Changes

Դժվար է աստված լինել

Ավելացվել է 68 769 բայտ, 08:18, 28 Օգոստոսի 2013
/* գլուխ երրորդ */
Հանկարծ նա հիշեց դոնա Օկանային։ Ըհը, դե վճռիր, մտածեց նա։ Սկսիր հենց սրանից։ Եթե աստված ձեռնամուխ է լինում արտաքնոց մաքրելուն, թող չմտածի, թե մատները մաքուր կմնան։ Նա սրտխառնոց զգաց այն մտքից, թե ինչ է իրեն սպասում։ Բայց դա ավելի լավ է, քան սպանելը։ Կեղտն ավելի լավ է, քան արյունը։ Որպեսզի չարթնացնի Կիրային, նա ոտնաթաթերի վրա գնաց աշխատասենյակ ու հագուստը փոխեց։ Ձեռքում պտտեց հաղորդիչով ապարոշը ու վճռականորեն դրեց սեղանի դարակը։ Հետո մազերի մեջ, աջ ականջի մոտ, խրեց մի սպիտակ փետուր՝ կրքոտ սիրո խորհրդանշանը, կապեց սրերն ու վրան գցեց ամենալավ թիկնոցը։ Արդեն ներքևում, երբ բացում էր կողպեքը, մտածեց․ եթե դոն Ռեբան հանկարծ մի բան իմանա՝ դոնա Օկանան կորած է։ Բայց հետ դառնալն արդեն ուշ էր։
 
 
=Գլուխ չորրորդ==
 
 
Հյուրերն արդեն հավաքվել էին, բայց դոնա Օկանան դեռ չէր հայտնվել։ Խորտիկներով ծածկված ոսկեզօծ սեղանի մոտ կորացնելով մեջքները ու տնկելով նիհար քամակները, ցուցադրաբար կոնծում էին թագավորական գվարդիականները, որոնք հռչակաված էին իրենց մենամարտերով ու սեքսուալ արկածներով։ Բուխարու մոտ հռհռում էին մաշված տիկնայք, որոնք արդեն բավականին տարիքով էին և անշուք, ու հենց դրա համար էլ դոնա Օկանան վերցրել էր նրանց որպես խորհրդապահներ։ Կանայք իրար կողք նստած էին ցածր բազմոցներին, իսկ նրանց առաջ անընդհատ շարժվող բարակ ոտքերով ծռմռվում էին երեք ծերուկներ՝ անցյալ գահապահության ժամանակների հայտնի պճնամոլները և վաղուց մոռացված անեկդոտների վերջին գիտակները։ Բոլորը գիտեին, որ ոչ մի սալոն սալոն չէ առանց այս ծերուկների։ Դահլիճի կենտրոնում, երկարաճիտ կոշիկներով ոտքերը չռած, կանգնել էր դոն Ռիպատը՝ Ռումատայի հավատարիմ և բնավ էլ ոչ հիմար գործակալը, գորշ վաշտի լեյտենանտը, որն ուներ հոյակապ բեղեր և չուներ ոչ մի սկզբունք։ Խոշոր, կարմիր ձեռքերը կաշվե գոտու տակ խրած, նա լսում էր դոն Տամեոյին, որն ամեն ինչ իրար խառնելով շարադրում էր հօգուտ առևտրական խավի գեղջուկներին ճնշելու նոր նախագիծը, և մերթ ընդ մերթ աչքի պոչով նայում էր դոն Սերայի կողմը, որն իրեն պատեպատ էր գցում, ըստ երևույթին, դուռ փնտրելով։ Անկյունում զգուշավոր հայացքները գցելով այսուայն կողմ, ղանձիլով տապակած կոկորդիլոսի միս էին ուտում երկու նշանավոր դիմանկարիչներ, իսկ նրանց մոտ, պատուհանի որմնախորշում նստած էր տարիքոտ, սևազգեստ դայակը, որին դոն Ռեբան հատուկ նշանակել էր դոնա Օկանակյին հետևելու համար։ Նա անթարթ հայացքով նայում էր դեմն ու եբեմն անսպասելիորեն ամբողջ մարնով առաջ էր նետվում։ Բոլորից մի կողմ քաշված՝ թղթախաղով էին զբաղված թագավորական տոհմի անձն ու Սոանի դեսպանության քարտուղարը։ Թագավորական անձը խարդախություն էր անում, քարտուղարը համբերատար ժպտում էր։ Հյուրասենյակում նա միակ մարդն էր, որ զբաղված էր գործով՝ նյութեր էր հավաքում իր հերթական դեսպանական զեկույցի համար։
 
Սեղանի մոտ խմբված գվարդիականները աշխույժ բացականչություններով դիմավորեցին Ռումատային։ Ռումատան մտերմաբար աչքով արեց նրանց ու մոտեցավ հյուրերին։ Նա խոնարհաբար ողջունեց զառամյալ պճնամոլներին, մի քանի հաճոյախոսություն նետեց պառավ խորհրդապահներին, որոնք իսկույն աչքները գցեցին նրա ականջի հետևը խրած սպիտալ փետուրին, թփթփացրեց թագավորական անձի ճարպոտ մեջքին և քայլերն ուղղեց դեպի դոն Ռիպատան ու դոն Տամեոն։ Երբ նա անցնում էր պատուհանի որմնախորշի մոտով, դայակը նորից տեղից ընկնելու շարժում արեց, և նրանից գինու թունդ հոտ փչեց։
 
Ռումատային տեսնելուն պես դոն Ռիպատը ձեռքերը հանեց գոտու տակից և շրխկացրեց կրունկները, իսկ դոն Տամեոն ցածրաձայն բացականչեց․
 
― Այդ դո՞ւք եք, բարեկամս։ Ինչ լավ է, որ եկաք, թե չէ ես արդեն հույս չունեի․․․ «Ինչպես վիրավոր մի կարապ, թաղծոտ աստղերին է նայում․․․»։ Ես շատ էի ձանձրանում․․․ Եթե չլիներ սիրելի դոն Ռիպատը, երևի կմեռնեի տաղտուկից․․․
 
Զգացվում էր, որ դոն Տամեոն որոշել էր չհարբել մինչև ճաշ, բայց դե անկարող էր եղել իրեն պահել։
 
― Ի՞նչ եմ լսում, ― զարմացավ Ռումատան։ ― Մենք արտասանում ենք խռովարար Ցուրենի՞ն։
 
Դոն Ռիպատն իսկույն մոտեցավ ու գիշատիչ հայացքը գամեց դոն Տամեոյի դեմքին։
 
― Ը՜․․․ ը՜ ― շփոթված կմկմաց դոն Տամեոն։ ― Ցուրե՞ն․․․ Իսկ ինչո՞ւ, ճիշտն ասած․․․ Դե, հա՜, ես հեգնական իմաստով, հավատացնում եմ ձեզ, ազնվազարմ դոներ։ Ախր ի՞նչ է իրենից ներկայացնում Ցուրենը։ Ստոր, անշնորհակալ դեմագոգ։ Ու ես սոսկ ուզում էի ընդգծել․․․
 
― Որ դոնա Օկանան այստեղ չէ, ― օգնության հասավ Ռումատան, ― ու դուք տխրում եք առանց նրա։
 
― Ես հենց դա էի ուզում շեշտել։
 
― Ի դեպ, նա որտե՞ղ է։
 
― Ամեն րոպե սպասում ենք, ― ասաց դոն Ռիպատն ու, խոնարհաբար գլուխ տալով, հեռացավ։
 
Խորհրդապահուհիները, բերանները միանման բացած, աչքները չէին հեռացնում Ռումատայի փետուրից։ Ծեր պճնամոլները կոտրատվելով հռհռում էին։ Վերջապես դոն Տամեոն էլ նկատեց փետուրը ու իրեն կորցրեց։
 
― Բարեկամս, ― շշնջաց նա։ ― Ինչի՞ եք դա դրել։ Մեկ էլ տեսար դոն Ռեբան եկավ․․․ Ճիշտ է, այսօր նրան չեն սպասում, բայց միևնույն է․․․
 
― Չխոսենք այդ մասին, ― ասաց Ռումատան, անհամբեր նայելով շուրջը։ Նա ուզում էր, որ ամեն ինչ շուտ վերջանար։
 
Գվարդիականները արդեն նրան էին մոտենում իրենց բաժակներով։
 
― Դուք շատ գունատ եք․․․ ― շշնջաց Տամեոն։ ― Ես հասկանում եմ՝ սեր, կիրք․․․ Բայց, սուրբ Միկա՜։ Պետությունն ավելի վեր է։ Եվ, վերջապես, դա վտանգավոր է․․․ Վիրավորված զգացմունքներ․․․
 
