Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 54 034 բայտ, 18:21, 28 Փետրվարի 2014
Արևը վերջնականապես լքել էր բացատն ու ջնջվել երկնքից։ Խավարը ողողում էր անտառը, խորտակելով ծառերի արանքները, մինչև որ նրանք աղոտ ու անսովոր կերպարանք ստացան, ասես ջրի տակ ընկղմվելով։ Սպիտակ, շողշողուն ծաղիկները լայն բացվեցին առաջին աստղերից ծորացող լույսին ընդառաջ։ Նրանց բուրմունքը լցրեց օդը և զավթեց կղզին։
 
 
=Չորրորդ գլուխ։ Ներկած դեմքեր, երկար մազեր=
 
Առաջին կշռույթը, որին նրանք ընտելացան, օրվա անշտապ ճոճքն էր այգաբացից մինչև կտրուկ մայրամուտը։ Առավոտյան հմայքը, պայծառ արևը, ծովի ծփանքն ու քաղցր օդը նրանք ընկալում էին որպես վայելքների և խաղի ժամանակ, երբ հույսն ավելորդ էր և, հետևաբար՝ մոռացված։ Կեսօրին մոտ, երբ լույսի ուղղահայաց հեղեղը մարգարտափայլ մեղմություն էր հաղորդում լուսաբացի զիլ գույներին, իսկ շոգը, արևից թափ առնելով, սկսում էր խփել գլխին, նրանք արևից խույս էին տալիս ու պառկում, անգամ քնում, ստվերների տակ։
 
Կեսօրին տարօրինակ բաներ էին պատահում։ Պսպղուն ծովն ուռչում էր և ճեղքվում ծայրագույն անկարելիության բազում դրվագների՝ մարջանի խութերը և նրանց կառչած հատուկենտ գաճաճ արմավենիները ծառանում էին վեր, թրթռում, երկփեղկվում, լարից կախված կաթիլների պես գլորվում ու բազմապատկվում, ասես հայելիների արտառոց շարանում։ Մեկ էլ հանկարծ ցամաք էր հայտնվում այնտեղ, ուր ոչ մի ցամաք չէր եղել, ապա՝ երեխաների աչքի առաջ, պղպջակի պես չքվում։ Խոզուկն այդ ամենը գիտականորեն զանց առավ որպես «միրաժ», և քանի որ տղաներից ոչ մեկը չէր կարող սրատամ գայլաձկների միջով լողալ-հասնել նույնիսկ ամենամոտ խութերին, բոլորը վարժվեցին այդ հրաշքներին և այլևս դրանք չէին նկատում, ինչպես չէին նկատում նաև թրթռուն խորհրդավոր աստղերը։ Կեսօրին պատրանքները ձուլվում էին երկնքին, որից, զայրացած աչքի պես, ներքև էր նայում արևը։ Իրիկնադեմին միրաժները սմքում էին, և երկնագույն հորիզոնը հարթվում էր ու ձգվում իջնող արևի ներքո։ Կրկին, մթան սպառնալիքի տակ, քիչ թե շատ զով էր գալիս։ Արևի սուզվելուն պես խավարը կլանում էր կղզին, և քոլիկները, հեռավոր աստղերի տակ, բռնվում էին անհանգստությամբ։
 
Այնուհանդերձ աշխատանքի, խաղի և սննդի հյուսիսեվրոպական ավանդությունը նրանց համար անհնար էր դարձնում լիովին համակերպվել օրվա նոր կշռույթին։ Փոքրիկներից մեկը, Փըրսիվալը, հենց սկզբից խցկվել էր քոլիկներից մեկն ու երկու օր շարունակ դուրս չէր գալիս ինքն իր հետ խոսելով, երգելով ու լաց լինելով, մինչև որ բոլորը, տարակուսելով, սկսեցին նրան գժի տեղ դնել։ Վերջապես նա դուրս եկավ, խեղճացած ու սմքած, կարմիր աչքերով, և դրանից հետո, համարյա, չէր խաղում ու անվերջ հեծկլտում էր։
 
Կրտսեր տղաներն արդեն հավաքական «փոքրեր» անունով էին կոչվում։ Հասակի նվազումը, Ռալֆից սկսած, աստիճանական էր, ու թեև Սայմոնի, Ռոբերտի ու Մորիսի դրությունը վիճելի էր, բոլորը հեշտությամբ զանազանում էին մեծերին ու փոքրերին։ Շուրջ վեց տարեկանները, անվիճելի փոքրերը, իրենց հատուկ, լարված կյանքն էին ապրում։ Օրվա մեծ մասը նրանք ուտում էին, հասունությունից ու որակից անկախ անխտիր քաղելով ձեռքի տակ ընկած մրգերը, և այդ պատճառով միշտ փորացավ ու կայուն լուծ ունեին։ Նրանք անասելի սարսափում էին մթությունից և խավարի մեջ վախվորած իրար էին սեղմվում։ Ուտելուց և քնելուց բացի, նաև ժամանակ էին գտնում ծովափին պարզ ու աննպատակ խաղեր խաղալու։ Նրանք շատ ավելի քիչ էին թնկթնկում իրենց մայրերի համար, քան կարելի էր ակնկալել, մուգ դարչնագույն էին և անտանելի կեղտոտ։ Խեցու կանչին ենթարկվում էին, մասամբ որովհետև այն Ռալֆն էր փչում, որը բավականաչափ խոշոր էր երեխաների աչքում մեծերի աշխարհին կապվելու համար, իսկ մասամբ էլ այն պատճառով, որ ժողովները նրանց զվարճացնում էին։ Մնացած դեպքերում նրանք որպես օրենք մեծերով չէին հետաքրքրվում, ապրելով իրենց առանձին, աշխույժ կյանքով։
 
Փոքրիկ գետակի բերանին նրանք մոտ կես մետր բարձրությամբ, խեցիներով, թոշնած ծաղիկներով ու նախշուն քարերով զարդարված ավազե դղյակներ էին ծեփում։ Այդ բարդ կառույցները շրջապատված էին ճանապարհների, ուղեցույցների, երկաթգծերի և թմբերի խճճված ցանցով, որից կարելի էր գլուխ հանել միայն ընդհուպ ավազի վրա կռանալով։ Մանուկներն այստեղ խաղում էին եթե ոչ զվարթ, ապա կենտրոնացած և հափշտակված, հաճախ միևնույն դղյակի վրա նրանք աշխատում էին մինչև երեք հոգով։
 
Հիմա էլ այստեղ երեք փոքրիկ էին խաղում, Հենրին նրանցից ամենամեծն էր։ Նա նաև հեռավոր ազգականն էր այն խալով տղայի, որին մեծ հրդեհի գիշերվանից այլևս տեսնող չէր եղել։ Բայց Հենրին դեռ այնքան մեծ չէր, որ դա հասկանար՝ եթե նրան ասեին, որ այն տղան ինքնաթիռով տուն է գնացել, նա միամտորեն կհավատար։
 
