Ես չհասցրի կատակով պատասխանել Սմերչևի առաջարկությանը, երբ դուռը բացվեց և աշխատասենյակ ներխուժեց շնչակտուր Սիրոմախինը։ Նա շշուկով ինչ֊որ բան ասաց Սմերչևին, իսկ հետո հայտարարեց, որ ես անհապաղ պետք է գնամ նրա հետ Կրեմլ։
==Հինգերորդ մաս==
==Կրեմլում==
Երբ հասանք Կրեմլ հինգն անց կես էր։ Աշխատանքային օրն արդեն ավարտվում էր։
Ես նկատեցի, որ Ձերժինը այստեղ էլ օտար չէր։
Մենք քայլում էինք երկար և լայն միջանցքներով, որտեղ հատակին փռված էին կարմիր գորգեր, անցնում՝ ահռելի պատուհաններ ու առաստաղներից կախված բազմայարուս ջահեր ունեցող դահլիճներով։ Պատերին կախված էին մեծ կտավներ, իսկ անկյուններում դրված էին մարմարե, երբեմն էլ բրոնզե ինչ֊որ մարդկանց կիսանդրիներ։ Ես փորձում էի կռահել, թե որտեղ է Գեորգիևյան դահլիճը և որտեղ՝ Գրանովիտայա պալատը, բայց չէի կարողանում կողմնորոշվել և չէի հասցնում կենտրոնանալ։
Շատ դռներ հսկվում էին։ Երբ մենք անցնում էինք նրանց միջով, երկու ավտոմատավոր պահակները պատիվ էին տալիս և շրխկացնում կրունկները։
Վերջապես հասանք մի ընդարձակ սենյակ, որի մեջտեղում դրված էր մեծ, կանաչ սեղան։ Սենյակը զարդարված էր դիմանկարներով։ Ձախից՝ զինվորական համազգեստով և փայլուն երկարաճիտ կոշիկներով Գենիալիսիմուսի պատկերն էր ամբողջ հասակով։ Նա նայում էր դիմացի պատին, որտեղից հիացած հայացքներով նրան պատասխանում էին Քրիստոսը, Մարքսը, Էնգելսը և Լենինը։
Անկյունում, մեծ սեղանի առջև, որի վրա դրված էին մի քանի հեռախոսներ և նույնիսկ սելեկտոր, նստած էր միջին տարիքի, փոխգնդապետի համազգեստով քարտուղարուհին։ Պատասխանելով մեր ողջյուններին բարեկամական ժպիտով, նա անհայտացավ կաշվե դռան մեջ և միանգամից վերադառնալով, հրավիրեց մեզ ներս։
Աշխատասենյակը մեծ էր, հնամենի, անցյալ կյանքից։ Այն կահավորված էր թանկագին կահույքով, կաշվե բազմոցներով ու բազկաթոռներով, կար մի երկար սեղան խորհրդակցությունների համար։ Սենյակի հեռավոր անկյունում, Գենիալիսիմուսին մինչև գոտկատեղը պատկերող նկարի տակ (ուր նա «Պրավդա» թերթի ռուլոնն էր բացում), կար մի գրասեղան։ Նրա վրա դրված էին տարբեր գույների, տասից ավելի հեռախոսներ։ Սեղանի առջև նստած էր բոլորովին հղկված, ճաղատ գանգով և մարշալի ուսադիրներով պատկառելի տեսք ունեցող մի տարեց մարդ։
Երբ նա դուրս եկավ մեզ ընդառաչ, ինձ շատ զարմացրեց նրա հագուստը։ Ի տարբերություն բոլորի նա ոչ թե կարճ շալվարով էր, այլ կարմիր լամպասներով երկնագույն գալիֆեով և բարձր խրոմե երկարաճիտ կոշիկներով։ Նրա երկնագույն համազգեստի վրա բազմաթիվ շքանշաններ կային, այդ թվում նաև ամենաբարձր կարգի պարգևներ։ Ձերժինը ներկայացրեց մեզ միմյանց, և պարզվեց, որ իմ առջև է Գենիալիսիմուսի ղեկավարած ԲԵԶՈ֊յի առաջին տեղակալ, Մոսկորեպի Գլխավոր Մարշալ և հնգակի Հերոս՝ Բերիյ Իլյիչ Վզրոսլին։ Բերիյ Իլյիչը հարազատի նման գրկեց ինձ, թփթփացրեց ուսիս և ասաց․ «Ուրեմն այդ դո՜ւք եք», և շրջվելով Ձերժին Գավրիլովիչի կողմը հարցրեց, թե ինչպես են գնում իմ հոբելյանի նախապատրաստական աշխատանքները։ Ձերժինը հայտնեց, որ աշխատանքը շատ լավ է ընթանում ։ Աշխատավորները մրցում են միմյանց հետ, վերցնում բարձր պարտավորություններ, իսկ Խմբագրական Կոմիտեն պատրաստ է մեծ տպաքանակով բաց թողնել իմ գիրքը, բայց․․․