Նրա դեմքի վրա ինչ֊որ բան փոխվեց, և նա սկսեց հետ֊հետ գնալ, նահանջել, անընդհատ խոնարհվելով։ Գվարդիականները շրջապատեցին Ռումատային։ Ինչ֊որ մեկը պարզեց գավաթը։
 
― Պատվի և թագավորի կենացը, ― հայտարարեց մի գվարդիական։
 
― Եվ սիրո, ― ավելացրեց մյուսը։
 
― Նրան ցույց տվեք, թե ինչ բան է գվարդիան, ազնվազարմ Ռումատա, ― ասաց երրորդը։
 
Ռումատան վերցրեց գավաթն ու հանկարծ տեսավ դոնա Օկանային։ Նա կանգնել էր դռան շեմին, թափահարելով հովհարն ու նվաղուն շարժելով ուսերը։ Այո, նա սիրուն էր։ Հեռվից նույնիսկ գեղրցկուհի էր։ Նա Ռումատայի ճաշակով չէր, բայց իսկապես գեղեցիկ էր այդ հիմար վավաշոտ հավը։ Խոշոր, կապույտ, մտքից ու ջերմությունից զուրկ աչքեր, քնքուշ, բազմափորձ բերան, շքեղ, հմտորեն ու ջանադիր կերպով մերկացված մարմին․․․
 
Ռումատայի հետևում կանգնած գվարդիականը, չկարողանալով իրեն զսպել, բավականին բարձր չպպացրեց։ Ռումատան, առանց հետ նայելու, գավաթը խցկեց նրա ձեռքը և քայլեց դոնա Օկանայի կողմը։ Հյուրասենյակում գտնվորղները հայացքները հեռացրին նրանից ու գործնական տեսքով սկսեցին խոսել դեսուդենից․․․
 
― Դուք շլացուցիչ եք, ― շշնջաց Ռումատան, խոր գլուխ տալով ու շրխկացնելով սրերը։ ― Թույլ տվեք ընկնել ձեր ոտքերը․․․ ու շան պես պառկել մերկ և դաժան գեղեցկուհու ոտքերի տակ․․․
 
Դոնա Օկանան դեմքը ծածկեց հովհարով և չարաճճիորեն կկոցեց աչքերը։
 
― Դուք չափազանց խիզախ եք, ազնվազարմ դոն, ― ասաց նա։ ― Մենք, խեղճ զավակներս, անկարող ենք դիմադրել այսպիսի ուժի․․․ ― Նրա ձայնը ցածր էր ու խռպոտ։ ― Ավա՜ղ, ինձ մի բան է մնում միայն՝ բացել ամրոցի դարպասները և ներս թողնել հաղթողին․․․
 
Ամոթից ու կատաղությունից կրճտացնելով ատամները, Ռումատան էլ ավելի խոնարհվեց։ Դոնա Օկանան իջեցրեց հովհարն ու բացականչեց․
 
― Ազնվազարմ դոներ, զվարճացե՜ք։ Ես ու դոն Ռումատան հիմա կգանք։ Ես խոստացել եմ նրան ցույց տալ իմ նոր իրուկանյան գորգերը․․․
 
― Մեզ շատ չթողնեք մենակ, կախարդուհի, ― մկմկաց ծերուկներից մեկը։
 
― Գեղուհի՜, ― քաղցր ծոր տվեց մյուսը։ ― Փերի՜․․․
 
Գվարդիականները համերաշխորեն շրխկացրին թրերը։ «Հա՜, բերանի համը գիտի․․․» ― լսելի ասաց թագավորական անձը։ Դոնա Օկանան բռնեց Ռումատայի թևքից ու քարշ տվեց նրան իր հետևից։ Արդեն միջանցքում դոն Ռումատան լսեց, ինչպես դոն Սերան, ձայնի մեջ վիրավորվածություն, հայտարարեց․ «Չեմ հասկանում, թե ազնվազարմ դոնը ինչո՞ւ պիտի տեսնի իրուկանյան գորգերը․․․»։
 
Միջանցքի ծայրում դոնա Օկանան հանկարծ կանգ առավ, գրկեց Ռումատայի պարանոցը և խռպոտ տնքոցով, որը պիտի նշանակեր կրքի պոռտքում, համբուրեց նրա շրթունքները։ Ռումատայի շունչը կտրվեց։ Կեղտոտ մարմնի և էստերյան օծանելիքի գարշ հոտ փչեց փերուց․․․ Նրա շրթունքները տաք էին, թաց ու կպչուն կերած քաղցրավենիքից։
 
Ինքն իր վրա ճիգ գործադրելով, Ռումատան աշխատեց պատասխանել համբույրին, և դա, ըստ երևույթին հաջոցվեց նրան, որովհետև դոնա Օկանան նորից տնքաց ու, աչքերը փակ, ընկավ նրա գիրկը։ Դա տեևեց մի ամբողջ հավիտենականություն։ Գրողը տանի քեզ, պոռնիկ, մտածեց Ռումատան, ու ամուր գրկեց նրան։ Ինչ֊որ բան ճտտաց՝ կամ իրանակալը, կամ էլ՝ կողերը։ Գեղեցկուհին աղերսալի ճչած, զարմացած բացեց աչքերը ու թպրտաց, աշխատելով դուրս պրծնել նրա գրկից։ Ռումատան շտապեց հեռացնել ձեռքերը։
 
― Զզվանք․․․ ― Ծանր հևալով ու հիացած՝ ասաց Օկանան։ ― Քիչ մնաց փշրեիր կողերս․․․
 
― Ես այրվում եմ սիրուց, ― մեղավոր շշնջաց Ռումատան։
 
― Ես էլ։ Ես այնպես էի քեզ սպասում։ Շուտ գնանք․․․
 
Ինչ֊որ սառն ու մութ սենյակներով նա քարշ տվեց Ռումատային իր հետևից։ Ռումատան հանեց թաշկինակն ու թաքուն սրբեց բերանը։ Հիմա նա արդեն լրիվ անհույս էր համարում իր վիճակը։ Պետք է, մտածում էր նա։ Հետո ինչ, որ պետք է․․․ այստեղ խոսելով չես պրծնի․․․ Սուրբ Միկա, ախր ինչո՞ւ սրանց պալատում ապրողները երբեք չեն լողանում․․․ Համա կրքոտ է՜․․․ Գոնե դոն Ռեբան գա․․․ Դոնա Օկանան անխոս տանում էր նրան, համառորեն, ինչպես մրջյունն է քարշ տալիս սատկած թրթուրին․․․ Իրեն լրիվ ապուշի տեղ դրած Ռումատան ինչ֊որ հիմարություններ էր դուրս տալիս արագ ոտքերի ու կարմիր շրթունքների մասին։ Դոնա Օկանան միայն հռհռում էր։ Նա Ռումատային հրելով մտցրեց խիստ տաքացրած ննջասենյակը, որն իրոք ամբողջովին ծածկված էր գորգերով, նետվեց վիթխարի մահճակալին և, փռվելով բարձերի վրա, խոնավ ու տամուկ աչքերով նայեց նրան։ Ռումատան մեխվել մնացել էր։ Ննջասենյակից փայտոջիլի հոտ էր գալիս։
 
― Դու հոյակապ ես, ― շշնջաց դոնա Օկանան։ ― Դե արի ինձ մոտ։ Ես շատ երկար եմ սպասել այս օրվան․․․
 
Ռումատան աչքերը փակեց սրտխառնոցից։ Դեմքը խուտուտ տալով՝ ցած գլորվեցին քրտինքի կաթիլները։ Չեմ կարող, մտածեց նա։ Գրողի ծոցը կորչի այդ ինֆորմացիան․․․
 
Աղվես․․․ Կապիկ․․․ Սա հակաբնական է, կեղտ․․․ Կեղտը արյունից լավ է, բայց սա կեղտից էլ վատ է։
 
― Ի՞նչ ես մտածում ազնվազարմ դոն, ― ճղճղան ձայնով ճչաց դոնա Օկանան։ ― Դե շուտ եկեք, ես սպասում եմ։
 
― Գրո․․․ղը․․․ ― խռպոտած ասաց Ռումատան։
 
Դոնա Օկանան ցած թռավ մահճակալից և վազելով մոտեցավ նրան։
 
― Քեզ ի՞նչ պատահեց։ Հո հարբած չե՞ս։
 
― Չգիտեմ, ― հազիվ ասաց նա։ ― Օդ չկա։
 
― Հրամայե՞մ թասը բերեն։
 
― Ի՞նչ թաս։
 
― Դե ոչինչ, ոչինչ․․․ Կանցնի․․․ ― Անհամբերությունից դողացող մատներով նա սկսեց բացել Ռումատայի բաճկոնի կոճակները։ ― Դու հրաշք ես․․․ շնչակտուր լինելով մրմնջում էր նա։ ― Բայց դու երկչոտ ես, ոնց որ անփորձ․․․ Երբեք մտքովս չէր անցնի․․․ Ու դա հրաշալի է, երդվում եմ սուրբ Բարայով․․․
 
