Changes
Մերոնք
,Հիմա Նյու Յորքում ենք։ Եվ այլեւս չենք բաժանվի։ Առաջ էլ չէինք բաժանվում։ Նույնիսկ երբ ես երկար ժամանակով մեկնում էի․․․
==ԳԼՈՒԽ ՈՒԹԵՐՈՐԴ==
Հայրս միշտ սիրել է ուշադրության կենտրոնում լինել։ Դրա համար էլ դերասան դարձավ։
Կյանքն իրեն ներկայանում էր որպես մի վիթխարի թատերականացված ներկայացում։ Ստալինը հիշեցնում էր շեքսպիրյան չարագործներին։ Ժողովուրդը լուռ էր, ինչպես «Գոդունով»–ում։ Դա ոչ կատակերգություն էր, ոչ էլ ողբերգություն, այլ՝ դրամա։ Բարին վերջին հաշվով հաղթում էր չարին։ Ստոր մղումները հակակշռվում էին վեհ կրքերով։ Ուրախությունն ու վիշտը նույն լուծն էին քաշում։ Գլխավոր հերոսը հայտնվում էր բարձունքում։
Գլխավոր հերոսը ինքն էր։
Հայրս, իմ կարծիքով, ընդունակություններ ուներ։ Նա քառյակներ էր երգում՝ միանգամայն զուրկ լինելով երաժշտական լսողությունից։ Պարում էր՝ լինելով անճոռնի շարժուձևով հրեա պատանի։ Կարող էր խիզախ մարդու պես պահել իրեն։ Ներկայացնել ասածը հենց դա է...
Վլադիվոստոկը թատերական քաղաք էր, ինչպես Օդեսան։ Քաղաքային զբոսայգիներում աֆրիկյան երաժշտություն էր հնչում։ Կենտրոնական փողոցով՝ Սվետլանկայով, ճեմում էին պճնված երիտասարդներ՝ թունավոր-կանաչ տաբատներով։ Սրճարաններում քննարկում էին վերջին ինքնասպանությունը անպատասխան սիրո հողի վրա...
Իսահակ պապս թատերական անձնավորություն էր։ Նախկին գվարդիական, հաղթամարմին ու քեֆչի պապս թեթև արհամարհանքով էր վերաբերում որդիներին։ Նրանցից մեկը բանաստեղծություններ էր գրում։ Երկրորդը խաղում էր բեմում։ Ամենագործարարն ու պրակտիկը կրտսերն էր՝ Լեոպոլդը։ Տասնութ տարեկանում նա ընդմիշտ փախավ տնից։
Բանաստեղծություններ գրում էր նաև հայրս։ Խոսքը դրանցում մահվան ձգողականության մասին էր։ Դա, ըստ իս, կենսական ուժերի ավելցուկի դրսևորում էր։ Ոտանավորները նրան հրապուրում էին որպես թատերական ներկայացման տարր։
Նա հրապուրվեց նաև թենիսով։ Թենիսիստները գեղեցիկ մարզահագուստ էին կրում։ Հաշիվը վարվում էր անգլերեն...
Ինչպես գավառական պատանիներից շատերը, հայրս ու իր եղբայրները նույնպես ձգտում էին ապրել մայրաքաղաքներում։ Միխայիլը մեկնեց Լենինգրադ՝ կատարելագործելու բանաստեղծական շնորհը։ Դոնաթը հետեւեց նրան։ Գործունյա Լեոպոլդը հայտնվեց Շանհայում։
Հայրս ընդունվեց թատերական ինստիտուտ։ Որպես նոր մտավորականության ներկայացուցիչ, բավական արագ ավարտեց այն։ Դարձավ ռեժիսոր։ Ամեն բան լավ էր։
Նրան ընդունեցին ակադեմիական թատրոն։ Աշխատել է Վիվյենի, Տոլուբեւի, Չերկասովի, Ադաշեւսկու հետ։
