Changes
«Ի՜նչ վիրավորական է»,— մտածեց մարդը։ Այլեւս հասկանալի էր, անդունդը առջեւում չէ, որի եզրին ընդհատվում է կյանքը։ Որ մահը դարանակալ չի սպասում առջեւը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից եւ երբ հասավ քեզ, առջեւում ոչինչ չի լինելու։ Եվ ոչ էլ անցյալում, որ ափսոսաս։ Եվ, այնուամենայնիվ, ափսոս էր այդ կյանքը։ Ափսոս էր այդպես մանրամասնորեն ապրել ու մատնել մոռացության։ Ափսոս էր այդ երեխան։ Խավարող հիշողության մեջ կայծկլտացող այդ լույս երեխայի պատկերն էր ափսոս, որ անիմանալի է ինչպես՝ լուծվեց այս մռայլ կազմի մեջ — ինքը անէացավ՝ անհասկանալի է երբ։ «Գրողը տանի քո անհավես մարմինը»,— դառնացավ մենակ մարդը։
— Ի՜նչ լավ էր, այն երեխան չգիտեր քո գոյության մասինե։ մասին։
Եվ զգույշ, որպեսզի մարմնի մեջ մի տեղ մի ջիլ ցավոտ ձիգ չտա, զգույշ եւ ուշադիր վեր կացավ՝ իր համար սուրճ դնելու։ Հիմա ինքը պիտի խնձոր կլպելիս լիներ։ Կամ որդու հեծանիվը սարքելիս պիտի լիներ։ Կամ նման այլ բաներ, որ տանը անում են 50֊ից հետո։ Այնինչ, հիմա իր ողջ կենսագործունեությունը ուղղված էր սեփական անձը սպասարկելուն։ Եվ ամեն մի գործողություն եթե ոչ անիմաստ, գոնե ձանձրալի էր։ Կլպած, կտրտած ու բոլորեքյան ափսեի մեջ շարած խնձորի համից ուրախացող չկար, հեծանիվը արագ գործի գցող հոր ձեռքի հմտությունով հպարտացող չկար, եւ նա դարձել էր ինքն իր ջանքերի սպառողը, ինքն իրեն գնահատողը՝ սալաթի համուհոտի հարցում, նույնիսկ ինքն իր ունկնդիրը, որովհետեւ սկսել էր ինքն իր հետ խոսել։ Երեք հարյուր քայլի վրա պետք է լիներ ծովը, որի ո՛չ շունչն էր զգացվում, ո՛չ ձայնն էր լսվում, որովհետեւ ծովը քաղաքից կտրում էր գիշեր֊ցերեկ շառաչող մայրուղին։