Ռումատան ստիպված եղավ բռնել նրա ձեռքը։ Նա նայում էր կնոջ վրա՝ վերևից ներքև, ու տեսնում էր լաքից փայլող, կեղտոտ մազերը, քրտնած, դիմափոշու գնդիկներով ծածկված նրա մերկ ու կլոր ուսերը, փոքրիկ կարմրած ականջները։ Գարշելի է, մտածեց նա։ Ոչ մի բան չի ստացվի։ Ու ափսոս, նա պիտի որ որոշ բաներ իմանա։ Դոն Ռեբան խոսում է քնի մեջ․․․ Նրան իր հետ տանում է զոհերի հարցաքննությանը, դոնա Օկանան շատ է սիրում հարցաքննությունները։ Չե՛մ կարող։
 
― Հը՞, ― զայրացած ասաց դոնա Օկանան։
 
― Հրաշալի գորգեր ունեք, ― բարձր ասաց Ռումատան։ ― Բայց իմ գնալու ժամանակն է։
 
Սկզբում դոնա Օկանան չհասկացավ, հետո դեմքն այլայլվեց։
 
― Ինչպե՞ս ես հանդգնում, ― շշնջաց նա, բայց Ռումատան արդեն թիակներով կպավ դռանը ու, դուրս թռնելով միջանցք, արագ քայլերով հեռացավ։ Վաղվանից էլ չեմ լվացվելու, մտածեց նա։ Այստեղ պետք է խոզ լինես, ոչ թե աստված։
 
― Կռտա՜ծ խոզ, ― նրա հետևից գոռաց դոնա Օկանան։ ― Փսլնքոտ ներքինի։ Քեզ ցից պիտի հանել․․․
 
Ռումատան մի պատուհան բացեց ու այնտեղից թռավ պարտեզ։ Որոշ ժամանակ կանգնած մնաց ծառի տակ, ագահորեն շնչելով սառը օդը։ Հետո հիշեց տխմար սպիտակ փետուրի մասին, պոկեց գլխից, կատաղորեն ճմրթեց և շպրտեց։ Պաշկան էլ չէր կարողանա, մտածեց նա։ Ոչ ոք էլ չէր կարողանա։ «Իսկ դու համոզվա՞ծ ես»։ ― «Այո, համոզված եմ»։ ― «Ուրեմն դուք մի կոպեկ էլ չարժեք»։ ― «Բայց սիրտս խառնեց»։ ― «Էքսպերիմենտը հաշվի չի առնում քո ապրումները։ Չես կարող՝ մի էլ սկսի»։ ― «Ես անասուն չեմ»։ ― «Եթե էքսպերիմենտը պահանջում է, պիտի անասուն դառնաս»։ ― «Էքսպերիմենտը չի կարող այդպիսի բան պահանջել»։ ― «Ինչպես տեսնում ես՝ կարող է»։ ― «Այդ դեպքում․․․»։ ― «Ի՞նչ այդ դեպքում»։ Ռումատան չգիտեր, թե ինչ պետք է լինի «այդ դեպքում»։ «Այդ դեպքում․․․ Այդ․․․Լավ, ընդունենք, որ ես վատ պատմաբան եմ։ ― Նա ուսերը ցնցեց։ ― Կաշխատեմ լավը դառնալ։ ― Կաշխատեմ խոզ դառնալ․․․»։
 
Արդեն կեսգիշեր էր, երբ նա տուն եկավ։ Առանց շորերը հանելու, միայն ճարմանդներն ու կոճակները քանդելով, փռվեց հյուրասենյակի բազմոցի վրա և մեռածի պես քնեց։
 
Նա արթնացավ Ունոյի կատաղի գոռգոռոցից ու բարեհոգի, թավաձայն ոռնոցից․
 
― Կորի, գայլի ճուտ, ճամփա՛ տուր, ականջդ կկտրեմ․․․
 
― Ախր ես ձեզ ասում եմ, չէ՞, որ նրանք քնած են․․․
 
― Փը՛շտ, ոտքի տակ մի՛ ընկնի․․․
 
― Ինձ կարգադրել են չթողնել, ասում եմ ձեզ։
 
Դուռը բացվեց, և հյուրասենյակ ընկավ գազանի պես վիթխարի, կարմրաթուշ, սպիտակ ատամնաշարով ու ցցված բեղերով բարոն Պամպա դոն Բաուն։ Նա գլխին թեք դրել էր թավշե բերետ և հագել էր շքեղ մորեգույն թիկնոց, որի տակից աղոտ փայլփլում էր պղնձե զրահը։ Նրա հետևիվց կախ էր ընկել Ունոն՝ ամուր կառչաց բարոնի անդրավարտիքից։
 
― Բարո՜ն, ― բացականչեց Ռումատան, բազմոցից իջեցնելով ոտքերը։ ― Ինչպե՞ս եք հայտնվել այստեղ, սիրելիս։ Ունո, հանգիստ թող բարոնին։
 
― Չտեսնված համառ տղա է, ― որոտաց Բարոնը, գրկաբաց մոտենալով Ռումատային։ ― Նրանից մարդ դուրս կգա։ Քանիսո՞վ կտաս նրան․․․ Լավ, այդ մասին հետո․․․ Թողեք գրկեմ ձեզ։
 
Նրանք գրկախառնվեցին։ Բարոնից փչում էր փոշոտ ճանապարհի, ձիու քրտինքի և տարբեր գինիների փնջի իրար խառնված հոտը։
 
― Ես տեսնում եմ, որ դուք էլ եք միանգամայն սթափ, բարեկամս, ― վշտացած ասաց նա։ ― Ասենք, դուք երբեք չեք խմում։ Բախտավոր մարդ եք։
 
― Նստեք, սիրելիս, ― ասաց Ռումատան։ ― Ունո՜։ Էստորյան բեր, ու շուտ։
 
Բարոնը վեր բարձրացրեց վիթխարի ափը։
 
― Ոչ մի կաթիլ։
 
― Ոչ մի կաթիլ էստորյա՞ն։ Ունո՜, էստորյան մի՛ բեր, իրուկանյան բեր։
 
― Ընդհանրապես ոչ մի գինի․․․ ― դառնացած ասաց բարոնը։ ― Ես չեմ խմում։
 
Ռումատան նստեց։
 
― Ի՞նչ է պատահել, ― տագնապած հարցրեց նա։ ― Հո հիվանդ չե՞ք։
 
― Առողջ եմ ցուլի պես։ Բայց այդ անիծյալ ընտանեկան տեսարանները․․․ Կարճ ասաց, ես խռովել եմ բարոնուհուց ու եկել եմ այստեղ․․․
 
― Խռովե՞լ եք։ Դո՞ւք։ Դե լա՜վ, բարոն, ի՞նչ տարօրինակ կատակներ եք անում։
 
― Պատկերացրեք, ես էլ ոնց որ մշուշի մեջ լինեմ։ Հարյուր քսան մղոն կտրել եմ ոնց որ մշուշի մեջ․․․
 
― Բարեկամս, ― ասաց Ռումատան։ ― Հենց հիմա ձի կնստեք ու կճանապարհվեք Բաու։
 
― Բայց իմ ձին դեռ չի հանգստացել, ― առարկեց բարոնը։ ― Եվ հետո, ես ուզում եմ պատժել նրան։
 
― Ո՞մ։
 
― Բարոնուհուն, գրողը տանի։ Ես տղամա՞րդ եմ, թե չէ։ Դրա՜ն տեսեք, դժգոհ է խմած Պամպայից, դե թող հիմա տեսնի, թե նա չխմած ոնց է․․․ Ավելի լավ է այստեղ փտեմ, քան թե վերադառնամ դղյակ․․․
 
Ունոն մռայլ ասաց․
 
― Նրան ասեք, որ ականջս չոլորի․․․
 
― Դե կորի՛, գայլի ճուտ, ― բարեհոգաբար որոտաց բարոնը։ ― Հա, գարեջուր բեր։ Ես քրտնել եմ, ու հիմա պիտի կորցրած հեղուկս վերականգնեմ։
 
Մոտ կես ժամ բարոնը վերականգնում էր կորցրած հեղուկը ու մի թրթև հարբեց։ Կումերի արանքում նա Ռումատային պատմեց իր անախորժությունների մասին։ Մի քանի անգամ անիծեց «հարբեցող հարևաններին, որոնցից պրծում չկա»։ Գալիս են առավոտ շուտ, իբր թե որսի նպատակով, իսկ հետո չես հասցնում շունչ քաշես, երբ դրանք արդեն լակած են ու սկսում են ջարդուփշուր անել կահույքը։ Նրանք լցվում են ամբողջ դղյակը, չորս կողմը կեղտոտում, նեղացնում սպասավորներին, ծեծում ու համշում են շներին և նողկալի օրինակ ծառայում պատանի բարոններին․․․ Հետո նրանք գնում են իրենց տները, իսկ դու, կոնծելուց հալից ընկած, մեն֊մենակ ես մնում բարոնուհու հետ․․․»։
 