Այսօր Հենրին պարագլխի պես մի բան էր, քանի որ մյուս երկուսը Փըրսիվալն ու Ջոնին էին՝ կղզու ամենափոքրերը։ Փըրսիվալը մկնագույն էր և լավիկ չէր թվացել նույնիսկ սեփական մորը, Տոնին բարեկազմ էր, խարտյաշ ու կռվարար։ Տվյալ պահին նա հնազանդ էր, որովհետև հափշտակվել էր խաղով։ Երեքով ավազին չոքած, մանուկները հանգիստ խաղում էին։
 
Անտառից դուրս եկան Ռոջըրն ու Մորիսը։ Խարույկին հետևելու նրանց հերթն անցել էր, և նրանք իջել էին լողալու։ Ռոջըրն ուղիղ դղյակների վրայով էր քայլում՝ ոտքով փլելով գմբեթները, ծաղիկները տրորելով և ցրիվ տալով խնամքով ընտրված քարերը։ Մորիսը ծիծաղելով լրացնում էր ավերածությունը։ Երեք մանուկներն ընդմիջեցին իրենց խաղն ու վեր նայեցին։ Բախտի բերմամբ տվյալ պահին իրենց հետաքրքրող կառույցները չէին տուժել, այնպես որ նրանք չընդվզեցին։ Միայն Փըրսիվալը սկսեց թնկթնկալ, որովհետև նրա աչքն ավազ էր լցվել, և Մորիսը հապճեպ մի կողմ քաշվեց։ Նախորդող կյանքում նրան արդեն վիճակվել էր մի լավ պատիժ ուտել ուրիշի աչքն ավազ լցնելու համար և այժմ, չնայած ծնողական ծանր ձեռքը չկար, Մորիսն իրեն այնուամենայնիվ մեղավոր էր զգում։ Նրա մտքում ներողություն խնդրելու աղոտ մի ցանկություն ծագեց։ Նա ինչ-որ բան մրթմրթաց լողալու մասին և թողեց-փախավ։
 
Ռոջըրը մնաց, նայելով մանուկներին։ Առաջին օրվա համեմատ նրա մաշկի գույնն առանձնապես չէր մգվել, բայց ճակատն ու վիզը ծածկող սև մազերի բաշն ավելի էր ընդգծել նրա դեմքի մռայլությունը՝ եթե առաջ այն պարզապես անբարեհամբույր էր, ապա այժմ վանող էր դարձել։ Արցունքները լվացին Փըրսիվալի աչքի ավազը, և նա ձայնը կտրեց ու վերսկսեց խաղալ։ Ջոնին կապուտակ աչքերով նրան էր նայում, հետո սկսեց բռերով ավազ թռցնել, և շուտով Փըրսիվալը նորից ձայնը գցեց։
 
Երբ Հենրին խաղից ձանձրացավ և թողեց-գնաց ծովի կողմը, Ռոջըրը արմավների տակով հետևեց նրան։ Հենրին դեռ շատ փոքր էր արևից գիտակցաբար պատսպարվելու համար և լողափի մեջտեղով էր քայլում։ Նա մոտեցավ ափին և սկսեց ջրի հետ զբաղվել։ Սկսվել էր խաղաղօվկիանոսյան մեծ մակընթացությունը, և ծովախորշի համեմատաբար հանդարտ ջուրը վայրկյան առ վայրկյան առաջ էր գալիս։ Ծովի եզերքում հազիվ նշմարելի թափանցիկ էակներ էին ապրում, որոնք ջրի հետ վրա էին տալիս շիկացած չոր ավազին և աներևույթ զգայարաններով խուզարկում նոր տարածքը։ Գուցե այնտեղ, ուր նախորդ ասպատակության ժամանակ ոչինչ չկար, այժմ կեր էր հայտնվել՝ թռչնաղբ, մլակներ կամ վերգետնյա կյանքի այլևայլ թափոններ։ Հսկայական եղանի անթիվ ատամների պես, թափանցիկ էակներն ափը գրոհում էին աղբահավաքի։
 
Հենրին զմայլված էր։ Նա ջուրն էր մտցրել մաշած ու աղակալած մի փայտիկ, որը նույնպես ծովն էր բերում, ու փորձում էր յուրովի կարգավորել աղբահավաքների անցուդարձը։ Ավազի մեջ փոքրիկ առվակներ էր փորում և, մակընթացության ջրի հետ, աշխատում որքան կարելի է շատ էակներ ներս քշել։ Նա երանության մեջ էր, ըմբոշխնելով կենդանի էակների նկատմամբ վայելած իր իշխանությունը։ Խոսում էր նրանց հետ, շտապեցնում, հրամաններ տալիս։ Առաջ գալով, մակընթացությունը ջրափոսերի էր վերածում նրա ոտնահետքերը, նրանցում կալանված թափանցիկ էակներին անվերապահ տիրելու պատրանք ստեղծելով Հենրիի մոտ։ Ջրի եզրին պպզած, նա գլուխն իջեցրել էր ներքև՝ մազերը ճակատի վրայով ցած էին թափվել։ Կեսօրյա արևը վերևից անտեսանելի նետեր էր թափում։
 
Ռոջըրը սպասում էր։ Սկզբում նա թաքնվել էր մի հաստ արմավենու հետևում, բայց Հենրիի հափշտակվածությունն այնքան ակներև էր, որ նա վերջիվերջո դուրս էր եկել։ Ռոջըրը նայեց շուրջը՝ Փըրսիվալը լաց լինելով փախել էր և դրղյակները թողել ցնծագին Ջոնիին։ Վերջինս, քթի տակ երգելով, ավազ էր նետում երևակայական Փըրսիվալի վրա։ Նրանից այն կողմ երևում էին հարթակը և Ռալֆի, Սայմոնի, Խոզուկի ու Մորիսի բարձրացրած ջրի ցայտերը։ Ռոջըրն ուշադիր ականջ դրեց, հազիվ լսելով նրանցից հասնող ձայները։
 
