Ոմանք կարող են հարցնել, արդյո՞ք ես չափից ավելի ուշադրության չեմ դարձնում մորուքի վրա։ Ինչ հիմարություններ էլ մարգարեն անի, կարևորը միևնույն է նրա արտաքինը չէ, այլ նրա մտքերն ու գաղափարները։ Դա համընդհանուր պատրանք է, որը ես արդեն շատ տարիներ միանգամայն անօգուտ աշխատում եմ հերքել։ Մարգարեների մտքերն ու գաղափարները երկրորդական են։ Մարգարեն առաջին հերթին ազդում է ոչ թե ուղեղի, այլ հորմոնալ ոլորտի վրա, ինչի համար էլ պետք են մորուքը և նրան համապատասխանող ժեստերը, շարժումները, ծամածռությունները։ Սեքսուալ գրգռված ամբոխը, սխալմամբ կարծում է, որ տիրապետել է այն գաղափարներին, հանուն որոնց արժի ոչնչացնել եկեղեցիները, կառուցել ջրանցքներ և ոչնչացնել իր նմաններին։ Հետաքրքիր է, որ սանձազերծելով բազմության սեքսուալ էներգիան, իրենք, մարգարեները, հաճախ իմպոտենտ են լինում և խոսում են կանացի ձայնով։ Սակայն Սիմիչին դա վերաբերվում է մասնակիորեն։ Նրա ձայնը իսկապես բարակ է, բայց մնացյալում, ինչպես ես լսել եմ, ամեն ինչ կարգին է և հենց այդ հակասությունը իմ տեսության հետ, խանգարում է ինձ ճանչել նրան որպես իսկական մարգարե։
==Փեսացուն==
Ես պատմում եմ իրադարձությունների մասին որոնց վկան եմ եղել, խախտելով հաջորդականությունը, որովհետև ինձ հետ պատահածի արդյունքում ես կորցրել եմ ներքին զգացողությունս անցյալի և ապագայի միջև։
Երբ Սիմիչը հայտնի դարձավ, նրան բոլորը միահամուռ ճանաչեցին։ Նրա մասին կարելի էր խոսել միայն վսեմ տոնով, թույլ չտալով ոչ մի քննադատություն։ Իսկ երբ նա արդեն ամուսնացել էր Ժանետայի հետ, նրա մոտ ընդհանրապես չէր կարելի ասել, որ ասենք թե Սիմիչի մոտ ինչ֊որ մի առանձին արտահայտություն կամ տող դուր չի եկել։ Այն ամենը ինչ անում էր Սիմիչը այնքան անառարկելի հիանալի էր, որ նույնիսկ «հանճար» արտահայտությունը անբավարար էր թվում։
Բայց Ժանետան, իմիջիայլոց, գնահատեց նրան ոչ միանգամից։ Ես հիշում եմ այն ժամանակը, երբ Սիմիչը ինձ ոչ միայն զարմացրեց, այլև ցնցեց նրանով, թե ինչպես էր սիրահարվել առաջին հայացքից և միանգամից որոշել էր գայթակղել Ժանետային իր «ԿՊԶ»֊ով, որը շականակագույն ժապավեններով կապված գրասենյակային թղթապանակի մեջ, անձամբ բերեց նրան կարդալու համար։
Ժանետան հիմա դրա մասին ընդհանրապես չի հիշում, բայց այն ժամանակ «ԿՊԶ»֊ին վերաբերվեց շատ խիստ։
Դե ասա, ― հարցնում էր նա ինձ, ― ի՞նչու է նա գրում այդքան երկար և ի՞նչու նրա բոլոր հերոսները այդքան անթև են, անողնաշար և թերի։ Ի՞նչու է նա մեր կյանքը նկարագրում միայն սև գույներով։ Մի՞թե նա չէր կարող գտնել ոչ մի դրական բան։ Դե իհարկե, բոլորը գիտեն, առանձին սխալներ և չարաշահումներ եղել են և դրանց մասին պարտիան անկեղծորեն ասաց։ Վերջ ի վերջո, որքա՞ն կարելի է նույն բանի մասին։ Չէ՞ որ մեզ մոտ միայն վատը չի եղել։ Որքան նոր քաղաքներ, գործարաններ, էլեկտրոկայաններ են կառուցվել․․․
Նման կարծիքներ ես լսել էի Ժանետայից դեռ այս խոսակցությունից բավականին առաջ։ Ճիշտ է, նախկինում, նա արտասանում էր դրանք շատ ավելի վստահ։ Իսկ հիմա նրա մեջ հայտնվել են որոշ կասկածներ «մեր գործի» իրավության մեջ։ Նա իր համար աննկատելի հեռանում էր մի գաղափարախոսությունից, բայց մյուսներին դեռ չէր հասել։
