Changes

Հիվանդասենյակ համար 6

720 bytes removed, 23:27, 10 Նոյեմբերի 2013
/* XVIII */
==XVIII==
    Անդրեյ Եֆիմիչը քաշվեց դեպի պատուհանը և նայեց դաշտին։ Արդեն մթնում էր, և հորիզոնի վրա աջ կողմից ծագում էր պաղ, ծիրանագույն լուսինը։ Հիվանդանոցի ցանկապատից ոչ հեռու, ոչ ավելի, քան հարյուր սաժենի վրա, գտնվում էր քարաշեն պարսպով շրջապատված մի բարձր, սպիտակ տուն։ Այդ բանտն էր։
    «Ահա այս է իրականությունը»,— մտածեց Անդրեյ Եֆիմիչը և սարսափեց։
    Սարսափելի էին և՛ լուսինը, և՛ բանտը, և՛ ցանկապատի կատարի մեխերը, և՛ հեռավոր բոցը ոսկոր այրելու գործարանում» Թիկունքից հառաչանք լսվեց։ Անդրեյ Եֆիմիչը նայեց ետ, տեսավ փայլուն աչքերով ու շքանշանները կրծքին մի մարդու, որը ժպտում էր և խորամանկորեն աչքով անում։ Այդ ևս սարսափելի թվաց։
    Անդրեյ Եֆիմիչն իրեն հավատացնում էր, որ լուսնի և բանտի մեջ առանձին ոչինչ չկա, որ հոգեպես առողջ մարդիկ ևս շքանշաններ են կրում և որ ժամանակի ընթացքամ բոլորը կփտի և հող կդառնա, բայց հուսահատությունը հանկարծ պատեց նրան, նա երկու ձեռքով բռնեց ճաղերը և ամբողջ ուժով ցնցեց։ Ամուր ճաղերը չխորտակվեցին։
    Հետո, որպեսզի այնքան էլ սարսափ չզգա, նա գնաց դեպի Իվան Դմիտրիչի անկողինը և նստեց։
    — Ես հոգեպես ընկճվել եմ, թանկագի՛նս,— մրմնջաց նա դողալով և սառը քրտինքը սրբելով։— Հոգեպես ընկճվել եմ։
    — Որ ընկճվում եք, փիլիսոփայեցեք,— ծաղրանքով ասաց Իվան Դմիտրիչը։
    — Աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ... Այո՛, այո՛... Հրամանքդ մեկ անգամ ասում էիք, թե Ռուսաստանում փիլիսոփայություն չկա, բայց փիլիսոփայում են բոլորը, մինչև անգամ աննշան մարդիկ։ Բայց չէ՞ որ աննշան մարդկանց փիլիսոփայելուց ոչ ոք վնաս չի կրում,— ասաց Անդրեյ Եֆիմիչն այնպիսի տոնով, կարծես թե ուզում էր արտասվել. ու կարեկցություն զարթեցնել։— Իսկ ինչի՞ համար է, թանկագի՛նս, այդ չար ծաղրը։ Եվ այդ աննշան մարդիկ ինչպե՞ս չփիլիսոփայեն, եթե նրանք բավարարված չեն։ Խելոք, կրթված, հպարտ, ազատասեր մարդը, այդ աստծու նման մարդը ուրիշ ելք չունի, քան իբրև բժիշկ գնալ մի կեղտոտ, հիմար, փոքրիկ քաղաք և իր ամբողջ կյանքում՝ բանկաներ, տզրուկներ, մանանեխի ծեփելի՜ք։ Շառլատանաթյո՜ւն է, նեղմտությո՜ւն, գռեհկությո՜ւն։ Ո՛հ, աստվա՜ծ.իմ։
    — Դուք հիմար բաներ եք դուրս տալիս։ Եթե բժիշկ լինելը զզվելի էր, գնայիք դառնայիք մինիստր։
