Երեկո է։ Դուք ոտից գլուխ թրջված եք, նավակում երկու մատնաչափ ջուր է լցված, և բոլոր իրերը թաց են։ Ափին մի տեղ եք գտնում, որտեղ համեմատաբար ավելի քիչ է ցեխոտ, վրանը քարշ եք տալիս այնտեղ և երկուսով սկսում եք այն խփել։
Վրանը ամբողջապես ներծծված է ջրով և խիստ ծանրացել է։ Նրա ծայրերը կպչում են ձեզ, ընկնում կամ փաթափվում փաթաթվում գլխի շուրջը՝ ձեզ հասցնելով կատաղության։ Անձրևը այդ ամբողջ ժամանակ ուժգնորեն թափվում է։ Բավական դժվար գործ է վրան խփելը, իսկ եթե դրան ավելացնենք նաև անձրևը, ապա դա միայն Հերկուլեսի ուժի գործ է դառնում։ Համոզված եք, որ ձեր ընկերը օգնելու փոխարեն միայն հիմարություններ է անում։ Հենց որ դուք ձեր կողմում գեղեցիկ կերպով ամրացնում եք վրանը, նա սկսում է ձգել իր կողմը և ամեն ինչ փչանում է։
― Էյ, այդ ինչ՞ ես անում, ― գոռում եք դուք։