Changes

Մոսկվա 2042

Ավելացվել է 19 087 բայտ, 11:06, 27 Մարտի 2014
/* Գիրք, որը ես չեմ գրել */
==Գիրք, որը ես չեմ գրել==
― Մի րոպե, ― ասացի ես և մեծ հետաքրքրությամբ կարդացի այդ ոչ մեծ գլուխը։
 
 
==Նոր տեղեկություններ Սիմի մասին==
 
Ես կարծում էի, որ Սիմ Սիմիչի մասին ամեն ինչ գիտեմ, բայց պարզվեց, որ ամենակարևորը չգիտեի։
 
― Քսաներորդ դարում բացակայությանս ընթացքում, որոշ ժամանակով թողնելով իր «Մեծ զոնան», նա գրել էր «Սիմ» վերնագրով չորս բեկոր հիշողություններ։
 
Այն գրքում, որ մարշալ Վզրոսլին ներկայացրեց ինձ որպես իմ սեփականը, ասված էր, որ ես, իբր թե կարդացել էի այդ չորս գիրքը (ես դժվարությամբ եմ դրան հավատում), այն էլ և՛ Մոսկորեպում լինելուց շատ առաջ, և՛ այնտեղից վերադառնալուց հետո։ Ասում են, որ գրողը չպետք է ամեն ինչ բացատրի ու ծամած ներկայացնի ընթերցողին։ Նա պետք է հնարավորություն տա ընթերցողին ինքնուրույն աշխատել, տքնել և իր համար պարզել այն, ինչ նույնիսկ գրողը նկատի չի ունեցել։ Եթե դա այդպես է, ապա ինքներդ մտածեք, այդ ինչպե՞ս ստացվեց, որ ես կարդում եմ իմ գիրքը, նախքան այն գրելը։ Այս ամենից գլուխս արդեն պտտվում էր։ Այդ պատճառով էլ ես ուղղակի կպատմեմ, թե ինչ կարդացի Բերիյ Իլյիչի կաբինետում։
 
Այնտեղ ասված էր, որ Սիմի հիշողությունների առաջին բեկորի առաջին գլուխը սկսվում է մի սովորական տղայի սովորական առավոտից, որի հայրը նստած էր բանտում։ Մայրը ծանրոց է տանում բանտ, իսկ տղան դպրոց գնում, վերադառնում տուն ու դասերը սովորում։ Տղան սովորում է երրորդ դասարանում և ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, ինչու են բանտ նստել հորը, որը նախկինում բալթյան նավաստի էր, կրեյսեր «Ավրորրայի» կոմիսարը, իսկ հետագայում դարձավ նաև բարձրագույն կրթության կոմիսար։ Եվ չնայած այդ իրադարդարձությունները վիրավորում են մանկական հոգին, բայց նա հասկանում է, որ անհրաժեշտ է սովորել։ Այն օրը, քանի որ մայրը տանը չէր, պատանի Սիմը միայնակ ճաշեց և սկսեց դասերը սովորել։ Գրականությունից հանձնարարել էին անգիր անել մի նոր ժողովրդական բանաստեղծություն․
 
 
Կանաչ կաղնու վրա, այդ ընդարձակությունում
 
Երկու պայծառ բազե զրուցում էին․
 
Այդ բազեներին բոլորը ճանաչում էին․
 
Առաջին բազեն՝ Լենինն էր,
 
Երկրորդը՝ Ստալինը․․․
 
 
Սիմն իր մասին ասում է, որ արդեն այն ժամանակ նա ուներ բացառիկ հիշողություն։ Եվ այդ բանաստեղծությունը շատ արագ սովորելուց հետո սկսեց մտորել և քանի որ դեռ մանկուց նրան հատուկ էր քննադատական վերաբերմունքը ներկայի հանդեպ, ոչ մի կերպ չէր կարողանում պատկերացնել կաղնու վրա թռչունների նման նստած Լենինին ու Ստալինին։
 