Իր պատմության վերջում բարոնը այնքան հուզվեց, որ քիչ էր մնում էստորյան ուզեր, բայց զսպեց իրեն ու ասաց․
 
― Ռումատա, բարեկամս, գնանք այստեղից։ Դուք շատ հարուստ մառաններ ունեք․․․ Գնանաք․․․
 
― Բայց ո՞ւր գնանք․․․
 
― Միևնույն է։ Ուր ուզեք։ Թեկուզ «Գորշ ուրախություն»․․․
 
― Հը՜մ, ― ասաց Ռումատան։ ― Իսկ ի՞նչ պիտի անենք «Գորշ ուրախությունում»։
 
Բարոնը մի որոշ ժամանակ լուռ մնաց, կատաղած քաշքշելով բեղը։
 
― Ո՞նց թե ինչ պիտի անենք, ― վերջապես ասաց նա։ ― Նույնիսկ տարօրինակ է․․․ Ուղղակի կնստենք, կխոսենք․․․
 
― «Գորշ ուրախությունո՞ւմ», ― կասկածանքով հարցրեց Ռումատան։
 
― Այո։ Ես ձեզ հասկանում եմ, ― ասաց բարոնը։ ― Դա սոսկալի է։ Բայց և այնպես գնանք։ Այստեղ անընդհատ էստորյան եմ ուզում․․․
 
― Ձիս բերեք, ― ասաց Ռումատան ու գնաց աշխատասենյակից հաղորդիչը վերցնելու։
 
Մի քանի րոպե հետո նրանք, հեծած իրենց նժույգները, կողք֊կողքի գնում էին նեղլիկ փողոցով, որն ընկղմված էր թանձր խավարի մեջ։ Բարոնը, որ մի քիչ աշխուժացել էր, բարձրաձայն պատմում էր, թե երկու օր առաջ ի՜նչ վարազ էին սպանել։ Թե ի՜նչ զարմանալի հատկություններ ունի պատանի բարոնետը, թե ինչ հրաշք է կատարվել սուրբ Տուկեի վանքում, որտեղ վանահոր ազդրից ծնվել է վեցմատնանի տղա․․․ Ընդսմին բարոնը չէր մոռանում զվարճանալու մասին․ մերթ ընդ մերթ ոռնում էր գայլի պես ու մտրակով թխկթխկացնում փակ դռները։
 
Երբ նրանք մոտեցան «Գորշ ուրախությանը», բարոնը ձին կանգնեցրեց ու մտքերի մեջ ընկավ։ Ռումատան սպասում էր։ Վառ լուսավորված էին գինետան կեղտոտ պատուհանները, սմբակներով դոփդոփում էին սյուներից կապված ձիերը, ծուլորեն լեզվակռիվ էին տալիս պատուհանների տակ նստարաններին նստած շպարված աղջիկները, երկու ծառա, ճգնելով, դռնից ներս էին հրում բորակի հետքերով պատված վիթխարի տակառը։
 
Բարոնը տխուր ասաց․
 
― Մենակ․․․ Սոսկալի բան է, գիշերը դեռ նոր է սկսվում, ու դու մենակ ես։ Եվ նա էլ այնտեղ է մենակ․․․
 
― Այդպես մի՛ վշտացեք, բարեկամս, ― ասաց Ռումատան։ ― Չէ որ բարոնետը նրա հետ է, իսկ ես էլ ձեզ հետ եմ։
 
― Դա բոլորովին ուրիշ բան է, ― ասաց բարոնը։ ― Դուք ոչինչ չեք հասկանում, բարեկամս։ Դուք շատ եք երիտասարդ և թեթևամիտ․․․ Դուք, երևի, նույնիսկ հաճույք եք ստանում այս պոռնիկներին նայելուց․․․
 
― Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում, ― առարկեց Ռումատան, հետաքրքրությմաբ նայելով բարոնին։ ― Իմ կարծիքով, սրանք շատ լավիկն են։
 
Բարոնն օրորեց գլուխը և կծու հեգնանքով քմծիծաղեց։
 
― Այն մեկի քամակը, որ կանգնած է, ― ասաց նա բարձրաձայն, ― կախ է ընկած․․․ Իսկ այն մեկը, որ հիմա մազերն է սանրում, ընդհանրապես քամակ չունի․․․ Սրանք կովեր են, բարեկամս, լավագույն դեպքում՝ կովեր։ Ապա հիշեք բարոնուհուն։ Նրա ձեռքերը, նրա նազանքը․․․Կեցվածքը հիշեք, բարեկամս․․․
 
― Այո, ― համաձայնեց Ռումատան։ ― Բարոնուհին աննման է։ Գնանք այստեղից։
 
― Ո՞ւր, ― տրտում ասաց բարոնը։ ― Եվ ինչո՞ւ։ ― Հանկարծ նրա դեմքին վճռականություն հայտնվեց։ ― Ոչ, սիրելիս, ես այստեղից ոչ մի տեղ չեմ գնա։ Իսկ դուք՝ ոնց կուզեք։
 
Նա իջավ ձիուց։ ― Թեև ես շատ կնեղանայի, եթե դուք ինձ մենակ թողնեք։
 
― Հասկանալի է, որ ես պետք է ձեզ հետ մնամ, ― ասաց Ռումատան։ ― Բայց․․․
― Ոչ մի «բայց» ― ասաց բարոնը։
 
Նրանք սանձերը նետեցին վազքով իրենց մոտեցող ծառաներին ու հպարտ անցնելով պոռնիկների կողքով, մտան դահլիճ։ Այստեղ շնչելու օդ չկար։ Ճրագների կրակները դժվարությամբ էին իրենց համար ճանապարհ բացում գոլորշիների մշուշի միջով, ինչպես շատ մեծ և շատ կեղտոտ բաղնիքում։ Երկար սեղանների մոտ դրված նստարաններին նստած խմում էին, ուտում, ծիծաղում ու լաց էին լինում, գռեհիկ երգեր էին երգում համազգեստների կոճակներն արձակած, քրտնած զինվորները, մերկ մարմնի վրա խայտաբղետ բաճկոններ հագած ծովային շրջմորլիկները, գրեթե կիսամերկ կանայք, կացինները ծնկների արանքը դրած գորշ գրոհայիններն ու ցնցոտիներ հագած արհեստավորները։ Ձախ կողմից մշուշի մեջ նշմարվում էր վաճառասեղանը, որտեղ վիթխարի տակառներից էլ բարձր սարքված հատուկ տեղում նստած պանդոկապանը ղեկավարում էր ճարպիկ ու խարդախ ծառաների պարսը, իսկ աջ կողմից շողշողում էր դահլիճի մաքուր կեսը տանող դուռը․ այնտեղ հավաքվում էին ազնվազարմ դոները, պատվարժան վաճառականներն ու գորշ սպաները։
 
― Վերջ ի վերջո ինչո՞ւ մենք չպիտի խմենք, ― ջղագրգիռ նետեց բարոն Պամպան, բռնեց Ռումատայի թևքից և սեղանների միջև ընկած նեղ արանքով նետվեց դեպի վաճառասեղանը, իր զրահի եզրազարդի փշերով քերծելով նստածների մեջքները։ Հասնելով վաճառասեղանին, պանդոկապանի ձեռքից խլեց պատկառելի շերեփը, որով նա գինին լցնում էր գավաթների մեջ, անխոս խմեց պարունակությունըը և հայտարարեց, որ հիմա արդեն ամեն ինչ կորած է և միայն մի բան է մնում՝ կարգին քեֆ անել։ Հետո շրջվեց պանդոկապետի կողմն ու բարձրաձայն հարցրեց, թե այս պանդոկում կա՞ մի այնպիսի տեղ, որտեղ ազնվազարմ դոները կարող են համեստորեն և պատշաճ կերպով ժամանակ անց կացնել, առանց նեղվելու ամեն տեսակ խուժանի, թափթփուկների և գողերի հարևանությունից։ Պանդոկապանը հավատացրեց նրան, որ հենց իր պանդոկում կա այդպիցի տեղ։
 
― Հրաշալի է, ― ասաց բարոնը և մի քանի ոսկի նետեց նրան։ ― Ինձ ու այս դոնի համար կբերեք ամենալավ բաները, և թող մեզ սպասարկի ոչ թե մի թեթևսոլիկ սիրուն, այլ հարգարժան տարիքոտ կին։
 
