Changes
Ներքևում, սարի զառիթափ լանջին, շարունակվում էր սոսկալի հռնդյունը։
=Երրորդ գլուխ։ Ծովափի քոլիկները=
Ջաքը, վազորդի պես երկու տակ կքված, քիթը համարյա հպել էր խոնավ հողին։ Լիանաներով պարուրված ծառերի բներն անհետանում էին տասը մետրանոց կանաչ մշուշում, շուրջբոլորը թփուտներ էին։ Այստեղ մի ճաքած ճյուղ կար և հողին դրոշմված կես կճղակի պես մի բան, ուրիշ ոչինչ։ Նա դեմքն իջեցրեց և հայացքն այնպես սևեռեց հետքերին, կարծես ուզում էր նրանցից խոստովանություն կորզել։ Որսկան շան պես, չորեքթաթ, անտեսելով անհարմար դիքը, նա մի հինգ քայլ առաջ անցավ և կանգնեց։ Լիանաների հանգույցն այստեղ օղակ էր կազմում, որից մի կոշտ բեղիկ էր կախված։ Բեղիկը ներքևից մաշված էր՝ օղակով անցնելիս, խոզերը փայլեցրել էին այն իրենց մորթով։
Մի պահ նա մնաց այդ հետքի մոտ, անթարթ նայելով մացառների խավարին։ Կղզում հայտնվելու օրից նրա շեկ նկատելիորեն երկարել էին ու գունաթափվել, պեպենոտ, մերկ մեջքը մաշկահան էր լինում։ Աջ ձեռքին նա քարշ էր տալիս մեկուկես մետրանոց սուր մի ձող և մերկ էր, չհաշված դանակը պահող գոտիով քրքրված կարճ տաբատը։ Նա վիզը ձգեց, փակեց աչքերն ու լայնացած ռունգերով անաղմուկ ներս քաշեց օդը՝ ջերմ շիթը ստուգելով նոր տվյալների համար։ Երկուսն էլ անշարժ էին՝ անտառն ու Ջաքը։
Վերջապես նա երկար հոգոցով օդը դուրս թողեց և բացեց աչքերը։ Աչքերը երկնագույն էին, բայց տվյալ պահին հուսախաբությունից կայծակում և համարյա խենթ էին։ Նա լեզվով թրջեց չորացած շուրթերն ու աչքի անցկացրեց անբարբառ անտառը։ Ապա նորից առաջ անցավ, գետինը խուզարկելով։
Անտառի լռությունը շոգից ավելի թանձր էր ու ճնշող, օրվա այս ժամին նույնիսկ միջատները չէին տզզում։ Ջաքն ինքը պատահմամբ իր անպաճույճ բնից փախցրեց երփներանգ մի թռչունի, որի խռպոտ ճիչը փշրեց անտառի անդորրը, զրնգացնելով ասես դարերի խորքից եկող արձագանքը։ Վախեցած ընկրկելով, նա շունչը պահեց և, մի պահ, որսորդից վերածվեց ծառին ծեփված հալածված կապկանման մի էակի։ Ապա կորցրած հետքի հուսախաբությունը նորից նրան կանչեց և սեղմեց գետնին։ Գունատ ծաղիկներով պատված աժդահա մի ծառի գորշ քնի մոտ նա կանգ առավ, աչքերը փակեց և նորից ներս քաշեց տաք օդը։ Հենց այդ պահին նրա շունչը կտրվեց՝ դեմքը սփրթնեց և անմիջապես շառագունեց։ Նա ստվերի պես սպրդեց ծառի հետևն ու սկսեց զննել ոտքի տակ տրորված գետինը։