    — Ո՛չ մի տեղ, ո՛չ մի տեղ չի կարելի։ Մենք թույլ ենք, թանկագինս... Ես անտարբեր էի, աշխույժ ու առողջ էի դատում, սակայն բավական էր միայն, որ կյանքը ինձ կոպտաբար դիպչեր, որպեսզի ես հոգեպես ընկճվեի... Ուժասպառությո՜ւն։ Թույլ ենք մենք, անպետք ենք մենք... Դուք նույնպես, թանկագինս... Դուք խելացի եք, առաքինի, ձեր մոր կաթի հետ ծծել եք ազնիվ մղումներ, բայց հենց որ կյանք մտաք, հոգնեցիք ու հիվանդացաք... Թո՜ւյլ ենք, թո՜ւյլ։
    Սարսափի և վիրավորանքի զգացումից բացի, երեկոն իջնելու հետ, Անդրեյ Եֆիմիչին ամբողջ ժամանակ տանջում էր ևս մի ինչ֊ որ բան, որից նա ազատվել չէր կարողանում։ Վերջապես նա գլխի ընկավ, որ սիրտն ուզում է գարեջուր և ծխախոտ։
    — Ես այստեղից դուրս կգամ, թանկագինս,— ասաց նա։ Կասեմ, որ այստեղ ճրագ բերեն... Այսպես չեմ կարող... Անկարո՜ղ եմ...
    Անդրեյ Եֆիմիչը գնաց դեպի դուռը և բաց արեց, բայց Նիկիտան իսկույն ոտքի ելավ և նրա ճանապարհը կտրեց։
    — Ո՞ւր եք գնում։ Չի՛ կարելի, չի՛ կարելի,— ասաց նա։ — Քնելու ժամանակ է։
    — Բայց ես միայն մի րոպեով, բակում մի քիչ ուզում եմ ման գալ,— վախենալով ասաց Անդրեյ Եֆիմիչը։
    — Չի՛ կարելի, չի՛ կարելի, հրամայված չէ: Ինքներդ գիտեք։
    Նիկիտան դուռը շրխկոցով ծածկեց և մեջքը հենեց նրան։
    — Բայց եթե ես այստեղից դուրս գամ, դրանից ո՞ւմ ինչ կպատահի,— հարցրեց Անդրեյ Եֆիմիչը՝ ուսերը թոթվելով։— Չե՜մ հասկանում։ Նիկի՛տա, ես պետք է դուրս գնամ,— ասաց նա դողացող ձայնով։— Ինձ հարկավոր է։
    — Անկարգություն մի՛ արեք, լավ չէ,— ասաց Նիկիտան խրատական տոնով։
    — Սատանան գիտե, թե այս ինչ է,— ճչաց հանկարծ Իվան Դմիտրիչը և վեր թռավ։— Նա ի՞նչ իրավունք ունի չթողնելու։ Ինչպե՞ս են նրանք համարձակվում մեզ այստեղ պահել։ Օրենքում, կարծեմ, պարզ ասված է, որ առանց դատարանի ոչ ոքի չի՜ կարելի ազատությունից զրկել։ Սա բռնությո՜ւն է։ Կամայականությո՜ւն։
    — Իհա՜րկե, կամայականություն է,— ասաց Անդրեյ Եֆիմիչը՝ Իվան Դմիտրիչի բղավոցից խրախուսված։— Ինձ հարկավոր է, ես պե՛տք է դուրս գնամ։ Նա իրավունք չունի՜։ Դո՜ւրս թող, քեզ ասում են։
    — Լսո՞ւմ ես, բթամիտ անասուն,— բղավեց Իվան Դմիտրիչը և բռունցքով բախեց դուռը։— Բա՛ց արա, ապա թե ոչ ես դուռը կջարդեմ։ Անխի՜ղճ։
    — Բա՛ց արա,— բղավեց Անդրեյ Եֆիմիչը՝ ամբողջ մարմնով դողալով։— Ես պահանջո՜ւմ եմ։
    — Դու դեռ խոսի՛ր,— պատասխանեց Նիկիտան դռան հետևից,— խոսի՛ր։
