Բոլոր իլյումինատորները մութ էին, բացի մեկից։ Բայց այդ մեկում երևացողը, ինձ թվաց ուղղակի ֆանտաստիկ։ Դա մի մեծ, ճենապակե ջահով վառ լուսավորված, ընդարձակ կլոր սենյակ էր։ Ամբողջ հատակը ծածկված էր արևելյան գորգով, իսկ պատերը ընկուզե պանելներով։ Իլյումինատորի մոտ դրված էր շատ որակյալ, լայն, հնաոճ գրասեղան, իսկ նրա վրա մի քանի տարբեր գույների հեռախոսներ։ Սեղանի մի ծայրին դրված էր մեծ գլոբուս, մյուսին՝ հեռուստացույց։ Պատերի տակ կային էլի ինչ֊որ առարկաներ․ կաշվե բազմոց, սուրճի սեղան, Լենինի կիսանդրին կարմիր պատվանդանի վրա։ Այդ ամենը հիշեցնում էր բարձրաստիճան սովետական ղեկավարի ծառայողական աշխատասենյակ, ճիշտ է բավականին անսովոր ուրվագծերով։
Սկզբից ինձ թվաց, որ աշխատասենյակում ոչ ոք չկա, բայց հանկարծ նկատեցի, որ խորքից դուրս լողաց և սկսեց մոտենալ իլյումինատորին ահռելի չափսերի մի ձուկ։ Ավելի ճիշտ, ինձ թվաց որ ձուկ է, բայց ավելի ուշադիր նայելով տեսա, որ ձուկը խիտ մորուքով մարդանման մի էակ է։ Հին սպորտային կոշիկներով, մաշված ջինսերով, մորեգույն սվիտերով էակը, դանդաղ շարժվում էր տարածքով թափահարելով ձեռքերով, ինչպես լողաթափերովլողակներով, աստիճանաբար մոտենալով իլյումինատորին, առանց նայելու նրա մեջ։ Հայացքը ուղղած ինչ֊որ տեղ ներքև, էակը շարժում էր շրթունքները, կարծես խոսում էր կամ ինչ֊որ մեկի, կամ ինքն իր հետ։
Մեր համեմատական արագությունը այդ տարօրինակ կառույցի հետ հավասար էր համարյա զրոյի, և այդ պատճառով պարզ երևում էր, ինչպես էր այդ մարդը շարժում շրթունքները, խոժոռվում և երբեմն ինչ֊որ մեկին հրամայաբար ինչ֊որ բան ցույց տալիս մատով։