Ես տեսել եմ նաեւ Մեյերխոլդի ներկայացումների բացասական գրախոսությունները։ Դրանք գրվել են գրեթե նույն տարիներին։
Հետո եկան տագնապալի ժամանակներ։ Անակնկալ սկսեցին անհետանալ ծնողներիս ընկերները։
Մայրս անիծում էր Ստալինին։ Հայրս այլ կերպ էր դատում։ Անհետանում էին, ախր, ամենասովորական մարդիկ։ Եվ յուրքանչյուրը, արժանիքների կողքին, ուներ նաեւ շոշափելի թերություններ։ Յուրաքանչյուրի մեջ, եթե լավ տնտղեիր, բացասականն էլ առկա էր։ Իսկ դա հնարավորություն էր ընձեռում համակերպվել կորստին։
Երբ տանում էին մեզանից մի հարկ ներքեւ ապրող խմբավար Լյալինին, հայրս հիշեց, որ Լյալինը հակասեմիթ էր։ Երբ ձերբակալում էին բանասեր Ռոգինսկուն, պարզվեց, որ Ռոգինսկին խմում էր։ Համերգավար Զացեպինը անբարեկիրթ էր կանանց հանդեպ։ Դիմահարդար Սիդելնիկովը առհասարակ տղամարդկանց էր գերադասում։ Իսկ կինոդրամատուրք Շապիրոն, հրեա լինելով հանդերձ, չափազանց հպարտ կեցվածք ուներ։
Այսինքն տեղի էր ունենում մի դրամա, ուր արատը պատժվում էր։
Հետո ձերբակալեցին պապիս՝ հենց այնպես։ Հորս համար դա միանգամայն անսպասելի էր։ Քանզի պապս ակնհայտորեն լավ մարդ էր։
Պապս, անշուշտ, ուներ թերություններ, բայց՝ քիչ։ Այն էլ՝ բացառապես անձնական բնույթի։ Նա շատ էր ուտում․․․
Դրաման վերաճում էր ողբերգության։ Հայրս իրեն կորցրեց։ Նա հասկացավ, որ մահը շրջում է մոտերքում։ Որ գլխավոր հերոսին վտանգ է սպառնում։ Ինչպես Շեքսպիրի ողբերգություններում։
Հորս վռնդեցին թատրոնից։ Ինչպե՞ս չվռնդեին իր իսկ մշակած տեսությամբ։ Հրեա, հորը գնդակահարել են, կրտսեր եղբայրը արտասահմանում է և այլն։
Հայրս սկսեց գրել էստրադայի համար։ Հորինում էր ֆելիետոններ, քառյակներ, երգիծական մանրապատումներ, ինտերմեդիաներ։ Դարձավ արհեստավարժ երգիծաբան՝ առավոտից երեկո կատակներ էր հորինում։ Իսկ այդ զբաղմունքը, ինչպես հայտնի է, մարդուն իսպառ զրկում է լավատեսությունից։
Նրա երգիծական մի քառյակը հիշում եմ մինչև օրս.
Մեր սելմագի վարիչը
Ցլիկի պես կտրիճ է,
Արդեն տասը տարի կա,
Որ սելմագում միս չկա...
Հորս հարցրի, թե դա ի՞նչ է նշանակում։ Ինչպե՞ս են կապված հասկացությունները այդ խենթ քառատողում։
Հայրս բարկացավ ու բացականչեց ողբերգականորեն բարձր ձայնով.
― Դու էությունը չես տեսնում։ Դու պարզապես զուրկ ես հումորի զգացումից...
Ընկավ, սակայն, մտքերի մեջ։ Մի քառասուն րոպեով առանձնացավ։ Այնուհետև հանդիսավորությամբ հնչեցրեց երկրորդ տարբերակը.
Վարիչը մեր սեւմագի
Նման է առողջ բողկի,
Արդեն տասը տարի կա,
Որ սելմագում բողկ չկա...
