Changes
Մերոնք
,Սխալներն անհնար էր ուղղել...
==ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ==
Մորաքրոջս ամուսնու՝ Արոնի կենսագրությունը լիովին արտացոլում է մեր պետության պատմությունը։ Սկզբում նա գիմնազիստ էր։ Հետո՝ հեղափոխական ուսանող։ Հետո՝ կարճ ժամանակ՝ կարմիրբանակային։ Հետո, որքան էլ անհավանական է՝ սպիտակգվարդիական։ Հետո՝ կրկին կարմիրբանակային՝ արդեն ավելի գիտակից։
Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո մորքրայր Արոնը ընդունվում է բանֆակ։ Հետո դառնում է նէպման ու, եթե չեմ սխալվում՝ ժամանակավորապես հարստանում։ Հետո՝ պայքարում է կուլակների դեմ։ Հետո՝ զտում կուսակցության շարքերը։ Հետո՝ արդեն իրեն են զտում։ Այն բանի համար, որ ժամանակին նէպման է եղել․․․
Ժողովում մորքրայրս ելույթ է ունենում։ Ասում է․
― Եթե ինչ հեռացնեք, ստիպված եմ լինելու այդ մասին պատմել կնոջս։ Դա անասելի վեճուկռվով է հղի։ Մի խոսքով, ձեր որոշելիքն է․․․
Ընկերները մտածեցին ու որոշեցին․
«Հեռացնե՛լ»։
Ավելի ուշ, ճիշտ է, վերականգնեցին։ Ավելին՝ մորքրայր Արոնը այդպես էլ չնստեց։
Նա դարձավ վարչական աշխատող։ Միշտ ինչ֊որ բանի տնօրեն էր։ Կամ որեւէ գծով փոխտնօրեն․․․
Ստալինին մորքրայրս պաշտում էր։ Ինչպես չարաճճի որդուն են պաշտում։ Տեսնելով թերությունները։
Գեներալիսիմուսի ճառերով ձայնասկավառակները պահվում էին կարմիր ալբոմներում։ Այդպիսի ալբոմներ կային՝ քուղերով ու առաջնորդի ռելիեֆային դիմանկարով․․․
Երբ պարզվեց, որ Ստալինը բանդիտ է, մորքրայրս անկեղծորեն վշտացավ։
Հետո սիրեց Մալենկովին։ Ասում էր, որ Մալենկովը ինժեներ է։
Երբ Մալենկովին հանեցին, նա սիրեց Բուլգանինին։ Բուլգանինը նախահեղափոխական գավառական ոստիկանապետի արտաքին ուներ։ Իսկ մորքրայրս ծագումով հենց գավառից էր՝ Նովոռոսիյսկից։ Չի բացառվում, որ անկեղծորեն սիրում էր իր մանկության կուռքերին հիշեցնող Բուլգանինին։
Հետո նա սիրեց Խրուշչովին։ Իսկ երբ հանեցին Խրուշչովին մորքրայրս դադարեց սիրելուց։ Նա հոգնել էր իր զգացմունքներն իզուր վատնելուց։
Նա որոշեց սիրել Լենինին։ Լենինը վաղուց մեռել էր, ու նրան անհնար էր հանել։
Շոշափելիորեն վարկաբեկելն անգամ հեշտ չէր։ Ուստիև՝ խլել սերը...
Դրա հետ մեկտեղ մորքրայրս մի տեսակ քաղաքականապես այլասերվեց։ Սիրեց Լենինին, բայց սիրեց նաև Սոլժենիցինին։ Սախարովին նույնպես սիրեց։ Հիմնականում ջրածնային ռումբը ստեղծելու համար։ Եվ այն բանի համար, որ դրանից հետո հարբեցող չդարձավ, այլ սկսեց պայքարել հանուն ազատության։
Բրեժնևին մորքրայրս չէր սիրում։ Բրեժնևին ժամանակավոր երևույթ էր համարում (ինչը չհաստատվեց)...
