Changes
Թուխը փակեց աչքերը։
==ԳԼՈՒԽ ՏԱՍՆՅՈՒԹԵՐՈՐԴ==
:Որտեղ Իա֊Իան բուանոց է գտնում
::եւ Բուն տեղափոխվում է
Վինի֊Թուխը Թավուտ Անտառ գնաց ու կանգնեց Բուի Տան առաջ։ Հիմա դա բոլորովին տան նման չէր։ Ավելի շատ շուռ եկած ծառի էր նման․ իսկ երբ տունը սկսվում է այդպիսի տեսք ստանալ, նշանակում է, վաղուց ժամանակն է, որ նրա տերը փոխի իր հասցեն։
Առավոտյան Թուխը իր դռան վրա Խորհրդավոր Գրություն էր գտել, որը ազդարարում էր․
:<b>ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՀԱՍԾԵ ԲՈՒԻ ՀԱՄԱՐ
::ԴՈՒ ՆՈՒՅՆՊԵՍ ՃԱԳԱՐ</b>
Եվ մինչ Թուխը մտածում էր, թե դա ինչ կարող է նշանակել, եկավ Ճագարը ու բարձրաձայն կարդաց։
— Ես մյուսներին էլ եմ այսպիսի նամակներ ուղարկել,— ասաց Ճագարը։ — Բացատրում եմ, թե ինչի մասին է խոսքը, եւ նրանք նույնպես պետք է նոր հասծե, այսինքն՝ Բուի համար տուն փտնրեն։ Ներիր, ես շատ եմ շտապում, ցտեսություն։
Եվ նա վազեց։
Թուխն առանց շտապելու քայլեց նրա հետեւից։ Նա ավելի լուրջ գործ ուներ, քան Բուի համար տուն փնտրելը։ Նա պետք է Գովաբանական Երգ՝ Ճչանիկ, հորիներ նրա նախկին տան մասին։ Չէ՞ որ շատ օրեր առաջ նա խոստացել էր Դնչիկին, եւ սկսած այդ օրվանից, երբ էլ հանդիպեին, Դնչիկը, ճիշտ է, ոչինչ չէր ասում, բայց իսկուզն զգացվում էր, թե ինչի մասին նա ոչինչ չի ասում։ Իսկ եթե որեւէ մեկը Երգի (Ճչանիկի), Ծառի, Պարանի կամ Փոթորկի անուն էր տալիս, Դնչիկն իսկույն վարդագույն էր դառնում, սկսված քթի ծայրից, ու շտապում էր խոսել որեւէ այլ բանի մասին։
— Բայց դա այնքան էլ հեշտ չի,— ասաց Վինի֊Թուխը ինքն իրեն, շարունակելով նայել նրան, ինչը մի ժամանակ կոչվել էր Բուի Տուն։ — Ախր Պոեզիան, Ճչանիկները այնպիսի բան չեն, որ գտնես, երբ ուզում ես, դրանք այնպիսի բան են, որ իրենք են գտնում քեզ։ Եվ ես միայն մի բան կարող եմ անել՝ գնալ այնտեղ, որտեղ նրանք կարող են գտնել ինձ։
Եվ Վինի֊Թուխը համբերությամբ սպասում էր…
— Դե, — ասաց նա երկարատեւ լռությունից հետո,— թերեւս, կարող եմ սկսել․ «Վիթխարի կաղնին ընկած է ահա», որովհետեւ այն իսկապես ընկած է, եւ տեսնենք թե ինչ կստացվի։
Իսկ ստացվեց ահա թե ինչ․
:<b>ԳՈՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԳ</b>
::(Ճչանիկ)
<poem>
Վիթխարի կաղնին ընկած է ահա։
Բայց կար ժամանակ, երբ կանգնուն էր նա՝
Որտեղ Արջուկը սիրում էր հաճախ
Տանտիրուհու հետ զրուցել խաղաղ։
Եվ նրանց մտքով երբեք չէր անցնում,
Որ սարսափելի աղետ է սպասվում։
Բայց մի երեկո, երբ իր դղյակում
Բուն մեզ մորեղբոր մասին էր պատմում,
