{{Վերնագիր
|վերնագիր = Ձեռքդ ետ տար ցավի վրայից
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = «Ծանր լույս» գրքից, «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան 1987
}}
:Տաքսին երեք հոգի էր տանում: Վարորդը առաջարկել էր, մենք էլ արագ համաձայնել էինք երկուական ռուբլի ավելի տալով՝ թեթև ճանապարհ ընկնել: Ինձ հետ տարիքով մի կին էր ետևը նստած, և այդ վաղ ճաղատացած, կարճլիկ տղամարդն էր, վարորդի կողքին: Երևանից այնպիսի թափ էինք առել, որ բացառվում էր միանգամից զրույց սկսելը: Կարծես սպասում էինք շունչներս տեղը գա: Արագություն կլանել էր ոչ միայն վարորդին, այլև ուղևորներիս: Աշտարակն անցանք՝ դարձյալ լուռ էինք: Ապարան չհասած… ճաղատս խայթվածի նման շուռ եկավ ու պայթեց՝ «Բա սա օրենք է՞», և չլռեց մինչև Կիրովական:
:Եթե ծով ունենայինք՝ ծովից էր դուրս գալու մեր աստվածը, եթե անտառներրի տեր լինեինք՝ անտառից էր գալու, բայց չունենք և մեզ ահ ու խորհրդավորություն ներշնչողը կրակն է եղել: Եվ կրակի միջից էր ելնելու մեր երեխա աստվածը: Եվ քանի որ ամեն մարդ իր օջախն ունի, քանի որ ամեն մարդ ինքն է իր կրակն անում՝ առանձնյա, ինքնամփոփ է եղել մեր հավատը, և մեզ չի կպել նախրի բնազդը:
{{Վերնագիր
|վերնագիր = Գառ-ախպերիկ
|հեղինակ =[[Վանո Սիրադեղյան]]
|թարգմանիչ =
|աղբյուր = «Ծանր լույս» գրքից, «Սովետական գրող» հրատարակչություն, Երեւան 1987
}}
:Երեկոն խմելու չէր տրամադրում: Ես այնքան լիքն էի տեսածով, լսածով, շնչածով, և զգայարաններս այնքան սրված էին, որ խթանիչի կարիք չունեին: Ինձ պետք էր ընդամենը այնքան, որ շիրմա լինի իմ ու առօրյայիս միջև: Այդքանը արդեն կար և նրա ետև՝ կար, քուն էր մտել իմ տունն ու առտնին իմ հոգսը: Մոռացում հարկավոր չէր: Մոռացում չի էլ լինում, լինում է միայն ցավագին արթնացում: Ամեն ավելորդ կաթիլը հիմա թույն էր իմ նորոգված արյան համար: