Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 73 993 բայտ, 07:40, 26 Օգոստոսի 2013
/* Գլուխ առաջին */
― Բուդախին ինձ թողեք, ― հուսահատ ասաց Ռումատան, ― ու փորձեք, այնուամենայնիվ, հասկանալ․․․
 
 
==Գլուխ երկրորդ==
 
 
Ռումատան ցցնվեց ու բացեց աչքերը։ Արդեն լուսացել էր։ Պատուհանների տակ աղմկում էին։ Ինչ֊որ մեկը, ըստ երևույթին զինվորական, գոռում էր․ «Սը֊րի֊կա՜։ Դու քո լեզվով կմաքրես այս ցեխը։ («Բարի լույս», ― մտածեց Ռումատան։) Լը֊ռե՛լ։ Երդվում եմ սուրբ Միկայի մեջքով, դու համբերությունից կհանես ինձ»։ Մյուս ձայնը, կոշտ ու խռպոտ, քրթմնջում էր, որ այս փողոցում միշտ էլ պետք է նայել ոտքերի տակ։ «Առավոտյան կողմ անձրև սկսվեց, իսկ սրա սալարկը դուք էլ գիտեք, թե երբ են արել․․․» ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է, թե որտեղ պիտի նայեմ․․․»։ ― «Դուք լավ կանեք ինձ բաց թողնեք, ազնվազարմ դոն, մի՛ քաշեք շապիկիցս»։ ― «Նա դեռ ինձ սովորեցնո՜ւմ է․․․»։ Լսվեց մի զրնգուն շրխկոց։ Ըստ երևույթին, դա արդեն երկրորդ ապտակն էր․ Ռումատային արթնացրել էր առաջինը։ «Լավ կանեք ինձ չծեծեք, ազնվազարմ դոն», ― քրթմնջում էին ներքևում։
 
Ծանոթ ձայն էր, տեսնես ո՞վ է։ Կարծես դոն Տամեոն է։ Այս խամախարյան քնձռոտ ձին այսօր նորից պետք է տանել տալ նրան։ Հետաքրքիր է, երբևիցե ձիերից բան կհասկանա՞մ։ Ճիշտ է, մենք՝ Ռումատա Էստորցիներս, դարեր ի վեր բան չենք հասկացել ձիերից։ Մենք մարտական ուղտերի գիտակներ ենք։ Լավ է, որ Արկանարում ուղտ համարյա չկա։ Ռումատան մարմինը ճրթճրթացնելով ձգվեց, մահճակալի գլխավերևում շոշափեց մետակսե քուղը և մի քանի անգամ ձգեց։ Տան ընդերքում զնգզնգացին զանգերը։ Տղան, իհարկե, դրսի կովին է նայում, մտածեց Ռումատան։ Կարելի էր վեր կենալ և ինքնուրույն հագնվել, բայց դե ավելորդ ասեկոսների տեղիք կտա։ Նա ականջ դրեց դրսից լսվող գզվռտոցին։ Ի՜նչ հզոր բան է լեզուն։ Աներևակայելի էնտրոպիա։ Հո՜ չկտրեց դոն Տամեոն․․․ Վերջին ժամանակներս գվարդիայում հայտնվել են սիրողներ, որոնք հայտարարում են, թե ազնիվ մարտի համար նրանք մի սուր ունեն, իսկ մյուս սուրը հատուկ օգտագործում են փողոցային հետապնդումների ժամանակ, ինչը դոն Ռեբայի ջանքերով չափազանց շատացել է փառապանծ Արկանարում։ Ի դեպ, դոն Տամեոն դրանցից չէ։ Վախկոտի մեկն է մեր դոն Տամեոն, և որպես քաղաքետ էլ է հայտնի․․․
 
Զղվելի է, որ օրը սկսվում է դոն Տամեոյով․․․ Ռումատան նստեց, պատռված շքեղ վերմակի տակ ծնկները գրկելով։ Քեզ համակում է արճճե վհատության մի ծանր զգացում, ուզում ես տխրել ու խորհել այն մասին, թե որքան թույլ ենք ու չնչին հանգամանքների առաջ․․․ Երկրի վրա նման բաներ մեր մտքով անգամ չի անցնում։ Այստեղ մենք առողջ, ինքնավստահ տղաներ ենք, հոգեպես ամրապնդված և պատրաստ ամեն ինչի։ Մենք պինդ նայրդեր ունենք․ մենք կարող ենք դեմքներս շրջել, երբ խոշտանգում են մարդկանց ու կախաղան հանում։ Մենք չտեսնված դիմացկուն ենք․ ընդունակ ենք դիմանալու անհուսալի ապուշների բարբաջանքնեիրին։ Մենք մոռացել ենք ինչ բան է զզվանքը, մենք չենք խորշում այն պնակներից, որ տալիս են շներին լիզելու, իսկ հետո սրբում են կեղտոտ փեշով։ Մենք մեծագույն անդեմներ ենք, նույնիսկ երազում չենք խոսում Երկրի լեզուներով։ Մենք ունենք անխափան զենք՝ ֆեոդալիզմի բազիսային տեսությունը, որը մշակվել է լռին առանձնասենյակներում ու լաբորատորիաներում, փոշոտ պեղումնավայրերում, պատկառազդու բանավեճերում․․․
 
Ափսոս, որ դոն Ռեբան ոչ մի պատկերացում չունի այդ տեսության մասին։ Ափսոս, որ հոգեբանական պատրաստվածությունը մեզանից պոկվում է ինչպես արևայրուկը, մենք ընկնում ենք ծայրահեղությունների մեջ, մենք ստիպված ենք անընդհատ ոգևորել մեզ․ «Ատամներդ սեղմիր ու հիշիր, որ մենք ծպտյալ աստվածներ ենք, որ նրանք չեն գիտակցում, թե ինչ են անում, և նրանցից գրեթե ոչ մեկը մեղավոր չէ, ուստի դու պիտի լինես համբերատար և հանդուրժող․․․» Պարզվում է, մեր հոգու մարդաիրության ջրհորները, որ Երկրի վրա թվում էին անհատակ, ցամաքում են ահավոր արագությամբ։ Սուրբ Միկա, չէ որ մենք իսկական մարդասերներ էինք այնտեղ՝ Երկրում, մարդասիրությունը մեր էության կմախքն էր, Մարդու առաջ խոնարհվելը, Մարդու հանդեպ ունեցած սերը մեզ հասցրեց մարդապաշտության, իսկ այստեղ հանկարծ սարսափով զգում ենք, որ սիրում ենք ոչ թե մարդուն, այլ սոսկ միայն կոմունարին, երկրացուն, մեզ հավասարին․․․ Ավելի ու ավելի հաճախ ենք մտածում․ «Դեհ, հերիք է, մի՞թե սրանք մարդ են։ Մի՞թե սրանք ընդունակ են մարդ դառնալու, թեկուզև ժամանակի ընթացքում»։ Ու այդժամ հիշում ենք Կիրային, Բուդախին, Արատա Սապատավորին, մեծարգո բարոն Պամպային, և բոլորս ամաչում ենք, իսկ դա նույնպես արտառոց ու տհաճ բան է և, ամենակարևորը չի օգնում․․․
 
Պետք չէ հիշել այս ամենը, մտածեց Ռումատան։ Այն էլ առավոտյան։ Գրողի ծոցը կորչի այս Տամեոն․․․ Հոգումս մաղձ է կուտակվել, և այսպիսի մենակության մեջ չգիտես ոնց ազատվել մաղձից։ Այո, մենակության մեջ։ Իսկ մենք՝ առողջներս, ինքնավստահներս, արդյոք մտածում էինք, որ այստեղ կհայտնվենք մենակության մեջ։ Չէ՞ որ ոչ ոք չի հավատա դրան։ Անտոն, սիրելիս, քեզ ի՞նչ է պատահել։ Քեզանից դեպի արևմուտք, մինչև քո բարի ու խելոք ընկեր Ալեքսանդր Վասիլևիչը, երեք ժամվա թռիչքային ճանապարհ է։ Արևելքում Պաշկան է․ յոթ տարի մի նստարանի վրա ենք նստել, հավատարիմ, ուրախ ընկեր է։ Դու ուղղակի թթվել ես, Տոշկա։ Ափսոս, մենք, իհարկե, կարծում էինք, թե դու ավելի ուժեղ ես, բայց դե բոլորի հետ էլ պատահում է։ Դժոխային աշխատանք է, հասկանում ենք։ Հիմա դու վերադարձիր Երկիր, հանգստացիր, տեսությամբ զբաղվիր, հետո կերևա․․․
 
Իսկ Ալեքսանդր Վասիլևիչը, ի միջի այլոց, մինչև ուղնուծուծը դոգմատիկ է։ Քանի որ բազիսի տեսությունը չի նախատեսում գորշերի գոյությունը («Ես, աղավնյակս, իմ աշխատանքի տասնհինգ տարիների ընթացքում ոչ մի նման շեղում տեսությունից չեմ նկատել․․․»), ուրեմն գորշերն իմ աչքին են երևում։ Դե որ իմ աչքին նման բաներ են երևում, ուրեմն, նյարդերս թուլացել են և ինձ պետք է ուղարկել հանգստի։ «Դե լավ, ես խոստանում եմ, որ ինքս կնայեմ և կհայտնեմ իմ կարծիքը։ Իսկ առայժմ, դոն Ռումատա, խնդրում եմ ձեզ, հանգիստ մնացեք․․․»։ Իսկ Պավելը, իր մանկության ընկերը՝ բազմահմուտն ու ամենագետը, այսպես ասած, ինֆորմացիայի աղբյուրը․․․ հախուռն կերպով նետվեց ուսումնասիրելու երկու մոլորակների պատմությունը և հեշտությամբ ապացուցեց, որ գորշ շարժումը ընդամենը քաղաքացիների մի շատ սովորական ընդվզում է բարոնների դեմ․ «Սակայն այս երկու օրը ես կգամ քեզ մոտ։ Անկեղծ ասած, մի քիչ վատ եմ զգում Բուդախի պատճառով․․․»։ Սրա համար էլ շնորհակալություն։ Եվ հերիք է։ Կզբաղվեմ Բուդախով, եթե ուրիշ ոչ մի բանի ընդունակ չեմ։
 
Ամենագիտուն բժիշկ Բուդախ։ Բնիկ իրուկանցի, հռչակավոր բժիշկ, որին Իրուկանի հերցոգը քիչ մնաց ազնվականի կոչում շնորհեր, բայց հետո միտքը փոխեց ու բանտարկեց աշտարակում։ Նա կայսրությունում ամենախոշոր մանագետն է թունաբուժության գծով։ «Խոտերի ու այլ բույսերի մասին, որոնք խորհրդավոր զորություն ունեն դառնալու թաղծի, ուրախության և հանգստության պատճառ, ինչպես նաև իժերի, սարդերի, մերկ վարազի թքի և հյութերի մասին, որ օժտված են նույնպիսի և շատ ուրիշ հատկություններով» հայտնի աշխատության հեղինակը։ Հրաշալի մարդ և, անկասկած, իսկական մտավորական, համոզված ու անկաշառ մարդասեր, ողջ ունեցվածքը՝ մի պարկ գիրք։ Այդ ո՞ւմ կարող էիր դու պետք լինել, բժիշկ Բուդախ, դավադրությունների ու ընչասիրության արյունահեղ ճահճի մեջ ընկղմված այդ խավարամոլ ու տգետ երկրում։
 
Ենթադրենք, որ դու կենդանի ես և գտնվում ես Արկանարում։ Բացառված չէ, իհարկե, որ քեզ գերի են վերցրել Կարմիր Հյուսիսային լեռնաշղթայի լանջերից իջած ավազակ բարբարոսները։ Դա պարզելու համար դոն Կոնդորը մտադիր է կապվել մեր բարեկամ Շուտուլետիդովոդուսի՝ նախնադարյան մշակույթների գծով մասնագետի հետ, որը հիմա ընկնավոր շաման է մի քառասունհինգ անուն ունեցող ցեղապետի մոտ։ Եթե, այնուամենայնիվ, դու Արկանարում ես, ապա քեզ ամենից առաջ կարող էին բռնել Վագա Անվի մարդիկ։ Եվ նույնիսկ ոչ թե կբռնեին քեզ, այլ կվերցնեին, որովհետև նրանց համար գլխավոր ավարը կլիներ քո ուղեկիցը՝ փողերը տանուլ տված ազնվազարմ դոնը։ Բայց, ինչևիցե, նրանք քեզ չեն սպանի։ Վագա Անիվը չափից դուրս գծուծ է դա անելու համար։ Քեզ կարող էր գերի վերցնել նաև մի որևէ հիմար բարոն։ Առանց որևէ չար մտքի, պարզապես ձանձրույթից և գերհյուրընկալությունից։ Ցանկացել է քեֆ անել ազնվազարմ զրուցակցի հետ ու ճանապարհներին կանգնեցրել է իր դրուժիննիկներին։ Եվ դու նստած կմնաս գարշահոտ խոհանուցում մինչև դոները կուշտ կլակեն ու նոր կբաժանվեն իրարից։ Այս դեպքում էլ քեզ ոչ մի բան չի սպառնում։
 
Սակայն փտած Դիվաշխարհում դեռ մնացել են դոն Քսիի և Պերտա Ողնաշարի վերջերս ջախջախված գեղջկական բանակի մնացորդները, նրանց հիմա թաքուն կերակրում է մեր արծիվ դոն Ռեբան, որ հարկ եղած դեպքում հրահրի բարոնների դեմ։ Այ, սրանք արդեն ոչ ոքի չեն խնայում, ու ավելի լավ է սրանց մասին չմտածեմ։ Կա նաև տոհմիկ կայսերական ազնվական դոն Սատարինան, որը հարյուր երկու տարեկան է և լրիվ ցնդած։ Նա տոհմական թշնամանք է տածում Իրուկանի հերցոգների նկատմամաբ և ժամանակ առ ժամանակ առույգանալաով, ձեռքն է գցում բոլոր նրանց, ովքեր անցնում են Իրուկանի սահմանը։ Նա անչափ վտանգավոր է, որովհետև լեղապարկի նոպաների ժամանակ այնպիսի հրամաններ է արձակում, որ ծառաները չեն հասցնում նրա զնդանից դուրս տանել դիակները։
 
Եվ, վերջապես, ամենագլխավորը։ Գլխավորը ո՛չ այն պատճառով, որ առավել հավանական է։ Դոն Ռեբայի գորշ պարեկները։ Մեծ ճանապարհներին վխտող գրոհայինները։ Դու պատահաբար կարող ես ընկած լինել նրանց ձեռքը, և այդժամ պետք է հույսդ դնես միայն ուղեկցողիդ ողջամտության ու սառնասրտության վրա։ Իսկ եթե դոն Ռեբան նույնպես հետաքրքրվում է քեզանո՞վ․․․ Դոն Ռեբան անսպասելի հետաքրքրություններ շատ է ունենում․․․ Նրա լրտեսները կարող էին հայտնած լինել, որ դու պետք է անցնես Արկանարով, և նա քեզ ընդառաջ է ուղարկել ջանադիր ու գորշ սպայի գլխավորությամբ մի ջոկատ, ու հիմա դու նստած ես քարե պարկի մեջ, Ուրախ Աշտարակում․․․
 
Ռումատան նորից անհամբեր քաշեց քուղը։ Զզվելի ճռնչոցով բացվեց ննջարանի դուռը և ներս մտավ լղար ու մռայլադեմ փոքրիկ ծառան։ Նրա անունը Ունո էր, և նրա ճակատագիրը արժանի էր բալլադի թեմա դառնալու։ Տղան խոնարհվեց, հետո, քստքստացնելով մաշված կոշիկները, մոտեցավ մահճակալին ու սեղանին դրեց սկուտեղը, որի վրա կային նամակներ, սուրճ և ատամներն ամրացնող ու մաքրող բուրավետ ծամոն։ Ռումատան ջղային մի հայացք նետեց նրա վրա․
 
― Ասա, խնդրեմ, դու երբևիցե դուռը յուղելո՞ւ ես, թե ոչ։
 
Տղան չպատասխանեց․ լուռ նայում էր հատակին։ Ռումատան վրայից դեն նետեց վերմակը, մերկ ոտքերը իջեցրեց հատակին ու մեկնվեց դեպի սկուտեղը։
 
― Այսօր լվացվե՞լ ես, ― հարցրեց նա։
 
Տղան մի ոտքից հենվեց մյուսի վրա ու, առանց պատասխանելու, սկսեց հավաքել սենյակով մեկ թափթփված հագուստը։
 
― Ես, կարծեմ, քեզ հարցրի՝ լվացվե՞լ ես այսօր, թե ոչ, ― ասաց Ռումատան, բացելով առաջին նամակը։
 
― Ջրով մեղքերդ չես լվա, ― փնթփնթաց տղան։ ― Հո ազնվածին չեմ, որ լվացվեմ։
 
― Ես քեզ ի՞նչ եմ պատմել մանրէների մասին, ― ասաց Ռումատան։
 
Տղան կանաչ անդրավարտիքը դրեց բազկաթոռի թիկնակին ու թափահարեց բութ մատը, որ քշի դևերին։
 