― Հենց այդ բայցի մասին էլ հիմա կխոսենք, ― ասաց մարշալը։
Նա նստեցրեց ինձ կաշվե բազկաթոռներից մեկին, ինքը նստեց մյուսին, իսկ Ձերժինը տեղավորվեց բազմոցի վրա։
Սկզբում նա հետաքրքրվեց իմ առողջությամբ, հետո հարցրեց, թե ինչպես է ինձ այստեղ դուր գալիս։
Ես մի անգամ էլ նայեցի շուրջս և ասացի, որ ընդհանուր առմամբ դուր է գալիս, գեղեցիկ և ընդարձակ սենյակ է։
― Դե ոչ, ― ասաց Բերիյ Իլյիչը, ― ես հարցնում եմ ոչ թե սենյակի այլ Մոսկորեպի մասին։
― Ընդհանրապես ոչինչ, դուր է գալիս, ― ասացի ես։ Այստեղ շատ հետաքրքիր է։ ― Եվ եղանա՞կն է դուր գալիս։
― Այո, դուր է գալիս։ Հիանալի կոմունիստական եղանակ է։ Պայծառ արև է և ոչ մի ամպ չկա։
― Այո, համաձայնեց նա։ ― Ամառը վատը չէ։ Բայց ափսոս, երբեմն ամպամած է լինում։ Մենք իհարկե դրա դեմ պայքարում ենք, բայց միշտ չի, որ դա հաջողվում է։ Երբեմն, այդ ժամանակաշրջանը երկար է տևում։ Պետք է ասել, որ առանց ամպերի նույնպես վատ է։ Շոգ է։ Ի՞նչ եք կարծում։
Ես ասացի․ այո, բավականին շոգ է։
― Այո֊այո, շոգ է, ― ասաց նա։ Այս ամառը մեր գոտու համար այնքան էլ սովորական չէ։ Իհարկե, ավելի հաճելի է, երբ պայծառ արևը չի կուրացնում, տաքացնում է, բայց չի այրում, աճում են արմավենիներ և կարճ կիսաշրջազգեստներով աղջիկները ուտում են պլոմբիր ու սիրահարված ձեզ են նայում։ Այդպես չէ՞, ― հարցրեց նա և այնպես նայեց, կարծես հոգուս խորքն էր թափանցում։
Ինձ թվաց, որ ես միանգամից քրտնեցի։ Աստվա՜ծ իմ։ Այս ի՞նչ է կատարվում։ Որտեղի՞ց նրանք իմացան իմ երազի մասին։ Չէ որ ես ոչ մեկին չեմ պատմել, նույնիսկ Իսկրային։ Մի՞թե իրենց հետամնաց տեխնիկայով, նույնիսկ երազներին են կարողանում հետևել։
― Որոշ բաներ մենք կարողանում ենք անել, ― քմծիծաղեց մարշալը, ցույց տալով, որ ոչ միայն երազներին են հետևում, այլ նաև մտքերն են կարդում։
― Եվ հնարավորություն ունենք գրքեր կարդալու, ― միացավ խոսակցությանը Ձերժինը։ ― Դա ինձ ուղղակի շշմեցրեց։
Անկեղծ ասաց, այդ ամենից ես նույնիսկ ինձ մի քիչ վատ զգացի։
― Իհարկե, կյանքում ամեն բան չէ, որ նման է երազին, ամեն ինչ չէ, որ հեշտ է իրագործվում։ Եվ կոմունիզմը ստացվեց ոչ այնպիսին, ինչպիսին մենք նախատեսել էինք։ Մարքսը մի քիչ չարդարացրեց իրեն։ Սխալվեց։
― Միայն երկու փուլում, ― ասաց Ձերժինը։ Պետք է ասել, որ մարշալի ներկայությամբ նա իրեն բացարձակապես անկաշկանդ էր զգում։
― Այո, երկու, ― ասաց մարշալը։ Համաշխարհային պատմության ընթացքի մեջ դա այնքան էլ էական չէ, բայց մեր համար բավականաչափ զգալի է։ Մարքսի սխալը կայանում է նրանում, որ նա խոստացել էր աշխատավորների կատարյալ չքավորությունը կապիտալիզմի պատճառով, իսկ դա իրողություն դարձավ․․․