Պանդոկապանն ինքը ուղեկցեց ազնվազարմ դոներին մաքուր մասը։ Այստեղ քիչ մարդ կար։ Անկյունում մռայլ ուրախանում էին մի խումբ գորշ սպաներ՝ նեղլիկ համազգեստով չորս լեյտենանտ և երկու կապիտան, որոնք հագել էին թագի պահպանության մինիստրության նշանաքուղերով կարճ թիկնոցներ։ Նրանք փոքր կումերով գարեջուր էին խմում և պրպտուն հայացքները ոչ մի վարկյան չէին կտրում դռնից։
 
Բարոնը փլվեց ազատ սեղանի մոտ դրված աթոռին, խեթ֊խեթ նայեց գորշ սպաներին ու փնթփնթաց․ «Այստեղ էլ թափթփուկներից պրծում չկա․․․»։ Բայց հենց այդ պահին գոգնոց հագած մի մարմնեղ կին մատուցեց առաջին կերակրատեսակը։ Բարոնը փնչացրեց, գոտու տակից դուրս քաշեց դաշույնը և ձեռնամուխ եղավ կերուխումին։ Նա լուռ սկսեց խժռել եղջերվամսի խոշոր կտորները, աղ դրած կաղկամորթները, ծովային խեցգետինները, սալաթի խրձերն ու մայոնեզները, այս ամենը թրջելով գինու, գարեջրի, տնական գարեջրի և գինեխառն գարեջրի հեղեղով։ Անփող դոները մեկ֊մեկ, երկու֊երկու սկսեցին հավաքվել նրա սեղանի մոտ, ու բարոնը նրանց դիմավորում էր ձեռքի աշխույժ թափահարումով և խուլ կռնչոցով։
 
Հանկարծ նա դադարեց ուտել, չռած աչքերով նայեց Ռումատային ու որոտաց ահեղաձայն․
 
― Ես վաղուց չէի եղել Արկանարում, իմ ազնիվ բարեկամ։ Ու պիտի անկեղծորեն ասեմ քեզ, որ ինչ֊որ բան այստեղ ինձ դուր չի գալիս։
 
― Հատկապես ի՞նչը, բարոն, ― հետաքրքրությամբ հարցրեց Ռումատան՝ կրծելով ճտի թևը։
 
Անփող դոների դեմքերին հարգալից ուշադրություն հայտնվեց։
 
― Ասեք ինձ, բարեկամս, ― ասաց բարոնը, յուղոտ մատները սրբելով թիկնոցի փեշով։ ― Ասացեք, ազնվազարմ դոներ։ Մեր նորին մեծություն թագավորի մայրաքաղաքում ե՞րբ է եղել այսպիսի բան, որ կայսրության հնագույն տոհմերի ժառանգներն ամեն քայլափոխին հանդիպեն քոսոտ խանութպանների ու մսագործների։
 
Անփող դոներն իրար նայեցին ու կամաց֊կամաց սկսեցին հետ֊հետ գնալ։ Ռումատան հայացքը գցեց այն անկյունը, որտեղ նստած էին գորշերը։ Այնտեղ հիմա չէին խմում ու նայում էին բարոնին։
 
― Ես ձեզ կասեմ, թե բանն ինչ է, ազնվազարմ դոներ, ― շարունակեց Պամպան։ ― Դրա պատճառն այն է, որ դուք այստեղ վախեցել եք։ Դուք դրանց դիմանում եք։ Այ, հենց դու վախենում ես, ― գոռաց նա, հայացքը գամելով ամենից մոտ կանգնած անփող դոնին։ Վերջինս դեմքը ծամածռեց և, հազիվհազ ժպտալով, հեռացավ։ ― Վախկոտնե՜ր, ― գոռաց բարոնը։ նրա բեղերը ցցվել էին։
 
Սակայն անփող դոներից ոչ մի բան դուրս չի գա։ Նրանք կռիվ չէին ուզում, նրանք միայն ուզում էին խմել և ուտել։
 
Այդժամ բարոնը ոտքը դրեց աթոռին, աջ բեղը ոլորեց բռունցքով ու, հայացքը գցելով անկյունում նստած գորշ սպաների կողմը, հայտարարեց․
 
― Իսկ ես ոչ ոքից չեմ վախենում։ Ու սատկացնում եմ ձեռքս ընկած գորշ ստահակներին։
 
― Ի՞նչ է բլբլում այդ գարեջրի տակառը, ― բարձրաձայն հարցրեց երկարուկ դեմքով գորշ կապիտանը։
 
Բարոնը գոհունակությամբ ժպտաց։ Նա շրխկոցով վեր կացավ սեղանի մոտից ու ծանրումեծ բարձրացավ աթոռի վրա։ Ռումատան հոնքերը խոժոռելով, ձեռնամուխ եղավ մսի երկրորդ կտորն ուտելուն։
 
― Հե՜յ, լսեք, գորշ սրիկանե՜ր, ― այնպես ահեղաձայն գոռած բարոնը, ասես սպաները մի մղոն հեռու էին նրանից։ ― Գիտե՞ք, որ երեք օր առաջ ես՝ բարոն Պամպա դոն Բաուս, ձերոնց մի լավ․․․լավ ծեծ տվի։ Դուք հասկանո՞ւմ եք, բարեկամս, ― առաստաղի տակից դիմեց նա Ռումատային, ― ես ու հայր Կաբանին, ուրեմն, երեկոյան խմում էինք իմ դղյակում։ Հանկարծ վազելով գալիս է իմ ախոռապանս ու հայտնում, որ գորշերի հրոսակախումբը տակնուվրա է անում «Ոսկե պայտ» պանդոկը։ Իմ պանդոկը, իմ հայրենի հողում։ Ես հրամայում եմ՝ «Ձի հեծնե՛լ», ու սլանում եմ այնտեղ։ Երդվում եմ խցաններովս, որ նրանք մեծ ոհմակով էին, մի քսան հոգի․․․ Նրանք ճանկել էին երեք հոգու, կոնծել էին խոզերի պես ու սկսել․․․ Դե այդ խանութպանները խմել չեն կարողանում․․․ ու սկսել են բոլորին ծեծել, ջարդուփշուր անել։ Ես բռնեցի մեկի ոտքից, ու սկսվեց․․․ Ես նրանց հետևից ընկած քշեցի մինչև Ծանր թրերը․․․ Արյունը, դուք ինձ չեք հավատա, հասնում էր մինչև ծնկներս, իսկ կացիններին հաշիվ չկար․․․
 
Բարոնի պատմությունն այստեղ ընդհատվեց։ Երկարուկ դեմքով կապիտանը թափ տվեց ձեռքը, և ծանր նետադանակը զրնգաց՝ դիպչելով բարոնի կրծքի զրահին։
 
― Վաղուց պիտի դա արած լինեիր, ― ասաց բարոնը ու պատյանից դուրս քաշեց վիթխարի երկսայր սուրը։
 
Հիմա արդեն բոլորը ոտքի վրա էին։ Անփող դոները կծկվել էին պատերի տակ։ Ջահել ազնվականները բարձրացել էին սեղանների վրա, որ ավելի լավ տեսնեն։ Գորշերը, դաշույններն առաջ մեկնած, կիսաշրջան կազմեցին ու շարժվեցին բարոնի վրա։ Միայն Ռումատան էր նստած մնացել, մտածելով, թե բարոնի ո՞ր կողմից վեր կենա, որ չընկնի նրա թրի տակ։
 
Լայն շեղբը չարագուշակ ֆշշում էր, շողշողուն շրջաններ գծելով բարոնի գլխավերևում։ Բարոնն ուղղակի աներևակայելի էր։ Նա ասես բեռնատար ուղղաթիռ լիներ, դռդռացող պտուտակով․․․
 
Գորշերը երեք կողմից շրջապատելով նրան, անվճռական կանգ առան։ Նրանցից մեկը պատահաբար մեջքով կանգնեց Ռումատայի դեմ, և Ռումատան, ձգվելով սեղանի վրայով, բռնեց նրա օձիքից, շպրտեց ուտելիքի թերմածքով ափսեների վրա ու ափի կողքով շրխկացրեց նրա ականջից ներքև։ Գորշը փակեց աչքերն ու սսկվեց։ Բարոնը գոռաց․
 
― Մորթե՛ք դրան, ազնվազարմ Ռումատա, իսկ ես կկոտորեմ մնացածներին։
 
Նա դրանց բոլորին կսպանի, դժգոհ մտածեց Ռումատան։
 
― Լսեք, ― ասաց նա գորշերին։ ― Եկեք չփչացնենք մեր բոլորի ուրախ երեկոն։ Դուք մեզ չեք դիմանա։ Զենքերդ վայր գցեք ու չքվեք այստեղից։
 