Փոթորիկն, ավա՜ղ, հանկարծ կատաղեց,
Առավ ու կաղնին գետին տապալեց։
Եվ մեզ այդ ժամին ոչ ոք չէր փրկի,
Եթե չլիներ Դնչիկը Արի։
Դնչիկը գոչեց․— Հե՜յ, մի՛ վհատվեք,
Ինձ համար իսկույն հաստ ճոպան գտեք,
Այսինքն՝ բարակ, շատ բարակ պարան՝
Քաջերի համար ի՛նչ ահ ու ի՛նչ բան․
Ջրհեղեղ լինի, փոթորիկ պայթի՝
Քաջը իր գործը, մեկ է, լավ գիտի։
Եվ մեր հերոսը խոյացավ դեպ վեր,
Այնտեղ, ուր լույս էր ճառագում երեր՝
«Նամակների ու Թերթերի Համար»
Ճեղքից նեղ, բարակ ու շատ անհարմար։
«Ախ» ու «վախ» էին ամենքը քաշում,
Միայն հերոսը ահ չէր ճանաչում։
Օ՜, Խիզա՜խ, Խիզա՜խ, Դնչիկ Դու համառ։
Վախենո՞ւմ էր նա, դողո՞ւմ էր, օ՜, ոչ՝
«Նամակների ու Թերթերի համար»
Ճեղքից նա անցավ առանց լաց ու կոծ։
Դժվար էր անչափ, սակայն նա անցավ
Ու նետի նման Անտառ սլացավ։
Այո, սլացավ նա նետի նման,
Գոռալով․— Փրկե՛ք, օգնեցե՛ք նրան։
Այսինքն՝ Թուխին։ Վա՜յ, Բուին նո՜ւյնպես
Օգնեցե՜ք, փրկե՜ք։ Դե՛սը եկեք, դե՛ս,
Ծուղակն են ընկել, գերի են նրանք
Բոլոր֊բոլորդ հասե՜ք, շուտ, արա՛գ։
Եվ շուտով բոլոր֊բոլորը եկան
(Ոչ թե դիտելու, այլ փրկելու մեզ)
Եվ տեղնուտեղը իսկույն ելք գտան
(Կամ էլ ելքն ինքը եկավ գտավ մեզ)։
Ուրեմն, դարեր թող փառաբանվի
Անհուն Սխրանքը Խիզախ Դնչիկի։
</poem>
— Ահա եւ վերջ, — ասաց Թուխը, երեք անգամ երգելուց հետո։ — Ստացվեց բոլորովին ոչ այն, ինչ սպասում էի, բայց ինչ֊որ բան ստացվեց։ Հիմա հարկավոր է գտնել Դնչիկին ու երգել նրա համար։
:<b>ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ԵՄ ՆՈՐ ՀԱՍԾԵ ԲՈՒԻ ՀԱՄԱՐ
::ԴՈՒ ՆՈՒՅՆՊԵՍ ՃԱԳԱՐ</b>
— Ի՞նչ է նշանակում այս ամենը,— հարցրեց Իան։ — Սա՛։
Ճագարը բացատրեց։
— Իսկ ի՞նչ է պատահել նրա հին տանը։
Ճագարը բացատրեց։
— Երբեք ինձ ոչինչ չեն պատմում, — ասաց Իան։ — Ոչ ոք ինձ տեղյակ չի պահում։ Հաջորդ ուրբաթ, իմ հաշվումներով, կլրանա տասնյոթերորդ օրը, երբ վերջին անգամ խոսել են հետս։
— Ասում ես՝ տասնյոթ… Երեւի չափազանցնում ես։
— Հաջորդ ուրբաթ,— պարզաբանեց Իան։
— Իսկ այսօր շաբաթ է,— ասաց Ճագարը, — նշանակում է, ընդամենը տասնմեկ օր։ Եվ բացի այդ, անձամբ ես այստեղ եմ եղել մի շաբաթ առաջ։
— Բայց զրույց տեղի չի ունեցել,— ասաց Իան։ — Մտքերի փոխանակություն չեղավ։ Դու ասացիր՝ «Ողջույն» ու սլացար առաջ։ Մինչեւ ես կմտածեի իմ պատասխանը, պոչդ երեւաց այստեղից մի հարյուր քայլի վրա։ Ես ուզում էի ասել՝ «Ի՞նչ, ի՞նչ», բայց հասկացա, որ արդեն ուշ է։
— Դե, ես շտապում էի։