― Դառնում է, ― ուղղեց նրան Ձերժինը։
― Իսկ այն իրողություն դարձավ, ― կրկնեց զայրանալով մարշալը, ― կոմունիզմի ժամանակ։ Ւհարկե, հումորի զգացում ունեցող մարդու համար դա մի քիչ ծիծաղելի է։ Մեզ մոտ շատ բան կարող է ծիծաղ առաջացնել։ Եվ կարճ շալվարները, և թերթը, որը լույս է տեսնում ռուլոնի տեսքով, և առաջնային ապրանքի պակասը։ Բայց արդյո՞ք պետք է ծիծաղել չքավորների վրա։ Ի՞նչ կասեք։ Լա՞վ է։
― Վատ է, ― համաձայնեցի ես շփոթված։ Բայց ես միայն մտովի եմ ծիծաղել։
― Ոչ միայն, ― առարկեց Ձերժինը և օրորեց գլուխը։
― Այո, ոչ միայն, ― ասաց մարշալը և ուշադիր նայեց ինձ։ ― Ես, Կլասիկ Նիկիտիչ, ուզում եմ զրուցել ձեզ հետ արվեստի մասին։ Դա անսահման հետաքրքիր թեմա է։ Ի՞նչ բան է արվեստը, ինչի՞ համար է նախատեսված, ինչո՞վ է պայմանավորված նրա տարօրինակ և անհասկանալի ուժը․ իրականում՝ դա հայտնի չէ։ Որքան ես հասկանում եմ, դուք համարում եք, որ արվեստը միմիայն կյանքի արտացոլումն է։ Այդպես չէ՞։
― Այո, ― ասացի ես։ ― Ընդհանուր առմամբ այդպես էլ համարում եմ։
― Դա բացարձակ սխալ է, ― բացականչեց մարշալը և վեր թռչելով բազկաթոռից երիտասարդական ավյունով սկսեց վազվզել սենյակում։ ― Կլասսիկ Նիկիտիչ, ուշադիր լսեք, թե ինչ եմ ուզում ասել ձեզ։ Ձեր տեսակետը բացարձակ սխալ է։ Արվեստը ոչ թե արտացոլում, այլ կերպարանափոխում է աշխարհը։ Նա նույնիսկ ձեռքերով եռանդուն շարժումներ արեց, կարծես ցանկանալով պատկերել արվեստի վերափոխիչ ուժը։ ― Դուք հասկանում ե՞ք, ― կրկնեց նա հուզված, ― վերափոխում է։ Ավելին, ոչ թե արվեստն է արտացոլում կյանքը, այլ կյանքն է արտացոլում արվեստը։ Այ, դուք ծիծաղում եք մեր համոզմունքների վրա․․․
― Ի՜նչ եք ասում։ Աստված ձեզ հետ, ― ասացի ես։ Երբեք չէի համարձակվի։
― Լավ, լավ, ― դեմքի դժգոհ արտահայտությամբ շարունակեց մարշալը։ ― Դուք ոչ մի կերպ չեք ուզում հասկանալ, որ մենք ձեր մասին գիտենք շատ ավելին, քան դուք կարող եք պատկերացնել։ Բայց կարևոր չէ, թե մենք հատկապես ինչ գիտենք ձեր մասին։ Մեր գիտելիքները գլխավորի մասին շատ ավելի խորն են ու լայնածավալ, քան ձեր ժամանակակիցների մոտ։ Եվ մենք համոզված ենք, որ առաջնայինը երկրորդական է, իսկ երկրորդականը առաջնային։
― Դա արդեն անհեթեթություն է, ― ինձ համար անսպասելի ասացի ես։ Դա մետաֆիզիկա է, գեգելյանություն և կանտիանություն։ Իրականում առաջնայինը առաջնային է, իսկ երկրորդականը երկրորդական։
Ահա, որքան էլ կյանքն ինձ սովորեցրել է բերանս փակ պահել, չեմ կարողանում։ Քանի անգամ են խելացի մարդիկ ինձ համոզել․ եթե խելքիդ մի բան է փչում, միանգամից դուրս մի տուր։ Մտածիր, արդյո՞ք այդ միտքն այնքան արժեքավոր է, որ տեղնուտեղն արտահայտես։ Այդ անզգույշ արտահայտությունը չարագուշակ ազդեցություն ունեցավ Ձերժինի ու մարշալի վերաբերմունքի վրա իմ հանդեպ։