― Գիշերը երեք անգամ աղոթել եմ, ասաց նա։ ― Էլ ի՞նչ անեմ։
 
― Տխմար, ― ասաց Ռումատան և սկսեց կարդալ նամակը։
 
Գրում էր դոնա Օկանան, դոն Ռեբայի նոր սիրուհին։ Առաջարկում էր այս երեկո այցելել իրեն՝ «քնքշորեն թախծողին»։ Ապա հետգրության մեջ հասարակ բառերով գրում էր, թե ինքն ինչ է ակնկալում այդ հանդիպումից։ Ռումատան նույնիսկ կարմրեց։ Թաքուն նայելով տղայի կողմը՝ քթի տակ փնթփնթաց․ «Դեհ, ճիշտն ասած․․․»։ Դա մտածելու բան էր։ Գնալը զզվելի էր, չգնալը հիմարություն, քանզի դոնա Օկանան շատ բան գիտեր։ Նա մի թափով խմեց սուրճը և ծամոնը դրեց բերանը։
 
Մյուս ծրարը հաստ թղթից էր, զմռսված կնիքը կեղտոտվել էր, երևում էր, որ նամակը բացել էին։ Գրում էր դոն Ռիպատը՝ մի մոլի կարիերիստ, խանութպանների գորշ վաշտի լեյտենանտ։ Հարցնում էր առողջությունից, վստահություն էր հայտնում, որ գորշ գործը կհաղթանակի, և խնդրում էր երկարացնել իր պարտքը տալու ժամկետը, ինչ֊որ անհեթեթ պատճառներ վկայակոչելով։ «Լավ, լավ․․․ ― քրթմնջաց Ռումատան, մի կողմ դրեց նամակը, նորից վերցրեց ծրարը և ուշադիր տնտղեց։ Այո, շատ ավելի մաքուր են սկսել աշխատել։ Նկատելիորեն մաքուր։
 
Երրորդ նամակում առաջարկում էին սրամարտել դոնա Պիֆայի պատճառով։ Սակայն համաձայնվում էին առաջարկից հրաժարվել, եթե դոն Ռումատան մեծահոգաբար կամենա ապացուցել, որ ինքը՝ ազնվազարմ դոն Ռումատան, ոչ մի առնչություն չունի դոնա Պիֆայի հետ։ Շատ սովորական նամակ էր, հիմնական տեքստը գրել էր գեղագիրը, իսկ տողերի արանքում, ծուռումուռ ու տառասխալներով, գրված էին անուններն ու ժամկետները։
 
Ռումատան մի կողմ շպրտեց նամակը և քորեց մոծակների կծած ձախ ձեռքը։
 
― Դեհ, արի լվացվենք, ― հրամայեց նա։
 
Տղան անհետացավ և շատ շուտով հետևը տնկած վերադարձավ, հատակին քարշ տալով ջրով լցված տաշտը։ Հետո մի անգամ էլ դուրս վազեց սենյակից և քարշ տալով բերեց մի դատարկ տաշտ ու շերեփ։
 
Ռումատան մահճակալից թռավ հատակին, հանեց մաշված, գեղեցիկ ասեղնագործած գիշերանոցն ու զրնգոցով պատյանից դուրս քաշեց գլխավերևում կախված սուսերը։ Տղան, համենայն դեպս զգուշանալով, կանգնեց բազկաթոռի հետևը։ Մի տասը րոպե վարժություններ անելուց հետո Ռումատան սուսեը խրեց պատի մեջ, կռացավ դատարկ տաշտի վրա և հրամայեց․ «Լցրո՛ւ»։ Առանց օճառի լվացվելը մի բան չէր, բայց դե Ռումատան արդեն հաշտվել էր դրա հետ։ Տղան անընդհատ ջուր էր լցնում նրա մեջքին, պարանոցին, գլխին ու փնթփնթում․ «Ինչ ասես կհնարեք։ Ո՞վ է տեսել, որ երկու թասի մեջ լվացվեն։ Արտաքնոցում էլ եք նոր բան հնարել, միզաման եք դրել․․․ Ամեն օր սրբիչը փոխում եք․․․ Իսկ ինքներդ, առանց աղոթելու առավոտ շուտ սուրն առնում եք ձեռքներդ ու․․․»։
 
Լվացվելուց հետո սրբվելով, Ռումատան խրատական տոնով ասաց նրան․
 
― Ես պալատում եմ ծառայում, և ոչ թե մի քոսոտ բարոն եմ։ Պալատականը միշտ պետք է մաքուր լինի․․․ ու նրանից պիտի լավ հոտեր բուրեն։
 
― Նորին մեծությունը էլ բան ու գործ չունի, պիտի ձեզանից հոտ քաշի, ― առարկեց սպասավորը։ ― Բոլորը գիտեն, որ նորին մեծությունը օրուգիշեր աղոթում է մեղավորներիս համար։ Իսկ այ դոն Ռեբան ընդհանրապես չի լվացվում։ Ես ականջովս եմ լսել, նրա սպասավորն էր պատմում։
 
― Լավ, հերիք փնթփնթաս, ― ասաց Ռումատան, հագնելով նեյլոնե մայկան։
 
Տղան մի դժգոհ հայացք նետեց մայկայի վրա։ Արկանարյան ծառաները վաղուց արդեն հազարումի բաներ էին փսփսում դրա մասին։ Բայց այստեղ Ռումատան ոչինչ չէր կարող անել՝ զուտ մարդկային բնական զզվանքից։ Երբ նա սկսեց հագնել կարճ վարտիքը, տղան գլուխը շրջեց, ու շրթունքների շարժումից երևաց, որ հայհոյում է սատանային։
 
Լավ կլիներ, եթե այնուամենայնիվ այստեղ տարածեի ներքնաշորերի մոդան, մտածեց Ռումատան։ Սակայն, բնականաբար, դա կարելի էր անել միայն կանանց միջոցով, իսկ Ռումատան այստեղ էլ աչքի էր ընկնում հետախույզին անթույլատրելի պահանջկոտությամբ։ Կնամեծար և թեթևսոլիկ երիտասարդը, որը մայրաքաղաքից գավառ էր աքսորվել սիրային արկածի պատճառով մենամարտելու համար, պետք է գոնե մի քսան սիրուհի ունենար։ Ռումատան հերոսական ճիգեր էր գործադրում, որ պահպանի իր համբավը։ Նրա գործակալների կեսը, իրենց բան ու գործը թողած, նրա մասին գարշելի բամբասանքներ էին տարածում, հարուցելով Արկանարի գվարդիական ջահելների նախանձն ու հիացմունքը։ Տասնյակ ու տասնյակ հիասթափված տիկնայք, որոնց մոտ Ռումատան դիտավորյալ մնում էր մինչև կեսգիշեր և բանաստեղծություններ կարդում (երրորդ պահակախումբ, եղբայրական մի համբյուր այտին ու պատշգամբից ցատկ ուղիղ գիշերային պարեկության պետի՝ ծանոթ սպայի գիրկը), իրար հերթ չտալով պատմում էին մայր երկրից ժամանած ասպետի մասին։ Ռումատան սիրահետողի իր համբավը պահպանում էր նողկալիորեն այլասերված այդ հիմար կանանց փառասիրության շնորհիվ, սակայն ներքնաշորերի պրոբլեմը մնում էր անլուծելի։ Որքա՜ն հեշտ եղավ թաշկինակների հարցը։ Առաջին իսկ պարահանդեսի ժամանակ Ռումատան գրպանից հանեց նրբագեղ ժանեկավոր թաշկինակն ու սրբեց շրթունքները։ Հաջորդ պարահանդեսի ժամանակ կտիճ գվարդիականները քրտնած դեմքերն արդեն սրբում էին խայտաբղետ փալասների կտորներով, որոնց վրա ասեղնագործված էին նրանց անվանատառերը։ Իսկ մեկ ամիս անց տեղական պճնամոլները հասարակության մեջ հայտնվում էին ձեռքերին սավաններ գցած, որոնց ծայրերը նրբագեղորեն քարշ էին գալիս հատակին։
 
Ռումատան հագավ կանաչ տաբատն ու սպիտակ բատիստից վերնաշապիկը, որի օձիքն արդեն մաշվել էր լվանալուց։
 
― Ինձ սպասող կա՞, ― հարցրեց նա։
 
― Սափրիչն է սպասում, ― պատասխանեց տղան։ ― Եվ հյուրասենյակում էլ երկու դոն են նստած՝ դոն Տամեոն ու դոն Սերան։ Հրամայեցին իրենց գինի տալ։ Ձեզ են սպասում, որ նախաճաշեն։
 
― Գնա սափրիչին կանչիր։ Ազնվազարմ դոներին ասա, որ մի քիչ հետո կգամ։ Միայն թե չկոպտես, քաղաքավարի կխոսես․․․
 
Նախաճաշն այնքան էլ առատ չէր ու տեղ էր թողնում մոտալուտ ճաշի համար։ Մատուցվեց համեմունքներով տապակած միս և քացախի մեջ դրված շան ականջ։ Խմում էին իրուկանյան փրփրան, դարչնագույն թանձր էստորյան, սպիտակ սոանյան։ Երկու դաշույնով կտրատելով ոչխարի ազդրը, դոն Տամեոն բողոքում էր ցածր խավերի լկտիությունից․ «Ես մտադիր եմ զեկույց ներկայացնել բարձրագույնին, ― հայտարարեց նա։ ― Ազնվականությունը պահանջում է, որ գեղջուկներին ու արհեստավորական խաժամուժին արգելվի երևալ հասարակական վայրերում և փողոցներում։ Թող նրանք անցուդարձ անեն միայն բակերով և հետնամուտքերով։ Իսկ եթե փողոցում գեղջուկի հայտնվելը անխուսափելի է, օրինակ, երբ նա սայլով հաց, միս ու գինի է բերում ազնվատոհմիկ տները, ապա պիտի ունենա Թագի պահպանության մինիստրության հատուկ թույլտվությունը։ «Պայծա՜ռ գլուխ ունես, ― հիացած նկատեց դոն Սերան, չորս կողմը թքի ցայտեր ու արգանակի կաթիլներ շաղ տալով։ ― Իսկ երեկ պալատում․․․»։ Եվ նա պատմեց վերջին նորությունը։ Դոն Ռեբայի սիրուհին՝ ազնվազարմ օրիորդ Օկանան, անզգուշաբար տրորել էր թագավորի ցավող ոտքը։ Նորին մեծությունը կատաղել էր և, դիմելով դոն Ռեբային, հրամայել խիստ պատժել հանցավորին։ Ւսկ դոն Ռեբան, առանց աչքերը թարթելու, պատասխանել էր․ «Կկատարվի, ձերդ մեծություն։ Հենց այս գիշեր»։ «Ես այնպես էի ծիծաղում, ― ասաց դոն Սերան, թափահարելով գլուխը, որ բաճկոնիս կոճակներից երկուսը թռան․․․»։
 
Պրոտոպլազմա, մտածում էր Ռումատան։ Պարզապես խժռող ու բազմացող պրոտոպլազմա։
 
― Այո, ազնվազարմ դոներ, ― ասաց նա։ Դոն Ռեբան չտեսնված խելոք մարդ է․․․
 
― Պա֊հո՜, ― ասաց դոն Սերան։ ― Այն էլ ինչպիսի՜․․․ Պայծառ գլուխ է։
 
― Ականավոր գործիչ, ― ասաց դոն Տամեոն՝ կարևորություն տալով իր խոսքին։
 
― Հիմա նույնիսկ տարօրինակ բան է հիշելը, թե ընդամենը մեկ տարի առաջ ինչեր էին ասում նրա մասին, ― բարեհոգաբար ժպտալով շարունակեց Ռումատան։ ― Դոն Տամեո, հիշո՞ւմ եք, ոնց էիք ձեռ առնում նրա ծուռտիկ ոտքերը։
 
Դոն Տամեոն պապանձվեց ու միանգամից դատարկեց բաժակը։
 
― Ոնց որ թե չեմ հիշում, ― փնթփնթաց նա։ ― Ինձանից ինչ ձեռ առնող․․․
 
― Ասել ես, ասել ես․․․ ― ասաց դոն Սերան, կշտամբանքով թափահարելով գլուխը։
 
― Իսկապես, ― բացականչեց Ռումատան։ ― Չէ՞ որ դուք էլ էիք ներկա այդ խոսակցությանը, դոն Սերա։ Հիշում եմ, այնպես էինք հռհռում դոն Տամեոյի սրամտությունների վրա, որ նույնիսկ ձեզանից ինչ֊որ բան պոկվեց․․․
 
Դոն Սերան կաս֊կարմիր կտրեց ու սկսեց երկար֊բարակ կմկմալով արդարանալ, ընդ որում միայն ստում էր։ Սևակնած դոն Տամեոն նորից թունդ էստորյան լցրեց բաժակը, և քանի որ, ինչպես ինքն էր ասում՝ «ոնց որ սկսել էր նախորդ օրվանից, մինչև հիմա չէր կարողանում կանգ առնել», երբ նրանք վեր կացան գնալու, դոն Տամեոյին թևերից բռնած տարան։
 
Պայծառ արևոտ օր էր։ Հասարակ ժողովուրդը խռնվել էր տների արանքում՝ նայելու բան փնտրելով, գոռգոռում ու սուլում էին իրար վրա ցեխ շպրտող տղաները, պատուհաններից նայում էին սիրունիկ կանայք, թեթևսոլիկ աղախինները ծիկրակում էին խոնավ աչքերով, ու Ռումատայի տրամադրությունը աստիճանաբար բարձրացավ։ Դոն Սերան շատ ճարպկորեն ցած գլորեց մի գեղջուկի և քիչ մնաց ծիծաղից մեռներ, նայելով ոնց է գեղջուկը թպրտում ցեխաջրի մեջ։ Դոն Տամեոն հանկարծ նկատելով, որ սուսերակալը թարս է կապել, գոռաց․ «Կանգնե՛ք», ու սկսեց տեղում պտտվել, ճգնելով ուղղել սուսերակալը։ Դոն Սերայի բաճկոնից էլի ինչ֊որ բան պոկվեց։ Ռումատան բռնեց կողքից վազող դեռատի աղախնի վարդագույն ականջն ու խնդրեց նրան օգնել դոն Տամեոյին, որ իրեն կարգի բերի։ Ազնվազարմ դոներին իսկույն շրջապատեցին անբան չաչանակներն ու սկսեցին խորհուրդներ տալ աղախնին, որը, դրանք լսելով, կաս֊կարմիր էր կտրել, իսկ դոն Սերայի բաճկոնից կարկտի պես ցած էին թափվում կոճակներն ու ճարմանդները։ Երբ նրանք վերջապես առաջ գնացին, դոն Տամեոն սկսեց բարձրաձայն շարադրել իր զեկուցման շարունակությունը, գտնելով, որ «իգական սեռի սիրունիկ անձանց չպետք է դասել գեղջկուհիների և ռամիկների շարքը»։ Հենց այդ ժամանակ էլ կճուճներով բեռնված մի սայլ փակեց նրանց ճանապարհը։ Դոն Սերան մերկացրեց երկու թուրն ու հայտարարեց, որ ազնվազարմ դոներին վայել չէ ճանապարհը թեքել ինչ֊որ կճուճների պատճառով։ Բայց մինչ նա ճգնում էր որոշել, թե որտեղ է վերջանում տան պատը, և որտեղ են սկսվում կճուճները, Ռումատան բռնեց անիվներից ու շուռ տվեց սայլը, բաց անելով ճանապարհը։ Անբանների բազմությունը հիացմունքով երեք անգամ «ուռա՜» գոռաց Ռումատային։ Ազնվազարմ դոներն արդեն ուզում էին շարունակել իրենց ճանապարհը, երբ երրորդ հարկի պատուհանից գլուխը դուրս հանեց հաստլիկ ու ալեհեր խանութպանը և սկսեց նզովել անօրեն պալատականներին, որոնց «հախից շատ շուտով կգա մեր արծիվ դոն Ռեբան»։ Դոները ստիպված եղան կանգ առնել և բոլոր կճուճներն ուղարկել այդ պատուհանից ներս։ Դոն Ռումատան վերջին կճուճի մեջ դրեց Պիցա Վեցերորդի պատկերով երկու ոսկեդրամ ու տվեց շշմած սայլատիրոջը։
 
― Ի՞նչքան տվեցիր նրան, ― հարցրեց դոն Տամեոն, երբ նրանք վերջապես շարունակեցին իրենց ճանապարհը։
 
― Հեչ, պատասխանեց Ռումատան։ ― Երկու ոսկի։
 
― Սուրբ Միկայի մե՜ջք, ― բացականչեց դոն Տամեոն։ ― Դուք հարուստ եք։ Կուզե՞ք գնել իմ խամախարյան հովատակին։
 
― Ես դա վեգով էլ կտանեմ ձեզանից, ասաց Ռումատան։
 
― Ճիշտ է, ― ասաց դոն Սերան և կանգ առավ։ ― Եկեք վեգ խաղանք։
 
― Հենց այստե՞ղ, ― հարցրեց Ռումատան։
 
― Իսկ ի՞նչ կա որ, ― հարցրեց դոն Սերան։ ― Ինչը կարող է խանգարել երեք ազնվազարմ դոներին, որ նրանք վեգ խաղան իրենց ուզած տեղում։
 
Այստեղ դոն Տամեոն հանկարծ վայր ընկավ։ Դոն Սերան կպավ նրա ոտքին ու ինքն էլ վայր ընկավ․
 
― Ես լրիվ մոռացել էի, ― ասաց նա։ Ախր մեր պահակության ժամն է արդեն։
 
Ռումատան գետնից բարձրացրեց նրանց և, արմունկներից բռնած, առաջ տարավ։ Դոն Սատարինայի վիթխարի ու մռայլ տան մոտ նա կանգ առավ։
 
― Չգնա՞նք ծերուկ դոնի մոտ, ― հարցրեց նա։
 
― Ի՞նչը կարող է խանգարել, որ երեք ազնվազարմ դոները այցելեն ծերուկ դոն Սատարինային, ― ասաց դոն Սերան։
 
