Changes
/* Սիրո պալատ */
― Ահա՛ նա։ Ահա՛ նա, ― լսեցի ես սարսափսլի գոռոց և տեսա ձեռնարկություն ներս խուժած օտար լեզու հասկացող կնոջը։ Նրա ետևում երևում էին երկու միլիցիոներ։
==Վնուբեզ==
― Լավ, լավ, հարգելիս, ― ասաց ավելի հաղթանդամ, նեղ ճակատով միլիցիորենը, որը նման էր պիտեկանտրոպի։ ― Ւնքներս գլուխ կհանենք։ Դուք կարիքների քարտ ունե՞ք, ― հարցրեց նա, դիմելով ինձ։
― Ունեմ, ― ասացի ես և հանեցի արդեն երկու կողմից ծակված «Զյուդոյչե ցայտունգի» կտորը։
Հույս ունենալ, որ այս համարը մի անգամ էլ կանցնի, իհարկե միամիտ էր, բայց ես շատ հաճախ գործում եմ ներքին մղումով, և սովորաբար այն ինձ չի խաբում։
Բայց այս անգամ նա ինձ չփրկեց։
Պիտեկանտրոպը վերցրեց թղթի կտորը, պտտեց ձեռքում, մոտեցրեց աչքերին հետո հեռացրեց, նրա դեմքը արտահայտեց ծայրահեղ շփոթմունք, մեկնեց թուղթը իր ընկերոջը, որը նույնպես խոշոր էր, բայց մի քիչ ավելի նիհար։ Նա նայեց թղթին, և չգիտես ինչու, նույնիսկ փչեց նրա վրա։
― Այս ինչերե՞ն է գրված, ― հարցրեց նա քաղաքավարի։
Դեմքիս վրա արտահայտելով ծայրահեղ զարմանք, ես ասացի, որ իմ կարծիքով հիմարին էլ պարզ է, որ այստեղ գրված է չինարեն։
― Եվ դուք հասկանո՞ւմ եք չինարեն, ― հարցրեց նա, ինչպես ինձ թվաց հարգանքով։
― Ւհարկե հասկանում եմ։ Ո՞վ չինարեն չի հասկանում։
― Ստիպված եք գալ մեզ հետ, ― ասաց հաղթանդամը։
― Այդ ո՞ւր, ― հետաքրքրվեցի ես։
― Պարզ է թե ուր։ Վնուբեզ։
Գլխի ընկնելով, որ վնուբեզ նշանակում է ներքին անվտանգություն, ես հնազանդվեցի։
Վնուբեզի տեղական բաժանմունքը գտնվում էր նույն շենքի մյուս ծայրում։
Փայտե միջնորմի ետևը նստած հերթապահի ուսադիրների վրա երեք աստղ կար։ Չորս ուրիշ ցածր կոչում ունեցող միլիցիոներները սենյակի հեռավոր անկյունում դոմինո էին խաղում։
― Ի՞նչ չինացի, ― զարմացած նայեց ինձ հերթապահը։
― Սովորական, ― ասաց պիտեկանտրոպը։ ― Երկար շալվարով է ման գալիս, կեղտ չի հանձնում, խոսում է մեր նման, իսկ կարդում է չինարեն։ Ահա։ ― Նա մեկնեց հերթապահին թերթի կտորը։
Հերթապահը երկար ժամանակ նայում էր այդ տարօրինակ թղթի կտորին, շուռումուռ տալիս, լարվելով, շրթունքները շարժելով, և նույնիսկ նայեց թղթին լույսի տակ, հույս ունենալով երևի տեսնել պաշտպանվածության նշաններ։
― Իսկ այս ի՞նչ հազար ինը հարյուր ութսուներկու թիվ է գրված, ― ասաց նա։ ― Սա ինչ է հին թե՞րթ։
― Այո, ― ասում եմ, ― հին, թանգարանից։
