Changes

Ճանճերի տերը

Ավելացվել է 57 637 բայտ, 19:18, 1 Մարտի 2014
Հսկայական ոստյուններով, ոտնակոխելով հնարավորի սահմանը, հետևից լսվող ճիչերի և դոփյունի ներքո, Ռալֆը գլուխն առած սուրաց ցած։ Սարի գագաթին մնացին երեք լքված նիզակ և այն, ինչ խոնարհվում էր ու շտկվում։
 
 
=Ութերորդ գլուխ։ Նվեր խավարին=
 
Խոզուկն իր դժբախտ հայացքը առավոտյան խամրած լողափից դարձրեց սարի կողմը։
 
— Հաստատ ե՞ս ասում, հարյուր տոկոսո՞վ։
 
— Մեռա ասելով,— ասաց Ռալֆը,— մենք նրան տեսանք։
 
— Բա որ հանկարծ էստեղ եկավ, հը՞։
 
— Աստվա՜ծ, ես ի՞նչ իմանամ։
 
Ռալֆը կտրուկ շուռ եկավ նրանից և ծովափով մի քանի քայլ հեռացավ։ Ջաքը, ծունկի իջած, ցուցամատով ավազին շրջաններ էր գծում։ Խոզուկի անշունչ ձայնը նորից նրանց հասավ։
 
— Հո աչքներիդ չի՞ երևացել, հաստատ բան է՞։
 
— Ինքդ նայի,— արհամարհանքով ասաց Ջաքը,— բարով գնաս։
 
— Յոլա կգնամ։
 
— Գազանն ատամներ ունի,— ասաց Ռալֆը,— ու մեծ, սև աչքեր։
 
Նրա մարմնով մեկ ուժգին դող անցավ։ Խոզուկն իր միաչքանի ակնոցը հանեց և սկսեց ապակին մաքրել։
 
— Բա հիմա ի՞նչ ենք անելու։
 
Ռալֆը շրջվեց հարթակի կողմը։ Ծառերի արանքից, դեռ չծագած արևի դիմաց, սպիտակ հատիկի պես շողշողում էր խեցին։ Նա մազերը ետ գցեց։
 
— Ի՞նչ իմանամ։
 
Նա հիշեց իր խուճապահար փախուստը։
 
— Մենք երևի էդ ահռելու դեմ դուրս չգանք, ազնիվ խոսք, գիտե՞ս։ Ինչ ասես չենք խոսի, բայց վագրի դեմ հո չէի՞նք կռվելու։ Ծակուծուկերը կմտնեինք։ Ջաքն էլ հետը։
 
Ջաքը հայայքն ավազից չէր կտրում։
 
— Ուրեմն իմ որսորդները հե՞չ։
 
Սայմոնը գողունի դուրս սահեց քոլիկների ստվերից։ Ռալֆը Ջաքի հարցն անպատասխան թողեց։ Նա մատնացույց արեց հորիզոնում բացվող դեղինը։
 
— Օրը ցերեկով դեռ ոչինչ, բայց հետո՜։ Թարսի պես էլ հենց խարույկի մոտ է նստել, որ մեզ չփրկեն։
 
Ռալֆն ակամա ձեռքերն էր կոտրատում։ Նրա ձայնը բարձրացավ։
 
— Էլ չենք կարող ազդանշան տալ․․․ Կորանք։
 
Ծովի եզրին ոսկեգույն մի կետ երևաց, ամբողջ երկինքը պայծառացավ։
 
— Բա իմ որսորդնե՞րը։
 
— Կոպալներով երեխեք չե՞ն եղածը։
 
Ջաքը ոտքի կանգնեց և, շառագունած, հեռացավ։ Խոզուկն ակնոցը դրեց և նայեց Ռալֆին։
 
— Իրան էլ հենց էդ էր պետք։ Որ իրա որսորդներին կպնես։
 
— Զահլաս մի տանի։
 
Անվարժ փչած խեցու ձայնը նրանց ընդհատեց։ Ասես ծագող արևին ցայգերգ հղելով, Ջաքն անընդհատ փչում էր, մինչև որ քոլիկներում սկսեցին շուռումուռ գալ։ Որսորդները հավաքվեցին հարթակի վրա, փոքրիկները թնգթնգացնոլմ էին՝ ինչպես վերջերս հաճախ էին անում։ Ռալֆը հնազանդ ոտքի կանգնեց և Խոզուկի հետ միասին դիմեց հարթակի կողմը։
 
— Թողնես ամբողջ օրը լեզվին զոռ տան։— Դառնորեն ասաց Ռալֆը։
 
Նա խեցին Ջաքից վերցրեց։
 
— էս ժողովը․․․
 
Ջաքն ընդհատեց։
 
— Էս ժողովը ես եմ կանչել։
 
— Դու որ չանեիր, ես էի կանչելու։ Դու մենակ փողը փչեցիր։
 
— Էդ հաշիվ չի, հա՞։
 
— Լավ, համը մի հանի, առ, խոսի։
 
Ռալֆը խեցին խոթեց Ջաքի ձեռքն ու նստեց իր տեղը։
 
— Ես ժողով եմ կանչել,— ասաց Ջաքը,— լիքը բաների համար։ Նախ, բոլորդ արդեն գիտեք, մենք գազանին տեսանք։ Փորսող տալով հասանք մոտը, մի երկու քայլ էր մնացել։ Ինքը նստեց ու նայեց վրներս։ Ես չգիտեմ ինքն էնտեղ ի՞նչ է անում։ Իսկի չգիտեմ, թե էդ ինչ էր․․․
 
— Ծովից դուրս եկած կլնի․․․
 
— Մթան միջից․․․
 
— Ծառերից․․․
 
— Սուսեք,— գոռաց Ջաքը,— ինձ լսեք։ Ինչ էլ որ անելուց լինի, հիմա էդ գազանը էնտեղ նստած․․․
 
— Մեզ է սպասում․․․
 
— Մարախ է մտել․․․
 
— Որսի դուրս եկած կլինի․․․
 
— Հա, որս է անում։— Նա հիշեց անտառում ամեն անգամ իր ապրած նախնադարյան թրթիռները։— Որսորդ զազան է։ Մյուսն էն է, որ մենք նրան սպանել չկարացանք։ Ու վերջինը՝ Ռալֆն ասաց, որ իմ որսորդներր բանի պետք չեն։
 
— ես տենց բան չեմ ասել։
 
— Սուս, փողը ես եմ բռնել։ Սրան որ հարցնեք, դուք փսլնքոտների մեկն եք, որ լեղին ճաքած տռճիկ եք տալիս համ վարազից, համ էդ գազանից։ Հիմա լսեք։
 
Հարթակով հոգոց անցավ, բոլորն ասես գիտեին, թե ինչ է լինելու։ Ջաքի երերուն, բայց հաստատակամ ձայնը շարունակեց անարձագանք լռության մեջ։
 
— Ինքը ոնց որ Խոզուկի պես լինի։ Խոզուկի նման բաներ է ասում։ Ինքը կարգին առաջնորդ չի։
 
