Changes
/* *** */
― Դեե․․․― Մազուկտան շփեց դունչը,― կարևորը, որ աշխատում է։ Իսկ ընդհանրապես, ինչ լինում է, դեպի լավն է։ Ո՞վ գիտի, ինչ կլիներ, եթե դու կտրեիր տասներկումատնյա աղիքը։
==***==
Դեմիուրգ Շամբամբուկլին ինչ֊որ բան կարգավորեց ժամացույցի մեջ և գոհ ժպիտով շրջվեց դեպի մարդը․
― Երեք օր։
― Ի՞նչ։
― Ես ասում եմ՝ դու կապրես երեք օր։ Դա բավական է։
― Ինչի՞ համար է բավական։
― Որպեսզի տղա ունենաս, ծառ տնկես ու տուն սարքես։ Ամեն գործի համար՝ մեկ օր։
Մարդը մտածկոտ հաշվեց մատների վրա։
― Քիչ է։
― Ի՞նչն է քեզ քիչ։ Ծառ տնկելը մի ժամվա գործ է։ Տղայի մասին ես էլ չեմ ասում։ Դե տուն էլ, եթե լավ ջանալ, կարելի է սարքել մեկ օրում։ Քեզ հո պալատներ պետք չեն, տենց, մի հատ հյուղակ։ Որ երեք օր դիմանա։
― Չէ, տենց չի լինի։― Մարդը վճռականորեն թափ տվեց գլուխը։― Տղա անել, դե գիտես ինչ․․․ Իսկ եթե աղջիկ ստացվի։ Նորից անելու ժամանակ էլ չի մնա։
Շամբամբուկլին քորեց ծոծրակը։
― Հա, դրա մասին չէի մտածել․․․ Դե, այդ դեպքում կավելացնեմ քեզ ևս մի քանի օր, որ հաստատ լինի։
― Եվ իննական ամիս դրանց արանքում։
― Իսկ դա ինչի՞։
Մարդը կշտամբանքով նայեց դեմիուրգին։
― Իրանց հո ինձ արագի՞լը չի բերելու։
― Վայ․․․
Շամբամբուկլին խփեց ճակատին, հանեց նոթատետրը և սկսեց արագ֊արագ թերթել՝ փնտրելով կնոջ հիմնական աշխատանքային բնութագրերը։
― Հա, ճիշտ է․․․ Ինն ամիս։ Դե, թող տաս լինի, կլոր հաշվի համար։
― Էդ դեպքում՝ տարի։
― Լավ, ընդամենը՝ երեք տարի տղայի համար ու երկու օր․․․
― Տենց չեղավ,― ընդհատեց մարդը։― Կներես, որ հրահանգում եմ, բայց տղային պետք է ոչ միայն ծնել, այլև ոտքի կանգնացնել։
― Դա պարտադիր չէ։
― Բայց ցանկալի է։ Ու նաև ծառը պետք է աճեցնել։ Դա էլ հո միանգամից չի կպնի։
― Կարևորը՝ տնկելն է։
― Օրենքի տառի համաձայն՝ հա, բա՝ ըստ ոգո՞ւ։
Շամբամբուկլին քորեց քիթը։
― Ու քանի՞ օր է քեզ պետք տղայիդ դաստիարակելու համար։
― Դե, քանի դեռ ծառը չաճի։
― Իսկ ինչքա՞ն է այն աճում։
― Նայած ինչ ծառ․․․,― խուսափողական ուսերը թոթվեց մարդը։
― Դե մոտավորապես։
― Մոտ երեք հարյուր․․․
Շամբամբուկլին բացեց բերանը և միանգամից չկարողացավ փակել այն։
― Քսան տարի։ Ու ոչ ավել։
― Լավ,― զիջողաբար համաձայնեց մարդը։― Ուրեմն, քսան տարի ես մեծանում եմ, ապա քսան տարի դաստիարակում եմ տղայիս․․․
― Հե՛յ֊հե՜յ։ Իսկ շատ չի՞ լինի։
― Իսկ ես ինչ է տղայիս չափ չկա՞մ։ Եթե նա մեծանում է քսան տարի, ապա ես էլ պետք է այդքան մեծանամ։ Չէ որ մենք նույն կենսաբանական տեսակին ենք պատկանում, տե՞նց է։
― Տենցը տենց է․․․― Դեմիուրգ Շամբամբուկլին վերցրեց պտուտակահանը ու նորից խորացավ ժամացույցի մեջ։― Ուրեմն, քառասուն տարի․․․
― Տան մասին մոռացար,― հիշեցրեց մարդը։
― Հա, ճիշտ է։ Ու ևս մեկ օր հյուղակ կառուցելու համար։
― Ի՞նչ հյուղակ։― մարդը զարմացած վեր քաշեց հոնքերը։
― Սովորական հյուղակ։ Որպեսզի երեք օր․․․ վայ քո՛ւ։
Շամբամբուկլին շրջվեց դեպի մարդը և մռայլ նայեց վրան։
― Ու քանի՞ տարի է քեզ պետք, որպեսզի տուն կառուցես, որը քեզ կծառայի քառասուն տարի։
― Դեե․․․
― Էդ ամեն ինչի համար քեզ հարյուր տարի հերի՞ք է։
― Գիտե՞ս ինչ,― մարդը՝ կաշառող ժպիտը դեմքին, բռնեց դեմիուրգի արմունկից,― Արի միանգամից՝ հազար։ Կլոր հաշվի համար։