջատիրական գաղափարախոսություն, ոչ Եղեռնի ճանաչում ու դատապարտում այլեւայլ կողմերից, այլ միայն բիրտ ուժ։
Իսկ մինչ այդ ընդամենը պետք է պահպանել ու հզորացնել եղած Հայաստանը։ Իսկ երկիրը հզորացնելու առաջին քայլը, որքան էլ տարօրինակ թվա հայ բանականությանը, եղածը պահպանելն է։ Եւ ուրեմն գոնե հայ պետական քաղաքականությունից պետք է դուրս շպրտվի ամենայն բան, ինչը խոչընդոտում է այդ խնդրի իրագործմանը։ Իսկ թե ինչն է խոչընդոտում, պարզ է ցերեկվա լույսի նման ― այն ամենը, ինչի պատճառով հայաթափվում է Հայաստանը։ Ամբողջ զավեշտը այն է, որ հայերը իրենց շփոթում են քրդերի հետ։ Քրդերի ազատագրական պայքարը ունի այն նպատակը, ինչ ամեն մի ժողովրդի ազատագրական պայքարը՝ Անկախ պետության ստեղծումը։ Քրդերի պայքարը շարունակվում է, որովհետեւ դեռ չի հասել նպատակին։ Մերը հասել է նպատակին։ 83 տարի առաջ։ Քիչ է թե շատ է,դա այլեւս զգացմունքների ոլորտն է։ Լավագույն դեպքում՝ պատմաբանական վերլուծության նյութ, բայց ոչ երբեք՝ պրակտիկ քաղաքականության։ Եթե այդ անկախ պետության սահմանները համընկել են Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի սահմանների հետ, դա չի նշանակում, որ աշխարհը մեզ դեռ պարտք է մեկական Հայաստան էլ Ադրբեջանում՝ Ռոբի համար, Խոյում՝ պարսկաստանցի Հրանտի, Վասպուրականում՝ Վազգեն Մանուկյանի, Պոլսում թե որտեղ՝ մի հատ էլ Պարույր Հայրիկյանի համար։ Երկիրը հենց նրանով է կայանում, որ նրա սահմանները առաձգական չեն։ Մի երկիր չի կարող պատանդ դառնալ իր հիվանդ զավակների սանձարձակ երեւակայության ձեռքում։ [[Category: Արձակ]]