Changes
― Հիմար պարտք է ,― չզիջեց Կ֊ն։
― Թեկուզ։ Սակայն եկեք նման խոսակցությունների վրա ժամանակ չվատնենք։ Ես մտածեցի, թե Դուք ուզում եք բանկ գնալ։ Իսկ եթե բառերի հանդեպ այդքան ուշադրություն եք հանդես բերում, կավելացնեմ միայն, որ Ձեզ չեմ ստիպում բանկ գնալ։ Պարզապես ենթադրեցի, թե ուզում եք,և, որպեսզի ձեր գործը հեշտացնենք ու բանկ մտնելը հնարավորին չափ աննկատ դարձնենք, այս երեք պարոններին՝ Ձեր գործընկներներին, դնում ենք Ձեր տրամադրության տակ։ ― Ինչպե՞ս,― բացականչեց Կ֊ն և, զարմացած աչքերը հառեց երեքին։ Այդ սակավարյուն, աննշան արտաքինով երիտասարդները, որոնց նա շարունակ որպես լուսանկարների մոտ կանգնած խումբ էր մտապահել, իրոք, իրենց բանկի աշխատակիցներն էին։ Ո՛չ գործընկերները (վերակացուն չափազանցրեց, և դա ցույց տվեց, որ նա այնքան էլ ամենագետ չէ), բայց, համենայն դեպս, ենթակա ծառայողներ էին։ Ինչպե՞ս կարող էր Կ֊ն անուշադրության մատնել նրանց։ Ինչքան պետք է նա տարված լիներ պահակներով ու վերակացուով, որ այդ երեքին չճանաչեր․ փայտ կուլ տված, ձեռքերը ճոճող Ռաբենշտայներին, աչքերի խորը դրվածք ունեցող դեմքով շիկահեր Կուլլիխին և Կամիներին՝ իր անտանելի, մկանների խրոնիկական ձգվածության պատճառած ժպիտով։ ― Բարի լույս։― Քիչ անց ասաց Կ֊ն և քաղաքավարի խոնարհվող պարոններին պարզեց ձեռքը։― Չճանաչեցի ձեզ։ Իսկ հիմա գործի գնանք, այնպես չէ՞։ Պարոնները, ժպտալով, եռանդուն գլխով արեցին, կարծես ամբողջ ժամանակ այդ առաջարկին էին սպասել։ Միայն, երբ Կ֊ն գլխարկը մոռացավ (սենյակում էր մնացել), նրանք բոլորն իրար հետևից վազեցին բերելու, և դա ցույց տվեց, թե որքան շփոթված էին նրանք։ Կ֊ն կանգնել էր լուռ և երկու բաց դռների միջից նրանց էր նայում։ Եռյակը, ինչ խոսք, անտարբեր Ռաբենշտայներն էր եզրափակում․ նա շատ նրբակիրթ շարժուձևերով էր առաջ շարժվում։ Կամիները պարզեց գլխարկը, և Կ֊ն, ինչպես, իմիջայլոց, շատ անգամ էր լինում բանկում, պետք է խոստովաներ, որ Կամիների ժպիտը դիտավորություն չէր, որ նա չէր կարող դիտավորյալ ժպտալ։ Նախասենյակում ֆրաու Գրուբախը նրանց առջև բացեց բնակարանի դուռը։ Նրա դեմքից մեղավորության արտահայտությունն անհետացել էր, և Կ֊ն սովորականի նման նայեց գոգնոցի՝ նրա զանգվածեղ մարմնի մեջ կտրելու աստիճան խորը խրված կապով ներքև։ Երբ արդեն փողոց էին դուրս եկել, Կ֊ն, ժամացույցը ձեռքն առնելով, որոշեց մեքենա կանգնեցնել, որպեսզի մոտ կես ժամվա ուշացումը իզուր տեղը չավելացնի։ Կամիները մեքենա բերելու համար վազեց փողոցի անկյունը, մյուս երկուսը ակնհայտորեն ուզում էին զբաղեցնել Կ֊ին, երբ հանկարծ Կուլլիխը ցույց տվեց հանդիպակաց տան դարպասը։ Այնտեղ հայտնվեցկարմիր, սուրսայր մորուքով բարձրահասկան մարդը և, շփոթվելով այն հանգամանքից, որ այժմ երևում է ողջ հասակով մեկ, հետ քաշվեց ու սեղմվեց պատին։ Ծերունիները