Անսպասելի քամին ցնցեց արմավների շարանը, խշխշացնելով ու թափ տալով նրանց կատարները։ Ռոջըրի գլխավերևում, քսան մետրանոց բարձունքում, ծառից պոկվեց գնդակի չափ կոկոսների մի ամբողջ խուրձ, որոնք թրխկալով թափվեցին շուրջը, առանց նրան դիպչելու։ Ռոջըրը խույս տալու փորձ չարեց, նա մեկ կոկոսներին էր նայում, մեկ Հենրիին։ Արմավների տակի հողը հումուսի ուշ կուտակումներից էր, և ծառերի սերունդները նրա տակից արմատներով դուրս էին քաշել վաղեմի ուրիշ մի ծովափի քարերը։ Ռոջըրը կռացավ, մի քար վերցրեց, նշան բռնեց և նետեց Հենրիի վրա միտումնավոր վրիպելով։ Քարը, վայրենաբարո ժամանակների այդ խորհրդանիշը, հինգ մետրի վրա սուրաց Հենրիի կողքով և ընկավ ջուրը։ Ռոջըրն էլի մի քանի քար հավաքեց և սկսեց հերթով նետել։ Բայց և այնպես Հենրիի շուրջը մնացել էր մոտ վեց մետր տրամագծով մի շրջան, որին նա չէր համարձակվում դիպչել։ Աներևույթ ու զորավոր, այնտեղ ուժի մեջ էր հին կյանքի տաբուն։ Պպզած երեխային պատսպարել էր ծնողների, դպրոցի, ոստիկանության և օրենքի հովանավորությունը։ Ռոջըրի ձեռքը բռնել էր այն աշխարհի քաղաքակրթությունը, որը, նրանից անտեղյակ, արդեն ավերակների մեջ էր։
 
Ջրի ճողփյունը հանկարծակիի էր բերել Հենրիին։ Նա հանգիստ թողեց թափանցիկ էակներին և, ցեղարյուն շան պես, քիթը տնկեց ջրի վրա լայնացող շրջանների կենտրոնին։ Քարերն ընկնում էին մեկ աջից, մեկ ձախից, և Հենրին հլու շրջում էր գլուխը, բայց չէր հասցնում քարերն օդում տեսնել։ Վերջապես նա տեսավ քարերից մեկն ու ծիծաղեց, փնտրելով իրեն ձեռք առնող խաղընկերոջը։ Բայց Ռոջըրն արդեն սպրդել-մտել էր նույն ծառի հետևը, հևիհև աչքերը թարթելով։ Հենրին քարերից հիասթափվեց և թողեց-գնաց։
 
— Ռո՛ջըր։
 
Տասը մետր այն կողմ ծառի տակ կանգնած էր Ջաքը։ Նրան տեսնելով, Ռոջըրի թուխ դեմքն ավելի մթնեց, բայց Ջաքը ոչինչ չնկատեց։ Նա անհամբեր նշաններ էր անում, Ռոջըրին իր մոտ կանչելով։ Նախքան ծովը լցվելը, գետակը փոքրիկ մի լիճ էր կազմում, ջրաշուշաններով ու եղեգներով լի։ Այստեղ, Բիլի հետ միասին, նրանց սպասում էին Սամն ու Էրիքը։ Ջաքը ծունկի իջավ լճի ափին և բացեց հետը բերած երկու խոշոր տերևները։ Մեկի մեջ սպիտակ կավ էր, մյուսի մեջ՝ կարմիր։ Կողքին խարույկից բերված ածուխի մի կտոր էր։
 
Գործի անցնելով, Ջաքը սկսեց Ռոջըրին բացատրել։
 
— Նրանք իմ հոտը չեն առնում, բայց ոնց որ թե տեսնում են՝ ծառերի մեջ մի սպիտակ բան են երևի տեսնում։
 
Նա կավը քսեց դեմքին։
 
— Երնեկ մի քիչ էլ կանաչ լիներ։
 
Նա Ռոջըրին դարձրեց դեմքի ներկած կեսն ու պատասխանեց վերջինիս աչքերում ծագած ենթադրությանը։
 
— Ըհը, որսի համար է, ոնց որ պատերազմի ժամանակ։ Գիտես էլի՝ քողարկություն, որ մի բան ուրիշ բանի տեսք ունենա․․․
 
Նա ամեն գնով ջանում էր Ռոջըրին հասկացնել։
 
— Ոնց որ ցեցը ծառի վրա։
 
Ռոջըրը հասկացավ և խոժոռ գլխով արեց։ Երկվորյակներրը մոտեցան Ջաքին և երկչոտ սկսեցին ինչ-որ բանից գանգատվել։ Ջաքը նրանց մի կողմ հրեց։
 
— Ռադներդ քաշեք։
 
Նա ածուխը քսեց դեմքի կարմիր ու սպիտակ բծերի միջև։
 
— Չէ, հետս կգաք։
 
Ջաքը նայեց իր արտացոլմանն ու չհավանեց։ Նա կռացավ, երկու բուռ գոլ ջուր վերցրեց ու դեմքին քսածը լվաց։ Երևացին պեպեններն ու ավազագույն հոնքերը։
 
Ռոջըրը դժկամոր են ժպտաց։
 
— Համա թե տե՜սք ունես։
 
Ջաքն իր համար արդեն նոր դեմք էր հորինում։ Մի այտն ու աչքի շուրջը նա սպիտակ ներկեց, իսկ դեմքի մյուս կեսը՝ կարմիր։ Ապա աջ ականջից ածուխով հաստ գիծ քաշեց մինչև կզակի ձախ կողմը։ Նա կռացավ լճակի վրա, բայց ջուրը շնչառությունից դողում էր և պատկերը խախտում։
 
— Սամ, Էրիք, մի դատարկ կոկոս բերեք, շուտ։
 
Ջրով լի կեղևը բռնած, Ջաքը ծունկի իջավ։ Լույսի կլոր բիծը սկսեց խաղալ նրա դեմքին, ջրի մակերեսը պայծառացավ։ Նա ապշահար ուսումնասիրում էր արդեն ոչ թե իր, այլ սարսռազդու մի անծանոթի արտացոլումը։ Ապա ջուրը թափեց, ոտքի ցատկեց և խանդավառությունից սկսեց հռհռալ։ Նրա ջլոտ մարմնի վրա տնկված էր մի դիմակ, որը սարսափեցնում և ձգում էր բոլորի հայացքները։ Ջաքը սկսեց պար գալ, նրա ծիծաղը վերածվեց արյունարբու մռնչոցի։ Նա ցատկոտեց Բիլի կողմը՝ դիմակն ինքնուրույն կյանքով էր ապրում, Ջաքը թաքնվել էր նրա տակ, ազատվելով ամեն տեսակ ամոթից։ Կարմիր, սպիտակ, սև դեմքը պար գալով քշում էր Բիլի վրա։ Բիլը փռթկաց, բայց հանկարծ լռեց ու սկսեց թփերի միջով փախչել։
 
Ջաքը նետվեց երկվորյակների կողմը։
 
— Շարվիր․․․ առա՛ջ, իմ ետևից։
 
— Բայց․․․
 
— Ախր․․․
 
— Առա՜ջ։ Կսողամ մոտն ու հո մի չեմ տա․․․
 
Դիմակը ստիպում էր ենթարկվել։
 
<center>* <sup><big>*</big></sup> *</center>
 
Ռալֆը ջրավազանից դուրս եկավ, նստեց արմավների ստվերի տակ և ձեռքով սրբեց ճակատին ու հոնքերին ծեփված խարտյաշ մազերը։ Սայմոնը, ջրի մեջ փռված, ոտքերով փրփուր էր ծեծում, Մորիսը սովորում էր սուզվել։ Խոզուկն աննպատակ թրև էր գալիս, գետնից ինչ-որ բաներ վերցնելով ու դեն նետելով։ Նրան գերող ջրափոսերը մակընթացությունն իր տակն էր առել, և Խոզուկը սպասում էր, մինչև ջուրն իջնի։ Ռալֆին տեսնելով, նա մոտեցավ և նստեց կողքին։
 
