Changes
— Իհարկե, դու ճիշտ ես, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ==
:::Որտեղ
:հնազանդեցնում
::են Վագրին
Ճագարն ու Դնչիկը նստել էին Վինի֊Թուխի տան շքամուտքի մոտ եւ լսում էին Ճագարին։ Վինի֊Թուխը նույնպես նրանց հետ էր։ Ամառային ալարկոտ կեսօր էր, եւ Անտառը լիքն էր խաղաղ ու քնկոտ հնչյուններով, որոնք կարծես ասում էին Թուխին․ «Մի լսիր Ճագարին։ Լսիր մեզ»։ Եվ Թուխը Ճագարին չլսելու ամենահարմար դիրքն ընդունեց ու փակեց աչքերը։ Երբեմն նա աչքերը բացում էր ու ասում․ «Ա՛յ֊ա՛յ֊ա՛յ», իսկ հետո նորից փակում էր, ասելով․ «Ճի՛շտ է, ճի՛շտ է»։ Ինքը՝ Ճագարը, ամենալուրջ տեսքով շարունակ հարցնում էր․ «Դու հասկանո՞ւմ ես, թե ես ինչը նկատի ունեմ, Դնչիկ», իսկ Դնչիկը ոչ պակաս լրջությամբ գլխով էր անում, որպեսզի ցույց տա, թե ինքն ամեն ինչ֊ամեն ինչ հասկանում է։
— Մի խոսքով,— վերջապես իր միտքն ավարտեց Ճագարը,— վերջերս Վագրն այնքան Երեսառած է դարձել, որ ժամանակն է մտածել նրան հնազանդեցնելու մասին։ Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Դնչի՛կ։
Դնչիկն ասաց, որ վագրը իսկապես սարսափելի Երեսառած է, եւ եթե գտնեն նրան հնազանդեցնելու ձեւը, ապա դա կլինի Շատ Լավ Միտք։
— Ես էլ եմ այդ կարծիքին, — ասաց Ճագարը։ — Իսկ դու ի՞նչ կասես, Թո՛ւխ։
Թուխը ցնցվելով բացեց աչքերն ու ասաց․
— Անպայմա՛ն։
— Ի՞նչը անպայման, — հարցրեց Ճագարը։
— Ինչ որ դու էիր ասում,— ասաց Թուխը։— Բացարձակապե՛ս։
Դնչիկն արմունկներով խփեց Թուխի կողքին, եւ Թուխը, որին ինչ֊որ բան ավելի ու ավելի համառորեն էր ինչ֊որ տեղ տանում, ոտքի ելավ ու սկսեց ուշկքի գալ։
— Բայց ինչպե՞ս այդ անենք,— հարցրեց Դնչիկը։
— Նրան պետք է լավ դաս տալ,— վճռականորեն ասաց Ճագարը։
«Դաս» բառը Վինի֊Թուխի մեջ անորոշ հիշողություններ արթնացրեց։
— Այնտեղ մի այսպիսի բան կար, որ կոչվում էր «Բազապատման» եւ մեկ էլ «Աղյուսիկ»,— ասաց նա։— Քրիստոֆեր Ռոբինը փորձում էր ինձ ծանոթացնել նրանց հետ, բայց դուրս չեկավ։
— Ի՞նչը դուրս չեկավ,— հարցրեց Ճագարը։
— Ո՞վ դուրս չեկավ,— հարցրեց Դնչիկը։
Թուխը գլուխն օրորեց։
— Չգիտեմ,— ասաց նա։ — Ոչինչ դուրս չեկավ։ Իսկ ինչի՞ մասին ենք խոսում։
— Թուխ, — հանդիմանեց Դնչիկը։ — Ուրեմն դու չէ՞իր լսում Ճագարին։
— Ես լսում էի, բայց ականջիս մեջ ինչ֊որ բան ընկավ։ Կրկինր, խնդրում եմ, Ճագար։
Ճագարը պատրաստ էր տասն անգամ էլ կրկնելու իր հրաշալի մտքերը, բայց հարցրեց, թե որտեղից սկսի, իսկ Վինի֊Թուխը պատասխանեց, որ, իհարկե, այնտեղից, երբ իր ականջը ինչ֊որ բան ընկավ։ Այդ ժամանակ Ճագարը հարցրեց, թե այդ երբ է եղել։