երևի դեռ իջնում էին աստիճաններով։ Կ֊ն զայրացավ, որ Կուլլիխը ուշադրություն էր հրավիրել այդ մարդու վրա․ ինքն արդեն տեսել էր նրան և սպասում էլ էր, որ նա կհայտնվի։ ― Այդ կողմը մի նայեք,― նետեց Կ֊ն, առանց նկատելու, թե որքան արտառոց է ինքնուրույն մարդկանց հետ նման ձևով խոսելը։ Բացատրության անհրաժեշտություն նույնպես չեղավ, որովհետև նույն պահին մեքենան եկավ, նրանք նստեցին և շարժվեցին տեղից։ Կ֊ն հիշեց, որ ինքը չնկատեց վերակացուի և պահակների հեռանալը։ Վերակացուն պահակներին թաքցրել էր իր աչքից, իսկ այժմ արդեն պահակներն էին վերակացուին թաքցրել։ Դա ցույց տվեց, որ ինքն այնքան էլ զգոն չի եղել և մտադրվեց ավելի ուշադիր լինել։ Նա ակամա շուռ եկավ և մեքենայի ծածկոցի վրա կռացավ, որպեսզի հնարավորության դեպքում նորից տեսներ վերակացուին և պահակներին, սակայն անմիջապես նորից հետ շրջվեց և, առանց ինչ֊որ մեկին փնտրելու փորձի, հարմար տեղավորվեց մեքենայի անկյունում։ Չէր զգացվում, թե նա հենց այդ պահին զրուցելու, որևէ մեկի հետ կիսվելու անհրաժեշտություն ուներ։ Բայց պարոններն հոգնած էին թվում․ Ռաբենշտայներն աջակողմյան պատուհանից էր դուրս նայում, Կուլլիխը՝ ձախ, տրամադրության տակ միայն Կամիներն էր՝ ատամները բաց մինչդեռ Կ֊ի մարդկային բնավորությունը թույլ չէր տալիս ծիծաղել նման բաների վրա։ *** Այդ գարնանաը Կ֊ն սովորություն ուներ հետևյալ կերպ անցկացնել երեկոները։ Նա, մեծ մասամբ, մինչև ժամը ինը նստում էր գրասենյակում և գործից հետո, եթե դեռ ժամանակ էր լինում, մենակ կամ բանկի ծառայողների հետ մի փոքր զբոսնում էր, հետո գարեջրատուն էր գնում և, սովորաբար ավելի տարեց պարոնների ընկերակցությամբ, մինչև ժամը տասնմեկը նստում էր իերնց մշտական սեղանի շուրջը։ Այդ ռեժիմի մեջ խախտումներ, ինչ խոսք, երբեմն լինում էին, երբ Կ֊ին, օրինակ, բանկի դիրեկտորը (վերջինս շատ էր գնահատում Կ֊ի աշխատունակությունը և արժանահավատ բնավորությունը) մեքենայով ճամփորդության կամ իր վիլլան ընթրիքի էր հրավիրում։ Դրանից բացի, նա շաբաթը մի անգամ գնում էր Էլզա անունով մի աղջկա մոտ, որ գիշերները մինչև առավոտ որպես մատուցողուհի աշխատում էր գինու պանդոկում, իսկ ցերեկներն անկողնու մեջ էր հյուրեր ընդունում։ Այդ երեկո, սակայն, Կ֊ն ուզեց անմիջապես տուն գնալ։ Լարված աշխատանքի և ծննդյան օրվա կապակցությամբ ընկերական բազմաթիվ, մեծարող բարեմաղթությունների մթնոլորտում օրն աննկատ էր անցել։ Բոլոր կարճատև ընդմիջումների ժամանակ նա միշտ մի բանի մասին էր մտածել․ առանց հաստատ գիտենալու, թե ինչ էր ուզում, նրան թվացել էր, թե առավոտվա դեպքերը մեծ անկարգություն են պատճառել ֆրաու Գրուբախի ողջ բնակարանում, և կարգուկանոնը վերահաստատելու համար հենց իր աջակցությունն էր պետք։ Եթե կարգուկանոնը վերահաստատվեր, կատարվածի բոլոր հետքերը մաքրված կլինեին, և