Խոզուկը հագել էր իր կարճ տաբատի մնացորդը, նրա գեր մարմինը ոսկեգույն երանգ էր ստացել, իսկ ակնոցը դեռ փայլում էր, երբ նա ինչ-որ բանի էր նայում։ Սա կղզու միակ տղան էր, որի մազերը կարծես բոլորովին աճած չլինեին։ Մյուս բոլորը վաղուց արդեն մազակալել էին, իսկ Խոզուկի գլուխը պատված էր նույն կարճլիկ խոպոպներով, ասես նրա ճակատին գրված լիներ ճաղատ դառնալը, և այդ անկատար ծածկույթը, նոր ծլած եղջյուրների աղվամազի պես, շուտով պիտի վերանար։
 
— Ես էստեղ միտք էի անում,— ասաց նա,— ժամացույցի մասին։ Կարելի է արևի ժամացույց սարքել։ Ավազի մեջ մի փայտ կխրենք ու․․․
 
Դրա հետ կապված հանրահաշվական բարդություններն արտահայտելը նրա ուժերից վեր էր։ Խոզուկն ընդամենը ձեռքով օդում մի քանի շարժում արեց։
 
— Վրից էլ մի հատ ինքնաթիռ կսարքենք, մի հատ էլ հեռուստացույց,— թթված արձագանքեց Ռալֆը,— հետո էլ շոգեմեքենա․․․
 
Խոզուկը գլուխը շարժեց։
 
— Դրանց համար լիքը մետաղ է պետք,— ասաց նա,— մենք մետաղ չունենք։ Իսկ փայտիկն, ըհը, խնդրեմ։
 
Ռալֆն ակամա ժպտաց։ Խոզուկը բոլորի հոգին հանում էր՝ նրա ճարպը, շնագելությունն ու տարբեր տեսակի մտահղացումները ձանձրացուցիչ էին, բայց նրան ձեռք առնելը միշտ էլ զվարճալի էր, նույնիսկ երբ պատահմամբ էր ստացվում։
 
Խոզուկը նրա ժպիտը մեկնաբանեց որպես բարյացակամության նշան։ Մեծերի շրջանում լռելյայն կարծիք էր հաստատվել, որ Խոզուկը խորթ է, ոչ միայն խոսվածքի պատճառով, որը ոչ մեկի հոգը չէր, այլ նաև՝ գիրության, շնագելության, ակնոցի և ֆիզիկական աշխատանքից խորշելու համար։ Տեսնելով, որ Ռալֆն իր խոսքերից ուրախացավ, Խոզուկը թևեր առավ և սկսեց զարգացնել իր նվաճումը։
 
— Փայտիկներ ինչքան ասես կան։ Ամեն մեկս մի արևի Ժամացույց կունենանք, ու երբ ուզենք, ժամը կիմանանք։
 
— Որ հանկարծ ուտելուց շուշանանք։
 
— Դո՞ւ չէիր ասում, որ մեզ փրկելու համար պիտի բաներ անենք։
 
— Ո՜ւֆ, զահլաս տարար։
 
Նա ոտքի ցատկեց և հետ գնաց լողավազանի մոտ։ Հենց այդ պահին Մորիսը բավական անհաջող ցատկեց ջուրը։ Ռալֆն ուրախ էր թեման փոխել։ Երբ Մորիսը ջրի մակերես դուրս եկավ, նա բացականչեց։
 
— Այ թե լավ փորսուղ տվիր։
 
Մորիսը ժպտաց, իսկ Ռալֆը սահուն ցատկեց ջուրը։ Նա բոլոր տղաներից լավ էր լողում, բայց այսօր, լսելով ափեղցփեղ բերված փրկություն բառը, նա սրտնեղել էր, և նույնիսկ ջրի կանաչ խորքն ու արևի ոսկեգույն շողերը նրա սիրտը չէին հովացնում։ Ջրում մնալու և խաղալու փոխարեն, նա վճռաբար լողաց-անցավ Սայմոնի տակով և դուրս եկավ ավազանի հակառակ ափին պառկելու, փոկի պես կաթկթալով ու փայլելով։ Խոզուկը, ինչպես միշտ անշնորհք, մոտեցավ և կանգնեց նրա կողքին, ստիպելով Ռալֆին գլորվել փորի վրա ու ձև անել, թե նրան չի տեսնում։ Միրաժներն արդեն մարել էին, նա մռայլ աչքի անցկացրեց հորիզոնը։
 
Հաջորդ ակնթարթին Ռալֆը կանգնած գոռում էր․
 
— Ծո՜ւխը, ծո՜ւխը։
 
Սայմոնը ջրի մեջ պառկած վեր թռավ և քիչ էր մնում խեղդվեր։ Ցատկել պատրաստվող Մորիսը կրունկների վրա ճոճվեց, նետվեց դեպի հարթակը, բայց շեղվեց արմավների կողմն ու սկսեց համենայն դեպս հապճեպ հագնել իր քըրջոտ տաբատը։
 
Ռալֆը կանգնել էր, մի ձեռքով ճակատից հետ քաշելով մազերը, մյուսը՝ բռունցք արած։ Սայմոնը ջրից դուրս էր գալիս։ Խոզուկն իր տաբատի փեշով ակնոցն էր մաքրում և աչքի տակից նայում ծուխին։ Մորիսը երկու ոտքը մտցրել էր մի փողքի մեջ, միայն Ռալֆն էր անշարժ կանգնած։
 
— Ես ծուխ չեմ տեսնում,— կասկածանքով ասաց Խոզուկը։— Ոչ մի ծուխ չի երևում, Ռալֆ, ի՞նչ ծուխ ես ասում։
 
Ռալֆը չէր պատասխանում։ Նա ճակատն արդեն երկու ձեռքով էր սեղմել, որ մազերն աչքերը չընկնեն։ Նա առաջ էր թեքվել, մարմինը չորացող ծովաջրից սկսել էր սպիտակել։
 
— Ռալֆ, ի՞նչ է, նա՞վ կա։
 
Սայմոնը մոտեցավ և հայացքը Ռալֆից դարձրեց հորիզոնի կողմը։ Մորիսը դեն գցեց պատռված տաբատը, դիմեց անտառի կողմն ու իսկույն հետ վազեց։
 