Դոն Տամեոն բացեց աչքերը։
 
― Ծառայելով թագավորին, ― հայտարարեց նա, ― մենք պարտավոր ենք մշտապես նայել առաջ, դեպի ապագան։ Դ֊դոն Սատարինան անցած էտապ է։ Հառա՜ջ, ազնվազարմ դոներ։ Ես պետք է գնամ իմ պահակակետը։
 
― Հառա՜ջ, ― համաձայնեց Ռումատան։
 
Դոն Տամեոն նորից գլուխը հակեց կրծքին և այլևս չարթնացավ։ Դոն Սերան, մատները ծալելով, պատմում էր իր սիրային արկածների մասին։ Այսպես նրանք հասան պալատ։ Պահակակետում Ռումատան դոն Տամեոյին դրեց նստարանի վրա ու թեթևացած շունչ քաշեց, իսկ դոն Սերան նստեց սեղանի մոտ, անփութորեն մի կողմ դրեց թագավորի ստորագրած հրամանագրերի կույտն ու հայտարարեց, որ արդեն ժամն է մի բաժակ սառը իրուկանյան խմելու։ Թող պանդոկապանը մի տակառ գլորի այստեղ, հրամայեց նա, իսկ այն աղջիկները (նա ձեռքով ցույց տվեց մյուս սեղանի մոտ թղթախաղով տարված գվարդիականներին) թող գան այստեղ։ Եկավ պահակապետը՝ գվարդիական վաշտի լեյտենանտը։ Նա երկար զննում էր դոն Տամեոյին, իսկ հետո սկսեց տնտղել դոն Սերային, և երբ դոն Սերան նրանից ուզեց իմանալ, թե «ինչո՞ւ թոշնեցին խորհրդդավոր սիրո պարտեզի ծաղիկները», վճռեց, որ հիմա թերևս չարժե նրանց ուղարկել ժամապահության։ Թող առայժմ պառկած մնան։
 
Ռումատան մի ոսկի տարվեց լեյտենանտին ու նրա հետ խոսեց նոր սուսերակալների և թրերը սրելու նոր եղանակների մասին։ Նա ի միջի այլոց նկատեց, որ մտադիր է գնալ դոն Սատարինայի մոտ, որն ունի հին սրվածքով թուր, ու շատ վշտացավ, իմանալով, որ հարգարժան իշխանավորը լրիվ ցնդել է․ դեռ մեկ ամիս առաջ ազատ է թողել իր բոլոր գերիներին, արձակել է դրուժինան, իսկ խոշտանգման հարստագույն զինանոցը անհատույց նվիրել է պետական գանձարանին։ Հարյուրերկուամյա զառամյալը հայտարարել է, որ մնացյալ կյանքը մտադիր է նվիրաբերել բարիք գործելուն և հիմա, երևի, երկար չի ապրի։
 
Հրաժեշտ տալով լեյտենանտին, Ռումատան դուրս եկավ պալատից ու քայլերն ուղղեց դեպի նավահանգիստ։ Նա քայլում էր՝ շրջանցելով ջրափոսերն ու ցատկելով կանաչ ջրով լցված խանդակների վրայով, անփութորեն հրմշտելով անբան ավարաներին, աչքով անելով աղջիկներին, որոնց վրա, ըստ երևույթին, նրա արտաքինն իրոք անդիմադրելի տպավորություն էր գործում, ողջյուններ էր փոխանակում տիկնանց հետ, որոնց տանում էին պատգարակներով, մտերմորեն բարևում էր ծանոթ ազնվականներին և դիտովորյալ չէր նկատում գորշ գրոհայիններին։
 
Նա մի փոքր թեքվեց, որ մտնի Հայրենասիրական դպրոց։ Այդ դպրոցը երկու տարի առաջ ստեղծվել էր դոն Ռեբայի միջոցներով՝ մանր կալվածատերերի և վաճառականների տհաս զավակներից զինվորական ու վարչական կադրեր պատրաստելու համար։ Դա մի քարաշեն ժամանակակից կառույց էր առանց սյուների և հարթաքանդակների, հաստ պատերով, նեղլիկ հրակնատատիպ պատուհաններով և գլխավոր մուտքի երկու կողմում կանգնած կիսակլոր աշտարակներով։ Անհրաժեշտության դեպքում այս տանը կարելի էր դիմանալ որոշ ժամանակ։
 
Ռումատան նեղ աստիճաններով բարձրացավ երկրորդ հարկ և խթանները զնգացնելով քարերի վրա, դասարանների մոտով գնաց դեպի դպրոցի տնորենի առանձնասենյակը։ Դասարաններից լսվում էր ձայների բզզոց, աղմուկ, գոռգոռոց։ «Ո՞վ է թագավորը։ Նորին պայծառափայլությունը։ Ովքե՞ր են մինիստրները։ Հավատարիմները, ոչ մի բանում չկասկածողները․․․», «Եվ աստված, մեր արարիչը, ասաց․ «Կնոզովեմ»։ Ու «նզովեց», «․․․Իսկ եթե եղջերափողը երկու անգամ հնչի, ցրվել երկու֊երեք շղթա կազմած, ընդսմին ցած իջեցնելով նիզակները․․․», «Իսկ երբ խոշտանգվողը կորցնում է գիտակցությունը, կտտանքը դադարեցնել․․․»։
 
Դպրոց, մտածեց Ռումատան։ Իմաստության աղբյուր։ Կուլտուրայի հենարան․․․
 
Առանց բախելու նա հրեց ծանր, կամարակապ դուռը և մտավ առանձնասենյակ, որը նկուղի պես սառն էր ու մութ։ Թղթերով ու պատժափայտերով ծածկված վիթխարի սեղանի հետևից նրան ընդառաջ նետվեց լողլող, ճաղատ ու փոս ընկած աչքերով մի անդուր մարդ, որը հագել էր թագի պաշտպանության մինիստրության գորշ ու նեղ համազգեստ։ Դա հենց Հայրենասիրական դպրոցի տնօրենն էր՝ ամենագիտուն հայր Կինը, սադիստ մարդասպանը, որը այժմ վանական էր ձեռնադրվել, հեղինակը «Մատնության մասին» տրակտատի, որով իր վրա էր գրավել դոն Ռեբայի ուշադրությունը։
 
Գլխի շարժումով անփութորեն պատասխանելով նրա ճոռոմ ողջույնին, Ռումատան նստեց բազկաթոռին ու ոտքը դրեց ոտքին։ Հայր Կինը կանգնած մնաց, հարգալից ուշադրությունից կռացած դիրքով։
 
― Հը, ո՞նց են գործերը, ուսյալներից ոմանց մորթում ենք, ոմանց՝ սովորեցնո՞ւմ, ― բայրացակամորեն հարցրեց Ռումատան։
 
Հայր Կինը լայն ժպտաց, ցույց տալով ատամները։
 
― Ուսյալը թշնամի չէ թագավորին, ― ասաց նա։ ― Թագավորի թշնամին երազող ուսյալն է, տարակուսող ուսյալը, անհավատ ուսյալը։ Ու մենք այստեղ․․․
 
― Լավ, լավ, ― ասաց Ռումատան։ ― Հավատում եմ։ Այդ ի՞նչ ես խզբզում։ Կարդացի քո տրակտատը, օգտակար գիրք է, բայց շատ է հիմար։ Այդ ո՞նց ես գրել։ Չեղավ։ Եվ դեռ տնօրեն ես․․․
 
― Ես չեմ ձգտել զարմացնել իմ խելքով, ― արժանապատվությամբ պատասխանեց հայր Կինը։ ― Իմ միակ նպատակն է եղել օգտակար լինել տերությանը։ Խելոքները մեզ հարկավոր չեն։ Հարկավոր են հավատարիմները։ Եվ մենք․․․
 
― Լավ, լավ, ― ասաց Ռումատան։ Հավատում եմ։ Իսկ հիմա նոր բան չե՞ս գրում։
 
― Պատրաստվում եմ մինիստրի քննարկմանը ներկայացնել իմ տեսակետը նոր պետության մաին, որի օրինակը, ըստ իս, կարող է ծառայել Սուրբ Միաբանության մարդը։
 
― Ի՞նչ ես ասում, ― զարմացավ Ռումատան։ ― Ուզում ես բոլորիս վանակա՞ն դարձնել․․․
 
Հայր Կինը ամուր սեղմեց ձեռքերն ու առաջ թեքվեց․
 
― Թույլ տվեք բացատրել, ազնվազարմ դոն, ― ոգևորված ասաց նա, լպստելով շրթունքները։ ― Էությունը բոլորովին այլ է։ Էությունը նոր պետության հիմնական դրույթներն են, իսկ դրանք ընդամենը երեքն են՝ կուրորեն հավատալ օրենքների անսխալականությանը, անառարկելիորեն ենթարկվել դրանց, ինչպես նաև յուրաքանչյուր ոք անխոնջ կերպով պետք է հսկի ու հետևի բոլորին։
 