— Նախ պետք է մեկը խոսի, հետո մյուսը,— շարունակեց Իան։ — Հերթով։ Այլապես դա չի կարելի զրույց համարել։ «Ողջո՛ւյն։ — Ի՞նչ, ի՞նչ»։ Իմ կարծիքով բացականչությունների նման փոխանակությունը ոչինչ չի տալիս։ Հատկապես, երբ գալիս է խոսելուդ հերթը, իսկ դու միայն խոսակցիդ պոչն ես տեսնում։ Այն էլ՝ հազիվ։
— Դու ինքդ ես մեղավոր, Իա։ Երբեք ոչ մեկիս մոտ չես գալիս։ Նստել ես քո անկյունում ու սպասում ես, որ մյուսները քեզ այցելեն։ Ինչո՞ւ երբեմն էլ ինքդ չես այցելում մեզ։
Իան մտքի մեջ ընկավ։
— Քո խոսքերում, Ճագար, թերեւս, ինչ֊որ բան կա,— ասաց նա վերջապես։ — Ես իսկապես արհամարհել եմ հասարակության օրենքները։ Ես պարտավոր եմ ավելի հաճախ երեւալ հասարակության մեջ։ Ես պարտավոր եմ պատասխանել այցելություններին։
— Ճիշտ է, Իա։ Ես մեզնից ում մոտ որ ուզում ես, ցանկացած ժամին։
— Շնորհակալություն, Ճագար։ Եվ եթե որեւէ մեկը ասի բարձրաձայն․ «Նորից այս Իան եկավ», ես կարող եմ գնալ։
Ճագարը անհամբեր ոտքից ոտք էր հենվում։
— Դե լավ, — ասաց նա,— ես պետք է գնամ։ Այսօր խիստ զբաղված եմ։
— Գնաս բարով,— ասաց Իան։
— Ինչպե՞ս։ Ա՜խ, մնաս բարո՛վ։ Եթե պատահաբար Բուի համար լավ տուն գտնես, մեզ իսկույն հայտնիր։
— Խոստանում եմ, — ասաց Իան։
Եվ Ճագարը գնաց։
Թուխը գտավ Դնչիկին, եւ նրանք միասին նորից Թավուտ Անտառ մտան։
— Դնչիկ, — ամաչելով ասաց Թուխը, երբ նրանք արդեն երկար ժամանակ լուռ քայլել էին։
— Այո՞, Թուխ։
— Դու հիշո՞ւմ ես, ասում էի՝ հարկավոր է Գովաբանական Երգ (Ճչանիկ) հորինել։ Դու Գիտե՞ս Թե Ինչի Մասին։
— Իսկապե՞ս, Թո՛ւխ, խռպոտ ձայնով հարցրեց նա։ — Այն… այն… այն… դեպքի մասի՞ն… Իսկապե՞ս պատրաստ է։
— Յոթը տնից է բաղկացած, Դնչի՛կ։
— Յո՞թ, — կրկնեց Դնչիկը աշխատելով խոսել որքան հնարավոր է անփույթ ձայնով։ — Կարծեմ դու այնքան էլ հաճախ չես յոթ տնանոց Ճչանիկներ հորինում։ Ճի՞շտ է, Թո՛ւխ։
— Երբեք, — ասաց Թուխը։ — Ես կարծում եմ, որ այդպիսի դեպք երբեք չի եղել։
— Եվ բոլոր֊բոլորը արդեն լսե՞լ են, — հարցրեց Դնչիկը։
— Ոչ, — ասաց Թուխը։ — Ես չգիտեմ ինչպես քեզ ավելի հաճելի կլինի․ եթե հիմա երգեմ, թե սպասենք, որ հանդիպենք բոլոր֊բոլորին, եւ այն ժամանակ երգեմ։ Միանգամից բոլորի համար։
Դնչիկը մի քիչ մտածեց։
— Ես մտածում եմ, որ ինձ հաճելի կլինի, Թուխ, եթե ինձ համար երգես հիմա… իսկ հետո երգես բոլոր֊բոլորի համար, որովհետեւ այն ժամանակ, երբ բոլոր֊բոլորը լսելիս կլինեն, ես կասեմ․ «Այո՛, այո՛, Թուխն ինձ ասել է» ու կձեւացնեմ, թե իբր չեմ լսում։