Հենց այդ ժամանակ, երբ սկսեց քննադատական վերլուծության ենթարկել բանաստեղծությունը, դուռը ծեծեցին։ Սիմը բացեց դուռը և տեսավ շեմին սարսափելի կեղտոտ, պատառորված շորերով և գզգզված մորուքով մի թափառականի, որի ուսերին ճանապարհորդական պարկ էր գցած։ Թափառականը ջուր խնդրեց, և խմելուց հետո թափ տալով մորուքից ջրի կաթիլները, ուշադիր նայեց տղային և հարցրեց․
 
― Անունդ ի՞նչ է, փոքրիկ։
 
Սիմը պատասխանեց․
 
― Սիմ։
 
― Ճիշտ է, ― ասաց թափառականը։ ― Սիմ։ Ուրեմն լսիր և հիշիր, երիտասարդ, թե քեզ ինչ կասեմ․ դու Ռուսաստանի ապագա թագավորն ես՝ Սիմ Առաջինը։
 
Այդ բառերն արտասանելուց հետո թափառականն անհետացավ, կարծես օդում հալվեց։
 
Սիմը խոստովանում է, որ շատ տպավորվող երեխա էր, և թափառականի բառերը նրան շատ հուզեցին։
 
Մենակ մնալով, նա նորից փորձեց սովորել բանաստեղծությունը, բայց բառերը այլևս չէր կարողաում հիշել։ Նրա գլխում պտտվում էին պիոների համար անսպասելի և նույնիսկ տարօրինակ մտքեր։
 
 
Իսկ այդ բազեներին բոլորը ճանաչում էին․
 
Առաջին բազեն՝ Լենինն էր,
 
Երկրորդը՝ Ստալինը․․․
 
 
― Իսկ երրորդ բազեն ես եմ, ― հանկարած ինքն֊իրեն ասաց Սիմը, և ինչպես գրում է, շատ հուզվեց իրեն սպասող անսովոր ապագայից։
 
Նա պատմեց մորը թափառականի մասին։ Մայրը շատ ընկճված էր։ Նրան նորից չէր հաջողվել ամուսնուն փոխանցել ծանրոցը։ Սկզբից նա շատ անուշադիր էր լսում, հետո հետաքրքրվեց, խնդրեց ամեն ինչ նորից պատմել և երկար հարձուփորձ էր անում, թե ինչ ծերունի էր, ինչպիսի տեսք ուներ, ինչպես էր հագնված։ Նա հանդիմանեց Սիմին անզգուշության համար, պատվիրեց միշտ նախօրոք հարցնել, թե ով է ծեծում դուռը, և երբեք չբացել այն անծանոթների առաջ։
 
― Մայրիկ, ― հարցրեց Սիմը, ― իսկ ինչո՞ւ նա ասաց, որ ես պետք է թագավոր դառնամ։
 
― Քի՞չ խելագարներ կան աշխարհում, ― պատասխանեց մայրը։ ― Ինչ խելքներին փչում է այն էլ ասում են։ Փոքրահասակներին հիմարացնում են։ Նրանք արժանի են հիսունութերորդ հոդվածին։
 
Բայց հենց նույն գիշերը, պահանջելով տղայից իր ասածը խիստ գաղտնի պահել, բացահայտեց նրա ծագման գաղտնիքը։
 
․․․ Գաղտնիքը կայանում էր նրանում, որ Սիմ Գլեբիչ Կարնավալովը Սիմ Սիմիչի հայրը չէր։ Նրա իսկական հայրը Նիկոլայ Ալեկսանդրովիչ Ռոմանովն էր, Ռուսական կայսրն ու միապետը․․․
 