― Հը՜մ, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ ինչո՞ւ։
 
― Ո՞նց թե «ինչու»։
 
― Այնուամենայնիվ, դու հիմարի մեկն ես, ― ասաց Ռումատան։ ― Դե լավ, հավատում եմ։ Ի՞նչ էի ուզում ասել։ Հա։ Վաղը կընդունես երկու նոր դաստիարակների։ Մեկի անունն է հայր Տառա, շատ հարգարժան այր է, զբաղվում է ը՜․․․ ը՜․․․ տիեզերագնացությամբ, մյուսը եղբայր Նանինն է, նույնպես հավատարիմ մարդ է, լավ պատմություն գիտի։ Դրանք իմ մարդիկ են, ու հարգանքով կվարվես նրանց հետ։ Ահա քեզ գրավ։ ― Նա սեղանին նետեց զրնգուն քսակը։ ― Այատեղ քո բաժինը հինգ ոսկի է․․․ Հասկացա՞ր ամեն ինչ․․․
 
― Այո, ազնվազարմ դոն, ― ասաց հայր Կինը։
 
Ռումատան հորանջեց ու մի հայացք գցեց շուրջը։
 
― Դե լավ է, որ հասկացար, ― ասաց նա։ ― Հայրս չգիտեմ ինչու շատ էր սիրում այդ մարդկանց ու մահից առաջ ինձ խնդրեց, որ կարգավորեմ իրնց կյանքը։ Հապա բացատրիր ինձ, գիտուն մարդ, թե ազնվագույն դոնի մեջ որտեղի՞ց է այդ նվիվածությունը ուսյալների նկատմամբ։
 
― Գուցե ինչ֊որ հատուկ ծառայություննե՞ր ունեն, ― ենթադրեց հայր Կինը։
 
― Դու ինչը նկատի ունես, ― կասկածանքով հարցրեց Ռումատան։ ― Թեև գուցե․․․ Հա․․․ Սիրուն աղջիկ կամ քո՞ւյր ունեն․․․ Դու, իհարկե, այստեղ գինի չունես։
 
Հայր Կինը մեղավորի պես տարածեց ձեռքերը։ Ռումատան սեղանից մի թերթ վերցրեց ու որոշ ժամանակ պահեց աչքերի դիմաց։
 
― «Օժանդակումը»․․․ ― կարդաց նա։ ― Իմաստուննե՜ր։ ― Նա թուղթը գցեց հատակին ու վեր կացավ։ ― Տես, հա, որ գիտունների ոհմակը նրանց չնեղացնի։ Ես մեկ֊մեկ կայցելեմ նրանց, ու եթե իմանամ, որ․․․ Նա բռունցքը դեմ արեց հայր Կինի քթին։ ― Դե լա՛վ, լա՛վ, մի՛ վախեցիր, չեմ խփի․․․
 
Հայր Կինը շողոքորթ ծիծաղեց։ Ռումատան գլխով արեց նրան և ուղղվեց դեպի դուռը, խթաններով քերծելով հատակը։
 
Գերշնորհակալության փողոցում նա մտավ զինավաճառի խանութը, նոր օղակներ առավ պատյանի համար, փորձեց մի երկու դաշույն (նետեց պատին, ափի վրա փորձեց սրությունը, չհավանեց), հետո նստեց վաճառասեղանին ու սկսեց խոսել խանութի տիրոջ՝ հայր Գաուկի հետ։ Հայր Գաուկն ուներ թախծոտ, բարի աչքեր և փոքրիկ, գունատ ձեռքեր, որոնք միշտ թանաքոտ էին։ Ռումատան մի քիչ վիճեց նրա հետ Ցուրենի բանաստեղծություննեի մասին, լսեց «․․․ Ինչպես թոշնած տերևն է ընկնում․․․» տողի հետաքրքիր մեկնաբանումը, խնդրեց մի որևէ նոր բան կարդալ և, հեղինակի հետ հառաչելով անասելիորեն տխուր տողերի համար, դուրս գալուց առաջ արտասանեց «Լինել թե չլինելը», որ ինքն էր թարգմանել իրուկաներեն։
 
― Սուրբ Միկա՜, ― բացականչեց խանդավառված հայր Գաուկը։ ― Ո՞վ է գրել դա։
 
― Ես, ասաց Ռումատան ու դուրս եկավ խանութից։
 
Նա մտավ «Գորշ ուրախություն» պանդոկը, խմեց մի գավաթ արկանարյան թթված գինի, շոյեց տիրուհու այտը, ճարպկորեն թափահարելով սուրը՝ շրջեց հաստիքային լրտեսի սեղանը, որը նրան էր նայում դատարկ աչքերով, հետո գնաց սրահի խորքը և այնտեղ գտավ ցնցոտիներ հագած մի մորուքավոր մարդու, որի վզից թանաքաման էր կախված։
 
― Բարև, եղբայր Նանին, ասաց նա։ ― Այսօր քանի՞ խնդրագիր ես գրել։
 
Եղբայր Նանինը ամոթխած ժպտաց, ցույց տալով մանր ու փչացած ատամները։
 
― Հիմա քիչ են խնդրագիր գրում, ազնվազարմ դոն, ― ասաց նա։ ― Ոմանք գտնում են, որ խնդրելն անիմաստ է, իսկ մյուսներն էլ հույս են տածում, որ շուտով իրենց ուզածին կհասնեն առանց խնդրելու։
 
Ռումատան կռացավ նրա ականջին ու պատմեց, որ Հայրենասիրական դպրոցում նրա գործը դասավորել է։
 
― Վերցրու այս երկու ոսկին, ― վերջում ասաց նա։ ― Հագնվիր, քեզ կարգի բեր։ Ու զգույշ եղիր․․․ Գոնե առաջին օրերը։ Հայր Կինը վտանգավոր մարդ է։
 
― Ես նրան կկարդամ իմ «Լուրերի մասին» տրակտատը, ― ուրախ ասաց եղբայր Նանինը։ ― Շնորհակալություն, ազնվազարմ դոն։
 
― Ինչե՜ր չես անի հորդ հիշատակը հարգելուց, ― ասաց Ռումատան։ ― Ւսկ հիմա ասա, թե որտե՞ղ կարող եմ գտնել հայր Տառային։
 
Եղբայր Նանինը դադարեց ժպտալ ու շփոթված թարթեց աչքերը։
 
― Երեկ այստեղ կռիվ եղավ, ― ասաց նա։ ― Ւսկ հայր Տառան մի քիչ խմած էր։ Եվ հետո, նա հո շեկ է․․․ Նրա կողը կոտրեցին։
 
Ռումատան ջղայնությունից կռնչած։
 
― Այ քեզ դժբախտությո՜ւն, ― ասաց նա։ ― Ախր ինչո՞ւ եք այդքան շատ խմում։
 
― Երբեմն չենք կարողանում մեզ զսպել, ― տխուր ասաց Նանինը։
 
― Դա ճիշտ է, ― ասաց Ռումատան։ ― Դե, ինչ արած, այս երկու ոսկին էլ վերցրու։ Լավ կնայես նրան։
 
Եղբայր Նանինը խոնարհվեց, բռնելով նրա ձեռքը։ Ռումատան հետ֊հետ գնաց։
 
― Դե֊դե, ― ասաց նա։ ― Դա քո կատակներից ամենալավը չէ, եղբայր Նանին։ Մնաս բարով։
 
Նավահանգստում այնպիսի գարշահոտություն էր, ինչպիսին Արկանարում ուրիշ ոչ մի տեղ չկար։ Փչում էր աղի ջրի, նեխած տիղմի, համեմունքների, աղ դրած մսի հոտ, պանդոկներից այստեղ էր հասնում ծուխն ու տապակած ձկան և թթված գարեջրի հոտը։ Հեղձուցիչ օդը ողողված էր այլալեզու թունդ հայհոյանքով։ Նավամատույցներում, պահեստների նեղ արանքներում և պանդոկներում խմբված էին ամենաարտառոց տեսքով հազարավոր մարդիկ՝ սանձարձակ նավաստիներ, լքված վաճառականներ, մռայլադեմ ձկնորսներ, ստրկավաճառներ, կնավաճառներ, շպարված պոռնիկներ, հարբած զինվորներ, ինչ֊որ անհայտ զինված անձնավորություններ, ֆանտաստիկ քրջոտ թափառաշրջիկներ՝ կեղտոտ թաթին ոսկե ապարանջաններով։ Բոլորը գրգռված էին և բորբոքված։ Դոն Ռեբայի հրամանով արդեն երրորդ օրն էր ոչ մի նավ, ոչ մի մարդ չէր կարող դուրս գալ նավահանգստից։ Նավամատույցներում մսագործների ժանգոտած կացիններն էին խաղացնում գորշ գրոհայինները՝ թքոտելով շուրջը, լկտիորեն և չարախնդորեն նայելով բազմությանը։ Բանտարկված նավերի վրա հինգ֊վեց հոգանոց խմբերով պպզել էին հաղթանդամ պղնձամորթ մարդիկ, որոնց վրա շուռ տված մորթե հագուստներ էին, գլխներին՝ պղնձե սաղավարտներ․ դրանք վարձկան բարբարոսներ էին, որոնք իրենցից ոչինչ չէին ներկայացնում ձեռնամարտում, բայց սարսափելի էին այ այսպես՝ հեռվից, իրենց երկար փչովի խողովակներով, որոնք թունավոր փշեր էին նետում մարդկանց վրա, իսկ կայմերի անտառի հետևում, խարսխակայանում, լիակատար անշարժության մեջ սևին էին տալիս թագավորական տորմիղի թիանավերը։ Ժամանակ առ ժամանակ նրանք արձակում էին կրակի ու ծխի շիթեր, հրդեհելով ծովը․ նավթ էին այրում մարդկանց ահաբեկելու համար։
 