Թրիքը դեռ տաք էր։ Փորփրած հողին կլունձված, այն ողորկ էր ու կանաչավուն և թույլ գոլորշի էր արձակում։ Ջաքը բարձրացրեց գլուխն ու նայեց ճանապարհը փակած լիանաների անթափանց մանվածքին։ Ապա նիզակը վեր առավ և սողոսկեց առաջ։ Լիանաների վարագույրից այն կողմ խոզերի տրորած իսկական կոշտ մի արահետ էր գոյացել։ Ոտքի կանգնելով, Ջաքն ինչ-որ շարժում նշմարեց։ Նա անմիջապես ետ գցեց աջ ձեռքն ու ամբողջ ուժով նիզակը նետեց։ Արահետից կճղակների հաճախակի կտկտոց լսվեց՝ գայթակղիչ, խենթացնող, միս ավետող։ Ջաքը դուրս պրծավ թփուտներից ու ճանկեց Նիզակը։ Կճղակների կտկտոցը մարեց հեռվում։
Ջաքը քրտնաթաթախ ոտքի կանգնեց՝ ցեխոտ, որսի տարաբախտությունների հետքերը մարմնին։ Հայհոյելով, նա արահետից ցած իջավ և սկսեց թփուտների միջով ճանապարհ հարթել, մինչև որ անտառի մութ ծածկը պահող մերկ բների փոխարեն երևացին լուսավոր գորշ արմավենիները՝ փետրազարդ սաղարթներով։ Նրանց արանքից շողշողում էր ծովը, և ձայներ էին լսվում։ Ռալֆը կանգնած էր արմավենու տերևներից և բներից մոգոնած, ծովին նայող կոշտուկոպիտ մի քոլիկի կողքին, որն ուր որ է պիտի փլվեր։ Նա Ջաքին չէր նկատել։
— Ջուր չունե՞ս։
Ռալֆը խոժոռ հայացքը թեքեց տերևների հյուսվածքից։ Նայելով Ջաքին, նա դեռևս չէր նկատել նրան։
— Ասում եմ, ջուր չունե՞ս, խմեմ, ծարավ եմ։
Ռալֆը քոլիկից կտրեց ուշադրությունն ու հանկարծ հայտնաբերեց Ջաքին։
— Վա՜յ, բարև։ Ջուրը հրեն, ծառի տակ, պիտի որ մնացած լինի։
Ջաքը ստվերում շարված կոկոսի կեղևներից ընտրեց բերնեբերան թարմ ջրով լցված մեկն ու սկսեց խմել։ Ջուրը լցվեց նրա կզակին, վզին, թափվեց կրծքին։ Ապա նա հևիհև շունչը տեղը բերեց։
— Ուխա՜յ։
Քոլիկից լսվեց Սայմոնի ձայնը։
— Մի քիչ վերև։
Ռալֆը տերևների շարանով մի ճյուղ հրեց վերև։ Տերևներն իրարից անջատվեցին ու թափվեցին ցած։ Բացվածքի մեջ հայտնվեց մեղավոր տեսքով Սայմոնը։
— Ես դիտմամբ չարի։
Ռալֆը զզվանքով նայում էր ավերակներին։
— Սրա պես որ գնա՝ կյանքում չենք պրծնի։
Նա գետին նետվեց Ջաքի ոտքերի կողքին։ Սայմոնը մնաց անցքից դուրս ցցված։ Ռալֆը գետնի վրայից բացատրեց։
— Քանի օր է չարչարվում ենք, ու եղածն ի՞նչ լինի, ըհը․․․
Երկու խարխուլ քոլիկ մի կերպ կանգնած էին, երրորդն ավերվել էր։
— Մենակ թե թողնեն-փախնեն։ Հիշո՞ւմ ես ժողովին ոնց էին երդվում, որ օր ու գիշեր քրտինք են թափելու, մինչև քոլիկները չշինենք։
— Բացի ինձնից ու իմ որսորդներից։
— Բացի որսորդներից։ Դե փոքրերը, ո՞նց ասեմ․․․
