Դե ի՞նչ ասես նրան։ ԿԳԲ֊ի աշխատակիցը մնում է ԿԳԲ֊ի աշխատակից։ Իզուր չէ, որ այդ մասնագիտությունն ունեցող մարդկանց ես միշտ էլ վերաբերվել եմ մեծ անվստահությամբ։
==Ձերժինի անկեղծությունը==
Ես այնքան զայրացած էի և այնքան վատ տրամադրություն ունեի, որ որոշեցի ընդհատել ընթերցանությունս ու չսպասելով Վասյային գնալ տուն։
Լեյտենանտ Կուլեբյակոյին հանձնեցի թղթապանակը, հետևեցի, որ նա նշում կատարի գրանցման գրքում այն մասին, որ գիրքը հանձնել եմ և փողոց դուրս եկա։
Արդեն մթնում էր, բայց բավականին տոթ էր։
Ինչ֊որ տեղ, Լենինյան բլուրների վրա, թանձրացել էին ամպերը և դղրդում էր որոտը, բայց հաշվի առնելով քամու ուղղությունը, ամպրոպը պետք է որ կողքով անցներ։
Ես անցա Չորրորդ հատորի պողոտան (նախկին Կալինինյանը) և Գենիալիսիմուսի Օգոստոսյան թեզիսների փողոցով (նախկինում Գրանովսկայա) ուղղվեցի դեպի Առաջին հատորի պողոտան։
Ձախից գտնվում էր այն շենքը, որտեղ նախկինում Կրեմլյան պոլիկլինիկան էր։ Հաշվի առնելով ներքին այրման շարժիչներ ունեցող լիմուզինների երկար շարքը, հիմա էլ այնտեղ նման մի բան էր։
Հենց այդ ժամանակ սարսափելի ոռնոցով, մոտեցավ առկայծող թարթիչներով տարօրինակ շարասյունը։ Այն կազմված էր չորս զրահամեքենաներից (երկուսը առջևից, երկուսը ետևից) և երկու, խողովակներով իրար միացված լիմուզիններից։ Ես հասկացա, որ ժամանել է Խմբագրական Կոմիտեի Նախագահը և կանգ առա տեսնելու համար, թե ինչպես են նրան դուրս բերելու մեքենայից (խողովակներո՞վ, թե առանց դրանց), բայց այդ ժամանակ հայտնվեց վնուբեզի ավտոմատավոր մի ծառայող և զգուշացրեց ինձ, որ այստեղ չի թույլատրվում ոչ կանգնել և ոչ էլ շուրջը նայել, և քաշեց ավտոմատի փականակը։
Ես շատ արագ ամեն ինչ հասկացա և շարժվեցի առաջ, կռացնելով ու մի ուրիշ կողմ շրջելով գլուխս։
Առաջին հատորի Վերջաբանի անվան նրբանցքի սկզբնամասում, խմելու ջրի համար մի մեծ հերթ էր կանգնած։ Հերթը շատ դանդաղ էր շարժվում, որովհետև ջրի կարիքը բավարարվում էր միայն երկու պլաստմասե բաժակներով, որոնք կապված էին խողովակին շխթայով։
Մարդիկ հուզվում էին և բղավում ջուր բաժանող կնոջը, որ նա մի բաժակից ավել մարդուն չտա։
Ես ուզում էի հերթ կանգնել, բայց տեսնելով, որ ստիպված կլինեմ մի երկու ժամ սպասել, շարունակեցի ճանապարհս։
Ինչ֊որ մեկը ինձ ձայն տվեց։ Շրջվելով, տեսա ինձ մոտեցող Ձերժին Գավրիլովիչին։
Նա ասաց, որ հենց նոր ուղեկցում էր Գորիզոնտ Տիմոֆեեվիչին, և տեսնելով ինձ, որոշեց մի քիչ զբոսնել։
― Իսկ ինչո՞ւ են նրան ուղեկցում զրահամեքենաները, ― հարցրի ես։ ― Մի՞թե ինչ֊որ մեկը մահափորձ է նախապատրաստում։
― Այո, ― ասաց Ձերժինը, ― ճշմարիտն ասած, մեր կառավարության անդամների դեմ միշտ էլ որևիցե մեկը որևէ բան է նախապատրասում։ Դու գիտե՞ս, թե անցորդների կամ ջրի հերթում կանգնած մարդկանց մեջ, և ընդհանրապես ամենուր, որքան թաքնված սիմիտներ կան։ Շատ հնարավոր է, որ նրանք նույնիսկ մեծամասնություն են կազմում։
― Չեմ հասկանում, ― ասացի ես։ ― Եթե այդպես է, ո՞ւր է նայում ձեր ԲԵԶՈ֊ն։