Ծուխը հորիզոնի վրա դանդաղ արձակվող փոքրիկ մի հանգույց էր։ Նրա տակի կետը կարող էր նավի ծխնելույզը լինել։ Ռալֆի դեմքը գունատ էր։
 
— Նրանք մեր ծուխը կտեսնեն։
 
Խոզուկն արդեն ճիշտ ուղղությամբ էր նայում։
 
— Որ ասեմ համարյա չի երևում․․․
 
Նա շուռ եկավ և նայեց սարին։ Ռալֆն անհագ հայացքով շարունակում էր հետևել նավին։ Նրա դեմքին աստիճանաբար գույն էր գալիս։ Սայմոնը լուռ կանգնած էր կողքին։
 
— Ճիշտն ասած ես լավ չեմ տեսնում,— ասաց Խոզուկը,— մենք ծուխ ունե՞նք, թե՞ չէ։
 
Ռալֆն անհամբեր շարժում արեց, հայացքը նավից չկտրելով։
 
— Սարի ծուխը գալի՞ս է, թե՞ չէ։
 
Վազելով եկավ Մորիսն ու հայացքը հառեց ծովին։ Սայմոնն ու Խոզուկը սարին էին նայում։ Խոզուկի դեմքն այլայլվեց, իսկ Սայմոնն ամբողջ ուժով գոռաց, ասես խիստ ցավից։
 
— Ռա՜լֆ, Ռա՜լֆ։
 
Նրա ձայնի որակը Ռայֆին մեխեց ավազին։
 
— Ասեք էլի,— պաղատում էր Խոզուկը,— մենք ազդանշան ունե՞նք, թե չէ։
 
Ռալֆը հետ նայեց հորիզոնում հալչող ծխի շիթին ու ապա՝ նորից սարին։
 
— Խնդրում եմ, Ռալֆ, ազդանշան չկա՞․․․
 
Սայմոնը ձեռքը երկչոտ պարզեց Ռալֆին դիպչելու, բայց նա արդեն վազում էր ավազանի սաղր կողմով, շիկացած սպիտակ ավազի վրայով և արմավենիների տակով։ Քիչ անց նա հաղթահարում էր սպին արդեն ծածկել սկսող խիտ մացառուտը։
 
Սայմոնն ու Մորիսը վազեցին նրա հետևից։ Խոզուկը գոռում էր։
 
— Ռալֆ, խնդրում եմ, Ռա՜լֆ․,․
 
Ապա նա էլ վազեց, խճճվեց Մորիսի գցած տաբատի մեջ, դուրս պրծավ և նետվեց նրա հետևից։ Չորս տղաների հետևում ծուխը դանդաղ սողում էր հորիզոնի գծով։ Լողափին Հարին ու Ջոնին ավազ էին նետում Փըրսիվալի վրա, որը կամացուկ լաց էր լինում՝ երեքն էլ իրարանցումից անտեղյակ։
 
Սպիի հակառակ ծայրին հասնելով, Ռալֆը շնչակտուր հայհոյեց։ Նա անխնա քերծել էր մերկ մարմինը լիանաների կոշտ կողերով և այժմ արյունլվա էր։ Սարի լանջին հասնելով, նա կանգ առավ, Մորիսը մի քանի մետր հետ էր մնացել։
 
— Խոզուկի ակնոցները,— գոռաց Ռալֆը,— թե կրակը պրծած լինի, պետք կգան․․․
 
Նա կանգ առավ ու օրորվեց։ Խոզուկը տեսադաշտում նոր էր հայտնվում, անվարժ գլորվելով ավազի վրայով։ Ռալֆը մեկ հորիզոնին էր նայում, մեկ սարին։ Գուցե հարկավոր էր ակնոցը Խոզուկից վերցնե՞լ, բայց նավն այդ ընթացքում կարող էր գնալ։ Իսկ եթե նրանք հասնեին վերև, ու խարույկը հանգած լիներ՝ դե նստիր ու սպասիր մինչև Խոզուկը բարձրանա, նայելով, թե նավն ինչպես է չքանում։ Երկընտրանքից կեղեքվելով, անորոշության հոգևարքի մեշ, Ռալֆը բացականչեց․
 
— Ա՛խ, Տե՜ր Աստված․․․
 
Սայմոնը հևիհև մաքառում էր մացառների դեմ։ Նրա դեմքն այլայլված էր։ Ռալֆն, իրեն չխնայելով, առաջ նետվեց, հորիզոնի ծուխը հեռանում էր։
 
Խարույկը հանգած էր։ Նրանք դա իսկույն տեսան, նրանք այդ գիտեին դեռ ներքևում, ծովափին, երբ հայրենի ծուխը կանչել էր նրանը։ Խարույկն անկենդան էր, հանգած, անգամ չէր ծխում, հերթապահները չկային։ Պատրաստի վառելիքի կույտը դիզված էր կողքին։
 
Ռալֆը դարձավ ծովի կողմը։ Հորիզոնի գիծը նորից ունայն էր ու անդեմ՝ միայն ծխի հազիվ նշմարելի մի հետք էր երևում։ Ռալֆն իրեն գցեց ծովի կողմը, ժայռի եզրին մի կերպ փրկեց հավասարակշռությունն ու գոռաց․
 
— Արի հե՜տ, հե՜տ արի․․․
 
Նա ժայռի վրայով դես ու դեն էր անում, ծովից հայացքը չկտրելով, և խելագարի պես ճչում։
 
— Հե՜տ արի, հե՜տ արի․․․
 
Սայմոնն ու Մորիսը վրա հասան։ Ռալֆն անթարթ նայեց նրանց։ Սայմոնը հայացքը թեքեց, այտերը սրբելով։ Ռալֆը փնտրեց իր իմացած ամենասոսկալի բառը։
 
— Իշի քուռակները խարույկը հանգցրին։
 
Նա նայեց սարի հակառակ լանջն ի վար։ Փոքրիկի պես նվնվալով, հայտնվեց շնչահեղձ Խոզուկը։ Ռալֆը բռունցքները սեղմեց և շառագունեց։ Նրա սևեռուն հայացքն ու լարված ձայնն ակամա նշեցին ուղղությունը։
 
— Հեն են։
 
Թափորը շարժվում էր ներքևում, ափամերձ վարդագույն քարաբեկորների միջով։ Ոմանց գլխին սև գլխարկներ կային, դրանից բացի բոլորը համարյա մերկ էին։ Հեշտ տեղերով անցնելիս, նրանք ամեն անգամ ձեռքերի փայտերը վեր էին բարձրացնում։ Ինչ-որ բան էին երգում, որը վերաբերում էր խելքահան արված երկվորյակների քարշ տված բեռին։ Ռալֆն անգամ հեռվից իսկույն տարբերեց Ջաքին՝ բարձրահասակ, շիկահեր և, իհարկե, բոլորի առաջն ընկած։
 
