Changes
=ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ։ ՆԱՎԻ ԽՈՀԱՐԱՐԸ=
==Գլուխ VII։ Ես գնում եմ բրիստոլԲրիստոլ==
Ճանապարհ ընկնելու նախապատրաստության համար ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան կարծում էր կալվածատերը։ Եվ առհասարակ մեր բոլոր նախնական պլաններն ստիպված էինք փոխել։ Նախ և առաջ, բժիշկ Լիվսիի ցանկությունը՝ չբաժանվել ինձանից, չիրագործվեց, նրան անհրաժեշտ եղավ գնալ Լոնդոն, բժիշկ գտնելու, որը նրա բացակայության ժամանակ փոխարիներ իրեն։ Կալվածատերը Բրիստոլոլմ շատ գործ ուներ։ Իսկ ես ապրում էի կալվածատանը, ծերունի որսորդ Ռեդրետի հսկողության տակ, համարյա ինչպես գերի, երազելով անծանոթ կղզիների և ծովային արկածների մասին։ Քարտեզի ուսումնասիրության վրա երկար ժամանակ գորձադրեցի և այն անգիր արեցի կալվածատան վարիչի սենյակում, կրակի մոտ նստած, ես մտքով մոտենում էի կղզուն զանազան կողմերից։ Ես ուսումնասիրում էի նրա յուրաքանչյուր վերշոկը, հազար անգամ բարձրանում էի Հեռադիտակ կոչվող բարձր բլուրը և այնտեղից հիանում նրա զարմանալի, մշտապես փափոխվող տեսարաններով։ Երբեմն կղզին վխտում էր վայրենիներով, և մենք պետք է պաշտպանվեինք նրանցից։ Երբեմն կղզին լիքն էր լինում գիշատիչ գազաններով, և մենք պետք է փախչեինք նրանցից։ Բայց այս բոլոր երևակայական արկածները դատարկ բաներ են, համեմատած այն տարօրինակ և ողբերգական արկածների հետ, որոնք իսկապես տեղի ունեցան։
Շաբաթն անցնում էր շաբաթի ետևից։ Վերջապես մի գեղեցիկ օր նամակ ստացանք։ Նամակը հասցեագրված էր բժիշկ Լիվսիին, սակայն ծրարի վրա մակագրված էր․ «Եթե բժիշկ Լիվսին դեռ չի վերադարձել, նամակը թող բաց անի Թոմ Ռեդրետը կամ երիտասարդ Հոկինսը»։
Պատռելով ծրարը, մենք կարդացինք, ավելի ճի՛շտ ես կարդացի, որովհետև որսորդը ջոկում էր միայն տպված տառերը, հետնյալ կարևոր հաղորդագրությունը.
«Հինավուրց խարիսխ» հյուրանոց, Բրիստոլ․
1-ին մարտի 17... թիվ։
Թանկագին Լիվսի․
Չգիտենալով, թե որտեղ եք դուք գտնվում, կալվածատանը կամ դեռևս Լոնդոնում, միաժամանակ գրում եմ և՛ այնտեղ, և՛ այստեղ։
Նավը գնված և սարքավորված է։ Նա խարիսխ գցած, կանգնած է՝ պատրաստ ծով դուրս գալու։ Մեր նավից ավելի լավը պատկերացնել էլ չի կարելի։ Փոքրիկ երեխան էլ կարող է այդ նավը ղեկավարել։ Տարողությունը 200 տոննա է։ Անունը «Իսպանոլա»։
Նավը ձեռք բերելուն օգնեց ինձ իմ հին ծանոթ Բլենդին, որը զարմանալի ճարպիկ գործարար դուրս եկավ։ Այդ սիրելի մարդը սևամորթի նման աշխատեց ինձ համար։ Ասենք, յուրաքանչյուրը Բրիստոլում աշխատում էր օգնել ինձ, հարկավոր էր միայն ակնարկել, թե մենք ուղևորվում ենք մեր գանձի ետևից․․․»
— Ռեդրետ,— ասացի ես, ընդհատելով ընթերցանությունը։— Բժիշկ Լիվսիին այս բանը բոլորովին դուր չի գա։ Ուրեմն, կալվածատերը բերանը ցրել է...