ամեն ինչ կգնար իր սովորական ընթացքով։ Երեք ծառայողներից վախենալու առանձնապես ոչ մի պատճառ չէր եղել, նրանք կրկին սուզվել էին բանկի ծառայողական հոծ բազմության մեջ, և նրանց շարժուձևերում ոչ մի փոփոխություն հնարավոր չէր եղել նկատել։ Կ֊ն հաճախ էր նրանց առանձին֊առանձին կամ միասին կանչել իր գրասենյակը, բայց ամեն անգամ ազատ էր արձակել գոհ, որովհետև այդ կանչերը նրանց զննելուց բացի ուրիշ նպատակ չէին հետապնդել։ Երբ Կ֊ն ժամը ինն անց կեսին տուն ահսավ, մուտքի մոտ մի պատանու տեսավ, որ, ոտքերը լայն դրած, կանգնել ու ծխամորճ էր ծխում։ ― Ո՞վ եք Դուք,― իսկույն հարցրեց Կ֊ն ու դեմքը մոտեցրեց պատանուն․ միջանքցի կիսախավարը թույլ չէր տալիս լավ տեսնել։ ― Դռնապահի տղան եմ, ողորմած պարոն,― տղան բերանից հանեց ծխամորճը և ճանապարհ տվեց։ ― Դռնապանի տղա՞ն։― Կ֊ն ձեռնափայտով անհամբեր թակեց գետինը։ ― Ողորմած պարոնն ինչ֊որ բա՞ն է ուզում։ Կանչե՞մ հորս։ ― Ո՛չ, ո՛չ։― Կ֊ի ձայնի մեջ ներողմատության երանգ կար, կարծես տղան ինչ֊որ բատ բան էր թույլ տվել, իսկ ինքը ներում էր նրան։― Ամեն ինչ կարգին է,― ավելացրեց նա, շարունակեց ճանապարհը և, նախքան աստիճաններով վեր բարձրանար, մի անգամ էլ շուռ եկավ։ Նա կարող էր ուղիղ իր սենյակը գնալ, բայց, քանի որ ուզում էր ֆրաու Գրուբախի հետ խոսել, բացեց նրա դուռը։ Ֆրաու Գրուբախը նստել էր սեղանի մոտ, ձեռքին գործած գուլպա էր, և սեղանինէլ մի ամբողջ կույտ հին գուլպա էր լցված։ Կ֊ն՝ ցրված, ներողություն խնդրեց, որ այդպես ուշ ժամի է անհանգստացնում, սակայն ֆրաու Գրուբախը շատ բարեկամաբար էր տրամադրված և ոչ մի ներողության մասին չուզեց լսել․ նա միշտ պատրաստ է լսել Կ֊ին, Կ֊ն ախր շատ լավ գիտե, որ ինքը նրա ամենալվ ու ամենասիրելի կենվորն է։ Կ֊ն շուրջը նայեց։ Սենյակում ամեն ինչ առաջվա պես էր․ նախաճաշի սպասքը, որ առաջ պատուհանի մոտ էր դրված՝ փոքր սեղանին, նույնպես վերցված էր։ «Կանացի ձեռքերը առանց աղմուկ հանելու շատ բան են անում»,― մտածեց նա ու որոշակի երախտագիտությամբ նայեց ֆրաու Գրուբախին․ ինքն հաստատ տեղնուտեղը կփշրեր սպասքը և չէր կարողանա դուրս տանել։ ― Ինչո՞ւ եք աշխատում այս ուշ ժամին։― Նրանք երկուսով նստել էին սեղանի մոտ, և Կ֊ն ժամանակ առ ժամանակ ձեռքը մտցնում էր գուլպաների կույտի մեջ։ ― Անելիք շատ կա։ Ցերեկները կենվորների տրամադրության տակ եմ, եթե ուզում եմ իմ իրերը կարգի բերել, միայն երեկոներն են մնում։ ― Երևի ես էլ այսօր արտասովոր աշխատանք պատճառեցի Ձեզ։ ― Այդ ինչպե՞ս։― Թեթևակի աշխուժանալով հարցրեց ֆրաու Գրուբախը․ գուլպան մնացել էր նրա գոգին։ ― Նկատի ունեմ առավոտվա տղամարդկանց։ ― Ահա՜ թե ինչ,― ասաց նա ու վերագտավ իր հանգիստը։― Դա ինձ առանձնապես ոչ մի դժվարություն չպատճառեց։ Կ֊ն անձայն հետևեց, թե ինչպես ֆրաու Գրուբախը նորից ձեռքն առավ գուլպան։ «Նա կարծես զարմանում