Թուխը պատասխանեց, որ լավ չի հիշում, որովհետեւ այնքան էլ ուշադիր չէր լսում։ Բայց Դնչիկը հարթեց դրությունը, ասելով, որ իրենք պարզապես մտածում էին, թե ինչպես խելքի բերեն Վագրին, որովհետեւ, չնայած բոլորն էլ նրան սիրում են, բայց չի կարելի ժխտել, որ սարսափելի Երեսառած է։
— Հիմա հասկացա,— ասաց Թուխը։
— Նա չափազանց շատ է թռչկոտում, — ասաց Ճագարը, — եւ մեր առջեւ էլ կթռչկոտի։ Հա֊հա֊հա՜։
Թուխը փորձեց մտածել, բայց այն բոլորը, ինչ անցնում էր նրա մտքով, միանգամայն անօգուտ էր։ Եվ նա կամացուկ երգեց ահա սա․
<poem>
Եթե Ճագարը
Քիչ խոշոր լիներ,
Ու եթե Վագրը
Մի քիչ հեզ լիներ,
Հիմար խաղերը
Սիրելի Վագրի
Ճագարին այդքան
Չէին վախեցնի։
Եթե միայն թե,
Եթե միայն թե,
Եթե միայն թե
Ճագարը մի քիչ,
Մի քիչ բոյ քաշի։
</poem>
— Ի՞նչ է Թուխը ֆսֆսացնում, — հարցրեց Ճագարը։— Որեւէ խելացի բա՞ն։
— Չէ,— տխուր ասաց Թուխը։
— Իսկ ես Գաղափար ունեմ, — ասաց Ճագարը, — ահա թե ինչպիսին․ Վագրին մեզ հետ արշավի կտանենք մի այնպիսի տեղ, որտեղ նա երբեք չի եղել, եւ իբր թե կկորցնենք այնտեղ։ Հաջորդ առավոտյան մենք կգնանք նրան կգտնենք, եւ այն ժամանակ, հիշեցեք իմ խոսքերը, այն ժամանակ Վագրն արդեն բոլորովին ուրիշ կլինի…
— Ինչո՞ւ, — հարցրեց Վինի֊Թուխը։
— Որովհետեւ նա դարձած կլինի Համեստ Վագր։ Որովհետեւ նա կդառնա Տխուր Վագր, Փոքրիկ Վագր, Խաղաղ ու Հարգալից Վագր, Հեզ Վագր, Վագր, որ ասում է․ «Սիրելի Ճագար, որքան ուրա՜խ եմ, որ տեսնում եմ քեզ»։ Ահա՛ թե ինչու։
— Իսկ նա ուրախ կլինի՞, եթե ինձ՝ Դնչիկիս տեսնի։
— Իհա՛րկե։
— Դա լավ է, — ասաց Թուխը։
— Բայց ես չէի ուզենա, որ նա միշտ Տխուր լինի, — անվստահ ասաց Դնչիկը։
— Վագրերը երբեք միշտ տխուր չեն լինում, — հանգստացրեց նրան Ճագարը։ — Նրանց տրամադրությունը զարմանալի կերպով արագ է բարձրանում։ Ես այդ մասին հարցրել եմ Բուին, պարզապես ճշտելու համար, եւ նա հաստատեց, որ Վագրերի տրամադրությունը իրոք շատ փոփոխական է, իհարկե, վատից դեպի լավը։ Բայց եթե մեզ հաջողվի ստիպել, որ Վագրը Փոքր ու Տխուր լինի գոնե հինգ րոպե, մենք արդեն բարի գործ կատարած կլինենք։
— Իսկ ի՞նչ կասեր Քրիստոֆեր Ռոբինը, եթե իմանար, — հարցրեց Դնչիկը։
— Ահա թե ինչ, — ասաց Ճագարը։ — Նա կասեր․ «Դնչի՛կ, դու բարի գործ ես կատարել։ Ես ինքս այդ կանեի, եթե այսքան զբաղված չլինեի։ Շնորհակալությո՝ւն, Դնչի՛կ։ Թուխից նո՛ւյնպես շնորհակալ եմ»։ Ահա թե ինչ կասեր Քրիստոֆեր Ռոբինը։