    — Գոնե գնա՛ Եվգենի Ֆյոդորիչին այստեղ կանչիր։ Ասա՛, որ ես նրան խնդրում եմ շնորհ բերել... մի րոպեով։
    — Վաղը նա ինքը կգա։
    — Մեզ երբե՜ք բաց չեն թողնի,— այդ միջոցին շարունակում էր Իվան Դմիտրիչը։— Մեզ այստեղ կփտեցնե՜ն։ Ո՛հ, տեր աստված, մի՛թե իրոք այն աշխարհում դժոխք չկա, և այս սրիկաները ներվելո՞ւ են։ Ո՞ւր է արդարությունը։ Բա՛ց արա, սրիկա՛, ես խեղդվո՜ւմ եմ,— բղավեց նա խռպոտ ձայնով և սկսեց մարմնով դուռը հրել։— Ես գլուխս կջախջախե՜մ։ Մարդասպաննե՜ր։
    Նիկիտան արագ բաց արեց դուռը, կոպտաբար, երկու ձեռքով ու ծնկով ետ մղեց Անդրեյ Եֆիմիչին, հետո բռունցքը բարձրացրեց և մի հարված հասցրեց նրա դեմքին։ Անդրեյ Եֆիմիչին թվաց, թե մի ահագին աղահամ ալիք ծածկեց իրեն գլխովին ու քարշ տվեց դեպի մահճակալը։ Եվ իրոք, նա բերանում աղի համ էր զգում, երևի ատամներից արյուն հոսեց։ Նա, կարծես դուրս լողալ ցանկանալով, թափահարեց ձեռքերը և բռնեց ինչ֊որ մեկի մահճակալից ու այդ ժամանակ զգաց, որ Նիկիտան երկու անգամ խփեց իր մեջքին։
    Իվան Դմիտրիչը բարձր ճչաց։ Երևի նրան էլ ծեծեցին։
    Ապա ամեն ինչ խաղաղվեց։ Ճաղերի միջով գալիս էր լուսնի լույսը, և հատակին փռված էր մի ստվեր, որ նման էր ցանցի։ Սարսափելի էր։ Անդրեյ Եֆիմիչը պառկեց ու շունչը պահեց. նա սարսափով սպասում էր, թե իրեն մի անգամ էլ կխփեն։ Կարծես մեկը մանգաղը վերցրեց, խրեց նրա մարմնի մեջ և մի քանի անդամ անգամ պտտեց կրծքում ու աղիքներում։ Ցավից նա բարձը կծեց ու ատամները սեղմեց, և հանկարծ նրա գլխում քաոսի մեջ պայծառորեն փայլատակեց մի սարսափելի, անտանելի միտք, որ ճիշտ այդպիսի ցավ պետք է զգացած լինեին տարիներ շարունակ, օրը օրին, այս մարդիկ, որոնք այժմ, լուսնի րւյսի տակ սև ստվերներ են թվում։ Ինչպե՞ս էր պատահել, որ ավելի քան քսան տարվա ընթացքում նա այդ չիմացավ և չցանկացավ իմանալ։ Նա ցավ չէր զգացել, գաղափար չուներ դրա մասին, նշանակում է՝ մեղավոր չէ, բայց խիղճը, որ նույնքան կամակոր է և կոպիտ, ինչպես Նիկիտան, սարսռեցրեց նրա մարմինը՝ ծոծրակից մինչև կրունկները։ Նա վեր թռավ, ուզեց բղավել ամբողջ ուժով և արագ վազել, որպեսզի սպանի Նիկիտային, ապա Խոբոտովին, վերակացուին ու բուժակին, հետո իրեն, բայց կրծքից ոչ մի ծպտուն դուրս չեկավ ու ոտքերն իրեն չհնազանդվեցին. շնչահեղձ լինելով՝ նա քաշեց, պատռեց խալաթի ու շապկի կուրծքը և ուշաթափված գլորվեց մահճակալին։
==XIX==