Նա ձեռքով մի շարժում արեց, ճիշտ խոսքը փնտրելով։
— Անհույս են։ Բայց ախր մեծերն էլ մի բան չեն։ Տեսար չէ՞ առավոտից մենակ ես ու Սայմոնն ենք գործ անում, ուրիշ մարդ չկա։ Լողանում են, լափում կամ խաղ անում։
Սայմոնը անցքից գլուխը հանեց։
— Առաջնորդը դու ես, դու էլ հրամայի։
Ռալֆը, մեջքի վրա պառկած, նայում էր երկնքին ու արմավներին։
— Ժողով, չէ մի չէ՜, խելքները գնում է ժողով անելու համար, կուզես ամեն օր, կուզես՝ օրն երկու հատ։— Նա հենվեց արմունկներին։— Գրազ գանք, հիմա փողը փչեմ, վազելով կգան։ Խելոք-խելոք կնստեն։ Հետո մեկնումեկը կառաջարկի ինքնաթիռ սարքել, կամ սուզանավ, կամ հեռուստացույց։ Ժողովից հետո մի հինգ րոպե կաշխատեն ու կցրվեն որս անելու։
Ջաքը շիկնեց։
— Միս էլ է պետք, չէ՞։
— Է հա, որ լիներ, բան չէի ասի։ Քոլիկներն էլ են պետք։ Հետո, քո մնացած որսորդները վաղուց են եկել, հրեն, մինչև հիմա լող են տալիս։
— Ես նրանց ինքս բաց թողի ու մենակ գնացի, ես․․․
Նա փորձեց Ռալֆին բացատրել հետապնդելու, տալու-սպանելու իրեն համակած մարմաջը։
— Ես ինքս գնացի, մենակ․․․
Նրա աչքերում նորից վառվեց խենթ փայլը։
— Քիչ էր մնում սպանեի։
— Բայց հոմ չսպանեցիր։
— Բան չէր մնացել։
Ռալֆի ձայնը դողաց քողարկված զայրույթից։
— Բայց չսպանեցիր, չէ՞։
Եթե ձայնի հատուկ երանգը չլիներ, նրա առաջարկը կարող էր սովորական թվալ։
— Դու, իհարկե, միտք չունե՞ս մեզ հետ քոլիկներ շինելու։
— Մեզ միս էլ է պետք․․․
— Չտեսանք էդ միսը։
Այժմ արդեն դիմակայությունը բացահայտ էր։
— Կտեսնեք, մյուս անգամ՝ անպայման։ Մենակ թե նիզակի ծերին հաջողացնեմ կեռ անել, թե չէ մեկին խփեցինք, դուրս ընկավ, չպահեց։ Այ թե կեռ անելու ձևն իմանայի․․․
— Մեզ տուն-տեղ էլ է պետք։
Տաքն անսպասելի կատաղեց։
— Հը՞, ի՞նչ, բա՞ն ես ասում․․․
— Էն եմ ասում, որ հոգիներս դուրս եկավ։ Էդքան բան։
Երկուսն էլ կարմրել և դժվարությամբ էին իրար նայում։
Ռալֆը գլորվեց փորի վրա ու սկսեց խոտի հետ խաղալ։
— Եթե մեր եկած օրվա պես անձրև գա, առանց քոլիկների յոլա չենք գնա։ Ու հետո քոլիկները մեզ նաև պետք են․․․
Նա մի պահ դադար արեց, երկուսն էլ մարեցին իրենց զայրույթը։ Ռալֆը շարունակեց ապահով թեմայով։
— Դու էլ ես նկատել, չէ՞։
Ջաքը նիզակը վայր դրեց ու պազեց։
— Ի՞նչ եմ նկատել։
— Դե, որ տակները լցրել են․․․
Նա շուռ եկավ ու անթարթ նայեց Ջաքի վայրի, ցեխոտ դեմքին։
— Հասկանում ես, նրանք երազում ինչ-որ բան են տեսնում, ես ինքս եմ լսել, դու ի՞նչ է, գիշերը չե՞ս զարթնում։