Եվ Թուխը երգեց Գովաբանական Երգը (Ճչանիկը) սկզբից մինչեւ վերջ։ Դնչիկը ոչինչ չէր ասում․ նա լուռ կանգնել ու կարմրում էր։ Չէ՞ որ դեռեւս ոչ ոք չէր ասել՝ «Դարեր թող փառաբանվի Անհուն Սխրանքը Խիզախ Դնչիկի»։ Երբ երգը ավարտվեց, նա շատ էր ուզում խնդրել, որ Թուխը տներից մեկը մի անգամ էլ երգի, բայց ամաչեց։ Դա այն տունն էր, որ սկսվում էր այս բառերով․ «Օ, Խիզա՜խ, Խիզա՜խ, Դնչի՛կ, Դու Համառ»։ Դնչիկն զգում էր, որ այդ տան սկիզբը առանձնապես հաջող է ստացվել։
— Մի՞թե ես այդ բոլորն իսկապես արել եմ, — վերջապես հարցրեց նա Վինի֊Թուխին։
— Ինչպես ասեմ, — ասաց Թուխը, — պոեզիայում՝ բանաստեղծություններում… Մի խոսքով, դու այդ արել ես, Դնչիկ, որովհետեւ բանաստեղծությունն ասում է, որ արել ես։ Այսպես է ընդունված։
— Օ՜յ — ասաց Դնչիկը։ — Ախր ես… ինձ թվում է, ես մի քիչ դողում էի։ Իհարկե, միայն սկզբում։ Իսկ այդտեղ ասվում է․ «Վախենո՞ւմ էր նա, դողո՞ւմ էր, օ՜, ո՛չ»։ Ահա թե ինչու եմ հարցնում։
— Դու ինքդ քեզ էիր դողում,— ասաց Թուխը։ — Իսկ քեզ նման Փոքրիկ Արարածի համար դա, թերեւս, ավելի մեծ քաջություն է, քան բոլորովին չդողալը։
Դնչիկը երջանկությունից հառաչեց։ Այսպես ուրեմն, նշանակում է նա քա՛ջ է եղել։
Բուի նախկին տան մոտ նրանք տեսան բոլորին, բացի Իայից։ Քրիստոֆեր Ռոբինը բացատրում էր, թե ինչպ պետք է անել, Ճագարը բացատրում էր, դարձյալ նույն բանը, երեւի նրանց համար, ովքեր գուցե լավ լսած չլինեին, իսկ մյուսներն անում էին այդ բանը։ Նրանք ինչ֊որ տեղից ճոպան էին ճարել եւ հիմա Բուի տնից աթոռներ, նկարներ ու ամեն տեսակի իրեր էին հանում, որպեսզի ամեն ինչ պատրաստ լիներ նոր տուն տեղափոխվելու համար։ Կենգուն կապկպում էր իրերն ու հարցնում էր Բուին․ «Ես կարծում եմ, որ ամանեղեն լավնալու այս հին ու կեղտոտ սրբիչը քեզ այլեւս պետք չի գա։ Ուղեգորգը նույնպես, ամբողջովին ծածկվել է», իսկ Բուն վրդովված պատասխանում էր․ «Իհարկե, պետք կգա, պետք է միայն ճիշտ դասավորել կահույքը։ Իսկ դա ոչ թե ամանեղենի սրբիչ է, այլ իմ շա՛լը»։
Ճստիկ Ռուն րոպեն մեկ անհետանում էր տանը, շուտ֊շուտ հայտնվում՝ հեծած հերթական առարկայի վրա, որը բարձրացնում էին ճոպանով, եւ դա մի քիչ նյարդայնացնում էր Կենգուին, որովհետեւ նա չէր կարողանում ինչպես պետք է հետեւել նրան։ Նա նույնիսկ գոռաց Բուի վրա, հայտարարելով, որ նրա տունը պարզապես ամոթ ու խայտառակություն է․ այնքան կեղտոտ է, որ կարելի է զարմանալ, թե ինչպես ավելի շուտ շուռ չի եկել։ Մի այստտե՛ղ նայեք, այս անկյունը պարզապես բորբոսնել է։ Այստեղ սո՛ւնկ է բուսել, թունավո՛ր սունկ։ Բուն խիստ զարմացավ։ Նա նայեց, ապա կծու հեգնանքով ծիծաղելով բացատրեց, որ դա իր սպունգն է, եւ եթե չեն կարողանում ամենասովորական սպունգը տարբերել թունավոր սունկից, ապա լա՜վ ժամանակներում ենք ապրում…