Մայրը պատմեց Սիմ Սիմիչին, որ հեղափոխությունից առաջ, երբ հայրը «Ավրորայում» կոմիսարություն էր անում, նա լվացարարուհի էր Ձմեռային պալատում և այնտեղ թաքուն հանդիպում է ունեցել միապետի հետ։ Եվ դա եղել է ոչ թե այն պատճառով, որ ցարը սանձարձակ էր, այլ միայն Ռուսական թագի պահպանման համար։ Նա զգում էր, որ այսպես թե այնպես հեղափոխություն է տեղի ունենալու, նրա ժառանգը հիվանդ էր, իսկ ապագան մշուշոտ։ Դրա համար էլ ունենալով կնոջ՝ Ալիկեի համաձայնությունը դիմեց այդպիսի անսովոր քայլի։ Իրենց գաղտնի հանդիպման գիշերը, նա աստծո անունով խնդրեց Եկատերինա Պետրովնային, որ եթե Աստված տղա պարգևի, պահի նրան աչքի լույսի նման և պետք եղած ժամանակ, երբ վերևից նշան լինի, պատմի նրան, թե ով է նա իրականում։
 
Երբ կարդում էի, ԲԵԶՈ֊ի գործիչները նայում էին ուսիս վերևից, հետևում իմ վերաբերմունքին և մեծ անհամբերություն ցուցաբերում։ Եվ երբ մի վայրկայնով բարձրացրի գլուխս, որպեսզի մտածեմ կարդացածիս մասին, Բերին, չթողնելով ինձ ուշքի գալ միանգամից հարցրեց, թե ինչ եմ ես այդ ամենի մասին մտածում։
 
― Իմ կարծիքով սա ուղղակի զառանցանք է, ― ասացի ես։
 
― Իսկապե՞ս, ― հարցրեց Բերիյ Իլյիչը։ ― Իսկպապե՞ս զառանցանք է։ Այդպե՞ս եք կարծում։ Ինչո՞ւ։
 
― Որովհետև, ― ասացի ես։ ― Վերցրեք թեկուզ ծննդյան թիվը։ Սիմիչը ծնվել է քսանվեց թվին։ Ես չգիտեմ, միգուցե հանճարները ծնվում են ոչ թե ինն ամիս այլ ինը տարի հետո, այդ դեպքում իհարկե․․․ Բայց ճիշտն ասած, ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու են Կարնավալովի ասածները ձեզ այդքան հուզում։ Չէ՞ որ այդ պնդումներն ուղղակի անհեթեթ են։
 
― Իհարկե անհեթեթ են, ― համաձայնեց մարշալը։ ― Բայց ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, հենց ամենաանհավավտալի և հիմար գաղափարներն են հեշտությամբ տիրում ամբոխին։ Այդ պատճառով էլ այդ Սիմը․․․ Ասացեք, դուք պատահաբար չգիտե՞ք, թե ինչու նա այդքան տարօրինակ անուն ունի։
 
Ես պատահաբար գիտեի, որովհետև այդ պատմությունը լսել էի սեփական ականջներով հենց Սիմ Սիմիչից։ Բանը նրանում է, որ նրա հորը, համախոհները նույնպես Սիմ էին անվանում, չնայած նրա լրիվ անունը Սիմեոն էր։ Իսկ հայրանվան հետ՝ Սիմեոն Գլեբովիչ։ Բայց նրան դուր էր գալիս, Սիմ անունը և որոշեց տղային էլ այդպես անվանել։ Իսկ երբ նրան հարցրին, թե այդ անունն ինչ է նշանակում, նա ասաց․
 
― Դա շատ պարզ է։ Սիմ՝ նշանակում է Սիմիրնիյ Ինտերնացիոնալ Մոլոդյոժի։
 
Ինչ֊որ մեկը նրան ասաց․
 
― Սյդպես չէ։ Ինտերնացիոնալը սիմիրնի չի, այլ վսեմիրնի։ Այդ դեպքում դուք պետք է ձեր տղային անվանեք Վիմ։
 