Ջաքը գլուխը տարուբերեց։
— Քնի մեջ խոսում են ու գոռում, էդ փոքրերը։ Նույնիսկ ուրիշներն էլ, ոնց որ․․․
— Ոնց որ էս կղզին լավը չլինի։
Միջամտությունից ապշած, նրանք նայեցին Սայմոնի լուրջ դեմքին։
— Ոնց որ,— շարունակեց Սայմոնը,— էն գազանը, հիշո՞ւմ եք, էն օձի պես գազանն իսկական լինի։
Երկու ավագը, այդ ամոթալի բառը լսելով, ցնցվեցին։ Օձերի մասին վաղուց արդեն չէր խոսվում, չէր կարելի խոսել։
— Ոնց որ էս կղզին լավը չլինի։— Դանդաղ ասաց Ռալֆը։— Ճիշտ որ։
Ջաքը նստեց ու ոտքերը երկարեց։
— Խելա՞ռ են, ինչ են։
— Ըհը, ցնդվել են։ Հիշո՞ւմ ես, ոնց էինք հետախուզության գնացել։
Նրանք ժպտացին իրար, վերհիշելով առաջին օրվա դյութանքը։ Ռալֆը շարունակեց։
— Էնպես որ քոլիկները մեզ պետք են, որ․․․
— Տուն ունենանք։
— Հա, հենց դրա համար։
Ջաքը ոտքերը ծալեց, գրկեց ծնկներն ու հոնքերը կիտեց՝ ջանալով պարզություն մտցնել։
— Ինչ կուզես ասա, բայց անտառում, երբ որս ես անում, ոչ թե բոլորով, միրգ փնտրելուց, այլ մենակ, ինքդ քեզ․․․
Նա մի պահ լռեց, կասկածելով, արդյո՞ք Ռալֆն իրեն լուրջ կընդունի։
— Հետո՞։
— Որս անելուց մեկ-մեկ էնպես ես զգում, ոնց որ․․․— նա հանկարծ շիկնեց։— Հեչ, լուրջ բան չի, իհարկե։ Պարզապես էն տպավորությունն ես ունենում, որ ոչ թե դու ես որսի դուրս եկել, այլ․․․ քեզ են որսում, ոնց որ ինչ-որ մեկը ջունգլիներում անընդհատ ընկած լինի հետևիցդ։
Նրանք նորից լռեցին, Սայմոնը՝ լարված, Ռալֆը՝ թերահավատությամբ և թեթևակի զայրույթով։ Նա ոտքի կանգնեց, կեղտոտ ձեռքով ուսը տրորելով։
— Ի՞նչ ասեմ, չեմմանում։
Ջաքը վեր ցատկեց և սկսեց հապճեպ խոսել։
— Այ, անտառում էդպես է լինում, եղածը մի լուրջ բան չի, բայց․․․ մենակ թե․․․
Նա մի քանի շտապ քայլ արեց ծովափի կողմն ու հետ եկավ։
— Մենակ թե ես գիտեմ, թե նրանք ինչ են զգում, հասկացա՞ր։
— Կարևորն էնպես անելն է, որ մեզ փրկեն։
Ջաքը մի պահ մտածեց, մինչև որ հասկացավ, թե ինչ փրկելու մասին է խոսքը։
— Փրկեն, բա ոնց։ Մեկ է, սկզբից ես իմ խոզը կբռնեմ․․․— նա նիզակը ճանկեց ու թափով խրեց հողը։ Խենթությունը նորից պղտորեց նրա աչքերը։ Մազերի խճճված խուրձի միջով Ռալֆը քննադատաբար նրան էր ուսումնասիրում։
— Քանի դեռ քո որսորդները կրակը չեն մոռացել․․․
— Դու էլ, քո կրակն էլ։
Նրանք երկուսով վազեցին ծովի կողմը և ափի եզրին շուռ եկան ու նայեցին վարդագույն սարին։ Ծուխը կավճի բարալիկ գծի պես կտրում անցնում էր երկնքի թանձր կապույտը երերալով, հալվում բարձունքում։
— Հետաքրքիր է, ինչքա՞ն հեռվից կերևա։
— Ինչքան ասես։
— Ծուխը քիչ է։
Ասես լսելով նրանց խոսքերը, ծուխը ներքևից թանձրացավ և խախուտ պղտոր սյունով սողաց վեր։
— Վրեն դալար ճյուղեր գցեցին։— Մրթմրթաց Ջաքը։— Հա էլի։— Նա աչքերը կկոցեց և կտրուկ դարձավ հորիզոնի կողմը։
— Գտա։
Ջաքն այնքան բարձր գոռաց, որ Ռալֆը վեր թռավ։
— Ի՞նչ, ո՞ւր, հո նա՞վ չէր։
Ջաքը ցույց էր տալիս սարից կղզու տափարակն իջնող շեղ կիրճերը։
— Իհարկե, ո՜նց չէի մտածել՝ նրանք էնտեղ են պառկում․․․ ուզեն-չուզեն, էն շոգ ժամին ուրիշ ո՞ւր կարան գնալ։
Ռալֆն ապշահար նայում էր նրա ոգևորված դեմքին։
— ․․․ Բարձրանում են ու ստվերում վեր ընկնում, մինչև անցնի, ոնց որ տանը կովերը․․․
— Ես էլ ասի նավ ես տեսել։
— ․․․ Կսողանք մեկնումեկի մոտ, երևի երեսներս էլ ներկենք, որ չտեսնի, կալմեջ կանենք ու․․․
Ռալֆը վրդովմունքից իրեն կորցրեց։
— Ես էստեղ ինչ եմ ասում ծուխի մասին․․․ Լսի, չե՞ս ուզում քեզ փրկեն։ Գիշեր-ցերեկ մենակ խոզերից ես բլբլում։
— Բա միս չճարե՞նք․․․
— Իսկ ես առավոտից էստեղ մենակ Սայմոնի հետ էշություն եմ անում, ու դու գալի իսկի բանի տեղ էլ չես դնում էս քոլիկները։
— Ես էլ եմ գործ անում․․․
— Հա, բայց դու քո արածից հաճույք ես ստանում,— բացականչեց Ռալֆը,— դու որս անել սիրում ես, իսկ ես․․․
Հույզերի շփումից շշմած, նրանք դեմդիմաց կանգնած էին պայծառ լողափին։ Ձևացնելով, թե ավազին խաղացող մանուկները գրավեցին իր ուշադրությունը, Ռալֆն առաջինը թեքեց հայացքը։ Հարթակի մյուս կողմից լսվում էր ավազանում լողացող որսորդների գոռում-գոչյունը։ Խոզուկը, հարթակի եզրին փռված, նայում էր հստակ ջրին։
— Ոչ մեկդ բանի պետք չեք։
Ռալֆն ուզում էր բացատրել, որ մարդիկ իրականում բոլորովին այլ բան են դուրս գալիս, քան պատկերացնում էիր։
— Ինձ մենակ Սայմոնն է օգնում,— նա ցույց տվեց քոլիկները,— մնացածը ցրվեցին։ Ինքն էլ իմ չափ գործ արեց, մենակ թե․․․ միշտ քիթս էր մտնում։
Ռալֆը Ջաքի հետ վերադարձավ քոլիկների մոտ։
— Ես քեզ մի քիչ կօգնեմ,— ասաց Ջաքը,— մինչև գնամ լողանամ։
— Բան ու գործ չունես։
Երբ նրանք հասան քոլիկներին, Սայմոնը չէր երևում։ Ռալֆը գլուխը մտցրեց բացվածքը, դուրս հանեց ու դարձավ Ջաքին։
— Էս մեկն էլ ցվրվեց։
— Զահլան գնաց,— ասաց Ջաքը,— լողանալուց կլինի։
Ռալֆը հոնքերը կիտեց։
— Տարօրինակ տղա է, խփնված։
Ջաքը հենց այնպես գլխով արեց և, անխոս համաձայնությամբ, նրանք ուղղվեցին ավազանի կողմը։