Ճստիկ Ռուն ծվծվալով իրեն ներս գցեց․
— Ես ուզում եմ տեսնել Բուի սպունգը։ Ախ, ահա։ Օ՜յ, Բո՛ւ, Բո՛ւ, սա սպունգ չի, այլ կեղտ։ Դու գիտես ի՞նչ բան է կեղտը, Բո՛ւ։ Քո սպունգը կեղտից բոլորովին…
Կենգուն շտապ֊շտապ ասաց․ «Ռո՛ւ, սիրելի՛ս, չի կարելի այդ տոնով խոսել նրա հետ, ով կարողանում է գրել «շափաթ» բառը։
Եվ ամենքն էլ շատ ուրախացան, երբ եկան Թուխն ու Դնչիկը։ Նրանք աշխատանքը դադարեցրին, որպեսզի մի քիչ հանգստանան եւ լսեն Թուխի նոր Ճչանիկը (Գովաբանական Երգը)։ Եվ ահա, երբ բոլոր֊բոլորը ասացին, որ դա շատ լավ Գովաբանական երգ է (Ճչանիկ), Դնչիկն անփութորեն հարցրեց․
— Իսկապե՞ս, լավ երգ է։
— Իսկ որտե՞ղ է նոր տունը,— հարցրեց Թուխը։ — Դու տուն գտե՞լ ես, Բու։
— Նա անուն է գտել նոր տան համար, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ծուլորեն խոտի բարակ ցողուն ծամելով։ — Այնպես որ մնացել է միայն տուն գտնելը։
— Տունս ես այսպես կանվանեմ,— լուրջ տեսքով ասաց Բուն եւ ցույց տվեց այն, ինչի վրա չարչարվում էր՝ մի քառակուսի տախտակ, որի վրա քսմսված էր․
::<b>ՓՈՒԱՆՈՑ</b>
Հենց այդ հետաքրքիր պահին էլ Թավուտից դուրս թռավ ինչ֊որ մեկը եւ թռավ Բուի վրա։ Տախտակը գետին ընկավ, եւ դեպի տախտակը վազեցին Դնչիկն ու Ռուն։
— Ա՜խ, այդ դո՞ւ ես, — բարկացած ասաց Բուն։
— Բարեւ, Իա, — ասաց Ճագարը, — վերջապե՜ս։ Որտե՞ղ էիր մինչեւ հիմա։
Իան ոչ մեկի վրա ուշադրություն չդարձրեց։
— Բարի լույս, Քրիստոֆեր Ռոբին, — ասաց նա, հրեց Ռուին ու Դնչիկին եւ նստեց «Փուանոցի» վրա։ — Մենք մենա՞կ ենք։
— Այո, — ասաց Քրիստոֆեր Ռոբինը, ժպիտը հազիվ զսպելով։
— Ինձ հայտնեցին, թեւավոր լուրը հասավ նաեւ Անտառի իմ անկյունը՝ խոնավ հովիտը, որը ոչ մեկին պետք չէ, որ մի Ոմն Տիկին տուն է փնտրում։ Ես նրա համար տուն եմ գտել։
— Կեցցե՜ս, — մեծահոգաբար ասաց Ճագարը։
Իան ուսի վրայից չափեց նրան ու կրկին Քրիստոֆեր Ռոբինին դարձավ։
— Մեր միջեւ որոշ բաներ եղել են, — շարունակեց բարձր շշնջոցով, — բայց դա կարեւոր չէ։ Մոռանանք հին վիրավորանքներն ու գողացված պոչերը։ Մի խոսքով, եթե ուզում ես, Քրիստոֆեր Ռոբին, գնանք ինձ հետ, եւ ես ցույց կտամ տունը։
— Քրիստոֆեր Ռոբինը ոտքի թռավ։
— Գնանք, Թո՛ւխ, — ասաց նա։
— Գնանք, Վա՛գր, — կանչեց Ճստիկ Ռուն։
— Գուցե մե՞նք էլ գնանք, — ասաց Ճագարը Բուին։
— Մի րոպե, — ասաց Բուն, բարձրացնելով իր հասցեատախտակը, որը հենց նոր ազատվել էր։