― Ո՞նց է, ― հարցրեց։
― Բողկ վաճառում են ամեն քայլափոխի, ― ասաց մայրս։
― Հետո՞ ինչ։
― Հետո այն, որ կենսական չէ։
― Ի՞նչը կենսական չէ։ Կոնկրետ ի՞նչը կենսական չէ։
― Դե այն, որ «սելմագում բողկ չկա»։ Գոնե տավարի նրբերշիկի մասին գրեիր։
Հայրս բռնեց գլուխն ու գոռաց․
― Ի՞նչ կապ ունի այստեղ նրբերշիկը։ Ես ձեզ համար տանտիրուհի՞ եմ։ Ձեր գռեհիկ կյանքը ինձ ամենեւին չի հետաքրքրում․․․
«Կենսական չէ․․․», ― հեգնանքով կրկնեց հայրս՝ փակվելով իր աշխատասենյակում․․․
Ես գիտեի, որ թաքուն լիրիկական բանաստեղծություններ է գրում։ Քսան տարի հետո կարդացի դրանք։ Ցավոք, չհավանեցի։
Նրա էստրադային կատակները շատ ավելի լավն էին։ Օրինակ, բեմ է դուրս գալիս համերգավարն ու հայտարարում․
― Այժմ Ռուբինա Քալանթարյանը կկատարի «Ալ ծաղիկը» մեքսիակական երգը։ Բովանդակությունն այսպիսին է։ Խուանիտոն ինձ ալ ծաղիկ նվիրեց։ Ես աղքատ եմ, ասաց Խուանիտոն, ու չեմ կարող քեզ մարգարտե մանյակ նվիրել։ Այս ծաղիկը գոնե վերցրու․․․ Խուանիտո, ասացի ես, քո նվիրածը շատ ավելին է, քան մարգարտե մանյակը։ Դու քո սերն ես ինձ նվիրել․․․ Եվ այսպես՝ Ռուբինա Քալանթարյան։ Մեքսիկական երգ «Ալ ծաղիկը»։ Երգը կատարվում է ՌՈՒՍԵՐԵՆ․․․
Դահլիճում, լավ հիշում եմ, ծիծաղում էին․․․
Հայրս ռոմանտիկ արտաքին ուներ։ Նրա դեմքը չհիմնավորված, ավելորդ կերպով ներկայացուցչական էր։ Իր տարիքից երիտասարդ էր երեւում, բավական բարեկազմ էր։ Այդուհանդերձ, Գորկու «հատակի» բնակիչներից էր։ Հիշեցնում էր միաժամանակ Պուշկինին ու ամերիկյան գործազուրկի։
Հայրս, անշուշտ, խմում էր։ Մյուսներից, թերեւս, ոչ ավել։ Բայց՝ մի տեսակ նկատելի։ Կարճ ասած, նրան հարբեցող էին համարում։ Իզուր։ Սթափ վիճակում նրա խաղը փոքր֊ինչ վրդովում էր հանդիսատեսին․․․
Հայրս բառախաղեր ու կատակներ էր հորինում։ Մայրս հումորի զգացում ուներ։ (Հեռավորությունը նույնն էր, ինչ հացթուխի ու սովյալի միջեւ)։ Այդ աստիճան տարբեր մարդիկ, միանգամայն պարզ է, չեն կարող գոյակցել։
Ինչպես բոլոր թեթեւամիտ տղամարդիկ, հայրս էլ բարեհոգի մարդ էր։ Մայրս անզուսպ էր ու կտրուկ։ Նրա կատարյալ ազնվությունը բացառում էր որեւէ զիջում։ Նրա ցանկացած արարք ինքնազոհողության բնույթ էր կրում։ Մորս բարոյական առաքինության անողոք լույսը աղետալի կերպով ի ցույց էր դնում հորս թերությունները։
Նրանք բաժանվեցին, երբ ես ութ տարեկան էի․․․
Եվ այսպես՝ անհատի պաշտամունք, պատերազմ, էվակուացիա։ Հետո՝ ապահարզան, խալտուրա, կանայք... Արվեստի պալատի ռեստորան...
Նրան միշտ շրջապատել են մի տեսակ աններկայանալի անձնավորություններ։ Թեև ինքը միանգամայն օրինավոր մարդ էր։ Իսկ փողային հարաբերություններում պարզապես բծախնդիր էր։
Ինձ դուր էր գալիս նրա մեծահոգությունը մարդկանց նկատմամբ։ Հորս թատրոնից հեռացրած մարդուն մայրս ատում է մինչև օրս։ Իսկ հայրս ժամանակ առ ժամանակ բարեկամաբար խմում էր հետը...
Տարիներն անցնում էին։ Որդին մեծացավ։ Առաջնորդին դիմակազերծեցին։ Պապին արդարացրին, ինչպես ասում են՝ «հանցակազմի բացակայության պատճառով»։
Հայրս կրկին ոգևորվեց։ Նրան թվաց, թե սկսվել է կյանքի դրամայի երրորդ , եզրափակիչ արարը։ Եվ բարին վերջապես հաղթելու է։ Կարելի է ասել՝ արդեն հաղթել է...
Հայրս կրկին ամուսնացավ։ Նրան սիրեց մի երիտասարդ կին-տեխնիկ։ Հնարավոր է, որ հորս հանճարեղ խենթի տեղ էր դրել։ Այդպես երբեմն պատահում է..
Կարճ ասած, ամեն բան կարգավորվում էր։ Ներկայացումը վերագտնում էր կորցրած թափը։ Վերականգնվում էին դասակարգային դրամայի խախտված կանոնները։
Եվ ի՞նչ։ Առանձնապես ոչինչ։ Երկիրը ղեկավարում էին անհասկանալի, անհատականությունից զուրկ առաջնորդներ։ Արվեստում տիրում էր մռայլերանգ, անգույն միաբանության մթնոլորտը։
Մարդկանց, կարծես թե, չէին գնդակահարում։ Նույնիսկ՝ չէին բանտարկում։ Այսինքն բանտարկում էին, բայց հազվադեպ։ Ընդ որում, իրականում գործած արարքների համար։ Կամ գոնե՝ հրապարակային անզգույշ արտահայտությունների համար։ Մի խոսքով, առաջվա պես չէր...
Այդուհանդերձ Ստալինի օրոք ավելի լավ էր։ Ատալինի օրոք գիրքը տպագրում էին, հետո հեղինակին գնդակահարում։ Հիմա գրողներին չեն գնդակահարում։ Գրքեր չեն տպագրում։ Հրեական թատրոնները չեն փակում։ Այդպիսիք պարզապես չկան...
Ստալինի ժառանգորդները հուսախաբ արին հորս։ Նրանք զուրկ էին վեհությունից, փայլից, թատերականությունից։ Հայրս պատրաստ էր հաշտվել բռնատիրության հետ, բայց արևելյան՝ գունեղ ու փոքր֊ինչ վայրենի բռնատիրության։
Հայրս համոզված էր, որ Ստալինին իզուր թաղեցին։ Նրան չէր կարելի թաղել իբրեւ սովորական մահկանացուի։ Չէր կարելի գրել նրա հիվանդության մասին, ուղեղի կաթվածի մասին։ Միանգամայն անթույլատրելի էր հրապարակել մեզի անալիզը։
Հարկավոր էր հայտարարել, որ Ստալինը համբարձվել է։ Կամ պարզապես անհետացել է։ Բոլորը կհավատային։ Իսկ մեծ առասպելը կշարունակեր ապրել։ Ինչո՞վ է Ստալինը վատ այդ նազարեթցուց․․․
Կյանքն ավելի ու ավելի դժգույն ու միօրինակ էր դառնում։ Չարագործությունն ամեն առօրեական, տարտամ բնույթ էր կրում։ Բարին վերաճում էր անմասնւթյան։ Լավ մարդկանց մասին ասում էին՝ մատնիչ չի․․․
Ես չեմ հիշում, որ կյանքը լրջորեն հետաքրքրեր հորս։ Նրան հետաքրքրում էր թատրոնը։ Հորս խոսքերի, արարքների, մտքերի կուտակումների հետեւում հազիվ, բայց նշմարվում էր մաքուր, անհեթեթ հոգի։
Հիշում եմ նրա զրույցը գրող Մինչկովսկու հետ։ Մինչկովսկին խմել֊գլուխը տաքացրել էր։ Ասաց․
― Դոնաթ, ես, պատկերացրու, լրտու եմ եղել։
Հայրս վրդովվեց․
― Քեզ այլեւս չեմ բարեւի։
Մինչկովսկին բացատրեց․
― Ես լավ մարդկանց չեմ մատնել։ Միայն վատերին։
Հայրս մի պահ մտածեց ու ասաց․
― Իսկ քեզ, Արկադի, ո՞վ էր դատավոր կարգել։ Ի՞նչ ասել է՝ լավ մարդիկ, վատ մարդիկ։ Ի՞նչ իրավունքով էիր հենց դու որոշում։ Դու ինչ է՝ Քրիստո՞ս ես․․ (Այս վերջին արտահայտության համար, վստահ եմ, հորս մի օր արժանին հատուցելու են)։
Մինչկովսկին կրկին բացատրեց․
― Վատերը նրանք են, ովքեր ընկերներին չեն հյուրասիրում․․․ Ովքեր մենակ են խմում․․․
― Այդ դեպքում դեռ ոչինչ, ― ասաց հայրս։
Այդ տարիներին նա, եթե չեմ սխալվում, անգամ դոցենտ էր երաժշտական ուսումնարանում, որտեղ իր նախաձեռնությամբ էստրադային արվեստի դասարան էր բացվել։
Դասավանդում էր այնտեղ։ Ուսանողներին անվանում էր աշակերտ։ Պյութագորեսի նման․․․
Աշակերտները նրան սիրում էին դեմոկրատիզմի համար։
Սակայն մթնոլորտն այս ուսումնական հաստատությունում բավական նողկալի էր։ Մանկավարժներից մեկը մատնություն գրեց։ Ասվում էր, թե հայրս այլասերում է ուսանողներին։ Նրանց հետ ռեստորան է գնում։ Սիրահետում է երիտասարդ աղջիկներին։ Եվ այլն։ Մատնությունն անստորագիր էր։
Հորս հրավիրում են տնօրենի մոտ։ Ցույց են տալիս չարաբաստիկ փաստաթուղթը։ Հայրս վերցնում է խոշորացույցն ու ասում.
