Changes

Մերոնք

Ավելացվել է 6069 բայտ, 22:03, 1 Օգոստոսի 2013
Իսկ ինձ հանգիստ չի տալիս բարձր դարչնագույն պարիսպը...
 
 
==ԳԼՈՒԽ ՅՈԹԵՐՈՐԴ ==
 
Դաստիարակությունս վաղ մանկությունից քաղաքականապես հավակնոտ է եղել։ Մայրս, օրինակ, խորը քամահրանք էր տածում Ստալինի նկատմամբ։ Ավելին՝ հաճույքով ու հրապարակավ արտահայտում էր իր զգացմունքները։ Ճիշտ է՝ յուրօրինակ մոտեցմամբ։ Նա պնդում էր․
 
― Վրացին չի կարող կարգին մարդ լինել։
 
Դա սովորել էր Թբիլիսյան հայկական թաղամասում։ Այնտեղ էր մեծացել։
 
Հայրս, հակառակը, պատկառանքով էր վերաբերվում առաջնորդին։ Թեեւ հայրս էր, որ ծանրակշիռ պատճառներ ուներ Ստալինին ատելու համար։ Հատկապես պապիս գնահատարելուց հետո։
 
Հայրս գուցեեւ արում էր բռնատիրությունը։ Սակայն հարգանք էր տածում դրա ընդգրկման չափերի հանդեպ։
 
Մի խոսքով՝ այն, որ Ստալինը մարդասպան էր, ծնողներից քաջ հայտնի էր։ Ծնողներիս ընկերներին նույնպես։ Տանը միայն այդ մասին էին խոսում։
 
Ես մի բան չեմ կարողանում հասկանալ։ Ինչո՞ւմ իմսովորական ծնողները գիտեին, իսկ Էրենբուրգը՝ ոչ։
 
Վեց տարեկանում ես գիտեի, որ Ստալինը սպանել է պապիս։ Իսկ դպրոցն ավարտելիս գիտեի բացարձակապես ամեն ինչի։
 
Գիտեի, որ թերթերը ստում են։ Որ արտասահմանում սովորական մարդիկ ավելի հարուստ ու ուրախ են ապրում։ Որ կոմունիստ լինելն ամոթ է, բայց՝ ձեռնտու։
 
Դա ամենեւին չի նշանակում, թե ես խորամիտ պատանի էի։ Ավելի շուտ՝ հակառակը։ Պարզապես այդ մասին ինձ ասել էին ծնողներս։ Ավելի ճիշտ՝ մայրս։
 
Հայրս ինձ գրեթե չի դաստիարակել։ Առավել եւս, որ շատ վաղ բաժանվել էր մորիցս։
 
Ապրում էին մի զազրելի կոմունալ բնակարանում։ Երկար, մշուշոտ միջանցքը մետաֆիզիկորեն ավարտվում էր զուգարանով։ Պատի հեռախոսի շուրջը պաստառները ամբողջովին խզբզած էին․ դա կոմունալ ենթագիտակցության տխուր ժամանակագրությունն էր։
 
Միայնակ մայր Զոյա Սվիստունովան դաշտային ծաղիկներ էր պատկերում։
 
Կենսասեր ինժեներ Գորդեյ Բորիսովիչ Օվսյաննիկովը ջանադիր ու հաստ գծերով պատկերում էր կանացի հետույքներ։ Տեխնիկ Խարինը՝ շշեր ու բաժակներ։ Էստրադային երգչուհի Ժուռավլյովայի վերարտադրած սոլի բանալիները ականջ էին հիշեցնում։
 
Ես նկարում էի ատրճանակներ ու սրեր... Մեր բնակարանը հազիվ թե կարելի էր տիպիկ անվանել։ Բնակեցված էր հիմնականում մտավորականությամբ։ Կռիվներ չէին լինում։ Միմյանց ապուրի մեջ չէինք թքում։ (Թեև վստահ չեմ)։ Չի նշանակում, թե այստեղ տիրում էր հավերժ խաղաղություն ու բարօրություն։ Քողարկված պատերազմը երբեք չէր մարում։ Փոխգրգռվածությամբ լի կաթսան մեղմ կրակի վրա էր ու անձայն բլթում էր...
 
Մայրս սրբագրիչ էր, աշխատում էր երեք հերթափոխով։ Երբեմն ուշ էր պառկում, երբեմն՝ շուտ։ Երբեմն ցերեկն էր քնում։ Միջանցքում վազում էին երեխաները։ Ահագնացունց դոփում էին Տիխոմիրովի զինվորական սապոգները։ Անհաջողակ Խարինը քարշ էր տալիս իր հեծանիվը։ Համերգի էր պատրաստվում ժուռավլյովան։
 
Մայրս քունը չէր առնում։ Իսկ աշխատանքը պատասխանատու էր։ (Այն էլ՝ Ստալինի օրոք)։ Ցանկացած վրիպակի համար կարելի էր բանտ ընկնել։
 
Լրագրողական գործում մի օրինաչափություն կա։ Բավական է գեթ մեկ տառասխալ՝ վերջ։ Անպայման գռեհկություն կստացվի, կամ ավելի վատ՝ հակասովետիզմ։ (Իսկ երբեմն՝ երկուսը միասին)։
 
Օրինակ, վերնագիր է՝ «Քաղղեկի հրամանը»։ Վրիպում է անպայման առաջին բառի երրորդ տառը և ստացվում է «Քաքղեկի հրամանը»։
 
Օրինակները բազմաթիվ են։ Մեր թերթերում, ինչպես հայտնի է, միայն վրիպակներն են ճշմարիտ։
 
Վերջին քսան տարիներին դրանց համար արդեն չեն գնդակահարում։ Մայրս սրբագրիչ է եղել երեսուն տարի առաջ։
 
Մայրս ծնվել է Թբիլիսիում։ Մանկության տարիներին երաժշտությամբ է զբաղվել։ Մի ռուս տիկին ձրի պարապել է հետը։
 
Կյանքն ուրախ էր։ Նախ՝ հարավ էր։ Եվ ապա՝ ընտանիքում չորս երեխա կար։
 
Մառա քույրը չարաճճի էր ու խելացի։ Անելյա քույրը՝ չար ու կամակոր։