— Իսկ ո՞վ է կարևոր, կալվածատե՞րը, թե բժիշկը,— ասաց որսորդը։— Մի՞թե կալվածատերը պետք է լռի ինչ֊որ բժիշկ Լիվսիին սիրաշահելու համար։
Ես գիտեի, որ վիճելն անօգուտ է, այդ պատճառով էլ սկսեցի կարդալ շարունակությունը․
«Բլենդլին ինքը որոնեց ու գտավ «Իսպանոլան» և, նրա ճարպկության շնորհիվ, նավը շատ էժան ձեռք բերեցի։ Ճիշտ է, Բրիստոլում կան մարդիկ, որոնք Բլենդլիին տանել չեն կարող։ Նրանք հանդգնություն ունեն հաստատելու, իբրև թե այդ մաքուր մարդը նեղություն է քաշում միայն շահի համար, իբրև թե «Իսպանոլան» նրան է պատկանում և իբրև թե եռակի գնով է վաճառել։ Այս զրպարտության ստությունն ակնհայտ է։
Ոչ ոք չի համարձակվի ժխտել, որ «Իսպանոլան» հիանալի նավ է։
Եվ այդպես, նավը ես շատ դյուրությամբ ձեռք բերեցի։ Ճիշտ է, բանվորները շատ դանդաղ են սարքավորում, սակայն ժամանակին բոլորը պատրաստ կլինի։ Ավելի շատ ժամանակ կորցրի նավաստիներ ընտրելու վրա։
Ես ցանկանում էի քսան մարդ վարձել վայրենիների, ծովահենների կամ անիծված ֆրանսիացիների պատահելու դեպքում պաշտպանվելու նպատակով։ Ես արդեն ուժասպառ եմ եղել, բայց գտել եմ միայն վեց հոգի, սակայն հետո բախտը խղճաց ինձ, և ես գտա մի մարդ, որը միանգամից այդ բոլորը կարգի բերեց։
Ես պատահաբար խոսեցի նրա հետ նավահանգստում։ Պարզվեց, որ նա հին ծովային է։ Ապրում է ցամաքի վրա և գինետուն ունի։ Ծանոթ է Բրիստոլի բոլոր ծովայինների հետ։ Ցամաքի կյանքը քայքայել է նրա առողջությունը, նա ցանկանում է կրկին ծով դուրս գալ և նավի խոհարարի պաշտոն է որոնում։ Այդ առավոտ, ինչպես ասաց նա, նավահանգիստ էր դուրս եկել միայն այն պատճառով, որ շնչի ծովային աղի օդը։
Այդ սերը դեպի ծովը ինձ հուզիչ թվաց, ձեզ էլ անպայման կհուզեր։ Ես խղճացի նրան և հենց այդտեղ էլ առաջարկեցի նրան, որ մեր նավի խոհարարը լինի։ Նրան կանչում են Երկարահասակ Ջոն Սիլվեր։ Նա միոտանի է։ Եվ ես դա ամենալավ հանձնարարականն եմ համարում, որովհետև նա ոտը կորցրել է հայրենիքի համար կռվելիս, անմահ Գոկի ղեկավարությամբ։ Նա կենսաթոշակ չի ստանում, Լիվսի։ Տեսնում եք, թե ի՛նչ սարսափելի ժամանակներում ենք ապրում։
Այո՛, պարոն, ես կարծում էի, թե ես խոհարար եմ գտել, բայց պարզվեց, որ գտել եմ ծովայինների մի ամբողջ խումբ։ Սիլվերի օգնությամբ մի քանի օրվա մեջ ինձ հաջողվեց իսկական, փորձված, օվկիանոսում աղտոտված ծովայիններ վարձել։ Նրանց արտաքինն այնքան էլ գրավիչ չէ, բայց դրա փոխարեն, դատելով նրանց դեմքից, նրանք բոլորն էլ շատ քաջ մարդիկ են։ Ծովայինների այդպիսի խումբ ունենալով, մենք կարող ենք կռվել թեկուզ մի ամբողջ մարտական առագաստանավի հետ։
Երկարահասակ Ջոնը մինչև անգամ խորհուրդ տվեց ինձ արձակել այն վեց թե յոթ մարդկանցից ոմանց, որոնց ես առաջ վարձել էի։ Նա մի րոպեում ապացուցեց, որ նրանք քաղցր ջրի կեղտաշորեր են, որոնց հետ չարժե կապվել այն ժամանակ, երբ վտանգավոր ճանապարհորդության են դուրս գալիս։