Դնչիկը սարսափելի ուրախացավ եւ վերջնականապես հավատաց, որ իրենք բարի գործ են սկսում, իսկ քանի որ Վինի֊Թուխն ու Ճագարը նույնպես պիտի մասնակցեին այդ գործին, ուրեմն նրան կարող էր մասնակցել եւ Շատ Փոքրիկ Արարածը եւ դրանից առաջ հանգիստ սրտով քնել։
Միայն մի հարց էր մնացել չլուծված, որտե՞ղ էին կորցնելու Վագրին։
— Մենք նրան Հյուսիսային Բեւեռ կտանենք, — ասաց Ճագարը, — որովհետեւ Հյուսիսային Բեւեռը մենք շատ երկար էինք գտնում, նշանակում է, Վագրը ստիպված կլինի այն շատ, շատ, շատ երկար կորցնել։ Հա֊հա֊հա՛։
Հիմա էլ ուրախանալու հերթը Թուխինն էր։ Չէ՞ որ Հյուսիսային Բեւեռը նա էր գտել, եւ երբ գնային այնտեղ, Վագրը կտեսներ այն մակագրությունը, որ ազդարարում էր․
::<b>ՀԱՅՏՆԱԳՈՐԾԵԼ Է ՎԻՆԻ֊ԹՈՒԽԸ</b>
:::<b>ԹՈ՛ՒԽԸ ԳՏԱՎ</b>
Եվ Վագրը կիմանա այն, ինչ հիմա, երեւի, չգիտի, այսինքն՝ թե ինչպիսի արջի հետ գործ ունի՝ Ա՛յ֊Քեզ Արջի։
Որոշվեց, որ արշավի կգնան վաղն առավոտյան, եւ Ճագարը, որ Կենգուի տնից հեռու չի ապրում, հիմա կգնա ու կհարցնի Վագրին, թե նա ինչ է մտադիր վաղն անել․ եթե զբաղված չի, գուցե միասին զբոսանքի գնան, Թուխին ու Դնչիկին էլ վերցնեն հետները։ Եվ եթե Վագրը ասի՝ «Լավ», ապա ամեն ինչ կարգին է, իսկ եթե ասի՝ «Ոչ»…
— Չի ասի, — հանգստացրեց Ճագարը, — հույսներդ ինձ վրա դրեք եւ չեք սխալվի։
Եվ նա առանց ժամանակ կորցնելու գնաց Վագրի մոտ։
Առավոտյան եղանակը վատացավ։ Արեւի ու ջերմության փոխարեն Անտառում մառախուղ էր ու ցուրտ։
Վինի֊Թուխը ոչ ցրտից էր վախենում, ոչ էլ մառախուղից, բայց երբ պատկերացրեց այն ամբողջ մեղրը, որ մեղուներն այդ օրը չէին սարքելու, սաստիկ խղճաց նրանց։ Նա այդ մասին ասաց Դնչիկին, որ եկել էր իր հետեւից, իսկ Դնչիկն ասաց, որ ինքն ավելի շատ մտածում է այն մասին, թե ինչքան ցուրտ ու տխուր է լինելու նրա համար, ում իրենք այսօր կորցնելու են Անտառի թավուտում։
Բայց երբ նրանք մոտեցան Ճագարի տանը, Ճագարն ասաց, որ եղանակը պարզապես օգնում է իրենց, որովհետեւ Վագրը միշտ առաջ է վազում, եւ հենց որ նա ծածկվի աչքից, իրենք մի կողմ կփախչեն ու այլեւս երբեք նրան չեն տեսնի։
— Բոլորովի՞ն երբեք, — հարցրեց Դնչիկը։
— Դե չէ, այնքան ժամանակ, մինչեւ որ կգտնեն նրան, Դնչիկը։ Մինչեւ վաղը կամ էլ մինչեւ մի այլ ժամանակ։ Գնացինք։ Նա սպասում է մեզ։
Երբ մոտեցան Կենգուի տանը, պարզվեց, որ Վագրի լավագույն բարեկամը՝ Ճստիկ Ռուն, նույնպես սպասում է իրենց, իսկ դա փչացնում էր ամբողջ գործը։ Բայց Ճագարը, թաթիկով բերանը ծածկած, շշնջաց Թուխին․ «Հույսներդ ինձ վրա դրեք», եւ մոտեցավ Կենգուին։