Կյանքի վերջին տարիներին գրեթե այլախոհ էր։ Բայց՝ չափավոր այլախոհ։ Վլասովին չէր ընդունում։ Սոլժենիցինին հարգում էր ընտրողաբար...
Մորքրայրս Բրեժնևին անանուն գրություններ էր ուղարկում։ Դրանք գրում էր խնայդրամարկղում՝ մանուշակագույն թանաքով։ Նաև՝ ձախ ձեռքով ու տպագիր տառերով։ Գրությունները հակիրճ էին։ Օրինակ.
«Ո՛ւր ես տանում Ռուսաստանը, հրեշ»։
Եվ ստորագրություն.
«Գեներալ Սվիրիդով»։
Կամ.
«ԲԱՄ-ը կեղծիք է»։
Եվ ստորագրություն.
«Գեներալ Կոլյուժնի»։
Երբեմն գեղարվեստական միջոցների էր դիմում.
«Հոնքերդ թավ՝ արյան ծարավ»։
Եվ ստորագրություն.
« Գեներալ Նեչիպորենկո»...
Մորքրայրս ուզում էր վերադառնալ լենինիզմի ակունքներին։ Իսկ ես չէի ուզում։ Ու անվերջ վիճում էինք։ Մեր բանավեճի մակարդակը բարձր չէր։
― Գերմանացի լրտես, ― ասում էի Լենինի մասին։
― Սրբապիղծ հիմար,― արձագանքում էր մորքրայրս՝ արդեն իմ հասցեին։
Շոշափում էինք թեմաների բավական նեղ շրջանակ․ Լինչի դատաստան, բարքերի անկում, վիետնամական էպոպեա․․․
Մորքրայրս սոսկալի բարկանում էր․
― Ֆաշի՜ստ, ― գոռում էր երբեմն մորքրայրս․․․
Ու հանկարծ մորքրայրս մեռավ։ Ավելի ճիշտ՝ ծանր հիվանդացավ։ Ու որոշեց, որ իր մեռնելու ժամանակն է։ 76 տարեկան էր։
― Կանչեք Սերյոժային, ― խնդրել էր նա։
Անմիջապես գնացի։ Մորքրայրս պառկած էր՝ նիհար ու գունար։ Բոլորին խնդրեց հեռանալ սենյակից։
― Սերգեյ, ― շատ ցածրաձայն ասաց մորքրայրս, ― ես մեռնում եմ ․․․
Չպատասխանեցի։
― Մահից չեմ վախենում, ― շարունակեց մորքրայրս։
Դադար պահեց ու կրկին խոսեց․
― Ես ազնիվ մոլորության մեջ եմ եղել․․․ Տանջալիորեն գիտակցել եմ սխալներս․․․ Եվ ահա թե ինչի եմ հանգել՝ այն սրբությունները, որոնց ներքո ապրել եմ, կեղծ էին․․․ Ես գաղափարական պարտություն կրեցի․․․
Ջուր ուզեց։ Բաժակը մոտեցրի շուրթերին։
― Սերգեյ, ― շարունակեց մորքրայրս, ― ես միշտ նախատել եմ քեզ։ Նախատել եմ, որովհետեւ վախեցել եմ։ Վախեցել եմ, որ քեզ կձերբակալեն։ Դու չափազանց անզուսպ ես․․․ Քեզ քննադատել եմ, բայց ներքուստ միշտ համամիտ եմ եղել։ Դու ինձ պետք է հասկանաս։ Քառասուն տարի այս․․․ (մորքրայրս թունդ հայհոյեց) կուսակցության մեջ։ Վաթսուն տարի այս ․․․․ (մորքրայրս կրկնեց հայհոյանքը) պետության մեջ․․․
