==IX==
Գարնան մի երեկո, մարտի վերջերին, երբ գետնի երեսին այլևս ձյուն չկար, և հիվանդանոցի այգում սարյակներ էին երգում, բժիշկը դուրս եկավ իր բարեկամ փոստապետին մինչև դարպասը ճանապարհ դնելու։ Հենց այղ պահին բակ էր մտնում ավարից վերադարձող ջհուդ Մոիսեյկան։ Նրա գլխին գդակ չկար, բոբիկ ոտքերին հագել էր սաղր կրկնակոշիկներ և ձեռքին բռնած ուներ մի փոքրիկ քսակ՝ ողորմություն ստացած դրամով։
— Մի կոպեկ տա՜ս,— դիմեց նա բժշկին, ցրտից դողալով ու ժպտալով։
Անդրեյ Եֆիմիչը, որ երբեք չէր կարողանում մերժել, նրան ողորմություն տվեց մի տասը կոպեկանոց։
«Այս ի՜նչ վատ բան է,— մտածեց նա, նայելով Մոիսեյկայի մերկ ոտքերին ու կարմրած, վտիտ կոճերին։— Չէ՞ որ եղանակը խոնավ է»։
Եվ դրդված մի զգացումից, որը նման էր և՛ կարեկցության, և զզվանքի, նա հրեայի հետևից ֆլիգել Ֆլիգել գնաց՝ մեկ նրա ճաղատին նայելով, մեկ ոտքերի կոճերին։ Երբ բժիշկը ներս մտավ, Նիկիտան վեր թռավ հնոտիների կույտի վրայից ու ձիգ կանգնեց։
— Բարև՛, Նիկիտա,— ասաց Անդրեյ Եֆիմիչը մեղմությամբ,—արդյոք — արդյոք չէ՞ր կարելի այս հրեային կոշիկ տալ, ապա թե ոչ կմրսի։
— Լսում եմ, ձերդ գերազանցություն։ Ես կզեկուցեմ վերակացուին։
— Բարի եղիր։ Դու խնդրիր նրան իմ անունից։ Ասա՛, որ ես եմ խնդրել։
Նախասենյակից հիվանդասենյակ տանող դուռը բաց էր։ Իվան Դմիտրիչը արմունկին հենված՝ պառկած էր անկողնում և անհանգստացած ականջ էր դնում օտար ձայնին. նա հանկարծ ճանաչեց բժշկին։ Զայրույթից նա ամբողջ մարմնով ցնցվեց, վեր թռավ տեղից, երեսը կարմրած, չարացած աչքերը ճակատը թռած՝ վազեց հիվանդասենյակի մեջտեղը։
— Բժի՜շկն է եկել,— գոչեց նա ու քրքչաց։— քրքջաց։— Վերջապե՜ս։ Պարոնա՛յք, շնորհավորում եմ, բժիշկը մեզ արժանացնում է իր այցելությանը։ Անիծվա՜ծ զեռուն,— ճղճղաց նա և այնպիսի մոլեգնությամբ, որ երբեք չէին տեսել հիվանդասենյակում, ոտքը հատակին խփեց։— Սպանե՛լ այդ զեռունին։ Ո՛չ, սպանելը քիչ է։ Գցե՛լ արտաքնոցը, խեղդե՛լ այնտեղ։
Անդրեյ Եֆիմիչը, լսելով այդ, նախասենյակից հիվանդասենյակի ներսը նայեց և հարցրեց մեղմորեն.