Սայմոնը Ռալֆից հայացքը դարձրեց Ջաքին, ինչպես մինչ այդ դարձրել էր հորիզոնին և, հավանաբար, Ջաքի տեսքից վախեցավ։ Ռալֆն այլևս ոչինչ չասաց և սպասեց, որ թափորը մոտենա։ Երգն արդեն լսվում էր, բայց բառերը չէին զանազանվում։ Երկվորյակները քայլում էին Ջաքի հետևից, ուսերին մի հաստ ձող գցած։ Ձողից կախված մորթված խոզի իրանը ծանր տարուբերվում էր ճանապարհի անհարթությունները հաղթահարող երկվորյակների ցնցումներից։ Պատռած կոկորդից կախված գլուխն ասես ճամփան հոտոտեր։ Վերջապես, մոխրացած տափարակի վրայով, երգի խոսքերը հասան վեր։
 
— Խոզին մորթենք, կոկորդը ճղենք, թափենք արյունը։
 
Հենց որ խոսքերը լսելի դարձան, թափորը սկսեց զառիթափով բարձրանալ, և մի երկու րոպեից երգը մարեց։ Խոզուկը քիթը քաշեց։ Սայմոնը անմիջապես նրան սաստեց, ասես խեղճը եկեղեցում բարձրաձայն խոսած լիներ։
 
Ջաքը, կավով նախշված դեմքով, առաջինը հասավ գագաթին և բարձրացրած նիզակով Ռալֆին ոգևորված ողջունեց։
 
— Տես է՜, խոզ ենք սպանել․․․ սողացինք մոտը, կալմեջ արինք։
 
Որսորդները վրա տվին։
 
— Կալմեջ արինք․․․
 
— Սուսուփուս մոտեցանք․․․
 
— Ձենը գլուխն էր գցել․․․
 
Խոզը ճոճվում էր երկվորյակների միջև, քարերին սև կաթիլներ թափելով։ Նրանք երկուսով ասես մի ընդհանուր, լայն, ինքնամոռաց ժպիտ կիսեին։ Ջաքը չգիտեր, որը պատմի, որը թողնի։ Նա քիչ էր մնում պար գար, բայց արժանապատվությունը հիշելով, կանգ առավ, լայն ժպիտը դեմքին։ Հետո նկատեց ձեռքերի արյունն ու զզվանքով ծամածռվեց, մի բան փնտրելով, որ սրբի։ Վերջապես ձեռքերը մաքրեց տաբատին ու ծիծաղեց։
 
Ռալֆը խոսեց։
 
— Դուք թողեցիք, որ խարույկը հանգչի։
 
Ջաքը ընկրկեց, փոքր-ինչ զայրանալով նման անտաշությունից, որը, սակայն, չէր կարող պղտորել նրա երջանկությունը։
 
— Բան ասիր՝ նորից կվառենք։ Պիտի մեզ հետ լինեիր, Ռալֆ, շշմելու բան էր։ Երկվորյակները փռվել էին․․․
 
— Հո չտվի՜նք․․․
 
— Ես հասա վրեն։
 
— Ես էլ վիզը կտրեցի,— հպարտ ասաց Ջաքը, այնուամենայնիվ ցնցվելով։— Քոնը կտա՞ս, Ռալֆ, դանակիս կոթին նշան անեմ։
 
Տղաներն աղմկում էին ու պար գալիս։ Երկվորյակները շարունակում էին ժպտալ։
 
— Լրիվ արյուն էր եղել,— ծիծաղելով ասաց Ջաքը և նորից սրթսրթաց,— պիտի տեսած լինեիր․․․
 
Ռալֆը տեղից չշարժվեց, նրա ձայնը խռպոտ էր։
 
— Դուք կրակն անտեր էիք թողել։
 
Կրկնությունը Ջաքի դուրը չեկավ, նա նայեց նախ երկվորյակներին, ապա Ռալֆին։
 
— Նրանց որ չվերցնեինք,— ասաց նա,— չէինք կարանա կալմեջ անել։
 
Հետո շիկնեց, հասկանալով, որ սխալ բան է արել։
 
— Մի երկու ժամ էր, էլի, հեսա նորից կվառենք․․․
 
Նա նկատեց Ռալֆի ճանկռոտած մերկ մաշկը, բոլոր չորսի մռայլ լռությունը։ Լայնասիրտ երջանկությամբ նա ուզում էր բոլորին պարգևել կատարվածի բերկրանքը։ Նրա միտքը հեղեղված էր որսի պատկերներով՝ թպրտացող խոզի վրա հարձակվելու պահով, կենդանուն ճարպկությամբ գերազանցելու, իր կամքը պարտադրելու, երկար, ծարավը հագեցնելու պես, նրա կյանքը խլելու հայտնություններով։
 
Նա լայն տարածեց ձեռքերը։
 
— Պիտի տեսնեիր ո՜նց էր արյունը թափվում։
 
Փոքր-ինչ խաղաղված որսորդներն այս խոսքերից նորից խլրտացին։ Ռալֆը մազերը հետ գցեց և ձեռքը պարզեց հորիզոնի կողմը։ Նրա գազազած ձայնից բոլորն իսկույն սսկվեցին։
 
— Էնտեղ նավ կար։
 
Ջաքը միանգամից ըմբռնեց ասվածի սոսկալի նշանակությունն ու Ռալֆի հայացքից խույս տվեց։ Նա ձեռքը դրեց խոզին և դանակը դուրս քաշեց։ Ռալֆն իջեցրեց սեղմած բռունցքը, նրա ձայնը դողում էր։
 
— Էնտեղ նավ կար։ Դու խոսք էիր տվել կրակը պահել ու թողիր, որ հանգի։— Նա քայլ արեց Ջաքի կողմը, որը չուռ, եկավ և աչքերը բարձրացրեց։
 
— Նրանք մեզ կտեսնեին ու մենք տուն կգնայինք․․․
 
Խոզուկն այլևս չդիմացավ և, կորստի վշտից մոռանալով իր երկչոտությունը, ճչաց․
 
— Դո՛ւ էլ, քո արյո՛ւնն էլ, Ջաք Մերիդյու, քո որսի պատճառով․․․ հիմա արդեն տուն կգնայինք
 
Ռալֆը Խոզուկին մի կողմ հրեց։
 
— Էստեղ ես եմ առաջնորդն ու դու պարտավոր ես իմ ասածներն անել։ Մենակ թե թողնեն խոսես։ Նույնիսկ քոլիկ շինել չես կարող․․․ գնում ես որսի ու կրակն անտեր թողնում։
 
Նա լռեց և շուռ եկավ։ Ապա բորբոքված ավելացրեց։
 
— Էնտեղ նավ էր անցնում։
 
Որսորդներից մեկը, փոքրերից, սկսեց հեկեկալ։ Չարաբաստիկ իրողությունը սկսում էր բոլորին տեղ հասնել։ Ջաքը, կաս-կարմիր կտրած, դանակով խփում էր խոզին։
 