Բերիյ Իլյիչը լուռ վերադարձավ իր տեղը, նստեց և սկսեց ինչ֊որ կետի նայել։ Ձերժինը նայում էր մարշալին։ Երկուսն էլ երկար ժամանակ լռում էին։ Հետո մարշալը ձեռքով շփեց երեսը, կարծես հոգնածությունից ազատվելու համար և կամաց ասաց․
― Կլասիկ Նիկիտիչ, առաջնայինի կամ երկրորդականի մասին հարցը քննարկման ենթակա չէ։ Առաջնայինը երկրորդական է, իսկ երկրորդականը առաջնային։ Դուք կարող եք հղում կատարել Մարքսին, կամ նրանց՝ ովքեր ժամանակին ձեզ սովորեցրել են, որ մատերիան առաջնային է, իսկ գիտակցությունը երկրորդական, բայց այդ նույն ուսուցիչները իրենք իրենց հակասում էին։ Պահանջում էին մարդկանցից գիտակից լինել, բայց նյութական պարգևատրումներից խուսափում էին։ Թեորիան հակասում էր պրակտիկային։ Իսկ մեզ մոտ անհամապատասխանություններ չկան։ Բայց եկեք խոսենք ավելի հետաքրքիր բաների մասին։
― Օրինակ՝ ձեր վեպի մասին։ Վերջերս ես ծայրից֊ծայր կարդացի այն։ Դե ի՞նչ ասեմ։ Հետաքրքիր աշխատանք է։ Ձեր ստեղծագործական կյանում, ես կասեի, նոր շրջան է սկսվել, որը հազիվ թե կայանար, եթե դուք հայտնվեիք Յակուտիայում։
Նա նորից նայեց հոգուս խորքը, և ես նորից ինձ վատ զգացի։ Նա ծիծաղեց և շարունկեց ավելի ջերմ տոնով․
― Ես արդեն ասել եմ, որ ձեր վեպը բավականին չար է։ Կարծես վերցնում եք քորոցը և ծակում ամենացավոտ տեղը։ Բայց ձեր երևակայությունը հարուստ է։ Համենայն դեպս կարդալը ձանձրալի չէ։ Ճիշտն ասած ես լավ ծիծաղեցի՝ երբեմն էլ նույնիսկ լաց եղա։ Բայց դա այնպես, ես կասեի դա ծիծաղ էր արցունքների միջից։
― Այո, աջակցեց նրան Ձերժինը, ― այդ գործը գրված է ոչ միայն ծիծաղ առաջացնելու համար։
― Այո, այո, ― համաձայնեց մարշալը, այդ գործը շատ ավելի լուրջ է, քան թվում է առաջին հայացքից։ Չնայած, պետք է նշել, որ չափազանց մեծ տեղ եք տալիս կյանքի ստվերոտ կողմերի նկարագրությանը, նույնիսկ, կարծես, հաճույք եք ստանում դրանից։
― Եվ շատ նատուրալիստական եք գրում, ― նկատեց Ձերժինը։
― Այո, ― ասաց մարշալը, ― որոշ առումով չափն անցնում եք։ Օրինակ, երբ կարդում եմ բուսական խոզի մսի մասին, ձեր հերոսի նման ուզում եմ հետ տալ։
― Ներեցեք, ― ասացի ես։ ― Դա ոչ թե հերոսի, այլ ինձ հետ է պատահել։ Եվ դրա մասին ես երբեք չեմ գրել, միգուցե ձեզ գործակալներն են հայտնել այդ մասին։
Դե պետք չի խաբել, ― դժգոհ ասաց մարշալը, ― պետք չէ հեքիաթներ պատմել։ Դուք խելամիտ մարդ եք և հասկանում եք, որ մենք ձեր մասին ամեն ինչ գիտենք։ Ուրիշ բան է, երբ նկարագրում եք ձեր երազը։ Ինձ նույնիսկ զարմացրեց, որ կարող եք նաև լավը գրել։ Երբ կարդում էի, թե ինչպես է արևը լուսավորում, արմավենիներն աճում, թռչունները երգում և կարճ շրջազգեստներով աղջիկները զբոսնում․․․ Երբ ես հասա այդ երազի նկարագրությանը (սկզբից անհասկանալի էր, որ դա երազ է), ես մտածեցի․ ահա, կարողանում է երբ ուզում է, և հետագայում էլ ամեն ինչ այդ ոգով գրված կլինի։ Դեռ նոր էի ոգևորվել, հանկարծ՝ այդ բուսական խոզի միսը։ Թո՜ւ, ― նա թքեց և ձեռքերը մեջքի ետևը տանելով սկսեց ման գալ աշխատասենյակով։