Ռումատան անցավ մաքսատան գրասենյակի մոտով, որի փակ դռների մոտ խմբված խոժոռադեմ ծովային գայլերը ապարդյուն սպասում էին ծով դուրս գալու թույլտվության, խառնվեց առևտուր անողների (այստեղ վաճառում էին և՛ ստրուկներ, և՛ սև մարգարիտ, և՛ թմրադեղ, և՛ վարժեցված սարդ) ճղճղան բազմությանը, հետո դուրս եկավ նավամատույց, մի հայացք գցեց ի ցույց բոլորի այստեղ դրված և արևից ուռած նավաստիական բաճկոններով դիակներին և մի շրջան գործելով, դուրս եկավ նավահանգստի ծայրի գարշահոտ փողոցները։ Քնձռոտ դռների մոտ ննջում էին կիսամերկ կանայք, խաչմերուկում դեմքնիվար ընկած էր մի հարբած զինվոր՝ շրջված գրպաններով, պատերի տակով գաղտագողի գնում էին դալուկ, գիշերային դեմքերով կասկածելի կերպարանքներ։
 
Ռումատան առաջին անգամ էր լինում այստեղ օրը ցերեկով, ու սկզբում նույնիսկ զարմացավ, որ ուշադրություն չի գրավում։ Հանդիպողները իրենց ուռած աչքերը կամ թեքում էին նրանից, կամ էլ ասես չէին տեսնում, չնայած մի կողմ էին քաշվում ճանապարհը զիջելով։ Սակայն երբ հասավ խաչմերուկին ու պատահաբար շրջվեց, հասցրեց նկատել, որ մի երկու տասնյակ տարբեր տրամաչափի գլուխներ՝ տղամարդկանց ու կանանց, փրչոտ ու ճաղատ, իսկույն ներս քաշվեցին դռներից, պատուհաններից ու դարպասներից։ Այդժամ նա զգաց այս նողկալի թաղի տարօրինակ մթնոլորտը, ոչ թե թշնամանքի կամ վտանգի մթնոլորտը, այլ մի ինչ֊որ վատ, շահախնդիր հետաքրքրության մթնոլորտը։
 
Ուսով հրելով դուռը՝ նա մտավ որջերից մեկը, որի կիսախավար սրահում ննջում էր երկար քթով ու մումիայի դեմքով մի ծերունի։ Սեղանների մոտ ոչ ոք չկար նստած։ Ռումատան անձայն մոտեցավ վաճառասեղանին և արդեն ուզում էր կտտացնել ծերուկի երկար քթին, երբ հանկարծ նկատեց, որ ծերուկը բոլորովին էլ քնած չէ, այլ անթարթիչ ու կկոցած աչքերի տակից ուշադիր զննում է իրեն։ Ռումատան վաճառասեղանին նետեց մի արծաթադրամ, և ծերուկի աչքերն անմիջապես լայն բացվեցին։
 
― Ի՞նչ կկամենա ազնիվ դոնը, ― գործնականորեն հարցրեց նա։ ― Խո՞տ։ Խմի՞չք։ Աղջի՞կ։
 
― Ձևեր մի՛ թափի, ― ասաց Ռումատան։ ― Դու գիտես, թե ես ինչի համար եմ այստեղ գալիս։
 
― Պա՜հ, ոնց որ թե դոն Ռումատան է, ― արտասովոր զարմանքով բացականչեց ծերուկը։ ― Ախր տեսնում եմ, որ ծանոթ դեմք է․․․
 
Այս ասելով, նա նորից կոպերը փակեց։ Ամեն ինչ պարզ էր։ Ռումատան անցավ վաճառասեղանի մոտով և նեղլիկ դռնով մտավ կողքի սենյակը։ Այստեղ նեղվածք էր, մութ ու գարշահոտությամբ լցված։ Սենյակի մեջտեղում, բարձր գրասեղանի մոտ թղթերի վրա կռացել էր մի խորշոմապատ տարեց մարդ՝ տափակ սև գլխարկով։ Գրասեղանի վրա աղոտ լույս էր սփռում ճրագը, և կիսախավարում հազիվ երևում էին պատի տակ անշարժ նստած մարդկանց դեմքերը միայն։ Ռումատան ձեռքով պահելով սուրը, շոշափելով մի պատի տակ աթոռ գտավ ու նույնպես նստեց։ Այստեղ գործում էին իրենց օրենքները և իրենց վարվելակերպը։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց ներս մտնողի վրա։ Եթե մարդը եկել է՝ ուրեմն, այդպես էլ պետք է, իսկ եթե պետք չլինի, ապա աչքով կանեն, ու մի ակնթարթում այդ մարդն այլևս չի լինի։ Կուզես ամբողջ աշխարհը տակնուվրա արա․․․ Խորշոմապատ ծերուկը ջանադրորեն ճռճռացնում էր գրիչը, պատի տակ նստած մարդիկ չէին շարժում։ Մերթ ընդ մերթ նրանցից մեկնումեկը երկար հառաչում էր։ Պատերի վրայով աշխուժորեն վազվզում էին անտեսանելի ճանճորս մողեսները։
 
Պատերի տակ անշարժ նստած մարդիկ հրոսակախմբերի պարագլուխներն էին։ Նրանցից ոմանց Ռումատան վաղուց էր ճանաչում։ Այդ բութ անասունները, առանձին վերցրած, ոչ մի բան չէին ներկայացնում իրենցից։ Նրանց հոգեբանությունը ավելի բարդ չէր, քան միջին խանութպանի հոգեբանությունը։ Նրանք տգետ էին, դաժան և հմտորեն օգտագործում էին դանակն ու կարճ դագանակը։ Իսկ այ գրասեղանին կռացած մարդը․․․
 
Նրա անունն էր Վագա Անիվ, և նա ամենազոր էր, ու Անդրնեղուցի հանցավոր ուժերի անմրցակից պարագլուխը՝ Իրուկանի արևմուտքում գտնվող Պիտանյան ճահիճներից սկսած մինչև Սոան առևվտրական հանրապետության ծովային սահմանները։ Կայսրության երեք պաշտոնական եկեղեցիները բանադրանքի էին ենթարկել նրան իր անչափ գոռոզամտության պատճառով, քանզի ինքն իրեն անվանում էր թագավորող անձանց կրտսեր եղբայր։ Նա իր ձեռքի տակ ուներ մոտ տասը հազար մարդուց բաղկացած գիշերային բանակ, մի քանի հարյուր հազար ոսկու արժողությամբ հարստություն, իսկ նրա գործակալները թափանցել էին պետական ապարատի սուրբ սրբոցը։ Վերջին քսան տարվա ընթացքում չորս անգամ մահապատժի էին ենթարկել նրան, և ամեն անգամ ժողովրդի հոծ բազմության ներկայությամբ․ ըստ պաշտոնական տվյալների, ներկայումս նա միանգամից բանտարկաված է Կայսրության երեք ամենադժնի բանտերում, իսկ դոն Ռեբան անընդհատ հրովարտակներ էր արձակում «պետական հանցագործների և այլ չարագործների կողմից տարածվող այն զայրացուցիչ առասպելների վերաբերյալ ոմն այսպես կոչված Վագա Անվի մասին, որն իրականում գոյություն չունի և, հետևաբար, առասպել է»։ Ըստ ասեկոսների, նույն այդ դոն Ռեբան իր մոտ էր կանչել հզոր դրուժինաներ ունեցող մի քանի բարոնների և պարգև էր առաջարկել նրանց՝ հինգ հարյուր ոսկի մեռած Վագայի, և յոթ հազար՝ կենդանի Վագայի համար։ Ռումատան ինքը ժամանակին ահագին ջանք ու ոսկի ծախսեց, որ շփման մեջ մտնի այս մարդու հետ։ Վագան նրա մեջ ահավոր զզվանք էր հարուցում, բայց երբեմն շատ օգտակար էր լինում, բառացիորեն անփոխարինելի։ Բացի այդ, Վագան շատ էր հետաքրքրում Ռումատային որպես գիտնականի։ Միջնադարյան հրեշների նրա հավաքածուում Վագան մի անչափ ուշագրավ նմուշ էր, մի մարդ, որն ըստ երևույթին բացարձակապես ոչ մի անցյալ չէր ունեցել․․․
 
