Changes
/* Գլուխ հինգերորդ */
Մի այլ սենյակում ինձ մեծ զվարճություն պատճառեց մի ծրագրող, որ գտել էր հողը խոզի օգնությամբ հերկելու միջոց, որպեսզի խնայի գութանի, անասունների ու մշակների ծախսերը։ Այդ մեթոդը հետևյալն է․ մի ակր հողում դուք թաղում եք մեկը մյուսից վեց մատնաչափ հեռավորությամբ և ութ մատնաչափ խորությամբ որոշ քանակության կաղին, արմավ, շագանակ և զանազան տեսակի ընդեղեն, որոնց շատ սիրահար են խոզերը․ ապա դուք քշում եք դեպի դաշտը վեց հարյուր կամ ավելի խոզ, և նրանք կեր գտնելու համար մի քանի օրում իրենց դնչով փորում են գետինը և հողը դարձնում ցանելու համար պիտանի և միևնույն ժամանակ պարարտացնում այդ հողն իրենց աղբով։ Ճիշտ է, փորձից հետո նրանք գտան, որ արած ծախսն ու գործադրած ջանքը շատ մեծ է և ստացած բերքը շատ աննշան։ Սակայն ոչ ոք չի կասկածում, թե այդ գյուտը կարող է կատարելագործվել և խոստանում է փայլուն ապագա։
Ես մտա մի ուրիշ սենյակ, որի պատերն ու առաստաղը ամբողջովին պատած էին սարդի ոստյանով, <ref>Ամբողջովին պատած էին սարդի ոստյանով․ ― 1710 թվին մի հնարագետ ֆրանսիացի Բոն անունով մի գրքույկ հրատարակեց, ուր ապացուցում էր, թե հնարավոր է սարդի ոստյանից գուլպաներ և ձեռնոցներ պատրաստել։ Նման փորձեր կատարվել են և հետագայում։</ref> բացի նեղ մուտքից, որով գյուտարարը ներս ու դուրս էր անում։ Ներս մտնելու ժամանակ նա ինձ վրա բարձր ձայնով գոռաց, որ ես չքանդեմ նրա ոստյանը։ Նա գանգատվեց այն ճակատագրական սխալից, որ մինչև օրս անում է աշխարհն օգտագործելով շերամի որդը, մինչդեռ մենք ունենք առատ չափով այնպիսի ընտանի միջատներ, որոնք անսահման կերպով գերազանցում են վերոհիշյլալ որդերին, որովհետև այդ միջատները գիտեն թե՛ մանել և թե գործել։ Ապա գյուտարարն ասաց, թե սարդերի օգտագործումը միանգամայն պիտի կրճատի մետակսը ներկելու ծախսերը․ այդ ինձ բոլորովին համոզիչ թվաց, երբ նա ցույց տվեց ահագին քանակությամբ գույնզգույն ճանճեր, որոնցով նա կերակրում էր իր սարդերը, հավատացնելով, թե նրանցից պիտի երանգավորվի ոստյանը․ և քանի որ նրա մոտ կային ամեն գույնի ճանճեր, ուստի նա հույս ուներ բավարարելու ամենքի ճաշակը, հենց որ նրան հաջողվեր իր ճանճերի համար համապատասխան կերակուր գտնել՝ լինի դա խիժ թե յուղ կամ մի այլ տեսակի մածուցիկ հյութ, որոնց միջոցով նա պիտի կարողանա ոստյանի թելերը դարձնել ավելի ամուր և դիմացկուն։
Այդտեղ կար և մի աստղագետ, որը ծրագիր էր կազմում տեղավորելու արևի ժամացույցը քաղաքային տան հողմացույցի վրա՝ ստուգելու համար երկրի և արևի տարեկան և օրական շարժումներն ու համաձայնեցնելու և համադրելու համար այդ շարժումները պատահական քամիներին։