— Ես կարծում եմ, լավ կլինի, եթե Ռուն չգա, — ասաց նա։ — Այսօր չարժե։
— Ինչո՞ւ, — հարցրեց Ռուն, թեեւ ենթադրվում էր, որ նա չի լսում։
— Սարսափելի օր է, — ասաց Ճագարը, գլուխն օրորելով։ — Չորս կողմը խոնավ է ու ցուրտ։ Իսկ դու այսօր առավոտյան հազում էիր։
— Դու որտեղի՞ց գիտես, — վրդովված հարցրեց Ռուն։
— Թանկագինս, դու ինձ ոչինչ չես ասել, — հանդիմանանքով ասաց Կենգուն։
— Դա ուրիշ հազ էր, — ասաց Ռուն։ — Դա այնպիսի հազ չէր, որի մասին պատմում են մայրիկներին։
— Այնուամենայնիվ լավ կլինի, եթե այսօր չգնաս, թանկագինս։ Մի ուրիշ անգամ։
— Վա՞ղը, — հարցրեց Ռուն։
— Տեսնենք, — ասաց Կենգուն։
— Դու միշտ ասում ես տեսնենք, իսկ հետո ոչինչ էլ չի լինում, — տխուր ասաց Ճստիկ Ռուն։
— Այսպիսի օրը ոչինչի հնարավոր չէ տեսնել, — ասաց Ճագարը։ — Ես կարծում եմ, որ մենք հեռու չենք գնա եւ ճաշին բոլորս էլ… Մենք բոլորս… Մենք… Ա՛խ, Վագր, այդ դո՞ւ ես։ Գնացինք։ Շուտ առողջացիր, Ռու։ Ճաշից հետո մենք… Գնացի՞նք, Թուխ։ Բոլորը պատրա՞ստ են։ Հիանալի է, գնացի՛նք։
Եվ նրանք գնացին։ Սկզբում Թուխը, Ճագարը եւ Դնչիկը քայլում էին կողք֊կողքի, իսկ Վագրը հսկայական պտույտներ գործելով սլանում էր նրանց շուրջը։ Հետո, երբ արահետը նեղացավ, Ճագարը, Դնչիկը ու Թուխը գնում էին իծաշարուկ, իսկ Վագրը պտույտներ էր գործում նրանց շուրջը։ Եվ վերջապես, երբ արահետի երկու կողմում տատասկափշի փշոտ պատերը բարձրացան, Վագրը մեկ շատ առաջ էր վազում, մեկ վերադառնում, երբեմն ընկնելով Ճագարի վրա, երբեմն էլ ոչ։ Եվ ինչքան հեռու էին գնում, մառախուղն այնքան թանձրանում էր, այնպես որ Վագրը ժամանակ առ ժամանակ պարզապես կորչում էր աչքից, եւ այն պահին, երբ մտածում էին, որ այլեւս չկա, նա հանկարծ ձեր քթի տակ դուրս էր թռչում մռախուղի միջից, ասելով՝ «Ի՞նչ պատահեց ձեզ, մի քիչ արագ շարժվեք» ու մինչեւ կհասցնեին որեւէ բան պատասխանել, նորից անհետանում էր։
Ճագարը հետ նայեց ու հրեց Դնչիկին։
— Հաջորդ անգամ, — ասաց նա։ — Հայտնիր Թուխին։
— Հաջորդ անգամ, — ասաց Դնչիկը Թուխին։
— Հաջորդ անգամ ի՞նչ, — հարցրեց Թուխը Դնչիկին։
Վագրը դուրս թռավ մառախուղի միջից, քիչ մնաց գետին գլորեր Ճագարին, ու նորից անհետացավ։
— Ժամանակն է, — ասաց Ճագարը։
Նա դուրս թռավ արահետից ու վազեց մի կողմ։ Դնչիկն ու Թուխը սլացան նրա հետեւից։ Նրանք թաքնվեցին ձարխոտի բարձր թփի մեջ ու ականջ դրեցին։ Անտառում լռություն էր տիրում։ Նրանք ոչինչ չէին տեսնում ու ոչինչ չէին լսում։