— Ինչի՞ համար։
— Ինչի՞ համար,— բղավեց Իվան Դմիտրիչը, սպառնալից տեսքով նրան մոտենալով և ջղաձգաբար փաթաթվելով խալաթի մեջ։— Ինչի՞ համար։ Գո՜ղ,— արտասանեց նա զզվանքով ու շրթունքներին այնպիսի ձև տալով, ասես ցանկանում էր թքել։— Շառլատա՛ն։ Դահի՛ճ։
— Հանգստացե՛ք,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ մեղավորի ժպիտով։— Հավատացնում եմ ձեզ, ես երբեք և ոչինչ չեմ գողացել, իսկ մնացածը դուք, հավանորեն, խիստ չափազանցնում եք։ Ես տեսնում եմ, որ դուք բարկացած եք ինձ վրա։ Հանգստացե՛ք, խնդրում եմ ձեզ, եթե կարող եք, և ասեք սառնասրտությամբ՝ ինչի՞ համար եք բարկացած։
— Իսկ դուք ինչո՞ւ եք ինձ այստեղ պահում։
— Նրա համար, որ դուք հիվանդ եք։
— Հա՛, հիվանդ եմ։ Բայց չէ՞ որ տասնյակ, հարյուրավոր խելագարներ ազատ շրջում են, որովհետև ձեր տգիտությունն անընդունակ է նրանց առողջներից զանազանելու։ Իսկ ինչո՞ւ ե՛ս և այս դժբախտները պետք է նստենք այստեղ բոլորի տեղը, որպես քավության նոխազներ։ Դուք, բուժակը, վերակացուն և հիվանդանոցի բոլոր սրիկաները բարոյական տեսակետից անչափելիորեն ցածր եք մեր յուրաքանչյուրից. իսկ ինչու ենք մենք այստեղ նստած, իսկ դուք՝ ո՛չ։ Որտե՞ղ է տրամաբանությունը։
— Բարոյական հանգամանքները և տրամաբանությունն այստեղ դեր չունեն։ Բոլորը կախված է դիպվածից։ Ում նստեցրել են, նա էլ նստած է, իսկ ում չեն նստեցրել, նա զբոսնում է, ահա բոլորը։ Որ ես բժիշկ եմ, իսկ դուք հոգեկան հիվանդ՝ դրա մեջ ո՛չ բարոյական բան չկա, ոչ էլ տրամաբանություն, այլ կա միայն դատարկ պատահականություն։
— Այդ դատարկաբանությունը ես չեմ հասկանում...— խուլ ձայնով ասաց Եվան Դմիտրիչը և նստեց իր մահճակալին։
Մոիսեյկան, որին Նիկիտան քաշվել էր բժշկի ներկայությամբ խուզարկել, իր անկողնի վրա դասավորել էր հացի պատառներ, թղթի կտորներ ու ոսկորներ և տակավին ցրտից դողալով՝ արագ ու երգեցիկ եղանակով ինչ֊որ բան ասաց հրեերեն։ Երևի նա երևակայեց, թե կրպակ է բացել։
— Ինձ ազատ արձակեցեք,— ասաց Իվան Դմիտրիչը, և նրա ձայնը դողաց։
— Չեմ կարող։
— Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ։
— Որովհետև այդ իմ իշխանությունից դուրս է։ Ինքներդ դատեցեք՝ ձեզ բաց թողնելուց ի՞նչ օգուտ։ Ասենք գնացիք։ Քաղաքացիները կամ ոստիկանությունը ձեզ կբռնեն և ետ կբերեն։
— Այո՛, այո՛, այդ ճիշտ է...— ասաց Իվան Դմիտրիչը և ճակատը շփեց։— Սարսափելի դրություն է։ Բայց ես ի՞նչ անեմ։ Ի՞նչ։
Իվան Դմիտրիչի ձայնը և նրա երիտասարդ, խելոք դեմքը՝ ծամածռություններով հանդերձ, դուր եկան Անդրեյ Եֆիմիչին։ Նա ուզեց փաղաքշել և հանգստացնել այդ երիտասարդին։ Անդրեյ Եֆիմիչը նստեց նրա կողքին, անկողնի վրա, մտածեց ու ասաց.
— Դուք հարցնում եք, թե ի՞նչ անել։ Գտնվելով այսպիսի վիճակում՝ ձեզ համար ամենալավագույնն է փախչել այստեղից։ Բայց, ցավոք սրտի, այդ անօգուտ է։ Ձեզ կբռնեն։ Երբ հասարակությունը պաշտպանում է իրեն ոճրագործներից, հոգեկան հիվանդներից և ընդհանրապես անհարմար մարդկանցից, նա անհաղթելի է։ Ձեզ մի բան է մնում՝ հանգստանալ, մտածելով, որ ձեր այստեղ մնալն անհրաժեշտ է։
— Այդ ոչ ոքի պետք չէ։
— Քանի որ գոյություն ունեն բանտեր և գժանոցներ, դե, ուրեմն, մեկնումեկը պետք է նստի այնտեղ։ Եթե ոչ դուք, ապա ես, ոչ ես, ապա մի որևէ երրորդը։ Սպասեցեք, մինչև հեռավոր ապագայում բանտերի ու գժանոցների գոյության վերջը կգա, այլևս ոչ պատուհանները ճաղեր կունենան և ոչ էլ զսպաշապիկներ կլինեն։ Իհարկե, վաղ թե ուշ կգա այդպիսի ժամանակ։
Իվան Դմիտրիչը ծաղրաբար ժպտաց։
— Դուք կատակում եք,— ասաց նա՝ աչքերը կկոցելով։— Այնպիսի պարոնները, ինչպիսին դուք եք և ձեր օգնական Նիկիտան, ապագայի հետ ոչ մի գործ չունեն, բայց հավատացած կարող եք լինել, մեծարգո պարոն, կգան լավագո՜ւյն ժամանակներ։ Ոչինչ, որ գռեհիկ եմ արտահայտվում, ծիծաղեցե՛ք, բայց կշողա նոր կյանքի արշալույսը, ճշմարտությունը կհաղթի, և մեր փողոցում տո՜ն կլինի։ Ես այդ ժամանակին չեմ արժանանա, կսատկեմ, բայց որևէ մեկի ծոռները հո կարժանանա՜ն։ Ողջունո՜ւմ եմ նրանց ամբողջ սրտով և ուրախանո՜ւմ, ուրախանո՜ւմ նրանց փոխարեն։ Հառա՜ջ։ Թո՛ղ աստված օգնի ձեզ, բարեկամնե՜րս։
Իվան Դմիտրիչի աչքերը փայլեցին, նա ոտքի ելավ և, ձեռքերը տարածելով դեպի պատուհանը, հուզված ձայնով շարունակեց.