― Լավ, ― ասաց հերթապահը և բացեց հաստ տետրը, որի վրա գրված էր․ «կոմկարգի խախտողների գրանցման գիրք»։ Հետո նա վերցրեց փայտյա գրիչը (վերջին անգամ ես այդպիսին տեսել էի վաթսուն տարի առաջ Սիմիչի բաժակում), թաթախեց ապակյա թանաքամանի մեջ։ ― Ձեր ազգանո՞ւնը։
― Կարցեվ, ― ասացի ես։
― Հետաքրքիր է, ― ասաց հերթապահը։ ― Ազգանունը չինական է, բայց հնչում է մերի նման։ Իսկ դուք մեզ մոտ եք եկել լրտեսելու համար, թե՞ հենց այնպես։
Ճիշտն ասած, ես մի քիչ վախեցա։ Կսկսեն կպցնել շպիոնաժ, հետո պրծում չի լինի։
― Տղաներ, ― ասացի ես։ Հիմարություն մի արեք, ես չինացի չեմ, ես կատակեցի։
― Կատակեցի՞ր, ― հարցրեց հերթապահը և նայեց պիտեկանտրոպին։ ― Ի՞նչ է նշանակում կատակեցիր։ Ուրեմն դուք չինացի չե՞ք։
― Դե իհարկե ոչ։ Դուք երբևիցե տեսե՞լ եք չինացիներ։ Նրանց աչքերը նեղ են ու սև, իսկ իմը՝ մեծ ու կապույտ։
― Ուրեմն դու չինացի չե՞ս, ― զայրացավ հանկարծ հերթապահը։ ― Եթե դու չինացի չես, մենք քո հետ ուրիշ կերպ կխոսենք։ Տիմչո՛ւկ։ Մի հատ հասցրու նրան, մեր՝ կոմունիստների նման։
Այդ Տիմչուկի բռունցքը, կարծես փթանոց կշռաքար լիներ։ Ինձ թվաց, որ ես կուրացա ոչ միայն այդ հարվածից, այլ նաև զայրույթից։ Արյուն թքելով և առջևս ոչինչ չտեսնելով, ես նետվեցի Տիմչուկի վրա, և եթե ձեռքս հասներ, կջարդեի նրա մռութը։ Բայց այստեղ խառնվեցին դոմինո խաղացողները։ Բոլորը միասին բռնեցին ինձ, ձեռքերս որոլերցին մեջքիս ետևը և նետեցին գետնին։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Այդ ի՞նչ եք անում։
― Ինձ քթով սեղմեցին անհարթ, գարշահոտ հատակին։ Ես քացի էի տալիս, դուրս պրծնում, բարձր բղավում, երբ նրանք ոլորում էին հոդերս։
― Սրիկաներ, ― բղավում էի ես։ ― Ավազակներ։ Եվ դուք դեռ կումունիստներ եք ձեզ անվանում։
― Կոմսոր հերթապահ, ― լսեցի ես Տիմչուկի ձայնը։ ― Դուք լսո՞ւմ եք, նա կոմունիստների դեմ է բղավում։
Ես ուզում էի ասել, որ ես դեմ եմ ոչ բոլոր, այլ միայն վատ կոմունիստներին և կողմ եմ լավերին, բայց նրանք ավելի ուժեղ ոլորեցին ձեռքերս, և իմ սեփական ոռնոցից բացի ես լսեցի մկրատի չխչխկոցը ոտքերիս մոտ։
― Իսկ հիմա բարձրացրեք նրան, ― ասաց հերթապահը։
Ես նորից հայտնվեցի նրա առաջ, ծեծված և ճմրթված։ Ջարդաց քթիցս ու շրթունքից արյունը հոսում էր կզակիս և խոշոր կաթիլներով կաթում շապիկիս վրա։ Իմ հիանալի վարտիքը, որը ես գնել էի ուղևորությունիցս առաջ Կաուֆխոֆում, հիմա նման էր խղճուկ կիսավարտիքի, ծուռումուռ կտրված և ցնցոտիների նման կախված ծայրերով։