— Ախր շատ մեծ գործ էր, առանց բոլորի յոլա չէինք գնա։
 
Ռալֆը շրջվեց։
 
— Քոլիկները կպրծնեինք, բոլորին կվերցնեիր։ Էլ ո՜նց կլիներ, պիտի որսի գնայիր․․․
 
— Միս էլ էր պետք, չէ՞։
 
Այս ասելով, Ջաքն ուսերն ուղղեց, արյունոտ դանակը ձեռքին։ Նրանք կանգնած իրար էին նայում։ Մի կողմից որսի, որոգայթների, վայրենի բերկրանքի, ճարպկության աշխարհն էր, մյուս կողմից՝ անձկության ու տարակուսող ողջամտության։ Ջաքը դանակը փոխեց մյուս ձեռքը և, քրտնած մազերը հետ քաշելով, ճակատն արնոտեց։
 
Խոզուկը նորից մեջ ընկավ։
 
— Դու իրավունք չունեիր կրակն անտեր թողնել։ Դու խոսք էիր տվել ծուխը պահել․․․
 
Խոզուկից նման բան լսելը, և այն էլ որսորդներից ոմանց համամիտ թնկթնկոցի տակ, Ջաքին կատաղության դուռը հասցրեց։ Նրա կապույտ աչքերը կայծակեցին։ Ջաքն առաջ եկավ և, վերջապես մեկնումեկին խփելու հնարավորություն գտնելով, բռունցքը մխրճեց Խոզուկի փորը։ Խոզուկը խռնչաց ու նստեց։ Ջաքը կանգնեց կողքին։ Նրա ձայնը վիրավորանքից չարացել էր․
 
— Հը, ո՞նց էր, կերա՞ր, Հաստաքամակ։
 
Ռալֆը քայլ արեց նրանց կողմը, Ջաքը խփեց Խոզուկի գլխին։ Ակնոցը թռավ ու շրխկաց քարին։ Խոզուկը սարսափահար ճչաց․
 
— Ակնո՜ցըս։
 
Նա չորեքթաթ սկսեց շոշափել գետինը, բայց Սայմոնն ավելի շուտ հասավ և ակնոցը մեկնեց նրան։ Սարի գլխին, Սայմոնի շուրջ, աղետալի թևերով թպրտում էին կրքեըը։
 
— Մի կողմը փշրվեց։
 
Խոզուկն ակնոցը խլեց և դրեց քթին։ Նա կատաղած նայեց Ջաքին։
 
— Ես առանց ակնոց չեմ կարող, մի աչքով մնացի, ես քո․․․
 
Ջաքը քշեց Խոզուկի վրա, որը սողաց-թաքնվեց մի քարի հետևում։ Ապա գլուխը տնկեց, ու միակ ապակին փայլատակեց։
 
— Մի աչքով մնացի, ես քեզ ցույց կտամ։
 
Ջաքը կապկեց նրա սողալն ու լացուկոծը։
 
— Վա՜յ, միաչքանի եմ դառե՜լ․․․
 
Խոզուկն ու իր տնազն այնքան զվարճալի էին, որ որսորդները ծիծաղեցին։ Ջաքը քաջալերվեց։ նա շարունակեց զավեշտորեն սողալ, և ծիծաղը վերածվեց անսանձ հռհռոցի։ Ռալֆի շուրթերն ակամա թրթռացին։ Նա զայրացավ, որ տեղի տվեց և, ատամները սեղմած, ասաց։
 
— Դու ստոր բան արիր։
 
Ջաքը դադարեց թավալ տալ, նայեց Ռալֆին և ոտքի կանգնելով, գոռաց․
 
— Դե լավ, լավ։
 
Նա հերթով նայեց Խոզուկին, որսորդներին, Ռալֆին։
 
— Ես չէի ուզում, դե էդ․․․ խարույկը էլի, ոնց ասեմ, ես․․․
 
Նա շունչ հավաքեց։
 
— Ներողություն եմ խնդրում։
 
Որսորդները գվվացին, հիացած այդ արժանավայել արարքից։ Կասկած չկար, որ Ջաքը, մեծահոգաբար ներողություն խնդրելով, մեծապես շահել էր, մինչդեռ Ռալֆը, չգիտես ինչու, անհարմար վիճակի մեջ էր ընկել։ Նրանք պատշաճ և արժանի պատասխանի էին սպասում։
 
Ռալֆը ոչ մի նման ասելիք չուներ։ Ջաքն իսկապես հաջող դուրս եկավ իր մեղքի տակից, բայց դրանից Ռալֆը միայն ավելի կատաղեց։ Խարույկը հանգել էր, նավը՝ գնացել։ Մի՞թե ոչ ոք չէր հասկանում։ Ի՜նչ արժանի պատասխան, նա չէր կարողանում զսպել իր զայրույթը։
 
— Դու ստորություն ես արել։
 
Սարի գագաթին բոլորը լռել էին։ Ջաքի աչքերը մի պահ մթագնեցին։
 
Ռալֆի վերջին խոսքն անվայելուչ մրթմրթոց էր։
 
— Դե լավ, կրակը վառեք։
 
Բոլորը վերջապես ինչ-որ զբազմունք գտան և լարումը փոքր-ինչ պակասեց։ Ռալֆն այլևս բերանը չէր բացում, ոչինչ չէր անում և կանգնած նայում էր ոտքերի տակի մոխրին։ Ջաքն աշխույժ դեսուդեն էր անում։ Նա աջ ու ձախ կարգադրություններ էր տալիս, երգում էր, սուլում և մեկ-մեկ Ռալֆի կողմը դիտողություններ նետում, որոնք պատասխան չէին պահանջում և նոր շփման առիթ չէին տալիս։ Ոչ ոք, նույնիսկ Ջաքը, չէր հանդգնում նրան խնդրել իր տեղից շարժվել, և խարույկը ստիպված շարեցին երեք մետր այն կողմ, պակաս հարմար մի տեղում։ Դրանով Ռալֆը փաստեց իր առաջնորդությունը և այդ անելու ավելի լավ ձև երևի չէր գտնի, նույնիսկ եթե օրերով մտածեր։ Այդ աներևույթ ու ազդեցիկ զենքի դեմ Ջաքը ոչինչ անել չէր կարող և սաստիկ բորբոքվում էր, առանց պատճառը հասկանալու։ Երբ խարույկը պատրաստ էր, նրանց արդեն բարձր մի պատնեշ էր անջատում։
 
Մնաց խարույկը վառել, և այստեղ մի նոր ճգնաժամ նրշմարվեց։ Ջաքը կանգնած չգիտեր, թե ինչ անի։ Ի զարմանս նրա, Ռալֆն ինքը մոտեցավ Խոզուկին և ակնոցը վերցրեց։ Նույնիսկ Ռալֆը չըմբռնեց, թե ինչպես իր և Ջաքի միջև նորից հաստատվեց գրեթե կտրված կապը։
 