— Այս ճաղերի հետևից օրհնո՜ւմ եմ ձեզ։ Կեցցե՜ ճշմարտությունը։ Հրճվո՜ւմ եմ։
— Հրճվելու առանձին պատճառ ես չեմ գտնում,— ասաց Անդրեյ Եֆիմիչը, որին Իվան Դմիտրիչի շարժումը դերասանական թվաց և միևնույն ժամանակ շատ դուր եկավ։— Բանտեր և գժանոցներ չեն լինի, և ճշմարտությունը, ինչպես դուք բարեհաճեցիք արտահայտվել, կհաղթի, բայց չէ՞ որ իրերի էությունը չի փոխվի, բնության օրենքները դարձյալ նույնը կմնան։ Մարդիկ կհիվանդանան, կծերանան ու կմեռնեն ճիշտ այնպես, ինչպես և հիմա։ Ինչպիսի հիասքանչ արշալույս էլ որ լուսավորի ձեր կյանքը, այսուամենայնիվ, վերջիվերջո ձեզ դագաղ կդնեն ու փոսը կնետեն։
— Հապա անմահությո՞ւնը։
— է՜, դուք էլ ինչ եք ասում։
— Դուք չեք հավատում, դե՛, իսկ ես հավատում եմ։ Դոստոևսկու թե Վոլտերի մոտ ինչ֊որ մեկն ասում է, որ եթե աստված չլիներ, մարդիկ նրան կստեղծեին։ Իսկ ես խորապես համոզված եմ, որ եթե անմահություն չկա, մարդու վեհ խելքը վաղ թե ուշ այն կհնարի։
— Լավ է ասված,— ասաց Անդրեյ եֆիմիչը՝ բավականությունից ժպտալով։— Այդ լավ է, որ դուք հավատում եք։ Այդ հավատն ունենալով, մինչև անգամ ողջ֊ողջ որմաթաղ արված վիճակում կարելի է իրեն երջանիկ զգալ։ Շնորհ արեք ասելու՝ դուք որևէ տեղ կրթություն ստացե՞լ եք։
— Այո՛, սովորել եմ համալսարանում, բայց չեմ ավարտել։
— Դուք մտածող և լրջմիտ մարդ եք։ Ամեն մի պարագայում դուք կարող եք ձեր հոգին խաղաղեցնել ձեր իսկ ունակությամբ։ Կյանքի ըմբռնման ձգտող ազատ և խոր մտածողությունը ու կատարյալ արհամարհանքը դեպի աշխարհի հիմար ունայնությունը,— ահա այն երկու բարիքները, որոնցից բարձրը մարդս երբեք չի տեսել։ Դուք ևս կարող եք տիրանալ դրանց, թեկուզև երեքտակ ճաղերի հետևում ապրելիս լինեք։ Դիոգենեսն ապրում էր տակառի մեջ, սակայն բոլոր երկրավոր թագավորներից երջանիկ էր։
— Ձեր Դիոգենեսը դդումի մեկն էր,— մռայլ ասաց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ եք ինձ պատմում Դիոգենեսից և ինչ֊որ ըմբռնումից,— հանկարծ բարկացավ նա և տեղից թռավ։— Ես սիրո՜ւմ եմ կրքոտությա՜մբ։ Ես ունեմ մտամոլություն, թե ինձ հալածում են, և մի մշտական տանջող վախ, բայց լինում են րոպեներ, երբ ինձ համակում է կյանքի ծարավը, և այն ժամանակ ես վախենում եմ, թե կխելագարվեմ։ Սոսկալի՜ ապրել եմ ուզում, սոսկալի՜։
Նա հուզված քայլեց հիվանդասենյակում և, ձայնը ցածրացնելով, ասաց.