Իան բացասաբաց առջեւի ոտքը թափահարեց։
— Մենք Քրիստոֆեր Ռոբինի հետ գնում ենք զբոսանքի, — ասաց նա։ — Զբոսանքի՛ եւ ոչ թե հրմշտվելո՛ւ։ Եթե նա ուզում է, որ Թուխը եւ Դնչիկը նույնպես գան, ես դեմ չեմ, ուրախ եմ նույնիսկ․ բայց մենք պետք է շնչել կարողանանք։
— Դե լավ, թող այդպես լինի, — ասաց Ճագարը, գլխի ընկնելով, որ վերջապես առիթ է ստեղծվում մյուսներին հրամայելու։ — Իսկ մենք կշարունակենք իրերի տեղափոխումը։ Գործի անցնենք, բարեկամներ։ Հե՛յ, Վա՛գր, որտե՞ղ է ճոպանը։ Ի՞նչ է պատահել, Բո՛ւ։
Բուն, որ հենց նոր հայտնաբերել էր, որ իր նոր հասցեն՝ «Փուանոցը», իր սպունգի նման կեղտոտվել է, բարկացած ֆշշացրեց Իայի կողմը, բայց ոչինչ չասաց, եւ Իշուկը, «Փուանոցի» մեծ մասը իր հետույքին առած, քարշ եկավ բարեկամների հետեւից։
Շուտով նրանք մոտենում էին այն տանը, որը գտել էր Իան։ Բայց նախքան տունը կերեւար, Դնչիկն արմունկով արդեն հրել էր Թուխին, իսկ Թուխը՝ Դնչիկին, եւ նրանք հրհրում էին իրար ու ասում․ «Հենց դա՛ է»։ — «Չի՛ կարող պատահել»։ — «Քեզ բան եմ ասում»։
Իսկ երբ նրանք տեղ հասան, դա իսկապես հենց դա՛ էր։
— Ահա, — հպարտ ասաց Իան, կանգնելով Դնչիկի տան առաջ։ — Ես տուն, եւ ցուցատախտակ։ Ամեն ինչ տեղում է։
— Վա՛յ֊վա՛յ֊վա՛յ, — բացականչեց Քրիստոֆեր Ռոբինը, չիմանալով ինչ անել՝ ծիծաղել, թե լաց լինել։
— Ավելի հարմար տուն Բուի համար դժվար է նույնիսկ գտնել։ Հը, ի՞նչ կարծիքի ես, Փոքրիկ Դնչիկ, — հարցրեց Իան։
Եվ այստեղ Դնչիկը Վեհանձն Արարք կատարեց։ Նա այդ կատարեց ասես երազում, հիշելով բոլոր այն հրաշալի բառերը, որ նրա մասին գրել էր Թուխը։
— Այո, ավելի հարմար տուն Բուի համար դժվար է գտնել, — մեծահոգաբար ասաց նա։ — Ես հույս ունեմ, որ նա այստեղ իրեն երջանիկ կզգա, — եւ Դնչիկը երկու անգամ իրար հետեւից թուք կուլ տվեց, որովհետեւ ախր ինքը այնտեղ նույնպես երջանիկ էր եղել։
— Իսկ դու ի՞նչ կարծիքի ես, Քրիստոֆեր Ռոբին, — անհանգստացած հարցրեց Իան, զգալով, որ ինչ֊որ բան կարգին չէ։
Քրիստոֆեր Ռոբինը մի հարց պետք է տար, եւ նա չգիտեր, թե ինչպես տա այդ հարցը։
— Դե, — ասաց նա վերջապես, — սա շատ լավ տուն է, եւ եթե քամին մեկի տունը շուռ է տվել, նա ստիպված է տեղափոխվել ուրիշ տեղ։ Ճի՞շտ է, Դնչիկ։ Ի՞նչ կանեիր դու, եթե քամին քո տունը ավերած լիներ։
Եվ նախքան Դնչիկը գլխի կընկներ, թե ինչ պատասխանի, նրա փոխարեն պատասխանեց Թուխը։
— Նա կտեղափոխվեր ապրելու ինձ մոտ, — ասաց Թուխը։ — Ճի՞շտ է, Դնչիկ։
Դնչիկը սեղմեց նրա թաթը։
— Շնորհակալություն, Թուխ, — ասաց նա։ — Մեծ ուրախությամբ։