Վերջապես Վագան ցած դրեց գրիչը և խզխզան ձայնով ասաց․
 
― Այսպես, ուրեմն, զավակներս։ Երեք օրվա ընթացքում երկուսուկես հազար ոսկի։ Իսկ ծախսերը կազմում են ընդամենը հազար ինը հարյուր իննսունվեց։ Հինգ հարյուր չորս կլոր ոսկի՝ երեք օրվա ընթացքում։ Վատ չէ, զավակներս, վատ չէ․․․
 
Ոչ ոք չշարժվեց պատի տակ։ Վագան հեռացավ գրասեղանից, նստեց անկյունում ու ամուր իրար շփեց չոր ափերը։
 
― Ձեզ ուրախացնող բան ունեմ, զավակներս, ― ասաց նա։ ― Լավ ժամանակներ են սկսվում, առատ ժամանակներ․․․ Բայց ստիպված կլինենք չարչարվել։ Էն էլ ոնց պիտի չարչարվենք։ Իմ ավագ եղբայրը՝ Արկանարի թագավորը, որոշել է մեր թագավորությունում վերջ տալ բոլոր գիտնական մարդկանց։ Դեհ ինչ, դա նրա գործն է։ Եվ ո՞վ ենք մենք, որ քննարկենք նրա գերագույն վճիռները։ Սակայն մենք կարող ենք և պետք է մեր օգուտները քաղենք նրա այդ վճռից։ Եվ, քանի որ նրա հավատարիմ հպատակներն ենք, մենք կծառայենք նրան։ Բայց քանի որ նրա գիշերային հպատակներն ենք, մենք մեր փոքրիկ բաժինն էլ ձեռքներիցս բաց չենք թողնի։ Թագավորը դա չի նկատի ու չի զայարանա մեզ վրա։ Ի՞նչ։
 
Ոչ ոք չշարժվեց։
 
― Ինձ թվաց, թե Պիգան հոգոց հանեց։ Ես ճի՞շտ եմ, Պիգա, տղաս։
 
Մթության մեջ իրար անցան ու հազացին։
 
― Ես հոգոց չեմ հանել, Վագա, ― լսվեց մի կոշտ ձայն։ ― Ինչպես կարելի է․․․
 
― Չի կարելի, Պիգա, չի՜ կարելի։ Ճի՛շտ է։ Դուք բոլորդ հիմա շունչներդ պահած պիտի լսեք ինձ։ Դուք բոլորդ հիմա կգնաք այստեղից ու ձեռնամուխ կլինեք ձեր ծանր աշխատանքին, ու այնժամ ձեզ խորհուրդ տվող չի լինի։ Իմ ավագ եղբայրը, նորին մեծությունը, իր մինիստր դոն Ռեբայի շուրթերով կլորիկ գումարներ է խոստացել փախած ու թաքնված գիտնականների գլխի դիմաց։ Իսկ մյուս կողմից, որոշ գիտնական այրեր ցանկանում են թաքնվել իմ ավագ եղբոր ցասումից ու դրա համար չեն խնայում իրենց փողերը։ Հանուն գթասրտության և իմ ավագ եղբոր հոգին ավելորդ ոճիրներից փրկելու համար մենք կօգնենք այդ մարդկանց։ Ի դեպ, եթե հետագայում նորին մեծությանը հարկավոր լինեն նաև այդ գլուխները, նա դրանք կստանա։ Էժան, շատ էժան․․․
 
Վագան լռեց ու գլուխը ցած կախեց։ Հանկարծ նրա աչքերից գլորվեցին ծերունական արցունքները։
 
― Իսկ ես ծերանում եմ, զավակներս, ― ասաց նա հեծկլտանքով։ ― Ձեռքեր դողում են, ոտքերս ծալվում են, ու հիշողությունս էլ դավաճանում է ինձ։ Ախր մոռացել եմ, լրիվ մոռացել եմ, որ մեր մեջ, այս տոթ ու նեղլիկ սենյակում նստած է մի ազնվազարմ դոն, որը ոչ մի գործ չունի մեր խղճուկ հաշիվների հետ։ Ես գնամ։ Գնամ հանգստանամ։ Իսկ այժմ զավակներս, եկեք ներողություն խնդրենք ազմվազարմ դոնից․․․
 
Նա վեր կացավ տեղից ու տնքտնքալով խոնարհվեց։ Մյուսները նույնպես վեր կացան և նույնպես խոնարհվեցին, բայց անսքող վեհերոտությամբ ու նույնիսկ վախով։ Ռումատան բառացիորեն լսում էր ինչպե են ճտճտում նրանց բութ ու պարզունակ ուղեղները, ճգնելով ըմբռնել այս կորամեջք ծերուկի բառերի ու արարքների իմաստը։
 
Ամեն ինչ պարզ էր, ավազակն ուզում էր առիթն օգտագործել և դոն Ռեբային տեղեկացնել, որ գիշերային բանակն էլ է մտադիր գորշերի հետ մասնակցել գիտնականների ջարդին։ Իսկ հիմա, երբ արդեն պետք էր կոնկրետ ցուցումներ տալ, անվանել անունները և գործողությունների ժամկետները, ազնվազարմ դոնի ներկայությունը, մեղմ ասած, ցանկալի չէր, և նրան՝ ազնվազարմ դոնին առաջարկվում էր արագ հայտնել իր ուզածն ու չքվել այստեղից։ Խարդախ ծերուկ է։ Ահավոր։ Եվ ինչո՞ւ է նա քաղաքում։ Վագան չի սիրում քաղաքում մնալ։
 
― Դու իրավացի ես, հարգարժան Վագա, ― ասաց Ռումատան։ ― Ես շտապում եմ։ Սակայն պետք է ներողություն խնդրեմ, քանզի քեզ անհանգստացնում եմ մի շատ չնչին հարցով։ ― Նա շարունակում էր նստած մնալ և բոլորը հոտնկայս էին լսում նրան։
 
― Բանն այն է, որ ինձ պետք է քո խորհուրդը․․․ Դու կարող ես նստել։
 
Վագան նորից խոնարհվեց ու նստեց։
 
― Ահա թե ինչ է պատահել, ― շարունակեց Ռումատան։ ― Երեք օր առաջ Ծանր Թրերի անտառում ես պետք է հանդիպեի բարեկամիս՝ իրուկանցի մի ազնվազարմ դոնի հետ։ Բայց մենք չհանդիպեցինք։ Նա անհետացել է։ Ես հաստատ գիտեմ, որ նա բարեհաջող դուրս է եկել Իրուկանի սահմաններից։ Միգուցե քեզ հայտնի՞ է նրա հետագա ճակատագիրը։
 
Վագան երկար ժամանակ չէր պատասխանում։ Ավազակները փնչացնում էին ու ֆսֆսացնում։ Հետո Վագան հազաց։
 
― Ոչ, ազնվազարմ դոն, ― ասաց նա։ ― Մենք այդ մասին ոչ մի բան չգիտենք։
 
Ռումատան իսկույն վեր կացավ տեղից։
 
― Շնորհակալություն, հարգելիս, ― ասաց նա, ապա քայլերն ուղղեց սենյակի մեջտեղը ու ոսկիներով քսակը դրեց գրասեղանին։ ― Սա թողնում եմ մի խնդրանքով, եթե որևէ բան պարզես՝ ինձ իմաց տուր։ ― Նա ձեռքը տարավ գլխարկին։ ― Մնաս բարով։ ― Դռան մոտ Ռումատան կանգ առավ և առանց շրջվելու ասաց․ ― Դու այստեղ ինչ֊որ բան էիր ասում ուսյալ այրերի մասին։ Հենց հիմա գլխումս մի միտք ծագեց։ Ես զգում եմ, որ մեր թագավորի ջանքերի շնորհիվ մի ամիս հետո Արկանարում ոչ մի ուսյալ մարդ չի մնա։ Իսկ ես մայր երկրում պետք է համալսարան հիմնեմ, որովհետև ուխտ եմ արել սև ժանտախտից փրկվելու համար։ Բարի եղիր, երբ կբռնես այդ ուսյալներին, նախ ինձ իմաց տուր, հետո դոն Ռեբային։ Կարող է պատահել, որ ես մի երկու հոգու վերցնեմ համալսարանի համար։
 
― Էժան չես պրծնի, ― շողոքորթ ծոր տվեց Վագան։ ― Հազվադեպ ապրանք է, ուզողները շատ են։
 
― Պատիվն ավելի թանկ է, ― գոռոզամտորեն ասաց Ռումատան և դուրս եկավ սենյակից։
Ադմին, Վստահելի
1876
edits