Ես ինձ շատ լավ եմ զգում, ուտում եմ եզան պես, քնում՝ գերանի պես։ Այնուամենայնիվ, լիովին բախտավոր չեմ լինի, մինչև որ քամին չուռեցնի մեր առագաստները։ Դեպի բաց ծով։ Սատանան տանի գանձը։ Գլուխս ծովն է պտտեցնում և ոչ թե գանձը։ Եվ այդպես, Լիվսի, շուտով եկեք։ Եթե ինձ հարգում եք, ոչ մի ժամ էլ մի՛ կորցրեք։
Թողեք, որ երիտասարդ Հոկինսը գնա մորը մնաս բարև ասելու։ Ռեդրետը կարող է ուղեկցել նրան։ Հետո թող երկուսն էլ, առանց ժամանակ կորցնելու, Բրիստոլ շտապեն։
ՋՈՆ ՏՐԵԼՈՆԻ
''Ետգրություն։'' Մոռացա ձեզ հայտնել, որ Բլենոլին, որը ի դեպ ասած, խոստանում է մի ուրիշ նավ ուղարկել մեզ օգնության, եթե օգոստոսին չվերադառնանք, մեզ համար մի լավ նավապետ է գտել։ Այդ նավապետը հիանալի մարդ է, բայց, դժբախտաբար, սատանայի նման համառ է։ Երկարահասակ Ջոն Սիլվերը մեզ համար գտել է գործին տեղյակ ղեկապետ, անունը՝ Էրոու։ Իսկ ես, Լիվսի, մի ավագ նավաստի եմ վարձել, որը փող փչել գիտե։ Ինչպես տեսնում եք, մեր թանկագին «Իսպանոլայի» վրա ամեն ինչ կլինի այնպես, ինչպես իսկական ռազմական նավի վրա։
Մոռացա գրել, որ Սիլվերը հարուստ մարդ է։ Իմ ստացած տեղեկությունների համաձայն նա բանկում ընթացիկ հաշիվ ունի, այն էլ ոչ փոքր։ Գինետունն իր բացակայության միջոցին հանձնելու է կնոջը։ Նրա կինը սպիտակ ցեղին չի պատկանում։ Իսկ այնպիսի ամուսինների համար, ինչպիսին ես ու դուք ենք, ներելի է կասկածել, որ կինը և ոչ թե վատ առողջությունն է մղում նրան դեպի բաց ծով։
Ջ. Տ.
Հ․ Գ․ Հոկինսը կարող է մի գիշեր մնալ մոր մոտ։
Ջ. Տ.»
Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես գրգռեց ինձ այդ նամակը։ Ես հիացմունքի մեջ էի։ Բոլոր սրտով ատում էի ձերունի Թոմ Ռեդրետին, որը միայն փնթփնթում էր։ Նրա փոխարեն երիտասարդ որսորդներից որևէ մեկն ուրախությամբ կգնար։ Սակայն կալվածատերը ցանկանում էր, որ Թոմ Ռեդրետը գնա, իսկ կալվածատիրոջ ցանկությունր նրանց համար օրենք էր։ Ոչ ոք, բացի ծերունի Ռեդրետից չէր համարձակվի նույնիսկ փնթփնթալ։
Հետևյալ առավոտ մենք երկուսով ոտով ճանապարհ ընկանք դեպի «Ծովակալ Բենբոու»։ Մորս գտա կատարյալ առողջ։ Տրամադրությունը լավ էր։ Նավապետի մահվամբ նրա բոլոր անախորժությունները վերջացել էին։ Կալվածատերն իր հաշվով նորոգել էր մեր տունը։ Նրա հրամանով պատերը և ցուցանակը կրկին ներկել էին։ Նա մեզ նվիրել է ինչ֊որ կահույք, որոնց թվում մի հրաշալի բազկաթոռ, որ մայրիկիս համար վաճառասեղանի առաջ նստելը հարմար լինի։ Նրան օգնելու համար մի տղա էր վարձել։ Սյդ տղան պետք է կատարեր այն պարտականությունները, որ առաջ ես էի կատարում։
Տեսնելով այդ օտար տղային պանդոկում, պարզ հասկացա, որ երկար ժամանակով հեռանում եմ հայրենի տնից։ Մինչև այժմ ես մտածում էի միայն այն արկածների մասին, որ սպասում են ինձ առաջիկայում և ոչ թե այն տան մասին, որը ես թողնում եմ։ Տեսնելով իմ տեղը գրաված դանդաղաշարժ և անշնորհք տղային, առաջին անգամ լաց եղա։ Ես անխղճորեն տանջում և բռնանում էի նրա վրա։ Նա դեռ սովոր չէր իր նոր տեղին, իսկ ես նրա ո՛չ մի սխալը չէի ներում և չարախնդում էի, երբ նա սխալվում էր։