― Չէ՜ մի, ― բարկացած առարկեց բարոնը։ ― Ես կռվել եմ ուզում։ Թող նրանք կռվեն։ Դե կռվեք, գրողի տարածներ։
 
Այս խոսքերն ասելով՝ նա շարժվեց գորշերի վրա, էլ ավելի ուժգին պտտեցնելով թուրը։ Գորշերը նահանջում էին, գունատվելով աչքի առաջ։ Երևում էր, որ նրանք կյանքում բեռնատար ուղղաթիռ տեսած չկային։ Ռումատան ոստնեց սեղանի վրայով։
 
― Սպասիր բարեկամս, ― ինչո՞ւ պիտի մենք կռվենք այս մարդկանց հետ։ Ձեզ դուր չի՞ գալիս, որ նրանք այստեղ են։ Էհ, թող գնան։
 
― Մենք առանց զենքի չենք գնա, ― մռայլ հայտնեց լեյտենանտներից մեկը։ ― Մեզ դրա համար կպատժեն։ Ես հիմա պարեկային խմբում եմ։
 
― Գրողի ծոցը գնացեք ձեր զենքերով, ― թույլ տվեց Ռումատան։ ― Դաշույններդ դրեք պատյանների մեջ, ձեռքներդ՝ ծոծրակներիդ ու մեկ֊մեկ դուրս եկեք։ Եվ ոչ մի ստորություն։ Թե չէ, ոսկորներդ կջարդեմ։
 
― Ո՞նց գնանք, ― սրտնեղած ասաց երկարուկ դեմքով կապիտանը։ ― Այս դոնը փակել է մեր ճամփան։
 
― Ու կփակեմ, ― համառեց բարոնը։
 
Ջահել ազնվականները ծաղրալից հռհռացին։
 
― Դե լավ, ― ասաց Ռումատան։ ― Ես բարոնին կբռնեմ, իսկ դուք փախեք, դեհ, շուտ, ես երկար չեմ կարող պահել նրան․․․ Հե՜յ, հեռացեք դռան մոտից․․․ Բարոն, ― ասաց նա, գրկելով Պամպայի ընդարձակ կոտկատեղը, ― ինձ թվում է, որ դուք մի կարևոր հանգմանք մոռացել եք, բարեկամս։ Չէ որ այս փառապանծ սուրը ձեր նախնիներն օգտագործել են միայն ազնիվ մարտում, քանզի ասված է․ «Սուրդ մի՛ մերկացրու պանդոկում»։
 
Թուրը թափահարող բարոնի դեմքին մտահոգություն հայտնվեց։
 
― Բայց ես ուրիշ թուր չունեմ, ― անվճռական ասաց նա։
 
― Առավել ևս, ― ազդեցիկ ասաց Ռումատան։
 
― Դուք այդպե՞ս եք կարծում։ ― Բարոնը դեռևս տատանվում էր։
 
― Ախր դուք ինձանից լավ գիտեք դա․․․
 
― Այո, ― ասաց բարոնը։ ― Դուք ճիշտ եք։ ― Նա նայեց վերև՝ կատաղորեն պտտվող իր դաստակին։ ― Դուք չեք հավատա, սիրելի Ռումատա, բայց ես երեք֊չորս ժամ կարող եմ այսպես․․․ ու բոլորովին չեմ հոգնում․․․ Էհ, ինչո՞ւ նա հիմա ինձ չի տեսնում։
 
― Ես կպատմեմ նրան, ― խոստացավ Ռումատան։
 
Բարոնը հոգոց հանեց ու իջեցրեց թուրը։ Գորշերը կծկվելով, ծլկեցին նրա կողքով։ Բարոնը հայացքով ուղեկցեց նրանց։
 
― Չգիտեմ, չգիտեմ, ― կասկածանքով ասաց նա։ ― Ինչ եք կարծում, ճիշտ արեցի՞, որ քամակներին շրխկացրի։
 
― Շատ ճիշտ արեցիք, ― համոզիչ տոնով ասաց Ռումատան։
 
― Ինչ արած, ― ասաց բարոնը, թուրը դնելով պատյանը։ ― Դե որ մեզ չհաջողվեց կռվել, ապա մենք կերուխումի իրավունք ունենք։
 
Բռնելով դեռևս ուշակորույս ընկած գորշ լեյտենանտի ոտքերից, բարոնը ցած քաշեց նրան սեղանից ու բամբ ձայնով գոռաց․
 
― Հե՜յ, տիրուհի։ Խմիչք ու ուտելիք բեր։
 
Նրանց մոտեցան ջահել ազնվականներն ու հարգալից շնորհավորեցին հաղթանակը։
 
― Եղածը մի բան չէր, ― բարեհոգաբար նկատեց բարոնը։ ― Վեց քոսոտ ստահակ, վախկոտ, ոնց որ բոլոր խանութպանները։ «Ոսկե պայտում» ես դրանցից քսան հոգու սատկացրի․․․ Բախտս բերել էր, ― դիմեց նա Ռումատային, ― որ այն ժամանակ այս մարտական թուրը չէր ձեռքիս։ Ես կարող էի մոռանալ ու թուրս մերկացնել։ Ու թեպետ «Ոսկե պայտը» պանդոկ չէ, այլ սոսկ միայն գինետուն․․․
 
― Ոմանք հենց այդպես էլ ասում են՝ «Սուրդ պատյանից մի հանիր գինետանը», ― ասաց Ռումատան։
 
Տիրուհին մսով լի նոր սկուտեղներ և գինու սափորներ բերեց։ Բարոնը թևքերը քշտեց ու գործի անցավ։
 
― Ի դեպ, ― ասաց Ռումատան։ ― Ովքե՞ր էին այն երեք գերիները, որոնց ազատեցիք «Ոսկե պայտում»։
 
― Ազատեցի՞, ― բարոնը դադարեց ծամել ու հայացքը հարեց Ռումատային։ ― Բայց, իմ ազնվազարմ բարեկամ, ես երևի այնքան էլ ճիշտ չեմ արտայատվել։ Ես ոչ ոքի չեմ ազատել։ Չէ՞ որ նրանք ձերբակալված էին, իսկ դա պետական գործ է․․․ Ինչո՞ւ պիտի ես նրանց ազատեի։ Ինչ֊որ մի դոն էր, երևի, վախկոտի մեկը, մի ծեր ուսյալ ու ծառան․․․ Նա վեր քաշեց ուսերը։
 
― Այո, իհարկե, ― տխուր ասաց Ռումատան։
 
Բարոնը հանկարծ կաս֊կարմիր կտրեց ու սարսափելի չռեց աչքերը։
 
― Ի՞նչ։ Նորի՞ց, ― ոռնաց նա։
 
Ռումատան հետ նայեց։ Դռան մոտ կանգնած էր դոն Ռիպատը։ Բարոնը շրջվեց, շուռ տալով աթոռներն ու ցած գցելով ափսեները։ Դոն Ռիպատը նշանակալիորեն նայեց Ռումատայի աչքերին ու դուրս եկավ։
 
― Ներողություն եմ խնդրում, բարոն, ― ասաց Ռումատան, վեր կենալով տեղից։ ― Արքունական ծառայություն․․․
 
― Ա՜․․․ ա՜, ― հիասթափված փնթփնթաց բարոնը։ ― Կարեկցում եմ․․․ Ոչ մի դեպքում չէի ծառայի․․․
 
Դոն Ռիպատը սպասում էր դռան հետևում։
 
― Ի՞նչ նորություն կա, ― հարցրեց Ռումատան։
 
― Երկու ժամ առաջ, ― գործնականորեն հաղորդեց դոն Ռիպատը, ― Թագի պահպանության մինիստր դոն Ռեբայի հրամանով ձերբակալեցի և Ուրախ Աշտարակ տարա դոնա Օկանային։
 
― Այդպես, ― ասաց Ռումատան։
 
― Մեկ ժամ առաջ Դոնա Օկանան մահացավ, չդիմանալով կրակով խոշտանգվելուն։
 
― Այդպե՜ս, ― ասաց Ռումատան։
 
Պաշտոնապես նրան մեղադրեցին լրտեսության մեջ։
 
Բայց․․․ ― Դոն Ռիպատը կմկմաց ու աչքերը գցեց հատակին։ ― Ես կարծում եմ․․․ Ինձ թվում է․․․
 
― Հասկանում եմ, ― ասաց Ռումատան։
 
Դոն Ռիպատը մեղավոր աչքերով նայեց նրան։
 
― Ես անզոր էի․․․ ― սկսեց նա։
 
― Դա ձեր գործը չէ, ― խռպոտ ձայնով ասաց Ռումատան։
 
Դոն Ռիպատի աչքերը նորից դարձան անկենդան։ Ռումատան գլխով հրաժեշտ տվեց նրան ու վերադարձավ բարոնի մոտ։ Բարոնը մաքրազարդել էր լցոնված սիպեներով սկուտեղը։
 