— Հենց լողանամ,— ասաց Ջաքը,— մի բան կուտեմ ու կգնամ սարի էն կողմը, մեկ էլ տեսար բախտս բերեց։ Կգա՞ս։
— Արևը հեսա կմտնի։
— Ոչինչ, ես կհասցնեմ։
Նրանք քայլում էին կողք կողքի՝ գաղափարների ու հույզերի երկու տարբեր աշխարհ՝ անընդունակ հաղորդակցվելու։
— Մենակ թե մի խոզ ձեռս ընկներ։
— Ես հետ կգամ տուն շինելու։
Նրանք իրար նայեցին տարակուսանքով, սիրով և ատելությամբ։ Ավազանի աղի, տաք ջրի չփչփոցը, ծիծաղն ու աղմուկ-աղաղակը բավական էին, որ նրանք նորից միասին լինեն։
Սայմոնը, որին նրանք ակնկալում էին տեսնել ավազանում, այնտեղ չէր։ Երբ Ռալֆն ու Ջաքը գնացին ծովափից սարին նայելու, նա մի քանի քայլ նրանց հետևեց, ապա կանգ առավ և որոշ ժամանակ խոժոռ նայում էր ինչ-որ մեկի, ավազից կառուցած կիսաքանդ տնակին։ Հետո շուռ եկավ և նպատակասլաց տեսքով մտավ անտառը։ Նա մի վտիտ, ոսկրոտ տղա էր ցցուն կզակով և այն աստիճան պայծառ աչքերով, որ Ռալֆը մոլորության մեջ էր ընկել, կարծելով, թե նա զվարթ է ու չարաճճի։ Սև ու կոշտ երկար մազերի խուրձը համարյա լրիվ ծածկում էր նրա լայն ճակատը։ Նա Ջաքի պես ոտաբոբիկ էր և հագած էր իր կարճ տաբատի մնացորդները։ Ու թեև նրա մաշկն առանց այդ էլ մուգ էր, այժմ այն արևից վառվել էր ու ավելի սևացել, քրտինքից փայլելով։
Նա անցավ երկար սպիի միջով և, առաջին օրը Ռալֆի մագլցած ժայռի կողքից, ծառերի միջով թեքվեց աջ։ Նա վստահ քայլում էր մրգատու ծառերի պուրակի միջով, ուր նույնիսկ ամենադինջ մարդն առանց դժվարության կարող էր սնունդ հայթայթել, որը, սակայն, չէր կշտացնում։ Ծաղկած ծառերին միաժամանակ նաև մրգեր էին աճում, օդը լցված էր հասունության բույրով և միլիոնավոր մեղուների դզզոցով։ Այստեղ Սայմոնի հետևից ընկած մանուկները վերջապես հասան նրան։ Իրար խանգարելով, նրանք բոլորը միանգամից ինչ-որ բան էին գոռում ու քարշ տալիս նրան ծառերի ուղղությամբ։ Մեղուների անդադար գվվոցի տակ, ետմիջօրյա արևի լույսի ներքո, Սայմոնը նրանց համար քաղեց վերևի ամենահասուն մրգերն ու բաժանեց անհամբեր երկարած անթիվ թաթիկներին։ Երեխաներին գոհացնելով, նա նայեց շուրջը։ Փոքրիկները, լիուլի գրկած ընտիր մրգերը, առեղծվածային հայացքներով նայում էին նրան։