— Սը՛սս… — ասաց Ճագարը։
— Ես առանց այդ էլ… — ասաց Թուխը։
Ոտնաձայներ լսվեցին… Եվ նորից լռություն տիրեց։
— Հե՜յ, — կանչեց Վագրը այնքան մոտիկից եւ այնքան անսպասելի, որ Դնչիկը երեւի վեր կթռչեր, եթե չպարզվեր, որ նրա մեծ մասի վրա նստած է Թուխը։
— Որտե՞ղ եք, աո՜ւ, — կանչում էր Վագրը։
Ճագարն արմունկով հրեց Թուխին, իսկ Թուխը շրջվեց, փնտրելով Դնչիկին, որպեսզի իր հերթին արմունկով հրի, բայց չգտավ, իսկ Դնչիկը շարունակում էր շնչել խոնավ ձարխոտի բուրմունքը եւ աշխատում էր շնչել ինչքան հնարավոր է անաղմուկ եւ իրեն չափազանց քաջ էր զգում։
— Այ քեզ հրա՛շք, — ասաց Վագրը։
Լռություն տիրեց, եւ մի քանի վայրկյան անց նրանք լսեցին Վագրի հեռացող ոտնաձայները։ Նրանք մի քիչ էլ սպասեցին, եւ Անտառն այնքան լուռ դարձավ, այնքան լուռ, որ եթե մի քիչ էլ սպասեին, երեւի սկսեին վախենալ։
Ճագարը ոտքի կանգնեց ու թափ տվեց իրեն։
— Դե, — հպարտությամբ շշնջաց նա։ — Տեսա՞ք։ Եղավ այնպես, ինչպես ասում էի։
— Ես հենց նոր մտածում էի, — ասաց Թուխը։ — Եվ ես մտածեցի…
— Ոչ, — ասաց Ճագարը, — դրա ժամանակը չէ։ Վազենք։ Գնացինք։
Եվ նրանք Ճագարի գլխավորությամբ փախուստի դիմեցին։
— Իսկ հիմա, — ասաց Ճագարը, — երբ բավականին վազել էին, — կարող ենք հանգստանալ ու խոսել։ Դու ինչ֊որ բա՞ն էիր ուզում ասել, Թո՛ւխ։
— Չէ, առանձնապես ոչինչ։ Իսկ ինչո՞ւ ենք այս կողմ գնում։
— Որովհետեւ սա տան ճանապարհն է։
— Ա֊ա՜, — ասաց Թուխը։
— Իսկ իմ կարծիքով պետք է մի քիչ աջ թեքվել, — անհանգիստ ասաց Դնչիկը, — Իսկ քո կարծիքո՞վ, Թո՛ւխ։
Թուխը նայեց իր առջեւի թաթերին։ Նա գիտեր, որ դրանցից մեկը աջն է, գիտեր նաեւ, որ եթե որոշի, թե որ մեկն է աջը, ապա մյուսը կլինի ձախը։ Բայց նա ոչ մի կերպ չկարողացավ հիշել, թե որից պիտի սկսի։
— Դե… — անվճռական սկսեց նա։
— Գնացինք, — ասաց Ճագարը։ — Ես ճանապարհը հիանալի գիտեմ։
Եվ գնացին։ Տասը րոպե անց նորից կանգ առան։
— Նույնիսկ ծիծաղելի է, — ասաց Ճագարը, — մի րոպե ինձ թվաց… Դե, իհարկե։ Գնացի՜նք։
Եվս տաս րոպե անց Ճագարն ասաց․
— Հիմա, իմ կարծիքով, մենք պետք է լինեինք… երեւի մի քիչ ավելի ենք աջ թեքվել, քան պետք էր։
— Դե, ահա եւ հասանք, — եւս մի տասը րոպե անց ասաց Ճագարը։ — Ինչո՞ւ է մառախուղի ժամանակ ամեն ինչ այսքան նման իրար։ Ծիծաղելի է։ Դու այդ նկատե՞լ ես, Թո՛ւխ։
Թուխն ասաց, որ նկատել է։