Նա պատասխանեց․
 
― Ոչ, Սիմ։ Այդ դեպքում թող լինի՝ Սմերտ Իքսպլուատատորամ Միրա։
 
Նրան ասացին․ ոչ թե իկ, այլ էքսպլուատատորներ, ուրեմն դու պետք է անվանես քո տղային Սէմ։ Կարնավալովը կտրականապես դեմ էր․ ոչ, ասում էր, Սէմը՝ բուրժուական անուն է, թող լինի Սիմ։
 
― Դա ի՞նքն է պատմել, ― հարցրեց մարշալը։
 
― Իհարկե, և մի քանի անգամ։
 
― Իսկ դուք կարո՞ղ եք պատմել այդ մասին հրապարակավ, ― հարցրեց մինչ այդ լուռ Ձերժինը։
 
― Ինչո՞ւ չէ։ Եթե դուք կազմակերպեք հանդիպում ընթերցողների հետ։
 
― Դե իհարկե, կկազմակերպենք, ― ասաց մարշալը։ Ինչպես տեսնում եք, մենք հենց դրանով էլ զբաղվում ենք։ Դրա համար էլ ստեղծեցինք Հոբելյանական կոմիտեն, կազմակերպել ենք մասսայական միջոցառումներ և տպագրության ենք պատրաստում ձեր վեպը։ Այս տոնակատարությանը կմասնակցեն ռեսպուբլիկայի լավագույն մարդիկ, հանրաճանաչ դերասանները կկարդան հատվածներ ձեր ստեղծագործություններից, մի որևիցե բան կպարեն ու կերգեն։ Միգուցե, ― նա խորամանկորեն կկոցեց աչքերը, ― կկատարեն ձեր սիրած ուկրաինական երգերից մեկը։ Բայց մենք մի խնդրանք ունենք, դա պնդում է նաև Խմբագրական կոմիտեն, դուք պետք է վերացնեք ձեր այդ Սիմին։ Նա ոչ մի կերպ ձեր գիրքը չի զարդարում, այլ ընդհակառակը, դարձնում է այն, գիտեք, մի տեսակ ծանր ու անշնորհք։ Դեն նետեք նրան և վերջ։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։
 
Ճիշտն ասաց, ես ոչինչ էլ չէի մտածում։ Որովհետև բացի «Նորը Սիմի մասին» գլխից, ոչինչ չէի կարդացել։
 
Ես բնականաբար, կարծում էի, որ ինձ կառաջարկեն կարդալ այդ գիրքը, բայց մարշալի խոսքերից հասկացա, որ վախենում են ինձ տալ իմ սեփական գիրքը։ Նրանք կարծում են, որ կարդալով այն, ես կարող եմ նրա ազդեցության տակ ընկնել։ Ճիշտ է, Ձերժինը գլխի ընկավ ասել մարշալին, որ եթե ես ընկնեմ գրքի ազդեցության տակ, ուղղելուց հետո նորից կկարդամ, և վերջ ի վերջո ամեն ինչ լավ կլինի, որովհետև ես ուղղված գրքի ազդեցության տակ կլինեմ։
 
Մարշալը մտածեց և ասաց, որ երևի թե Ձերժինն իրավացի է, և նա կաշխատի դրան հասնել։ Միգուցե նրան հաջողվի լուծել այդ հարցը Բարձրագույն Հնգանկյունի կամ Խմբագրական Կոմիտեի միջոցով։ Նա պատրաստ է մի անգամ էլ ընդունելության թույլտվություն ստանալ Գորիզոնտ Տիմոֆեեվիչից։
 
― Ինչո՞ւ ― ասացի ես։ ― Ինչո՞ւ ավելորդ անգամ անհանգստացնել ծերուկին այդպիսի հիմար բանի համար։ Ինչո՞ւ դուք չեք կարող առանց հնգանկյունների ու կոմիտեների ինձ տալ գիրքը գոնե մի գիշերով։ Ես այն կկարդամ և անմիջապես կվերադարձնեմ։
 