Գիշերն անցավ, իսկ հետևյալ օրը ճաշից հետո ես ու Ռեդրետը նորից ճանապարհ ընկանք։ Ես հրաժեշտ տվի մորս, ծովախորշին, որի մոտ ծնվել էի, հինավուրց բարի «Ծովակալ Բենբոուին»։ Պանդոկը ներկելուց հետո կարծես օտարացել էր և ավելի քիչ էր դուր գալիս ինձ, քան առաջ։ Հիշեցի և նավապետին, որն այնքան հաճախ թափառում էր ծովափին, եռանկյունի Գլխարկ ծածկած, դեմքին թրի սպի, կռնատակին հեռադիտակ։ Մենք թեքվեցինք փողոցի անկյունից, և իմ տունն անհետացավ։
Արդեն մթնում էր, երբ «Գևորգ թագավորի հյուրանոցի» մոտ նստեցինք փոստային հանրակառք։ Ինձ նստեցրին Ռեդրետի և ինչ-որ հաստ ծերունու մեջտեղում։ Չնայած արագ ընթանալուն և ցուրտ գիշերին, ես իսկույն քնեցի։ Մենք սլանում էինք երբեմն դեպի վեր, երբեմն դեպի վար, իսկ ես քնած էի ինչպես արջամուկ։ Ինձ արթնացրեց մի հարված։ Աչքերս բացեցի։ Կանգնել էինք քաղաքի փողոցի մի մեծ շենքի առաջ։ Արդեն վաղուց լույսը բացվել էր։
— Որտե՞ղ ենք մենք,— հարցրեցի ես։
— Բրիստոլում,— պատասխանեց Թոմը,— դուրս արի։
Պարոն Տրելոնին ապրում էր պանդոկում, որ գտնվում էր նավաշինարանների մոտ, որպեսզի հսկի նավի աշխատանքները։ Մենք պետք է ծովափով բավական երկար ժամանակ գնայինք զանազան մեծության նավերի և նավասարքերի մոտով։ Այդ հանգամանքն ինձ շատ ուրախացրեց։ Մի նավում աշխատում էին ու երգում։ Մյուսում նավաստիները բարձրասյուների գլխին կապում էին այնպիսի պարաններ, որոնք ներքևից երևում էին սարդի ոստայնի հաստությամբ։ Թեև ամբողջ կյանքս ապրել էի ծովափին, սակայն այս վայրն այնպես գրավեց ինձ, որ կարծես առաջին անգամ էի տեսնում։ Կուպրի և աղի հոտը նորություն էր ինձ համար։ Ես տեսա օվկիանոսի այն կողմում եղած նավերի քթերին քանդակված ֆիգուրաներ։ Ես ագահությամբ նայեցի ականջներին օղեր ունեցող, ոլորուն բեղերով, կպրով հագեցված ծամերով ծեր ծովայիններին։ Նրանք շրջում էին ծովափին ծովային անճոռնի քայլվածքով։ Եթե նրանց փոխարեն ինձ ցույց տային թագավորներ կամ արքեպիսկոպոսներ, ես ավելի քիչ կուրախանայի։
Ես էլ կճանապարհվեմ դեպի ծով։ Կճանապարհվեմ նավով այն ավագ նավաստու հետ, որ փող է փչում, այն նավաստիների հետ, որոնք ծամ ունեն և երգեր են երգում։ Ես կճանապարհվեմ դեպի ծովը, ես կլողամ դեպի անհայտ կղզին, գտնելու գետնի մեջ թաղված գանձը։
Ես խորասուզված էի քաղցր երազանքների մեջ, երբ վերջապես հասանք մի մեծ պանդոկի։ Մեզ դիմավորեց կալվածատեր Տրելոնին։ Նա կապույտ համազգեստ էր հագել։ Այդ տեսակ համազգեստներ սովորաբար հագնում էին ծովային սպաները։ Նա դռնից դուրս եկավ ժպտալով։ Նա գալիս էր տատանվելով, եռանդուն կերպով նմանվելով ծովայինների ճոճվող քայլվածքին։
— Ահա և դուք,— բացականչեց նա։— Իսկ բժիշկը դեռ երեկ երեկոյան եկավ Լոնդոնից։ Հիանալի է։ Այժմ ողջ խումբը պատրաստ է։
― Օ՜, պարոն,― գոչեցի ես,— ե՞րբ ենք ճանապարհվում։
― Ճանապարհվո՞ւմ,– պատասխանեց նա։— Մենք ճանապարհվում ենք վաղը։
==Գլուխ VIII։ «Հեռադիտակ» ցուցանակի տակ==