— Փառք աստծո, որ մենք լավ գիտենք մեր Անտառը, թե չէ կարող էինք մոլորվել, — ասաց Ճագարը եւս մի կես ժամ անց։ Եվ նա ծիծաղեց այնքան անհոգ, ինչպես կարող է ծիծաղել միայն նա, ով այնքան լավ գիտե Անտառը, որ չի կարող այնտեղ մոլորվել։
Դնչիկը հետ էր մնացել եւ վազելով հասավ Թուխին։
— Թո՛ւխ, — շշնջաց նա։
— Ի՞նչ, Դնչի՛կ։
— Ոչինչ, — ասաց Դնչիկն ու բռնեց Թուխի թաթից։ — Ես միայն ուզում եմ մոտ լինել քեզ։
Երբ Վագրը հոգնեց, սպասելով, որ իրեն կգտնեն, եւ ձանձրացավ մենակությունից, որովհետեւ ոչ մեկը չկար, որին կարողանար ասել՝ «Հը, գուցե գնա՞նք», նա շուռ եկավ ու վազեց տուն։
Նրան տեսնելով, Կենգուն ասաց․ «Ահա եւ մեր սիրելի Վագրը։ Ձկան յուղ խմելու ճիշտ ժամանակն է»։ Եվ նա Վագրին մի լիքը գավաթ ձկան յուղ տվեց։ Ճստիկ Ռուն հպարտ֊հպարտ ասաց․ «Իսկ ես արդեն խմել եմ»։ Վագրը կուլ տվեց գավաթի պարունակությունը, մինչեւ վերջին կաթիլը եւ ասաց․ «Ես նույնպես»։ Հետո նրանք սկսեցին խաղալ ու բարեկամաբար հրմշտել իրար, եւ Վագրը պատահաբար երկու աթոռ շուռ տվեց՝ սակայն դիտավորյալ, եւ Կենգուն ասաց․ «Հապա մի դուրս եկեք։ Շուտ, շուտ, այնտեղ կվազվզեք»։
— Ո՞րտեղ — հարցրեց Ռուն։
— Գնացեք սոճու կոներ բերեք վառարանի համար, — ասաց Կենգուն, զամբյուղը տալով նրանց։
Նրանք գնացին Վեց Սոճիների մոտ, իսկ այնտեղ սկսեցին կոներով իրար խփել եւ այնքան տարվեցին այդ խաղով, որ մոռացան, թե ինչու են Անտառ եկել։ Վերջում նրանք զամբյուղն էլ մոռացան ծառի տակ ու գնացին տուն ճաշելու։
Ճաշն արդեն մոտենում էր ավարտին, երբ Քրիստոֆեր Ռոբինը դռնից ներս նայեց։
— Ո՞րտեղ է Թուխը, — հարցրեց նա։
— Վագր, մանկիկս, որտե՞ղ է Թուխը, — հարցրեց Կենգուն։
Վագրը սկսեց բարատրել, թե ինչ է պատահել իրենց Անտառի թավուտում, Ճստիկ Ռուն սկսեց պատմել իր չարաբաստիկ հազի մասին, իսկ Կենգուն փորձում էր համոզել նրանց, որ միասին չխոսեն։ Այնպես որ բավականին ժամանակ անցավ, մինչեւ որ Քրիստոֆեր Ռոբինը հասկացավ, որ Թուխը, Դնչիկը, Ճագարը մոլորվել են Անտառի թավուտում եւ թափառում են մառախուղի մեջ։
— Ծիծաղելի է, — շշնջաց Վագրը Ռուի ականջին։ — Վագրերը երբե՛ք չեն մոլորվում։
— Իսկ ինչո՞ւ չեն մոլորվում, հը՞, Վագր։
— Չեն կարողանում եւ վերջ, — բացատրեց Վագրը։ — Այդպես են նրանք ստեղծված։
— Պետք է գտնել նրանց, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։ — Գնացի՛նք, Վագր։
— Կարելի՞ է, ես էլ գնամ նրանց փնտրելու, — հուզված ասաց Ճստիկ Ռուն։
— Ես կարծում եմ, որ ոչ այսօր, սիրելիս, — ասաց Կենգուն։ — Մի ուրիշ անգամ։