Սայմոնը նրանց լքեց, առաջ գնաց հազիվ նշմարելի մի կածանով և շուտով հայտնվեց անտառի թավուտում։ Ծառերի բարձր բները պատված էին անսպասելիորեն գունատ ծաղիկներով համարյա մինչև մութ կատարները, որտեղ աշխույժ եռուզեռ էր տիրում։ Ներքևում նույնպես մութ էր, ծառերից կախված լիանաներն ասես խորտակված նավերի թոկերը լինեին։ Նրա ոտնահետքերը դրոշմվում էին փափուկ հողին, լիանաներն ամեն հպումից ամբողջ երկայնքով թրթռում էին։
Վերջա պես նա հասավ արևոտ մի բացատ՝ այստեղ լիանաները լույսին ձգվելու կարիք չունեին և բացատը մի կողքից վարագուրել էին հսկայական մի գորգով։ Հողի մակերեսին ներքևից ընդհուպ մոտեցած ժայռը խոտերից ու պտերներից մեծ ուրիշ ոչ մի բույս չէր հանդուրժում։ Բացատը երիզված էր մուգ գույնի անուշաբույր թփերով և, ասես, շոգի ու լույսի կաթսա լիներ։ Մի հսկա ծառ տապալվել-հենվել էր հարևան, դեռևս կանգուն, ծառերին և ոտքից գլուխ ցողված էր պատատուկի դեղին ու կարմիր ծաղիկներով։
Սայմոնը կանգնեց, Ջաքի պես նայեց իր հետևից ծածկվող անցումին և, արագ շուրջը ստուգելով, համոզվեց, որ մենակ է։ Հալածվածի պես շարժվելով, նա կռացավ և սողոսկեց բացատը վարագուրող գորգից այն կողմ։ Լիանաներն այնքան քիպ էին, որ նրա քրտինքից թրջվում և հետևից անմիջապես իրար էին միանում։ Ներս սողալով, նա հայտնվեց բացատից տերևներով քողարկված փոքրիկ մի որջում։ Պպզեց, տերևները ձեռքով բացեց և դուրս նայեց։ Ոչինչ չէր շարժվում, բացի շոգ օդում իրար շուրջ թպրտացող մի զույգ խայտաբղետ թիթեռներից։ Շունչը պահելով, լարված ականջ դրեց կղզու ձայներին։ Երեկոն աստիճանաբար զավթում էր կղզին՝ հեքիաթային երփներանգ թռչունների ձայները, մեղուների գվվոցը, նույնիսկ ժայռերի մեջ իրենց բները վերադարձող ճայերի ճիչերը խլացել էին։ Հեռու-հեռվում խութերին փշրվող ծովի շրշյունն ավելի հուշիկ էր, քան արյան շրջապտույտը։
Սայմոնը տերևներն իջեցրեց։ Արևի մեղրագույն ճառագայթները գնալով թեքվում էին, նրանք սահեցին թփերի վրայով, տնտղեցին մոմաձև բողբոջները, քսվեցին սաղարթներին, և ծառերի տակ թանձրացավ խավարը։ Լույսի հետ խամրևցին նաև ըմբոստ գույները, ստիպողական շոգը նահանջեց։ Մոմաձև բողբոջները խլրտացին։ Նրանց կանաչ թերթիկները հետ քաշվեցին, զգուշորեն ազատելով սպիտակ ծաղիկների նրբին կոկոնները։
Արևը վերջնականապես լքել էր բացատն ու ջնջվել երկնքից։ Խավարը ողողում էր անտառը, խորտակելով ծառերի արանքները, մինչև որ նրանք աղոտ ու անսովոր կերպարանք ստացան, ասես ջրի տակ ընկղմվելով։ Սպիտակ, շողշողուն ծաղիկները լայն բացվեցին առաջին աստղերից ծորացող լույսին ընդառաջ։ Նրանց բուրմունքը լցրեց օդը և զավթեց կղզին։