— Երբ ես երազում եմ, ինձ ուրվականներ են այցելում։ Ինչ֊որ մարդիկ են գալիս ինձ մոտ, ես լսում եմ ձայներ, երաժշտություն, և ինձ թվում է, թե ես զբոսնում եմ ինչ֊որ անտառներում. ծովի ափին, և այնպես բուռն կերպով ցանկանամ ցանկանում եմ իրարանցում, հոգսեր... Ասե՛ք ինձ, դե՛, այնտեղ ի՞նչ նորություն կա,— հարցրեց Իվան Դմիտրիչը։— Ի՞նչ կա այնտեղ։
— Դուք քաղաքի՞ մասին եք ցանկանում իմանալ, թե՞ ընդհանրապես։
— Դե՛, նախ ինձ պատմեցեք քաղաքի մասին, իսկ հետո՝ ընդհանրապես։
— Ի՞նչ ասեմ։ Քաղաքում տաղտկալի ձանձրույթ է տիրում... Չկա մեկը, որի հետ մի խոսք փոխանակես, չկա մեկը, որին լսես։ Նոր մարդիկ չկան։ Սակայն մոտ ժամանակներս եկավ երիտասարդ բժիշկ Խոբոտովը։
— Նա մի օրով է եկել։ Հը՛, անտա՞շ մարդ է։
— Այո՛, կուլտուրական մարդ չէ։ Տարօրինակ է, գիտեք... Ամեն ինչից դատելով, մեր մայրաքաղաքներում մտավոր լճացում չկա, կա շարժում. նշանակում է, այնտեղ իսկական մարդիկ էլ պետք է լինեն, բայց, չգիտես ինչու, ամեն անգամ այնտեղից այնպիսի մարդիկ են ուղարկում մեզ մոտ, որ երեսներին էլ նայելու չէ։ Դժբա՜խտ քաղաք է։
— Այո՛, դժբախտ քաղաք է,— հառաչեց Իվան Դմիտրիչը և ծիծաղեց։— Իսկ ընդհանրապես ինչպե՞ս է։ Լրագրերում և ժուռնալներում ի՞նչ են գրում։
Հիվանդասենյակում արդեն մութն էր։ Բժիշկը ոտքի կանգնեց և կանգնած սկսեց պատմել, թե ի՛նչ են գրում արտասահմանում ու Ռուսաստանում և ներկայումս մտքի ինչ ուղղություն է նկատվում։ Իվան Դմիտրիչն ուշադիր լսում և հարցեր էր տալիս, բայց հանկարծ, կարծես ինչ֊որ սոսկալի բան հիշելով, գլուխը բռնեց և պառկեց անկողնի վրա՝ թիկունքը բժշկին դարձրած։
— Ձեզ ի՞նչ պատահեց,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը։
— Դուք այլևս ինձանից ոչ մի բառ չեք լսի,— կոպտաբար խոսեց Իվան Դմիտրիչը։— Թողե՛ք ինձ։
— Իսկ ինչո՞ւ։
— Ասում եմ ձեզ՝ թողե՞ք։ Ինձնից ի՞նչ եք ուզում։
Անդրեյ Եֆիմիչր թոթվեց ուսերրուսերը, հառաչեց ու դուրս գնաց։ Նախասենյակից անցնելիս նա ասաց.
— Արդյոք չէ՞ր կարելի այստեղ մաքրել, Նիկիտա... Սոսկալի՜ ծանր հոտ է։
— Լսում եմ, ձերդ գերազանցություն։
«Ի՜նչ հաճելի երիտասարդ է,— մտածում էր Անդրեյ Եֆիմիչը՝ տուն գնալով։— Այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ ես ապրում եմ այստեղ, կարծեմ, սա առաջին մարդն է, որի հետ կարելի է զրուցել։ Նա կարողանում է դատել և հետաքրքրվում է հենց նրանով, ինչով պետք է»։
Կարդալու ժամանակ և ապա երբ պառկեց քնելու, նա միշտ մտածում էր Իվան Դմիտրիչի մասին, իսկ հաջորդ առավոտյան, արթնանալով, հիշեց, որ երեկ ծանոթացել է մի խելացի ու հետաքրքրական մարդու հետ և վճռեց առաջին իսկ հնարավորության դեպքում մեկ անգամ էլ գնալ նրա մոտ։
==X==