— Եթե նրանք վաղը նորից մոլորվեն, այն ժամանակ կարելի՞ է գնալ նրանց փնտրելու։
— Տեսնենք, — ասաց Կենգուն, եւ Ճստիկ Ռուն, որ հիանալի գիտեր, թե դա ինչ է նշանակում, սուսուփուս սենյակի անկյունը քաշվեց եւ սկսեց ցատկերի վարժություններ կատարել, որովհետեւ մի կողմից ցատկել էր ուզում, մյուս կողմիից էլ չէր ուզում, որ Քրիստոֆեր Ռոբինն ու Վագրը նկատեն, որ վշտացել է։
— Եվ այսպես, — ասաց Ճագարը, — մենք կարողացանք մոլորվել։ Այսպիսին են փաստերը։
Նրանք երեքով հանգստանում էին ավազով լցված մի փոքր փոսի մեջ։ Այդ փոսն արդեն սոսկալի ձանձրացրել էր Թուխին, եւ նա լրջորեն կասկածում էր, որ փոսը պարզապես հետապնդում է իրենց, որովհետեւ ինչ ուղղությամբ էլ գնում էին, վերջ ի վերջո ընկնում էին նրա մեջ։ Ամեն անգամ ընկնելով փոսի մեջ, Ճագարը հանդիսավոր ձայնով հայտարարում էր․ «Հիմա ես գիտեմ, թե մենք որտեղ ենք», իսկ Թուխը տխուր ասում էր․ «Ես նույնպես»։ Միայն Դնչիկն էր լուռ։ Նա շարունակ մտածում էր, թե ինչ ասի, բայց «փրկեցե՜ք, օգնեցե՜ք» բացականչությունից բացի, նրա մտքով ուրիշ բան չէր անցնում, իսկ այդ ասելը, հավանորեն, հիմարություն կլիներ, որովհետեւ իր հետ էին Թուխն ու Ճագարը։
Երկար ժամանակ լուռ էին։
— Դե ինչ արած, — վերջապես խոսեց Ճագարը, որն այդքան ժամանակ երեւի ապարդյուն սպասում էր, թե իրեն շնորհակալություն կհայտնեն հաճելի զբոսանքի համար։ — Գուցե գնա՞նք։
— Իսկ ինչ կլինի եթե… — առանց շտապելու սկսեց Թուխը, — եթե մենք, հենց որ կորցնենք այս փոսը, սկսենք նորից փնտրել։
— Հետո ի՞նչ, — հարցրեց Ճագարը։
— Ուզում եմ ասել, — շարունակեց Թուխը, — որ մենք ամբողջ ժամանակ Տուն ենք փնտրում եւ չենք գտնում։ Եվ ահա մտածում եմ, որ եթե մենք սկսենք փնտրել այս Փոսը, ապա անպայման չենք գտնի, որովհետեւ մենք այդ ժամանակ գուցե գտնենք, ինչը կարծես թե չենք փնտրում, եւ դա կարող է լինել այն, ինչը մենք իսկապես փնտրում ենք։
— Այդտեղ առանձնապես խելով բան չեմ տեսնում, — ասաց Ճագարը։
— Ոչ, — ասաց Թուխը համեստորեն, — այն չկա էլ։ Բայց երբ սկսեցի խոսել, կարծես թե կար, այսինքն՝ ուզում էր լինել։ Հավանորեն, նրա հետ ինչ֊որ բան պատահեց ճանապարհին։
— Եթե ես հեռանամ այս Փոսից, իսկ հետո հետ գամ, ապա, ինչ խոսք, կգտնեմ, — ասաց Ճագարը։
— Իսկ ես մտածում էի, որ չես գտնի, — ասաց Թուխը։ — Չգիտեմ ինչու այդպես եմ մտածում։
— Իսկ դու փորձից, — անսպասելի ասաց Դնչիկը։ — Մենք քեզ կսպասենք այստեղ։