― Հանգստացիր, ― ասացի։
― ․․․ նրանք ինձ պոռնիկ դարձրին։
Շունչ քաշեց ու շարունակեց․
― Դու միշտ ճիշտ ես եղել։ Առարկում էի, որովհետեւ վախենում էի, որ քեզ կձերբակալեն։ Ներիր․․․
Նա արտասվեց։ Շատ խղճացի իրեն։ Այդ պահին եկան բուժաշխատողներն ու մորքրայրիս տարան հիվանդանոց։ Մորաքույրս կարծում էր, թե նրան կտանեն Սվերդլովի անվան հիվանդանոցը։
― Չէ՞ որ դու բոլշեւիկ ես, ― ասում էր մորաքույրս։
― Ոչ, ― առարկում էր մորքրայրս, ― ես հին բոլշեւիկ չեմ։
― Ինչպե՞ս թե։
― Հին բոլշևիկը կոնկրետ հասկացություն է։ Հին բոլշևիկը նա է, ով կուսակցության շարքերն է ընդունվել մինչև երեսունհինգ թվականը։ Ես ավելի ուշ եմ ընդունվել։
Մորաքույրս չէր կարողանում հավատալ։
― Ուրեմն դու հին բոլշևիկ չե՞ս։
― Ոչ։
― Մեկ է, ― ասում էր մորաքույրս, ― գուցե քեզ էլ ինչ-որ բան հասնում է։
― Հնարավոր է, ― համաձայնում էր մորքրայրս, ― ինչ-որ բան կարող է և հասնում է։ Օրինակ, խնձոր...
Մի խոսքով, մորքրայրիս տարան սովորական հիվանդանոց։ Բուժող բժշկին մորքրայրս հարցնում է.
― Բժիշկ, դուք ճակատային զինվոր եղե՞լ եք։
― Այո, ― պատասխանում է բժիշկը, ― ես ճակատային եմ։
― Ես էլ եմ ճակատային, ― ասում է մորքրայրս։ ― Ասացեք ինձ ազնվորեն, ինչպես ճակատայինը ճակատայինին, երկա՞ր կպառկեմ այստեղ։
― Բարենպաստ ընթացքի դեպքում՝ մեկ ամիս, պատասխանում է բժիշկը։
― Իսկ անբարենպաստի դեպքում, ― քմծիծաղում է մորքրայրս, ― շատ ավելի քի՞չ...
Հիվանդանոցում պառկեց երեք շաբաթ։ Հետո նրան տուն բերեցին։
Անմիջապես գնացի մոտը։
Մորքրայրս տրտում էր ու խաղաղ։ Ասես գերագույն իմաստնություն էր ձեռք բերել։
Բայց երբ խոսքի մեջ հիշատակեցի Չե Գևարային, զգաստացավ։
― Ավանտյուրիստ է ու գանգստեր, ― ասացի ես։
― Իսկ դու պորտաբույծ ես ու տխմար, ― արձագանքեց մորքրայրս։ Ու շարունակեց ընդգծված ոգևորությամբ. ― Կարո՞ղ ես բարեբեր մի գաղափար նշել, որ կոմունիզմի շրջանակներից դուրս գտնվի...