— Հիմա կբերեմ։
 
— Ես էլ եմ գալիս։
 
Ռալֆը ծունկի իջավ և սկսեց շարժել փայլփլուն կիզակետը, մինչ Խոզուկը կանգնել էր նրա կողքին՝ անմիտ գույների ծովի մեջ կղզիացած։ Խարույկը վառվելուն պես Խոզուկը ձեռքը պարզեց և ճանկեց ակնոցը։
 
Դեղին, կարմիր և մանուշակագույն հեքիաթային ծաղիկների կողքին անբարյացակամությունը հալվեց-գնաց։ Նրանք վերածվեցին ճամբարային խարույկի շուրջ հավաքված տղաների սովորական մի խմբի, համարյա ներգրավելով նույնիսկ Ռալֆին ու Խոզուկին։ Շուտով ոմանք վազեցին նոր ցախ բերելու, մինչ Ջաքը դանակով կտրում էր խոզի իրանը։ Սկզբում փորձեցին խոզն առանց ձողից հանելու միանգամից խորովել, բայց փայտն իսկույն ևեթ ածխացավ։ Հետո մսի կտորները հագցրին դալար ճյուղերին ու բռնեցին կրակի վրա, բայց այժմ էլ ստիպված էին գրեթե մսի հետ հավասար խարկվել։
 
Ռալֆի փորը սովից վեց-վեց էր անում։ Նա որոշել էր մսից հրաժարվել, բայց հատուկենտ ձկներով ու խեցգետիններով համեմված մրգերի ու ընկույզների երկար ծոմը նրան դիմադրելու ուժ չէր տալիս։ Նա ձեռքն առավ կիսահում մսի կտորն ու գայլի պես հարձակվեց վրան։
 
— Ինձ չի հասնում, հա՞,— թուքը կուլ տալով, ասաց Խոզուկը։
 
Ջաքը մտադրվել էր անորոշությամբ նրան մի քիչ տանջել՝ իր իշխանությունը բանեցնելով, բայց Խոզուկը, անպատեհ մեջտեղ ընկնելով, ավելի դաժան վերաբերմունքի արժանացավ։
 
— Դու որսի չես եկել։
 
— Թե չէ Ռալֆն եկել էր,— կաղկանձեց Խոզուկը,— կամ Սայմոնը․․․ Ախր խաչափառի մեջ հեչ ուտելու բան չկա։— Ընդգծեց նա։
 
Ռալֆը սրտնեղած ցնցվեց։ Երկվորյակների և Խոզուկի միջև նստած Սայմոնը բերանը սրբեց ու իր կտոր միսը քարի վրայով գցեց Խոզուկին, որն ագահորեն հարձակվեց վրան։ Երկվորյակները քրքջացին, իսկ Սայմոնն ամոթխած գլուխն իջեցրեց։
 
Ջաքը վեր թռավ, դանակով մսի ահռելի մի պատառ կտրեց և գցեց Սայմոնի ոտքերի տակ։
 
— Առ կեր, գրողը քեզ տանի։
 
Նա փայլող աչքերով նայում էր Սայմոնին։
 
— Քեզ չասի՞ն վերցրու։
 
Ապշած տղաների օղակի կենտրոնում Ջաքը թափով պտտվեց կրունկների վրա։
 
— Ես ձեր համար միս եմ ճարել։
 
Նրա անթիվ, անհամար, անճառելի հուսախաբությունները միանգամից պարպվեցին տարրական ու սարսռազղու կատաղության պայթյունով։
 
— Ե՛ս եմ երեսս ներկել, ե՛ս սողացի մոտը․․․ հիմա բոլորդ նստած խժռում եք, էդ ե՛ս եմ․․․
 
Սարի գագաթին աստիճանաբար խտացավ լռությունը, մինչև որ պարզ լսելի դարձան խարույկի ճտճտոցն ու խարկվող մսի թշշյունը։ Ջաքը նայեց շուրջը՝ փոխըմբռնում փնտրելով, բայց միայն հարգանք գտավ։ Միսը ձեռքին, Ռալֆը կանգնած էր նախորդ խարույկի տեղում ու ոչինչ չէր ասում։
 
Լռությունը կոտրեց Մորիսը։ Նա շոշափեց միակ նյութը, որը կարող էր նրանց մեծ մասին համախմբել։
 
— Իսկ խոզին որտե՞ղ գտաք։
 
Ռոջըրը ցույց տվեց սարի հակառակ լանջը։
 
— Էնտեղ, ծովի մոտ։
 
Ջաքը, ուշքի գալով, չհանդուրժեց, որ իր պատմությունն ուրիշը անի և Ռոջըրին ընդհատեց։
 
— Սկզբից դրան կալմեջ արինք, հետո ես փորսող տալով հասա մոտը։ Նիզակները չպահեցին, որտև կեռեր չունեին։ Վեր թռավ ու ձենը գցելով տռճիկ տվեց․․․
 
— Հետո էլ մեզ տեսավ ու արյունլվա հետ վազեց․․․
 
Տղաները, սրտները թեթևացած, ուրախ վրա էին տալիս։
 
— Մենք շրջանը սեղմեցինք․․․
 
— Մի հատ որ չհասցրի, հետևի ոտքերն անջատվեցին, տղերքը հասան վրան ու տո՛ւր թե կտաս․․․
 
— Ես էլ կոկորդը պատռեցի․․․
 
Երկվորյակները, դեռևս նույն ժպիտը կիսելով, սկսեցին իրար շուրջ թռչկոտել։ Մյուսները միացան նրանց, գոռգոռալով և մեռնող խոզի ձայներին ընդօրինակելով։
 
— Հո՛ չհասցրի գանգին․․․
 
— Ես էլ քիթմռթի՜ն․․․
 
Հետո Մորիսը ձևացրեց, թե ինքը խոզն է և ճվճվոցով վազեց կենտրոն, իսկ որսորդները, շրջան կազմած, սկսեցին կատակով նրան հարվածել, պար գալով ու երգելով․
 
— Խոզին մորթենք, կոկորդը ճղենք, տանք ջախջախենք։
 
Ռալֆը նախանձով ու զզվանքով նրանց էր նայում։ Երբ բոլորն ուժասպառվեցին և երգը մարեց, նա ասաց․
 
— Ես ժողով եմ կանչում։
 
Տղաները հերթով կանգ առան ու նրան նայեցին։
 
— Ժողովը կանենք, եթե նույնիսկ մութն ընկնի։ Ներքևում՝ հենց որ փողը փչեմ։ Տեղնուտեղը։
 
Նա շուռ եկավ և սկսեց սարից իջնել։
Վստահելի
1318
edits