Ճագարը փռթկացրեց, որպեսզի ցույց տա, թե որքան հիմար է Դնչիկը եւ անհետացավ մառախուղում։ Հարյուր քայլ հեռանալով, նա շրջվեց ու հետ քայլեց… Եվ այն բանից հետո, երբ Թուխն ու Դնչիկը քսան րոպե սպասեցին նրան, Թուխը ոտքի կանգնեց։
— Չգիտեմ ինչու ես այդպես էլ կարծում էի, — ասաց նա։ — Իսկ հիմա, Դնչիկ, տուն գնանք։
— Թո՛ւխ, — հուզմունքից դողալով ճղճած Դնչիկը։ — Մի՞թե դու գիտես ճանապարհը։
— Ոչ, — ասաց Թուխը, — չգիտեմ։ Բայց տանը, պահարանում ես տասներկու կճու մեղր ունեմ, եւ նրանք վաղուց կանչում են ինձ։ Ես չէի կարողանում կարգին լսել նրանց, որովհետեւ Ճագարը ամբողջ ժամանակ կարկուտի պես խոսում էր։ Բայց եթե բոլորը, բացի այդ տասներկու կճուճներից, լռեն, ապա կարծում եմ, Դնչիկ, որ ես կիմանամ, թե որտեղից են նրանք կանչում։ Գնա՛նք։
Նրանք գնացին, եւ Դնչիկը երկար ժամանակ լռում էր, որպեսզի չխանգարի կճուճներին, երբ հանկարծ թեթեւակի ծվծած… իսկ հետո ասաց՝ «օ՜, օ՜», որովհետեւ նրան թվաց, որ արդեն գիտե, թե որտեղ են գտնվում։ Բայց նա դեռեւս չէր համարձակվում բարձրաձայն ասել այդ մասին, որ հանկարծ չփչացնի գործը։
Եվ արդեն այն պահին, երբ նա այնքան համոզված էր, որ գիտե, թե որտեղ են գտնվում, որ այլեւս կարեւոր չէր՝ Թուխը լսում է իր կճուճներին, թե ոչ, լսվեց մի շատ ծանոթ ձայն, եւ մառախուղի միջից դուրս լողաց Քրիստոֆեր Ռոբինը։
— Ա՜խ, դուք այստե՞ղ եք, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը որքան կարող էր անփույթ, աշխատելով ցույց չտալ, թե որքան է հուզվել։
— Մենք այստեղ ենք, — ասաց Թուխը։
— Իսկ որտե՞ղ է Ճագարը։
— Չգիտեմ, — ասաց Թուխը։
— Այո՞։ Լավ, ես կարծում եմ, որ Վագրը կգտնի նրան։ Նա նույնպես ձեզ է փնտրում։
— Դա լավ է, — ասաց Թուխը։ — Ես պետք է տուն գնամ, որովհետեւ պետք է ուտեմ։ Դնչիկը նույնպես, որովհետեւ մինչեւ հիմա մենք ոչինչ ենք կերել եւ…
— Ես կուղեկցեմ ձեզ, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը։
Նա Թուխին տուն ուղեկցեց եւ նրա մոտ մնաց բավական երկար։
Իսկ Վագրը բարձրաձայն մռնչալով տակնուվրա էր անում Անտառը, որպեսզի գտներ Ճագարին։
Եվ, վերջապես, շատ Փոքր ու շատ Տխուր Ճագարը լսեց նրան։ Եվ այդ Փոքր ու Տխուր Ճագարը մառախուղի միջով գլխապատառ նետվեց դեպի ձայնը, որը անսպասելիորեն Վագր դարձավ․ Բարի Վագր, Մեծ Վագր, Ազատարար ու Փրկիչ Վագր, Վագր, որ եթե նույնիսկ երեկ առած էր (եթե միայն նա ընդհանրապես երեսառած էր), ապա էլի ամենալավ Վագրն էր աշխարհում։
— Սիրելի Վա՛գր, ինչքան ուրա՜խ եմ, որ տեսնում եմ քեզ, — գոռաց Ճագարը։