Ա՜հ, թանկագինս, ― վշտացած թափ տվեց ձեռքը Ձերժինը։ ― Ամեն ինչ շատ բարդ է, դու չես հասկանա։ Դու այստեղ նոր մարդ ես և չգիտես, որ մեր ԲԵԶՈ֊ն մեծամասնությամբ կազմված է ամերիկայն ՑՌՈՒ֊ի գործակալներից։
― Լսիր, ― զայրացա ես, ― կներես արտահայտությանս համար, բայց ինչ ես տափակություններ դուրս տալիս։ Ես հասկանում եմ, որ ԲԵԶՈ կարող էին թափանցել օտար գործակալներ, բայց որ ԲԵԶՈ֊ն միայն նրանցից է կազմված, դա ուղղակի հիմարություն է։
― Ավա՜ղ, ― կկոցեց աչքերը Ձերժինը։ Դու շատ միամիտն ես։ Ցավոք, ասածս ոչ թե հիմարություն է, այլ տխուր իրողություն։
Ըստ Սիրոմախինի, ճշմարտությունը կայանում է նրանում, որ ՑՌՈՒ֊ի գործակալները թափանցել են Բեզո աստիճանաբար, երկար տարիներ շարունակ։
― Հասկանում ես, դա քաղցկեղի նման է, ― գիտականորեն բացատրում էր Ձերժինը։ ― Սկզբում բջիջների քանակը դանդաղ է ավելանում։ Բայց հենց որ նրանց թիվը հասնում է կրիտիկականի, գրավում են ամեն ինչ։ Այդպես էլ ՑՌՈՒ֊ի գործակալները։ Սկզբում նրանք թափանցում էին մեկ֊մեկ։ Հետո, երբ ղեկավարությունում մեծամասնություն կազմեցին, ամեն ինչ գրավեցին և ամենուրեք նշանակեցին իրենց մարդկանց։ Նրանց հանդգնությունը հասավ նրան, որ առանց Վաշինգտոնի թույլտվության, ԲԵԶՈ֊ն նույնիսկ հնարավորություն չունի հավաքարարուհի վերցնել աշխատանքի։
― Շատ դժվար է պատկերացնել, ― ասացի ես։
― Այո, ― համաձայնեց Ձերժինը։ Դժվար է։
― Բայց եթե քո ասածները ճիշտն են և դուք գիտեք, որ ԲԵԶՈ֊ի բոլոր աշխատակիցները ՑՌՈՒ֊ի գործակալներ են, ինչո՞ւ նրանց չեք ձերբակալում։
― Ինչպե՞ս, ― ծիծաղեց Ձերժինը։ ― Նրանք, իհարկե, ՑՌՈՒ֊ից են, բայց կոչվում են ԲԵԶՈ և կարող են ձերբակալել ցանկացած մարդու։
― Այո, ― մտածեցի ես բարձրաձայն։ ― Հետաքրքիր է։ Իսկ ո՞ւր է նայում ձեր բանակը։ Նա ինչ է, նույնպե՞ս չի կարող դրանից գլուխ հանել։
― Բանակը կարող է։ Իհարկե, անտեղ էլ ՑՌՈՒ֊ի աշխատակիցները բավականին շատ են, բայց բանակը ինչ֊որ բան կարող է անել։
― Եվ ի՞նչ, ― հարցրի ես անհամբեր։
Մի՞թե չես հասկանում։ Եթե մեր բանակը ջախջախի ԲԵԶՈ֊ն, ապա ամերիկացիները իրենց հերթին կջախջախեն ՑՌՈՒ֊ն, որը հիմնականում կազմված է ԲԵԶՈ֊ի գործակալներից, իսկ դա մեզ պետք չէ։
Նրա ներկայացրած պատկերը գլուխումս ոչ մի կերպ չէր տեղավորվում։
Առաջի հատորի և Չորրորդի Լրացումի նրբանցքի անկյունում մենք բաժանվեցինք։ Ես գնում էի հյուրանոց և մտածում, թե ինչ անիրական բաներ է ասում Ձերժինը։ Խմա՞ծ է, խելագա՞ր, հրահրո՞ւմ է, թե ուղղակի կատակում։ Հանկարծ մտքումս մի միտք ծագեց և ես նետվեցի Ձերժինի ետևից։ Ես հասա նրան Ոգեշնչման հրապարակի մոտ, բռնեցի արմունկը և շատ հուզված հարցրի․
― Լսիր, բայց եթե ԲԵԶՈ֊ի բոլոր աշխատակիցները ՑՌՈՒ֊ի գործակալներ են, ապա դու ինքդ ո՞վ ես։
Նա ուշադիր նայեց ինձ, կտրուկ ետ քաշեց ձեռքը և ասաց․
― Ահա թե ինչ, թանկագինս, արի վերջնականապես պայմանավորվենք։ Հետագա անախորժություններից խուսափելու համար, դու այլևս երբեք ինձ նման հարցեր չես տա։ Օ կե՞յ։ Շյուր, ― ասացի ես և հեռացա։