Ինչպես հիմա հիշում եմ, մի անգամ լինելով Ստրոմինկայում և չունենալով գրպանումս նույնիսկ երկու կոպեկ, որոշեցի առանց նախազգուշացնելու այցելել Զիլբերովիչին։
Բարձրանալով չորրոդ հարկ, հենց Զիլբերովիչի դռների մոտ քիթ֊քթի հանդիպեցի ամբողջովին սպիտակ հագնաված մարդու հետ․ սպիտակ պարուսինե վարտիքով, պարուսինե պիջակով, ատամնափոշիով մաքրված պարուսինե կոշիկներով, և վաղ երեսունական թվականների նմուշի գլխարկով (որտեղից էլ գտել էր) ― նորից պարուսինից։
― Բարի օր, Սիմ Սիմիչ, ― ողջունեցի ես։
Նա մի տեսակ տարօրինակ նայեց ինձ, ասես չճանաչելով, և, ոչինչ չպատասխանելով, դանդաղ և խարխափելով ինչպես կույր, սկսեց իջնել աստիճաններով։
Դուռը բացեց Կլեոպատրա Կազիմիրովնան։ Նա շատ հուզված էր և շշուկով ասաց ինձ, որ այդ «խրտվիլակը» հենց նոր իր Նետոչկային (այդպես էր նա անվանում աղջկան) առաջարկություն արեց։
― Դա ուղղակի հանդգնություն է, ― վրդովվում էր նա։ ― Չունենալով ոչ մի դիրք և այն էլ այդ տարիքում․․․
Ի դեպ, տարիքի մասին․ Սիմիչը այն ժամանակ միայն քառասունչորս տարեկան էր, բայց շատ ավելի մեծ էր երևում։
Կլեոպատրա Կազիմիրովնան ասաց ինձ, որ Լեոն շուտով կգա, իսկ Նետոչկան իր սենյակում է։ Եվ գնաց խոհանոց։ Ժանետան չթե խալաթով նստած էր պատուհանի գոգին և փողոց էր նայում (երևի ուզում էր տեսնել, թե ինչպես է նա դուրս գալու մուտքից)։ Սենյակի մեջտեղում գտնվող կլոր սեղանի վրա դրված էին չբացված ալժիրյան գինին և մանիկյուրի պարագաներով կարմիր թավշյա տուփը։
Ժանետան ինձ հետ սովորաբար չէր կիսվում, իսկ այստեղ հանկարծ մանրամասն պատմեց, թե ինչպես եկավ Սիմիչը, ինչպես էր հուզվում, երկար ժամանակ թեյ էր խմում և չէր գնում, ինչպես վերջապես վեր կացավ և հնում ընդունված կարգով առաջարկեց իր ձեռքն ու սիրտը։ Իսկ երբ նա մերժեց, Սիմիչը զայրացավ և խոստացավ, որ նա դեռ շատ կփոշմանի այդ որոշման համար, որովհետև շուտով իր մասին կիմանա ամբողջ աշխարհը։
― Դու պատկերացնո՞ւմ ես․ ― ասաց նա ինձ հուզվելով և վրդովվելով, միաժամանակ ճնշելով իր համար անսովոր մի ինչ֊որ անվստահություն։ ― Նրա մասին կիմանա ամբո՛ղջ աշխարհը։ Դու կարո՞ղ ես դա քեզ պատկերացնել։
― Կարող եմ ― կարճ ասացի ես։
― Ինչո՞ւ, ― զարմացավ նա։ ― Երկրագնդի վրա կան տասնյակ կամ հարյուր հազարավոր գրողներ, որոնցից ամեն մեկը հույս ունի հռչակվել ամբողջ աշխարհում։
― Այո, ― ասացի ես, ― ամեն մեկն էր հույս ունի։ Բայց նրանցից ոմանք միևնույն է իզուր չեն հույս դնում։ Դու ախր կարդացել ես նրա մոտ, որ միայն մեկը երկու հարյուր միլլիոն սպերմատոզոիդներից մարդ կդառնա։
― Դու կարծում ես Սիմիչը հենց այդ մե՞կն է, ― հարցրեց նա, հեգնանքի տակ թաքցնելով կասկածը։
― Նա շատ համառն է, ― ասացի ես խուսափողաբար։
― Նա խելագար է, ― ասաց Ժանետան։ ― Դու գիտե՞ս, թե նա ինձ ինչ է ասել։ Որ համարյա թե արքայական ծագում ունի։ Այդ հենց նա՞, այդ պարուսինե գլխարկով հաշվապա՞հը։
Ես կարծում եմ, որ նա վաղուց մոռացել է այդ բառերը, իսկ ես երբեք քաջություն չեմ ունենա հիշենել նրան այդ մասին։