― Թույլ կտա՞ք նայել։ Թույլ են տալիս։
Խոնարհվում է թղթվի վրա։ Քիչ անց ցածրաձայն սկսում է.
― Այսպես... Մեծատառերը սեղմումով է գրել... Շագանակահեր է... «Բ»–ից հետո տեղ է թողնում... Նեղաչք է... Շրջանագիծը չի փակում... Շատ է ծխում... «Ռ»–ն միացնում է «Ե»–ին... Քառասուներեք համարի կոշիկ է հագնում... Լավ... «Դ»–ի գլխին գծիկ է դնում... Բեղավոր է... Գծերն ընդհատ են...Շուրկա Բոգուսլավսկին է...
Հայրս տեղից ելնում ու հանդիսավորությամբ հայտարարում է.
― Սա գրել է Շուրիկ Բոգուսլավսկին։
Մատնիչին դիմակազերծում են։ Հորս ձեռնարկած ձեռագրաբանական հետազոտությունը փայլուն արդյունք է տալիս։ Բոգուսլավսկին խոստովանում է։
Ժողով են կազմակերպում։ Հայրս ժողովում ասում է.
― Շուրա։ Ալեքսանդր Բորիսովիչ։ Ինչպե՞ս դու՝ կուսակցության անդամդ, կարողացար այդպիսի բան անել։
Ավելի ուշ հորս ասացի.
― Այն, որ Բոգուսլավսկին կոմունիստ է, միանգամայն տրամաբանական է։ Հենց դա է տրամաբանական ու բնական...
Հայրս, սակայն, շարունակում էր տխուր վրդովվել.
― Կոմունիստ... Կուսակցության անդամ... Վստահությամբ օժտված մարդ...
Հայրս տառապում էր իրական կյանքի խորացած ու համառ անհասկացողությամբ...
Իրադարձությունները, մինչդեռ, մշուշոտ զարգացում ունեցան։ Ինձ տպագրեցին արտասահմանում։ Հորս դուստրը սիրեց սիոնիստ Լյոնյային։ Նորապսակները պատրաստվում էին մեկնել երկրից։ Ես դեգերում է բանտի ու Փարիզի միջև...
Հորս ի վերջո վռնդեցին աշխատանքից։
― Հրաշալի է, ― ասացի, ― միասին կմեկնենք։
― Ո՞ւր։
― Ի՞նչ տարբերություն։ Կապիտալիստական ջունգլի։
― Եվ ի՞նչ ենք անելու այնտեղ։
― Ոչինչ։ Ծերանալու ենք․․․
Հայրս համարյա բարկացավ։ Ինչպե՞ս կարելի է՝ բեմից հեռանալ երրորդ արարո՞ւմ։ Ծափահարություններից երեք րոպե առա՞ջ․․․
Ի՞նչ ասեի։ Որ մենք բեմ չենք, այլ պարտե՞ր։ Որ ընդմիջո՞ւմ է։ Որ այդ ընդմիջումը կարող է ձգվել մինչեւ սուրբ գալստյան օ՞րը․․․
(Հայրս, երեւի, չգիտեր, թե ինչ ասել է սուրբ գալստյան օր․․․)։
Սկզբում մեկնեցին կինս ու դուստրս։ Հետո՝ քույրացուս ու Լյոնյան։ Նրացից հետո՝ ես, մայրս ու շունը․․․
Մեկ տարի անց Ամերիկա եկավ հայրս։ Բնակվեց Նյու Ջերսիում։ Բինգո է խաղում։ Ամեն բան կարգին է։ Ծափահարող հանդիսատեսը առայժմ չի երեւում․․․
Ինձ գեթ մի բան է անհանգստացնում․․․ Ոչ թե անհանգստացնում, այլ գուցե զարմացնում․․․ Կարճ ասաց, կինս առիթը բաց չի թողնում ․․․ Եթե ինչ֊որ իրադարձություն է կամ գրական հավաք․․․ Մի խոսքով, ինչ էլ անեմ, կինս միշտ ասում է․
― Աստված իմ, ինչ նման ես հորդ․․․