է, որ ես այդ մասին եմ խոսում,― մտածեց Կ֊ն։― Կարծես ճիշտ չի համարում, որ խոսք եմ բացում։ Կարևորն այն է, որ ես եմ սկսում։ Միայն այս ծեր կնոջ հետ եմ կարող խոսել այդ թեմայով»։ ― Ինչ ուզում է լինի,― բարձրաձայն ավելացրեց նա,― այնուամենայնիվ, Ձեզ ավելորդ հոգս պատճառեց։ Սակայն դա այլևս չի կրկնվի։ ― Ոչ, դա այլևս չի կրկնվի,― հաստատեց ֆրաու Գրուբախը և թախծոտ ժպիտով նայեց Կ֊ին։ ― Դուք լո՞ւրջ եք ասում,― հարցրեց Կ֊ն։ ― Այո,― ավելի մեղմ ասաց նա։― Սակայն, ամենից առաջ, Դուք չպետք է եղածը շատ ծանր ընդունեք։ Ինչ ասես չի կատարվում կյանքում։ Քանի որ այդպես անկեղծ եք խոսում ինձ հետ, պարոն Կ․, կարող եմ խոստովանել․ ես դռան հետևից մի փոքր ականջ եմ դրել, և հետո՝ երկու պահակները որոշ բաներ պատմել են ինձ։ Խոսքը Ձեր բարեկեցության մասին է, և դա ինձ շատ է ուրախացնում։ Թերևս ավելի շատ, քան պետք է լիներ, որովհետև ես միայն Ձեր բնակարանատիրուհին եմ։ Ուրեմն, ես որոշ բաներ լսեցի, սակայն չեմ կարող ասել, թե դրանցում առանձնապես վատ բան կար։ Ոչ։ Դուք թեև ձերբակալված եք, բայց ոչ այնպես, ինչպես գողի մեկը կլիներ։ Գողի նման ձերբակալված լինելը շատ վատ է, մինչդեռ սա․․․ Ինձ ինչ֊որ տեղ ուսուցողական բնույթի թվաց։ Կներեք ինձ, եթե որևէ հիմար բան ասեմ․ դա ինձ ուսուցողական այնպիսի բան թվաց, որ ես չեմ հասկանում և որը, սակայն, չպետք է հասկացվի։ ― Ասվածը բնավ հիմարություն չէ, ֆրաու Գրուբախ։ Ես էլ առնվազն Ձեզ նման եմ մտածում, սակայն, ամբողջությամբ վերցրած, այս ամենի մասին ավելի խիստ կարծիքի եմ, քան Դուք, և կատարվածը բնավ ոչ թե ուսուցողական բան եմ համարում, այլ՝ ընդհանրապես ոչինչ։ Ինձ հանկարծակիի բերեցին․ այդպես է։ Եթե արթնանալուց անմիջապես հետո չթողնեի, որ Աննայի ներս չգալը շփոթեցներ ինձ, վեր կենայի և առանց մեկնումեկին հաշվի առնելու (ով էլ որ ճանապարհս փակեր) Ձեզ մոտ եկած լինեի, այս անգամ որպես բացառություն խոհանոցում նախաճաշեի, Ձեզ խնդրեի իմ սենյակից բերել շորերս, կարճ ասած, եթե ավելի խելամիտ գտնվեի, ապա ոչինչ չէր պատահի, և ինչ լինելու էր, կկանխվեր։ Բայց ո՞ւմ մտքով կանցներ։ Բանկում, օրինակ, ես միշտ ուշադիր եմ, և հնարավոր չէ, որ այնտեղ նման բան կատարվեր։ Այնտեղ ես հատուկ ծառա ունեմ, ընդհանուր գործածության և գրասենյակային հեռախոսները դրված են դիմացս՝ սեղանին, մարդիկ են գալիս շարունակ, այցելուներ, ծառայողներ, դրանից բացի (ամենից առաջ), ես այնտեղ միշտ զբաղված եմ և, հետևաբար, զգոն։ Ինձ ուղղակի հաճույք կպատճառեր այնտեղ նման գործի հետ առնչվելը։ Եղածն անցած է, և ես, ճիշտն ասած, չէի ուզենա այլևս այդ մասին խոսել։ Միայն Ձեր կարծիքը, Ձեզ նման խելամիտ կնոջ կարծքիը կուզենայի լսել և շատ գոհ եմ, որ այդ հարցում մենք համամիտ ենք։ Դեհ, տվեք ինձ Ձեր ձեռքը։ Այդպիսի զուգադիպությունը պետք է ձեռքսեղմումով վավերացվի։