Changes
/* Գլուխ չորրորդ */
Ես խնդրեցի այդ պատվարժան մարդուն՝ բարեխոսելու նորին մեծության առաջ, որ նա ինձ բաց թողնի կղզուց։ Նա կատարեց իմ խնդիրը, ինչպես բարեհաճեց ինձ ասել՝ մեծ ափսոսանքով, որովհետև, իսկապես, բազմաթիվ նպաստավոր առաջարկություններ արեց, որոնցից ես խորին երախտագիտությամբ հրաժարվեցի։
Փետրվարի 16֊ին ես հրաժեշտ տվի նորին մեծությանը և իր արքունիքին։ Թագավորն ինձ մի պարգև տվեց, որ մոտ երկու հարյուր անգլիական ֆունտ արժեր․ պակաս նվերներ չստացա և նրա ազգականի և իմ հովանավորի կողմից, որը միևնույն ժամանակ ինձ տվեց մի հանձնարարական իր մի բարեկամի անունով, որ ապրում էր մայրաքաղաքում՝ Լագադոյում։ Ես որոշ չափով ինձ բավարարված զգացի, երբ ոտս դրի հաստատուն գետնին։ Ես քաղաք գնացի առանց որևէ դժվարության, քանի որ հագնված էի բնիկների նման և բավական վարժ էի տեղական լեզվով նրանց հետ խոսելու։ Շուտով ես գտա այն երևելի մարդու տունը, որի անունով հանձնարարական ունեի, ներկայացրի նրան կղզու նրա ազնիվ բարեկամի նամակը և սիրալիր ընդունելություն գտա նրա կողմից։ Այդ նշանավոր լորդը, որի անունն էր՝ Մյունոդի, <ref>Այդ նշանավոր լորդը, որի անունն էր Մյունոդի․ ― Ենթադրվում է, որ Սվիֆտի նախատիպը Վիկոնտ Միդդլետոնն էր, Իռլանդիայի լորդ կանցլերը, որ այնտեղ ոոշ ժողովրդականություն էր վայելում այն պատճառով, որ Իռլանդիայում ընդդիմադրում էր վիգերի կործանիչ ծրագրերին։ Հավանական է սակայն, որ դա մի ակնարկ է Բոլինգբրոկի մասին, որն աքսորից վերադառնալուց հետո դեմոնստրատիվ կերպով մեկուսացավ Դաուլեի մի հեռավոր գյուղում։</ref> հրամայեց, որ իր տանը մի սենյակ պատրաստեն, ուր ես ապրեցի իմ այդտեղ եղած ժամանակ և արժանացա ամենասրտաբաց հյուրասիրության։
Տեղ հասնելու մյուս օրը, առավոտյան, նրա հետ կառքով գնացինք տեսնելու քաղաքը, որ Լոնդոնի կեսի չափ էր, իսկ տները շինված էին շատ տարօրինակ և մեծ մասամբ կիսավեր էին։ Փողոցներում մարդիկ անցնում էին շտապ քայլելով, նրանց հայացքը վայրի էր, աչքերը հառած մի կետի, և ընդհանրապես ամենքն էլ ցնցոտիապատ էին։ Մենք դուրս եկանք քաղաքի դարբասից և երեք մղոնի չափ գնացինք դեպի դաշտը, ուր ես տեսա բազմաթիվ գյուղացիներ, որոնք աշխատում էին դաշտում տարբեր տեսակի գործիքներով, բայց չկարողացա հասկանալ, թե ինչ էին անում, մանավանդ, որ ես չնկատեցի որևէ հացահատիկի կամ խոտի նշույլ, թեև հողը, ըստ երևույթին, հիանալի էր։ Ես չկարողացա զսպել իմ զարմանքն այդ տարօրինակ տեսարանի առաջ թե՛ քաղաքում և թե՛ դաշտում, և համարձակություն ունեցա դիմելու իմ ուղեկցին, որպեսզի նա բարեհաճի բացատրել ինձ, թե ի՛նչ նշանակություն ունեն այդ զբաղված ձեռքերը և մտազբաղ գլուխներն ու դեմքերը՝ թե՛ փողոցներում և թե՛ դաշտում, որովհետև ես չէի նկատում որևէ արդյունք, որ կարող էին արտադրել այդ մարդիկ․ ընդհակառակը, ես երբեք չէի տեսել մի ավելի անմշակ հող, ավելի վատ շինված ու կիսավեր շենքեր, քան այդտեղ, կամ թե չէ՝ մի ժողովուրդ, որի արտաքին տեսքն ու հագուստն այնքա՜ն թշվառ և պակասավոր լինեին։