― Եվ ընդհանրապես, ինչո՞ւ չեք կարողանում մոռանալ այդ խոզի միսը։ Մենք ձեզ ամեն ինչով ապահովել ենք։ Ձեզ մատուցում են և՛ ձվածեղ, և՛ ապխտած միս, և՛ պաշտետներ ու տարբեր տեսակի խավիար։ Ձեր ի՞նչն է պակաս։ Սո՞ւրճը։ Բայց մենք չգիտեինք, որ դուք սուրճ եք սիրում։
― Խնդրեմ, ձեր ուզած սուրճն էլ կլինի։ Ի դեպ, կարող ենք հենց հիմա պատվիրել։ Դուք ո՞րն եք նախընտրում։
― Թուրքականը, ― ասացի ես համոզված լինելով, որ դրա մասին նրանք նույնիսկ չեն լսել։
Մարշալը ծափ տվեց և դռան մեջ անմիջապես հայտնվեց քարտուղարուհին։
― Երեք հատ սուրճ, ― ասաց մարշալը։ ― Նրան թուրքական, ինձ կապուչինո․․․
― Իսկ ինձ եգիպտացորենի, ― համեստորեն ասաց Ձերժինը։
Քարտուղարուհին դուրս եկավ և ակնթարթորեն վերադարձավ սկուտեղը ձեռքին։ Եվ ես ստացա իսկական սուրճ։ Միգուցե շատ էի կարոտել, բայց ինձ թվաց, որ դրանից համով սուրճ երբեք չեմ խմել։
Ես համարձակություն ունեցա հանդգնորեն հարցնել մարշալին, թե նրա կարիքները ո՞ր խմբին են պատկանում։
― Այդ մասին վաղուց արդեն չեմ մտածել, ― ասաց նա։ ― Իմ կարծիքով ես բոլոր խմբերից դուրս եմ։ Բայց վերադառնանք ձեր երազին։ Եթե տեսել եք այդպիսի չքնաղ կյանք, ինչո՞ւ այդ միտքը հետագայում չեք զարգացրել։ Լսեք, չէ՞ որ մենք ապրում ենք պատրանքներով։ Երազը առաջնային է, իսկ կյանքը երկրորդական։ Դա շատ հեշտ է ապացուցել։ Բերեմ մի օրինակ։ Երբեմն, երբ տհաճ երազ ենք տեսնում, չենք ցանկանում արթնանալ։ Իսկ երբ տհաճությունը կյանքում է տեղի ունենում, ցանկանում ենք քնել։ Եվ դա հասկանալի է։ Որովհետև երազը կյանքից ավելի հարուստ է։ Երազում մենք ուտում ենք մեր ուզածը, տիրում այն կանանաց, որոնց ցանկանում ենք, երազում մահանում ենք և հարություն առնում, իսկ կյանքում հնարավոր է միայն առաջինը։
Այստեղ հուզված ներս մտավ քարտուղարուհին և մարշալի ականջին ինչ֊որ բան շշնջաց։ Բերիյ Իլյիչն էլ հուզվեց, ոտքի կանգնեց, վերցրեց կարմիր լսափողը։
― Այո, ― ասաց նա։ Վզրոսլին լսում է։ Ճիշտ այդպես։ Լսում եմ։ Հիմա կգանք։
Նա դրեց խոսափողը և գրգռված շրջվեց իմ կողմը։
― Մեզ կանչում է Գորիզոնտ Տիմոֆեեվիչը։
― Ո՞վ, ― զարմացա ես։
Նա ինձանից շատ զարմացավ։
Նայեց Ձերժինին և ասաց․ ― դուք ինչ է, մինչև հիմա չգիտե՞ք, թե ով է Գորիզոնտ Տիմոֆեեվիչը։
Ձերժինը նայեց ինձ։ Ես թոթվեցի ուսերս։
― Գորիզոնտ Տիմոֆեեվիչ Ռազինը, ― բացատրեց մարշալը հուզված, Խմբագրական Կոմիտեի նախագահն է և փաստորեն, կարելի է ասել, Գենիալիսիմուսի նշանակյալն է Երկրում։ Լսեք, խնդրում եմ, մի վիճեք նրա հետ։ Ինչ էլ առաջարկի, համաձայնվեք։ Ծայրահեղ դեպքում մենք հետո որոշ բաներ կուղղենք։ Թողեք ձեզ զննեմ։ Ձեր տեսքը իհարկե, մի բան չէ։ Լավ։ Ուղղեք ձեր օձիքը և գնանք։ Իսկ դու սպասիր մեզ այստեղ, ― ասաց նա Ձերժինին։