― Աստղային անուն հայրանունդ, ― հարցրեց հերթապահը։
― Դե գնա, սրիկա, ― ասացի ես և թքեցի նրա մռութին արյունով։
Ասում են, որ մահից առաջ մարդ տեսնում է իր ողջ կյանքը, ինչպես կինոյում։ Երբ Տիմչուկը ձեռքը բարձրացրեց նորից խփելու համար, ես էլ նման մի բան տեսա։ Ճիշտ է, առանձնահատուկ կինո։ Ես տեսնում էի բոլոր կադրերը միաժամանակ։ Տեսնում էի ինձ և՛ որպես կարմիր, պոմիդորարանման աճոռնի նորածնի, որին ծնվելուց անմիջապես հետո ցույց էին տալիս մորս, և՛ մանկապարտեզում, և՛ Սովետական գրողների միաության պրեզիդիումում, և՛ Մյունխենյան գարեջրատանը, չինական աշտարակի մոտ և նույնիսկ դագաղում, որով ինձ տանում էին գերեզման, միայն չհասկացա, թե ով էր տանում։
― Կանգնե՛ք։ Կանգնե՛ք, ― լսեցի ես ձրնգուն մի ձայն և ուշքի գալով տեսա Իսկրինա Ռոմանովնային, որը կախվել էր Տիմչուկի բարձրացրած բռունցքի վրա։
― Կանգնե՛ք, ― կրկնում էր նա։ ― Չհամարձակվեք խփել նրան։
Հերթապահը կարծես հասկացել էր, որ ինչ֊որ սխալ է թույլ տվել, բայց դեռ չէր ուզում դա ընդունել և հարցրեց Իսկրինա Ռոմանովնային, թե ով է այս երեսառածը, որ իրեն չի կարելի ծեծել։
― Դուք գիտե՞ք նա ով է, ― շարունակում էր վրդովվել Իսկրինան։ Ախր նա․․․
Նա կռացավ և հերթապահի ականջին ինչ֊որ բան ասաց։
Դրությունը կրտրուկ փոխվեց։ Հերթապահը դուրս թռավ միջնորմի ետևից, և քիչ էր մնում թավալվեր ոտքերիս մոտ, խնդրելով ներողամտություն իր և իր երեխաների հանդեպ, թեև միգուցե երեխաներ չուներ։ Նրա կողքին վախից դողում էր Տիմչուկը, որը միանգամից փոքր ու խղճուկ էր դարձել։
Դե իհարկե, նրանք վերադարձրին շարլվարիս կտորները, իսկ չգիտես որտեղից հայտնված բուժքույրը ինձ առաջին օգնություն ցույց տվեց, կպցնելով քթիս և շրթունքիս իզոլյացիոն ժապավեն, որից խեժի հոտ էր գալիս։
― Գնանք, ― քաշում էր ձեռքիցս Իսկրինա Ռոմանովնան, իսկ հերթապահը, դեռ պտտվում էր քթիս տակ, խոնարհվում և խնդրում խղճալ իրեն։
― Դե գնանք, ― պնդում էր Իսկրինա Ռոմանովնան։
― Հիմա, ― ասացի ես և խլելով ձեռքս նրանից, արմունկով այնպիսի հարված հասցրի հերթապահի մռութին, որ արյունը տարբեր կողմեր թռավ նրա քթից։
― Ահա, ասացի ես, ― սա քեզ սոցիալիստական հարված։ Իսկ քեզ, սրիկա, շրջվեցի ես Տիմչուկի կողմը, ― չինական։
Ես բռունցքով տվեցի նրա քթին և ինքս ոռնացի անմարդկային ձայնով՝ նրա մռութը սարքված էր աղյուսից։