― Էստորական լցրեք, ― ասաց Ռումատան։ Ու թող էլի բերեն։ ― Նա հազաց։ ― Պիտի քեֆ անենք։ Գրո՜ղը տանի, քեֆ պիտի անենք․․․
 
Երբ Ռումատան ուշքի եկավ, զգաց, որ կանգնած է ինչ֊որ ամայի վայրում։ Արդեն բացվում էր թուխպ օրը, հեռվում ինչ֊որ տեղ խռպոտ ձայներով կանչում էին աքլոր֊ժամացույցները։ Կռռում էին մի տհաճ կույտի վերևում պտտվող ագռավները, և շուրջը խոնավ նեխահոտ էր փչում։ Գլխի մշուշն արագ ցնդում էր, վրա էր հասնում ընկալումների գերհստակության և որոշակիության ծանոթ զգացումը, լեզվի վրա դուրեկանորեն հալվում էր անանուխի դառնությունը։ Սոսկալի ցավում էին աջ ձեռքի մատները։ Ռումատան բռունցքը մոտեցրեց աչքերին։ Հոդերի մաշկը պլոկված էր, իսկ ափի մեջ սեղմված էր կասպարամիդի դատարկ սրվակը (հակաալկոհոլային թունավորման այդ հզոր դեղամիջոցը Երկիրը միշտ տալիս էր հետամնաց մոլորակներում աշխատող իր հետախույզներին)։ Երևում է, արդեն այստեղ, այս ամայի տեղում, երբ դեռ չէր ընկել խոզային վիճակի մեջ, Ռումատան առանց գիտակցելու, գրեթե բնազդորեն, բերանն էր լցրել սրվակի պարունակությունը։
 
Տեղանքը ծանոթ էր, հենց դիմացը սևին էր տալիս հրդեհված աստղադիտարանի աշտարակը, իսկ ձախ կողմում աղջամուղջի միջից նշամարվում էին մինարեթներ հիշեցնող թագավորական պալատի պահակային աշտարակները։ Ռումատան խոր շնչեց խոնավ ու պաղ օդը և քայլերն ուղղեց դեպի տուն։
 
Բարոն Պամպան չտեսնաված քեֆ արեց այդ գիշեր։ Անփող դոների ուղեկցությամբ, որոնք շատ արագ կորցրին մարդկային կերպարանքը, նա մի վիթխարի շրջան գործեց՝ մտնելով արկանարյան բոլոր գինետները, ու գինուն տալով ամեն ինչ, նույնիսկ շքեղ գոտին, սպառելով աներևակայելի քանակությամբ խմիչք ու խորտիկներ, և ճանապարհին մոտ ութ անգամ կռվի բռնվեց։ Համենայն դեպս, Ռումատան հստակ հիշում էր ութ կռիվները, որոնց ինքը խառնվել էր, ճգնելով բաժանել կռվողներին, որ գործը չհասնի սպանության։ Ուրիշ բան նա այլևս չէր հիշում, ամեն ինչ թաղված էր մշուշի մեջ։ Այդ մշուշից մերթ հառնում էին ատամների մեջ դաշույնն խրած գիշատիչ մռութներ, մեկ վերջին անփող դոնի անհեթեթ վշտահար դեմքը, որին բարոն Պամպան փորձում էր ստրկության վաճառել նավահանգստում, մերթ՝ մեծքթանի փրփրած իրուկանցուն, որը կատաղած պահանջում էր վերադարձնել իր ձիերը․․․
 
Սկզբում Ռումատան դեռ մնում էր որպես հետախույզ։ Բարոնին հավասար խմում էր իրուկանյան, էստորական, սոանայն, արկանարյան, սակայն ամեն անգամ նոր տեսակի գինու անցնելուց առաջ թաքուն կասպարամիդի մի հաբ էր դնում բերանը։ Նա դեռ պահպանում էր սթափությունը և, ըստ սովորության, նկատում էր խաչմերուկներում ու կամուրջների մոտ խմբված գորշ գրոհային պարեկներին, սոանյան ճանապարհի վրա գտնվող հեծայլ բարբարոսների ուղեկալը, որտեղ բարոնին հաստատ կգնդակահարեին, եթե Ռումատան չիմանար բարբարոսների լեզուն։ Նա հստակ հիշում էր, ինչպես ապշեց այն մտքից, երբ գլխի ընկավ, որ Հայրենասիրական դպրոցի առաջ անշարժ կանգնած կնգուղավոր, սև սքեմներով դիվային զինվորների շարքը վանքի դրուժինան է։ Եկեղեցին ի՞նչ գործ ունի այստեղ, մտածեց նա։ Այդ ո՞ր օրվանից է Արկանարում եկեղեցին միջամտում աշխարհիկ գործերին։
 
Նա դանդաղ էր հարբում, բայց և այնպես հարբեց միանգամից, և երբ մի պահ սթափվելով իր դիմաց տեսավ կտոր֊կտոր արված կաղնե սեղանը ինչ֊որ անծանոթ սենյակում, ձեռքում բռնած սուրը և իրեն ծափահարող անփող դոներին, մտածեց, որ տուն գնալու ժամանակն է։ Բայց արդեն ուշ էր։ Կատաղության և ամեն մարդկայինից ազատագրվելու նողկալի ու անպատկառ բերկրանքի ալիքն արդեն կլանել էր նրան։ Նա դեռևս մնում էր երկրացի մարդ, հետախույզ, ժառանգը կրակի ու երկաթի մարդկանց, որոնք հանուն վեհ նպատակի չէին խնայում ոչ իրենց, ոչ էլ ուրիշներին։ Նա չկարողացավ դառնալ Ռումատա Էստորացի, քսաներորդ սերունդը ռազմաշունչ նախնիների, որոնք հռչակված էին իրենց կողոպուտներով և հարբեցողութնամբ։ Բայց նա այլևս կոմունար էլ չէր։ Նա այլևս ոչ մի պարտականություն չուներ Էքսպերիմենտի հանդեպ։ Նրան մտահոգում էին սոսկ իր հանդեպ ունեցած պարտականությունները։ Նա այլևս ոչ մի կասկած չուներ։ Ամեն ինչ պարզ էր նրան, բացարձակապես ամեն ինչ։ Նա հաստատ գիտեր, թե ով է այս ամենի մեղավորը, և հաստատ գիտեր, թե ինքն ինչու է ուզում սրակոտոր անել, ողջակիզել, նիզակներով ու եղաններով պալատի աստիճաններից ներքև շպրտել ոռնացող ամբոխին։
 
Ռումատան ցնցվեց ու պատյանից հանեց թուրը։ Սայրերը բթացած էին, բայց՝ մաքուր։ Նա հիշում էր, որ մարտի էր բռնվել ինչ֊որ մեկի հետ, բայց ո՞մ։ Ու ինչպե՞ս էր վերջացել․․․
 
․․․ Ձիերը ծախել էին ու կոնծել։ Անփող դոները չքվել էին։ Ռումատան բարոնին իր տուն էր բերել (դա էլ էր հիշում)։ Պամպա դոն Բաուն առույգ էր, միանգամայն սթափ ու պատրաստ շարունակելու խրախճանքը․ պարզապես չէր կարողանում ոտքի վրա մնալ։ Բացի այդ, նա չգիտես ինչու կարծում էր, որ հենց նոր է հրաժեշտ տվել սիրելի տիկնոջն ու հիմա արշավանքի է դուրս եկել իր ոխերիմ թշնամի բարոն Կասկայի դեմ, որը ծայրաստիճան լկտիացել է։ («Դուք ասեք, սիրելիս, այդ սրիկան իր ազդրից վեցմատնանի տղա է ծնել ու անունը դրել Պամպա․․․»)։ «Արևը մայր է մտնում, ― հայտարարեց նա, նայելով մայրամուտ պատկերող գոբելենին։ ― Մենք կարող էինք մինչև լույս ուրախանալ այս գիշեր, իմ ազնիվ դոներ, բայց ռազմի սխրանքները պահանջում են քնել։ Արշավի ընթացքում ոչ մի կաթիլ գինի։ Եվ բարոնուհին էլ է դրան դեմ»։
 
Ի՞նչ։ Անկողի՞ն։ Ի՞նչ անկողին բաց դաշտում։ Մեր անկողինը մարտական նժույգի սթարն է։ Այս խոսքերն ասելով՝ նա պատից պոկեց տարաբախտ գոբելենը, փաթաթվեց մինչև գլուխը և շրխկոցով փռվեց անկյունում դրված աշտանակի տակ։ Ռումատան Ունոյին հրամայեց մի դույլ թթվաջուր դնել նրա կողքը։ «Համա լակել եք», ― մռթմռթաց Ունոն։ «Լռիր, հիմար, ― ասաց այն ժամանակ Ռումատան և․․․ Հետո ինչ որ բան եղավ։ Ինչ որ շատ գարշելի բան, որը ամբողջ քաղաքով մեկ քշեց նրան, հասցրեց այս ամայի դաշտը։ Ինչ֊որ շա՛տ֊շա՛տ սոսկալի, ամոթալի բան․․․
 
Նա հիշեց, երբ արդեն մոտենում էր տանը և, հիշելով, կանգ առավ։
 
․․․ Մի կողմ շպրտելով Ունոյին, աստիճաններով բարձրացավ ու մտավ նրա մոտ որպես տեր, ու լաուսամփոփի լույսի տակ տեսավ աղջկա սպիտակ դեմքը, սարսափից և զզվանքից խոշորացած աչքերը, և այդ աչքերում տեսավ ինքն իրեն՝ օրորվող, ոտքի վրա չկանգնող, կախ ընկած փսլնքոտ շրթունքով, քերծված բռունցքներով, կեղտոտ հագուստով, տեսավ երակներում կապույտ արյուն հոսող լկտի ու ստոր ստահակին, և այդ հայացքը հետ շպրտեց նրան դեպի սանդուխք, ներքև, միջանցք, մութ փողոց և հեռու, ավելի հեռու, ինչքան հնարավոր է հեռո՛ւ, հեռո՛ւ․․․
 
Ատամներն իրար սեղմելով և զգալով, որ ներսում ամեն ինչ սառել է ու քարացել, նա զգուշորեն բացեց դուռը և ոտնաթաթերի վրա մտավ միջանցք։ Անկյունում, վիթխարի ծովային կաթնասունի նման խաղաղ քնած էր բարոնը։ «Ով է», ― բացականչեց Ունոն, որն աղեղնազենը ծնկներին դրած ննջում էր աթոռի վրա։ «Կամաց», ― շշուկով ասաց Ռումատան։ ― Գնանք խոհանոց։ Մի տակառ ջուր բեր, քացախ, նոր շորեր։ Շուտ»։
 
Նա երկար ու մոլեգին գուհունակությամբ լվացվում էր և մարմինը շփում քացախով, վրայից մաքրելով գիշերվա մրուրը։ Ունոն, որը սովորականին հակառակ լուռ էր, անընդհատ պտտվում էր նրա չորս կողմը։ Եվ միայն հետո, երբ դոնին օգնում էր հագնելու հետևին ճարմանդներ կպցրած անհեթեթ մանուշակագույն տարազը, մռայլ հայտնեց․
 
― Երբ գիշերը փախաք, Կիրան ներքև իջավ ու հարցրեց, թե դուք տուն եկե՞լ եք։ Նա երևի կարծել է, թե երազ է տեսել։ Ես նրան ասացի, որ ինչ երեկ գնացել եք հերթապահության, այդպես էլ չեք վերադարձել․․․
 
Ռումատան շրջվեց ու խոր շունչ քաշեց։ Ունոյի ասածը նրան չթեթևացրեց։ Ընդհակառակը։
 
― ․․․ Իսկ ես ամբողջ գիշեր զենքը ձեռքիս նստել եմ բարոնի մոտ, վախենում էի, որ զարթնի ու վերև քշի․․․
 
― Շնորհակալություն, պստիկ, ― ճիգ գործադրելով, ասաց Ռումատան։
 
Նա հագավ կոշիկները, դուրս եկավ միջանցք և կանգնեց սև, մետաղափայլ հայելու առաջ։ Կասպարամիդը անխափան էր գործում։ Հայելու մեջ երևում էր նրբագեղ, առինքնող արտաքինով դոնի դեմքը, որը փոքր֊ինչ դալուկ էր հոգնեցուցիչ գիշերային հերթապահությունից հետո։ Ոսկե ապարոշով ագուցված խոնավ մազերը գեղեցիկ ալիքներով իջնում էին ուսերին։ Ռումատան մեքենաբար ուղղեց քթարմատի վերևում գտնվող օբյեկտիվը։ Համա թե լավ ներկայացում տեսան այսօր Երկրում, մռայլ մտածեց նա։
 
Լույսն արդեն բացվել էր։ Արևը ներս ընկավ փոշոտ ապակիներից։ Շրխկոցով բացվեցին պատուհանների փեղկերը։ Դրսում իրար հետ խոսում էին քնատ մարդիկ։ «Ո՞նց եք քնել, եղբայր Կիրիս»։ ― «Փառք աստծո, հանգիստ էր, եղբայր Տիկա։ Գիշերն անցավ, և փառք տանք աստծուն»։ ― «Իսկ ինչ֊որ մեկը մեր պատուհաններն էր ջարդում։ Ասում են, ազնվազարմ դոն Ռումատան գիշերը զվարճանում էր»։ ― «Ասում են, որ նրանց տանը հյուր կա»։ ― «Հիմա մի՞թե զվաարճանում են։ Հիշում եմ, երիտասարդ թագավորի օրոք այնպես էին զվարճանում, որ չնկատեցին էլ, թե ինչպես քաղաքի կեսը հրդեհվեց»։ ― «Ինչ ասեմ, եղբայր Տիկա։ Փառք աստծու, որ մեր հարևանը կարգին դոն է։ Տարին մի անգամ է զվարճանում, այն էլ․․․»։
 
Ռումատան բարձրացավ վերև, բախեց աշխատասենյակի դուռը և ներս մտավ։ Կիրան երեկվա պես նստած էր բազկաթոռին։ Նա բարձրացրեց աչքերը և վախեցած ու տագնապով լի հայացքը հառեց Ռումատային։
 
― Բարի լույս, փոքրիկս, ― ասաց Ռումատան, մոտեցավ, համբուրեց նրա ձեռքերը և նստեց դիմացի բազկաթոռին։
 
Կիրան շարունակում էր զննել նրա դեմքը, հետո ասաց․
 
― Հոգնե՞լ ես։
 
― Հա, մի քիչ։ Ու հիմա նորից պիտի գնամ։
 
― Բան սարքե՞մ քեզ համար։
 
― Շնորհակալություն, պետք չէ։ Ունոն կպատրաստի։ Գուցե միայն օձիքիս օծանելիք․․․
 
Ռումատան զգում էր, որ իրենց միջև հառնում է կեղծիքի պատը։ Սկզբում բարակ, իսկ հետո ավելի ու ավելի հաստ ու ամուր պատը․․․ Եվ արդեն ընդմիշտ, ամբողջ կյանքում կմնա այդ պատը, դառնացած մտածեց Ռումատան։ Նա նստել էր աչքերը փակ, մինչ աղջիկը տարբեր օծանելիքներ էր քսում նրա շքեղ օձիքին, դեմքին, ճակատին, մազերին։ Հետո Կիրան ասաց․
 
― Դու նույնիսկ չես հարցնում, թե ես ինչպես եմ քնել։
 
― Հը, ինչպե՞ս ես քնել, փոքրիկս։
 
― Երազ եմ տեսել։ Սոսկալի երազ, հասկանո՞մ ես։
 
Պատը դարձավ ամրոցի պարիսպ։
 
― Նոր տեղում միշտ էլ այդպես է լինում, ― կեղծեց Ռումատան։ ― Համ էլ, երևի, բարոնը ներքևում աղմկում էր։
 
― Ասե՞մ նախաճաշը բերեն, ― հարցրեց Կիրան։
 
― Ասա։
 
― Իսկ առավոտյան դու ի՞նչ գինի ես սիրում։
 
Ռումատան բացեց աչքերը։
 
Ջուր եմ ուզում, ― ասաց նա։ ― Առավոտյան ես չեմ խմում։
 
Կիրան դուրս եկավ սենյակից, և Ռումատան լսեց, թե նա ինչպես հանգիստ ու զրնգուն ձայնով է խոսում Ունոյի հետ։ Հետո վերադարձավ սենյակ, նստեց նրա բազկաթոռի կողքին ու սկսեց պատմել երազը, իսկ Ռումատան լսում էր հոնքերը խոժոռելով և զգալով, թե ինչպես ամեն րոպե պատն ավելի է հաստանում ու անխորտակելի դառնում, և ինչպես է այդ պատն իրեն հեռացնում իր միակ, այս հրեշավոր աշխարհում իսկապես հարազատ իր միակ էակից։ Եվ այնժամ նա ամբողջ մարմնով ընդոստ զարնվեց այդ պատին․
 
― Կիրա, ― ասաց նա։ ― Դա երազ չի եղել։
 
Ու առանձնապես ոչ մի բան չպատահեց։
 
― Իմ խե՜ղճ Ռումատա, ― ասաց Կիրան։ ― Սպասիր, ես հիմա թթվաջուր կբերեմ․․․
Ադմին, Վստահելի
1876
edits