Ջաքը խեցին սեղմեց կրծքին։
 
— Համ էլ վախլանի մեկն է։
 
Նա մի պահ լռեց ու շարունակեց։
 
— Էնտեղ վերևում, երբ որ ես ու Ռոջըրը գնացինք, ինքը հետ մնաց։
 
— Ես էլ եկա։
 
— Հա, բայց հետո։
 
Մազերի տակից նրանք աչքերով իրար էին ուտում։
 
— Ես էլ եկա,— ասաց Ռալֆը,— ու հետո փախա, ոնց որ դու։
 
— Դե հիմա փորձվի ինձ մի հատ վախլան ասա, տեսնենք։
 
Ջաքը դիմեց որսորդներին։
 
— Ինքը որսորդ չի։ Ինքը մեզ կյանքում միս չի բերել։ Ինքն իսկի ավագ էլ չի եղել, մենք նրա մասին բան չգիտենք։ Մենակ թողնես աջ ու ձախ հրամաններ տա, որ մենք էլ սուսուփուս կատարենք։ Ամեն օրվա էս բլբլոցը․․․
 
— Ու դու դեռ բլբլոցից ե՞ս խոսում,— գոռաց Ռալֆը,— ո՞վ է բլբլում, էս ժողովն ո՞վ կանչեց։
 
Ջաքը շուռ եկավ, շառագունած, կզակն իջեցրած կրծքին։ Կիտված հոնքերի տակից նրա աչքերը փայլատակեցին։
 
— Դե լավ,— քինոտ ու բազմանշանակալից ասաց նա,— դե լավ։
 
Նա մի ձեռքով խեցին սեղմեց կրծքին և, ցուցամատը տնկած, վերև պարզեց մյուս ձեռքը։
 
— Ո՞վ է կարծում, որ Ռալֆն առաջնորդ չպիտի լինի։
 
Նա անհամբեր նայեց շուրջը սառած տղաներին։ Արմավների տակ մեռյալ լռություն հաստատվեց։
 
— Ով որ ուզում է,— շեշտված կրկնեց Ջաքը,— որ Ռալֆն առաջնորդ չլինի, թող ձեռք բարձրացնի։
 
Ծանր, ամոթահար լռությունը շարունակվում էր։ Արյունը դանդաղ ետ քաշվեց Ջաքի դեմքից, ապա, ցավագին պոռթկումով, նորից խփեց հետ։ Նա շուրթերը լիզեց և թեքեց գլուխը, քաշվելով մյուսների հայացքներից։
 
— Քանի՞սդ եք կարծում, որ․․․
 
Նրա ձայնն ընդհատվեց։ Խեցին բռնած ձեռքերը դողում էին։ Նա կոկորդը մաքրեց և բարձրաձայն ասաց։
 
— Դե լավ։
 
Նա խեցին խնամքով դրեց ոտքերի տակ, խոտերի մեջ։ Աչքերի անկյուններից գլորվեցին անպատվաբեր արցունքները։
 
— Ես ձեզ հետ գործ չունեմ։ Վե՛րջ։
 
Տղաների մեծ մասը աչքերը հառել էին ոտքերի տակի խոտին։
 
— Ես Ռալֆի թայֆայից չեմ լինի․․․
 
Նա նայեց աջակողմյան գերանին, հաշվելով որսորդներին՝ նախկին երգչախումբը։
 
— Ես ինքս իմ գլխի տերը կլինեմ։ Թող Ռալֆն էլ իրա խոզերին բռնի։ Ով ուզի հետս որս անել, կարա գա։
 
Գերաններին խփվելով, նա եռանկյունուց դուրս եկավ և դիմեց դեպի ափը։
 
— Ջաք։
 
Ջտքը շուռ եկավ և նայեց Ռալֆին։ Նա մի պահ հապաղեց, ապա գազազած, սուր ձայնով գոռաց։
 
― Չէ։
 
Հարթակից ցած թռավ և վազեց լողափի երկայնքով, առանց նկատելու այտերով հորդող արցունքները, մինչև որ, Ռալֆի հայացքի ուղեկցությամբ, մտավ անտառը։
 
 
Խոզուկը վրդովված էր։
 
— Ես քեզ էստեղ բան եմ ասում, իսկ դու կանգնած ես, ոնց որ․․․
 
Կամաց, առանց տեսնելու Խոզուկին նայելով, Ռալֆը խոսում էր ինքն իր հետ։
 
— Ինքը հետ կգա։ Արևը որ իջնի, կգա։— Նա նայեց Խոզուկի բռնած խեցուն։
 
— Ինչ ասեցի՞ր․․․
 
— Ասում եմ․․․
 
Խոզուկը Ռալֆին նախատելու միտքը փոխեց։ Նա նորից փայլեցրեց ակնոցն ու վերադարձավ իր նյութին։
 
— Առանց Ջաք Մերիդյուի էլ յոլա կգնանք։ Ոնց որ էլ կղզում ուրիշ մարդ չմնաց։ Բայց դե էդ գազանը որ կա, չնայած հեչ հավատալս չի գալիս, մենք պտի էս կողմերում մնանք, էնպես որ ինքն իրա որսով մեզ արդեն էնքան էլ պետք չի։ Մենք պիտի նստենք ու որոշենք ինչ ենք անում։
 
— Ինչ կարանք անել որ, Խոզուկ, ճարնե՞րս ինչ։
 
Նրանք ընկճված լռում էին։ Սայմոնը ոտքի կանգնեց և Խոզուկի ձեռքից խեցին վերցրեց։ Խոզուկն այնքան զարմացավ, որ մնաց կանգնած։ Ռալֆը նայեց Սայմոնին։
 
— Սայմո՞ն։ Էս անգա՞մ ինչ ես ասելու։
 
Ժողովով կիսաձայն ծիծաղ անցավ, թևաթափ անելով Սայմոնին։
 
— Ես կարծում եմ, մենք դեռ երևի կարող ենք մի բան անել։ Կարելի է․․․
 
Հրապարակայնության ճնշումից նրա ձայնը նորից կտրվեց։ Քաջալերություն փնտրելով, նա հայացքը կանգնեցրեց Խոզուկի վրա։ Դարչնագույն կրծքին խեցին սեղմելով, Սայմոնը կիսով չափ թեքվեց նրա կողմը։
 
— Կարելի է սարը բարձրանալ։
 
Տղաները զարզանդեցին։ Սայմոնը չկարողացավ շարունակել և աչքերը դարձրեց Խոզուկին, որը հեգնական տարակուսանքով նրան էր նայում։
 
— Ի՞նչ օգուտ էդ գազանի մոտ գնալուց, երբ որ Ռալֆը երկու հոգով դրա հախից չկարողացավ գալ։
 
Սայմոնն իր պատասխանը համարյա շշնջաց։
 
— Ուրիշ ի՞նչ կարող ենք անել։
 
Ասելիքը սպառելով, նա թողեց, որ Խոզուկն իր գրկից խեցին վերցնի, և նստեց մնացածներից հնարավորին չափ հեռու։
 
Խոզուկը խոսեց ինքնավստահ և, ինչպես այլ հանգամանքներում կհամարեին ներկաները, բավականությամբ։
 
— Արդեն ասեցի, որ մենք առանց ոմանց էլ յոլա կգնանք։ Հիմա պիտի որոշենք ինչ ենք անելու։ Ես նույնիսկ գիտեմ, թե Ռալֆը հիմա ինչ կասի։ Որ մեր ամենակարևոր բանը ծուխն է։ Իսկ ո՞վ չգիտի, որ եթե խարույկ չունենանք, ծուխ էլ չենք ունենա։
 
Ռալֆն անհանգիստ շարժվեց։
 
— Բան դուրս չի գա, Խոզուկ։ Մենք խարույկ չունենք։ Էդ անտերը նստած է վրան։
 
Խոզուկը խեցին բարձրացրեց, իր հաջորդ խոսքերին ասես ավելի կշիռ հաղորդելու համար։
 
— Սարի վրա մենք խարույկ է՛լ չունենք։ Իսկ էստեղ վառած խարույկն ինչո՞վ է պակաս որ։ Քարերի վրա, թեկուղ հենց ավազի։ Նույն ծուխը չի՞ լինելու։
 