Չպատասխանեցի։
Դրանից հետո հաճախ էինք հանդիպում ու միշտ վիճում էինք։ Մորքրայրս նզովում էր ռոք երաժշտությունը, արտասահման փախած Բարիշնիկովին ու գեներալ Անդրեյ Վլասովին։ Ես՝ անվճար բժշկությունը, «Կարապի լիճն» ու Ֆելիք Ձերժինսկուն։
Հետո մորքրայրս նորից հիվանդացավ։
― Կանչեք Սերյոժային։
Անմիջապես գնացի։ Նիհարած էր ու գունատ։ Մահճակալի կողքի աթոռին անթիվ սրվակներ էին դրված։ Այնտեղ էին նաեւ ինտիմ֊վարդագույն դնովի ատամները։
― Սերյոժա, ― խուլ ձայնով ասաց մորքրայրս։
Ձեռքը շոյեցի։
― Մի մեծ խնդրանք ունեմ։ Խոստացիր, որ կկատարես։
Գլխով արեցի։
― Խեղդիր ինձ, ― խնդրեց մորքրայրս։
Շփոթված լռեցի։
― Զզվել եմ ապրելուց։ Այլեւս չեմ հավատում, որ հնարավոր է կոմունիզմը կառուցել առանձին վերցրած երկրում։ Գլորվել֊ընկել եմ տրոցկիզմի ճահիճը։
― Այդ մասին մի մտածիր, ― ասացի։
― Դու պատրա՞ստ ես կատարել խնդրանքս․․․ Տեսնում եմ, երկմտում ես․․․ Կարող եմ, իհարկե, քսան հաբ քնաբեր ծամել։ Ավազ, դրանից ոչ միշտ են մահանում․․․ Իսկ եթե կաթվահա՞ր լինեմ։ Ու ծանր բե՞ռ դառնամ բոլորիդ համար։ Այդ պատճառով էլ քեզ եմ դիմում․․․
― Վերջ տուր, ― ասացի, ― վերջ տուր․․․
― Անչափ շնորհակալ կլինեմ, ― ասաց մորքրայրս, ― քեզ կկտակեմ Լենինի բոլոր հատորները։ Որպես մակուլատուրա «Բուրատինո»֊ի հետ կփոխես․․․ Բայց նախ խեղդիր ինձ։
― Վերջ տուր, ― ասացի։
― Մեր շուրջը համատարած չարություն է ու հիմարություն, ― ասաց մորքրայրս, ― ճշմարտություն չկա․․․
― Հանգստացիր։
― Գիտե՞ս ինչու եմ տանջվում, ― շարունակեց նա։ ― Երվ ապրում էինք Նովոռոսիյսկում, այնտեղ մի ցանկապատ կար։ Բարձր դարձնագույն ցանկապատ։ Ամեն օր անցնում էի դրա կողքով։ Ներսում ինչ կար, չգիտեմ։ Չեմ հարցրել։ Չէի կարծում, թե դա կարեւոր է․․․ Ինչ անիմաստ ու հիմար ձեւով ապրեցի կյանքս։ Ուրեմն հրաժարվո՞ւմ ես։
― Վերջ տուր, ― ասացի։
Մորքրայրս շրջվեց դեպի պատն ու լռեց։
Երկու շաբաթ հետո առողջացավ։ Ու կրկին թունդ վիճեցինք։
― Տխմա՛ր, ― գոռում էր մորքրայրս։ ― Չես ուզում հասկանալ։ Կոմունիզմի գաղափարը, թեև վարկաբեված է ապաշնորհների կողմից, առաջվա պես հանճարեղ է։ Զուր չէ, որ այն ընդունում են միլիոնավոր մարդիկ։
― Այդ ո՞վ է ընդունում, ― ասում էի ես, ― Ոչ մի առողջ դատող մարդ...
― Ուրեմն չե՞ն ընդունում, ― կարմրատակում էր մորքրայրս։ ― Չեն ընդունում ու լռո՞ւմ են։ Ուրեմն բոլորը երեսպա՞շտ են...
― Գաղափարախոսությունը ընդունելն ամենևին էլ պարտադիր չէ, ― ասում էի։ ― Դրան կամ համաձայն են, կամ ոչ։ Բանտի պես է՝ ուզես-չուզես, պիտի նստես...
― Տխմա՛ր, ― գոռում էր մորքրայրս, ― ֆարցովշչիկ...
Գլխավերևում Սոլժենիցինի դիմանկարն էր կախել։ Երբ հյուրեր էր ունենում, հանում էր...
Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Մորքրայրս հիվանդանում էր, հետո առողջանում։ Մենք կռվում էինք։ Հետո հաշտվում։ Տարիներ անցան։ Նա շատ ծերացավ։ Քայլել չէր կարողանում։ Մորքրայրիս շատ էի կապված...
Ինչպես արդեն ասել եմ, մորքրայրիս կենսագրությունն արտացոլում է մեր պետության պատմությունը... Մեր սիրելի ու սոսկալի պետության...
Հետո մորքրայրս մահացավ։ Ափսոս...
Իսկ ինձ հանգիստ չի տալիս բարձր դարչնագույն պարիսպը...