Մարշալը նայեց ինձ այնպիսի հայացքով, կարծես ես խելագարվել էի։
 
― Տարօրինակ մարդ եք դուք, ― ասաց նա մի փոքր մտածելուց հետո։ Չէ՞ որ սա տպագրված խոսք է։ Իսկ դուք նույնիսկ թույլտվություն չունեք․․․ Հանկարծ՝ ինչ֊որ միտք փայլատակեց նրա դեմքին։ ― Լսիր, Սիրոմախին, ― դիմեց նա Ձերժին Գավրիլովիչին, ― մտիր Մատյուխինի մոտ։ Նա կարծես ուզում էր քեզ տեսնել։
 
― Մատյուխի՞նը, ի՞նձ, ― Ձերժինը կասկածանքով նայեց մարշալին։
 
― Այո, այո, ― կրկնեց մարշալը անհամբեր։
 
Ձերժինը դուրս եկավ և մարշալի հետ հանկարծ ինչ֊որ բան կատարվեց։ Նա կամաց մոտեցավ Սիրոմախինի ետևից փակված դռանը և բանալու անցքից դուրս նայեց։ Հետո՝ արագ վերադարձավ իր սեղանի մոտ, անջատեց բոլոր հեռախոսները, կասկածանքով նայեց առաստաղին և շարժումներով կանչեց ինձ իր մոտ։
 
― Լսեք, արագ շշնջաց նա, ― հրելով ինձ անկյունը։ ― Ես մի գիշերով կտամ ձեզ ձեր գիրքը։ Բայց այդ մասին ոչ ոք չպետք է իմանա։ Նույնիսկ ձեր ընկերուհին։
 
― Լավ, ― նույնպես շշուկով պատասխանեցի ես։ Կփակվեմ կաբեսոտում և այնտեղ կկարդամ։
 
Ձերժինին ոչինչ չասեք։ Եվ ընդհանրապես, ոչ մեկին։ Եթե ինչ֊որ մեկը բռնի ձեզ այս գրքով, դուք չպետք է խոստովանեք, որ այն ես եմ տվել։
 
― Իսկ ի՞նչ պետք է ասեմ, ― հարցրի ես զարմացած։
 
― Ինչ ուզում եք։ Կարող եք ասել, որ կարողացել եք այն մաքսատնով անցկացնել։ Կամ՝ որ գտել եք ինչ֊որ պարոբուսում կամ էլ աղբանոցում։ Ինչ ուզում եք, միայն թե ինձ չմատնեք։ Երդվո՞ւմ եք։
 
― Երդվում եմ, ― ասացի ես հանդիսավոր։ ― Բայց չեմ հասկանում, ո՞վ կարող է ինձ բռնել բացի ձերոնցից։
 
― Ա՜հ, ինչ միամիտն եք, ― թափ տվեց ձեռքը նա։ Մեր ռեսպուբլիկայում ընդհանրապես հնարավոր չէ որոշել ովքեր են մերոնք, ովքեր ոչ։ Լավ, վերցրեք մինչև վաղը։
 
Հազիվ էի հասցրել խցկել գիրքը ծոցս, երբ վերադարձավ Ձերժինը և ասաց, որ Մատյուխինին չկարողացավ տեսնել, քանի որ նրա մոտ խորհրդակցություն էր։
 
― Դե չկարողացար, ուրեմն չկարողացար, ― անհոգ ասաց մարշալը և Ձերժինի համար աննկատ աչքով արեց ինձ։ Իսկ հիմա երկուսդ էլ ազատ եք, ― հայտարարեց նա և մեկնեց ինձ իր լայն ձեռքը։ ― Կլասսիկ Նիկիտիչ, շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար։
Ադմին, Վստահելի
1876
edits