— Ճիշտ ասեց․․․
 
— Էլի ծուխ կտա․․․
 
— Հենց լողավազանի մոտ․․․
 
Տղաներն ալեկոծվեցին։ Խարույկը սարից ներքև բերելու միտքը կարող էր հանդգնել միայն Խոզուկի բանականությունը։
 
— Որ էդպես է, խարույկը ներքևում կվառենք։— Ասաց Ռալֆը։ Նա շուրջը նայեց։— Հենց էնտեղ, հարթակի ու ավազանի մեջտեղում։ Մենակ թե․․․ Նա լռեց, ծանրութեթև անելով, անգիտակցաբար կրծելով եղունգը։
 
— Էստեղ ծուխն իհարկե էդքան երևացող չի լինի, շատ հեռվից չեն տեսնի։ Բայց դրա տեղը մենք էլ չենք մոտենա էն․․․ էնտեղ․․․
 
Միանգամայն հասկանալով, բոլորը գւխով արին՝ մոտենալու կարիք չի լինի։
 
— Հիմա էլ հենց կսարքենք։
 
Բոլոր մեծագույն մտահղացումները պարզ են լինում։ Նպատակ ձեռք բերելով, ամեն ոք սկսեց եռանդուն աշխատել։ Խոզուկն այնքան լի էր բերկրանքով և Ջաքի բացակայությունից առաջացած անկաշկանդությամբ, որ նույնիսկ օգնում էր ցախ բերել։ Նա անշուշտ հեռու չէր գնացել, ավելորդ մի գերան քարշ տալով հենց հարթակից՝ այն աստիճան սրբագործված ուրիշների աչքում, որ այնտեղից չէին հանդգնում նույնիսկ անպետք բաները վերցնել։ Հետո երկվորյակները գլխի ընկան, որ խարույկի հարևանությամբ գիշերով ավելի հանգիստ կքնեն, և այդ հայտնությունից փոքրերից մի քանիսը սկսեցին ծափ տալ ու պարել։
 
Նրանց հավաքած վառելիքն իր չորությամբ զիջում էր սարի վրա բանեցրածին։ Փայտը մեծ մասամբ խոնավ էր, փտած և միջատներով վխտուն, այն պետք էր զգուշորեն վերցնել, այլապես փխրվում էր նամոտ փոշու։ Բացի այդ, խուսափելով խորանալ անտառի մեջ, տղաները քաշքշում և բերում էին ձեռքի տակ ընկած ցանկացած անկենդան փայտ, անկախ նրան պարուրած նոր բուսականությունից։ Անտառի փեշերը և սպին լավ յուրացված էին, մոտ էին խեցուն ու քոլիկներին և ցերեկով բավականաչափ ապահով էին թվում։ Ոչ ոք միտքը չէր զբաղեցնում նրանով, թե ինչ կարող է լինել այդտեղ գիշերը։ Այդպիսով բոլորն աշխատում էին ուրախ աշխույժ, չնայած ուրախությունը գնալով սկսում էր նմանվել ջղաձգության, իսկ աշխուժությունը՝ խուճապի։ Տերևներից, ծղոտից, ճյուղերից և գերաններից նրանք ավազի վրա մի բուրգ շարեցին ճիշտ հարթակի կողքին։ Առաջին անգամ այդ կղզում Խոզուկն ինքը հանեց ակնոցը, ծունկի իջավ և լույսը կենտրոնացրեց մարխի վրա։ Շուտով ծխի ծածկի տակ բացվեց կրակի դեղին ծաղիկը։
 
Փոքրերը, որոնք առաջին աղետից ի վեր համարյա կրակ չէին տեսել, խիստ գրգռվեցին։ Նրանք սկսեցին պար գալ ու երգել, ամբողջ հավաքին տոնական երանգ տալով։
 
Վերջապես Ռալֆն աշխատանքն ընդհատեց և վեր կացավ, կեղտոտ ձեռքով սրբելով ճակատի քրտինքը։
 
— Մեզ ավելի փոքր խարույկ է պետք։ Սրա նմանը պահել չի լինի։
 
Խոզուկը զգուշությամբ նստեց ավազին և սկսեց ակնոցը փայլեցնել։
 
— Ամեն ձևի կփորձենք։ Պետք է գտնել շատ թեժ փոքր խարույկ անելու ձևն ու վրան դալար ճյուղեր գցել։ Հաստատ էն տեսակ տերևներ կլինեն, որ ավելի լավ ծուխ կտան։
 
Խարույկի հետ սկսեց մարել նաև ոգևորությունը։ Փոքրիկները դադարեցին երգել ու պարել և ցրվեցին ծովի, մրգերի ու քոլիկների կողմը։
 
Ռալֆը փռվեց ավազին։
 
— Պետք է խարույկին նայողների նոր ցուցակ անել։
 
— Եթե էդ նայողներին ճարես։
 
Ռալֆը նայեց շուրջը և նոր միայն հասկացավ, թե ինչու էր խարույկը շարելու գործն այդքան ծանր, և որքան քիչ են մեծերը։
 
— Մորիսն ի՞նչ եղավ։
 
Խոզուկը նորից տրորեց ապակին։
 
— Երևի․․․ Բայց դժվար, հո մենակ անտառ չէ՞ր գնալու։
 
Ռալֆը ոտքի ցատկեց, արագ վազեց խարույկի շուրջը և կանգնեց Խոզուկի կողքին, մազերը բռնելով։
 
— Մենք անպայման պետք է ցուցակ անենք։ Դու ես, ես եմ, Սամներիքը ու․․․
 
Առանց Խոզուկին նայելու, նա իմիջիայլոց հարցրեց։
 
— Բիլն ու Ռո՞ջըրն ինչ եղան։
 
Խոզուկն առաջ թեքվեց և խարույկին մի ճյուղ ավելացրեց։
 
— Ոնց որ թե գնացել են։ Երևի նրանք էլ չեն ուզում գործ ունենալ․․․
 
Ռալֆը նստեց և սկսեց ավազի մեջ մատով անցքեր անել։ Մեկի կողքին նա արյուն նկատեց և, մատին մոտիկից նայելով, տեսավ, որ կրծոտած եղունգի կողքին, ատամով պոկած ծվիկի տեղում, արյան գնդիկ է կախված։
 
Խոզուկը շարունակեց։
 
— Փայտ հավաքելուց ես դրանց տեսա։ Ցվրվեցին իրա գնացած կողմը։
 
Ռալֆը հայացքը եղունգից կտրեց և նայեց վեր։ Երկինքը, ասես նրանց շուրջ կատարված փոփոխություններին համաքայլ, այսօր ուրիշ էր, միգապատ, շիկացած օդը տեղ-տեղ նույնիսկ սպիտակ էր թվում։ Արծաթավուն արևի ազոտ սկավառակը կարծես ավելի մոտ լիներ և պակաս այրող, թեև օդը նույնքան հեղձուցիչ էր։
 
— Ավելորդ գլխացավանք էին, էլի։
 
Խոզուկի մտահոգված ձայնը մոտեցավ։
 
— Յոլա կգնանք։ Հիմա որ ավելի երջանիկ կապրենք, չէ՞։
 
Ռալֆը նստեց։ Մի մեծ գերան քարշ տալով, ցնծագին ժպտալով, եկան երկվորյակները։ Կայծեր թռցնելով, նրանք գերանը գցեցին ածուխների վրա։
 
— Մենք մեզ համար հանգիստ կապրենք, չէ՞։
 
Գերանի չորանալու, բռնկվելու և բոցավառվելու ամբողջ ընթացքում Ռալֆը, ավազին նստած, ոչինչ չէր ասում։ Նա չտեսավ, թե ինչպես էր Խոզուկը փսփսում երկվորյակների հետ, և ինչպես նրանք երեքով մտան անտառ։
 
— Վերցրու։
 
Ռալֆն ընկրկեց և ուշքի եկավ։ Խոզուկը, մյուս երկուսի հետ միասին, կանգնած էր գլխավերևում, մրգերով բեռնված։
 
— Ես մտածեցի,— ասաց Խոզուկը,— որ մենք հիմա պիտի մի տեսակ, ո՞նց ասեմ, քեֆ անենք։
 
Երեքն էլ նստեցին։ Նրանք մեծ քանակությամբ միանգամ այն հասուն մրգեր էին բերել։ Երբ Ռալֆը վերցրեց և սկսեց ուտել, նրանք ժպտացին։
 
— Ապրեք,— ասաց նա, ապա, հաճելի զարմանքի երանգով, ավելացրեց,— շնորհակալություն։
 
— Շատ հանգիստ ինքներս մեզ կապրենք։— Ասաց Խոզուկը։— Ով խելք չունի, մենակ համը հանում է։ Մի պուճուր թեժ խարույկ կանենք ու․․․
 
Ռալֆը հիշեց, թե ինչն էր իրեն անհանգստացնում։
 
— Սայմո՞նն ինչ եղավ։
 
— Ինչ իմանա՞մ։
 
— Հիմա հո սարը չի՞ գնացել։
 
Խոզուկն աղմկոտ ծիծաղեց և էլի միրգ վերցրեց։
 
— Գնաց՝ գնաց,— նա կուլ տվեց բերանի պարունակությունը,— խփնվածի մեկն է։
 
 
Սայմոնն անցնում էր մրգատու ծառերի կողքով, բայց փոքրիկներն այսօր ամբողջ ուշադրությունը դարձրել էին ծովափի խարույկին և նրան անհանգստացնող չկար։ Նա լիանաների միջով առաջ անցավ, մինչև որ հասավ բացատը վարագուրող գորգին ու սողոսկեց ներս։ Արևը դրսից քսվում էր տերևների ծածկին, բացատի մեջտեղում թիթեռներն իրենց անվերջ պարն էին պարում։ Նա ծունկի իջավ, և լույսի նետը դիպավ նրա աչքին։ Նախորդ անգամ օդն ասես շոգից թրթռար, այժմ այն սպառնալից ճնշում էր։ Շուտով նրա երկար մազերն արդեն քրտնաթաթախ էին։ Նա անհանգիստ շուռումուռ եկավ, բայց արևից փախչելու ճար չկար։ Ծարավեց, ծարավը գնալով սաստկացավ։
 
Նա շարունակեց մնալ նույն դիրքում։
 
 
Հեռու-հեռվում Ջաքը ծովափին կանգնած էր տղաների փոքրիկ մի խմբի առջև։ Նա ցնծում էր։
 
— Քեֆներիս ուզածի պես որս կանենք։— Նա ոտքից գլուխ չափեց տղաներին։ Նրանց գլխներին սև թասակների մնացորդներն էին՝ անհիշելի ժամանակներում, երկու պարկեշտ շարք կազմած, նրանք հրեշտակների ձայներով սաղմոսներ էին երգել։
 
— Որս կանենք, ու ես էլ կլինեմ առաջնորդը։
 
Նրանք գլխով արեցին, հեշտ ու հանգիստ հաղթահարելով վճռորոշ պահը։
 
— Մնաց գազանի հարցը։
 
Նրանք ալեկոծվեցին, նայեցին անտառի կողմը։
 
— Ուրեմն էսպես՝ մենք էդ գազանով իսկի չենք էլ զբաղվի։
 
Այս անգամ Ջաքը գլխով արեց։
 
— Գազանին գլխներիցդ հանեք։
 
— Ճիշտ որ։
 
— Տենց էլ կանենք։
 
— Մոռանանք գազանին։
 
Նույնիսկ եթե Ջաքն այդ հոժարակամությունից զարմացավ, նա ոչինչ ցույց չտվեց։
 
— Բացի դրանից, էս կողմերում աչքներիս էդքան բան-ման չի երևա, ինչքան չլինի համարյա կղզու ծերին ենք։
 
Բազմաչարչար հոգիների խորքից բոլորը կրքոտ համաձայնվեցին։
 
— Հիմա լսեք, մենք հետո երևի հետ գնանք էն բերդը։ Բայց մինչև էդ պետք է մեծերից էլի մի երկու հոգու էդ խեցուց-մեցուց կտրել։ Մի խոզ կմորթենք ու կարգին քեֆ կանենք։— Նա կանգ առավ ու շարունակեց արդեն ավելի դանդաղ։— Իսկ գազանը․․․ Մենք մեր որսի մի մասը կթողնենք իրան, մեկ էլ տեսար մեզ հանգիստ թողեց։ Դե հիմա գնացինք որսի։
 
Ջաքը շրջվեց և առաջ վազեց, քիչ անց բոլորը խոնարհ հետևեցին նրան։
 
Նրանք վախվորելով ցրվեցին անտառում։ Ջաքը համարյա իսկույն գտավ փորփրած հողը և շուռ տված արմատները, որոնք վկայում էին խոզի մասին, և շուտով արդեն թարմ հետքերով էր ընթանում։ Նա բոլորին հրամայեց սպասել և միայնակ առաջ անցավ։ Նա երջանիկ էր, անտառի խոնավ մթությունն ասես իր հին, մաշված հագուստը լիներ։ Թեք հարթությամբ սողաց ներքև և հայտնվեց հատուկենտ ծառերով քարքարոտ ծովափին։
 
Խոզերը՝ ճարպի տռզած տոպրակները, պառկած վայելում էին ծառերի շուքը։ Քամի չկար, և նրանք ոչինչ չէին կասկածում, Ջաքը սովորել էր ստվերի պես անձայն քայլել։ Նա վեր ադարձավ տղաների մոտ և համապատասխան կարգագրություններ արեց։ Անասելի շոգից քրտնելով, բոլորը միասին անձայն սողացին առաջ։ Ծառերի տակ ծուլորեն խլշտաց մի ականջ։ Մնացածներից քիչ հեռու, մայրական երանության մեջ, փռված էր ամենամեծ մերունը։ Նա վարդագույն էր, սև բծերով, ահռելի որովայնին սեղմված էր խոճկորների շարանը։ Ոմանք քնած էին, մյուսները վնգստում էին ու քաշքշում։
 
Խոզերի խմբին մոտ տասնհինգ մետր չհասած, Ջաքը կանգ առավ և ձեռքը պարզեց մերունի կողմը։ Հետո հարցական նայեց տղաներին, և նրանք գլխով արեցին, ցույց տալով, որ հասկացան։
 
Բոլորի աջ բազուկները միահամուռ հետ քաշվեցին։
 
— Հասե՛ք։
 
Խոզերը խրտնած վեր թռան։ Տասը մետրից պակաս հեռավորությունից կրակով թրծված ծայրերով նիզակները թռան դեպի թիրախը։ Խոճկորներից մեկը, խելակորույս ճվճվոցով, իրեն նետեց ծովը, հետևից քարշ տալով Ռոջըրի նիզակը։ Մերունը խեղդված խանչյունով վեր թռավ ու երերաց, ցնցելով ճարպոտ կողը խրված երկու նիզակը։ Տղաներն աղաղակելով առաջ նետվեցին, խոճկորները ցիրուցան եղան, իսկ մերունը, պատռելով նրանց շարքը, մխրճվեց մացառների մեջ և փախավ։
 
— Ընկե՛ք հետևից։
 
Նրանք առաջ նետվեցին խոզի արահետով, բայց անտառը շատ էր մութ ու խճճված, և Ջաքը, հայհոյելով, բոլորին կանգնեցրեց և սկսեց դեսուդեն անել ծառերի միջև։ Նա չէր խոսում, միայն սաստիկ փնչացնում էր, տղաներն ակնածանքով հետևում էին նրան։ Վերջապես նա մատը տնկեց հողին։
 
— Ըհը։
 
Մինչ նրանք կհասցնեին զննել արյան բիծը, Ջաքը մի ուրիշ հետք գտավ, շոշափելով կոտրված ճյուղը։ Նա առաջ անցավ, անմեկնելիորեն վստահ, և որսորդները վազեցին նրա հետևից։
 
Որջի առաջ նա կանգ առավ։
 
— Մեջն է։
 
Նրանք շրջապատեցին որջը, բայց մերունը նորից փախավ, կողքին ևս մի նիզակ ստանալով։ Նիզակների կախ տված պոչերը խանգարում էին վազել, խորդուբորդ սայրերն անասելի տանջանք էին պատճառում։ Նա խփվեց մի ծառի, ավելի խորը մխրճելով նիզակներից մեկը, և դրանից հետո տղաներն արդեն կարող էին հեշտ ու հանգիստ նրան հետապնդել արյան թարմ կաթիլներով։ Ցերեկը հալվում էր, խոնավ, հեղձուցիչ տապով պղտորելով օդը։ Ցնորված մերունը, երերալով և արյուն կաթելով, դժվարությամբ խցկվում էր մացառների միջով։ Որսորդները, վավաշոտ մղումով նրան շղթայված,t ընկել էին հետևից, երկար հետապնդումից և արյան տեսքից բորբոքվելով։ Սրանք արդեն տեսնում էին խոզին, համարյա հասել էին, բայց նա, վերջին ուժերը հավաքելով, նորից առաջ նետվեց և քիչ էր մնում հետապնդումից պոկվեր։ Որսորդները վրա հասան, երբ նա դուրս թռավ մի բացատ, ուր պայծառ ծաղիկներ էին աճում, իրար շուրջ պար էին գալիս թիթեռները և օդը տոթ էր ու անշարժ։
 
Այստեղ շոգը խփեց գլխին, նա վայր ընկավ, և որսորդները հարձակվեցին վրան։ Օտար ուժերի զարհուրելի այդ պոռթկումը խենթացրեց նրան, նա մոլեգին խռնչում էր ու թպրտում։ Ամեն ինչ իրար էին խառնվել քրտինք, աղաղակ, արյուն և սարսափ։ Ռոջըրը վազում էր թավալվող կույտի շուրջ, նիզակը ճոճելով ամեն անգամ, երբ երևում էր խոզի իրանը։ Ջաքը, խոզին հեծած, կատաղի դանակահարում էր նրան։ Ռոջըրը վերջապես հարմար մի պահ որսաց և խրեց իր նիզակը, մարմնի ամբողջ ծանրությամբ հենվելով վրան։ Նիզակը կամաց-կամաց ներս էր մտնում, մինչև որ խոզի սարսափահար խռինչը վերածվեց զիլ ճիչի։ Ջաքը վերջապես գտավ նրա վիզը, և տաք արյան շիթը հորդեց նրա ձեռքերին։ Մերունը տապալվեց։ Ծանրացած և բավարարված, նրանք պառկել էին վրան։ Բացատի կենտրոնում դեռևս պարում էին ամենին անհաղորդ թիթեռները։
 
Սպանության անմիջական թրթիռը վերջապես մարեց, և նրանք ետ քաշվեցին անկենդան մարմնից։ Ջաքը կանգնեց, ձեռքերն առաջ պարզելով։
 
— Էստեղ նայեք։
 
Նա քրքջաց և, տղաների ծիծաղի տակ, սկսեց պտտել գարշահոտ ափերը։ Հետո Ջաքը բռնեց Մորիսին և ժահրը քսմսեց նրա այտերին։ Ռոջըրը սկսեց իր նիզակը դուրս քաշել, և տղաները նոր միայն այն նկատեցին։ Ռոբերտն ի մի բերեց դրությունը, բուռն հռհռոց առաջացնելով։
 
— Իսկը ոռի մեջ։
 
— Լսեցի՞ք։
 
— Տեսա՞ք ինչ ասեց։
 
— Իսկը ոռի մեջ։
 
Այս անգամ դերերը ստանձնեցին Ռոբերտը և Մորիսը։ Վերջինս այնքան հաջող էր կապկում խոզի նիզակից խույս տալու ճիգերը, որ տղաները ծիծաղից ոռնում էին։
 
Քիչ անց դրանից էլ կշտացան։ Ջաքն իր արնոտ ձեռքերը քարով սրբեց և սկսեց միսն անդամահատել, դուրս քաշելով գունավոր տաք փորոտիքն ու դիզելով գետնին։ Նա աշխատում էր և խոսում։
 
— Միսը ծովի ափով կտանենք, իսկ ես կգնամ դրանց մոտ ու կկանչեմ քեֆի։ Որ Ժամանակ չկորցնենք։
 
Ռոջըրը խոսեց։
 
— Առաջնորդ․․․
 
— Հը՞։
 
— Բա կրակ ո՞նց ենք անելու։
 
Ջաքր պպզեց, մռայլ նայելով խոզին։
 
— Կհարձակվենք վրեքն ու կրակը կխլենք։ Դու կգաս, Հենրին, մեկ էլ Բիլն ու Մորիսը։ Երեսներս կներկենք ու սուսուփուս կմոտենանք՝ մինչև ես իմ ասելիքն ասեմ, Ռոջըրը կրակը կթռցնի։ Մնացածդ էս քարշ կտաք էն հին տեղն ու խարույկ կշարեք։ Սեկ էլ․․․
 
Նա դադար առավ և ոտքի կանգնեց, նայելով անտառի ստվերներին։ Նրա ձայնն իջավ։
 
— Մի մասն էլ կթողնենք, որ․․․
 
Նա ծունկի իջավ և սկսեց դանակով ինչ-որ բան անել։ Տղաները խմբվեցին շուրշը։ Ուսի վրայով նա Ռոջըրին հրամայեց։
 
— Մի փետ վերցրու ու երկու կողմից սրի։
 
Քիչ անց ոտքի ելավ, խոզի կաթկթող գլուխը ձեռքին բռնած։
 
— Էդ փետն ի՞նչ եղավ։
 
— Վերցրու։
 
— Մի ծերը կոխի հողը, չի մտնո՞ւմ, լավ, խցկի էն ճաքը։ Այ տենց։
 
Ջաքը բարձրացրեց խոզի գլուխը և կոկորդով խրեց ցցի վրա, որի ծայրը երախից դուրս տնկվեց։ Ջաքը հետ քաշվեց՝ գլուխը մնաց ցցված, ձողի վրայով արյուն կաթելով։
 
Տղաները նույնպես ակամա հետ քաշվեցին։ Անտառը լռում էր։ Փորոտիքի կույտի վրա բարձր տղզում էին ճանճերը։
 
Ջաքը համարյա շշնջաց․
 
— Խոզին վերցրեք։
 
Մորիսը և Ռոբերտը խոզի իրանը հագցրին մի հաստ ձողի վրա, շալակեցին ու պատրաստ կանգնեցին։ Լերդացած արյան մեջ լուռ կանգնած, նրանք միասին հանկարծ գողունի տպավորություն գործեցին։
 
Ջաքը բարձրաձայն ասաց։
 
— Գլուխը թողնում ենք գազանին։ Նվեր։
 
Լռությունն անխոս ընդունեց նվերը, ահաբեկելով նրանց։ Գլուխը մնաց ցցված, պղտոր աչքերով, քմծիծաղող ատամների միջև լերդացած արյամբ։ Բոլորը միանգամից տեղից պոկվեցին, հնարավորին չափ արադ փախչելով ծովափի կողմը։
 
 
Սայմոնը մնաց իր տեղում՝ տերևներով քողարկված դարչնագույն մի ստվեր։ Անգամ աչքերը փակ, խոզի գլուխը ցցվում էր նրա հայացքի առջև։ Կիսախուփ աչքերը շղարշված էին մեծերի կյանքի անսահման ցինիզմով։ Նրանք երաշխավորում էին, որ ամեն ինչի համը դուրս է եկել։
 
— Ինքս գիտեմ։
 
Սայմոնը գիտակցեց, որ բարձրաձայն է խոսել։ Նա արագ բացեց աչքերը՝ արտասովոր լույսով ողողված, գլուխը գոհունակությամբ քմծիծաղ էր տալիս բանի տեղ չդնելով ճանճերին, թափված փորոտիքը և անգամ իր ցից հանված անպատվաբեր վիճակը։
 
Սայմոնը հայացքը թեքեց, չորացած շուրթերը լիզելով։
 
Նվեր գազանին։ Իսկ եթե գազանը դա իր նվերը տանելո՞ւ։ Գլուխը կարծես համաձայն էր։ «Թող ու փախիր,— լուռ հորդորում էր նա,— վերադարձիր մյուսների մոտ։ Մի կատակ էր, արեցին, դո՞ւ ինչ գործ ունես։ Պարզապես վատ ես զգում, ուրիշ ոչինչ, գլխացավ ունես, երևի մի սխալ բան ես կերել։ Գնա, բալիկ ջան, գնա» — անխոս ասում էր գլուխը։
 
Սայմոնը գլուխը վեր բարձրացրեց, իր թաց մազերի ծանրությոլնը զգալով։ Երկինքը, որպես բացառություն, ամպամած էր՝ գորշ, կարմրաթույր և պղնձագույն փրփրադեզ կուտակումները ծառանում էին կղզու երկնակամարով մեկ։ Ամպերը նստում էին գետնին, ճնշում, քամում վայրկյան առ վայրկյան սաստկացող հեղձուցիչ տոթը։ Անգամ թիթեռները լքել էին բացատը, որտեղ կաթկթում և քմծիծաղ էր տալիս այդ նողկալի բանը։ Սայմոնն իջեցրեց գեմքը, ջանալով կոպերը չբանալ, և ձեռքով ծածկեց աչքերը։ Ծառերը ստվեր չէին գցում, ամեն ինչ համակված էր մարգարտափայլ անդորրով՝ հստակ ուրվագծերի աշխարհից խույս տալով պատրանքների տիրույթը։ Փորոտիքի կույտը սև ճանճագունդ էր դարձել, սղոցող տզզոցով լցնելով օդը։ Շուտով ճանճերը հայտնաբերեցին նաև Սայմոնին, հափրած սոսնձվեցին քրտինքի առվակների շուրջ և սկսեցին խմել։ Ճանճերը խուտուտ էին տալիս նրա ռունգերը և խլվրտում ազդրերին։ Նրանք սև էին կամ ծիածանափայլ կանաչ և թիվ ու քանակ չունեին։ Սայմոնի առջև, ցցի վրա տնկված էր քմծիծաղ տվող ճանճերի տերը։ Ի վերջո Սայմոնը տեղի տվեց և նայեց՝ տեսավ սպիտակ ատամներն ու պղտոր աչքերը, արյունը, և այլևս ի վիճակի չէր հայացքը կտրել վաղնջական, անխուսափելի ճանաչումից։ Սայմոնի աջ քունքը սկսեց բաբախել։
 
 
Ռալֆն ու Խոզուկը, ավազին պառկած, նայում էին կրակին և անգործությունից խճաքարեր էին նետում խարույկի անծուխ սրտի մեջ։
 
— Գերանը պրծավ։
 
— Սամներիքն ո՞ւր կորան։
 
— Փայտ չունենք։ Դալար ճյուղեր էլ են պետք։
 
Ռալֆը հոգոց հանեց և վեր կացավ։ Հարթակի արմավենիները ստվերներ չունեին, տարօրինակ լույսն ասես ամեն կողմից միաժամանակ ընկներ։ Վերևում, բարձր ամպերի մեջ, կրակոցի պես թնդաց ամպրոպը։
 
— Խայտառակ անձրև է գալու։
 
— Խարույկի հերը կանիծվի։
 
Ռալֆը վազեց անտառ, փարթամ կանաչած մի ճյուղ բերեց և գցեց կրակի վրա։ Ճյուղը ճրճտաց, տերևները ոլորվեցին, և դեղին ծխի քուլաներ եկան։
 
Խոզուկը մատով ավազի մեջ անկապ գծեր էր քաշում։
 
— Վատն էն է, որ խարույկը պահելու համար մենք չենք հերիքում։ Սամներիքը մի հաշիվ են, ամեն ինչ իրար հետ են անում․․․
 
— Հետո՞ ինչ։
 
— Հետո էն, որ դա անխղճություն է, նրանցից հերթով ավելի շատ խեր կլիներ։
 
Ռալֆը մտածեց ու հասկացավ։ Նա ստիպված էր ընդունել, որ մեծերի պես մտածել համարյա չի կարողանում։ Ռալֆը հոգոց հանեց։ Կղզին գնալով ավելի քիչ էր նրա դուրը գալիս։
 
Խոզուկը նայեց խարույկին։
 
— Մի քիչ հետո նոր ճյուղ պետք կգա։
 
Ռալֆը գլորվեց փորի վրա։
 
— Խոզուկ, մեր հալն ի՞նչ է լինելու։
 
— Ինչ պիտի լինի, առանց նրանց ապրելու ենք։
 
— Բա խարո՞ւյկը։
 
Ռալֆը խոժոռ նայեց սև ու սպիտակ ածխակույտին, որում ընկած էին ճյուղերի չվառված ծայրերը։ Նա փորձեց իր միտքը ձևակերպել։
 
— Ես վախենում եմ։
 
Խոզուկը վեր նայեց։ Ռալֆը կցկտուր շարունակեց։
 
Չէ, գազանից չէ։ Այսինքն՝ գազանից էլ եմ վախենում։ Բայց ախր խարույկը ուրիշ էլ ոչ ոքի վեջ չի։ Դու որ խեղդվելուց լինեիր ու մեկը քեզ պարան գցեր․․․ կամ եթե բժիշկն ասեր, առ էս դեղը խմի, որ չխմես, կմեռնես՝ չէի՞ր խմի, կխմեիր, չէ՞։
 
― Բա դա ասելո՞ւ բան էր, էլի որ կխմեի։
 
― Ախր ո՞նց չեն հասկանում։ Մենք առանց ծխի ստեղ անտեր կմեռնենք։ Խնդրեմ, նայի։
 
Խարույկի վրա շիկացած օդի շիթեր էին թրթռում, ծխի նշույլ անգամ չկար։
 
— Մենք խարույկը մենակ չենք կարող պահել։ Իսկ իրանք թքած ունեն։ Էդ դեռ ոչինչ․․․— նա ակնապիշ նայեց Խոզուկի քրտնախաշ դեմքին։
 
— Էդ դեռ ոչինչ, մեկ-մեկ ես էլ թքած ունեմ։ Գցենք թե ես էլ ուրիշների պես ամեն ինչի վրա թքած ունենամ, մեր հալն ի՞նչ է լինելու։
 
Խոզուկը, խիստ հուզված, ակնոցը հանեց։
 
— Չեմմանում, Ռալֆ։ Պայթենք-տրաքենք, պտի յոլա գնանք։ Ոնց որ մեծերը կանեին։
 
Ռալֆը, սկսելով սիրտը թեթևացնել, այլևս ի վիճակի չէր կանգ առնել։
 
— Խոզուկ, ախր ի՞նչն էր սխալ։
 
Խոզուկը զարմացած նրան նայեց։
 
— Ուզում ես ասել․․․
 
— Չէ, էդ չէ․․․ Ուզում եմ ասել․․․ Ինչի՞ց է, որ ամեն ինչի համը սկսեց դուրս գալ։
 
Խոզուկը դանդաղ մաքրում էր ակնոցը և մտածում։ Գիտակցելով, թե Ռալֆն ինչ աստիճանի է սկսել իրեն վստահել, Խոզուկը հպարտությունից շիկնեց։
 
— Ես ի՞նչ իմանամ, Ռալֆ։ Երևի նրա պատճառով է։
 
— Ջաքի՞։
 
— Հա, Ջաքի։— Այդ բառի շուրջը նույնպես տաբու էր առաջանում։
 
Ռալֆը լուրջ գլխով արեց։
 
— Երևի հենց էդպես է, որ կա։
 
Անտառը լցվեց վայրի աղաղակով։ Սպիտակ, կարմիր և կանաչ ներկված հրեշավոր դեմքերով կերպարանքները վայնասուն ով դուրս պրծան լողափ։ Փոքրիկները ճչալով ցրիվ եկան։ Աչքի տակով Ռալֆը տեսավ փախչող Խոզուկին։ Հարձակվողներից երկուսը նետվեցին խարույկի կողմը, և Ռալֆը պատրաստվեց պաշտպանվել, բայց նրանք կրակից ծխացող ճյուղերր ճանկեցին և լողափով փախան։ Մյուս երեքը կանգնած նայում էին Ռալֆին, և նա տեսավ, որ նրանցից ամենաբարձրը, լրիվ մերկ, չհաշված գոտին և ներկը, Ջաքըն էր։
 
Ռալֆի շունչը տեղն ընկավ, նա ասաց․
 
— Ու ի՞նչ։
 
Ջաքր նրան բանի տեղ չդրեց, բարձրացրեց իր նիզակը և սկսեց գոռալ։
 
— Բոլորդ ինձ լսեք։ Ես ու իմ որսորդները կղզու ծերի քառակուսի ժայռի մոտ ենք ապրում։ Մենք որսի ենք գնում ու քեֆ անում։ Թե կուզեք իմ ցեղին միանալ, համեցեք տեսեք։ Կարող է պատահի, ձեզ ընդունեմ։ Կամ էլ չեմ ընդունի։
 
Նա կանգ առավ ու նայեց շուրջը։ Դիմակն ազատում էր նրան ամոթից և կաշկանդվածությունից, թույլ տալիս հերթով նայել բոլորի դեմքին։ Ռալֆը, խարույկի մոտ ծնկաչոք, մեկնարկի սպասող վազորդի էր հիշեցնում, մազերը կախված էին մրոտ դեմքին։ Սամներիքը ծիկրակում էին անտառի փեշի արմավների հետևից։ Լողավազանի մոտ զռում էր կաս-կարմիր կտրած մի փոքրիկ, Խոզուկը կանգնած էր հարթակին, կրծքին պինդ սեղմելով խեցին։
 
— Էս իրիկուն մենք քեֆ ենք անում։ Խոզ ենք սպանել ու լիքր միս ունենք։ Ով ուզի, կարա հետներս ուտի։
 
Երկնքի խորխորատներում նորից թնդաց ամպրոպը։ Ջաքը և երկու անհայտ վայրենի ցնցվեցին ու վեր նայեցին, բայց և իսկույն ուշքի եկան։ Փոքրիկը շարունակում էր զռալ։ Ջաքն ինչ-որ բանի էր սպասում, նա անհամբեր փսփսաց մյուս երկուսին։
 
— Ո՞ւմ եք սպասում, դե՛։
 
Վայրենիներն ինչ-որ բան մրթմրթացին։ Ջաքը նրանց կոպիտ ընդհատեց։
 
— Դե՛։
 
Վայրենիներն իրար նայեցին, բարձրացրեցին նիզակները և հայտարարեցին։
 
— Առաջնորդը վերջացրեց։
 
Ապա երեքն էլ շուռ եկան և վազելով հեռացան։
 
Ռալֆը ոտքի կանգնեց և նայեց վայրենիների անհետացած ուղղությամբ։ Սամներիքն եկան, ահաբեկված շշնջալով։
 
— Քիչ էր մնում կարծեի․․․
 
— Լեղիս․․․
 
— ․․․ ճաքել էր։
 
Խոզուկը, հարթակին կանգնած, շարունակում էր բռնել խեցին։
 
— Ջաքն էր, մեկ էլ Մորիսն ու Ռոբերտը,— ասաց Ռալֆը։— Իրանց խելքին զվարճանում են։
 
— Քիչ էր մնում շնչարգելությունս բռներ։
 
— Մորթեցիր քո շնագելությամբ։
 
— Հենց Ջաքին տեսա, կարծեցի, որ եկել է փողը վերցնի։ Չիմացա ինչի։
 
Տղաների խումբն ակնածանքով նայեց սպիտակ խեցուն։ Խոզուկն այն դրեց Ռալֆի ձեռքը, և փոքրիկները, ծանոթ խորհրդանիշը տեսնելով, սկսեցին վերադառնալ։
 
— Էստեղ չէ։
 
Ծեսի անհրաժեշտությունը զգալով, նա մագլցեց հարթակը և, խեցին բռնած, գնաց եռանկյունու կողմը։ Նրան հետևեցին ծայր աստիճան մռայլ Խոզուկը, ապա՝ երկվորյակները և, վերջում՝ փոքրիկներն ու մնացածները։
 
— Բոլորդ նստեք։ Նրանք կրակի համար հարձակվեցին։ Իրանց խելքին քեֆ են անում։ Բայց․․․
 
Ռալֆը շշմեց, հայտնաբերելով իր մտքում բացուխուփ անող փեղկը։ Քիչ առաջ նա ուզում էր մի բան ասել, և ահա՝ փեղկը հանկարծ փակվեց։
 
— Բայց․․․
 
Բոլորը լուրջ նրան էին նայում, դեռևս կասկածի չենթարկելով նրա իրազեկությունը։ Ռալֆն աչքերից քաշեց ախմախ մազերը և նայեց Խոզուկին։
 
— Հա, խարույկը։ Դե իհարկե խարույկը։
 
Նա սկսեց ծիծաղել, հետո դադարեց և վարժ շարունակեց։
 
— Խարույկից կարևոր բան չկա։ Առանց խարույկի մեզ ոչ ոք չի փրկի։ Ես ինքս էլ չէի հրաժարվի երեսս ներկոտել ու վայրենի դառնալ։ Բայց մենք անպայման պիտի կրակը վառ պահենք, քանի որ․․․ Քանի որ․․․
 
Այս անգամ ընդմիջումը լցվեց տարակուսանքով և կասկածներով։
 
Խոզուկը հապշտապ շշնջաց։
 
— Փրկություն։
 
— Հա, առանց խարույկի մեզ ոչ ոք չի փրկի։ Էնպես որ ոչ մեկս խարույկից հեռու չպիտի գնանք ու պիտի նայենք, որ ծուխ լինի։
 
Ոչ-ոք որևէ բան չասաց։ Ճիշտ նույն տեղում բազմիցս արտասանված փայլուն ճառերից հետո Ռալֆի ելույթը կաղլիկ թվաց նույնիսկ փոքրիկներին։
 
Վերջապես Բիլը ձեռքը մեկնեց խեցուն։
 
— Մենք արդեն չենք կարող խարույկը վերևում վառել, որտև․․․ վերևում վառել չենք կարող։ Համ էլ մենք էդ գործի համար հերիք չենք անում։ Եկեք գնանք դրանց քեֆին ու ասենք, որ էսքանով խարույկից գլուխ չենք հանում։ Ու հետո որս անելն ու էդ մնացածը՝ վայրենի լինելը, պետք է որ ահագին հավես բան լինի։
 
Խեցին վերցրին Սամներիքը։
 
— Պետք է որ հավես լինի, ոնց որ Բիլն էր ասում․․․ հետո նա մեզ կանչեց․․․
 
— ․․․ քեֆի․․․
 
— ․․․ մսով․․․
 
— ․․․ խորովա՜ծ․․․
 
— Ոնց միս կուտեի ․․․
 
Ռալֆը ձեռքը բարձրացրեց։
 
— Իսկ ի՞նչ կլինի, որ մենք ինքներս միս ճարենք։
 
Երկվորյակներն իրար նայեցին։ Բիլը պատասխանեց։
 
— Մենք էդ անտառը գնացողը չենք։
 
Ռալֆը ծամածռվեց։
 
— Բա ինքը․․․ Գիտեք ով, ո՞նց է գնում։
 
— Ինքը որսորդ է, նրանք բոլորն էլ որսորդ են։ Էդ ուրիշ բան է։
 
Մի պահ ոչ ոք չէր խոսում, ապա Խոզուկը մրթմրթաց։
 
— Մի՜ս․․․
 
Փոքրերը, տրտում նստած, թուք էին կուլ տալիս և միս պատկերացնում։ Երկնքում մի նոր պայթյուն թնդաց, և արմավների կատարները հանկարծակի քամուց խշխշացին։
 
 
― Դու փոքրիկ դմբո ես,— ասում էր Ճանճերի Տերը,— փոքրիկ ու անխելք դմբո։
 
Սայմոնը շարժեց իր թմրած լեզուն, բայց ոչինչ չասաց։
 
— Կարծում ես սո՞ւտ եմ ասում,— ասաց Ճանճերի Տերը,— դու ընդամենը փոքրիկ մի դմբո ես։
 
Սայմոնը նրան պատասխանեց նույն համր լեզվով։
 
— Արի ինձ լսիր,— ասաց ճանճերի տերը,— փախիր գնա, ձերոնց հետ խաղ արա։ Նրանք քեզ գժի տեղ են դնում։ Դու հո չե՞ս ուզում, որ Ռալֆը քեզ գժի տեղ դնի։ Դու Ռալֆին շատ ես հավանում, չէ՞։ Խոզուկին էլ, Ջաքին էլ։
 
Սայմոնի գլուխը մի փոքր ետ էր ընկել։ Նա չէր կարողանում աչքերը կտրել իր առջևից, որտեղ օդի մեջ կախված էր Ճանճերի Տերը։
 
— Թե ի՞նչ ես էստեղ մենակ անում, չեմ հասկանում։ Մի՞թե ինձնից չես վախենում։
 
Սայմոնը ցնցվեց։
 
— Ոչ ոք չկա, որ քեզ օգնի։ Միայն ես եմ։ Իսկ ես գազանն եմ։
 
Սայմոնի բերանը դժվարությամբ արտաբերեց հազիվ լսելի խոսքերը։
 
— Փայտին ցցած խոզի գլուխ։
 
— Թե չէ դու կարծում էիր, թե Գազանին հնարավոր է բռնել ու սպանել։— Ասաց գլուխը։ Մի քանի վայրկյան անտառը և բոլոր մյուս աղոտ գուշակվող տեղերն արձագանքում էին զավեշտական ծիծաղով։— Բայց դու գիտեիր, չէ՞։ Գիտեիր, որ ես հենց քո մեջ եմ, անբաժան մասդ եմ։ Որ հենց իմ պատճառով ոչինչ չստացվեց։ Որ ամեն ինչ ես փչացրի։
 
Նորից դղրդաց ծիծաղը։
 
— Իսկ հիմա,— ասաց Ճանճերի Տերը,— վեր կաց գնա ձերոնց մոտ ու արի ամեն ինչ մոռանանք։
 
Սայմոնի գլուխը պտտվում էր։ Նրա կոպերը կիսախուփ էին, ասես ծաղրելով փայտին ցցված զազրելի բանը։ Նա զգում էր, որ հերթական ժամը ուր-որ է կհասնի։ Ճանճերի Տերը փուչիկի պես ուռչում էր։
 
— Ծիծաղս բերում ես։ Ինքդ էլ շատ լավ գիտես, որ ներքևում նորից ինձ ես տեսնելու։ Իզուր մի փորձիր փախչել։
 
Սայմոնի մարմինը ջղաձգվել էր ու պրկվել։ Ճանճերի Տերը խոսեց դասատուի ձայնով։
 
— Դու արդեն ամեն ինչի չափն անցնում ես։ Իմ խե՜ղճ, մոլորվա՜ծ մանուկ, մի՞թե կարծում ես, որ ինձանից շատ ես հասկանում։
 
Ապա, ընդմիջումից հետո․
 
— Զգուշացնում եմ քեզ դու ինձ խելագարության դուռը կհասցնես։ Չես տեսնո՞ւմ, որ դու ոչ ոքի պետք չես։ Մենք այս կղզում քեֆ ենք անելու։ Հասկացա՞ր։ Ուտենք, խմենք, ուրախանանք։ Հասկացա՞ր։ Այնպես որ կամակորություն մի արա, խե՜ղճ իմ մոլորված մանուկ, թե չէ․․․
 
Սայմոնն արդեն միայն լայն բացված երախ էր տեսնում։ Ներսում ընդլայնվող խավարն էր։
 
— Թե չէ,— ասաց Ճանճերի Տերը,— մենք քո վերջը կտանք։ Հասկացա՞ր։ Ջաքը, ու Ռոջըրը, ու Մորիսը, ու Բիլը, ու Խոզուկը, ու Ռալֆը։ Պա՞րզ է։
 
Սայմոնը երախի ներսում էր։ Նա վայր ընկավ և ուշաթափվեց։
Վստահելի
1318
edits